СТАНЬ VIP

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2010, 09:14

ԲԱՆ ՁԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Աստուածածնի մաղթանքների հետ ընդունիր, ո՜վ բարեգութ,
 Ե՛ւ աղերսագին խնդրանքներն, ահա, անմահ, լուսակերպ հրեշտակների,
 Որոնք ինձ համար մաքուր բերանով գոչում են անլուռ
 Հանապազօրեայ բարեխօսութեամբ:
 Բարի են նրանք բարերարիցդ միշտ բարեգործուած,
 Եւ ամէնիշխան Էիդ հրամանով ստեղծուած` յաւէտ անընդել չարին:
 Նրանք բարձրեալիդ զօրքերն են հզօր խօսքիդ միշտ պատրաստ.
 Սուրբ են ու մաքուր, անարատ, օրհնեալ,
 Վայելուչ, յաղթող եւ անպարտելի,
 Եւ արագաշարժ` մտքի տեսութեան ընթացքի նման:
 Բարեխօսներ են նրանք, մատակարար եւ խնամակալ,-
 Աշխարհիս այգում արմատաւորուած
 Եւ երեք երկար ու ձիգ տարիներ դատարկ մնացած,
 (Որ յաւերժական ժամանակն է պարունակում իր մէջ`
 Անցեալը, ներկան ու ապառնին),
 Այն թզենու, որ պտղազուրկ էր, պաճուճուած միայն սին սաղարթներով,
 Որ ճիշտ պատկերն է թշուառ մարդկութեան:
 Նրանք մեր շուրջը դեգերում են միշտ, կարեկցելով մեզ
 Եւ ուզում են, որ լինենք բախտաւոր.
 Եւ կենդանութեամբ յաւիտենական` աղօթում են մեր փրկութեան համար,
 Այս խօսքն ասելով` "Քո ձեռքի գործը մի՛ անտեսիր դու":
 Արդարեւ մերն է այս աղաչանքը,
 Բարերար Աստծուդ կողմից մեզ համար` նրանց սահմանուած.
 Զի նրանք ստեղծուած են խօսքով,
 Իսկ մենք ձեռքով ենք ստեղծագործուած:
 Նրանք հատուցման ահաւոր դատաստանին գալու են որպէս վկաներ`
 Միածնիդ հետ` ճշմարտաբան դատախազներ լինելու երկրայիններիս յանցանքներին,
 Եւ ահաւորի ատեանի առաջ` իրաւախնդիր`
 Հաշուետու պիտի լինեն մեզ համար.
 Թէեւ այնտեղ էլ մեզ կարեկցելով`
 Հնչեցնեն պիտի իրենց մշտանուէր երգն հառաչաձայն.-
 "Ողորմիր, ո՜վ Տէր, դո՛ւ ստեղծեցիր, դու մի՛ կորցնի":

Բ
 Արդ, անմահների գոհաբանութեան խնդրանքների հետ
 Մեր հեծութիւններն էլ հոտոտիր, արարի՛չ ամենայնի,
 Որ քո գթութեամբ գերազանցում ես երկնայիններին եւ երկրայիններիս,
 Զի դու ես բարերարում թէ՛ մեզ եւ թէ՛ նրանց:
 Եւ արդ, անախտներն այդ ահա,
 Հրակերպներն հրաշատեսիլ, մաքուրներն անխառն,
 Անմեղներն ու բոցեղէնները, հոգեղէններն ու անյաղթները,
 Շնորհիւ իրենց անարատ բարեզարդութեան,
 Բարձր ազնւութեան ամենազարգացած առաւելութեամբ
 Եւ գերափայլ ու ճոխ գիտութեամբ,
 Որպէս ջերմեռանդ աստուածասիրութեան ինքնաբուն տապի
 Անցուրտ ջերմութեամբ ջեռուցանողներ,
 Իրենց պէս եւ մեր սառը սրտերի անբորբոք շիջումն են հրահրում յար,
 Որպէսզի նրանք այրուեն անաղօտ`
 Մեծախորհուրդ սուրբ սեղանի վրայ` այս խորանի մէջ,
 Առանց նիրհելու եւ դանդաղելու, սպասելով միշտ
 Ամենաստեղծիդ կեցուցիչ կամքի երանելի հրամաններին,
 Աստծուն միացած անբաժանելի` քերովբէական առաքինութեամբ:
 Պետութիւններ են նրանք երկնաւոր,
 Եւ զինուորներ են ահաւոր, անբիծ,
 Երկնաւոր Աստծուդ պաշտօնեաներն են ազատազնեայ,
 Լուսեղէն ամպիցդ շողերի ցոլքեր:

Գ
 Ուստի հողեղէն մեղաւորիս էլ մարդասիրաբար ողորմիր, Յիսո՛ւս,
 Աղաչանքներովն իմ հրեշտակի, դարձնելով ինձ, Տէ՛ր,
 Դէպի քո բարի, լուսաւոր ճամփան,
 Որպէսզի հոգուս աւանդը, որի պաշտպանութիւնը նրա տեսչութեանը վստահացար,
 Որը նա քեզնից ընդունեց այստեղ, այս աշխարհում դեռ,
 Ինձնով բերկրալից եւ ուրախ սրտով, քեզնից օրհնուած,
 Անմեղադրելի, խնդալից դէմքով ու կենսազուարթ`
 Քեզ` անհաս փառքով բարձր արքայիդ,
 Հաւերժ կենդանի հրեշտակներիդ ամենաուրախ խրախճանքներում
 Ընծայաբերի, գովեա՜լ ողորմած:
 Քեզ` անքննելուդ, Հօր եւ Հոգու հետ անհաս եւ անճառ
 Վայելում են փառք, պատիւ, երկրպագութիւն յաւիտեանս. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2010, 09:27

ԲԱՆ ՁԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Տէ՜ր Աստուած բարերար, բազմապարգեւ թագաւոր,
 Կենաց պատսպարան, լուսոյ կերպարան, լայն հանգստարան.
 Որ մեղաւորիս համար մարմնացար,
 Անպատում գործեր կատարեցիր դու ու շատ հրաշքներ,
 Մինչեւ հասցրիր կատարելութեան` մարդեղութիւնդ
 Քո ամենալիր աստուածութեան հետ:
 Արդ, յանուն երկնաստեղծ ձեռքովդ ձեռնադրուած
 Եւ քո սուրբ հոգով օծուած սրբազան առաքեալների,-
 Որոնց արժանի գովեստն ես արի մի այլ գրուածքում, ըստ կարողութեանս,
 Քո փառքի համար, Տէ՜ր ամենայնի,-
 Ի՛նձ էլ ողորմես, յիշելով սէրըդ, որին դու նրանց արժանացրիր:
 Նրանցով ելքի շաւիղ ցոյց տուր ինձ դէպի երանութիւնը փափագելի:
 Նրանց հովվութեան բարի ձայնը թող քաղցր հնչի ինձ, զերթ կենաց ողջոյն:
 Անեղծ փրկութեան յոյսի մէջ ե՛ս էլ բաժին ունենամ`
 Կեանքի առաջնորդների հետ,
 Պատուի այդ շնորհն առաջին անգամ ստացողների,
 Փառաւորեալ խմբերի,
 Բանական գետերի,
 Բարձրաձայն աւետողների,
 Պանծալի իշխանների,
 Լուսապայծառ թագով պճնուածների,
 Զօրաւոր շնորհի անկապուտ զարդով պայծառացածների,
 Տիրական լոյսի զուարթարար իւղով կատարեալների հետ:

Բ
 Եւ արդ, ո՜վ բարձրեալ Քրիստոս Աստուած,
 Մեծ պատուիրանիդ աշակերտների հետ,
 Յարգելով նրանց աղօթքներն հաճոյ եւ ընդունելի,
 Եւ արիւնընծայ, վաստականուէր ու քրտնակնդրուկ
 Աղերսանքները նահատակութեամբ ընտիր ճանաչուած մարտիրոսների,
 Որոնք մահացու եւ մշտաչարչար մարմնով իրենց,
 Վտանգաւոր եւ ամենակիր անդամներով,
 Երկրաւոր եւ հողազանգուած բնութեամբ
 Բոլոր նիւթեղէն գոյութիւնների ու տարրերի հետ կռիւ մղելով`
 Պսակուեցին, բարձրացան եւ կենդանացան հոգեպէս,
 Եւ արիաբար ելնելով երկրից, ըստ մարգարէի,
 Դարձան ճշմարիտ վկաներ ամենափորձ մահուան,
 Եւ աշխարհում իսկ նրանք նկատել կարողացան պարզ`
 Իմանալի, անտեսանելի ու ծածուկ,
 Բայց եւ աներկբա յոյսով տեսնուող բարիքներն ամէն.
 Նրանք` աշակերտ եւ չարչարակից առաքեալներին,
 Իրենց գործերով, կատարեալ լրմամբ նրանց հաւասար`
 Պարում են հիմա խրախճանքներում, անսահմանափակ երանութեան մէջ,-
 Ընդունիր եւ ի՛նձ, որպէսզի ես էլ նրանց պէս ընդմիշտ
 Հաստատուեմ քո մէջ անեղծ փրկութեամբ:

Գ
 Նրանց հետ, որոնք արիւնով ներկուած` անցան կրակի ու սրի միջով`
 Կան քեզ հետեւող, Որդի՛դ Աստծոյ, ե՛ւ սրբակենցաղ հայրեր մենակեաց,
 Որոնք անպարտելի քաջութեամբ եւ անպատիր զգաստութեամբ
 Արիաբար մարտնչելով դժնյա եւ գոռոզ մարմնի բռնութեան դէմ,
 Անմարմին Բելիարին հալածեցին.
 Եւ աշխարհային կեանքի ասպարիզում, մշտամարտ մրցութեամբ,
 Առանց ծանրաբեռնուածութեան տաղտկութեան,
 Լայնածաւալ աշխարհի ալեծուփ ծովից
 Թռցնելով թեթեւ հոգիներն իրենց մարմնի ծանր տապանակով`
 Նաւահանգի՜ստն հասան կեանքի.
 Եւ, որպէս վերին վիճակի սիրահարներ, առանց հետինների վրայ մտածելու,
 Յաղթանակի թագն իրենց գլուխը դրին համարձակօրէն,
 Պճնուած իսկապէս պայծառ ճոխութեամբ:
 Այդ սուրբ հայրերի աղօթքներով արժանաւոր եւ խնդրանքներով նուիրական,
 Նրանց հետ` քեզ մօտ ընդունիր նաեւ ինձ` մեղաւորիս:

Դ
 Արդ, վերոյիշեալ երջանիկների փառաբանական աղերսների հետ,
 Որոնք ինձ համար են գոչում, բարձրեա՜լ, քեզ ի հաճութիւն,
 Ահա ես էլ իմ անմաքուր խօսքերն եմ խառնում` այնպէս,
 Ինչպէս քաղցրութեան հետ տրուած դառնութիւն,
 Կամ փուշ` փափկութեան հետ,
 Տգեղութիւն` վայելչութեան հետ,
 Տիղմ` գեղեցիկ մարգարտի հետ,
 Կամ հող` զուտ ոսկու հետ,
 Կամ անարժէք քարեր` պայծառ արծաթի հետ,
 Բացասութիւն ճշմարտութեան հետ,
 Կամ ատամնառու աւազ` հացի փափուկ զանգուածի հետ:
 Արդ, լսիր, հզօ՛ր, ձեռնհաս, գովեալ,
 Նրանցը ինձ համար, իմը նրանց,
 Նրանց ի գովեստ, ինձ ի փրկութիւն` քո փառքի համար,
 Ամենագութ, բարերար, օրհնեալ եւ երկայնամիտ,
 Կարող, անքնին, անեղծ, անստեղծ եւ անճառելի,
 Քոնն են պարգեւներն ու շնորհները,
 Դու ես սկիզբն ու պատճառը բոլոր բարութիւնների:

Ե
 Չե՛ս դատապարտիչ, այլ ազատարար.
 Չե՛ս դու կորուսիչ, այլ գտնող.
 Չե՛ս մահացուցիչ, այլ ապրեցնող.
 Չե՛ս տարագրիչ, այլ ժողովող.
 Չե՛ս մատնիչ, այլ փրկող.
 Չե՛ս ընկղմիչ, այլ վեր հանող.
 Չե՛ս գլորիչ, այլ կանգնեցնող.
 Չե՛ս անիծիչ, այլ օրհնող.
 Չե՛ս վրիժառու, այլ ներող.
 Չե՛ս թշուառացուցիչ, այլ մխիթարող.
 Չե՛ս ջնջում դու, այլ գրում ես.
 Չե՛ս սասանեցնում, այլ հաստատում.
 Չե՛ս ոտնահարում, այլ սփոփում.
 Չե՛ս յօրինում դու պատճառներ մահուան, այլ հնարներ ես փնտրում կենաց.
 Չե՛ս ձգտում սատակեցնելու, այլ փրկելու ողորմածաբար:
 Չե՛ս մոռանում այցելութիւնդ,
 Չե՛ս լքում բարին.
 Չե՛ս արգելում գթութիւնդ.
 Չե՛ս տալիս վճիռ կորստեան, այլ ազատութեան կտակ:
 Չե՛ս թշնամանւում առատաձեռնութեանդ համար,
 Եւ շնորհներիդ համար չես բամբասւում.
 Չե՛ս հայհոյւում պարգեւներիդ համար,
 Եւ ձրի ընծաներիդ համար չես նախատւում.
 Չես անգոսնւում երկայնամտութեանդ համար,
 Եւ ներելուդ համար չես պարսաււում.
 Չես բանսարկւում բարութեանդ համար,
 Եւ քաղցրութեանդ համար չես անպատււում.
 Չես արհամարհւում հեզութեանդ համար:
 Եւ սրանց համար ոչ թէ տրտունջներ,
 Այլ անլռելի գոհաբանութիւններ են առաքւում քեզ:
 Վերցրու մեղքերս, հզօ՛ր.
 Լուծիր անէծքներս, օրհնեա՜լ.
 Քաւիր պարտքերս, ողորմա՛ծ.
 Ջնջիր յանցանքներս, գթա՛ծ.
 Օգնիր ինձ մատովդ, եւ իսկոյն պիտի լինեմ կատարեալ.
 Ի՞նչ կայ քեզ համար, Տէ՛ր իմ, սրանցից աւելի դիւրին,
 Եւ մեղապարտիս համար աւելի կարեւորագոյն:
 Ուստի քո ստեղծած պատկերիս վրայ, ո՜վ բարեխնամ,
 Կենդանագրի՛ր դու նորոգող դարձեալ եւ լուսաւորող
 Մաքրագործ շնորհիդ փչումն շնչի,
 Բազմամեղ հոգին իմ պաշտպանելով:

Զ
 Մի՛ արագացնի, ողորմա՜ծ, կարճ ժամանակում, օրս տարաժամ,
 Որ չլինի թէ անպաշար ու ձեռնունայն ընկնեմ ես երկար ու անվերջ ճամփայ.
 Մի՛ տար ինձ բաժակ դառնութեամբ լեցուն` ծարաւած ժամին.
 Մի՛ փակիր իմ դէմ յաջողութիւնը հոգեւոր օգտիս,
 Եւ հանկարծադէպ ասպատակների նման ահաւոր`
 Թող չպատահի մահուան գիշերն ինձ.
 Տապը տոթակեզ, անպատրաստ պահին, թող չկտրատի արմատներս ու չչորացնի,
 Ոչ էլ լուսնական դիպուածները թող վրաս հասնելով` գաղտնի վնասեն.
 Թող իմ մէջ մեղքի սառոյց չպահուի,
 Ոչ էլ աշխարհիկ կեանքի ուղխերի հոսանքները ինձ ողողեն, տանեն,
 Թող որ հանգիստն ինձ մահ չբերի,
 Եւ ոչ էլ նինջը սատակման առաջնորդի.
 Թող քունն ինձ կորստեան պատճառ չլինի,
 Եւ ոչ էլ նիրհը ապականութիւն առաջ բերի.
 Թող որ վախճանը անպատեհ ժամի չարշաւի վրաս,
 Եւ ոչ էլ շունչս վեր բարձրանալիս` ցած ընկնի ինչ-որ արգելքի առած:

Է
 Դո՛ւ ես Տէր, դո՛ւ գթած, դո՛ւ բարերար,
 Դո՛ւ երկայնամիտ, դո՛ւ ամենակարող,
 Դո՛ւ անճառօրէն զօրաւոր` ամէն անյուսութեան,
 Քաւելու, փրկելու, կենագործելու,
 Լուսաւորելու եւ վերստին ամրացնելու,
 Գազանների գիշատիչ ժանիքներից կամ վիշապների ատամներից ի կեանս կորզելու,
 Խոր անդունդներից բերկրալից լոյսին բերելու,
 Եւ մեղքի հորձանքներում խեղդուելուց ազատելով`
 Երջանիկ արդարների հետ փառքով բազմեցնելու:
 Ամենայն հոգի ակնկալու յոյսով քեզ է սպասում կարօտ քո շնորհին,
 Թէ՛ երկնայինները եւ թէ՛ երկրաւորները,
 Թէ՛ մեղքով ընկածները եւ թէ՛ արդարութեամբ ոտքի ելածները,
 Թէ՛ տէր, թէ՛ ծառայ, թէ՛ տիրուհի եւ թէ՛ աղախին.
 Եւ քո ձեռքումն է բոլորի կենդանական շունչը:
 Եւ քեզ` Հօր եւ սուրբ Հոգու հետ` փա՜ռք յաւիտեանս. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2010, 09:31

ԲԱՆ ՁԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Բարձրեալ անքնին, զօրութիւն ահեղ,
 Տէր արարածոց,
 Թագաւոր երկնի, ստեղծիչ հրեշտակաց, մտքի գոյարան,
 Հաստիչ հրեղէնների, հոգիների բարի պետ,
 Ապաւինութեան աջ, հանգստաւետ անդորրութիւն,
 Լուսալիր տեսութիւն, պայծառութիւն բերկրալից,
 Երանութեան ճամփայ, կենդանութեան պատճառ,
 Բանականութեան առիթ,
 Անվտանգ փրկութիւն,
 Առաջնորդ խաղաղութեան,
 Պարիսպ ամրութեան, պահպանութեան պատուար,
 Ցանկապատ բոցեղէն` մեծագոյն օրհնութիւն,
 Անոխակալութեան սահման,
 Այս ողբերգութեան մատեանում գրուած խօսքերովն իմ խոստովանական`
 Մարդկային ազգի մեր թշնամիներին նոյնպէս բարութեամբ յիշիր,
 Եւ տո՛ւր կատարեալ քաւութիւն նրանց եւ ողորմութիւն:
 Մի՛ բարկանար, Տէր, դու նրանց վրայ, որպէս սրբերին բամբասողների,
 Դէպ ինձ ունեցած մեծ սիրոյդ համար եւ իմ պատճառով,
 Այլ իբրեւ չարեր կշտամբողների եւ իրաւաբար նախատողների`
 Ների՛ր նրանց յանցանքները:
 Թէ՛ ես, թէ՛ նրանք եթէ միասին ելնենք քո առաջ, ով արդարադատ,
 Գուցէ եւ ոմանց մեղքերը մեր դէմ շա՜տ սակաւ լինեն
 Եւ բամբասանքները` իրաւացի.
Իսկ իմ` դէպի քեզ, ամենապարգեւ, ուխտազանցութեան օրինակները
 Բազում են, անթիւ եւ անկշռելի:

Բ
 Արդ, նայելով, Տէր, անարգիս վրայ, յիշի՛ր մեծութիւնդ.
 Եւ երբ քեզանից բարիք խնդրեմ ես իմ ատողներին,
 Դու նրանց համար, որ քոնն են դարձեալ, ըստ քո մեծութեան,
 Հրաշապէս անճառ բարիքնե՛ր գործիր:
 Չսատակեցնես ինձ խայթողներին, այլ ուղղի՛ր նրանց,
 Գջլելով խոտան բարքերն երկրային,
 Բարիներն արմատապէս դու թէ՛ իմ եւ թէ՛ նրանց մէջ:
 Մանաւանդ որ դու լոյս ես ու յոյս,
 Իսկ ես խաւար ու խենթ.
 Դու ի բնէ բարի ու գովելի,
 Իսկ ես` չար համակ ու ապիկար,
 Դու տէր համօրէն երկնի եւ երկրի,
 Իսկ ես չեմ իշխում շնչիս եւ հոգուս.
 Դու բարձրեալ ազատ` կարիքներից զերծ,
 Իսկ ես ենթակայ տաժանքի, վշտի.
 Դու վեր երկնային կրքերից բոլոր,
 Իսկ ես կաւ անարգ ու գարշելի.
 Դու յար կմնաս անհասանելի բարձրութեան վրայ, ըստ մարգարէի,
 Իսկ ես, ըստ նոյնի, կկորչեմ ընդմիշտ.
 Քո մէջ նենգութիւն կամ խաւար չկա,
 Իսկ ես, որ աւանդն իմ չպահեցի, այդ բոլորն էլ եմ:
 Հանի՛ր ինձ բանտից, արձակի՛ր կապանքներից,
 Պոկի՛ր ինձ պրկող իմ շղթաներից,
 Փրկի՛ր խեղդուելուց,
 Ազատի՛ր տագնապներից, քանդի՛ր երկաթներից,
 Հա՛ն ինձ պաշարումներից, դուրս բեր երկմտութիւնից,
 Հանգստացրու նեղութիւններից.
 Փարատիր վշտերս, սփոփիր տխրութիւններս,
 Հանդարտեցրու խռովութիւններս,
 Ամոքիր լացս, ցրիր հեծութիւններս,
 Հեռացրու ինձ իմ ողբերից ու կազդուրիր լալուց,
 Աստուա՛ծ ողորմութեան եւ պարգեւատու քաղցրութեան,
 Հզօրիդ արեան գնով փրկուածիս անտես առնելով` զուր մի՛ կորցնիր.
 Կանգնեցրո՛ւ դու ինձ, որ բազմավտանգ հիւանդութիւնից մահուան ա՜փն եմ հասել:

Գ
 Ահա՛ բարդուեցին եւ կուտակուեցին ընդունայն անցած տարիներն իմ ողջ
 Ա՛յն օրից, երբ որ աշխարհ եկայ ես, որպէս անպիտան,
 Դեռ անդաստանից իմ մօր արգանդի` մեղքերի դժնիկ փշեր ծլեցնելով.
 Մի՛ լինիր ինձ խայթոց խոցոտիչ,
 Ինչպէս որ եղար Հուդայի տոհմին եւ կամ Եփրեմի զաւակի համար:
 Եւ քանզի հոգուս մէջ բարեսերմ ցորենի փոխարէն
 Խայթող, թունաւոր ու թմրեցուցիչ խոտեր բուսցրի ու տնկեցի ես,-
 Ըստ գրոց խօսքի` աւետարանից էլ առաջ ասուած,-
 Ինչպէ՞ս չկոչեմ անձն իմ գարշելի դաշտ ու անդաստան`
 Խեղդուած` մեղքերի անիծաբեր փշերով:
 Արդարութիւն չսերմանեցի ես, ըստ Ովսէի,
 Էլ ինչպէ՞ս պիտի հնձեմ կենաց բերքն ու այն հաւաքեմ,
 Մաքուր իմ հոգու կուսական ստինքները թառամեցին,
 Ինչպէս որ մարգարէն Իսրայէլի համար է ասում,
 Բայց դու կարող ես, Տէր, նրանց կրկին նախկին տեսքը տալ:
 Հուդայի մոլի բարքի համաձայն
 Ընդարձակեցի կամքիս մահիճը հոմանի դեւերի համար.
 Քո ձեռքն է դարձեալ ամփոփել այն,
 Տէ՛ր, նոյն զգաստութեամբ:

Դ
 Եթէ մարմնապէս կցորդութիւնը տեսնողի հետ պոռնիկին դարձրեց անբիծ, անարատ,
 Իսկ դու, փրկությո՛ւն, միանալով ինձ հոգեպէս` կրկի՛ն կմաքրագործես:
 Եթէ արեգակն այս անկենդան,
 Որ ստեղծել ես դու մատակարար մեր երկրի համար,
 Ցամաքեցնում է ճահիճների ցեխն ու խակ պտուղներ է հասցնում,
 Իսկ դու ստեղծի՛չդ ամենայնի, հոգիդ Աստծոյ,
 Ո՜րքան աւելի պիտի կարենաս չարիքների տիղմն աղտեղի
 Եւ մեր մեղքերի աղծապիղծ թարախն իսկոյն սպառել:
 Դրա համար է, որ ես խօսքերիս կարգին շտապեցի
 Թշնամիներիս համար նոյնպէս բարին հայցել քեզանից,
 Որպէս մահապարտութեամբ հեռացուած յանցաւորիս
 Չգցե՛ս հզօրիդ ամենախնամ աչքից, օրհնեա՜լ գթութիւն:
 Արդ, կենագործիր ամենամեղիս` մարմնիս անդամներով, հոգուս բնութեան հետ,
 Որպէսզի ես միշտ քեզ վրայ խորհեմ:
 Բարեգործներին բարիք խնդրելը օրէնք է բնութեան,
 Եւ մենք այդ բանը անում ենք կամքով մեր անբռնադատ:
 Քանզի արդարեւ այդ մի պատուէրդ կարող է ամէն հասակ կատարել,
 Իսկ երկրորդի գործադրումը նոյն սիրով հոգատար`
 Նշանակում է նմանուել Աստծուդ:
 Այդ իսկ պատճառով գերադասեցի թշնամիներիս բարիք ցանկանալ,
 Քան երախտաւոր բարերարներիս համար աղերսել:

Ե
 Եւ արդ, մէկի տեղ կրկնակի անգամ յիշիր դու նրանց,
 Որոնք անարժանիս քո բարձրագոյն անունով ընդունեցին.
 Եւ տուր դու նրանց, Տէ՜ր ամէնառատ, բարերար եւ անոխակալ,
 Վարձը արդարի եւ մարգարէի,
 Թէպէտեւ զուրկ եմ ես բոլորովին արժանիքներից,
 Բայց նրանք ըստ իրենց հաւատքի եւ յուսալիր ակնկալութեան,
 Ողջամիտ կամքով են նայում ինձ պէս պատժապարտ գերուս,
 Որպէս թէ հոգուս փակ պահարանում կեցուցիչ մասունքդ ունենամ լրիւ:
 Եւ դու անսահման գթութեամբ մօտենալով մեղաւորիս,-
 Որ անկարող է պահուել քո տեսողութիւնից
 Եւ կամ խոյս տալ կշեռքից ուղիղ, անխաբելի,-
 Մաքրե՜ս, որպէսզի չխայտառակուեմ մեծ դատաստանում:
 Եւ ինչպէս որ ինձ ուզում են պատուել վայելուչ շուքով սիրելիներդ քո անուան համար,
 Կրոնաւորի զգեստիս բարեձեւութեանը նայելով,
 Անգիտակ գաղտնի իմ արատներին` երանի են տալիս եղկելուս,-
 Դո՛ւ էլ, հնարաւո՜ր, ամենապարգեւ, օրհնեալ մարդասէր,
 Ողորմո՜ղդ բոլոր արարածներին հաւասարապէս,
 Ամենաթշուառիս հեծութեան համար հաշտուիր նրանց հետ, ըստ իրենց հաւատքի,
 Ընծայիր նրանց, տուր որպէս պարգեւ մեծութիւնդ անեղծ
 Եւ քո պսակը յաւերժ անթառամ`
 Ամէն ինչ քննող ու պարզաբանող մեծ դատաստանի վերջին օրն ահեղ:

Զ
 Անհատնում ու անվատնելի գանձերի մեծ ու փրկարար
 Գրաւականն ես դու ստրուկիս համար ու սովեալիս,
 Եւ մենք այդ գանձերն հոգուդ երկնքի ի գործ դնելով` հարստանում ենք խօսքիդ համաձայն:
 Տեղ սահմանիր ինձ հանդարտ ջրի մօտ,
 Ամրացրո՛ւ իմ մէջ, անփոփո՜խ, հաստատուն վստահութիւն.
 Կարգիր ինձ համար, օրհնաբանուա՛ծ, անկասկածելի յոյսի ամրութիւն.
 Տուր ինձ, ամենախնա՛մ, անաչառ պաշտպանութիւն,
 Սասանեալիս` բարի անդորրութիւն,
 Տարակուսեալիս` լուսոյ ապաւինութիւն,
 Ողբալուս` մեծ երջանկութիւն,
 Վհատեալիս` կենաց օգնութիւն,
 Լքեալիս` հաստատուն օժանդակութիւն,
 Նահանջածիս` անսայթաք վերընթացութիւն:
 Զի քոնն են բոլորն ու դու ես տուիչն ամենայնի.
 Եւ քո ձեռքով է բաշխւում այն ամէնն, ինչ անհրաժեշտ է մեր կեանքի համար:
 Եւ քեզ է վայելում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2010, 09:32

ԲԱՆ ՁԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Երկնաւո՛ր արքայ, բարձրեալ թագաւոր,
 Տէ՜ր դու բոլորի եւ ամէնքի յոյս,
 Արարիչ տեսանելիների եւ հոգեղէնների հաստիչ,
 Պատճառ եղածների եւ կազմող լինելիների,
 Տուիչ լոյսի, առիթ առաւօտի, պատրաստիչ վաղուայ,
 Երեւացնո՛ղ երեկոյի, յօրինող խաւարի,
 Արուեստաւոր բարեհնար, իմաստութեան գործիչ,
 Քաւարան օրհնեալ, հալիչ մեղքերի, հալածիչ ցաւերի,
 Լուծիչ դառնութեան, պահպանարան հանգստի,
 Հնարիչ նիրհի, կարգաւորիչ քնի, պարգեւիչ նինջի,
 Կարգաւորիչ շնչառութեան, զգայութեան տեւողութիւն,
 Ցրիչ ցնորքների, բարեկարգիչ անուրջների, փոխարկող զարհուրանքի,
 Փոփոխիչ տխրութիւն, խափանիչ խայթումների,
 Կասկածների փարատիչ, ծփանքների հանդարտիչ,
 Ահաբեկութիւն խարդախների, դեւերի հարուածիչ,
 Ախտերի փախուցիչ եւ ընկղմիչ գայթակղութիւնների:
 Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ,
 Զօրացրո՛ւ աջովդ բարձրացած,
 Ամփոփի՛ր թեւերովդ ամենակալ,
 Ծածկի՛ր խնամքովդ աստուածային,
 Ամրացրո՛ւ վերնայիններիդ վերակացութեամբ,
 Շուրջանակի պարսպիր անմահներիդ գումարտակներով,
 Ընդդիմամարտին իմ վանիր զուարթուններիդ զինուորներով,
 Պատսպարի՛ր սասանեալիս աստուածածնիդ մաղթանքներով,
 Անդրանիկներիդ բանակներն ինձ բարի պահապան կարգիր:
 Բաց արա աչքերիս հետ նաեւ տեսանելիքները մտքիս,
 Զգաստացրու շնչիս հետ նաեւ դանդաղութիւնը ծանրաբեռն իմ կրքերի,
 Վերացրու թանձրամած յիմարութիւնն իմ զգայարանքների, Տէ՛ր,
 Վերցրու թանձրութիւնն իմ ծածկոյթի, միա՛կ բարեգործ:
 Լոյսը բացուելիս` ողորմութիւնդ էլ ծագիր ինձ վրայ,
 Եւ արեւի հետ` քո արդարութեան արեգակը թող մտնի սիրտս նեղ.
 Փառքիդ ճառագայթը մտքիս խորհրդարանում թող ջահաւորուի.
 Եւ խաչակնքումը խաչիդ` մարմնիս եւ հոգուս մէջ թող տարածուի՜ համասփիւռ:
 Քեզ եմ յանձնում այսօր քո յօրինած տաղաւարը`
 Այնտեղ բնակուող պահապան հոգուս հետ միասին.
 Զի դու ես Աստուած անքնին,
 Ամենակարողդ ամէնքի համար եւ ամէն բանում բովանդակապէս,
 Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2010, 09:34

ԲԱՆ ՁԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Եւ քանզի զուարթ արթնութիւնը մեր նինջ ես համարում,
 Իսկ լռութիւնը խոր թմրութեան մէջ` ի քեզ ունեցած
 Ուղիղ հաւատքի համար` աչքերի անթարթ բացութիւն,-
 Ուստի հոգուդ իմաստութեամբ ուղղի՛ր յաջողուածքն իմ ձեռնարկածի,
 Որի համար ահա աղօթում եմ ես մաղթանքներիս հեծեծագին ձայնով:
 Զօրացրու ինձ, Տէ՛ր, ճգնաւորական բարենպատակ իմ վաստակի մէջ,
 Կարեկից եղիր իմ տկարութեանն ու թեթեւացրու սկիզբն աշխատանքիս:
 Արագացրու առաջադրուած այս ձեռակերտս, մշտապէ՜ս կարող,
 Դիւրացրու նրա ընթացքը դէպի աւարտում լրիւ:
 Բերկրութեամբ հասցրու ինձ գործի վախճանին,
 Արա՛ այնպէս, որ ժամանակին հասնեմ նպատակիս,
 Ուղեկից եղիր իմ ճանապարհին,
 Բարձր թռիչքով դէպի օգտակարն ինձ շտապեցրու,
 Աջ կողմս կանգնիր ամենածանր վտանգի դէպքում,
 Լսեցրու ձայնդ անձկութեանս պահին,
 Կորստեան ժամին ձեռքովդ փրկիր,
 Ներգործիր մատովդ, երբ որ նեղն ընկնեմ.
 Հարթիր արգելքներն ամենաչար խափանման,
 Հոգեղէնիդ առաքմամբ, ինչպէս Ամբակումին, ի՛նձ էլ ճար արա,
 Խօսք շնորհիր ինձ ատեանում, կանգնած` բազմութեան առաջ,
 Իմաստութիւն դիր իմ մէջ, երբ դէմ-յանդիման կանգնեմ քննութեան:
 Կամքիդ ամպով հովանի եղիր ինձ հրաշապէս,
 Ու հանդարտեցրու քո կենաց փայտով մրրիկն իմ ծովի,
 Սանձիր երկրային կենցաղի պատկերը քո հրամանով.
 Զի եթէ դու, Տէ՛ր, ողորմութիւնդ կամենաս ցոյց տալ,
 Կոհակներն այդ լոյծ կարծր կլինեն աւելի, քան քար,
 Իսկ եթէ զլանաս խնամքդ ցամաքում`
 Ամուր գետինը, որպէս անկայուն, փուլ կգա իսկոյն մեր ոտքերի տակ:

Բ
 Ընդունի՛ր, Յիսուս, ձեռնարկութիւնն այս պաղատանքներիս` քեզ ի հաճութիւն,
 Եւ ամենակասկածելի սայթաքումն իմ փոխարկիր մեծ վստահութեան:
 Ինչպէս ջրհեղեղի ամենակործան դարում,
 Ովքեր գետնի հարթ տարածութեան վրայ ապրում էին անհոգ, առանց երկիւղի,
 Ողորմութիւնիցդ զուրկ մնալով` կորստեան մատնուեցին.
 Իսկ հովանաւոր լաստի երերուն յատակի վրայ
 Գթածիդ անուամբ ապաւինուածներ պահպանուեցին,-
 Այդպէս, նրանց հետ եւ ինձ մշտերեր աղաչաւորիս
 Մարդասիրաբար ազատիր եւ տար դէպի խաղաղ նաւահանգիստ:
 Հոգեւոր շահի վարձն ինձ հետ բերելով,
 Եւ իմ բազմաթիւ եւ ստորաքարշ մեղքերս թողած,
 Քո առակաւոր խօսքի համաձայն, քեզ եմ գալիս, Տէ՛ր,
 Միանալով քեզ յաւերժ անբաժան, օրհնեա՜լդ համակ:
 Եւ կցորդուելով այս մաղթանքներին հոգեղէններն ամենամաքուր
 Մարտիրոսների հետ այն հողեղէն, որոնք փորձուեցին հրով ու ջրով,
 Եւ մեր փոխարէն խնդրեցին քեզ այս աշխարհից ելնելիս,
 Եւ մեզ յիշատակ թողին օգտակար,-
 Մեզ ձայնակցելով, միայն ասեն` թող լինի՛, լինի՛:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2010, 09:35

ԲԱՆ ՁԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Բազմազանօրէն շարահիւսուած այս հառաչագին ու տխրաթախիծ ողբերի փոխարէն
 Ողորմի՛ր բոլոր հոգիներին դու, թագաւո՛ր գովեալ եւ երկայնամիտ,
 Եւ առաւել եւս նրանց, որ չունեն կենաց փրկութեան ակնկալութիւն,
 Ինչպէս եւ նրանց, որոնք ննջեցին ի մահ անպատրաստ` իւղի պակասից հանգած լապտերով:
 Ուստի եւ յիշի՛ր, Տէր իմ գթառատ, եւ այդ պատճառով տուր ինձ իրաւունք,
 Թէ ի փառս ահաւոր եւ սքանչելի մեծիդ`
 Մարդու կազմուածքը բաղադրեցիր դու իրար հակառակ տարբեր տարրերով`
 Մէկը ծանր եւ միւսը թեթեւ, մէկը սառն եւ միւսը ջերմ,
 Որպէսզի մենք այդ ներհակութիւններն հարթ պահելով միշտ`
 Նրանց համերաշխ հաւասարութեամբ կոչուենք արդար:
 Եւ այդպէս, առաքինաբար, երբ հոգու հետ բարձրանանք,
 Չմոռանանք եւ մեր խոնարհութիւնը կաւի վերաբերմամբ
 Եւ ընդունենք պսակ ճգնաւորական:
 Եւ սակայն, ուխտազանց եղանք այս կանոնի դէմ,
 Զիջելով կառուցուածքին մեր հողեղէն` անասնօրէն սողալով կպանք երկրին`
 Մէկն իր ախտերով, մէկն անգթութեամբ,
 Միւսն ամենաբաղձ կերակուրների իր մոլութիւնով,
 Որպէս մշտաբոյծ գազան շարունակ կապուած մնալով մեր բնութեան հետ:
 Պատահում է մերթ, որ մէկը այդ չորս տարրերից մեր մէջ,
 Անողոքելի, անզուսպ սլացքով ոստնելով ի դուրս,
 Ամբարտաւանում է վայրենապէս:
 Եւ այսպէս եթէ տաքանանք մենք քո սիրոյ ջերմութեամբ,
 Մեր մէջ գտնուող բոցի նշխարով,
 Ցուրտը առընթեր եւ կենակից նրան` կասեցնելով այն, ընդմիջում է բարուն:
 Եթէ էութեամբ հրեշտակային օդաճեմ դէպի քեզ թեւել ուզենք,
 Այս առաջնաստեղծ հողեղէն նիւթի ծանրութիւնը հոծ
 Մեզ ցած քաշելով` կխափանի մեր թռիչքը իսկոյն:

Բ
 Արդ, ամէն կողմից պարտուած ու լքուած,
 Որպէս ապիկար, հաշմուած` մերժուեցի, կորայ, քշուեցի.
 Եւ մաշուած իսպառ բազում մեղքերից ի մահ գլորուեցի.
 Որի համար էլ պարգեւներից զուրկ` ողորմութեան կողմն եմ նայում,
 Եւ ամօթահար երեսով ե՛ս էլ, որ տէր եմ ամէն տեսակ մեղքերի,
 Աղերսում եմ քեզ բոլոր կենդանի մեռեալների հետ,
 Զի կարող ես միշտ մի հնար անել ինձ նման մեռած ու կորածներին.
 Ամէն ինչի մէջ զօրաւոր ես դու.
 Եւ մանաւանդ որ կարենալուդ հետ` ե՛ւ կամենալն է քեզ ախորժելի:
 Եւ արդ բարգաւաճ ու կենսանորոգ շնորհներն այս երկու,-
 Կամենալն ու կարենալը իրար մօտ գալով,
 Կվերանայ անյոյս վհատութիւնը բոլոր մեղաւորների
 Եւ կգա այնժամ, կհասնի շուտով հոգիներ բուժող
 Քո հրամանի լոյսն աւետաւոր, Տէ՜ր ամենայնի,
 Օրհնեալ յաւիտեանս. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2010, 09:40

ԲԱՆ ՁԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Եւ ահա, քանզի այս ողբերգութեան կտակը համեստ հասել է իր աւարտին,
 Արա՛ այնպէս, Տէ՜ր, որ ինքնանախատ կշտամբանքների այս խօսքերիս հետ
 Վերջ գտնեն նաեւ ու դադար առնեն սովորութիւններն իմ չար:
 Դու ինքդ յուսադրեցիր դատապարտեալիս, ասելով`
 "Հայրս չի ուզում, որ կորչի մէկն իսկ այս փոքրիկներից",
 Եւ դարձեալ, թէ` "Հօրս կամքն է, որ չկորցնեմ բոլոր ինձ յանձնուածներին":

Բ
 Ահա՛ օրհնուած ես դու գթութեան մէջ,
 Բարեբանուած միշտ` քաղցրութեան մէջ,
 Խոստովանուած` երկայնամտութեան մէջ,
 Եւ ճանաչուած ես այցելութեան մէջ.
 Քարոզուած Տէր ես դու փրկութեան մէջ.
 Եւ ներբողուած ես առատութեան մէջ,
 Պատւուած ես պաշտպանութեան մէջ,
 Փառաւորուած ես փրկութեան մէջ,
 Երկրպագուած` անբաւ բարձրութեան մէջ,
 Պաշտուած ես անքննութեան մէջ,
 Գովեա՜լդ միակ` յաղթութեան մէջ,
 Հռչակուած` հզօրութեան մէջ,
 Խնկաւորուած ես ողորմութեան մէջ,
 Համբուրուած` անճառ հեզութեան մէջ,
 Ճաշակուած ես դու խոնարհութեան մէջ:
 Եւ քեզ հետ նաեւ ծնողդ երկնաւոր`
 Աստուած բոլորի մխիթարութեան,
 Ընդ որում եւ սուրբ ու բարի Հոգիդ,
 Դու, որ սահմանեցիր չանտեսել ընկած գրաստը թշնամու
 Եւ անբանութեամբ սայթաքած մարդուն:
 Հզօրիդ ինձ ցոյց տուած երախտիքներն ու առաքինութիւնը մեծիդ`
 Փառաբանողներն անվերջ անդադար տօնում են բարձրում,
 Որոնց հետ, ուշադրութեանդ արժանացնելով եւ այս ձայնն աղերսական`
 Ընդունե՜ս այն դու մարտիրոսների պաղատանքներով,
 Իբրեւ հաճելի եւ անուշ բուրմունք,
 Եւ այս հաշտարար խօսքի փրկանքով`
 Պարտքերը նախնեաց եւ աներեւոյթ վէրքերը բոլոր,
 Հոգին ու մարմինը մահացնող միջիններով ու վերջիններով,
 Ներքիններն ու արտաքինները, դրոշմներն ու բիծերը
 Եւ հատուածների խարանները ողջ բժշկիր, ամենակարո՛ղ,
 Ողորմութեանդ դեղերով ջնջելով ու մաքրելով
 Բազմապիսի խայթուածքների հետքերը ամէն,
 Որոնք քեզ համար հաճելիների հետ նմանապէս
 Ցոյց կտան նաեւ գարշելիները մեր բնութեան մէջ:

Գ
 Եւ եթէ հասնեմ խորին ծերութեան քո առաջնորդութեամբ` մահուան արժանիս,
 Մի՛ լքիր ինձ տկարութեանս մէջ եւ մի՛ անարգիր մազերս սպիտակ,
 Մի՛ կորացնիր կործանուածին եւ կքեալին մի՛ իջեցնի,
 Մի՛ ցած բերի խոնարհուածին եւ առկայծեալին հողմի շնչին մի՛ մատնիր,
 Մի՛ բաց թողնի դեդեւողին եւ մի՛ մրսածին` անվերարկու.
 Թող չմնայ տագնապեալն անդարման, ոչ էլ խարխլած տունը` անխնամ.
 Թող չանպատւուի պատկերն հնացած, եւ պարարտութիւնը չանհամանայ.
 Թող որ չանարգուի շուքը շնորհի, եւ հնութիւնը չքամահրուի,
 Թող չալեկոծուի հոգուս նաւն, ու յոյսի երկարութիւնը չկտրուի,
 Թող ուղղալարը չխզուի, ու չխանգարուի յիշողութիւնը,
 Թող չքայքայուի մարմնի կազմութիւնն, ու բարձրացող թեւերը չփետտուեն,
 Զուարթ գեղեցկութիւնը չտգեղանա, չքաղուի պայծառ ճաճանչը շողի,
 Պատուհաններն աչքերիս չփակուեն եւ ոչ էլ նրանց լոյսը խափանուի,
 Թող չընկնի պատկերը խօսուն:

Դ
 Աղաչում եմ քեզ, բարեգո՛ւթ, ու պաղատում եմ բոլոր սրբերով,
 Լսիր այս ամէնն իսկ հիմակուանից, որպէսզի վերջում չմոռանաս:
 Դու եղար ինձ առաջնորդ եւ ազատարար, ըստ սաղմոսողի,
 Հանիր նաեւ ինձ Երգողի հետ, Տէ՜ր, կասկածանքներից ու վարանքներից,
 Որոնցից սաստիկ վախենում եմ ես:
 Թէեւ արժանի չեմ սովորական կերակուրն անգամ ստանալու քեզանից որպէս վարձք,
 Բայց դու սովոր ես եւ կարող նոյնպէս ապերախտների՛ն էլ բարեգործել,
 Քոնն են ամենայն բարիքներն անճառ ու զարմանալի
 Հրաշագործդ միայն` կատարեալ երկայնամտութեամբ:
 Օրհնեա՜լ ես դու Հօր եւ սուրբ Հոգուդ հետ յաւիտեանս. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2010, 09:42

ԲԱՆ ՁԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Եւ ահաւասիկ, կոտրուած հոգով, սաստիկ յուսահատ,
 Խորտակուած սրտով առջեւդ եմ թափում ջուրը իմ կամքի, կաթիլն արցունքի,
 Յիշեցնելով արեմաթացի Սամուէլ մարգարէին,
 Որ առնելով ջուրն սկաւառակից` թափեց քո առջեւ, ո՜վ ամենատես,
 Ցոյց տալու համար ժողովրդին, թէ խոստովանութեամբ եւ հնազանդութեամբ
 Պէտք է ընկնել գարշապարներիդ կենդանարար:

Բ
 Եւ արդ, ընդունի՜ր այս աղիողորմ հեծեծանքներով հիւսուած խօսքերը,
 Եւ այս բանաւոր անարիւն զոհի նուէրն հոտոտիր, թագաւո՛ր երկնի.
 Սրբիր օրհնութեամբ գիրը մատեանի այս ողբերգութեան,
 Եւ դրոշմիր գրուածքն այս որպէս արձան մշտնջենական`
 Քեզ համար հաճոյ միւս միջնորդական մաղթանքների հետ:
 Թող որ նա ընդմիշտ մնայ քո առաջ եւ ականջներիդ հնչի շարունակ.
 Եւ շրթունքներով ընտրեալներիդ բարբառի՛ թող նա
 Ու հրեշտակներիդ բերանով խօսի.
 Թող որ տարածուի աթոռիդ հանդէպ եւ ընծայուի սուրբ սրահի մէջ քո.
 Քո անուան նուիրուած տաճարում խնկարկուի եւ բուրի՜ փառքիդ սեղանի վրայ.
 Թող պահուի հարուստ քո գանձարանում եւ թող ամբարուի ստացուածքիդ մէջ.
 Թող որ պատմուի ազգերին ի լուր եւ ժողովրդի համար քարոզուի.
 Պատկերուի՛ թող որ մտքի դռներին եւ զգայարանքների սեմերին տպուի.
 Իբրեւ կենդանի` թող պատմի նա իմ գործերն անօրէն ու խոստովանի.
 Եւ թէպէտ որպէս մահացու պիտի վախճանուեմ ես,
 Սակայն այս համեստ մատեանովս միշտ անմեռ կմնամ:
 Քո կամքով` թող այն անեղծ մնայ, Տէ՜ր,
 Եւ պատժապարտիս հանդէպ դատաւոր դառնալով անդուլ,
 Անաչառ կշտամբիչ, համարձակ յանդիմանիչ,
 Անխնայ պախարակիչ, անողոք պարսաւիչ,
 Անհամբոյր ծանակիչ, անմարդասէր մատնիչ,
 Անփրկելի տանջարար, անկաշառ գլխատիչ,
 Խստասիրտ հրապարակող, աշխարհալուր բողոքող,-
 Մեծաձայն փողով, առանց լռելու, անդուլ-անդադար`
 Իմ յանցանքնե՜րը թող խոստովանի:

Գ
 Այս գիրքն իմ ձայնով իմ փոխարէն պիտի աղաղակի,
 Ծածկուածները պիտի բանա եւ գաղտնիքներն հրապարակի,
 Կատարուածները բարձրաձայն ողբա, մոռացուածները հնչեցնի,
 Աներեւոյթները պիտի յայտնի, բարուրուածները բարբառի,
 Դուրս պիտի հանի խորքում եղածներն ու մեղքերը պատմի,
 Անտեսները պիտի մերկացնի, թաքցրածները ցուցահանի,
 Սրանով որսերը պիտի շոշափուեն, գայթակղութիւնները գտնուեն,
 Անպատմելիներն հանդէս պիտի գան եւ ճզմուեն չարի մնացորդները:
 Քո ողորմութեան շնորհիւ, Քրիստո՛ս, կեանքը պիտի թագաւորի
 Իմ ցամաքած ոսկորների գանձարանի պահեստում,
 Որով կենդանութեան գարնանամտի արշալոյսին, օրը պայծառ նորոգութեան,
 Շնորհիւ քո ցողի հոգիս աճելով անմահ փրկութեամբ
 Եւ անթառամ վերամբարձութեամբ իմանալի բարիքների ճիւղեր ընձիւղելով,
 Պիտի նորից նոր դալարեմ դարձեալ եւ կրկի՜ն ծաղկեմ,
 Ըստ ներշնչումովդ գրուած գրքերի յուսադրութեան:
 Եւ քեզ` միակ փրկչիդ եւ Հոգուդ` իսկակցին քո Հօր
 Միասնական տէրութեանդ եւ Երրորդութեանդ անճառելի
 Խորհրդական գովեստով` փա՜ռք եւ երկրպագութիւն յաւիտեանս. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2010, 09:43

ԲԱՆ ՁԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Աստուած եւ Տէր, կեանք եւ արարիչ,
 Ողորմած, գթած, լոյս երկայնամիտ,
 Անոխակալ, մարդասէր, ամենագութ,
 Պարգեւատու, փրկիչ,
 Օրհնեա՜լ, գովեալ եւ բարեբանեալ:
 Ամուր պահարան, վստահելի պատսպարան,
 Բարութիւն` առանց նենգութեան,
 Ճառագայթ` առանց խաւարի,
 Քաւիչ մեղքերի, բուժիչ վէրքերի,
 Անհասներին` հնարք, անմերձներին` մօտիկ,
 Անյուսութեան ելք,
 Անունդ խոստովանուած` Աստծոյ որդի:
 Քեզ եւ ահաւոր ու հզօր Հօրդ
 Եւ քեզ հետ երկրպագելի ամենակալ Հոգուդ
 Փա՜ռք ու պաշտօն գոհաբանութեան
 Յաւիտեանս. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2010, 09:46

ԲԱՆ Ղ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Բարեբանեալ Աստուա՛ծ, երկնաւոր, միա՜կ արարիչ,
 Տէր ամենակալ, մեծութիւն ահեղ, գթութիւն օրհնաբանելի,
 Ողորմութիւն խոստովանելի, բարերարութիւն երկրպագելի,
 Խնամակալութիւն պաշտելի, մարդասիրութիւն տօնելի,
 Պահպանութիւն խնկելի, բարձրեալ անքննելի,
 Մերձաւոր կամարար, ապաւէն անկասկածելի,
 Մխիթարիչ սրտերի, փարատիչ վշտերի, ապաքինիչ ցաւերի,
 Վստահութեան վախճան, վերացումն պարտքերի,
 Փոխարկիչ կարիքների, կարգաւորիչ կրքերի,
 Հարմարիչ խօսքերի, սանձահարիչ լեզուի,
 Պարփակումն շնչի, հաստատիչ հագագի,
 Ամփոփիչ խորհուրդների, կրթարան կամքի,
 Հանգստացնող հուզմունքների, հանդարտիչ մրրիկների,
 Եւ խաղաղութի՜ւն դու ծփանքների,
 Որ բռնում ես իմ` իշխանականիս թեւերը ամէն ուղղութեամբ թռչող
 Եւ իմաստութեամբ նուաճելով` դէպի քեզ դարձնում:

Բ
 Երախտաւո՛րդ միշտ գովաբանուած,
 Դու, որ անհպարտ եւ երկայնամիտ հեզութեամբ համբեր`
 Անճառ հրաշքով տենչում ես հանգչել մաքուրների մէջ.
 Թագաւո՛ր բոլոր արարածների, ըստ ամենայնի ճանաչուած, գթած,
 Սկզբնահայր եւ նախաշաւիղ` սիրոյ ընթացքի
 Կեանքի՛ ճանապարհ,
 Որ քաղցրութեա՜մբ ես առաջնորդում երկնային լոյսիդ դիմողիս.
 Պաշտպա՛ն վստահելի,
 Որ չես թողնում ինձ` սայթաքողս երբէք ի վայր տապալուեմ.
 Յոյսի՛ կերպարանք,
 Որ ճշմարտագոյն գրաւականով երեւում ես պարզ քեզ խնդրողներին.
 Ապահո՛վ ապաւինութիւն,
 Որ չես մատնում երբէք դատապարտութեան պատժին.
 Ազատությո՛ւն շնորհաձիր,
 Որ տալիս ես լիապէս առանց փրկանքի ու փոխհատուցման.
 Աննախա՛նձ առատաձեռնութիւն,
 Որ ճոխացնում ես հողանիւթս անարգ քո ամենասքանչ փառաւորութեամբ.
 Պայծառությո՛ւն անստուեր,
 Որ բարձր ու վսեմ ճառագայթներով պարածածկելով թշուառիս` դարձնում ես կրկին բարգաւաճ.
 Քաւի՛չ մեղքերի ամենատեսակ,
 Որ փրկութիւնից մերժուածիս նախկին պայծառութեամբ նորոգելով` դարձնում ես վերստին վայելուչ.
 Մեծակարո՛ղ դիւրահաս,
 Որ բոլոր անբաւ բարձրութիւններիցառաջ ես անցնում.
 Ապահո՛վ ճամփա` դէպի խոստացուած վայելքներ տանող.
 Անձկալի՛ երանութիւն,
 Որի համար հաճելի է թողնել շունչս կենդանութեան, որպէսզի գտնեմ քեզ, մի՜շտ կենդանի.
 Կամք անփոխելի, գովեա՜լ զօրաւոր` քաւելու գերուս.
 Կեանքի անսխալ դեղ-սպեղանի,
 Որ իսպառ եղծուած մեռելներին իսկ կեանքի ես կոչում սքանչելապէս.
 Աներկբայելի՛ դու ամենաստեղծ,
 Որ հրով կիզուածին, հողմով հոսածին եւ գազանների ժանիքներով հոշոտուածին
 Մի ակնթարթում միեւնոյն մարմնով անպակաս դարձեալ կկենդանացնես.
 Անզուգակա՛ն համարձակութիւն,
 Որի համար աստուածանուէր պարծանքով պարծենալն է իրաւացի:

Գ
 Զուարթ քաղցրութեամբ նայիր ինձ վրայ երկնքիցդ, Տէ՜ր,
 Ինձ, որ նեղուած եմ ամենակործան վտանգների մէջ,
 Եւ հանգստացրո՛ւ սիրտս դիւրապէս` իր բազմատագնապ հեծութիւններից:
 Վրաս յարձակուող սատակիչներին`
 Դիւական դժնեայ հնարքներով սպառազինուած թշնամիներ լինեն նրանք,
 Թէ տգեղագոյն եւ քեզ ատելի այլանդակ մեղքեր,
 Եւ կամ սպառիչ ու կորստաբեր ցաւ ու ախտերի հետքեր մնացորդ,-
 Մերժե՜ս, դուրս հանես, կտրես, խափանես, հալածես հեռու,
 Վռնդես իսպառ եւ անդառնալի կերպով կորստեան մատնես վերստին.
 Եւ կառուցես, կանգնես դու կեանքի որպէս նպատակ ամուր մահարձան`
 Նշանը խաչիդ քեզ ապաւինածիս, ո՜վ փրկութիւն.

Դ
 Եւ ահաւոր քո մեծութեան այս անպարտելի եւ անպատիր եւ անհերքելի հրաշքների շնորհիւ
 Թող քանդուեն բոլոր սատանայական որոգայթները գաղտնածածուկ.
 Մեքենայութիւնները մերկացուեն եւ չքուեն գայթակղութիւնք,
 Թակարդ լարողները խայտառակուեն,
 Թող երեւան գան խայծերն ու ծուղակները նենգաւորի,
 Վերանան ցանցի ծածկոյթները, որոմների ծիլերը վառուեն,
 Եւ թո՛ղ նզովուեն չարաբանութիւններըբռնաւորի,
 Թող կտրուի լարը խաբեութեան ի մահ որսացողի,
 Թող կորչեն բանսարկութիւնները պատրողի,
 Թող պակասեն զէնքերը զրպարտչի,
 Թող ընկնեն սրերը մահաբերների ձեռքից,
 Թող սուզուեն սարքերը սադրողի,
 Թող արձակուեն պարանները տագնապեցնողի:
 Թող այլայլուի կերպարանքը սուտ` կեղծաւորի,
 Թող սանձահարուեն խիստ յարձակումները խրոխտների,
 Թող ցրուեն միաբանութիւններն ուտիչների,
 Թող տրոհուեն տոհմերն աւազակների,
 Թող քայքայուեն բոյլերը բարբարոսների,
 Թող քանդուեն ամրոցներն ապստամբների,
 Թող արգելակուեն ամպրոպներն հանդուգնների,
 Թող փարատուեն անձրեւները փորձողի,
 Թող հալուի եւ ցամաքի եղեամն աղանդաւորի:
 Թող խորտակուի եղջիւրը գոռոզի,
 Թող մանրուեն ձողափայտերը կուռքերի դրոշների,
 Թող փշրուեն ամբարհաւաճութիւններն հպարտացողների,
 Թող նահանջեն գրոհները ճակատողների,
 Թող քանդուի՛ միաբանութիւնը Բելիարի թէ՛ անմարմին եւ թէ՛ մարմնաւոր զօրքերի,
 Մի արահետով եկողները թող եօթ ճամփաներովփախչեն շուարած.
 Այն գուբը, որ ինձ համար փորեցին, իրե՛նք թող ընկնեն:
 Թող ձանձրացողի ձմեռներն ամառուան փոխուեն,
 Թող կտրուի կցորդիչ կապը մշտաջան աւազակի,
 Շողոքորթի համբոյրն իմ ճակատին թուայ թող նողկալի,
 Թող ընդհատուեն եւ հեռանան նետաձգութիւնները նեղչի,
 Թող սասանման մէջ մնայ խարդախի նաւը մշտապէս
 Եւ խածանողի ատամները թող արմատից քաշուեն:

Ե
 Շնորհիւ օրհնեալ քո կենաց փայտի, որին պրկուեցիր, Աստուա՜ծդ անբռնելի,
 Բեւեռներիդ յիշատակով, որոնցով մահուան գործիքի վրայ գամուեցիր, արարի՛չդ երկնի եւ երկրի,
 Արեամբդ տէրունական, որով որսացիր հսկայ վիշապին, կարթելով նրան,
 Դառն լեղիով, որը խմելով` ի դուրս թափեցիր կորուսչի տուած թոյնը մահաբեր,
 Քո սարսափելի չարչարանքների բաղձալի պատմութեամբ,
 Որով լրբութիւնն հակառակորդի լռեցնելով` ամաչեցրիր նրան,
 Անմեկնելուդ ըստ ամենայնի անհասկանալի անունով,
 Որից դողում են ու դատապարտւում` սոսկալով սաստիկ սարսափումով
 Երեւելի եւ աներեւոյթ էութիւններն ամէն,-
 Շնորհիդ պարգեւներն այս բոլոր խոստովանողիս համար
 Պաշտպանութիւն, բժշկութիւն եւ քաւութի՜ւն լինեն:
 Իսկ մահաբեր ու դառնաթոյն այն օձի համար,
 Որի միջոցով տեղի ունեցաւ չարութիւնը տիեզերադաւ`
 Սատակման պատճառ թող լինեն նրանք.
 Նոյն ինքը դրանցով` կորուստի եւ անբուժելի հարուածի
 Տանջանքներին մատնուի թող, կապուի եւ բռնուի:
 Ստեղծողիդ ողորմութիւնն ինձ հետ թող լինի,
 Եւ շունչն իմ ոգու միանայ քեզ հետ անբաժանօրէն ամրապինդ կերպով:

Զ
 Եւ ով որ կարդա այս աղերսաձայն մաղթանքների աղօթքները խնդրողական,
 Ծեր թէ երեխայ, կոյս թէ երիտասարդ եւ կամ աղախին,
 Ամէն ոք, ով որ աստուածասիրաբար ի քեզ պաղատի,
 Թող որ անխտիր, հաւասարապէս երանութեան մա՛սը ընդունեն քեզնից,
 Եւ ազատուելով իրենց պարտքերից, արատներից զերծ`
 Վերահաստատուեն նոր մաքրութեան մէջ.
 Իրենց հոգու մէջ անփոփոխ կերպով նկարելով քո պատկերը դարձեալ:
 Ուստի, տիրապէս` կարող, զօրաւոր, անպատում, անհաս, անիմանալի,
 Տե՛ս ահա, լսիր հառաչանքներն իմ այս հեծեծագին եւ աղերսաձայն,
 Որոնք բոլորի շուրթերից քեզ են ընծայաբերւում`
 Ի սէր բարերար երկնաւոր քո Հօր եւ քո սուրբ Հոգու
 Կենդանատուիդ եւ փառակցին քո,
 Աստուածածնի բարեխօսութեամբ եւ աղաչանքով բոլոր սրբերի:
 Քանզի բոլորին դո՛ւ ստեղծեցիր եւ ամենայն ինչ քեզանով եղաւ,
 Եւ ամէն ինչի դու ինքդ ես տիրում:
 Եւ քեզ, որ մէկն ես անժամանակ
 Երրորդութեան իսկութիւնից,
 Հաւասարապէս փառաւորուած ընդմիշտ,
 Փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз