СТАНЬ VIP

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Сообщение Harutin » 02 июл 2011, 12:29

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Gurgen Khanjyan 1.jpg
Gurgen Khanjyan 1.jpg (6.04 кб) Просмотров: 735
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Сообщение Harutin » 02 июл 2011, 12:30

A Love Supreme



Բրանֆորդ Մարսալեսն իր քառյակով կատարում է Ջոն Քոլթրեյնի «A Lov Supreme»- ը, Քոլթրեյնի հայտնի ձայնագրությունից քառասուն տարի անց» Տարօրինակ է» «A Love Supreme»- ը ջազի դասական այն թեմաներից չէ, որ ժամանակ առ ժամանակ կատարում է այս կամ այն ջազային երաժիշտը, սա չորս մասից կազմված բարդ, խոր անհատականությամբ կնքված ստեղծագործություն է։ Ծանր բեռ է վերցրել Մարսալեսն իր պաշտելի երաժշտին հարգանքի տուրք մատուցելու համար, ո՞նց է տակից դուրս գալու»
ՈՒնկնդրելուց հետո, սակայն, կասկածները ցրվում են, հանգիստ խղճով կարելի է խոստովանել՝ Մարսալեսի քառյակն իր առջև դրած խնդիրը պատվով է լուծել։ Ստեղծագործությունը կատարվել է, ինչպես ասում են՝ մեկը մեկին, սեփական մեկնաբանություններ թույլ չի տվել իրեն Բրանֆորդը, «A Love Supreme»- ը Քոլթրեյնի նվերն է Բարձրյալին, խոստովանություն է. աղոթք, և յուրովի մեկնաբանել ուրիշի խոստովանությունն իհարկե աննրբանկատություն կլիներ, դե դա հնարավոր էլ չէ՝ այնքան կուռ ու ինքնտիպ է Քոլթրեյնի կոմպոզիցիան։ Բրանֆորդ Մարսալեսի քառյակն իրեն թույլ է տվել միայն որոշ տեխնիկական ազատություն՝ պահպանելով չափն ու ճաշակը, այո, առանձին ֆրագմենտներում դաշնակահար Ջոյ Քալդերազոյի, թմբկահար Էրիկ Րևիզի և բասահար Ջեֆ Վատսի պասաժները տեխնիկապես այնքան հագեցած են, որ հավանաբար կշարժեին Մք՛Քոյ Թայների, Էլվին Ջոնսի և Ջիմի Գարիսոնի նախանձը, ինքը՝ Բրանֆորդն էլ, տեխնիկապես չի զիջում Քոլթրեյնին, թեև հիմնականում կրկնում է նրա ֆրազները, հնչերանգն էլ համարյա նույնն է, միայն թե Քոլթրեյնի սաքսոֆոնը փոքր-ինչ ավելի բաց է հնչում, անմիջական ու անկեղծ, և դա բնական է՝ Քոլթրեյնը սեփական լեզվով խոսում է Բարձրյալի հետ, Մարսալեսը Քոլթրեյնի լեզվով՝ Քոլթրեյնի հետ։ Այո, ամեն բան արված է մեծագույն նրբանկատությամբ ու ճաշակով, մեր ժամանակի երևի թե լավագույն սաքսոֆոնահարը կարողացել է մի կողմ դնել սեփական հավակնությունները, որպեսզի հիշատակի արժանի տուրք մատուցի լեգենդար «Թրեյնին» ու նրա հռչակավոր ալբոմին։ Բրանֆորդ Մարսալեսը կարծես հիշեցնում է, չէ, զգուշացնում է՝ Ջոն Քոլթրեյնին չմոռանաք։
Իր համառ մեդիտացիաների ընթացքում Քոլթրեյնին հաջողվեց (իր իսկ վկայությամբ) Հաղորդակից լինել և ստանալ Համաձայնությունը. այսպես սկզբնավորվեց, ապա, 1964-ին, ձայնագրվեց Ջոն Քոլթրեյնի երևի թե մանիֆեստային ալբոմը` «A Love Supreme»-ը: Չորս մասերից կազմված այս երաժշտական աղոթք-խոստովանությունը Ջոնը համարում էր իր համեստ նվիրումն Աստծուն: «A Love Supreme»-ով սկիզբ դրվեց Քոլթրեյնի վերջին՝ հոգևոր շրջանի երաժշտության, որը տևեց երեք տարի, մինչև երաժշտի մահը 1967- ին, երբ նա ընդամենը քառասունմեկ տարեկան էր. կարելի է ասել՝ ընդհատվեց, սակայն երբ լսում ես վերջին՝ «Expression» ալբոմը, հասկանում ես՝ չընդհատվեց, ավարտվեց։
«A Lov Supreme»- ին հետևեց նման հայեցակերպով ստեղծված «Sun Ship» ալբոմը, ապա Քոլթրեյնի հոգևոր որոնումները դարձան ավելի կրքոտ, բազմաբովանդակ ու ազատ («Creation», «Transition», «OM», «Meditations», «Interstellar Spase»)՝ կտրուկ տարբերվելով հոգևոր երաժշտության ընդունված, սովոր ձևերից։ Աշխարհահռչակ սիտարահար, ռագաների բացառիկ կատարող Րավի Շանկարին, իր վաղեմի բարեկամ Ջոն Քոլթրեյնի այս նոր շրջանի երաժշտությունը տարակուսանք էր պատճառել, կռահելով նրա հզոր շունչը՝ Շանկարն այդուհանդերձ չի հասկացել, թե ինչու է Քոլթրեյնն այսպես անհանգիստ, բուռն, տագնապով ու տառապանքով լեցուն։ Թերևս՝ պատճառն անհատականությունների տարբերությունն է, թող ներվի՝ անհատականության չափը, Շանկարը հոգևորն ընդունել էր այնպես, ինչպես մատուցել էր ուսմունքը, կասկածներ չուներ, վեճեր չուներ, որոնելիք չուներ, ընդամենը կատարում էր։ Իսկ Քոլթրեյնը որոնում էր և ստեղծում, ստեղծում նոր երաժշտություն, նա որոնում էր թե՛ երաժշտության, թե՛ իմաստաբանության ասպարեզներում։ Ինչպես չէր կարող բավարարվել-մնալ երաժշտական ընդունված ձևերի, հարմոնիկ և ռիթմիկ սահմանափակումների շրջանակներում, այնպես էլ չէր կարող անվերապահորեն ընդունել, կարծրանալ-մնալ միակ կրոնի իմաստաբանական կաղապարներում, այստեղ նա նույնպես հարազատ է մնում իր բնույթին՝ ուսումնասիրում է բոլոր հայտնի կրոնները, փիլիսոփայություն, մետաֆիզիկա, անտարբեր չէ նաև գիտական հայտնագործությունների նկատմամբ, հատկապես հետաքրքրվում է Էյնշտեյնի հարաբերականության տեսությամբ, և նրա ուշ շրջանի երաժշտության մեջ դրսևորվում է հարաբերականության գաղափարը. իր կատարումներում ձգում կամ սեղմում է ժամանակը, մոտեցնում-հեռացնում, տրոհում-հավաքում է տարածությունը: Այս սկզբունքով է կառուցված «Creation» ստեղծագործությունը (ձայնագրություն` ապրիլ 2, 1965 թ., Նյու Յորք Սիթի), որի տևողությունը մոտ քսան րոպե է, սակայն իր մեջ սեղմել-ամփոփել է աշխարհի արարումը. աշխարհի արարում` ըստ Ջոն Քոլթրեյնի: Արարման կախարդական միջոցը երաժշտությունն է: Մեկնարկային զույգ ֆրազներից հետո սաքսոֆոնի թանձր հնչյունները սուրում են սառը տիեզերքով, արագորեն շիկացնում այն, ստեղծում ձևեր, սերմեր ցանում, հյուսվածքներին կենդանություն տալիս: Մեկնարկի ֆրազները կրկնվում են` դարձյալ ու դարձյալ: Թվում է` կրկնությունը չափազանցված է, սակայն այդպես կարելի է մտածել` խնդրին զուտ երաժշտական առումով մոտենալու դեպքում, իսկ այստեղ արարման տքնանքն է, կրկնություն չէ, բացի այս` նույնիսկ կատարելապես նույնական թվացող ֆրազներում ուշադիր ունկնդիրը կգտնի ձևի, չափի, դադարի կամ վիբրացիաների ինչ-ինչ տարբերություններ: Կառուցված ձևերը երբեմն պայթեցվում են` ֆրազային բեկորներ շպրտելով տարածության մեջ, ապա՝ նորովի հավաքվում, նոր առանցքների շուրջ, նույն արարման ընթացքն է, նախնական քաոսին ձև ու բովանդակություն հաղորդելու տքնանքը: Ամեն բան կարգի է բերվում, ենթարկվում օրենքի: «Creation»-ի ժամացուցային քսան րոպեները չեն խոսում նրա իրական տևողության մասին, նա ունի իր ներքին ժամանակային կարգը, գուցեև անժամանակ է` մեկ ակնթարթ կամ միլիոնավոր տարիներ» Եվ ահա, տեսնում ես աստղեր, արևներ, մոլորակներ, որ Քոլթրեյնը մոտեցնում է` ջարդելով ժամանակ ու տարածություն, զգում ես Բարձրյալի ամենաստեղծ, ամենաընդգրկուն էներգիան, ուր դիվային բան կա նաև՝ Աստվածորեն դիվային։
Գերխտացման, ժամանակախախտման կամ ժամանակաշինության այս նույն սկզբունքով է ճամփորդում Թրեյնը տիեզերքով իր «Interstellar Spase» ալբոմում, նույն կերպ է զարգանում «Evolution» ստեղծագործությունը («Live in Seatlle» ալբոմ), ուր կյանքի սկզբնավորման-զարգացման ընթացքն է։ Եվ երբ իր արտառոց «OM»-ի ձայնագրությունից հետո Քոլթրեյնն ասում է, թե ընկալել է կյանքի բոլոր ձևերի հարաբերակցությունն ու ներդաշնակությունը՝ հավատում ես, ապացուցել է։
Քոլթրեյնի վերջին շրջանն ունկնդրելն անշուշտ դյուրին վայելք չէ, առջևդ ասես պայման կա դրված՝ ուզում ես վայելել՝ պիտի չարչարանք տանես, և որքան շատ, որքան խոր՝ վայելքդ, համապատասխանաբար, այնքան շատ ու խոր կլինի։ Այս փուլում Ջոնի երկրպագուները մաղվում են, քչերն են մնում, որ ընդունում-սիրում են նրա վերջին շրջանը։ Սակայն հենց այստեղ է իսկական Քոլթրեյնը, նրա բուն էությունը։ Այս շրջանի նրա ստեղծագործությունը երաժշտական կրոն է, երաժշտական ընծայում չէ այս կամ այն կրոնի ներսում, այլ երաժշտությամբ արտահայտված առանձին, ինքնուրույն հոգևոր կոնցեպցիա, որն առաջին հերթին ենթագիտակցությանն է ուղղված ու երևի թե շատ ավելի մոտ է իսկությանը, շատ ավելի ազդեցիկ է, քան խոսքը։ Խոսքը հաճախ խեղաթյուրում է, խորամանկում, խոսքը, այսպես թե այնպես, շահախնդրությունների կրող է, իսկ Քոլթրեյնի երաժշտական կրոնը բացարձակապես ազնիվ է, անկեղծ, մաքուր, անմիջական։
ՈՒշագրավ փոփոխություններ կրեցին Քոլթրեյնի վաղ շրջանի սիրելի մեղեդիները, երաժիշտը չլքեց նրանց, մինչև վերջ տարավ իր հետ. հիսունութին ձայնագրած «I want to talk about you»-ն, «Naima»-ն, ուրիշ մեղեդիներ, վաթսունին ձայնագրած «My Favorite Things»-ը ուղեկցեցին նրան համարյա ամբողջ ընթացքում, սակայն, բնական է, նույնությամբ չէին կատարվում։ «My Favorite Things»-ի առաջին ձայնագրությունը երաժշտական, գեղագիտական որոնումների արտահայտություն էր, Ռոջերսի մյուզիքլի այս պարզ մեղեդին ջազ-վալս ռիթմով հնչեցնող Քոլթրեյնի սոպրանոն հնչյունային չքնաղ նախշեր է ստեղծում, ժանյակներ հյուսում, և այդ խաղը շատ հմայիչ է: Նույն ստեղծագործության հետագա յուրաքանչյուր կատարում ավելի ու ավելի է խտացնում նյութը, նոր հնարավորություններ փնտրում ու գտնում, թանձր երանգներ հաղորդում ֆրազներին, ռիթմը, պահպանելով իր հիմքը, աստիճանաբար կարծես ձերբազատվում է (Քոլթրեյնին առհասարակ տրված է այդ ապշեցուցիչ շնորհը` մնալ չափական և հարմոնիկ շրջանակներում, միևնույն ժամանակ` չմնալ, ազատվել): Իսկ արդեն ամենավերջին կատարումներում սոպրանոյի հնչյունին տիեզերական վիբրացիաներ են հաղորդվում, խորհրդավորություն, և «My Favorite Things»-ը ուղղվում է Երկինք: Նույնն է կատարվում «Naima»-ի հետ (ստեղծագործությունը նվիրված է կնոջը` Նաիմային): Այս քնքուշ սիրո և կարոտի մեղեդին հետագայում և հատկապես «Live At The Villege Vanguard Again» ալբոմի ձայնագրություններում ուշագրավ փոխակերպումների է ենթարկվում: Մեղեդային գիծն անփոփոխ է, սերը, կարոտը, քնքշությունը մնում են, նույնիսկ առավել ուժգնանում (նկատենք, որ Քոլթրեյնի ավանգարդայնությունը խոչընդոտ չէ մեղեդայնությանը, հակառակը, առավել է շեշտում, զտում, քնքշացնում մեղեդին), սակայն հանկարծ զգում ես, որ բոլոր ապրումները, հույզերը, զգացմունքները ուղղված են ուրիշ տեղ, Ջոնը այս սիրո պատմությունը պատմում է նրան` Բարձրյալին, սա խոստովանություն է, սա արդեն սիրո և կարոտի փիլիսոփայություն է։ Այսպես, Քոլթրեյնի վաղ շրջանի մեղեդային ամբողջ սերն ու քնքշությունը, կարոտն ու թախիծը ուղեկցեցին նրան ու փոխելով իրենց որակը՝ հանգրվանեցին նրա ուշ շրջանի ավանգարդային ստեղծագործություններում` «Serenity» մասը «Meditations» ալբոմից, «Welcome»՝ ակնածալից, քնքուշ հրավերն ուղղված Բարձրյալին («Kulu Se Mama» ալբոմ), «Pease on Earth» մելամաղձոտ պիեսը ճապոնական համերգների ձայնագրություններից, «Ogunde» փոքրիկ, սակայն ազդեցությամբ հզոր մեղեդին «Exspression» ալբոմից...
Exspression»։ Ահա և եկանք ավարտին:
«Interstellar Spase» և վերջին` «Exspression» ալբոմների միջև ժամանակային տարբերությունը չնչին է, սակայն, չնայած ընդհանրություններին, նրանք տարբեր են՝ թե՛ վերաբերմունքով, թե՛ իմաստով, թե՛ տրամադրությամբ և թե՛ մեղեդայնությամբ: Ոչ այնքան ունկնբախ՝ սակայն նույնը չէ նաև հնչերանգը: Ըստ երևույթին, Ջոնը կռահել էր, որ վերջը շատ է մոտ, որ իր ենթագիտակցական միտվածությունն առ ինքնավերում, մոտեցրել է իրեն հանգուցալուծմանը, հրաժեշտին, նաև` Հանդիպմանը: Ուստի, «Interstellar Spase»-ի տիեզերական ճամփորդությունից հետո եկել էր ամփոփման ժամը: «Exspression»: Ունկնդրելուց հետո մտածում ես՝ երևի իսկապես, Տերն իր Ջոն Քոլթրեյն որդուն ուղարկել է երկիր հատուկ առաքելությամբ` իմանալու՝ արդյո՞ք մարդիկ ունակ են ճշմարիտ երաժշտություն լսել:
Փորձարարություն չկա այլևս, ամեն բան արդեն փորձված է: Նույնիսկ այն, որ ալբոմի «To be» կոմպոզիցիան Քոլթրեյնը կատարում է ֆլեյտայով, չի զարմացնում: «Բայց նա երբեք ֆլեյտա չի նվագել»«,- տարակուսում ես միայն ունկնդրումից հետո, իսկ կատարման ընթացքում ուշադրությունդ չի շեղվում ո՛չ գործիքային, ո՛չ ժանրային ու տեսակային, ո՛չ էլ տեխնիկական խնդիրների կողմը: Տեխնիկա ասվածն այլևս այն աստիճանի հաղթահարված բան է, որ պարզապես վերացած է: Չկա: Գործիքը Քոլթրեյնի շնչի շարունակությունն է, օրգանապես միացած է արյան շրջանառությանը, մկաններին, նյարդերին, ուղեղին, սրտին: Գործիք չկա. Ջոնը պարզապես խոսում է, երգում է... Ինքն է` մերկ, մաշկատված, արնածոր, նյարդաբաց: Դասականի կամ ջազայինի, արևելյանի ու հնդկականի առավել կամ սակավ ներկայության մասին չես մտածում, ազատ-անազատի խնդիր չկա` սրանք անցած բաներ են, ամեն ինչ մարսված է, յուրացված, չկա:
Դեռև մեկ տարի առաջ խմբից հեռացան Մք՛Քոյ Թայները և Էլվին Ջոնսը` թերևս արդեն չհասկանալով, թե ուր է տանում Թրեյնը կամ էլ, պարզապես, անկարող լինելով ուղեկցել: Նրանց փոխարինած Էլիս Քոլթրեյնը և Ռաշիդ Ալին գուցե նույնպես չգիտեին, սակայն ուղեկցեցին: Իսկ Քոլթրեյնի համար այս անցուդարձն, ըստ երևույթին, արդեն առանձնակի նշանակություն չուներ. նրա երաժշտությունը վաղուց արդեն ավելի շատ մեներգ էր, մենախոսություն, և ճամփան էլ արդեն եկել էր` եկել էր մի հանգրվանի, որից այն կողմ Հանդիպումն էր, Անհայտությունը: «Exspression»-ը հրաժեշտի երգ է (ալբոմը ձայնագրվել է մարտին, իսկ արդեն հուլիսին Ջոն Քոլթրեյնը կնքեց իր մահկանացուն). հրաժեշտ, միևնույն ժամանակ` ողջույն- ահա, այս ապրումներով են ներծծված ալբոմի բոլոր չորս ստեղծագործությունները:
«To be» կոմպոզիցիան պանթեիստական երանգավորում ունի, նա ասես հողագնդի ամենօրյա ու ամենամյա պտույտն է պահում իր մեջ, ըմբոշխնում է արևածագը, ժայռերի ջերմացումը կեսօրին, հյուսվածքների հյութաշարժը, թավուտում խոնջացող կատվառյուծի շնչառությունը, բազեի ճախրանքը» Ֆլեյտայի հնչյունները թիթեռնիկների պես թևածում են օդում, նստում մերթ այս, մերթ այն ծաղկին, դարձյալ թռչում` բարձրանալով ճերմակ լույսին ընդառաջ... Լինել: «To be»: Պարզապես` լինելու վայելք։ Իսկ երբ լինելը վայելելուց զատ՝ սկսում ես մտածել, մտածել լինելու իմաստի, սկզբի ու ավարտի մասին` պատրաստվիր ողբերգություն ընդունելու, որովհետև մերձավոր ես, հաղորդակից, ցավակից, մեղսակից նաև: Այս ապրումներով է լեցուն «Ogunde» փոքրիկ պիեսը, որ վճիտ, անհնարինության աստիճանի նուրբ ու քնքուշ մեղեդի է՝ մեղեդու զուտ քոլթրեյնյան տեսակ, որի երանգներն առկա են ալբոմի նաև վերջին երկու կոմպոզիցիաների հյուսվածքներում:
«Offering» և հատկապես ալբոմին ընդհանուր անուն տված վերջին` «Exspression» պիեսները նման են միմյանց, թեև առաջինը մեկ ամիս վաղ է ձայնագրված՝ նրանք ասես նույն կոմպոզիցիայի միմյանց լրացնող-շարունակող մասեր լինեն` նույն տրամադրությունն է, նույն հագեցածությունը, նույն կրքոտ կատարումը: Սակայն «Exspression»-ը ավելի թանձր է, խոր, էքսպրեսիվ` իր անվանը համաձայն: Նրա միջով առաջ ես գնում` ինչպես լավայի կամ հենց իր` Քոլթրեյնի արյան միջով, ուր խտացած է նրա ողջ էությունը, ուր երաժշտության կրող է յուրաքանչյուր գնդիկ: Տենորը երբեմն թավջութակի պես խավոտ ու դրամատիկ է հնչում, երբեմն էլ հողմապտույտի պես խոյանում է` վեր հանելով հնչյունային ամբողջ ծավալը, որը նման կրքոտ պահերին առանձին տարրերով անորսալի է այլևս: Հնչյունաշարերն այնքան հագեցած են, սերտ, որ անընդմեջ ալիքներով ծածկում են ունկնդրին, պիտի ճգնես գլուխդ բարձր պահել` շնչահեղձ չլինելու համար: Բուռն, կրքոտ աղոթքներ են բարձրանում երկինք, նրանցում` հարցեր, նաև` թողության միջնորդություն մնացողների համար: Ապա` կատարյալ համաձայնություն, խոնարհություն, ներդաշնակություն և... Անպարագիր սեր, որ տարածվում է դեպի վեր ու դեպի վար: Ահա վերջին խոստովանությունը, կարճ աղոթքը, և հրաժեշտի տևական հնչյունը նուրբ թրթռալով մարում է` դանդաղ տարրալուծվելով Լույսի մեջ, Բարձրյալի սիրո մեջ։ A Love Supreme։


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍԵՐԸ

Օ՜, Տեր, ես կանեմ ամենն, ինչ կարող եմ,
Միայն թե արժանի լինեմ Քեզ:
Շնորհակալ եմ Տեր:
Խաղաղությո՜ւն:
Չկա ուրիշ ոչ ոք՝
Տերը կա: Դա այնքա՜ն գեղեցիկ է:
Շնորհակալ եմ Տեր, Աստված ամենազոր է:
Մեր վախն ու թուլությունը հաղթահարե՛լ օգնիր մեզ:
Շնորհակալ եմ Տեր:
Դու ամենակարող ես,
Մենք այդ գիտենք, այդպես ենք ստեդծված:
Աչքդ Աստծուց չհեռացնես
Աստված կա:
Նա միշտ եղել է,
Նա միշտ կլինի:
Կարևոր չէ, թե ինչ... Տերն է:
Ողորմած ու բարեգութ է Նա:
Ամենակարևորը, որ ես գիտեմ Քեզ:
Բառեր, հնչյուններ, խոսքեր, մարդիկ,
հիշողություն, մտքեր, վախ, զգացմունքներ,
ժամանակ - բոլորը միասին...
բոլորը մեկից են ստեդծվել,
բոլորին մեկն է ստեղծել
Օրհնվի Նրա անունը:
Մտքի ալիք, ջերմության ալիք,
բոլոր թրթիռները, բոլոր ճանապարհները
Դեպի Տերն են տանում:
Շնորհակալ եմ Տեր:
Նրա ճանապարհը...
այնքան սիրալիր ու ողորմած է:
Շնորհակալ եմ Տեր:
Մի խոսքը կարող է
միլիոն թրթրռներ առաջացնել և դրանք
բոլորն էլ վերադառնում են Տիրոջը, բոլորը...
Շնորհակալ եմ Տեր:
Տիեզերքը շատ հրաշքներ ունի:
Բայց Տերը բացառիկ է:
Նրա ճանապարհը... այնքա՜ն հրաշալի է:
Մտքեր - գործեր - թրթիռներ և այլն
ամեն ինչ ետ է գնում Տիրոջ մոտ,
և նա մաքրում է դրանք:
Նա ողորմած է և բարեգութ:
Շնորհակալ եմ Տեր:
Փառք Տիրոջը...
Աստված ողջ է...
Աստված կա:
Աստված սիրում է:
Գուցե ես արժանի լինեմ քեզ...
Մենք բոլորս հավասար ենք
Նրա ողորմածության հանդեպ:
Միակ բանը, որ մենք անում ենք,
քեզ ճանաչելն է, օ՜ Տեր:
Շնորհակալ եմ Տեր:
Աստված կսրբի մեր բոլոր արցունքները...
Նա միշտ կա...
Նա միշտ կլինի...
Փնտրիր նրան ամեն օր:
Ամեն օր, բոլոր ճամփաներում
փնտրիր Տիրոջը:
Եկեք ձոնենք բոլոր երգերն Աստծուն,
Նրան, ում գովերգելը տեղին է,
Փառաբանենք Տիրոջը:
Չկա հեշտ ճանապարհ, բայց
բոլորն էլ տանում են դեպի Տերը:
Ամեն ինչ կիսել Աստծո հետ:
Ամեն ոք Տիրոջ հետ է:
Ամեն ոք Նրա հետ է:
Հնազանդվել Տիրոջը:
Օրհնյալ է նա և
Աստծո կամոք մենք բոլորս մի նյութից ենք:
Շնորհակալ եմ Տեր:
Ես տեսել եմ տիրոջը -
ես տեսել եմ անաստվածություն,
ոչ ոք ավելի մեծ չէ,
ոչ ոք չի կարող համեմատվել
Տիրոջ հետ:
Շնորհակալ եմ Տեր:
Նա մեզ կվերապրեցնի,
Նա կա և կլինի:
Ահա ճշմարտությունը, և
Օրհնվի Նրա անունը,
Շնորհակալ եմ Տեր:
Աստված ապրում է մեր մեջ
այնքան ամբողջական ու
այնպես նրբորեն,
որ մենք ղժվար թե զգանք,
... դեռ ...դա մերն է:
Շնորհակալ եմ Տեր:
Ուրախություն-
Նրբություն-
Փառաբանում-
բոլորը Տերն է տալիս:
Շնորհակալ եմ Տեր:
Ամեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Էսսեներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз