ԲԱՆ ԾԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Արդ, ես մահացուս ամենապատիր` երկրածնի՜ միթէ պաղատեցի մի,
Որին ընդունայն է աղաղակել.
Մահկանացուի՞ միթէ բանական,
Որից փրկութիւն յուսալը լինի սնոտի ու սուտ.
Ոմն եղծականի՞,
Որի զօրութիւնն անուժ խօսքի պէս լինի զուր, նանիր.
Երկրաւոր գահակալ իշխանների՞,
Որոնց բարիքներն էլ իրենց նման լինեն անցաւոր.
Հարազատ եղբո՞ր,
Որն ինքն էլ կարօտ լինի իր անձի անդորրութեանը.
Հո՞րն իմ երկրաւոր,
Որի օրերի նուազութեան հետ խնամքն էլ է պակասել.
Ինձ ծնող մո՞րս,
Որ հրաժարուած լինելով կեանքից` գութն է ցամաքել.
Արդեօք աշխարհի թագաւորների՞ն,
Որոնք մեռցնելու, քան թէ կեանք տալու հնարքներ են միշտ մտածում միայն,-
Այլ քե՜զ դիմեցի, բարերա՛ր Աստուած, օրհնեալ ի բարձունս,
Որ կենդանի ես եւ կենդանութիւն կտաս բոլորին.
Եւ մահից յետոյ էլ անեղծապէս կարող ես նորոգել:
Բ
Եթէ քեզանից փախչենք, դու մեր ետեւից կվազես.
Եթէ տկարանանք, կզօրացնես.
Եթէ շեղուենք, դու մեզ շիտակ շաւիղի վրայ կհանես.
Եթէ պատկառենք, կքաջալերես.
Եթէ հիւանդանանք հոգով ու մարմնով, կբժշկես,
Եթէ գարշանանք մեղքերով, կմաքրես.
Եթէ ստենք, քո ճշմարտութեամբ դու մեզ կուղղես.
Եթէ գլորուենք անդունդներ անտակ, երկինքը ցոյց կտաս մեզ.
Եթէ մենք չուզենք մեր կամքից դառնալ, դու կդարձնես.
Եթէ մեղանչենք, կողբաս, եթէ արդարանանք, կժպտես.
Եթէ օտարանանք, կսգաս, եթէ մօտենանք, կտօնես.
Եթէ տանք, կընդունես, եթէ դանդաղենք, կհամբերես.
Եթէ մենք ապերախտ լինենք, դու առատապէս կշնորհես.
Եթէ թուլանանք, կտրտմես, եթէ արիանանք, կխնդաս:
Գ
Հարիւրերկուերորդ սաղմոսն օրհնաբան եւ հրաշագեղ սփոփում է սիրտն իմ վհատեալի.
Եւ աւետում է ինձ կեանքի մեծ յոյս, որպէս հաւաստիք անձիս փրկութեան.
Յաղթահարում է դեւերին բոլոր եւ բանսարկուին մատնում վարանքի,
Ինչպէս տէրունի խաչի նշանը պանծալի, բարեբախտ եւ հրաշափառ,
Անխոնարհելի բարձրութեամբ լուսո եւ անպարտելի զօրութեամբ վերնոյն
Ախոյան է նա կանգնել անհողդողդ անշարժելի յաւերժ-յաւիտեան
Ընդդէմ բռնութեան անբարեբարոյ Բելիարի:
Նա ունի իր մէջ գիտուն, հետամուտ մտքերի համար հոգեշահ գանձեր,
Որոնք բերում են մահուան` պարտութիւն, մեղքերին` լուծում,
Կրկնակի յոյսեր` ա՛յս եւ անվախճան կեանքերի համար,
Եւ արդարներին` անեղծանելի նորոգման խոստում,
Բարեհրաւէր եւ կենդանատու կանոններ` գրուած Աստծոյ հոգով:
Եւ ոչ միայն այդ, այլ բոլոր երգերն էլ սաղմոսների`
Մի-մի կտակ են մարդկութեան համար կենդանագրուած,
Որոնք, արդարեւ, մաքուր սրտերին են տեսանելի:
Դ
Նախկին օրէնքը, որ նոր օրէնքի օրինակն էր թոյլ,
Որպէս առաջին անգամ տեղ հասնող մեծ աւետագիր կեանքի կործանման`
Երկնակրօն, վերնակենցաղ եւ մի՜շտ անճառելի կեանքի աւետիս
Ու վստահութիւն էր պարունակում,
Եւ սակայն գրուածքն այդ
Ջնջելի էր եւ նրա օրինակն` այլայլելի.
Յուսահատ յանցաւորներին դատապարտելու պաշտօն ուներ նա,
Երկրային մի կտակ էր այն խափանելի եւ տկար միջնորդ հաշտարարութեան,
Եւ որով` խօսքերն աղօթողների անկատար էին:
Այդ մասին ստոյգ վկայում է փրկութիւնը Մանասէի`
Նրա այնքան շատ եւ անբուժելի վէրքերից յետոյ.
Նա, որ արդարների արիւնով լցրեց մեծ թագաւորին նուիրուած
Հրաշանուն քաղաքն հայրենի, ըստ մարգարէագիր անսուտ պատմութեան:
Նա, որ տեսանողներից մեծին իսկ` բազմերախտ պաշտպան իր դաստիարակին,
Նախնակերտ յարկի տեսչին սղոցեց մահուան մեքենայով,
Եւ մարմինն երկու կտոր անելով` մաշեց դժնդակ չարչարանքներով,
Ապստամբութեան խորհրդով կտրած փրկանակն յոյսի:
Դրա հետ մի այլ չարութիւն էլ նա գործեց մոլեգին.
Ընդդէմ բարձրեալի հանդգնեց մղել նա քրէական մի աստուածամարտ,
Քանզի չամաչեց երբէք` արարչի պատիւն ու անունը իւրաբնակ խորանից մերժել,
Եւ հալածելով Աստծոյ հոգին` ինքը Բելիարի հետ համաձայնեց:
Քանզի նոյն այդ տաճարը տիրական` արարչի խնկարկութեանը սահմանուած,
Երկրային հռչակաւոր հանդիսատեղին, ազգերին սարսափ ազդող սրբավայրը,
Որտեղ տեսիլներն հրեշտակային եւ աստուածային հրամաններն յաղթող`
Լուսաւոր, պայծառ յայտնութեամբ էին ծանուցւում,
Այդտեղ, այդ երկնանման, սքանչելատես վայրը ահազդու քարուքանդ արաւ
Եւ քառադիմակ ու նախանձարկու
Քեւան անունով մի կուռքի համար
Նա յոյժ գարշելի պաշտօնատեղի ու դիւաճենճեր զոհարան դարձրեց:
Զրկելով երկնաւոր թագաւորին իր կեանքից արքայական,
Ամենահարուստին իր ստացուածքներից թափուր թողնելով,
Եւ տանուտերին արած անհանգիստ ու տատանեալ թափառական`
Բեեղզեբուղի ձեղունը նկարազարդեց եւ ահեղ անունը վտարեց նրանից.
Գերի վարելով զովեալի աւանդը, ողբալի կերպով նուազեցրեց ողորմածի մասը.
Լոյսի սրահը ապարանք շինեց փոքր աղուեսի համար
Եւ ամէն ինչ ունեցողին ոչ իսկ մի տաղաւար թողեց` իր գլուխը դնելու.
Հզօրի ցանկապատը քանդելով`
Արեամբ սրսկուած սեղանն այն մեծախորհուրդ
Հատկացրեց բախտագուշակութեան ու հմայութիւնների:
Լայն ճանապարհներ բացեց բազմաթիւ` գայթակղումների համար,
Դառնալով ինքը կորստեան հովիւ սատակման հօտին
Եւ մոլորութեան բուռն վարդապետ.
Եւ այդ բոլորը նա արաւ, գիտենալով հանդերձ կրօնի օրէնքները ողջ
Եւ ունենալով Դաւթին նմանակից հայր` մեծ Եզեկիան:
Ե
Այսպէս, նա այնքան չարիքներ գործեց, որ մինչեւ անգամ պատիւն Աստծոյ,
Որն արքայական փառք ընծայեց նրան, հայհոյեց ու թշնամանեց,
Եւ սրախողխող սպանեց բազում աղօթողների:
Եղաւ նա ընտանի դաւաճան, մերձաւոր վատնիչ,
Հարազատ սատակիչ, մեղսակից սպանող:
Չէր կարող դառնալ նա Աստծուն կրկին, զի ուրացել էր նրան.
Չէր կարող յիշել Աբրահամին, զի խորթացել էր նրանից.
Չէր կարող Իսահակով աղօթել, զի նզովուած էր նրանից.
Չէր կարող Իսրայէլով պարծենալ, զի տարագիր էր այդ մեծախորհուրդ կոչման շնորհից.
Չէր կարող դաւթեան երգը երգել, զի կշտամբիչն էր նրա.
Չէր կարող մօտենալ քաւարանին, զի պղծել էր այն.
Չէր կարող ապաւինել աստուածագիծ տապանակին,
Զի այն գարշելի ձուլածոյի հետ էր փոխանակել.
Չէր կարող Մովսէսին դիմել, զի անքաւելի էին իր մեղքերը նրա հանդէպ.
Չէր կարող աղաչել Ահարոնին, զի յանցապարտ էր նրա առջեւ:
Չէր կարող դիմել մարգարէների խմբին մերձաւոր, զի նրանց սպանողն էր նա:
Սակայն եւ այնպէս նրա մեղքերին քաւութիւն եղաւ
Եւ արքունի իշխանութեամբ դարձեալ պարգեւատրուեց,
Որպէսզի քեզ համար, ո՛վ բարերար,
Սերնդէսերունդ եւ դարէ ի դար գովեստներ անճառ եւ անլռելի աւելացնես դու,
Եւ դարպասն յոյսի` մտնելու համար միշտ անփակ պահես,
Ի փառս քո բարձրութեան եւ ի փրկութիւն դատապարտեալիս,
Ո՛վ անմահական պարգեւների տուիչ Քրիստոս,
Գովեա՜լդ յաւիտեան. ամէն: