Վիյոնը (Ֆրանսուա դը Լոժ Մոնկոբիե), ծնվել է Փարիզում 1431 թվին և անմահ է թեկուզ այն պատճառով, որ մահվան թիվ չունի (1463 թվականից հետո նրա մասին որևէ լուր չկա)... Եթե միայն նկատի ունենայինք մեզ հասած նրա կենսագրական սուղ տվյալները` կարող էինք «մաղթել», թե այդպիսի մի կյանք ապրելու համար լավ կլիներ` ծնվելու առիթ էլ չունենար: «Կմաղթեինք» և` աններելիորեն կվրիպեինք... Նրա ամբոջ խառնիխուռն կյանքը արկած է և շարժում: Եվ եթե չապրեր հենց այդպիսի կյանք, ապա մենք, ավելի քան հինգ հարյուր տարի հետո, առիթ չէինք ունենա զմայլվելու նրա «Կտակներով»... Նա կապվել է հանցագործ խմբերի հետ, մասնակցել կողոպուտների, երկու արքաների կողմից երկու անգամ «ներման թուղթ» է ստացել և, Ինչպես Մանդելշտամն է սրամտում Վիյոնին նվիրված իր հրաշալի հոդվածում` «Նա հաստատաբար վստահ էր, թե նույնպիսի մի թուղթ էլ Աստծուց է ստացել` ի թողություն յուր ամենայն մեղաց»: Երբ դեռ մի քսան տարեկան էր և սիրահարված էր Կատրին դը Վոսել անունով մի աղջկա, ստիպված եղավ իր մրցակից ոմն Սերմուազի հետ հաշիվ պարզել. սա դաշույնով պատռեց Վիյոնի շուրթը, Վիյոնն էլ մի քար նետեց իրեն վիրավորողի գլխին, սպանեց նրան ու փախավ Փարիզից... Այնինչ սա, ինչպես Ստեֆան Ցվայգն է մի այլ առիթով նկատել, «փախուստ էր դեպի անմահություն»: