СТАНЬ VIP

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение Harutin » 15 окт 2010, 11:12

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Gohar Galstyan.jpg
Gohar Galstyan.jpg (10.28 кб) Просмотров: 642
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение Harutin » 15 окт 2010, 11:13

ԿԱՄԱՎՈՐ ԼՈՒՍՆԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ… ԼՈՒՍՆԱՉԻՐ


Փետրավոր ամպերի դեռևս խիտ ու արագավազ ընթացքի հաշվին՝ լուսինն արագորեն գլորվում էր։ Երևութական այդ տեղաշարժի մեջ՝ աչքին թոզ փչելու պես, իբր տապը մեղմացել էր… Իրականում՝ օդային հեղձուկը քո հևաշունչ արտամղումներից ավելի էր թեժացել...
Վիշապի երախից ելնող կրակը հողագնդի հակառակ երեսից դեռ հասնում է քեզ… քե՜զ ու լուսնի հայելուն, որ ավելի ու ավելի պայծառանալով՝ փետրավոր ամպերին հերթական ու վերջին հրաժեշտ տալուց հետո՝ վստահաբար կանգնելու տեղ է փնտրում… Գտավ։ Կկանգնի, երբ արդեն ցրված ամպերի վերջին եզրագիծը հեռանա տեսադաշտից ու ինքը անշարժ՝ գետի ձկան դեղին չռված աչքի պես մնա իր տեղում, իսկ տեղը՝ պարզ է, քո լուսամուտն է...
Այսքան շո՞գ է, թե՞ միայն դու ես էսպես տապակվում... Թե՞ դու էլ նոր ձեռքիցդ ցած դրած ամսագրի էջերին կարդացածդ եռեփելով այսպես շիկացար...
Չէ, մեղավորը լուսինն է...
Բայց երրորդ օրն է՝ սա էսպես գալիս ու կախվում է պատուհանիդ առջև. ինչո՞ւ մյուս օրերին էսպես չէիր տապակվում... (մի օր՝ մինչև լրվելը, լրված օրը և այսօր...)։ Թե՞ մյուս օրերին քամի կար... Ո՜չ էլ քամի կար, պարզապես էսօրվա օրն է ուրիշ... Գիրը քեզ մի բան հուշեց... հուշեց ու հորդորեց.- ամեն սխալ՝ ճիշտ է... Մեկը քեզ չի հասկացել, մյուսը չի ներում, որ էդ մեկը չի հասկացել, երրորդը՝ սրանց երկուսին ու քեզ չի ներում, որ էսքան հասկացված ես...
Չէ՛, դու չիրդ շուռ տուր... Թե՞՝ չէ... Էդ ինչի՞ ես ջոկողություն դնում արևի ու լուսնի միջև. շոգն էլ է նույնը, սկավառակի չափն էլ, ինքն էլ պտտվում-պտտվում, էլի՜ գալիս լուսամուտիդ է դեմ առնում...
Ամբողջ առավոտ արևին հետախուզում ես՝ ծիրանի արևաթուշ երեսները խաղաքարտերի պես շրջելով՝ օրվա ՙչէ-հա՚-ն ու ձմեռվա բախտդ գուշակելով... Ձմռանը կհյուրասիրես ու կհիշես։ Էս օրն ու էս լուսինն էլ կհիշես...
Չիրդ բեր լուսամուտի մոտ… Տեսնես էլի մեկի մտքով անցե՞լ է լուսնաչիր սարքել...
... Շենքի բակում՝ բարձունքից աչքիդ նվազող, սեղմվող ստվերների տեղաշարժը հիշեցնում է, որ ամառվա տապին գիշեր ու քուն չկա... շատ-շատ՝ թմբիր-մրափ, որ հաջողության դեպքում ցերեկով է պատահում։ Վերելակն էլ նույնն է հաստատում. Ցերեկն ալարկոտ կատվի պես հարկերից մեկում կլռվի ու կմնա... Պիտի գնաս-գտնես, համոզես ու հրավիրես, թե՝ արի ինձ հասցրու իններորդ հարկ, մինչդեռ՝ ոտքերդ տրաքացնելով արդեն յոթերորդում ես… ու չգիտես՝ դիմես-չդիմես… սա էլ՝ նազ գալով բարձրանում է, վերջում էլ՝ դռները շխկոցով ետևիցդ փակում, թե՝ ՙգնա… էս էլ՝ դու... քե՜զ էլ տեղ հասցրի՚... Հիմի աշխուժացել է, հռնդյունով բարձրանում ու լճացող գիշերվա գոլորշի արձակող լռությունն է ճեղքճեղքում...
Կեսօրին հազիվ հասար կենտրոն, շոգից ասֆալտը հալչում էր, կրունկներդ խրվում էին ծամոնի պես կպչուն, դժոխային սև զանգվածի մեջ։ ՙՏեսնես էս ո՞ր մեղքիս համար են գետնի տակից ինձ քաշում՚.- չհասցրեց անցնել մտքովդ, երբ մի դիվային մեքենա՝ սև ապակիներով, պտտվող սղոցի պես կտրեց-անցավ՝ ձայնային ազդանշանի իր ողջ հզորությամբ նախորդ մտքից քեզ պոկելով ու... փեշերիդ քսվելու հետ՝ երկինք-դժոխք ընտրության առջև իրապես կանգնելու մեծ հավանականությամբ հիշեցնելով, որ կենտրոնի հարազատ, ակտիվ երթևեկը քո նոր՝ հեռավոր բնակավայրի խաղաղ շարժը չէ... Մոռացե՞լ ես։ Էդ ինչպե՞ս եղավ, որ մի ամբողջ կյանք կենտրոնում ապրելուց հետո՝ մի ամսվա աշխարհաթող, խաղաղ հանգրվանդ (արվարձանի մատույցներում) քեզ մոռացնել տվեց շարժուձևդ, ... իսկ էս քայլերդ՝ անփութությունից չէ՝ արվարձանում չիր չորացնողի միամիտ ու շփոթ քայլեր են...
Ինքդ քեզնից գոհանալով ուզում էիր գիտակցել բարձրակրունկ կոշիկն արհամարհողի ու թեթև բոկոտիկներ նախընտրողի գործնական շրջահայացությունդ... Էդ ՙսոլերո՞վ՚ էիր կանգնելու Աստծո դատաստանի առջև... Չէ՛, ՙսոլերը՚ շատ չափազանցված ես ասում. ինչ խոսք, էսօր դա հագնողը չէիր, թե վերելակի խաղացած օյինները, որպես դառը դաս, աչքիդ առջև չունենայիր։ Ժամադրվածի պես՝ յոթերորդ հարկում էլ սպասում էր...
... Բարձրացող վերելակի ձայնը դռանն է հասնում։ Տեսնես ո՞ւմ դուռը կթակեն... Չէ՝ ի՞նչ թակոց, իհարկե կզանգեն... Թակոցը քո կենտրոնի տանն էր, բակում ու փողոցում, ուր իսկի թակելն էլ էր անտեղի. դուռը մեկ է՝ բաց էր լինում… բոլորի առջև, օրվա բոլոր ժամերին...
- Ո՞վ է...- զարմացած հարցնում ես։ (Էս գիշերվա հազարին՝ հե՜նց էլ քո դուռն է...)
Դիտանցքից բան չես հասկանում, միջանցքում լույս չկա։ Չեն պատասխանում։
- Ո՞վ է,- կրկնում ես։
Էս անգամ թխկթխկացնում են դուռն ու հորդորում.
- Ես դիմացի մուտքից եմ, ձեր լուսամուտն իմին է նայում։ Դուք վառ կանաչ խալաթով եք, երեք օր է ուղիղ ինձ եք նայում ու ինչ-որ բան եք գրում. մեկ-մեկ էլ ինձ ժպտում եք... Երևի ինձ նամակ եք գրում... Տեսա, որ ձեր լույսը վառ է, ու դուք նույն տեղում՝ ինձ նայելով գրում եք...
... (Ա՛յ քեզ կրակ)։
- Եթե դուք ամաչում եք խոսել, ես չեմ քաշվում։ Իմ անունը Լյովա յա...
- Գնացե՜ք՝ լավ,- ասում ես ներսից,- դուք սխալ եք հասկացել, ես լուսնին եմ նայում... իսկ գիրս... ես գրող եմ...
- Էդ ո՞վ է,- թիկունքիցդ հարցնում է զարմացած ամուսինդ, որ քունն առել ու վեր է կացել, կիսամերկ կանգնած է կողքիդ...
- Հեչ... Լյովան ա...- ասում ես ու դռնից հեռանալով, մոտենում ես լուսամուտին...
... Բաց դռան ետևում վերելակի դռները շխկոցով փակվում են, ու արդեն անջատված լուսամփոփիդ կողքին, անմեղ-մեղավորի ծիսական հանդիսավորությամբ, մեկնվում ես՝ քո նոր կացարանից, շիկացած լուսնի կանչող հայացքին ընդառաջ, ամուսնուդ հետ դեպի երկինք նավարկելու ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение Harutin » 15 окт 2010, 11:13

ՆԱՄԱԿ ԱՆՏԱՌԻՆ


Մի օր սկսվել է. սկսվել է Ամանորի նախաշեմին։
Օդի մեջ կախարդանք է եղել ու սովորական խոսքերն անգամ հնչել են Արարչի Մեծ Գովաբանությանն արժանի՝ անկալանելի ուժով…
Այդ ե՛րբ է եղել…
Մի օր հավատացել ես՝ այլևս ընդմիշտ այդ հավատն ունենալու և փայփայելու վճռականությամբ… (Ափդ են ջերմացրել, կամ հայացքիդ մեջ լույս են կաթեցրել)… Փոքրիկ իշխանին ունեցել ես՝ վերջ…
Ճանապարհն անվերջ է եղել. Անտառդ միջնորդվել է պատերով…
Ճանապարհ ընկիր։ Ճերմակը չընդհատես… Գնա՜, մխրճվիր սրտի մեջ ձյուների։ Անտառի կանչը լսիր… ու խճուղին երիզող՝ բաց քամու դեմ մերկացած-թաղկած ծառերի ուրվագիծը թող հուսախաբ չանի… Այն ընդամենը ուղեկից թող լինի դեպի կուսական փարթամած անտառ…
Հասի՛ր կանչողին։
Մի՜ խլացրու լսողունակ զգայնությունդ… Կույրերի նման ականջդ դիր սրտիդ… Խուլ չձևանաս, երբ հասնես անտառ… Հավկուրության դեմ հուշի ապակին բիբերիդ կառնես անտառում արդեն…
Գրկիր ծառերին, կարոտիր նրանց… Ուր որ է՝ նրանց սիրտը կպայթի… ո՜չ քոնի նման… Քոնի՜ց ավելի…
Ասա՝ ծառ եմ… ու կողքներին կանգնիր… Վազիր ծառերի գրկին ընդառաջ, մտերմացիր քամու հետ. (նա միշտ ավելին գիտի, քան ձևացնում է)…
Ամեն բան մի օր սկսվել է… (Նույնիսկ ա՜յն, ինչը քո մեջ է եղել ու քեզնից հեռու)։ Չգիտենալդ ոչինչ չի նշանակել (միշտ չէ, որ հենց գիտցածն ու եղածն է իրականը)… Մի օր սկսվել է, չէ՞ Ամանորի նախաշեմին.
Ցուրտ ու ցեխոտ քաղաքը, մարդաշատ փողոցներն ու մերձտոնական մարաթոնը քեզ անտառ են թվացել… Գլխիդ տեղացող հոգսերը սագի պես լայն ժպտացել են... առատ, մեծափերթ փաթիլների պես, երկնքից թափվող տաք ձյունի նման, վարսերիդ առել՝ երջանկացել ես…
Թե լուսամուտի փոքրիկ փեղկի մեջ ի՛նչ հրաշքով էր ամբողջ աշխարհի ձյունը ամփոփվել՝ կասես, երբ ասես՝ մի փոքրիկ դռնով ինչպես ներս մտավ ամբողջ մի անտառ… Հետդ բերեցիր…
Կարոտը խաղ չէ… Այն լսողունակ մեր զգայնությունն է, որ անտառ է ու նրա պես դողում է Կարմիր գրքի անունը լսելիս… Ճերմակ գի՜րք եղիր…
Ամբողջ անտառի ձյունը վարսերիդ՝ քամու խաղն է, որ պիտի երազես… Կանչիր ծառերին… Ո՛ո՛ո՛չ… վառարանի անունը չտաս։ Կանչիր անտառի ու քամու կերպով՝ նույն ամբողջությամբ, որով գրկեցիր կարոտն անտառի…
Թող արգելոցներ չլինեն երբեք. արգելոցի մեջ մահն է.- անտառի կարոտը արձակ կալանո՜ղ, լլկո՜ղ։ Արգելոցները ծնունդ չեն երբեք Ճերմակ գրքերի…
Ճերմակ գիրք մնա ու էջերիդ առ խոսքը անտառի.
… Անտառի համար նամակներ գրիր… Ու ամեն անգամ, երբ քաղաք մտնի շունչը տոնական՝ ծա՜ռ եղիր… Քամուն մեկ-մեկ վստահիր, ասա՝ ծառ եմ, ծա՛ռ… թող քեզ շշնջա բառեր՝ անտառից պոկված-ուղարկված…
Մինչև Նոր տարի…
Մինչ նոր կախարդանք…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение Harutin » 15 окт 2010, 11:14

ՄԱՐԻ ՆՎԱՐԴ


Բեմը արտիստուհու հարդարանքի սենյակն է. ձախ անկյունում` բեմական հանդերձանքներով կախիչ, ճակատային պատի հետ` վարագույր, ձախից` աթոռ, կենտրոնից աջ` հայելիով զարդասեղան, դիմացը` գեղաձեւ աթոռակ: Մտնում է Մարի Նվարդը:
- Փողոցն օտար էր, ճանապարհը` խորթ: Իսկ այստեղ, ահա, կարծես ամեն բան նույնն է, ավելի՛ն` սենյակի օդը անգամ չի փոխվել… Սենյակում պտույտ գործելու հետ, սեղանին է դնում թավշե քսակը, թիկնոցը հանում է` թողնում աթոռի թիկնակին:
- Չի¯ փոխվել. իրո՞ք… Մոտենում է զարդասեղանին: Ախ հա, այս վկան կերպարանքների, այս ամենատես աչքն է խանգարում, որ քեզ էլ մի պահ նույնը համարես…Հայելուց շրջվում է: Ո¯վ էիր, կամ` ե¯րբ: Հայացքի մեջ սենյակն ընդգրկելով:
- Այսքան ճշգրիտ... ու անիրական. ծանոթ իրերով` սովոր մի սենյակ, ուր ընդամենը բույրերի լեզվով` օդի հետ շո՛ւնչդ պիտի զրուցի: Իսկ դու փոխվե¯լ ես` ներսից ու դրսից… Ներսից` ավելի, ներսից` այլեւս անսրբագրելի…
Զարդասեղանից վերցնում է գրիմի տուփը, բացում-փակում է, դնում` տեղը:
- Այս կախարդական տուփի գույները դրսից թերեւս օգնեն համոզել նշմարելու այն, ինչը, ի վերջո, ներքին գծերով պիտի նույնանա դիմակումիդ հետ… Եվ գույների մեջ գիծը հագեցած կյանք կառնի մի պահ` քո դեմքի վրա լինելու, գուցե, վերջի՛ն դիմագիր… Գաղտնիքդ իր մեջ կամփոփի... Հիմա` դիմանալ է պետք... Նստում է հայելու առաջ: Դիմակի՛ր հիմա` դեմք ու դիմագիծ…
- Հարյուրապատիկ, բյուր հազար անգամ, նայել ես այսպես այս նույն ապակուն, բայց քո հարցումը առաջին անգամ պիտի աչքերիդ հայելին կոտրի. մի՞թե սա՛ ես դու: Խոնարհ աղջիկը մնաց ճաքերում ուրիշ հայելու… Հիմա` ավելի մորդ ես նմանվել: Հայացքդ մեղմող նրա ճակատն է, նույն շրթունքները..., ժպիտիդ ծայրից` ակոսները նույն... Սեղանի գզրոցից հանում է կաշվե կազմով մի տետր, կազմի տակից դուրս է բերում մոր լուսանկարը: Ա¯խ, իմ խեղճ մայրիկ… Ամփոփ խիղճն էիր Սուրբ Երրորդության, աստվածուհին քո երեք զավակի… Նկարը համբուրելու պես շնչել-հոտառելու հետ` դնում է սեղանին: «...Իր լուռ ցավերի գալարումի մեջ համբերանք առած` մի խեղճ, այրի կին..., որ չչարացա¯վ իր բախտի վրա…»:
- Տե՛ս, թե ուր հասար... Շրջվում է դեպի հանդիսականը: Գուցե` դու ի՞նքդ չարացար, ասա՛: «…Բայց ո՛չ, ես չար չեմ, եւ կարճ է, գիտե՞ք, պատմությունը իմ: Ո՞վ եմ ես,- ոչի՛նչ` դերասանուհի, որին դուք այսօր փայփայեք պիտի, իսկ վաղն, անկասկած, դեն պիտի ձգեք` ձեզ արդեն անպետք խաղալիքի պես…»: Տեղից վեր է կենում` քայլում է խաղարկելով: - Խաղալիքի պե՛ս, խաղալիքի¯ պես... «Իսկ չէ՞ որ ես էլ մայր եմ ունեցել…»: Զգեստի ծալքից հանում է շղթայով խաչը:
- Եվ հիշատակը իր խաչելության` սրտիս պահելով` պահել եմ իր հետ պատմություն մի հին, մի թա¯նկ առասպել… Խաչը ափի մեջ առած: Մա¯յր իմ, քո խաչը` Տիրոջ տառապյալ պատկերը վրան: Քայլ անելով: Տիրո՞ջ, ասում ես, (ձեռքի ափը ծալելով), ո¯հ, նաեւ նրա¯նց` իրենց տներում անտեղյակ քնած ողջակեզների…, (խաչը թաքցնում է) եւ այն ողջերի, որ երկար ու ձիգ չարչարանքի մեջ թշվառ գոյության օրեր ապրեցին ու հետո` մեռան...
- Աղե՞տ էր արդյոք, թե՞ դաժանորեն հաշվարկած թակարդ,- ինչո՞ւ, հատկապես, թաղը Բերայի հրով ճարակվեց:
Սեղանից վերցնում է տետրը: Բացված էջից, բայց անգիր կարդում է: «Հաճկատար լուսնի կքված-կեռացած հայացքի առաջ` լուսնադրոշը իր ողջակեզի զոհն էր մատուցում Ալլահի աստղին: Մաշկ ու եղունգի ճենճերոցի մեջ գիշերը թաղվել` բոցավառվել էր անսովոր լույսով, եւ խրախճանքի սեղանի վրա, կրակ կլլողի իր ախորժակը քիչ-քիչ մաշելով, խնայեր պիտի մոխիրը միայն…»:Հայացքը բարձրացնելով:
- Մի գիշեր, մի ժամ, ու Պոլսի սրտում` այրված կորագիծ` կնճռացող մի վերք… (Տետրի էջերի արանքից աննկատ սահում-ընկնում են երկու լուսանկար): Շարունակում է կարդալ: «Այսօր հիշեցի մարգարեական խոսքերդ, հայրի՛կ….»: Մտովի հիշել, կրկնել եմ անվերջ: «Չէ՞ որ, ոչի՛նչ է հեշտությամբ տրվում հայերիս, - ազգի՞ս,- հարցրեցի ես: - Տեսակի՛դ, դստրի՛կ, տեսակի՛դ…»: Հայացքը բարձրացնում է: - Ավա¯ղ..., հիմա` արդեն քե՛զ:
Կարդում է: «Անձրեւ է հիմա: Հիմա դույլերով անձրեւ է գալիս... Երկինքը` ճեղքել իր երակը մեծ` ջանում է մաքրել հրդեհի թողած փերթերը մրի... Փրկարար ջուրը` իր հողի վրա ցեխի լճեր է արդեն գոյացրել: Վրանների տակ անտանելի է: Աղետյալներին օգնություն բերված պարենը սուղ է... Հագուստի կարիք բոլորը ունեն... Հողը խեղդվում է,- խեղդվել է ներսից... ու ճահճանալով` հիմա, ակամա, մեզ է խեղդելու... Խեղդվում ենք արդեն ցամաքած խղճի այս ահագնացող անապատի մեջ…»: Գլուխը բարձրացնելով: - Չէի՞ր մնալու մեկ աղետյալը. ի¯նչ ուժ էր հապա` ուղեծիր տալով քեզ` առաջնորդեց…
Շարունակում է` էջը թերթելով: «...Ֆասուլաճյանը խումբ է հավաքում: Քույրս լուր բերեց»: Ժպտում է: «Լուր բերեց, որ մեզ կանչում են թատրոն...»:
- Թատրո¯ն… Սա` հիմա, իսկ այն ժամանակ` շրջիկ-թափառիկ տեսիլքի մի խումբ… Սա` քեզ մանկական խաղերից ծանոթ հնարանքներիդ` նոր, արդեն բացահայտ դրսեւորումն էր... Մոր նկարին նայելով` նստելով: - Սիրելի մայրիկ, դու այդ տեսիլքը սիրեցիր, սակայն, պարկեշտ օրիորդը, որ խաղալու էր բեմին` ամբոխի հայեցումի մեջ, կուզեի՞ր արդյոք աղջիկդ լիներ. օ¯, գիտե՛մ` չէի՛ր կամենա: Դժվար ընդունած որոշում եղավ..., միա՛կը նաեւ:
Գլուխը խոնարհած: - Մա¯յր, դու մշտապես եղար իմ կողքին... Իմ լո¯ւռ հրեշտակ: Իսկ ես` աղջի՛կդ, որ ընդամենը զարդն էր քո փեշի` փոքրիկ քո Մարին, այսուհետ պիտի կոչվեր ուրիշ կերպ` Մարի Նվարդ, կամ դե՛-րա՛-սա՛-նո՛ւ-հի՛… Ոտքի կանգնելով: «…Թատրոնի աղջիկ, ինչպես դուք հիմա անվանում եք մեզ… Բայց մենք ո՛չ մեկին չենք խաբում, իսկ դուք` աշխարհն եք խաբում: Օ¯, առաքինի մեծաշուք կանայք, որ հանդիսաքայլ եկեղեցի եք գնում` աղոթքի, ապաշխարությա¯ն... Պատռեցե՛ք քողը նրանց երեսից եւ պիտի տեսնեք, որ այդ քողի տակ դիմակ կա, այո, ու դիմակի տակ` սուտ խոսող բերան…»: Քայլ անելով: - Եվ ի¯նչ էր ասում, հիշո՞ւմ ես` հետո… Չե՞ս ուզում կրկնել խոսքերը նրա. «Իմ ի¯նչ գործն է, որ տիրուհի եք մեծ»… Թիզբեն կանգնում էր հայելու դիմաց ու ամուր շեշտով արտասանում էր. «Գեղեցի՛կ եմ` չէ՞, ե՛ս էլ ձե՛զ նման…»:
- Ո¯վ գեղեցկություն` ինքնահեղ վտանգ, օ¯, անօրինակ առաքինություն,- բնության զորեղ բնազդների հետ` նա՛խ պարկեշտությամբ օժտված մի կնոջ` դո՞ւ պիտի անվերջ կոչես զորանալ. ճանաչելով միշտ դեմքը վտանգի, ինքնամերժ հաճախ` պաշտպանելով քեզ, այդ ինչպե¯ս է, որ կարող ես գայթել հատկապես սիրո՛ որոգայթի մեջ... Քայլ անելով` նկատում է հատակի լուսանկարները: Վերցնում է:
- Բայց կաց: Չէ՞ որ դու սիրելի եղար հանդիսականին. եւ կողքիդ եղան աջակից ձեռքեր: Բարեկամներիդ ինչպե՞ս մոռացար: Նկարները սեղանին դնելով:
- Անուններ կան, որ` անզեղչ, անխավար լուսատուների պտույտ են մեր մեջ, եւ ահա, նրանց պտույտին է լոկ պարտական, գուցե, մեր հաջողության առանցքն ամրացող… Հենց միայն նրա՛նք իրավունք ունեն կրել դափնիներ` մեծարմա¯ն, փառքի¯... Կիսաքայլ անելով: - Հապա ապրո՞ւմդ... ու նվիրո՛ւմդ, որ ունեցել ես ամեն խաղի հետ` ամբողջ ընթացքին, երբ հերոսիդ հետ արյանդ հոսքին տրվել ես այնքան, որ քո գունաթափ դիմակումի մեջ` խաղընկերներիդ հուզումն ու անկեղծ տագնապն ես շատել… Մոտենում է կախիչին, վերցնում է մի պսակ: Պսակը խաղացնում է ձեռքի մեջ:
- Տակավին տասնութ տարեկան էիր, հերոսդ էլ քեզ պես` տասնութ տարեկան... Հյուրախաղերի ընթացքում ծագած խառնակությունը խռովել էր քեզ. վշտացած էիր, այնպե¯ս փշրված…, բայց մորդ պիտի քաջալերեիր, թե Աստված նոր դուռ կբանա` միայն աղոթել է պետք… Աղոթքի իջար` աղոթողի պես ծալված ծնկներով ու Քաթրինի հետ ապաշխարեցիր` ճիշտ նրա նման…
«… Թե գիտենայի, որ այս փոքրիկ, առանձնակյաց տան մեջ` այսպես, այս հեղձուցիչ պատերի մեջ պիտի մնամ,- կուզենայի մեռնել իսկույն… Երջանկությունը իմ միակ` մտքե՛րն են իմ, ցնորքներս` օ¯, անսահման հորիզոններ, եւ, լուսավոր սանդուղքներով` ես, միայնակ մնալուն պես, դանդաղաքայլ, կբարձրանամ մինչեւ երկինք..., հայացքս ետ դարձնելով իմ այդ ճամփին, մոռանալով ամեն չարիք…, փայփայելով անունդ ու քեզ...»:
Մոտենում է ձախակողմյան աթոռին: Նստում է, պսակը դնում է գլխին: Նայում է հայելու կողմը, որտեղ չի երեւում: Պսակը հանում է` դնում ոտքերի մոտ:
- Հաջողությունը փառքի պսակ էր ճակատիդ դրել, բայց ամեն ձեռնարկ Պոլսո մեջ հարկ էր, որ հավանության արժանի կոչվեր սուլթանի կողմից: Պարտադրված գորշության մեջ` պարտադրվող երկու վիճակ. սուլթանական մամլիչի դեմ` կա՛մ դյուրահաճ, կա՛մ կույր լինել: Մինչդեռ, մտքի թռիչքներից ոգեւորված` լույսի խաղն ու անցումները ճանաչողին արգելված չէ, կարծեմ, գունեղ երազելը... Նստած տեղից կանգնում է: Ձեռքը` կրծքին: Լույսը պայծառանում է:
«Դուք ծիծաղո՞ւմ եք ինձ վրա… Իսկ իմ սիրտն ինձ ասում է, որ իմ գեղեցիկ երազները կարող են մեկ օր կատարվել, մանավանդ որ, Մադրիդի մեջ ինձ շատերն են ճանաչում եւ, նրանցից մեկը շա¯տ զորավոր է` թագուհի՛ն…»: Քայլում է: «...Այո, շատ անգամ նա կանգնեցրել է իր կառքն ու երգս լսել է: Նա միշտ բարի աչքով է նայել ինձ, եւ, մինչեւ անգամ, արտասուք թափելը` տեսել եմ… Ահա¯, տեսնո՞ւմ եք, նա՛ է, ետ է դառնում ժամից: Գնամ, արտասուք հանեմ աչքերից…»:
Երգում է իսպանական երգից մի կտոր: Պարային շարժումով խոնարհվում է: Ափը բացում է, ափի մեջ ոսկեդրամ է շողում: «Կտեսնե՞ք, որչափ որ հպարտ ու փառասեր լինեմ, դարձյալ իմ արհեստով ստացած չնչինը ավելի շատ, ավելի ազնիվ կհամարեմ, քան թե ձերը…»: Քայլելու հետ լույսը պակասում է: - Քո Մարիտանան ապավինել էր կյանքը թագուհուն, իսկ դու` հավատիդ… Բայց կարելի՞ էր մի՛թե հավատալ, կամ ապավինե՛լ Կարմիր սուլթանին: Քո Մարիտանան միամի¯տ էր դեռ... Մոտենում է աթոռին, թիկնակից բռնած` կանգնում:
- Սուլթանական փետուրի մեկ հարվածով ու իսլամի կապույտ մելանով, Մաղաքյանի խումբն էլ ցրվեց: Նույն աթոռի վրա նստելով: Ադամյանի շրջիկ խումբն էր` խաղում էինք Խասգյուղի մեջ. եւ ամեն բացվող վարագույրի հետ` փոքրիկ սրահի քար լռությունը մեկ ակնթարթում բռնկվում էր նոր ոգեւորության ալիքի չափով` մեզ փոխանցելով հանդիսականի սերը` անմիջնորդ: Մարդիկ հրաշքի կարոտ ունեին` բեմի՛ հրաշքի… Կարոտ ունեինք եւ մենք` թե՛ բեմի, թե՛ հաղորդության… Ոտքի կանգնելով:
- Իշխանության «հոգացությամբ» արգելք դրվեց..., Վարդովյանի միջնորդությամբ` հիմնադրվեց ուրիշ թատրոն` «օսմանյա¯ն թատրոն»: Իսկ ավելի ճիշտ` արդեն ճանաչված դերասաններից` բոլորս հայեր, հավաքվեց նոր խումբ, որը ստիպված էր նաեւ թուրքերեն խաղեր բեմադրել` մեծացնելով թուրք հանդիսատեսի թիվը, որ` չտես ու միշտ վավաշոտ, պիտի ուզենար ավելին տեսնել, հագուրդ պահանջեր իր ահագնացող չտեսությանը..., անհնարինը` առիթ դարձներ առճակատումի... Քայլում է: Ցուցանքի միայն սովոր այդ մոլի հայացքների մեջ քո կերպարները` Ռաքել, քույր Թերեզա, Մարիամ, Կլոթիլդ, Էֆրոզինե կամ Բարոնուհի Էյքպուրկ,- նույնանում էին մե՛կ` անկարեւոր,- ընդամենը կի¯ն լինելուդ փաստով… Մինչդեռ, քեզ համար` այդ անուններից յուրաքանչյուրի ամեն վանկի հետ քո սրտի զարկն ու արյանդ հոսքի բաժինն էր ճշտվում… Մարին, որ ցավոք, միանձնուհու պես խեղդվեց քո ներսում, սիրառատ էր միշտ միմիայն բեմին: Սիրուց տակավին չէին ալիքվել հույզերդ, հոգիդ` քո վերապրումի, քո կերպարների անկեղծության չափ… Քայլելով: - Բայց եղավ այնպես, որ, սովորական մի չորեքշաբթի, բեմի ետեւից մեկը մոտեցավ ու ոգեշնչված սիրահարի պես` քեզ երկրպագեց... Նա՛, որ զմայլված դիտել էր խաղդ փորձի ժամանակ..., ինչպե¯ս էր հուզված ավարտից հետո…Կանգ է առնում: Քայլում է հակառակ ուղղությամբ:
- Թուրք էր ազգությամբ... Եվրոպայի մեջ ծնված, ուսանած` իրեն ազգակից ընկերների հետ եկել էր Պոլիս: Գրող լինելով` իբրեւ թարգմանիչ, կանչվել էր թատրոն… Վարդովյանը ներկայացրեց նրան` Շեմսեդին Սամի: Երբ ձեռքդ մեկնեցիր` եվրոպացու պես խոնարհվեց ու համբուրեց,- աչքերում` սակայն, վայրի մի կրակ տեսար, որ քեզ խռովեց: Այդ պահից իրեն վկայակոչեց քո խոնարհ ծառան, ավա¯ղ` հետագա քո հոգեհանը լինելու հաստատ վճռականությամբ…
Այդ երեկո դու խաղացիր Քույր Թերեզա… Եվ խաղացիր` ինչպես երբեք…
Ձախից մի լուսարձակ է վառվում, որի ստվերում պատին խաչ է գծագրվում: Ծունկի է իջնում: «Աստվա¯ծ իմ, ների՛ր մեկ րոպեի խռովքս… Աստվա¯ծ իմ, ներիր տրտունջս, բայց տանջանքներս վեր են…, վե¯ր են մարդկային ուժերից…»:
- Մեղավորի՛ այս զղջումը, մի՞թե, կյանքում հատկապես քե՛զ էր վիճակված: Աղոթում է: «Հա¯ յր մեր...»... Վերջին խոսքերի հետ խաչակնքում է, տեղից` բարձրանում: Լույսի շողն անհետանում է:
- Շեմսեդինի հետ շփումներդ սահմանափակ էին… Իսպառ խուսափել քեզ չէր հաջողվի. թուրքերեն լեզվի վերահսկումը վստահվեց նրան… Եվ, այդուհանդերձ, խուսափում էիր… Քայլում է: Բայց բեմից, քիչ-քիչ…, ու հետո` շատ-շատ…, հետո` ավելի..., պակասում էր հայերենը: Հիմա, արդեն, հակադրության մի նոր ալիք` ընդգծելու քո եւ նրա անջրպետի խորությունը…
Իր պահվածքի, իր խոսքի մեջ, տեսնում էիր` նա եզակի մեկն է` տարբեր իր ազգակից հազարներից… Իր մարդկային չափանիշով` վեր է կանգնած: Բայց գիտեիր հստակ մի բան, որ անտեսել չէիր կարող… Դու քրիստոնյա՛ ես, նա` մահմեդակա՛ն... Քայլ դեպի կողք:
- Հոգուդ դռները փակել էիր, եւ, նրա սիրո դեմ` անմատչելի էր հավատդ (քայլ առաջ), սակայն, աչքե¯րդ..., այս ամենատես աչքերդ, ավա¯ղ, պիտի տեսնեին ու ճանաչեին նրա հայացքը` աչքերը կապույտ: Զորավոր այդ օվկիանոսի տեղատվական ձգումից զատ` փորձի ընթացքին որեւէ հպում, (քայլ առ քայլ մոտենում է աթոռին) կամ իր խոսքի մեջ մի նոր ապացույց` խելքի, դեպի քեզ իր համակրության, եւ` անխուսափելին պիտի տանջեր քեզ: Տագնապի մեջ էր այլեւս հոգիդ… Դանդաղ նստելով: Գիտակցե՛լ իսկ, խոստովանել սրտի խորքում, որ թուրքախոս գրագետի կերպարի մեջ ամեն բան էր քեզ սիրելի ու թանկ արդեն` միթե հե՞շտ էր մի հայուհու, որ իր կրծքին խաչելության կնիքն ունի, հաստա՛տ է, եւ դավանափոխ չի՛ լինելու…
- Ինչպե¯ս սիրել այլադավան այդ օտարին, որ կամքից դուրս սիրելի է դարձել այդպես: Տեղից բարձրանալով: - Մի՞թե փախուստ. (քայլ է անում ու կանգնում). միա՛յն փախուստ` հալածվածի, կամ նոր տեսնող կույրի նման... Կենտրոնական վարագույրի մի կողմից մտնում է, մյուս կողմից` դանդաղ դուրս գալիս:
- Հյուրախաղերի մեկնեցիր հեռու. Հունաստան, հետո` հասար Եգիպտոս: Քայլելով: Հաջողության ու փառքի լույսի մեջ դու ջանում էիր մոռանալ նրան, բայց, Էթելվուդի ուրվականի պես, քեզ` Շեմսեդինի շվաքը անվերջ պիտի հետեւեր, պիտի հալածեր Քաթրինի նման: «Այն անունը` արթնությանս ու քնիս մեջ տանջում է ինձ... Ո¯հ, դժոխքի բոլոր դեւերը շուրջս պարելով կկրկնեն ինձ այն անունը, որ վաղ թե ուշ` ես էլ պիտի կրկնեմ»:
- Այն անունը մերժե՞լ,- ինչպե՞ս,- թե՞, ակամա, հեգե¯լ անվերջ… Դանդաղ քայլում է: Կտոր-կտոր կամ վանկ-ատ-ված` օտարահունչ, օտարահաճ… Կանգ է առնում:.
- Պոլսից լուր առար, որ լույս է տեսել Շեմսեդինի վեպը` թուրքալեզու առաջին վեպը: Այն անձնազոհ, ազատատենչ, վսեմ սիրո օրինակը, որ բացահայտ գովերգվում էր` մի՞թե նրա ակնարկը չէր` նախ դեպի քե՛զ… Գորշության մեջ, արդյոք, պիտի հավանությա՞ն արժանանար, երանգների առատությամբ` ինքնին այնքա¯ն վտանգավոր, այդ պնակի գոյությունը: Քայլ է անում: Արժանացավ հալածանքի ու տեւական մեկուսացման…
Մաղձալեզու ամբոխը, որ առաքինին գիտեր պղծել` իրականում գովերգում էր չադրայածածկ բաբելոնյան տիկիններին, գետնում` կնոջ ճշմարիտ ու առաքինի ազատության գաղափարը, որ Տիրոջով սրբագրվեց: Հայացքը` հայելուն: Իսկ դու` մի օր տգետների քարկոծանքի թիրախ դարձար. եւ ո՛չ միայն նրա համար, որ կին էիր ու դերասան, այլ հատկապե՛ս` որ իրե՛նց ես անմատչելի… Մոտենում է զարդասեղանին:
- Շրջագայության ավարտից հետո` վերադառնալով Պոլիս, այս հալածանքը չդարձա՞վ պատճառ, որ որոշեցիր թատրոնը թողնել ու երաշխավոր քո բարեկամին նամակ գրեցիր… Նստում է: Լսվում է իր ձայնը, որ հնչում է ուրիշ կողմից:
Սիրելի՛ Պետրոս,
Տողերը, որ հիմա գրում եմ Ձեզ` հուսալքված մարդու, գուցե, երախտագիտության վերջին խոսքերն են… Դուք, ինչպես միշտ, Ձեր առաքինության բարձունքին եք, քանզի միայն Ձեզ նման վեհանձն հոգին կարող էր իմ շուրջ ծավալված այս ցեխոտ խոսակցությունների ու բազմիմաստ ակնարկների պարագայում, կովկասյան հյուրախաղերի համար, դերասանուհիներից առաջին հերթին ինձ երաշխավորել, այն էլ` վկայակոչելով հատկապես առաքինությունս…
Շնորհակալ եմ, բարեկա՛մս, Դուք չափից ավելի նրբանկատ եք: Ձեր կամեցողությունը թերեւս միակ շողն էր, որ տեսա` Հունաստանից Պոլիս դառնալուց հետո, սակայն ներեցեք թուլությունս, քանզի Ձեր առաջարկը պիտի մերժե՛մ… Պիտի այլեւս մերժեմ ամեն առաջարկ: Հաստատապես որոշել եմ. ես թողնում եմ բեմը:
Գուցե թույլ ու պարտված համարվեմ, սակայն ուզում եմ հուսալ, որ Ձեր խորաթափանց հոգին հաղորդակից կլինի ինձ: Չէ՞ որ դուք ողջ էությամբ բանաստեղծ եք, եւ, ամենից առաջ` ՄԱՐԴ: Շնորհակալ եմ Ձեր տեսակի համար: Աստված Ձեզ պահապան: Մարի Նվարդ:
Տեղից վեր է կենում:

- Հիմա օրերը, ցավոք, հենց իրե՛նք պիտի մերժեին քո որոշումը: Մայրդ հիվանդ էր: Թատրոնից բացի դու ուրիշ ոչ մի միջոց չունեիր: Քայլում է:
Շեմսեդինին հանդիպելը անխուսափ էր. նոր ալիքով պիտի կրկին լցվեր հոգիդ… Արդեն` նրա հեղինակած բառարանով խոսքի ճշտում, նրա կազմած լրագրերում տպագրվող հիացմունքի, գնահատման խոսքեր… Բաց գզրոցից դուրս է բերում մի քանի լրագիր, դնում է սեղանին: Հնչում է ձայն, որը կարդում է լրագրի տեքստը. «…Իր բոլոր դերերի մեջ` հակառակ, որ միշտ տարբեր արտահայտություն կստանա, Մարի Նվարդը կհասնի արվեստի բարձրակետին… Նրա Դոննա Սոլը սքանչելի է…»:
- Գաղտնի զգացումդ, որ ինքդ քեզնից տարիների մեջ գաղտնի պահեցիր, հանգիստ չէր տալիս… Ամեն երեկո բեմ ելնել` խաղալ սիրահարի դեր, ցերեկը` անգամ կիսով չափ կրկնել նրան անհայտ` քո միակ Աստծուն ուղղված աղոթքի` սիրո խոսքե՞րը,- անհնարի¯ն էր... Լույսն ուղիղ արտիստուհու դեմքին է: «Վաղը մենք կհեռանանք. Էռնանի, խնդրեմ, մի՛ նախատեք ինձ... Երբ ձեր քայլերի ձայնը հանգչում է գիշերվա մթնում, կարծես թե սիրտս արդեն չի զարկում, կարծես թե ինքս եմ հեռանում ինձնից..., բայց երբ ականջիս հասնում է նորից այդ ձայնը, որ ես սիրում եմ, սպասում` զգում եմ, որ կյանքս չի թողել դեռ ինձ, զգում եմ, որ հոգիս ինձ ետ է դառնում... Ես միշտ ձեզ հետ եմ, ուր էլ որ գնաք…. Ով էլ որ լինեք, ես սիրում եմ ձեզ…»: Սահելով նստում է:
- Որքա¯ն կուզեիր հենց այս խոսքերով նրա հետ խոսել, խոսել` ո՛չ բեմից… Այս հրդեհը կրծքիդ տակ, մորդ կորստի վիշտը սրտիդ մեջ, դու նավ նստեցիր` մեկնեցիր Կովկաս: Տետրը թերթելով արտասանում է:
Քո անունը ես թաղեցի ալիքների մեջ Բոսֆորի.
Քամին շատ էր բամբասասեր` անունըդ դուրս պիտի կորզեր…
Տեղից վեր կենալով:
Իմ գաղտնիքը համարեցի անմեղ հանցանք,- փույթ չէ¯ հիմի.
Ու կանչո¯ւմ են, կանչո¯ւմ են ետ` ալիքները ինձ… գաղտնագե՛տ...
Իսկ մինչ վերադարձ` Թիֆլիսի թատրոն: Մի ամբողջ շրջան. ուրիշ բեմ, նաեւ` ուրիշ մի աշխարհ..., ուրի¯շ վարագույր… Կիսաքայլերով աստիճանաբար շրջվում է:
- Դու` բեմից էլ դուրս, հիմա, ավելի Ջեսիկան էիր, Ագաֆիան, Լիվիան, Մարքրիտը` անգամ… Բոլո՛րն էիր դու, միայն` ո՛չ Մարին: Եվ, գուցե, Մարի՛ լինելու համար` ուրի՛շ, մի հատուկ ոգեւորությամբ խաղացիր նաեւ վերջին այս դերը… Վերցնում է լրագրերից մեկն ու կարդում է` թիկունքով դեպի հանդիսատեսը: «…Մարիի համար առանց չափազանցության բեմը խորան է, ուր ներկայացվում են մարդկային տառապանքի պատարագները»… Ձայնը դողում է: «…Ու ինքն այդ նուրբ ամբիոնի վրա` հրեշտակի նման մաքուր է…»:
Վերջին խոսքի հետ` հեգնախառն ժպիտով կիսադեմը շրջում է հանդիսականի կողմը: Բեմի վերեւից իջնում է` խորանաձեւ կամարի վրա հավաքված` արծաթափայլ, թափանցիկ մի վարագույր, որը մնում է Մարիի գլխավերեւում` մի քիչ բարձր: Վարագույրն իջնելու հետ` երաժշտական դանդաղ մի ֆրազ է հնչում տրավիատայից (շեփորի մեղմ հնչյուններ):
- Մարգարիտ Գոթիեն էր: Քամելիազարդ տիկինը` քո Տրավիա¯տան…
Թիֆլիսի աշխույժ անցուդարձի մեջ` աննկատ, ասես, Պոլիսն ու անցյալ ամեն-ամեն բան մի օր ձուլվեցին օտարի աչքով կողքից տեսածիդ: Ապաքինվելու սկի՞զբն էր գուցե… Բայց թատերային շրջանն ամփոփվեց: Ձեռքի հետ ոլորում է լրագիրը: Դու դարձար Պոլիս: Տուն, որտեղ հիմա հարազատ էին միայն շիրիմները… Թեւաթափ կանգնած, կախված ձեռքի մեջ` ոլորված լրագիրը:
- Թատրոնում, ասես, մի անբարեբեր ոգի էր տիրում… Սկիզբն էր շատերի հուսալքության… Վարդովյանը հեռացվել էր. Համիդի չերքեզ թիկնապահների վեճի պատճառով: Քայլ է անում: «Արդարամիտ» սուլթանի «պարտքն» էր` մեկ գիշերվա մեջ հողին հավասարեցնել Գետիկ փաշայի թատրոնը: Ձեռքի լրագրով` մյուս ձեռքի ափին թեթեւ հարվածում է ու լրագրի երկրորդ ծայրն էլ բռնած պահում:
- Պարտադրված` հիմա արդեն բացառապես թուրքերենով, Մնակյանը բեմադրում էր թարգմանված, կամ` նոր պիեսներ... Այս ընթացքին էր, որ վերաքննիչ կոմիտեի հետ, ամեն նոր փորձի, պարտադիր պիտի ներկա լիներ նա… Լրագրով ձեռքը` դեռ միացրած է պահում մյուս ձեռքը: Անհնարին էր` լինել այդքան մոտ ու չհասկանալ, որ մեր` տարբեր Աստվածներին ուղղված սիրո նույն խոսքերը` երկրից երկինք միասին են տեղ հասնելու…
- Դու` Մերսեդեսի, Դեզդեմոնայի կամ Մարգարիտի կերպարների մեջ հիմա ավելի Մարի՛ խաղացիր… Իսկ քո փայլուն հաջողությամբ անկեղծորեն ոգեւորված նրա խոսքին` անտարբեր ու խուլ ձեւանալ չէիր կարող... Քեզ, իբրեւ կնոջ, մի ակնարկ կամ բառ չէր փորձի ասել` պիտի կանխեիր… Բայց գործի¯դ մասին…, այն էլ` այդպիսի¯ դիտողի խոսքը…
Դու լսում էիր արվեստի¯դ մասին... Բայց լսում էիր կնո՛ջ ականջով… Կողքի շրջվելով քայլում է:
- Փորձում էիր հաճախ խույս տալ Շեմսեդինից, բայց հիմա էլ` գրվեց «Բեսան», որը հատուկ քեզ համար էր… Նրա Մերվեշեն դո՛ւ էիր… Հիմա` պիտի խաղայիր միայն ինքդ քեզ…
Փորձի ժամանակ ամեն օր պիտի իրար տեսնեիք… Հնարավո՞ր էր, միթե, խուսափել… Դոննա Սոլի պես` դժոխքի խորունկ խորխորատի մեջ վարանքդ թողած, կուզեիր տրվել սիրուդ հրդեհին..., հեռո¯ւ հայացքդ աստղերին հառած...
Դադար: Հատուկ շեշտով. «Էթելվուտն առտուն «գուցե՛» ըսավ. «Գուցեն»` միշտ «ա՛յո» ըսել է»…
- Իմ «գուցե»ն էլ` «այո՛» էր… Քայլում է:.
- Տարվա կեսին «Բեսան» պատրաստ էր… Սիրույդ զոհն էիր ու կամավորը… Գլխովին նետված ինքդ քո ներսը` դու ինքնամոռաց ու անմնացորդ պիտի այրվեիր… Հայելու կողմը նայելով: «Ա¯խ, Տեր իմ Աստված... ի¯նչ ծանր քնով, ինչպե¯ս եմ ննջել…»:
- Քաթրինի նման, դամբարանի մեջ ասես թե ողջ-ողջ թաղված լինեիր` պաղ մահարձանի հրեշտակներին հայացքդ հառած` դեռ դամբարանի խավարի միջից ելք որոնելով… Չէ¯: Երազներդ փշրված էին... Քայլ է անում դեպի զարդասեղանը: Վախվորած` մի օր հասկացել էիր, որ մի նոր կյանք է ծնվում կրծքիդ տակ: Դժվա¯ր, անհնա¯ր հանդիպումներդ Շեմսեդինի հետ պտուղ տվեցին` սիրո..., ամոթի…, հուսալքության… Երեսն առնում է ափերի մեջ: Գլուխը` կախ, դադար: Դեմքը բացելով` ձեռքը տանում է կոնքին:
- Մեջքս պայթում է: Երեւի թե քո՛ մեջքն էլ է էսպես պայթել, մա՛յր..., երբ դու ինձ համար անուն ես փնտրել… Պտղի ջերմության ցավից մեռնում եմ, անհնա¯ր պտղի: Այս անզորության տագնապի ցավից, խեղդվում եմ հիմա…

Բայց մի՞թե սա չէ կնոջ ճշմարիտ, մե¯ծ երազանքը. մայր լինել, գրկել ծնված զավակիդ, լինել փայփայող ու ամբողջ հոգով` նրա հոգու հետ մնալ շաղկապված… Մինչդեռ, հավատի ու ազգության դեմ մեղանչելու քո ակամա բեռով, հիմա անարգման սյունին ես գամվել, ու փոքրիկիդ էլ` տեսնում ես գամված… Վերջին քայլի հետ հայտնվում է հայելու առաջ:
- Մարի՞ն ես դու, թե՞ Մերվեշե¯ն… Լուսավորյալ քրիստոնյա¯, թե՞ մուսուլման… Հա՞րճը դարձար այն վավաշոտ անկիրթների, թե՞ քո սիրած գրագետի խելքն ու խոսքը կուրացրեցին միտքդ այնքան, որ մոռացար արդեն նրա ո՛վ լինելը… Երեսը թեքում է հայելուց: - Իսկ մի՞թե իր պես արժանավորը, ում որ սեփական ազգի մոլուցքը` ապտակ է արդեն,- մեղավոր է իր ազգության համար` իր սիրո առաջ… Այդ ազգը արդյո՞ք արժանի է հենց իրե՛նը կարծել նրան, ով ոչի՛նչ չունի ընդհանուր` ժանտ տեսակի հետ…
Դադարից հետո: «Ի՞նչ է Մոնդեգյուն: Ո՛չ ձեռք է, ո՛չ ոտք, ո՛չ բազուկ, ո՛չ դեմք, ո՛չ էլ մի այլ մաս` մարդուն պատկանող: Ա՛ռ ուրիշ անուն…»… Կիսաձայն . Կամ ա՛յլ ազգություն:
- Միայն այս խոսքերն արտասանելու համար չէ՞ր, որ նրան տեսնելու օրից երազեցիր Ջուլիետ խաղալ… Օ¯, մեղավոր «ե՛ս»… Առաջին պահից սիրե՞լ ես նրան…
Իսկ մի՞թե չես բռնացել ինքդ քեզ, մի՞թե չես փակել ամեն ճանապարհ քո սիրո առջեւ, որ երբե¯ք, գիտես` ապագա չուներ… Եվ մի՞թե մեղք է` սիրել ու սիրվել… Նստում է:
- Ամսից ավելի կալանված էիր հավերժ ասիական այս քաղաքի մեջ «Եվրոպա» կոչվող մի հյուրանոցում` քո քամելիազարդ տիկինը կրկին վերասերտելու պատրվակի տակ… Եվ այսօր միայն դուրս ելար` եկար Մարգարիտ Գոթիե խաղալու համար. Շրջվում է հայելու կողմը: - Մարի՛ Գարայան…
- Հույզիդ կնիքը երեսիդ է` տե՛ս… Հյուծված, տառապյալ վիճակդ այնպե¯ս նման է նրա` հյուծախտավորի հիվանդ վիճակին… Այլեւս բավ են արցունքներդ, վերջ... Արցունքներիդ` վերջ:
Վերցնում է հարդարանքի վրձինը` փորձում է դեմքը հարդարել, բայց թուլացող ձեռքի հետ` դնում է սեղանին:
- Գոցել ես ամեն դուռ նրա առաջ ու չգիտես` սիրո՞ւմ ես, թե՞... մեռնել կուզես… Եվ մեռնել էլ կարելի չէ` առանց սիրո գավաթը բորբ մինչեւ հատակ ճաշակելու…
Լսվում են ժամացույցի զանգեր: «Քիչ ժամանակից, քիչ ժամանակից»… Ձեռքը դժվարությամբ բարձրացնում է սեղանից: Հարդարում է դեմքը:
- Քաթրինին կանչող զանգերն են լսվում... Հաշվում է կեսից: Չորս… Հինգ… Վեց… Նրա նման կփակվես դամբարանում, այսուհետ` հավերժ գրկելու համար հրեշտակներին, այլեւս երբեք չորոնելով ելք դամբարանից… Տեղից վեր է կենում:
- Ի՛մ մեղքն է եղել... Ես ի¯նչ դատավոր… Ես դահճիս դե՛րը ինքս կստանձնեմ… «Քիչ ժամանակից, քիչ ժամանակից»…
- Այս գիշեր ես Մարգարիտն եմ:
Ինչպե՞ս պիտի դիմանամ, երբ… օթյակի մեջ տեսնեմ նրան, երբ հայացքս հանկարծ խաչվի իր հայացքին… Կհեռանամ` առանց վերջին մի համբույրի` փոքրիկիս հոգին հետս կտանեմ, այլեւս ոչինչ չասելու համար, ու չլսելու համար` էլ ոչի՛նչ…
Աչքերը փակած: - Մի խենթ պատկեր է կոպերս այրում… Կասանդրայական տեսիլի նման բոցերի միջից, ասես թե, նրա մարմինն է հառնում. այրված գրքերն են, անունը` այրված, անջատված մի թել` «անջատողական» կնիքից կախված…
Աչքերը բացելով: - Քո այս դառնահեծ պաշարումների պարիսպը քանդիր, անջատիր քեզնից ինքնատանջանքի խարիսխի շղթան, դեն նետիր վերջին օղակ ու պարան..., մնա՛ անվարան… Քսակից հանում է թույնի սրվակը:
- Ո¯վ զորավոր թույն, օգնի¯ր ինձ մեռնել հենց բեմի վրա, իմ Մարգարիտի վերջին խոսքի հետ, իր հոգեվարքի գալարումի մեջ… Իմ մուտքն է, ահա՛… Արտասանում է թույնը խմելու հետ:
Մի պահ մթնելուց հետո` բեմը դանդաղ լուսավորվում է: Բեմին ոչ մի կահկարասի չկա: Խորաններով կամարված, թափանցիկ վարագույրը` մինչեւ հատակ իջեցված է: Մարգարիտ-Նվարդն է կենտրոնում կանգնած:
Արձագանքի նման հնչում է. - Նա օթյակում է…Հայացքը` օթյակին: - Քի¯չ էլ դիմացիր... Բեմը լուսավորվում է:
«Ես պատահեցի քեզ` եռանդոտ ու տարփալից մի երիտասարդի: Խելագարի պես, մեկ րոպեում, ողջ ապագաս սիրո վրա հիմնեցի, սկսեցի երեւակայել նոր եւ խաղաղ կյանք, մանկությանս օրերը հիշեցի… Բայց հասնել այս բոլորին` անհնարին երեւաց: Միայն քո հուսալից խոսքն էր, որ ինձ երեւակայել տվեց այս... Քայլում է: Դուք չգիտե՞ք, որ ես ո՛չ բարեկամ, ո՛չ ազգական, ո՛չ գերդաստան ունեմ, եւ նա երդվեց լինել բոլորը, իսկ ես` իմ ողջ կյանքը նվիրեցի նրան… Դուք չգիտե՞ք, որ ես մահացու հիվանդ եմ, որ ինձ գրեթե ոչի՛նչ է մնում: Հազում է ու թաշկինակի մեջ` արյուն թքում: Անջատե¯լ ինձ նրանից,- բայց ավելի լավ է` սպանե՛լ ինձ…»:
Ներքին լարումով: «Ժամանակով մի կին կար, որ այս կյանքում միայն մեկ հույս, մեկ խորհուրդ, մեկ երեւակայություն ուներ… Բայց այդ կինը հրաժարվեց այս բոլորից, իր իսկ ձեռքերով ճմլեց նա իր սիրտը եւ մեռավ դրանից…»: Անշնչացած ընկնում է: Մի պահ լռություն. մեկ ջութակի ելեւէջներով «Տրավիատան» է հնչում: Երաժշտության հետ բեմը դանդաղ խավարում է: Մի լույս, որ ընկած էր կենտրոնում` արտիստուհու վրա, թրթռալով եւ ավելի ու ավելի պայծառանալով, բեմի կենտրոնից հետզհետե վեր է բարձրանում: Ջութակին միանում է նվագախումբը:
- Ի¯նչ խաղաղություն… Հավիտենության քնարը «Տրավիատա» է նվագում… Վերջին խոսքերն արձագանքի նման են հնչում:
- Ճախրի¯ր, Մարի... Այսուհետ` հավե¯րժ ազատ է հոգիդ...
Բեմի հիմնական` ծանր վարագույրները երկու կողմից կիսով չափ մոտենում են: Կենտրոնում բաց է, եւ առաջ է եկել թափանցիկ վարագույրը, լույսը դեռ պահպանվում է այդ վարագույրի վրա, երաժշտությունը շարունակում է հնչել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ
    Harutin » 20 окт 2010, 22:51
    1 Комментарии
    518 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 окт 2010, 22:52
  • ԳՈՀԱՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
    Вложения Harutin » 29 мар 2011, 22:44
    1 Комментарии
    610 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 22:45

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0