ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Գևորգյան իշխան

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Գևորգյան իշխան

Сообщение:#1  Сообщение Геворгян Ишхан » 03 ноя 2014, 22:46

Ես ձեզ սիրում եմ մի քիչ ավելի, քան հարգում եմ, և ուզում եմ, որ դրա համար ինձանից մի քիչ նեղանաք։

Խոսել սովորեցնելուց հետո սովորեցրեք չխոսել։

Կանացի խորհրդավորությունը գոյություն կունենա, քանի դեռ տղամարդիկ չեն կարողանում բացատրել իրենց շատ հիմարությունները։

Վերադարձն էմոցիոնալ տուրք է հիշողության փայլատակումներին։

Նվերի իսկական արժեքը ջերմությունը փոխանցելու կարողության մեջ է։

Ապաշխարանքը հավատի վերադարձն է, ու՝ անհիշաչար հաշտություն։

Եթե մարդը որոշել է խմել, կխմի։ Լինի օղի, կյանքի դառնություն, թե մեղսալի հաճույքի քաղցրություն:

Մենք մեր գնահատականով տալիս ենք մեր գնահատականը։

Ֆլիրտը սեռական ակտի նախնական հուզական փորձարկումն է։


Հումորից վախենում ես, մարդամեջ մի գնա։

Ցավոք սրտի, ամենահեշտ բանը նեղանալն է, և՝ նեղացնելը։

Մեծերին հասկանալու համար մեծանալ է պետք։

Գեղեցիկի խորհուրդը հաճույքի դաշտում ունեցած վստահության չափի մեջ է։

Ամուսինների ամեն համբույր երախտագիտության խոստովանություն է, ամեն վիրավորանք՝ հիասթափության ճիչ։

Գեղեցիկի զգացումը մեր աշխարհընկալման և գիտակցված ու չգիտակցված ցանկությունների մարմնավորման հմայքն է։

Իրականում երկու կախարդ կա՝ բնությունը և մեր ցանկությունը։

Ամենաթանկ վճարամիջոցը ժամանակն է։


Ժամանակի անշտապ հոսքի պատրանքի հմայքից մեզ ազատում է ուշանալու պատճառաբանությունը։

Ընկերոջը չեն փորձում։ Արժանին հեռանում է, անարժանը՝ հարմարվում, իսկ ժամանակը տխրում է։

Կախարդ պառավը դա մեր վախն է, սնոտիապաշտությունը և թաքնված անամոթ մտքերը, և նա գիտի այդ մասին։

Կախարդանքը մեզ արջ չի դարձնի, հենց որ հասկանանք, որ դա հնարավոր չի։

Հիշողությունն ինձ խաբելով տուն տարավ։ Բոլորը մոտս վազեցին, ու ես կարոտից լաց եղա։


Խանդելով մենք նեղանում ենք մեր բացառիկության և պահանջվածության մերժումից։

Ես ստիպված եմ քեզ մոռանալ, քանի որ առանց քեզ չեմ կարող։

Եթե քեզ անիծել են, ու դու նեղացել ես, ուրեմն անեծքը տեղ է հասել։

Հավակնոտ պահակը դառնում է պահպանակ։

Եթե իմ փողերից հոտ է գալիս, ուրեմն դա լավ հոտ է։

Միայնակ մարդը ջերմություն է մուրում, բայց մենք ամենաշատը կարող ենք նրան կարեկցել, ու նա շարունակում է մրսել։

Հերոսը հասարակության ռետուշ արած նկարն է։


Փոշմանելն աղոթք է առ իդեալ։

Մեր մտքերը շրջապատի համար կանացի մարմնի պես են։ Թաքուն ու ծածկված վիճակում բոլորին հետաքրքրում են։ Բայց հենց մերկացնում ես, ինչ պետք է օգտագործում են, ու սկսում թերությունները նկատել։

Դաստիարակությունը հոգածությամբ մեզ պատվաստում է տաբուներ, որոնց զգալի մասը հետո ենթարկվում է ինկվիզիցիայի, որպես վերապրուկ։

Եթե ուսումից հետո հետաքրքրող հարցեր չես ունենում, ուրեմն իզուր ես դպրոց գնացել։

Ուրիշ կանանց ու աղջիկներին նայելով մենք որոշում ենք մեր բացթողումների չափը, և զգուշորեն հաշվարկում դեռևս ունեցած հնարավորությունները։

Կանացի հմայքի գլխավոր զենքը տղամարդու գլխի մեջ է, և դա գիտեն միայն կանայք։

Գռեհիկ կատակը վախի և անկարողության վավաշոտ ծիկրակելն է։

Ջանասեր դաստիարակության արդյունքում մենք սովորում ենք, որ զբոսնելիս ինչ որ մեկը պետք է մեր ձեռքը բռնի։ Ու մի օր, զբոսանքի դուրս գալով, հայտնվում ենք աղբանոցում։
Եթե ես իմանամ, թե ինչու և ինչպես ես ծիծաղում, կասեմ, թե քեզ ինչքան են սիրել ու գուրգուրել։ Եթե ես իմանամ, թե ինչու և ինչպես ես վիրավորում, կասեմ, թե ինչքան են ցավացրել ու լացացրել։ Եթե ես իմանամ, թե ինչից ես վախենում, կասեմ, թե քանի տարեկան ես։ Եթե ես իմանամ, թե ինչից ես հաճույք ստանում, կասեմ, թե ինչից ես վախենում, և ինչպես ես ապրել։

Էժան մարդկանց ճոխ հավաքույթ։

Կատարելությունն անմատչելի է ու հպարտ և մեզանից օտարանում է։ Անկատարությունը մատչելի է ու հասարակ ու մեզ հարազատանում է։ Ու մենք կատարում ենք մեր ընտրությունը։ Ու վարգում ենք մտքով արաբական նժույգի, իսկ մարմնով՝ մեր հարազատ ու հոգնած ձիու վրա։

Մենք ազնվորեն սովորում ենք մեր դասերը, ու մեզ օրինակելի պահում։ Հետո հանկարծ հայտնվում են թերուսներ, «տղաներ», ու անվայել միջոցներով ու գռեհիկ հանդգնությամբ դառնում այն, ինչը մեր երազանքն էր։

Թուլությունն ուժ է փնտրում ճիշտ այնպես, ինչպես կինը (էգը)՝ տղամարդ (որձ), և՝ հակառակը։

Ուրախության չափը դռները բացելու պատրաստակամության մեջ է։

Գաղտնիքն ինչքան այլանդակ է ու կեղտոտ, այնքան շատ հնարավորություն ունի մարդամեջ դուրս գալու։

Նա կարիքից դրդված ամեն օր գնում էր անտառ, և այնտեղ բորենիները, գայլերը, ագռավներն ամեն օր նրան ուտում էին։ Բայց նա էլի գնում էր։

Ինչպիսի դեմքով քո տուն ես մտնում, այդպես էլ քո տունը նայում է աշխարհին։

Եթե հումորի զգացում ունես, տոնը միշտ քեզ հետ է։

Հիմարին նշանակեցին բաժնի վարիչ։ Ինքը հանկարծ խելոքացավ, բայց բաժինը, չգիտես ինչու, սկսեց հիմարանալ։


Մեր մոտիկներին պատառոտում ենք այն բանի համար, որ ավելի լավը չեն։ Ուրիշներին երախտապարտ ենք, որ ավելի վատը չեն։

Մինչև հասկանում ենք, որ միշտ չէ, որ լավ է այնտեղ, որտեղ բլիթներ են բաժանում, արդեն բլիթները կերած ենք լինում։

Այն, ինչ կատարվում է վերևներում, անհրաժեշտ անբարոյականություն է։ Այն, ինչ կատարվում է ներքևներում, ստիպողական անբարոյականություն է։

Հայելին մեր կյանքի սերիալ մելոդրաման է։

Եթե ծառը կտրելիս ծառի հառաչը չես լսում, լավ մարդ չես։


Ճաշակը դա նախապատվություն տալու համոզվածությունն է, իսկ բարձր ճաշակը՝ դրանով մյուսներին վարակելու կարողությունը։

Մարդկանց խոսքերի ու ժեստերի թաքուն իմաստը կարդալ կարողանալը տխուր հաճույք է։

Եթե մարդիկ չքնեին, ապա նրանց երազային անմտություններն ու ֆանտազիա -ները կարտահայտվեին ցերեկը, և կյանքը կդառնար էքստրեմալ իմպրովիզացիոն զառանցանք։

Այն կինը, որը հասկացել է տղամարդկային թուլությունները, խորհրդավոր կին է։ Իսկ նա, ով կարողանում է դրանցից օգտվել՝ վտագանվոր։

Մեզ դուր է գալիս, երբ դուր ենք գալիս։

Սպանդանոց գնացող ոչխարների մի խումբ խնամքով առաձնացված էր։ Նրանք երջանկությունից մայում էին, իսկ մյուսները նախանձից նիհարում էին։

Սկզբում հիասթափվում ենք գոռգոռալով, հետո՝ համոզելով, հետո՝ անձայն և հարմարվելով, իսկ վերջում հիասթափվում ենք մեզնից։

Մենք մեծանում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք զգալ կյանքի բեռի ծանրությունը։ Հասունանում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք տանել այդ ծանրությունը։

Մեր տունն այնտեղ է, որտեղ հանգստանում են մեր մարմինը և մտքերը։ Եվ երանի, որ այդ տունը մեր տանը լինի։

Եթե դպրոցը հիմարությունների նկատմամբ իմունիտետ չի ներարկում, այն ընդամենը պաշտոնական ռեպետիտոր է։

Քնքշորեն վերաբերվիր այն մտքին, որի վրա կատաղում ես։

Ինձ չեն հուզում քո հնարավորությունները, ինձ հուզում են քո հնարավորությունների հետ քո իրավունքները։

Եթե ուզում ես հեշտ ապրել, սովորիր հրաժարվել։

Թոփ մոդելը տղամարդկային հավակնոտ ցանկասիրության ապրանքային տեսքն է։

Կարևորն այն չի, թե ինչեր են խոսում։ Կարևորն այն է, թե ում ես լսում։
Գինին թափահարում է մեր արժանապատվությունը։

Մեր տունն այնտեղ է, որտեղ մեզ սպասում են։ Ընտանիքը վստահություն է և ռելաքսացիա։

Մեծերը մեզ սովորեցնում են իրենց խրատներով ու օրինակներով, իսկ փոքրերը՝ իրենց հավատով ու սպասելիքներով։

Կյանքի այլանդակությունը նրանում է, որ կինոթատրոնից արտասվելով դուրս ենք գալիս, և առաջին իսկ հանդիպումից խորշում իրական Քվազիմոդոյից։

Մեր կյանքի վրա տրադիցիաներն ազդեցություն ունեն մեր անկարողության և կենցաղային անգրագիտության չափով։

Պրպտող համառությունը բոլոր ժամանակների լավագույն ուսուցիչներից է։

Ընտանիքը թերությունների փոխզիջման և առաքինությունների փոխադարձ ըմբոշխման համակարգ է։

Զգացմունքի խորությունը կախված է իդեալի բարձրությունից։

Բոլոր տեսակի զիջումները և նվիրատվությունները զոհաբերություններ են ստատուս քվոյի իրենց աստծուն։ Աստված մեկ պետք է լինի։

Համընդհանուր շարժման մեջ լինել դեռ չի նշանակում շարժվել։

Լացն անզոր բողոք է։

Այս անմաքուր աշխարհում մաքրությունը կեղտ մաքրելու համար է։

Ուշադիր նայելու դեպքում նախ տեսնում ես մարդկանց կաղապարները։ Հետո՝ վախենում դրանց դատարկությունից, հետո՝ դրանք լցնելու այլազան հնարավորություններից։

Ամենուր հայտնվում է մարդկանց նոր տեսակ, որն ունի բնազդայինին սահմանակից պրիմիտիվ պահանջներ ու ճաշակ։ Նրանց գերխնդիրը օրը հաջող անցկանելն է սպառողական տեսակետից։ Գաղափար չունեն ոչ մշակույթի, ոչ ազգային արժեքների մասին։ Դրանք մարդկանց մի նոր տիպ են՝ պրիմիվատներ։
Նրանք շատ են, բայց առայժմ չգիտեն այդ մասին։

Միշտ դրության տերը դառել են նրանք, ովքեր անկախ ամեն ինչից ունեն ոգու համարձակություն, մտքի ճարպկություն, և ազատ են դիլեմատիկ բարդույթներից։ Դառնալով հաղթող (պրեզիդենտ, առաջնորդ, գեներալ, քաղաքապետ, ավազակապետ, որջապետ, խմբի, հիմնարկի լիդեր), նրանք իրար ճանաչում են, ընդառաջում, ստեղծելով հաղթողների լոբբի, և ամենուր սահմանում խաղի կանոնները և խաղագումարի չափը։

Սեքսը կուլտուրականացված ու անձնավորված սեռական մերձեցում է հակադիր սեռի երկու անձանց միջև։ Մյուս դեպքերում մենք գործ ունենք հիվանդության, բնազդի կամ մուտացիայի հետ։

Մեր տարօրինակություններն ու թերություններն ինքնապաշտպանական միջոցներ են, և ցույց են տալիս մեր օտարանալու և հեռանալու ցանկության չափը։

Կեղտին քսվելով մաքուր մնալը մաքուր մարդկանց մենաշնորհն է։

Համընդհանուր թերությունների միջավայրում նույնիսկ կարելի է պարծենալ սեփական արտասովոր թերությամբ։

Եթե լավության պոչից հետադարձ հասցե է կախված, ուրեմն նրանք քո կարիքն են զգում, գտիր նրանց։

Մարդիկ աշխատում են այնքան, ինչքան ստիպված են, ու այնպես, ինչպես կարողանում են։ Մարդիկ ուրախանում են այնքան, ինչքան հնարավոր է, ու այնպես, ինչպես կարողանում են։ Ու տարբեր վայրերում ծնվում են տարբեր կուլտուրաներ ու տրադիցիաներ, ու իրար անուններ ու գնահատականներ են կպցնում։

Եթե ուզում ես անընդհատ շփվել, հոգ տանել, և քեզ վրա ես վերցնում ամբողջ պատասխանատվությունը, ուրեմն սիրում ես, լինի Հայրենիք, սեփական երեխա, թե՝ ուրիշի կին։

Ուշադրություն, վերաբերմունքն աշխուժացնում է։

Արվեստի միսիան մարդկանց ապրումները միավորելու և ազնվացնելու մեջ է։

Չասված խոսքերը դառնում են վերաբերմունք։
Аватара пользователя
Геворгян Ишхан (Автор темы)
Гость
Гость
Информация: Показать детали


Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз