Harutin » 09 апр 2010, 01:12
ԲԱՆ ԽԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Բարձրեա՜լ, հզօր, անսկիզբ, ահեղ, անբովանդակելի,
Ա՜չք աննիրհելի եւ ամենատես, ծնող անքնին փառքով միածնիդ.
Երկնաւորների եւ երկրաւորների առջեւ ճշմարտի՛ր քո ողորմութիւնն իմ նկատմամբ.
Տօնի՛ր վերապրումը կորուսեալիս` վերնականների պարերգութեամբ.
Օրհնաբեր խօսքովդ աւետարանի՛ր կենդանութիւնը մահացեալիս.
Յայտնի՛ր քո կամքի բարեբաստութիւնը, գովեա՜լդ բոլոր արարածներից.
Ստացի՛ր անճառ անուն քեզ համար, իսկ ինձ թշուառիս` նորոգ փրկութիւն.
Կորցրո՛ւ մեղաւորիս ամբաստանութեան մուրհակի գիրը.
Մահավճիռը հոգուս ջնջի՛ր դու սիրելի որդուդ արեան կայլակով.
Վստահութիւնը բարի փրկութեան`
Քրիստոսի արեամբ նկարի՛ր իմ մէջ.
Բարեգթութեանդ հրաշքները ցոյց տուր հարսանեաց ճաշկերոյթում քո հարազատին:
Մի՛ փակիր քեզ դիմողիս դէմ սրահի առագաստը քո կենաց տան.
Մի՛ բաժանիր ինձ բազմականներից եւ քո բարիքներից մի՛ զրկիր.
Մի՛ պահիր գանձարանիդ մէջ մեղքերն իմ նիւթած անօրէնութեան.
Մի՛ կնքիր բարեմասնութիւններիդ քսակում գարշութիւնն իմ զազրութիւնների.
Մի՛ ծածկիր երկար` վէրքերն իմ մեղքերի` ախտալից մարմնիս մէջ.
Մի՛ դարձնի ինձ տնկակից մահամնա նեխուածքն ու փտութիւնն իմ ցաւերի,
Այլ քո ողորմած խօսքով վերացրո՛ւ ժանտութիւնն ապականիչ,
Որպէսզի ազատ հիւծող ախտերից` առողջութեա՜նը պատրաստուեմ.
Խորապէս խոցուածիս համար ճարի՜ր զօրաւոր սպեղանի, ո՜վ գթութեանց հայր.
Տո՛ւր բարի այցելութիւն կարեվեր կործանուածիս, քանզի քոնն եմ ես, ո՜վ ոգեսէր Տէր:
Եթէ մինչեւ իսկ բիւր հեղ մեղանչեմ, դարձեալ մեղաւոր չեմ համարուի,
Ապաւինելով քո կենսապարգեւ շնորհին, ո՜վ բարերար իմ եւ կեանքի տուիչ.
Զի քեզ ճանաչելը կատարեալ արդարութիւն է,
Եւ զօրութիւնդ գիտենալը` անմահութեան արմատ.
Ինչպէս որ առաջուց իմաստունն է գրել.
Եւ դարձեալ այսպէս է ասում նա.-
"Տիրում ես բոլորին, դրա համար էլ խնայում ես սրանց".
Եւ նմանապէս` "Կարող ես դու միշտ, երբ էլ կամենաս":
Բ
Յուսատու աղերսն այս` Սողոմոնի` օրինակ եմ ես առնում ինձ համար,
Զի ոչ ոք, քան նա, ինձ զուգաշաւիղ` չեղաւ բազմամեղ.
Երբեմն որդի` յետոյ ատելի.
Երբեմն միջնորդ խաղաղութեան
Աստծոյ ժողովրդին,
Եւ յետոյ խտրոց պառակտիչ` բազում խռովութիւնների.
Երբեմն կեանքի օրէնքը եղած եւ ապա փոխուած մահուան մուրհակի.
Երկնաւորի պաշտումն ընդոտնած, եւ օտարի անունը ճանաչած:
Անտեղի ցրող, անկարօտ զրկող, անսովելի գող,
Շոյուած տրտնջող, փափկացած փախստական, խրտնած սեղանանենգ,
Պապանձեալ վնասապարտ, քաղցրասնոյց հայհոյիչ, հայրատեաց զաւակ,
Կտակարանների մատնիչ, Մովսէսի դէմ չարախօս,
Երախտիքներ մոռացող, սխալական իմաստուն, ամենագէտ յանցաւոր,
Ամօթապարտ զղջացած, տարակուսեալ աշխատող, աղօթաւոր կռապաշտ,
Դարձի գալու մէջ դանդաղկոտ եւ ընդունուելու` երկմիտ,
Կասկածաւոր հաշտութիւն, ապառնի յուշարար, երկբայելի փրկութիւն,
Անհաւատալի գիւտ, մեծութեան մնացորդ,
Խարդաւանուած գերի, կիսակտուր պրծած, կամաւոր անձնամատնիչ,
Տմարդի յղփացած, բազմավրէպ հանճարեղ:
Նա ինքն իր մասին ասածների մէջ դրել է երկու տարբեր զգացում` իրար հակադիր
Ինքնակամօրէն կորստեան համար.
Արգահատանքի եւ երգիծախառն լացի խօսքերով`
Ամէն տեսակի բարելաւութեան թելադիր է նա,
Այն ինչ իր կեանքի խոտորումներով
Բոլոր շուրթերին պատճառել է խոր թախծալի թառանչ:
Գ
Զարմանում եմ ես եւ յուսահատւում տարակուսեալ ապշութեամբ,
Զի եթէ նա այնքան գայթեց, յապա ի՞նչ պիտի պատահի ինձ:
Ինչպէ՞ս ընկաւ բարձրացածը,
Ինչպէ՞ս սասանուեց հաստատուածը,
Ինչպէ՞ս կործանուեց կառուցուածը,
Ինչպէ՞ս օտարացաւ ճանաչուածը,
Ինչպէ՞ս կատաղեց զաւակն ընտրեալ,
Ինչպէ՞ս հեռացաւ մերձաւորը,
Ինչպէ՞ս աղօտացաւ փայլողը,
Ինչպէ՞ս պատանդուեց ազատուածը,
Ինչպէ՞ս անօրինացաւ ուսուցիչը,
Ինչպէ՞ս անշքացաւ հռչակուածը,
Ինչպէ՞ս անարգուեց փառաւորուածը,
Ինչպէ՞ս փոքրացաւ մեծատունը,
Ինչպէ՞ս ամբարշտացաւ բարեպաշտը,
Ինչպէ՞ս գոռոզացաւ ընտրեալը,
Ինչպէ՞ս ունայնացաւ պատարունը,
Ինչպէ՞ս խզեց նա իր ուխտը բարձրեալի հետ:
Ամաչում եմ ասել, թէ նաեւ սանդարմետականի հետ կապուեց:
Ի՞նչ ուներ նա կուռքերի հետ եւ ուսկի՞ց նրա սէրը պատկերներին.
Ինչո՞ւ կամակցեց խտրականութեանը,
Ինչպէ՞ս չյիշեց Սամուելի յանդիմանութիւնը Սաւուղին,
Թէ` "Հմայութիւնները մեղք են, եւ մարդակերպ կուռքը պատճառում է ցաւ ու նեղութիւն":
Ինչպէ՞ս չյիշեց նա յանդիմանութիւնը հայրենի,
Թէ` "Հեթանոսների կուռքերն անշունչ դեւեր են,
Եւ նրանց նման են լինելու պաշտողները նրանց":
Մովսէսն ինքն է առաջինը ծաղրում եւ ամբաստանում սաստիկ, ասելով -
"Տէրն էր միայն առաջնորդում նրան,
Չկային նրանց հետ օտար աստուածներ, որոնց չէին ճանաչում նրանց հայրերը":
Դ
Ո՞ւր է մահատու այլանդակ արձանը Փագովրի,
Ո՞ւր սիդոնացոց տխեղծ, անպարկեշտ եւ ամենանզովեալ իգական ձուլածոն,
Ո՞ւր անգրելի խայտառակութիւնը զազրակերպարան կանացի սեռի,
Որին անխտիր եւ անասնօրէն անձնատուր բոլոր մարգարէները պիղծ պաշտամունքի`
Նուիրւում էին մոլի անաստուածութեամբ յանուն չարութեան անժուժկալ դեւի:
Կինը, որ նախահօրն ի կորուստ որսաց,
Տարաւ ե՛ւ նրա բարեբաստութեան ստացուածքը ողջ.
Մեծութիւնն յաղթեց մտքի առաւելութեանը,
Գոռոզութիւնը գերեց նրան, եւ փափկութիւնն յիմարացրեց,
Ստրկացնող արծաթը նրան կառավարեց,
Կործանարարի հինաւուրց զէնքը խոցեց խորապէս մարդուն տօնելի,
Աստծոյ գրկից հանելով նրան` ստամբակի ոտքերի տակ գլորեց.
Մեղկութիւնը մեռցրեց նրան, ծուլութիւնը թմրեցրեց,
Շվայտութիւնը հարբեցրեց նրան:
Ո՜վ դիւրապատիր մարմին երկրածին, ի՞նչ ողբ ու կոծով աւաղեմ ես քեզ.
Քանզի ոչ միայն նրան են վերաբերում բանադրանքներն այս,
Այլեւ կամովին սխալուողներին եւ մոլորուողներին բոլոր:
Ուստի եւ ահա պէտք է իմանաք այս օրինակով,
Թէ անօգուտ է պարծենալ մարմնական իմաստութեամբ,
Եթէ Աստծոյ դատելով ընտիր չհամարուի ոք:
Այնպէս որ, եթէ մէկը մինչեւ իսկ յիմար էլ լինի, բայց յոյս դնի ստեղծողի վրայ`
Նա զերծ կմնայ այն չարիքներից, որոնց Սողոմոնն եղաւ ենթակայ:
Ե
Բայց Սողոմոնն ունի ինքնապարսաւ կշտամբանքով լի
Եւ սաստիկ քստմնելի` դարձի մի յիշատակարան,
Իբրեւ մէկը, որ մեռցրել է իր մէջ անձնասիրութեան աշխարհը համայն,
Որն, եթէ ուզենք ճիշտը նկատել,
"ունայնութիւններով" է իմանալի.
Այլեւ մատեանով քահանաների եւ սիլոնացի Աքիայի Գրքով,
Որի մէջ նա իր անցած ողջ կեանքի դառնութիւններն է երգում արցունքով.-
Զուր ջանք, անօգուտ վաստակ, անմիտ հետեւանք, անշահ արշաւանք,
Անկայուն գործեր, օտար խորհուրդներ, սին հոլովումներ,
Բամբասելի բերք, անճիշտ կարծիքներ, սնոտի սերմեր,
Աւազափուլ շինուածքներ, ապականացու ստացուածքներ,
Քամահրելի տաժանքներ, ինքնամարտ կռիւ, իր ոգու դէմ դատ,
Ընդունայն քրտինք, վնասակար փափագ,
Կորստեան շաւիղ, վրիպակ ճանապարհ,
Կործանարար կրթութիւն, մոլորոպատիր վարժութիւն,
Մշտասխալ տեսողութիւն, ակնահայրատ պչրանք,
Պոռնկատիպ կերպարանք, ախտաբորբոք նիւթ,
Դժնատեսիլ գոյն, հոգնատխուր գեղ,
Սաստիկ մրոտ ծուխ, ցնդելի շոգի,
Աւարի վաճառք, քանդելի տաղաւար,
Ի զուր աղաղակ, անառիթ ծաղրանք,
Արհամարհելի ասպարեզ, անձնավաճառ գիր, սատակչական ելք,
Անաստուած մտածմունք, ստայօդ ճառ,
Զայրացուցիչ զրոյցներ, եպերելի խծբծանք,
Խելագար խոյզեր, ամօթանքի ցոյցեր, խայտառակ յայտնութիւններ,
Ապառնի անառակութիւններ, ապաշաւելի արարքներ,
Ըմբոստների պատմութիւն, ծոյլերի օրինակ, խորխորատ ծածուկ,
Որս խաւարային, մահագուշակ վիհ, անյատակ անդունդ,
Ուղեկցութիւն սպանողներին, յիմարական բարբաջանք,
Դարանակալների վայր, խարխուլ յարկ,
Սասանած շինուածք, խախտուած կամուրջ,
Խուսափուկ երեւոյթ, խաբող շողոքորթ, անոպայ մատնիչ,
Հակառակութիւն ընդդէմ բարձրեալի:-
Խոստովանական խօսքերի բոլոր մասերն այս որպէս կանոնադրութիւն
Ժողովողն ինքը նախասերմանեց բոլոր,
Զղջումով դարձի եկողների սրտում,
Որպէսզի մարդկանցից ոչ ոք չպարծենայ` բամբասանքների նետերով զինուած`
Իր անձը եւ իր ընկերոջը խոցոտելով.
Զի կռապաշտ է նա, ով քողով է ծածկուած կեղեւի տակ
Եւ ստեղծողին անախորժ գործեր է կատարում:
Զ
Եւ արդ, նա, որ այնքան չմեղանչեց, որքան զղջաց,
Թող չպախարակուի իսպառ, այլ այդպիսին ի բարին յիշուի,
Իբրեւ հիմք յուսադրութեան բոլոր նրանց, ովքեր տէրունական ոտքին դիմեցին,
Երբ աստուածութեամբ անբաժանելի նա դժոխքն այցի իջաւ իր հոգով`
Կենսագործելու այնտեղ խոստովանողներին,
Որով մեռեալները կենդանիներիս բերին աւետիս անտարակոյս:
Եւ ես յանցապարտս, որ հասու չեմ նրա իմաստութեանը,
Բայց մասնակից եմ եղել նրա մեղքերին,
Աղոթում եմ արդ նրա հետ ահա եւ բարեբանուած մեծիդ պաղատում:
Լցրո՛ւ դու համեստ շարադրանքն այս իմ այն երջանիկի հանճարեղութեամբ,
Թախանձանքներս թող որ խառնուեն այն յոյժ աշխատող արքայի աղերս-աղաչանքներին
Եւ դառնան թող որ մեծարանք առ քեզ:
Խնդրանքներն այս իմ մի՛ թողնի անտես,
Ինչպէս խնդրանքներն վեհ արքայորդու, որ իբր օրինակ տուիր միածնիդ:
Եւ մենք արենակցին նրա` փառակցիդ ճաշակեցինք:
Տո՛ւր փրկութիւն քո ծառային, ամենահնար, զօրեղ, ահաւոր,
Եւ աւելացրու փառքն ստեղծողիդ`
Ջնջելով նրա մեղքերն անքաւելի:
Յիշելով բարի խորհուրդները նրա, ողորմեալների հետ նորոգիր նրան,
Որ ամենահամեղ, ախորժաճաշակ եւ բազմապաճոյճ առակագրութեամբ
Աստուածութիւնդ քարոզեց եկեղեցուն ընծայուած լուսազարդ իր մատեանում,
Ցոյց տալով բարի ճամփան բոլորին,
Դէպի քեզ գալու խոստովանութեամբ,
Հա՜յր ամենեցուն:
Նրա այս խօսքերն ապացուցում են, թէ հեռու չէր նա ողորմութիւնից,
Եթէ եռանդուն նրա սրտի մէջ յուսահատութիւն կաթած չլիներ,
Որ եւ զղջումի աճապարանքը փոքր-ինչ կասեցրեց:
Է
Արդ, ի յուշ բերելով բարեմասնութիւններդ անճառելի,
Ողջունի՜ր գթութեամբ եւ քո երանութեանն արժանացրու դարձեալ
Դարերից ի վեր մեղադրանքների քարաձգութեամբ խոշտանգուածին,
Որ առատահոս արտասուքների վտակներով
Իր խրախճանքների ապարանքի յատակը հեղեղեց սաստկակսկիծ ապաշաւութեամբ
Եւ ողորմելի հոգու հեծութեամբ հօր հուզումներին գերազանցեց:
Արցունքներն այդ քո դու երկայնամիտ ներողութեամբ
Միացրո՛ւ ու խառնիր, գթա՜ծ, միածնիդ արցունքներին,
Որ մեր մարմինն առնելով կրեց բովանդակ մեր վշտերն իր մէջ:
Անվաւեր կերպով նրանը կարծուած սաղմոսի բարեբանութիւնը ի փառս էակից որդուդ վճռելով,
Նրանով նրա՛ն եւս փրկիր քաղցրութեամբ աղքատների հետ,
Պուետիկոս մի բարեշնորհ,
Լիովին վարձք էր համարում իրեն
Սողոմոնի հետ միաբան ձայնակցութեամբ`
Նրա համար իսկ աղերսել առ քեզ,
Որը եւ լրիւ` յաւելուածաբար յիշատակուած է յաջորդ տողերով:
Քանզի նրա յօրինած օստացու բազմահրաշ, մարգարէաճառ պատմագրութիւնը,
Որ աստուածութեանն է արդարացնում,
Հաստատում է, թէ Սողոմոնն արժանացաւ ողորմութեան:
Ապա ուրեմն նրա համար աղօթելն աւելի անպարսաւելի է, քան չարախօսելը:
Ը
Ուստի եւ ես եմ աղօթում ահա մեծ վստահութեամբ,
Նրա հետ մէկտեղ գոչիւնս ողբի քեզ ընծայելով.
Զի եթէ ըստ մեր գործերի դատես ու կորցնես մեզ`
Չի պակասի քո փառքը, քանի որ իրաւունք ունես դու,
Իսկ եթէ գտնես մեզ` կբարձրանաս այնքան, որքան վայել է քո մեծութեանը:
Զի դու յաւիտեան օրհնաբանելի ես
Ողորմածութեամբ, քան թէ սաստկութեամբ նախահրաման:
Դարձի՛ր, Տէ՜ր, դարձի՛ր քո խնամարկու գթութեան քաղցրութեամբ
Եւ սիրոյդ ձրի եւ ամէնառատ պարգեւներով սփոփիր մեզ,
Որ համանման անբժշկելի տագնապի տապով տոչորուած` տրտում-տխուր ենք յաւէտ:
Փրկարար ձեռքդ դնելով կրկին` նորոգի՛ր դու մեզ,
Քաւելով եւ պաշտպանելով մեզ մեղսակործան խորտակումներից:
Եւ քեզ` սկզբիդ միակ եւ անսկզբիդ,
Եւ սկիզբների սկզբնաւորողիդ`
Սուրբ Երրորդութեանդ եւ մի աստուածութեանդ
Փառք եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն:
