СТАНЬ VIP

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2010, 22:38

ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա,
 Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած.
 Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող`
 Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով`
 Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
 Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով,
 Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ:
 Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու
 Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ:
 Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց
 Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով,
 Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից
 Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ:
 Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր,
 Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ,
 Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
 Որի դէմ բողոք է գրել Եսային
 Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի`
 Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած:
 Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական,
 Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն,
 Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց
 Յանուն գերեդարձ այն տապանակի,
 Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին:

Բ
 Բայց եւ ահաւոր ձայնը հատուցման քո դատաստանի
 Վրէժխնդրութեան ձորում ուժգնապէս հնչելով ահա,
 Երկնում է իմ դէմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,
 Այժմուանից եւ իսկ զգում եմ իմ մէջ
 Էութիւնս հուզող շարժումներ ներհակ
 Ու խուռն ամբոխուող խռովութիւններ:
 Եւ չար ու բարի խորհուրդներ զինուած սուր ու սուսերով`
 Բախւում են ընդդէմ իրարու դարձեալ,
 Ինձ մահուան գերի դարձնելով համակ,
 Ինչպէս երբեմն, երբ դեռ չէր հասել քո շնորհը ինձ:
 Առաքելական դասի մէջ Պօղոսն` ընտրելագոյնը,
 Մովսէսի օրէնքն այս շնորհի հետ համեմատելով,
 Քրիստոսի բերած փրկութիւնն յաղթող է յայտարարում:
 Զի եթէ ճիշտ է, որ մօտ է Տիրոջ օրն, ինչպէս գիրքն է ասում,
 Հրապարակի մէջ Հովսափաթի եւ կամ
 Կեդրոնի հովտում նեղանձուկ,-
 Դատաստանի փոքր հանդիսատեղի եւ ժամադրավայր,
 Որոնք երկրային երեւոյթներով պատկերացնում են հանդերձեալն ինձ պարզ,
 Ապա եւ ինձ է մօտեցել յաւէտ թագաւորութիւնն մարմնացեալ Աստծոյ,
 Որը ենթակայ պիտի գտնի ինձ մեծապէս ծանր հատուցումների,
 Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,
 Որոնք յիրաւի ամբաստանելով` դատեն ինձ պիտի աւելի սաստիկ,
 Քան թէ բարձրացող Նրա ձեռքն յուժկու,
 Որ մի ժամանակ եդովմայեցի եւ փղշտացի եւ այլ բարբարոս ազգերի զարկեց:
 Եւ, սակայն, նրանց չարչարանքները կարճատեւ եղան,
 Մինչ իմ մեղքերի պատիժը ո՛չ վերջ ունի, ո՛չ սահման:
 Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի,-
 Ըստ մարգարէի եւ առակողի,-
 Սաստիկ տագնապով դուռս ափ առած`
 Մշտնջենական ամօթն են իրենց գծագրում արդէն:
 Եւ արդ, միայն դո՛ւ կարող ես գտնել հրաշագործ դեղեր,
 Ի կեանք կոչելու հոգիներն ամէն` մատնուած վարանման եւ տարակոյսի,
 Քաւի՛չ բոլորի, անսահմանելի բարձրութեանդ մէջ
 Քո անճառ փառքով գովուա՜ծ յաւիտեան:
Последний раз редактировалось Harutin 08 апр 2010, 22:43, всего редактировалось 1 раз.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2010, 22:43

ԲԱՆ Բ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Քանզի մարմնաւոր շուրթերով, ահա, ուղերձ ես կարդում բարձրեալ Աստծուն,
 Որ գործերով է գրաւում միայն եւ չի կաշառւում բանաստեղծութեամբ,
 Եւ քո սրտի մէջ նայում ես դու միշտ դէպի Եգիպտոս,
 Համապատասխան քեզ ի՞նչ օրինակ դնեմ ես այստեղ, անձ իմ յանցաւոր:
 Պատժակից եմ ես քանդուած Սոդոմին,
 Պապանձուած դատախազն եմ Նինուէի,
 Սոսկալի բարբարոս` աւելի, քան տիկինն հարաւային,
 Քանանից վատթար աւելի եւ Ամաղեկից յամառ,
 Կուռքերի քաղաք անբժշկելի,
 Հին Իսրայէլի ապստամբութեան մնացած բեկոր,
 Յիշատակարան պահուած`
 Յուդայի ուխտազանցութեան:
 Կշտամբուած եմ ես աւելի, քան Ծուրը
 Եւ Ծայդանից աւելի տարամերժուած.
 Խորթաբարոյ աւելի, քան Գալիլիան,
 Եւ քան անհաւատ կափառնայումն աններելի.
 Պարսաւուած եմ ես, ինչպէս Քորազինը եւ
 Բեթսայիդայի հետ բամբասուած.
 Անպարկեշտութեան մէջ սպիտակած մազերն եմ Եփրեմի.
 Աղաւնու նման մեղմ եմ ես` յիմարութեամբ եւ ո՛չ հեզութեամբ.
 Օձ եմ ես բանաւոր եղեռնական` առիւծի կորիւններից ծնուած.
 Ժանտութեամբ լցուած քարբի ձուերի կերպարանքն ունեմ,
 Պատկերն եմ ես Երուսաղէմի վերջին հարուածների,
 Ըստ գուշակութեան տեսանողների եւ տէրունական խօսքի համաձայն:
 Կործանման հասած մերժուած տաղաւար եմ ես,
 Կրկնակի ներկուած շինուածք եմ խօսուն`
 Խորտակուած դռան ջարդուած փականքով:
 Ժառանգութիւն եմ վայելուչ թէեւ, սակայն եւ թողնուած,
 Մոռացուած տուն եմ աստուածակերտ,
 Ինչպէս ասել են Մովսէսը,
 Դաւիթն ու Երեմիան:
 Բորոտութեամբ վարակուած բանական մի տուն եմ ես`
 Ապաշխարութեան խրատին ենթարկուած,
 Օրէնքով նորոգուած եւ ծեփուած կաւով` ողոք հեզութեան,
 Բայց ճարահատուած այլեւս բուժման մի ելք գտնելուց`
 Շինողի ձեռքով կրկին քանդուած,
 Եւ հրամանով Հզօրի, իբրեւ արդար հատուցում,
 Դուրս նետուած անսուրբ մի վայր` անխնայ,
 Հեռու վտարուած եւ տարագրուած:
 Հողի տակ թաղուած դրամն եմ անպէտ`
 Աւետարանի աւանդակորոյս ուրացողի քանքարի նման:

Բ
 Սակայն դու, ո՜վ Աստուած,
 Աստուա՛ծ հոգիների բոլոր ու մարմինների,
 Աստուածաշնորհ Մովսէսի դաւանութեամբ,
 Եւ ըստ ձայնի երկայնամիտ ու բազումողորմ սուրբ Յովնանի,-
 Տուր ինձ ուժ, որպէսզի քո օրհնեալ կամքին ի հաճութիւն
 Կարողանամ աւարտել աղօթամատեանն այս ողբերգական,
 Որ սկսել եմ ես ահաւասիկ:
 Եւ մինչ արցունքով եմ սերմանում խօսքերս
 Մեզ համար պատրաստուած օթեւաններդ տանող
 Ճանապարհի վրայ ոտք դրած պահին այս իմ,
 Թող որ, երբ հասնեմ հունձքն հաւաքելուն`
 Դառնամ բերկրալից ու երջանիկ եւ լիովին քաւուած`
 Բարի օրանների երանական արդիւնքով:
 Մի՛ տար ինձ սրտի արգանդ անորդի
 Իսրայէլի պէս,
 Եւ ոչ էլ ցամքած ստինքներ աչքի, ո՜վ ամենագութ:
 Լսի՛ր բանական աղաչաւորիս, հզօ՛ր ողորմած,
 Նախքան երկնքին, երկինքը` երկրին, երկիրը` գինուն, ցորենին, ձէթին,
 Եւ սրանք բոլորն էլ Իսրայէլին` ի՛նձ լսիր.
 Երկնաւորների աղերսը առ քեզ`
 Թող ազդի հոգուս, քան թէ տարրերին ապականացու:
 Ստեղծիչ ես դու, եւ ես ինքս` կաւ.
 Հեծեծագին այս աղօթքներիս նախամուտքում.
 Յայտնի՛ր, գթառատ, քաղցր կամքըդ ինձ` տարակուսեալիս,
 Որպէսզի այստեղ, երկրի վրայ իսկ զօրանամ ես,
 Եւ, երբ որ բացուի երկինքը վերին,
 Չլինի՛ որ ես լոյսը վայելելու անվարժ, անընտել`
 Մոմի պէս հալուեմ, սպառուեմ իսպառ, ջնջուեմ մէջտեղից:
 Սիրտ տուր զրկուածիս, ինչպէս ասողն է գոչել աղօթքով,-
 Ուժ` թալկացածիս եւ կեանք մաշուածիս խղճի խայթերից,
 Եւ ո՛չ անձկութեամբ ու չարչարանքով քեզ որոնելուց:
 Ա՛ռ մաղթանքներիս աւանդն այս եւ տուր ողորմութիւնը քո շնորհների:
 Ընդունիր դու այս փոքրը տկարիցս եւ շնորհիր մեծը հզօրիդ կողմից:
 Զղջումիս խօսքերն արա՛ զօրաւոր, մեզ ուղարկելով հոգիդ բարձունքից,
 Պատգամներով այն աստուածաշունչ, որոնք դրել եմ ես այս գրքիս մէջ:
 Հաճի՛ր, բարերա՛ր, լուսաւորելով ճշմարտապատում առակն Եսայու,
 Մատուցելու ինձ` մահուան արժանուս
 Գոյութեանս անարգաձայն պղնձի փոխարէն` շնորհիդ ոսկին`
 Անզարդ, սեւաթոյր երկաթի տեղակ` հրաշեկ պղինձը Լիբանանի,
 Որ օրինակ է առաքինութեան:

Գ
 Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ ահաւոր,
 Որ չթափանցի երկիւղըդ այնտեղ:
 Թող որ չլինեմ ես անպտուղ` փոքր այս վաստակիս մէջ`
 Անբերրի հողում, իզուր, ապարդիւն սերմանողի պէս:
 Չլինի, որ երկնեմ ես, եւ չծնեմ,
 Ողբամ` եւ չարտասուեմ, խորհեմ` եւ չհառաչեմ,
 Ամպեմ, եւ չանձրեւեմ, ընթանամ` եւ չհասնեմ,
 Ես ձայն տամ, եւ դու չլսես, պաղատեմ` եւ անտես մնամ,
 Կողկողեմ` եւ ինձ չողորմես, աղաչեմ` բայց ոչինչ շահեմ,
 Զոհ մատուցեմ, եւ չմխամ,
 Տեսնեմ քեզ` եւ դատարկ դուրս գամ:
 Դեռ քեզ չդիմած լսիր ձայնս դու, ո՜վ միայն հզօր:
 Մեղքերով ապրած օրերիս չափով
 Տանջանքի տուգանք վճարել մի՛ տայ ինձ` չարագործիս:

Դ
 Փրկի՛ր ինձ, գթած, լսիր, ողորմած,
 Մարդասիրաբար ներիր ինձ, ներող,
 Խնայիր, երկայնամիտ, պաշտպանիր, ապաւեն,
 Բարերարիր, հզօր, ազատիր, ամենակալ,
 Կեանք տուր, նորոգող, վերականգնիր, ահաւո՛ր,
 Լուսաւորիր, երկնային, բժշկի՛ր, ձեռնահաս, քաւի՛ր, անքնին,
 Պարգեւատրիր, առատաձեռն, շնորհազարդիր, աննախանձ,
 Հաշտուիր, անախտակիր, ընդունիր, անոխակալ,
 Ջնջիր պարտքերս, օրհնեա՜լ:
 Երբ հասնի վերջին օրս թշուառ,
 Եւ ես յառեմ աչքերս տեսնելու վտանգները կրկնակի,
 Քո փրկութի՜ւնը տեսնեմ թող, յո՜յս եւ խնամակալ:
 Եւ երբ ուշադիր նայեմ դէպի վեր` ամենագրաւ ճամփին սոսկալի,
 Խաղաղութեան հրեշտակդ թո՛ղ քաղցրութեամբ հանդիպի ինձ:
 Երբ վերջին օրը իմ շունչը փչեմ, ցոյց տուր ինձ դու, Տէ՜ր,
 Երկնաւորներից եկած երջանիկ, մաքուր մի ոգի,
 Որ լուսաթռիչ` ի՜նձ հասնի` սիրուդ պարգեւը առած:
 Հասցրու ինձ նոյնպէս կարեկից մի` մեռած արդարներից.
 Յուսահատ օրս դու չարագործիս քո անակնկալ բարին պարգեւիր:
 Քա՜ւ լիցի, թէ դու, ո՛վ բարեբանեալ, որ փրկութիւնն ես բոլորի,
 Հիւանդ ոչխարիս դժնդակ գազան եւ մի տաս ուղեկից.
 Պարգեւիր վերին կեանք` անապական մեղքով մեռածիս,
 Եւ փրկութիւն` պարտքերի տակ կործանուածիս:

Ե
 Մի՞թէ պիտի մոռանաս բարերարելդ, ո՜վ ակնկալութիւն.
 Պիտի անտեսե՞ս գթասիրելդ, ո՜վ խնամող.
 Պիտի փոփոխե՞ս մարդասիրելդ, ո՜վ անփոփոխ.
 Պիտի նահանջե՞ս կենսագործելուցդ, անվախճա՜ն.
 Պիտի թողնե՞ս ողորմութիւնդ, երջանի՛կ պտուղ.
 Պիտի աղաւաղե՞ս բարեշնորհ ծաղիկը քո քաղցրութեան.
 Պիտի անպատուե՞ս նիւթը պանծալի քո հարստութեան.
 Պիտի պակասեցնե՞ս փառքը վարսերի քո բարձրապանծ,
 Պիտի չպահե՞ս պսակիդ պայծառ զարդը վայելուչ:
 Եթէ ողորմածներին է երանութիւնը,
 Եւ դու, որ համակ արքայութիւն ես սիրով լիուլի,
 Մի՞թէ չպիտի պարգեւես դու քո փրկութիւնն ամբողջ.
 Դեղ չդնե՞ս պիտի իմ վէրքերին
 Եւ սպեղանի` խոցուածներիս եւ տկարութեանս` դարման չպիտի՞ տանես,
 Պիտի չծագե՞ս լոյս` խաւարի մէջ -
 Ինձ, որ զօրութեանդ վրայ եմ միայն իմ յոյսը դրել,
 Տիեզերակա՛ն դու կենսապարգեւ:
 Դո՛ւ միայն ունես փառք իսկ ի բնէ, մշտնջենապէս,
 Եւ արարածներն համայն առյաւէտ վկայում են այդ:
 Օրհնուած ես դու եւ փառաւորուած յաւիտենութեան մէջ եռապատիկ
 Եւ իմանալի յաւիտեանների սահմանից էլ վեր`
 Միշտ ու միշտ. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2010, 22:47

ԲԱՆ Գ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Տէ՛ր իմ, Տէ՜ր պարգեւատու, ինքնաբուն բարի,
 Բոլորին տիրող հաւասարապէս, միայն արարիչ դու ամէն ինչի.
 Փառաւորեալ անքնին, ահեղ ահարկու, սոսկալի հզօր,
 Անպարագրելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի,
 Անճառելի, անտեսանելի, անզննելի, անշոշափելի, անորոնելի,
 Անսկիզբ եւ անժամանակ, անշամանդաղ գիտութիւն,
 Համարձակ տեսողութիւն, ճշմարիտ էականութիւն,
 Բարձր եւ խոնարհ, օրհնաբանուած գոյութիւն.
 Անստուեր ծագում, ամենափայլ ճառագայթ, խոստովանուած լոյս,
 Անտարակոյս վստահութիւն, կատարեալ հանգիստ,
 Անհեղելի կնիք, անսահման պատկեր, վկայուած անուն,
 Ճաշակ քաղցրութեան, բաժակ բերկրութեան,
 Հաց` հոգին հաստող, սէր` մթանն օտար, աներկբայ խոստում,
 Ծածկոյթ ցանկալի, զգեստ անկապուտ, օթոց բաղձալի,
 Զարդ վայելչական, մեծազօր պաշտպան, գովուած ապաւեն,
 Աննուազելի շնորհ, անպակասելի գանձ,
 Անապական անձրեւ, արփիացնցուղ ցող,
 Ամենաբոյժ դեղ, ձրի բժշկութիւն, կրկնաձիր առողջութիւն,
 Վեհագոյն խրախոյս, անպատիր կոչում, հանուր աւետիս,
 Ստրկամեծար թագաւոր, աղքատասէր պաշտպան, մշտահարուստ տուող,
 Անխափան ընթացք, աննահանջ հրաման,
 Անհամառօտ յոյս, երկար տեսողութիւն, տուրք անզղջական,
 Ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռք, անաչառ աչք,
 Մխիթարիչ ձայն, սփոփարար լուր, բերկրութեան բերումն,
 Անուն կենդանի, նախախնամող մատ,
 Անմոլար ճամփայ, անխարդախ ընթացք, կենդանարար կամք,
 Աննենգելի խրատ, աննախանձ պատիւ, լայնարձակ հնարք,
 Անձկական պայման, անգտնելի հետք, աներեւոյթ շաւիղ,
 Անչափագիր պատկեր, քանակութի՜ւն անսահման,
 Աննմանական տիպ, անզուգական գութ, ողորմութիւն բազմազեղ,
 Խոնարհութիւն տօնելի, համբոյր փրկարար,
 Կա՜ն դեռ շատ ուրիշ խօսքեր աւելի վեհ ու վայելուչ
 Նուիրելու քեզ` աստուածութեանդ:
 Օրհնուած, գովուած, բարեբանուած, քարոզուած, աւետարանուած,
 Հռչակուած, հնչեցուած, պատմուած,
 Աղաչուած կամքով անխաբելի,
 Եւ դեռ ինչ որ դու ներշնչում ես մեզ քաղցր բխումով,
 Որոնք մեր յաջորդ ճառերում պէտք է որ լուսաբանուեն:
 Որով եւ պիտի դու զուարթանաս իմ փրկութեամբ, ո՜վ երանութիւն,
 Ախորժ զգացմամբ լցուած լիուլի:
 Դատարկ բառերով հիւսուած երգով չէ, որ փառաւորւում ես դու,
 Այլ իմ այս փոքրիկ աղերսը թող որ դառնայ մի պատճառ քո մեծ փրկութեան:

Բ
 Ողբե՜ր երգեցի ես շարահիւսուած այս նոր մատեանում,-
 Որն իբրեւ կցորդ, մեծապէս գիտակ բոլոր վշտերի`
 Նշաւակում է ուրոյն պատկերով կրքերը ամէն մարդու պատահող,-
 Այս երկրում ապրող ամէն հասակի բանականների համար անխտիր,
 Աշխարհում ցրուած բազմասփիւռ բոլոր քրիստոնեաների,
 Բոլոր նրանց, որոնք կեանքի առաջին շրջանումն են,
 Եւ նրանց, որոնք արբունքի են հասել,
 Նրանց, որ մօտ են անկար ծերութեամբ կեանքի վախճանին,
 Մեղաւորների եւ արդարների,
 Բարձրահոն ինքնամեծարի եւ իր սխալն ընդունող անձնադատի,
 Բարիների եւ եղեռնագործների, նկունների եւ արիների,
 Ստրուկների եւ հպատակների,
 Գերաշխարհիկների եւ սեպուհների, միջակների եւ պայազատների,
 Շինականների եւ տոհմիկների, արուների եւ էգերի,
 Հրամայողների եւ հնազանդուողների, վսեմների եւ նուաստների,
 Վեհերի եւ փոքրերի, ազնուականների եւ ռամիկների,
 Ձիավարժների եւ հետեւակների, քաղաքացիների եւ գեղջուկների,
 Ահաւորի սանձով բռնուած գոռոզ արքաների,
 Վերնականների հետ խօսակցող մենակեացների,
 Մաքրակենցաղ եւ տիրանուէր զգաստների,
 Երջանկակրօն եւ ընտրելագոյն քահանաների,
 Վերակացու եւ բարեզգեցիկ առաջնորդների,
 Նախաթոռ գահակալների, սրբանուէր տեսուչների համար,
 Որոնցից ոմանց` աղերս-աղաչանք եւ ոմանց` բարի խրատներ
 Հօրինեցի ես աղօթքի համար` այս մատենիկով,
 Որ հոգուդ զօրութեամբ եմ ձեռնարկել,
 Գրի առնելով մաղթանքներ պէս-պէս,
 Որպէսզի խնդրանքներն այս բոլորի սրանով ընդմիշտ
 Քո մեծ գթութեա՜նը ներկայացուեն:

Գ
 Արա՛ այս մատեանն ընթերցողների սրտերը յստակ,
 Բժշկի՛ր նրանց հոգիները դու եւ յանցանքները սրբի՛ր,
 Թո՛ղ պարտքերը նրանց եւ արձակի՛ր կապանքները մեղքի:
 Արտասուքները թող բխեն սրանով հրահանգուողների,
 Եւ թո՛ղ սրանով պարգեւի նրանց իղձ ապաշաւի:
 Շնորհուի թող, ո՜վ Տէր, նրանց հետ եւ ի՛նձ զղջումի կամք,
 Ինչպէս եւ նրանց` ի՛մ իսկ բառերով` շունչ բարեհամբոյր.
 Թող այս մատեանով եւ ի՛նձ նուիրուի պաղատանքը նրանց,
 Եւ իմ խօսքերով իմ փոխարէն էլ խնկուեն նրանց հեծեծանքները:
 Ողբերգութիւնն այս սիրով ճաշակող սրտերում թող որ
 Շնորհիդ լո՜յսը մտնի եւ բնակուի:
 Եթէ պատահի, որ ինձ համար բարեպաշտները սրանով քեզ ընծայուեն,
 Ի՛նձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ, որոնք կենդանի են քեզ համար.
 Եթէ սրանով մեղքերը մաքրող արցունքներ կաթեն աչքերից,
 Ո՜վ խնամակալ, անձրեւի՛ր նաեւ նրանք ի՛նձ վրա:
 Հաղորդակիցներն այս կենաց գրքի` թող փրկուածներին լինեն դասակից:
 Քո կամքով, օրհնեալ, թող որ նաեւ ե՛ս համարուեմ փրկուած:
 Եթէ խօսքերի իմ ազդեցութեամբ որեւէ մէկի սրտի խորքերից
 Հնչեն հառաչներ աստուածահաճոյ,
 Թող որ նրա հետ, ո՜վ բարձրեալ, եւ ե՛ս օգտուեմ քեզանով.
 Թէ մաքուր մի ձեռք անուշ խունկերով առ քեզ կարկառուի,
 Թող իմ ձայնի հետ հասնի, միանայ
 Եւ ա՛յս աղերսանքն առ քեզ մատուցուող` աղօթքների.
 Եթէ ուրիշներն էլ պաղատանքներ երկնեն ինձ նման, բազմաբովանդակ,
 Նրանցով ե՛ս էլ թող որ քեզ կրկին նուիրուած լինեմ:
 Եթէ բանաւոր պատարագն այս իմ հաճոյ լինի քեզ եւ գնահատես,
 Ուրիշներինն էլ, առաջ, քան թէ իմ, թող քեզ ընծայուի.
 Եթէ տրտմութեամբ մի ոք սրտաբեկ նուաղի տկար,
 Թո՛ղ կանգնի դարձեալ հառաչանքների այս հաստարանով` քեզնով յուսադրուած.
 Եթէ ամբարտակն ապահովութեան խորտակուի մեղքով,
 Թո՛ղ որ քարերովն այս պատշաճապէս կառուցուի՜ դարձեալ, աջովդ պաշտպանուած.
 Եթէ յանցանքի սրով կտրուի յոյսի լարը ձիգ,
 Ամենակալիդ կամքով թող դարձեալ կցուի ամրապէս` քո պատուաստումով.

Դ
 Եթէ հոգեկան ցաւի մի վտանգ պաշարի մէկին մահացու կերպով,
 Թող որ փրկութիւն գտնի սրանով` յոյսով ապրելու,
 Ո՜վ կեցուցիչդ քեզ աղօթողի:
 Տարակուսանքի տագնապով եթէ խոցոտուի մի սիրտ,
 Թո՛ղ քո քաղցրութեամբ` բուժուի սրանով եւ առողջանա.
 Թէ անքաւելի մեղքի կորստեամբ մէկն ընկղմել է խոր անդունդի մէջ,
 Այս կարթով թող որ դէպի լո՜յսը գայ` քո պաշտպանութեամբ.
 Թէ խաւարային գործերով թմրած` ուժասպառ է ոք,
 Թող որ զօրանայ քեզ ապաստանած, միա՜կ ապաւեն.
 Եթէ պահպանակը վստահութեան լքել է մէկի հոգին,
 Ա՛յս միջնորդութեամբ թող ձեռքդ նրան ընդունի դարձեալ եւ ամրապնդի.
 Եթէ ոք հսկող պահապաններից հեռու դեգերի,
 Այդպիսին թող որ սպասի սրանով նորոգչիդ դարձին.
 Եթէ դիւային ջերմի սարսուռը խռովի մէկին,
 Սթափուի՛ թող նա խաչիդ խորհրդի
 Այս խոստովանուած ու երկրպագուած նշանի առջեւ.
 Անօրէնութեան խորտակիչ հողմի մրրիկը եթե
 Մարդու մարմնեղէն շինուածքն աշխարհի ծովում հարուածի,
 Թող որ քո կողմից շինուած այս ղեկով, առագաստներով խաղաղուի՜ դարձեալ:

Ե
 Մատեանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրեա՜լ,
 Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի
 Եւ բժշկի քո արարածների հոգու եւ մարմնի ցաւերը բոլոր:
 Սկսածն այս իմ` իր աւարտին հասցրու դու
 Եւ թող քո հոգին խառնուի սրան:
 Մեծիդ նորոգող շունչը թող միանայ ինձ շնորհածդ այս բանաստեղծութեանը,
 Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զօրութիւն վհատ սրտերին
 Եւ ընդունում փա՜ռք բոլորից. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2010, 22:49

ԲԱՆ Դ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Եւ քանզի խօսել սկսեցի քեզ հետ,
 Որ կենդանի շունչն ունես ձեռքիդ մէջ բազմամեղ հոգուս`
 Սարսում եմ սաստիկ տագնապով իրօք ու դողդողում եմ երկիւղից ահա,
 Զի յիշելն անգամ քո անխուսափելի եւ անաչառ դատաստանի մասին,
 Ուր պիտի մեղքերն իմ կշտամբուեն, ո՜վ արարիչ երկնի եւ երկրի,
 Ահաւոր է եւ անպարփակելի ու վեր ամէն սահմանումից:
 Մանաւանդ որ չկայ բժշկութիւն իմ բազմավտանգ, անողջանալի սաստիկ վէրքերին,
 Որոնք ստացայ հոգիս կորստեան մատնողի մահաբեր ժանիքներից
 Եւ չիք պատասխան "պատերազմի օրն",- ըստ առակողի:
 Հնար չի լինի ո՛չ խօսքով արդարանալ, ո՛չ վերարկուի տակ պահուել,
 Ո՛չ դիմակաւոր` կեղծել եւ ո՛չ երեսպաշտ խօսքերով մօտենալ,
 Ո՛չ շինծու ձեւերով խաբել, ո՛չ կցկտուր բառերով ստել,
 Ո՛չ արագոտն փախչել, ո՛չ թիկունք դարձնել,
 Ո՛չ երեսն ի վայր` դէմքն հողին քսել,
 Եւ ոչ էլ երկրի խորքերում թաքնուել,
 Քանզի ծածկուածները բաց են քեզ համար եւ աներեւոյթներն` հրապարակուած:

Բ
 Արդարութիւնն իմ նուազել է իսպառ եւ ունայնացել,
 Մեղքերս յայտնի են դարձել եւ շատացել են է՛լ աւելի,
 Մնացական են չարութիւններն իմ, եւ ես` կորստական.
 Իրաւունքի կշիռն է պակասած, եւ անիրաւութիւնն իմ` միանգամից զօրացած.
 Բարեգործութեան պտուղներն են հալած, եւ սխալմունքներն արձանացած.
 Աւանդն է կորած, եւ դատակնիքն այժմուանից գտնուած.
 Մահուան մուրհակն է գրուած, եւ աւետման կտակն եղծուած.
 Բարերարն է տխրած, եւ բանսարկուն ուրախացած.
 Հրեշտակների գունդը թախծած, եւ սատանան խնդասիրտ պար բռնած.
 Վերնական զօրքը ողբի մէջ, եւ երկրայինները բերկրած.
 Սպանողի մթերանոցն է լի, եւ պահպանողի գանձը կողոպտուած.
 Օտարի մասն է կանգուն, եւ Ստացողի պարգեւը` մատնուած,
 Ստեղծողի շնորհն է մոռացուած, եւ կորուսչի ծուղակները պահուած.
 Փրկչի երախտիքն է հեգնուած, եւ Բելիարն է զուարթացած.
 Կենաց աղբիւրն է փակուած, եւ գոռոզի ժանգը ժանտիս հասած:

Գ
 Եւ արդ, ինչպէս Գիրքն է ասել դեռ առաջուց,
 Ցանկալի չէ՞ր արդեօք չստեղծուել երբէք արգանդի մէջ,
 Ձեւաւորուել որովայնում եւ չծնուել,
 Ո՛չ մարդկանց թւում գրուել եւ ո՛չ աճել, առնել հասակ,
 Ո՛չ գեղեցիկ պատկերով զարդարուել եւ ոչ էլ օժտուել խօսելու ձիրքով,
 Քան թէ ենթարկուել այսպիսի սաստիկ ու սարսափելի ծանրութիւնների,
 Որոնց չեն կարող դիմանալ կարծր քարերը նոյնիսկ,
 Էլ ո՜ւր կմնան մարմինները լոյծ:

Դ
 Ուստի, բարեգութ, աղաչում եմ քեզ, տո՜ւր ինձ ողորմութիւն,
 Դու, որ քո խօսքով իսկ սահմանեցիր մեզ վարուել այսպէս,
 Ասելով.- Տուէ՛ք այդ նուէրն Աստծուն` ձեր փրկութեան համար,
 Ու մաքրուեցէք, քանզի ողորմութիւն եմ ուզում ես եւ ո՛չ պատարագ:
 Այդ խօսքդ յիշելով, բարձրացի՛ր ահա վերստին, խնկուա՜ծ,
 Դու, որ ունես ամէն ինչ եւ ամէն ինչ քեզանից է.
 Քեզ փա՜ռք բոլորից. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2010, 22:53

ԲԱՆ Ե ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ արդ, ես որ մարդ եմ երկրածին`
 Անկայուն կեանքի երեւոյթներով զբաղուած,
 Եւ պատրող գինու յիմարութեամբ արբած,
 Որ ստում եմ ամէն ինչով ու ոչ մի բանով ճիշտ չեմ խօսում,
 Վերոյիշեալ բոլոր ախտանիշերն իմ մէջ կրելով,
 Ես ի՞նչ երեսով հանդգնեմ կանգնել ատեանիդ առաջ,
 Ո՜վ արդարադատ, ահաւոր անճառ, անպատում, հզօր Աստուած բոլորի:
 Մեղանչած հոգուս ապերախտութիւնն համեմատելով երախտիքիդ հետ,
 Պիտի ցոյց տամ, թէ զօրեղ ես դու միշտ իրաւունքիդ մէջ,
 Եւ յանիրաւի գործերովըս ես` յաւէտ պարտական:

Բ
 Դու ստեղծեցիր ինձ քո պանծալի պատկերի նման,
 Քո նմանութեամբ օժանդակելով անուժ-տկարիս:
 Խօսելու շնորհով զարդարեցիր ինձ եւ փայլեցրիր ներշնչումով,
 Ճոխացրիր ինձ մտքով եւ իմաստութեամբ աճեցրիր,
 Հանճարով հզօրացրիր ինձ` միւս շնչաւորներից տարբերելով,
 Իմանալի հոգով շաղուեցիր ու պճնեցիր անձնիշխանութեամբ,
 Ծնեցիր հայրաբար, սնեցիր դայակօրէն, խնամեցիր որպէս տէր,
 Տնկեցիր ամբարիշտիս քո գաւթի մէջ,
 Ոռոգեցիր կենաց ջրով եւ աւազանի ցողով մաքրեցիր.
 Ու կենսատու վտակով արմատացրիր,
 Երկնային հացովդ ջամբեցիր
 Եւ արբեցրիր արեամբդ աստուածային,
 Անհպելի եւ անհաս բաների ընտանեցրիր,
 Երկրային աչքիս համարձակութիւն տուեցիր նայելու քեզ,
 Եւ փառքիդ լոյսով պարածածկեցիր,
 Անմաքուր ձեռքիս մատներն հողանիւթ քեզ մօտեցրիր,
 Մահկանացու մոխիրս անարգ` յարգեցիր իբրեւ լոյսի ճաճանչ,
 Քո հօրը հզօր ահաւոր, օրհնեալ`
Մարդասիրաբար անարժան անձիս հայր անուանակնքեցիր:

Գ
 Նանրութեամբ լցուած բերանն իմ չայրեցիր,
 Երբ ինձ ժառանգակից անուանեցի քեզ.
 Չկշտամբեցիր, երբ հանդգնեցի քեզ կցորդուելու:
 Չստուերացրիր աչքիս տեսողութիւնը, երբ ես հայեացքս յառել էի քեզ.
 Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր եւ ինձ,
 Չխորտակեցիր դաստակը բազկիս, երբ անմաքրապէս բարձրանում էր քեզ.
 Չկոտրտեցիր մատներիս յօդերը, երբ քո կենաց Բանն էի շոշափում,
 Մառախուղ չպատեց շուրջս, երբ, ո՜վ ահաւոր, պատարագ էի ձօնում քեզ.
 Չփշրեցիր շարքն ատամներիս, երբ ըմբոշխնում էի քեզ, անսահմանելի՜.
 Բարկութեամբ խոտորնակ չգնացիր ինձ, մինչ ես խոտորնակի հետեւեցի քեզ,
 Ինչպէս վարուեցիր Իսրայէլի տան հետ մոլորագնաց.
 Չխայտառակեցիր հարսնարանիդ մէջ ինձ` պարերգութեանդ անարժանիս,
 Ոչ էլ զգեստն իմ գծուծ տեսնելով յանդիմանեցիր անօրէնիս,
 Կամ կապկապելով ձեռքերս ու ոտքերս` արտաքին խաւարը հալածեցիր:

Դ
 Բարիքներն այս բոլոր եւ ներողամիտ համբերութիւնդ
 Ընդունել եմ ես քեզանից, ո՜վ բարերար, օրհնեալ եւ միշտ երկայնամիտ,
 Եւ սակայն յանցապարտս ես փոխարինեցի նրանք
 Մարմնական եւ հոգեկան երկրաքարշ հուզումներով
 Եւ մտածումներով` ախտախորհուրդ ու բազմածուփ:
 Սրանք են ահա, Աստուած իմ եւ Տէր,
 Որ վճարեցի ես քո այնքա՜ն բարիքների փոխարէն.
 Ես ինքս հատուցեցի այս չարիքները քեզ,
 Ինչպէս Մովսէսն իր յանդիմանական առակովն է ասում,
 Իմաստութիւնը մոռացած` յիմարութիւն սիրողս,
 Բոլոր այդ բարիքներդ ու երախտիքներդ ես իմ ունայն վարքով չարաչար վատնեցի:
 Բարձրեալիդ խնամքով գումարուած լուսաւոր շնորհներն այս անճառ
 Ցնդեցրի ես խելագարութեան մրրկով:

Ե
 Եւ թէպէտ բազում անգամ հոգածու ձեռքերդ ինձ երկարելով
 Ուզեցիր դու ինձ քաշել դէպի քեզ, բայց ես չցանկացայ,
 Նմանուելով մարգարէից ամբաստանուած Իսրայէլին:
 Թէեւ խոստացայ քեզ հաճոյանալ, բայց ուխտն իմ չպահեցի,
 Այլ նոյն չարիքը նիւթեցի դարձեալ` նախկին կենցաղիս վերադառնալով:
 Սրտիս անդաստանը հերկեցի փշեր աճեցնելու համար,
 Որպէսզի որոմն արդիւնաւորուի:
 Ինձ են վերաբերում աստուածարեալ սուրբ մարգարէների առածները բոլոր.
 Զի դու ինձանից խաղող սպասեցիր, եւ ես փուշ ընձիւղեցի.
 Ես օտար այգիս` դառն ու անախորժ պտուղներ տուի.
 Փաթաթուեցի հողմին անհաստատ,
 Որով մշտածուփ տատանումներով` այս կողմ ու այն կողմ եմ տարուբերւում.
 Եւ ինչպէս որ երանելի Յոբն է ասում` գնացի ճամփով անդառնալի,
 Աւազի վրայ կառուցեցի ես շենք յիմարութեան`
 Լայն արահետով խաբուեցի հասնել անձկալի կեանքի,
 Ինքս փակեցի ելքն ուղեւորիս
 Եւ կորստեանս խորխորատը ես իմ կամքո՛վ բացի:
 Խցկեցի պատուհանն ականջներիս, որ չլսեմ խօսքդ կենդանի,
 Փակեցի նայուածքն հոգուս աչքերի, որ չտեսնեմ կեանքի սպեղանին:
 Չընդոստնեցի մտքիս լքումից ու թմրութիւնից`
 Ի լուր պատգամիդ ահաւոր փողին.
 Չզգաստացայ մեծ դատաստանի հրափորձ օրուայ գուժկան գոչիւնից.
 Չզարթնեցի նիրհից մահացու քնի, որ դէպի կորուստն է առաջնորդում:
 Հանգիստ չտուի երբէք քո հոգուն ես իմ մարմնեղէն տաղաւարի մէջ.
 Բանական շնչիս հետ չխառնեցի մասը պարգեւած քո շնորհների.
 Ես ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստն, ըստ առակողի,
 Մեռցնելու համար կենդանի հոգիս:

Զ
 Բայց ինձ ի՞նչ օգուտ` հիւսել այս խղճուկ խօսքերը մորմոք, չափաբերական
 Երբ որ անցել է չափն իմ մեղքերի, եւ անհնար է բուժումը նրանց:
 Լոկ դո՛ւ կարող ես կեանք ընձեռել ինձ` հոգով մեռածիս,
 Եւ անոխակալ` ձեռք կարկառել ինձ, օգնելու համար դատապարտուածիս,
 Ո՜վ կենդանի դու Աստծոյ Որդի, քեզ փա՜ռք յաւիտեան. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2010, 22:56

ԲԱՆ Զ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Բայց ի՞նչ բարիք ինձ եւ կամ ի՞նչ օգուտ,
 Եթէ շարելով տողերն այս ողբիս ես յուսալքուեմ
 Ու դուրս չթափեմ խօսքի խարանով
 Մահացու վէրքիս շարաւն ամբարուած,
 Եւ կամ սրտիս մէջ կուտակուած ցաւի,
 Հոգեկան խիթի ծանրութիւնն ամբողջ
 Զզուանք պատճառող մատնամխութեամբ ի դուրս չփսխեմ:

Բ
 Եւ քանզի արժանի չեղա պարծենալու փառքով սրբերի հետ,
 Որոնց բերանները լի են ծիծաղով, եւ շրթունքները` ցնծութեամբ,
 Ըստ առակողի եւ սաղմոսողի,-
 Ուստի եւ երկրորդ կարգին դիմեցի,
 Որպէսզի այստեղ յիշատակեմ ես իմ նմաններին,
 Թէեւ իմ բարքի թերութիւնների հետ համեմատած`
 Նոյնիսկ նրա՛նք էլ բարձր են ինձանից,
 Ինչպէս ապաշխարողը` չապաշխարողից:
 Այսպէս, տօնելի եղաւ Մանասեն,
 Պատիւ ստացաւ ե՛ւ փարիսեցին,
 Զի ես նրանից աւելի՛ դաժան ամբարիշտ եղա:
 Գովուեց անառակ որդին, քանի որ չեղաւ նա ինձ պէս անդարձ ուխտազանց:
 Յիշուեց կեղծաւոր որդին Ամասիայի,
 Որ չեղաւ ինձ չափ ապերախտ սաստիկ եւ շնորհուրաց:
 Օրհնութիւն առաւ աւազակն անգամ, որ դատախազն է անհաւատների.
 Պոռնիկ կինն անգամ պատիւ ստացաւ, իբրեւ նախամայր զղջացողների:

Գ
 Փարաւոնից ոչ պակաս կարծրացրի ես իմ սիրտը.
 Ծփացի մրրիկներից հուզուած ծովի նման.
 Չսարսեցի սաստիկ քո հրամանից ու չպատկառեցի այնքան,
 Որքան մեծածուփ ծովի ալիքներն իրենց ափերից:
 Իմ գործերի չափն ու քանակը որոշելու համար աւազակոյտը վերջացաւ,
 Պակասեցին նրանց անբաւ շեղջերը` չափելու կուտակումներն իմ անօրէն արարքների:

Դ
 Թէպէտեւ թուով շատ են ծովափին համահաւաքուած աւազները,
 Բայց չունեն նրանք ծնունդ եւ աճում,
 Իսկ իմ մեղքերը ու յանցանքները այնքան շատ են, որ յիշել չի լինի,-
 Մէկն իր ծնունդով եւ մէկ ուրիշն իր շառաւիղներով.
 Մէկն իր բծերով, միւսն` արկածներով
 Մէկն իր փշերով, միւսն` արմատներով.
 Մէկն իր կազմութեամբ, եւ մէկ ուրիշը իր պտուղներով.
 Մէկն իր մասերով, միւսը` ճիւղերով.
 Մէկն իր ոստերով, միւսն իր ցողունով.
 Մէկն իր ճանկերով, միւսը` մատներով.
 Մէկն իր խլրտմամբ, եւ միւսն իր ուժով.
 Մէկն իր ազդեցութեամբ, միւսն օրինակներով.
 Մէկն իր հետքերով, միւսը` մնացորդներով. էկն իր ստուերներով եւ մէկ ուրիշն իր մթութիւններով.
 Մէկն իր յարձակմամբ, միւսն` հնարքներով.
 Մէկն իր պատրութեամբ, միւսն իր դիտաւորութիւններով.
 Մէկն իր գրոհով, միւսը` չափերով.
 Մէկն իր խորութեամբ, միւսը` գարշանքներով.
 Մէկն իր կայծերով, միւսն իր կրքերով.
 Մէկն իր մթերմամբ, միւսն իր գանձերով.
 Մէկն իր ցնցուղով, միւսն` աղբիւրներով.
 Մէկն իր գետերով, միւսն իր շանթերով.
 Մէկն իր հրդեհներով, միւսն իր ամօթով.
 Մէկն իր վիհերով, միւսն` անդունդներով.
 Մէկն իր բորբոքումներով, միւսն` աղջամուղջներով.
 Մէկն իր ամպրոպներով, միւսն իր կայլակներով.
 Մէկն իր հորձանքով, միւսն` հեղեղներով ու սառոյցներով.
 Մէկն իր դռներով, միւսը` շաւիղներով.
 Հնոցն իր տապով, կրակն իր գոլորշիներով.
 Ճարպի հալոցն իր ճենճերումներով.
 Օշինդրը իր դառնութիւններով.
 Կործանարարն իր հպատակներով.
 Բռնաւորն իր հելուզակներով.
 Գոռոզն իր սպառազէններով.
 Աւազակապետն իր գումարտակներով.
 Գազանն իր կորիւններով.
 Խածանողն իր ծակոտուածքներով,
 Եւ ապականութիւն գործողն իր նմաններով:

Ե
 Սրանք են ահա հոգիներն համայն մեր ապականող
 Գլխաւոր մեղքերն իրենց ենթակայ եւ ստորադաս բոլոր մասերով,
 Որոնցից իւրաքանչիւրը բաղկացած է բիւր-հազարներից:
 Իսկ ամբողջական թիւը իմանալ կարող է լոկ նա՛,
 Որը մեր կողմից չեղեալ համարուածները
 Տեսնում է, որպէս արդէն գոյութիւն ունեցող գործեր:
 Արդ, եթէ մէկը չխաբի իրեն կամ չձեւանայ
 Ու չանհաւատի կեղծաւորաբար, եւ պարզ ու հասարակ վարուի,
 Ճանաչի իրեն որպէս մարդ մահկանացու,
 Համարի երկրածին իրեն եւ իր չափի ու սահմանի մէջ մնայ,-
 Այդպիսին պէտք է հասկանայ, որ ես զուր չգրեցի
 Մեղքերի բոլոր դէպքերը այստեղ,
 Որոնց գլխաւոր մասերը մէկ-մէկ թուեցի վերեւ,
 Կամ ամբողջութեամբ չսահմանեցի իսկութիւնը ես
 Այն տեսակ-տեսակ սխալանքների,
 Որոնք պտտւում, գալար են գալիս մեր բնութեան մէջ:
 Այլ բիւրաւոր չար արգասիքներից միայն մի փոքրիկ չափով ցոյց տուի,
 Մնացածները թողնելով, որ դուք սրանց միջոցով ուսումնասիրէք,
 Թէեւ ո՛չ լրիւ եւ ամբողջապէս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2010, 22:59

ԲԱՆ Է ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Սակայն, որպէսզի փրկութեան յոյսն իմ իսպառ չկտրեմ
 Եւ, մնալով անզէն, չմատնուեմ ձեռքն այն աներեւոյթ հակառակորդների,
Որոնց մասին ես յիշատակեցի վերեւ ահաւոր պատկերների տակ,
 Եւ որոնք ոչ այլ ինչ են, եթէ ոչ ինքնածին բուսած ընտանի թշնամիներ,
 Ապա, ես այստեղ այդ բազմամբոխ ու հզօր մարտիկների դէմ ցոյց պիտի տամ նաեւ
 Աստուածային ամենայաղթ եւ անպարտելի ախոյաններ,
 Չնայած որ դա կսկծալի ցաւ է,
 Անհասանելի ծառերի դժվարակութ պտուղ,
 Եւ անկոխ ճամփաների տառապալից տաժանք:
 Բայց աչքերից կաթած կաթիլ մի արցունք
 Կարող է բանսարկուի չարագունդ զօրքերը բոլոր ցամաքեցնել,
 Ինչպէս տկար խլրտումով գետնաքարշ սողացող
 Բազմոտանի զեռունների ու որդերի վրայ
 Ընկած ձէթի կաթիլ եւ կամ դոյզն¬ինչ թոյն սատակչական:
 Հեծեծող սրտի հոգուց դուրս ելած հառաչանքները
 Բարկ արեւի հետ խառն տոթաշունչ խորշակի պէս
 Հալեցնում են մեղքերի սառոյցները սաստիկ,
 Քանզի որդերի պէս որքան հեշտածին են մեղքերը,
 Նոյնքան էլ դիւրամեռ են նրանք այս դիմադրական միջոցներով:

Բ
 Բայց ես չպիտի դադարեմ դարձեալ դատելուց ինքս ինձ` դատապարտեալիս
 Եւ քարկոծելու անձս յանցապարտ դառն խօսքերով,
 Իբրեւ չարագործ անհամոզելի, փրկութիւնից զուրկ:
 Քանզի եթէ ինձ նեղողներից ոմանց սատակեցնում եմ,
 Սակայն ոմանց էլ ուժ եմ տալիս ես, որ կենդանանան,
 Անդարձ կորստեան մատնելով հոգիս:
 Ես տունկս դառնութեան, որ անառակ վարքի գարշութիւնը ծաղկեցրի.
 Բարունակս ապականաբեր եւ մահողկուզեան, որ կորստեան գինին երկնեցի:
 Քանանի զաւակս եւ ո՜չ Հուդայի` մեծ Դանիելի խօսքի համաձայն.
 Որդիս գեհենի եւ ո՛չ արքայութեան.
 Ժառանգս դժոխքի եւ ոչ թէ փառաց փափագելի.
 Նիւթս տանջանքի եւ ո՛չ հանգստեան.
 Ապերախտս երախտաւորիդ եւ ապաշնորհս բազմապարգեւիդ հանդէպ.
 Մշտապէս մեղաւորս երկայնամտիդ հանդէպ.
 Բարերարիդ քաղցրութիւնը դառնացնողս.
 Ծառաս չար եւ վատ, ըստ տէրունական յանդիմանութեան.
 Իմաստունս չարագործութեան մէջ, ըստ նախագուշակութեան Եսայու.
 Ժիրս` զազրելի ժանտագործութեան մէջ.
 Փութաջանս` տիրոջը բարկացնելու մէջ.
 Մշտաշարժս` սատանայական գիւտերի մէջ.
 Ես վիշտ հանապազօրեայ` արարչին.
 Թոյլս` բարի թռիչքների մէջ.
 Ծոյլս` երանական վիճակ ընտրելու գործում.
 Դանդաղս խոստացուածներին ուշք դնելու մէջ.
 Անարիս` պիտանի եւ օգտակար ձեռնարկութիւններում.
 Պաշտօնեաս տիրադրուժ եւ երախտամոռ:

Գ
 Վա՜յ մեղաւոր հոգուս, որ բարկացրի իմ արարչին.
 Վա՜յ կորստեան որդուս, որ կենդանութեան պարգեւը մոռացա.
 Վա՜յ պարտապանիս բիւր ու անհամար այնքանքարներին,
 Որոնք անկարող եմ հատուցանել.
 Վա՜յ ծանր ու դժվար մեղքերի բեռնակրիս,
 Որ չեմ կարող հանգստարան վերադառնալ.
 Վա՜յ տէրունական մեղքեր գործող յանցաւորիս,
 Քանի որ չկայ հնար` հզօրին ներկայանալու.
 Վա՜յ եղեգընեայ դիւրավառ նիւթիս,
 Որ տոչորուելու եմ գեհենի մէջ.
 Վա՜յ ինձ, որ յիշում եմ, թէ`
 Աստծոյ բարկութեան նետերն հրեղէն են.
 Վա՜յ ինձ յիմարիս, որ չըմբռնեցի,
 Թէ ծածուկ գործերն հրապարակուելու են անպայման.
 Վա՜յ ամբարիշտիս, որ միշտ անդադրում չարութիւնների ոստայն հիւսեցի.
 Վա՜յ ինձ, որ պարարեցի մարմինս իբրեւ կեր անմեռ որդերի,
 Ես ինչպէ՞ս պիտի տոկամ թունաւոր այդ կտտողներին.
 Վա՜յ ինձ, երբ ըմպեմ բաժակը մահուան,
 Եւ ինչպէ՞ս պիտի կրեմ ես տուգանքն յաւիտենական.
 Վա՜յ ինձ, երբ ելնի եղկելի մարմնիցս անարժան հոգիս,
 Ինչպէ՞ս պիտի ներկայանամ ճշմարիտ դատաւորին.
 Վա՜յ ինձ, երբ լապտերիս իւղն սպառուի,
 Զի եթէ մարի, էլ չի վառուի նա,
 Վա՜յ ինձ պակուցման համար այն ահեղ ու տագնապալից,
 Երբ առագաստի մուտքը փակուի.
 Վա՜յ ինձ, երբ լսեմ երկնաւոր թագաւորի վճռով կնքուած
 Սիրտս դող հանող եւ սարսափելի այս խօսքն ահաւոր,-
 "Քեզ չեմ ճանաչում":
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2010, 23:01

ԲԱՆ Ը ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Արդ, ի՞նչ պիտի անես, ա՛նձն իմ կորուսեալ,
 Ուր պիտի թաքնուես, ի՜նչպէս ազատուես,
 Կամ ի՜նչպէս ելնես մեղքերի բանտից,
 Քանզի բազում են պարտքերդ եւ վճարելիքներդ անթուելի.
 Կշտամբանքը սաստիկ է, եւ նախատինքն` անվախճան.
 Հրեշտակներն անողորմ են, եւ դատաւորն` անկաշառ.
 Ատեանն հզօր է, եւ բեմն` անաչառ.
 Քստմնելի են կշտամբանքներն ու հատուցումներն անողոք.
 Հրամանն ահարկու է, եւ յանդիմանութիւնները` մերկապարանոց.
 Հրեղէն են գետերը, եւ վտակներն` անանցանելի.
 Խաւարն է թանձրամած, եւ մառախուղն` անթափանցելի.
 Անճողոպրելի է գուբը, եւ տագնապը` մշտնջենաւոր,
 Տարտարոսն ամենակուլ է, եւ սառնամանիքն` անզերծանելի:-
 Եւ այս դառնութիւնները բոլոր քեզ համար են արդարեւ,
 Իբրեւ տաժանելի եւ դժնդակ օթեւաններ` անտանելի պատուհասների,
 Ո՜վ դու անարժան ա՛նձն իմ մեղաւոր, չարագործ, պոռնիկ,  Բազմաբիծ եւ ամբողջապէս անմաքրութեան անդաստան:
 Քո իսկ գործերի արդիւնքն ես, ահա, ժառանգելու դու,
 Վրիպեա՛լդ ուղղութիւնից եւ խոտորեա՛լդ մաքրութիւնից,
 Հեռացել ես արդարութիւնից եւ պարկեշտութեան կարգուկանոնից.
 Ունա՛յնդ դու` հոգեպարգեւ հարստութիւնների լիութիւնից,
 Նախանձարկո՛ւդ ամենակալ եւ բարերար թագաւորի:

Բ
 Եւ այսպէս ահա կառուցեցիր դու քեզ համար
 Արգելարան անել եւ որոգայթ անփախչելի,
 Ինքդ իսկ խոստովանելով, թէ անբժշկելի են վէրքերդ
 Եւ կրած հարուածներդ` անօրինակ,
 Հաստատելով, թէ մահապարտ անձիդ բեկութիւնն է անբուժելի,
 Ո՜վ դու չարդ բարիների մէջ,
 Ո՜վ դու դառնութիւնդ քաղցրութեանց մէջ,
 Ո՜վ խաւարդ լուսազարմերի մէջ,
 Ո՜վ կողոպտուածդ պճնուածների մէջ,
 Ո՜վ պախարակուածդ գովուածների մէջ,
 Ո՜վ ամբարիշտդ բարեպաշտների մէջ,
 Ո՜վ շնչաւորդ բանականների մէջ,
 Ո՜վ անմիտդ մտացիների մէջ,
 Ո՜վ անհանճարդ իմաստունների մէջ,
 Ո՜վ անմաքուրդ ընտրեալների մէջ,
 Ո՜վ մեռածդ ողջերի մէջ,
 Ո՜վ զազիրդ սրբերի մէջ,
 Ո՜վ արբշիռդ պարկեշտների մէջ,
 Ո՜վ կեղծաւորդ արդարների մէջ,
 Ո՜վ անպիտանդ պիտանիների մէջ,
 Ո՜վ անարգդ փառաւորների մէջ,
 Ո՜վ նուազդ առաւելութիւնների մէջ,
 Ո՜վ գերիդ գերագոյնների մէջ,
 Ո՜վ նուաստագոյնդ վեհերի մէջ,
 Ո՜վ աղքատդ ունեւորների մէջ,
 Ո՜վ անարժանդ փրկուածների մէջ,
 Ո՜վ տնանկդ բարձրերի եւ հոգեպէս հարուստների մէջ,
 Եւ բաժանուածդ դու օրհնուածներից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2010, 23:03

ԲԱՆ Թ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ արդ, ողբագին աղաչանքների այս կտակարան իմ մատեանի մէջ
 Ի՞նչ բամբասանքներ շարադրեմ արդեօք ես քեզ արժանի, ո՜վ անձն իմ թշուառ,
 Սեւերեսըդ դու եւ պատասխանի համար անբարբառ,
 Անպիտանըդ Աստծոյ եւ սրբերի հաղորդակցութեան:
 Քանզի եթէ ես ծովի ջրերը մելանի փոխեմ
 Եւ բազմասպարեզ ընդարձակութեամբ դաշտերը թղթի նման տարածեմ,
 Կտրեմ եղեգնի անտառները եւ գրիչներ շինեմ`
 Մի մասն իսկ բազում անօրինական իմ արարքների
Դարձեա՛լ չեմ կարող ես գրի առնել:  Եւ Լիբանանի մայրիներն եթէ իրար զոդելով շինելու լինեմ կշեռքի լծակ, ի հետ:
Բ
 Ես ծառ բարձրուղեշ` ստուար ոստերով, սաղարթախիտ, բայց անպտուղ
 Ճիշտ ու ճիշտ նման այն թզենուն, որ Տէրը չորացրեց:
 Թէեւ իսկապէս վարսագեղ, սաղարթազարդ,
 Արտաքին տեսքով բարեշուք ես դու,
 Պաճուճուած, ինչպէս պսակով մի պերճ,-
 Եւ հեռուից նայողներին երեւում ես բաղձալի,
 Բայց երբ մօտենայ Տնկողն իր ուզածը փնտրելու,
 Ամէն բարիքից դատարկ եւ ունայն պիտի գտնի քեզ,
 Եւ գարշելի` գեղեցկութեանդ մէջ`
 Տեսնողներին ի ծաղր եւ նախատողաց` նշաւակութիւն:
 Քանզի եթէ անժամանակ, չսպասուած ժամին`
 Տունկը հերապանծ, անպտուղ եւ անկենդան,-
 Որ մի պատկերն է անպատրաստ մեղաւորների,-
 Ենթարկուեց անէծքի,
 Եւ կամ թէ հողն այն, ոռոգուած ցողով,
 Որ երկրագործի թափած աշխատանքների դիմաց
 Բազմապատիկ արդիւնք չտալու պատճառով լքւում է եւ մոռացւում,-
 Յապա ուրեմն դու, ո՜վ անձն իմ եղկելի,
 Դու հո՛ղ բանաւոր ու տունկ կենդանի,
 Որ չես տալիս պտուղ իր ժամանակին,
 Ի՞նչպէս կարող ես վերի առակում յիշուած պատիժը չկրել, ի՞նչպէս:
 Քանզի դու բոլոր արդիւնքն ու բերքը նանիր գործերի,
 Առաջին մարդուց սկսած մինչեւ սերունդը վերջին,
 Եւ գիւտերը նոր, որոնք քեզ ստեղծող
 Աստծոյ համար
 Ատելի են խիստ, անախորժելի`
 Անպակաս չափով, առաւելապէս մէջդ ընդունեցիր:

Գ
 Եւ քանզի ես քեզ արի նշաւակ - նպատակակետ իմ մտադրութեանց, ա՛նձն իմ անպիտան,
 Բանաստեղծական խօսքերովս, ինչպէս պարսաքարերով,
 Քեզ, իբրեւ վայրի անընտել գազան` պիտի քարկոծեմ անողորմաբար:
 Եթէ մինչեւ իսկ չկարողանամ արդար անուանուել,
 Սակայն առաջին պատասխանիս մէջ, ինչպէս մի ոսոխի հետ,
 Ոգորեմ պիտի ես յօժարակամ, ինչպէս իմաստունն է բարբառել մեծ:
 Եւ իմ մտքերի, մտածումների յոյզերը թաքուն
 Իբրեւ չար գործեր` կատարուած արդէն, խոստովանելով,
 Քո առջեւ պիտի տարածեմ բոլոր,
 Աստուած իմ եւ Տէր,
 Քանզի ի՛նչ չափով որ պիտի չափեմ մեղադրանքն անձիս,
 Միեւնոյն չափով պիտի աննուազ քո գթութեա՜նը ես արժանանամ,
 Ընդունելով քո շնորհներն առատ իմ ամենամեծ պարտքերի տեղակ:
 Որքան ճարակեն վէրքերն անհնար եւ անբուժելի,
 Այնքան աւելի եւ կրկնապատիկ բարձրեալ բժշկիդ
 Հրաշագործութեան իմաստութիւնը բարեմասնօրէն պիտի հռչակուի:
 Յանցանքներն որքան որ աւելանան,
 Նո՛յնքան փոխատուիդ առատութիւնն բարեբանելով`
 Պիտի պսակուի, ըստ քո խնկելի առակի, ընդմիշտ:

Դ
 Քանզի փրկում ես դո՛ւ եւ դո՛ւ քաւում,
 Նորոգում ես աջով քո եւ չորացնում մատով.
 Արդարացնում ես հրամանովդ եւ ողորմութեամբդ ազատում.
 Երեսովդ լուսաւորում ես եւ քո դէմքով զվարճացնում.
 Բարերարում ես հոգով քո եւ իւղիդ օծումով սփոփում
 Ու շնորհիդ ցողով զուարթացնում ես դու:
 Դո՛ւ ես տալիս մխիթարութիւն եւ վհատութեան մոռացում.
 Վերացնում խաւարը վշտերի եւ հեծութեան ողբերը` ծիծաղի փոխում:
 Եւ քեզ է վայելում օրհնութիւն գովութեամբ հանդերձ, երկնքում,
 Նախահայրերից բոլոր եւ նրանց սերունդներից,
 Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 08 апр 2010, 23:05

ԲԱՆ Ժ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Թե՛ զղջումն ուժգին եւ թէ՛ մոլեգին մեղանչումը մեզ
 Կորստեան են մատնում հաւասարապէս:
 Թէպէտեւ նրանք օտար են միմեանց եւ նմանութեամբ իրարից տարբեր,
 Բայց եթէ քննենք իւրաքանչիւրի էութիւնը մենք,
 Պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ մղում են մարդուն յուսահատութեան:
 Զի կասկածում է մէկը
 Հզօրի ձեռքի զօրութեանն,
 Իսկ միւսը չորքոտանի անասնի նման, անզգայաբար
 Խզում է յոյսի առասանն իսպառ:
 Ուստի առաջնին միշտ փաղաքշելով` խնդում է սատանան,
 Իսկ երկրորդով լիզելով արիւնն, իբրեւ կերակուր`
 Պարարւում է նա դժոխորովայն գազանի նման:

Բ
 Արդ, բազմահարուած բրով ծեծուածի եւ մահուան ափը հասածի նման
 Դոյզն¬ինչ շունչ դարձեալ եւ կենդանութեան ոգի առնելով`
 Պէտք է զօրանալ, կազդուրուել ու կանգնել,
 Յառնել կորստից անկենդանական,
 Օգնութիւն առած Քրիստոսի ձեռքով, որ գո՜ւթ է տածում բոլորի հանդէպ.
 Նաեւ երկնաւոր բարերար Հօրից ձեռք բերեմ պտուղ փրկութեան եւ բժշկութիւն
 Ինձ` մեղաւորիս եւ ախտաւորիս.
 Եւ սկսելով ողբերգութիւնն այս աղերսանքների,
 Ես հաւատքի շենքը պիտի կառուցեմ:
 Զի ոմն նախնիներից հաւատքով զինուած`
 Փոխադրուեց իսկոյն երկնային կեանքն անմահական.
 Ապաշխարութեան դեղն ընդունելով, զղջման միջոցով`
 Նա անկեղծութեան գրաւականը ժառանգեց այստեղ,
 Առաւել քան նրանք, որոնց նրա հետ առաքեալն է յիշատակում.
 Որոնք երկրի վրայ մրցման հանդէսներ կատարելով,
 Ապագայ երկնաւոր պարգեւների յոյսով` հաւատացին
 Ու փարթամացան անտեսանելի ճոխութիւններով:

Գ
 Արդ, յիշենք այստեղ Տիրոջ պաշտելի խօսքը խրախուսիչ,
 Թէ` "Ամենայն ինչ հնարաւոր է նրան, ով հաւատում է":
 Եթէ ընտրեալների աստուածահաճոյ բարեմասնութեանց չափն այստեղ քննենք.
 Հաւատքը պիտի գտնենք գերազանց, ամէն ինչից վեր,
 Քանզի նրանով կարող են մտնել սուրբ խորանից ներս:
 Առանց հաւատքի փառաց տէրն անգամ
 Չհաճեց ցոյց տալ իր հրաշագործ զօրութիւնը մեզ,
 Այլ նախ եւ առաջ իբրեւ լծակից իր բարերարութեանը,
 Մեր հաւատքը նա պահանջեց մեզնից:
 Նա՛ է մօտեցնում մարդուն Աստծոյ,
 Կեանք ընձեռելով մեզ իր ինքնիշխան ընդունակութեամբ,
 Զի օրհնաբանուած Աստծոյ բերանն էր, որ վկայեց,
 Թէ` "Հաւատքը քո փրկեց քեզ":

Դ
 Քանզի արդարեւ յստակ տեսողութիւնը, կատարեալ իմաստութիւնը,
 Մտերմութիւնն Աստծոյ հետ եւ բարձրեալին ծանօթ լինելը
 Հաւատքի մասն են - մի երջանիկ եւ ընտրեա՜լ բառ,
 Որ յարատեւելով մնում է անվթար եւ անպարփակ,
 Պատուակից լինելով սիրոյ եւ յոյսի:
 Զի մանանեխի ամենափոքրիկ հատիկի չափով հաւատքը եթե
 Կարող է ծովի խորքը փոխադրել մեծամեծ լեռներ,
 Ապա ճիշտ է, որ կեանքի առաջնորդն այս նախաշաւիղ`
 Հաւատն ընդունեցինք որպէս աներկմիտ աստուածապաշտութիւն:
 Սիրոյ եւ յոյսի դասակից եւ երրորդութեան փառատրելի անուամբ պատւուած
 Այդ հաւատքն է, որ հոգու աչքերով աներկբայօրէն
 Տեսնում է ծածուկները բոլոր եւ ապագան:
 Քանզի այս երեք առանձին մասերն եթէ միասին եւ նոյն խորհուրդով դիտես,
 Նրանց շնորհիւ, Աստծոյվ պիտի յաւէտ ճոխանաս:
 Քանզի եթէ հաւատաս նրան, կսիրես նաեւ,
 Որով եւ կյուսաս նրա աներեւոյթ պարգեւներին:
 Նրան փա՜ռք յաւիտեանս. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 3

⇑ Наверх
⇓ Вниз