СТАНЬ VIP

ԳՐԻԳՈՐԻ ՉԽԱՐՏԻՇՎԻԼԻ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՐԻԳՈՐԻ ՉԽԱՐՏԻՇՎԻԼԻ

Сообщение:#1  Сообщение Harutin » 15 апр 2011, 20:25

ԳՐԻԳՈՐԻ ՉԽԱՐՏԻՇՎԻԼԻ

Gregori Chxartishvili.jpg
Gregori Chxartishvili.jpg (9.69 кб) Просмотров: 596
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՐԻԳՈՐԻ ՉԽԱՐՏԻՇՎԻԼԻ

Сообщение:#2  Сообщение Harutin » 15 апр 2011, 20:27

Գրողը և ինքնասպանությունը


(Հատվածներ գրքից)
Ոչ ինչպես մարդկանց մոտ
Ստեղծագործական ճգնաժամ


...Սովորական մարդը հոգեբանական և աշխարհայացքային ճգնաժամի պահեր է ապրում սկզբում քսանամյա սահմանագծին հասնելուց առաջ, ապա` հիսնամյա սահմանագծից առաջ (այսպես կոչված midlife crisis1) և մեկ անգամ էլ` ծերության շեմին, որն, ինչպես հայտնի է, բոլորի մոտ տարբեր ժամանակներում է վրա հասնում: Այս եռագագաթ ճգնաժամը համապատասխանաբար անդրադառնում է ինքնասպանության վիճակագրության վրա: Երեք անգամ կյանքի ճանապարհի ընթացքում տեղի է ունենում տարաբնույթ գործոնների վտանգավոր միավորում, գործոններ, որոնք մարդուն ստիպում են իր գոյությանը նայել նոր աչքերով և հաճախ անմխիթարական հետևություններ անել: Ֆիզիոլոգիական սթրեսը (սեռական հասունացում, մարմնական զարգացման բարձրակետի հաղթահարում, հորմոնալ թոշնում) բարդվում է հոգեբանականի (չափահաս տարիքին անցում, սեփական անձի մահկանացու լինելու գիտակցում, վերջնասահմանի մոտիկության գիտակցում) և տնտեսականի վրա (պատանեկության աղքատ ու կախյալ վիճակ, միջին տարիքում՝ բարեկեցիկ կյանքի հույսերի փլուզում, ծերության անօգնականություն ու չքավորություն):
Բոլոր այս համամարդկային փորձանքներին լիովին ենթակա է նաև արվեստագետը, բայց նրա մոտ խոցելի մասերի ցանկին ավելանում է ևս մեկը, գուցե ամենացավոտը՝ ստեղծագործական կարողությունը: Արվեստագետն ամբողջ կյանքում երկյուղ է ապրում, թե մի օր կարթնանա ու հանկարծ կզգա, որ իր կեցության գլխավոր բովանդակությունը կազմող կախարդական ձիրքն անվերադարձ լքել է իրեն: Երբ ստեղծագործող մարդն ընկնում է վերը նշված տարիքային թակարդներից մեկը, երկյուղն այդ բազմապատիկ սաստկանում է արվեստագետը, զգալով, որ իր մեջ փոփոխություններ են տեղի ունենում, վախենում է, թե ֆիզիկական կերպափոխության հետ միաժամանակ կկատարվի նաև ստեղծագործական փոխակերպում` ներշնչանքը կմնա մյուս կողմում՝ անցնող պատանեկության, երիտասարդության հետ, ծաղկուն ժամանակի մեջ և չի կարողանա հաղթահարել այդ արգելապատնեշը: Արվեստի մարդու տարբերությունը սովորական մարդկանցից՝ նաև նրանում է, որ կյանքի միջին տարիքի ճգնաժամը ստեղծագործողի մոտ տեղի է ունենում տասը տարի առաջ՝ մարմնավոր և հոգեմտավոր երիտասարդության ավարտի հետ. այսպես կոչված «37 տարեկանի համախտանիշն» է դա: Հենց այդ սահմանագիծն է գրողների համար դառնում տարիքային գլխավոր փորձություն:
Բայց նախքան պարզելը, թե ինչու հենց քառասնամյակի շեմն է այդպես լիառատ գրողական ինքնասպանություններով, փորձենք պարզել «ստեղծագործական» ինքնասպանության բնույթը: Ինձ թվում է, ողբերգական այդ իրադարձության էությունը գրեթե միշտ` հնազանդության և ճշմարիտ կրոնականության բացակայության մեջ է, այսինքն` Աստծո հետ արվեստագետի գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար մրցակցության մեջ:
Գրողի մոտ դա այսպես է տեղի ունենում: Այն ամենն, ինչ նա պատկերում է բառերի օգնությամբ, գոյեղենանում է, փոխարկվում իրի, թղթին բևեռված առարկայի: «Գրականությունը և մահվան իրավունքը» աշխատության մեջ Մորիս Բլանշոն գրում է, որ իր խնդիրը դարձնելով իսկական իրերի բառերով փոխարինումը` գրականությունը չի կարող կանգ առնել, մինչև չարտաքսի կեցությունն ամբողջ աշխարհից, մինչև չհասնի նրա լիակատար կործանմանը: Ես այդ միտքը կձևակերպեի փոքր-ինչ այլ կերպ, սկսելով իրականությունը բառերով փոխարինել՝ գրականությունը կանգ չի առնի, մինչև ամեն բան բառերով չանվանակոչի, այսինքն` մինչև չկերտի իրական աշխարհի լիակատար կրկնօրինակը: Այդպես առաջանում է աշխարհի վրա իշխանություն ունենալու պատրանք: Ֆլոբերը գրում էր, որ հեղինակն ստեղծում է իր սեփական աշխարհը, ինչպես Աստված: Դե ինչ, գրողն իրոք որ տիրակալ է իր կողմից ստեղծված տիեզերքում, նա այնտեղ ամենազոր արարիչ է, և որպես այդպիսին մրցակցության մեջ է մտնում այն Արարչի հետ, որը հորինել է աշխարհը, ուր ապրում է ինքը` գրողը: Ահա թե ինչու գրողներն այդքան սիրում են ստեղծել վեպեր գրողների մասին, հեղինակն ինքն է դառնում Արարիչ, որ քաշում է մյուս արարչի՝ հորինված գրողի թելերից, և, հավանաբար, ընդսմին երևակայում է, թե Աստծուն՝ իր իսկ Արարչին, նույնպես լիովին կարող է թելերից քաշել ոմն առավել գերհզոր Գրող:
Արվեստի մարդու համար ինքնասպանությունը հաճախ Արարչի հետ հավասարվելու, նրանից գլխավոր իշխանությունը սեփական կյանքիդ վրա ունեցած իշխանությունը խլելու փորձ է դառնում: «Եթե մեկը կարողանա տիրապեւոել ինքն իրեն ընդհուպ մինչև մահը, մահվան միջով,– գրում է Բլանշոն,– ապա նա իր տիրապետությունը կհաստատի նաև այն ամենազորության վրա, որը վրա է հասնում մեզ մահվան մեջ, դարձնում այն ոչ ավելին, քան մեռած ամենազորություն: Այս կերպ՝ Կիրիլովի2 ինքնասպանությունը հանդիսանում է Աստծո մահը»: Ես նույնիսկ կասեի Աստծո սպանությունը:
«Եթե ես ինքնասպանություն գործեմ, ապա կգործեմ ո՛չ թե նրա համար, որ ինձ կործանեմ, այլ նրա համար, որ ինձ ամբողջացնեմ: Ինքնասպանությունն ինձ համար դառնում է միակ միջոցը՝ բռնությամբ ետ նվաճելու ինքս ինձ, կոպտորեն ներխուժելու իմ էության մեջ, կանխելու Աստծո անխուսափելի մերձեցումը» (Անտոնեն Արտո):
Ստեղծագործական ճգնաժամի տառապանքների աստվածամարտական բնույթը միշտ չէ, որ գիտակցվում է գրողի կողմից, և այդժամ նա ինքնասպան լինելու իր մտադրության դրդապատճառը բնորոշում է այլ կերպ: Նա գրում և խոսում է «ստեղծագործական տառապանքներից փախչելու» ցանկության մասին, գանգատվում է հոգու ուժասպառ հյուծումից առաջացած մահացու հոգնությունից: Ինչ վերաբերում է հոգուն` դժվար է պարզել, բայց ստեղծագործող մարդու ուղեղը, թվում է, իրոք որ կարող է ժամանակից շուտ ծերանալ: Բայրոնի մարմնի դիահերձման արդյունքում նրա ուղեղում և սրտում հայտնաբերվել են ծերացման բացահայտ նշաններ. և դա` 36 տարեկանում:
Երբ Ձիրքը լքում է արվեստագետին կամ վախեցնում է, թե ուզում է լքել, որտեղից որտեղ հայտնվում է Բրյուսովի երգած «Ինքնասպանության դևը»...
Միայն թե դևն այդ ամենևին նման չէ Բրյուսովի երգած սևաչ «հմայիչ պատանուն»՝ «արտասովոր-տևական ժպիտով»...
Գրողական ինքնասպանության դևը տգեղ է, անժպիտ, կիսախելագար, անքնությունից բորբոքված աչքերով: Դա ստեղծագործության դևի մեկ այլ էական մասն է, իպոստասը, որ եկել է ստանալու հաշվարկով հասանելիքը:
Երբեմն հատուցումը շատ վաղ է վրա հասնում, կյանքի ճանապարհի հենց սկզբին. բուռն ծաղկող տաղանդի շնչառությունը լինում է կրակոտ, բայց կարճատև: «Կարճ տարածության արագավազորդ»՝ «սպրինտեր» գրողները (ամենից հաճախ բանաստեղծները), ովքեր իրենց ձիրքն սպառում են նախքան հասուն տարիք մուտք գործելը, ստեղծագործական ճգնաժամն ընկալում են ոչ այնքան ցավոտ: Տաղանդը նրանք տառապանքով չեն ձեռք բերել, այն կարծես ինքն իրեն է տրվել, դեռ լրիվ չապրած, հազիվ շուրթերին հասած կյանքը, թվում է, այնքա՜ն տարբեր, ստեղծագործությունից ոչ պակաս սուր զգացողություններ է պարունակում: Տասնութամյա ՌԵմբոյին կամ տասնիննամյա Դյուպրեին հավանաբար թվում էր, թե իրենք լիովին կարող են ապրել և առանց պոեզիայի: Բայց դա, ավա՜ղ, պատրանք է: Ծաղկման շրջանը վաղ ապրած շնորհալիները «նորմալ», «բնականոն» կյանքի համար սովորաբար միանգամայն անպետք են լինում, ապրում են ոչ այնպես, ինչպես բոլորը, մեռնում են ոչ այնպես, ինչպես բոլորը:

Տրիստան

Ով մեկ անգամ նայեց գեղեցկության դեմքին,
Մատնված է մահվան մի խորհրդով գաղտնի,
Կտոչորվի անանց ծարավից իր ներքին,
Կսարսափի սակայն իր մահաշունչ բախտից,
Ով մեկ անգամ նայեց գեղեցկության դեմքին:

Սիրո ցավն իր խորքում կմորմոքի հավերժ,
Քանզի հիմարին է հույսը միայն խաբում,
Թե կարոտն այս տանջող մի օր կունենա վերջ:
Գեղեցկության նետով ով խոցվել է կյանքում,
Սիրո ցավն իր խորքում կմորմոքի հավերժ:

Ինչպես աղբյուր՝ շիթ-շիթ ցամաքում է կամաց,
Ամեն հովի շնչից թույն է խմում կրկին,
Մահ է նա ներշնչում՝ ծաղիկներից քամած.

Ով մեկ անգամ նայեց գեղեցկության դեմքին,
Աղբյուրի պես շիթ-շիթ ցամաքում է կամաց:

Ավգուստ ֆոն Պլատեն3


Եվ, այնուամենայնիվ, ստեղծագործական ճգնաժամի պատճառով ինքնասպանությունները «սպրինտեր»– գրողների մոտ ծայրահեղ հազվադեպ են լինում: Ինչպես, ի դեպ, նաև «սթայերների»՝ «երկար տարածության վազորդների» մոտ, որոնց ձիրքը բավարարել է մինչև վերջնագծին հասնելը, ներշնչանքը վերջնականապես լքել է միայն ծեր տարիքում, երբ գլխավորն արդեն գրված ու արված է:
«Ստեղծագործության պատճառով ինքնասպանների» ամենաբազմաքանակ խումբը, եթե շարունակենք մարզական փոխաբերությամբ արտահայտվել, միջին հեռավորության վազորդներն են: Նրանք, ում Մուսան գայթակղել է և լքել կյանքի ճանապարհի մեջտեղում: Այդ սահմանագծին ստեղծագործական կարողությունը արվեստի շատ մարդկանց մոտ է ցամաքել, և ամենևին էլ ո՛չ միայն գրական արտադրամասի ներկայացուցիչների: Հասկանալի է, նրանք ոչ բոլորն են պարանը վիզները գցել: Նրանց ճնշող մեծամասնությունը շարունակել է ապրել, և նույնիսկ փորձել են ստեղծագործել, բայց այն ամենը, ինչ ստեղծել են, նախկին կախարդանքի գունատ ստվերն է եղել միայն: Քոլրիջն, օրինակ, դադարեց գրել երեսունում, բայց ապրեց մինչև վաթսունհինգ տարեկանը: Ուորդսվորթի մոտ ստեղծագործական և ֆիզիկական մահվան միջև ընկած ժամանակամիջոցը ձգվեց ավելի քան քառասուն տարի:
Բայց ձիրքի սպառումը՝ ժամանակից շուտ թոշակի անցնել չէ, ինչպես բալետի 35-ամյա պարուհու դեպքում է, այլ` ահավոր ողբերգություն նրա համար, ով ստեղծագործության խաղաթղթի վրա դրել է իր ամբողջ կյանքը: Հիվանդության ախտանիշները հուսահատեցնելու չափ միանման են: «...Ինձ տանջում է ահավոր այն միտքը, որ ամեն օր պետք է գրել ու գրել»,– ասում է ճապոնացի 35-ամյա դրամատուրգ Կատո Սիտիոն՝ մահից առաջ թողած գրության մեջ:
36-ամյա Լեոնիդ Անդրեևը տրտնջում է իր նամակում. «Անքնություն է սկսվել: Ոչ մի կերպ չեմ կարողանում քնել, գլխումս ասես թանձր սոսինձ է: Հանկարծ միանգամից դադարում է աշխատել ամբողջ մեքենան: Ակներև պատճառներ կարծես թե չկան: Աներևույթներն ինչ-որ տեղ հոգուս խորքում են: Ամեն ինչ ցավում է, աշխատել չեմ կարողանում, սկսածը թողնում եմ»: Դրանից հետո նա ապրեց ևս 12 տարի, բայց «մեքենան» այդպես էլ չաշխատեց:
«Ամբողջ մեքենան շարքից դուրս է եկել: Վախենում եմ կորցնել աշխատելու ցանկությունը»,– ասում է վենեսուելացի բանաստեղծ Խոսե Անտոնիո Ոամոս Սուկրեն (1890-1930) իր վերջին գրության մեջ, ով սովորական անիծյալ «մեքենայից» գերադասեց կամավոր մահը:
Դենիս Իվանովիչ Ֆոնվիզինը, կորցնելով գրելու ընդունակությունը, հաշմանդամ դարձավ բառի ամենաուղղակի իմաստով, հիվանդացավ, զրկվեց քայլելու կարողությունից և մի քանի տարի անց մահացավ: «Կաթվածահար Ֆոնվիզինին տանում էին փոքրիկ սայլակով,– պատմում է Սիխայիլ Զոշչենկոն «Վերադարձված երիտասարդություն» գրքում,– ընդ որում, քիչ չի պատահել, որ նա հրամայել է ծառային սայլակը կանգնեցնել գետափին, Գիտությունների ակադեմիայի առաջ, և երբ ուսանողները դուրս էին գալիս ինստիտուտից, Ֆոնվիզինը ձեռքը թափահարում էր նրանց կողմն ու բղավում. «Մի՛ գրեք, երիտասարդներ, մի՛ գրեք: Ահա, տեսնո՞ւմ եք, ինձ ինչ օրը գցեց գրականությունը»«:
Ամենավառ օրինակը, թե ստեղծագործության դևն ինչպես է ամբողջությամբ իրեն ենթարկել գրողին, նրանից քամել բոլոր կենսահյութերը և ապա թողել` դրանով դատապարտելով հուսահատության, խելացնորության ու ինքնաոչնչացման, Ակուտագավա Ռյունոսկեն է (1892-1927): Այս ճապոնացու միջոցով ընդհանրապես կարելի է ուսումնասիրել տիպական գծերը, բնորոշ առանձնահատկություններն ու վարքագիծը հօmօ sapiens4 հօmօ scribens5 անունը կրող հատուկ ենթատեսակի՝ իր ողջ պերճանքով ու թշվառությամբ, մասնագիտական հիվանդության բոլոր ախտանիշներով: ...Ակուտագավան... ստեղծագործական ճգնաժամի դասական զոհ է:
Ակուտագավան մի նովել ունի՝ «Քիթը», որ գրվել է Գոգոլի համանուն վիպակի ներշնչմամբ: Միայն թե ճապոնացին շրջել է սյուժեն` կառուցելով այլ կերպ, ի՞նչ անի մարդը, ում քիթը ոչ թե կորել է, այլ ընդհակառակը` չափից դուրս ակներև է՝ ցցված է ամբողջ հինգ սուն6 երկարությամբ: Վանական Ձենտին՝ անատոմիական այդ ավելորդության տերը, ամբողջ կյանքում երազում է ազատվել այդ այլանդակությունից, քիթը դարձնել սովորական չափի: Վերջիվերջո, երկար տարիների ջանք ու հնարքներից հետո, դա նրան հաջողվում է, բայց, տարօրինակ բան, կյանքը սովորական քթով` հանկարծ դառնում է իմաստազուրկ և նույնիսկ անհնար: Ծիծաղաշարժ այդ նովելի 24-ամյա հեղինակը, ըստ երևույթին, դեռ չէր ենթադրում, որ «հինգ սուն երկարությամբ քթի» ստվերը ծածկելու է իր ամբողջ հետագա ճակատագիրը` դառնալով հենց իր մասին ստեղծած անողոք մի այլաբանություն: Գրողական տաղանդը շատ է նման վանական Ձենտիի վիթխարի քթին, այն ծանր բեռ է, որ խանգարում է վայելել սովորական մարդկային կյանքի հաճույքները: Բազմաթիվ ստեղծագործող մարդիկ, սկսած ընտանեկան խաղաղ, արվեստից հեռու կյանքի մասին երազող Վագներից կամ «վենետիկյան լուսամատով և խաղողի փաթաթվող վազով հավերժական տան» հրապույրները գովերգող Բալգակովից, կարոտել են բնականոն, սովորական կյանքին: Նմանատիպ երազանքները խորթ չէին նաև Ակուտագավային: «Դու Ցզիչուն» նովելի հերոսը ծերունի դաոսից որպես պարգև իր կրած փորձությունների համար ստանում է ոչ թե հարստություն կամ փառք, այլ «փոքրիկ մի տուն Տայշան լեռան հարավային լանջին», ուր ծաղկափթիթ դեղձենիներ են աճում: Այդուհանդերձ, երբ չորրորդ տասնամյակի կեսին Ակուտագավային թվաց, թե «հինգ սուն երկարությամբ քիթը» ուր որ է կարող է ընկնել, գրողին համակեց սարսափը, և առանց այդ այլանդակ գոյացության նա չուզեց ապրել:
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել:
Ավելի ու ավելի դժվար էր դառնում գրիչ վերցնելը: Օր-օրի աճում էր պատճառ չունեցող, անբացատրելի տագնապը: Ակուտագավան հանկարծ սկսեց վախենալ, թե կխելագարվի, ինչպես ժամանակին խելագարվել էր իր մայրը: Սարսափելի, ճնշող մի բան էր թաքնված ենթագիտակցության խորքերում. «Այն մասը, որը ես չեմ գիտակցում, իմ ոգու Աֆրիկան տարածվում է անսահմանափակ: Ես վախենում եմ նրանից: Այնտեղ` խավարում, ապրում են հրեշներ, որպիսիք լույսի տակ չեն լինում»: Նա անչափ շատ է գրում, բայց ավելի ու ավելի հաճախ է առաջանում այն զգացողությունը, թե ձիրքն սպառվել է, թե այլևս գրել չի կարողանա: Դա նույնիսկ արդեն ոչ թե ստեղծագործական ճգնաժամ էր, այլ` խուճապային սարսափ ստեղծագործական ճգնաժամի անխուսափելիության հանդեպ: Կարելի է ասել` Ակուտագավան մեռավ վախից, նրա այն տարատեսակից, որն արվեստի մարդկանց համար շատ ավելի վտանգավոր է բոլոր այլ վախերից: Բնականաբար, անմիջապես հայտնվեց անքնությունը` քայքայված նյարդերի և ստեղծագործական փակուղու հավերժական ուղեկցուհին: Քնաբերի չափաբաժինները մշտապես ավելանում էին. դեղերի թմրեցուցիչ ազդեցությունը չէր ցրվում նույնիսկ ցերեկը:
«Գրիչ բռնած նրա ձեռքը դողում էր,– իր մասին երրորդ դեմքով գրում է Ակուտագավան: - Ավելի վատ բերանից փսլինք էր կաթում: Գլուխը պարզ էր լինում ոչ ավելի, քան օրվա մեջ կես ժամ քնից արթնանալուց հետո: Քուն, որ վրա էր հասնում միայն վերոնալի մեծ չափաքանակից հետո: Հիմա նա ապրում էր հավերժական մթնշաղում»:
Հպարտ, պատկառազդու Ստեղծագործության Դևը, որի հետ Ակուտագավան մինչ այդ սիրում էր հաղորդակցվել, ինչպես հավասարը հավասարի հետ («Դժոխքի տանջանքները» նովելներում կամ «Երկխոսություններ խավարում» գործի մեջ), այլասերվելով` վերածվում է ճղճիմ, մանր չարքի, այն «ախտավոր, դոդոշի արյունով սատանի ճտի» նման, որ, Նաբոկովի խոսքերով, տանջում էր հանգչող Գոգոլին: Ակուտագավայի ինքնակենսագրական «Ատամնավոր անիվներ» նովելի հերոսը բացում է «Կարամազով եղբայրները» և երկնչում. ,...Մեկ էջ էլ չէի կարդացել, երբ զգացի, որ դողում եմ ամբողջ մարմնով: Դա Իվանի մասին գլուխն էր, որին տանջում էր սատանան... Իվանին, Ստրինդբերգին, Մոպասանին կամ հենց ինձ այս սենյակում»:
Ակուտագավայի համար, որ պնդում էր, թե մարդկային կյանքը Բոդլերի մեկ տողը չարժե, այն միտքը, թե ներշնչանքը հեռանում է, իրեն թողնում է կյանքի հետ մեն-մենակ, անտանելի էր: Այնուհետ հարկ կլինի ապրել ինչպես բոլորը, առանց «հինգ սուն երկարությամբ քթի», որպես ընտանիքի սովորական կերակրող, երեք երեխայի հայր: «Վերջիվերջո ես ինքս ավելին չեմ, քան միջին մակարդակի մսյո Բովարի»,– դառնությամբ գրել է Ակուտագավան, և նրա շուրթերին չէր կարոդ լինել առավել վատ ինքնանվաստացում, ոչ թե պարզապես միջակության, այլ` միջակություն քառակուսի, ճղճիմություններից ճղճիմագույնը: Մահից առաջ գրած նամակում գրողն իր երեխաներին տալիս է մի խորհուրդ, որը հազվադեպ կարելի է լսել ծնողից. «Եթե դուք էլ պարտության կկրեք կենաց պայքարում, նույնպես հեռացեք կյանքից ինքներդ, ինչպես դա արեց ձեր հայրը»:
Ընկերոջը գրած նամակում («Նամակ բարեկամիս»), արդեն ընդունելով վերջնական որոշում, Ակուտագավան մանրամասն (և խիստ անըմբռնելի) շարադրում է ինքնասպանության պատճառները: Նրա՝ մինչև ուղնուծուծը գրողի համար կարևոր է, որ ամեն բան իր մասին ինքը գրի, ենթադրությունների ու մեկնաբանությունների համար տեղ չթողնի: Նա նույնիսկ ինչ-որ նպատակով մանրամասնորեն բացատրում է այն պատճառաբանությունները, որոնցով առաջնորդվել է մահվան միջոցն ընտրելիս. «Առաջին բանը, ինչի մասին մտածեցի, այն էր, թե ինչպես անեմ, որ մեռնեմ առանց տանջանքների: Հասկանալի է, դրա համար ամենալավ միջոցը կախվելն է: Բայց հենց որ պատկերացրի ինձ կախված, զգացի, որ լցվում եմ դրա հանդեպ գեղագիտական հակակրանքով: (Հիշում եմ ժամանակին սիրում էի մի կնոջ, բայց հենց որ տեսա, թե ինչքան տգեղ է նա պատկերում հիերոգլիֆները, սերն էլ ակնթարթորեն չքացավ): Ինձ չի հաջողվի ցանկալի արդյունքի հասնել նաև ջրասույզ լինելու դեպքում, քանի որ լողալ գիտեմ: Բայց եթե անգամ հակառակ սպասածի՝ դա ինձ հաջողվի, շատ ավելի տանջանքներ կկրեմ, քան կախվելու դեպքում: Մահը գնացքի անիվների տակ՝ ինձ նույնպիսի հակակրանք է ներշնչում, որի մասին արդեն ասացի: Ինքզինքս գնդակահարել կամ դանակահարել նույնպես չի հաջողվի, քանի որ ձեռքերս դողում են: Տգեղ տեսարան կլինի, եթե ցած նետվեմ բարձրահարկ շենքի տանիքից: Ելնելով սրանից` որոշեցի մեռնել քնաբեր օգտագործելով: Այս կերպ մեռնելն ավելի տանջալից է, քան` կախվելը, բայց փոխարենը չի առաջացնում այն նողկանքը, ինչ կախվելը, և, բացի դրանից, վտանգ չի պարունակում, թե ինձ կարող են կյանքի կոչել, սրա մեջ է այս մեթոդի առավելությունը...»:
Ակուտագավան ինքն իրեն չէր խղճում, ավելի շուտ` իր հանդեպ արհամարհանքի զգացում ուներ, ոչ թե Աստված, ինչպիսին երբևէ երազում էր դառնալ, այլ չնչին ու ողորմելի «մսյո Բովարի», մարդանման կապիկ: Եվ ավանդական եռատող բանաստեղծությունը, որով Ակուտագավան մեկնաբանել է իր գալիք հեռացումը, ընդգծում է այդ իրադարձության խղճուկ ու ծիծաղելի աննշանությունը: Եթե կապիկը չկարողացավ իրեն պահել գարնանային բողբոջներից ծանրացած ստեղծագործության ճյուղին, ուրեմն դա է նրա ճանապարհը: Դե, մի թեթև կճոճվի ճյուղը, ո՛չ ավելին:
Գարնան ճյուղի դող:
Մեկ ակնթարթ առաջ էր`
Կապիկն ընկավ ցած:

Թարգմանեց ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՐԻԳՈՐԻ ՉԽԱՐՏԻՇՎԻԼԻ

Сообщение:#3  Сообщение Harutin » 15 апр 2011, 20:28

Կյանքն ինչպես վեպ



Մեռի՛ր ժամանակին, այսպես է սովորեցնում Զրադաշտը:
Ֆ. Նիցշե


Յուրաքանչյուր ստեղծագործող մարդու դարանամուտ հետապնդող ամենահին ու ամենավտանգավոր փորձությունն է` շփոթել իրական կյանքն արվեստի, իսկ սեփական անձը` սեփական ստեղծագործության հերոսի հետ: Արվեստագետին ոչ թե պարզապես թվում է, որ ամբողջ աշխարհը թատրոն է, իսկ մարդիկ այնտեղ` դերասաններ, այլ հաճախ նա իրեն ընդունում է որպես այդ թատերախաղի բեմադրիչ, փորձում է փոփոխել նրա ժանրը, երբեմն էլ իր ձևով ներկայացնել խաղավարտը: Մահից առաջ ասված Ռաբլեի խոսքերը («Փակե՛ք վարագույրները, ֆարսն ավարտված է»), Բեթհովենի բացականչությունը («Ծափահարություննե՛ր, բարեկամներ: Կատակերգությունն ավարտված է») և նմանատիպ այլ արտահայտություններ` ոչ այնքան ինքնահեգնանք են, որքան հրաժեշտի խոնարհում հանդիսատեսի առջև:
Յուրաքանչյուր ստեղծագործողի մեջ ուժեղ զարգացած է էթեռնիզացիայի բուռն ձգտումը, այսինքն` ցանկությունը սեփական երկրային գոյությունը երկարաձգել մահվան սահմաններից անդին: Թվում է, ամբողջ հույսն այստեղ պետք էր դնել սեփական ստեղծագործությունների վրա: Բայց կան անձի արտիստական խառնվածք ունեցող ստեղծագործողներ, ում համար դա քիչ է: Ակնհայտորեն հույսեր կապելով կյանքի ետմահու առասպելականացման հետ` նրանք ձգտում են գլուխգործոց դարձնել սեփական կյանքը: Սակայն արվեստն, ինչպես հայտնի է, զոհեր է պահանջում: Այդ թվում` և բացարձակ զոհեր, ընդհուպ մինչև մահ, հանուն սեփական ստեղծագործության անբասիրության: Հատկապես եթե ստեղծագործությունը կոչվում է Հանճարի կենսագրություն:
Այս տիպի արվեստագետներն ամբողջ կյանքում դեր են խաղում, նրանց գրեթե յուրաքանչյուր արարքը հեփընինգ7 է: Իսկ ամենից շատ նրանք վախենում են բաց թողնել հեռանալու ճշգրիտ պահը: Պետք է հեռանալ տպավորիչ ու արդյունավետ ձևով` կանգնեցնելով ակնթարթը դարերի մեջ: Չկա ավելի ահավոր բան, քան բեմի վրա լռվել մնալն է, երբ հասարակությանը ներկայացումը ձանձրացրել է, երբ մարդիկ սկսում են հորանջել, ոտքերով թփթփացնել և կամաց-կամաց ցրվել: «Եվ ամեն մեկը, ով փառքի է ձգտում, պետք է կարողանա ժամանակին պատվով հրաժեշտ տալ և պետք է իմանա դժվարին արվեստը` հեռանալ ժամանակին,–սովորեցնում է նման արվեստագետներին Նիցշեն:–Հարկավոր է թույլ չտալ, որ քեզ ուտեն, երբ քեզ չափազանց համեղ են համարում, դա գիտեն նրանք, ովքեր ուզում են, որ իրենց երկար սիրեն»: Նրանք, ովքեր ուզում են, որ իրենց սիրեն երկար, հազար տարի, հենց նրանք էլ էթեռնիզացիայի մոլեռանդ երկրպագուներ են:
Գրողի համար շատ ավելի հեշտ է սեփական ստեղծագործության գործող անձ դառնալ, քան երգահանի, նկարչի կամ բեմադրողի համար: Թեկուզ և այն պատճառով, որ գրականությունն ստեղծում է առավել ճշմարտանման ու համընդգրկուն, «գրեթե ինչպես իրական» թվացյալ աշխարհներ: Գեղեցկությունն իրոք որ ահավոր ուժ է, քանի որ փոխզիջումներ չի ընդունում: Հիշենք «Ով մեկ անգամ նայեց գեղեցկության դեմքին, մատնված է մահվան մի խորհրդով գաղտնի»: Երբ գեղեցկությանն առավելություն է տրվում գործնականության հանդեպ, իսկ երևութականին` իրականի հանդեպ, այդ դիրքորոշումն ինքնըստինքյան ինքնասպանական բնույթ է կրում, ողջ մնալն այստեղ գերակայությունների թվին չի դասվում:
Շատ գրողներ են փորձել գեղեցիկ ինքնակենսագրություն ստեղծել: Ատացվել է, իհարկե, ոչ բոլորի մոտ: Բայց «այդուհանդերձ» համաշխարհային գրականության պատմության մեջ ձևավորվել է գրողների մի ամբողջ կաճառ, պանթեոն, ում փառքը հիմնվում է ոչ միայն ստեղծագործական ժառանգության, այլ նաև ռոմանտիկ, վիպականացված կենսագրության վրա: Գրեթե յուրաքանչյուր գրող մարդու համար այդ երջանիկների օրինակը հավերժական գայթակղություն է հանդիսանում:
Իսկապես, մի՞թե կկարողանար Բայրոնն այդ աստիճան հմայել Եվրոպան, եթե չլիներ կյանքի հոգեհույզ, աֆեկտային ոճը, գերմարդու լուսապսակը և, գլխավորը, հերոսական մահը հինավուրց Հելլադայի հողի վրա...
Իսկ մի՞թե գեղեցիկ չի պատկերանում լայնաճակատ, խոշոր աչքերով ու գանգրամազ քունքերով հուսարական պորուչիկի կյանքը: Լերմոնտովին, թերևս, նույնիսկ ավելի լավ կենսագրություն է հաջողվել կերտել, քան կաղ անգլիացուն, որի հետ մեր սիրելի բանաստեղծը միանգամայն գիտակցաբար մրցակցում էր: Մենամարտում մեռնելը շատ ավելի գեղեցիկ է տենդից մեռնելուց, 26 տարիները թոշնած 36 տարիներ չեն, և Պեչորինն էլ, վկա է Աստված, առավել հետաքրքիր է Չայլդ Հարոլդից:
Բայրոնն ու Լերմոնտովն, ըստ էության, կարող էին սահմանափակվել միայն գրական գործունեությամբ. դրանից չէին դադարի լինել դասականներ, միգուցե նրանց դիմանկարները քիչ մասսայականություն վայելեին: Կան սակայն գրողներ, ովքեր ետմահու փառքի համար գլխավորապես պարտական են իրենց առասպելականացված կենսագրությանը...
...Այնքան էլ քիչ չեն նրանք` այն գրողները, որոնց կյանքն արվեստի ավելի մեծ ստեղծագործություն է եղել, քան իրենց ստեղծած գործերը:
...Բայց, անշուշտ, միշտ էլ եղել են բավականաչափ թվով գրողներ, ովքեր իմացել են, որ ստեղծագործող մարդու համար ամենաարժանավոր մահը տենդը չէ և ոչ էլ նույնիսկ ինչ որ մեկի հիմար գնդակը (որոնց հարցում Բայրոնի և Լերմոնտովի ու Մառլինսկու բախտը բերել է), այլ «մահերի մեջ արիստոկրատը» սեփական ձեռքով վարագույրը փակելը նախապես պատրաստած, ձևավորած բեմի վրա: Գեղեցիկ ավարտ է, որը հուսալիորեն սրբագրում է նախորդող կենսագրության բոլոր տգեղություններն ու անճշտությունները:

Թարգմանեց ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Թարգմանություններ