
(52.78 кб) Просмотров: 459
ԿենսագրությունՖրիդրիխ Նիցշե (գերմ.՝ Friedrich Wilhelm Nietzsche,
1844թ. հոկտեմբերի 15, Լյուտցենին մերձ Ռյոքեն բնակավայր - 1900 թ.. օգոստոսի 25, Վայմար), գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր։ Նիցշեն 24 տարեկանում դասական բանասիրության պրոֆեսոր էր Բազելում։ Ինը տարի անց ողջ կյանքում նրան ուղեկցած հիվանդության պատճառով նա թողնում է պրոֆեսուրան։ Այդ ժամանակվանից նա՝ իբրև անհայրենիք և չճանաչված հեղինակ, թափառում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում։
45 տարեկանից իրենց զգացնել են տալիս հոգեկան խանգարման նշանները։ Մնացյալ կյանքը ապրում է իբրև անաշխատունակ և անմեղսունակ, գրեթե մի տասնամյակ անցկացնում է մոր և քրոջ խնամակալության ներքո, մինչև
55 տարեկանում կնքում է իր մահկանացուն։
1890 թվականից ողջ աշխարհով մեկ տարածվող իր փառքին նա անհաղորդ է մնում։
Ստեղծագործական առաջին տարիներից ըմբոստանում է փիլիսոփայության իր կուռքի՝ Շոպենհաուերի դեմ, որի փիլիսոփայությունը մշտապես մեկնաբանում է իբրև հոռետեսություն, ինչի քննադատությունը նրա երկերի կենտրոնական թեմաներից է։ Նրա փիլիսոփայությունը բարոյականության, կրոնի, փիլիսոփայության, գիտության և արվեստի սուր քննադատություն է։ Ժամանակակից մշակույթի հիմնական բնույթը, ըստ նրա, անկումայնությունն է՝ հակառակ անտիկ Հունաստանի մշակույթի։ Նիցշեն շարունակ անդրադառնում է քրիստոնեական բարոյականությանը և քրիստոնեական ու պլատոնական մետաֆիզիկային։ Նա ճշմարտության արժեքը ընդհանրապես հարցականի տակ է դնում։ Գերմարդու, առ իշխանություն կամքի և նույնի հավերժական վերադարձի կոնցեպտները այսօր էլ բուռն բանավեճերի և մեկնաբանությունների կենտրոնում են։
Նիցշեի միտքը փիլիսոփայության համար շրջադարձային նշանակություն ունի։ Նրա գրությունները համակարգված շարադրանքից զերծ են։ Նա փիլիսոփայության մեջ այն փոխարինեց ասույթով։ Նրա ոճը, նրա գրությունների, բանաստեղծական ժառանգության և պաթեթիկ-քնարական շնչով գրված
«Այսպես խոսեց Զրադաշտը» երկի հետ միասին, ապահովել են նաև նրա գրողական կշիռը։ Ամենևին չափազանցություն չէ, երբ Գոթֆրիդ Բենը գրում է.
«Նա մեր ժամանակաշրջանի երկրաշարժն էր և Մարտին Լութերից հետո գերմանացի մեծագույն հանճարը»։