ՖՐԱՆՑԻՍԿՈ ԱՅԱԼԱ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՖՐԱՆՑԻՍԿՈ ԱՅԱԼԱ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:17

ՖՐԱՆՑԻՍԿՈ ԱՅԱԼԱ

ՖՐԱՆՑԻՍԿՈ ԱՅԱԼԱ.jpg
ՖՐԱՆՑԻՍԿՈ ԱՅԱԼԱ
ՖՐԱՆՑԻՍԿՈ ԱՅԱԼԱ.jpg (10.55 кб) Просмотров: 549


Ֆրանցիսկո Այալան ծնվել է Գրանադայում, 1906թ.: Մասնագիտությամբ իրավաբան է, սոցիոլոգիական և քաղաքական փիլիսոփայության գիտությունների դոկտոր: Մինչև 1936թ. աշխատել Մադրիդի համալսարանում, քաղաքացիական պատերազմում հանրապետականների պարտությունից հետո վտարվել Արգենտինա, 1950-1969թ.թ. ապրել ԱՄՆ-ում, սոցիոլոգիա և իսպանական գրականություն դասավանդել տեղի համալսարաններում: 1980թ. վերջնականապես վերադարձել է Իսպանիա: Գրական գործունեության ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ, մի քանի անգամ ներկայացվել Նոբելյան մրցանակի: 1983թ. Թագավորական Ակադեմիայի անդամ է: 1998թ. Գրանադայում և Սևիլիայում ֆոնդեր են հիմնադրվել գրողի անունով: 2008թ. նա մի ծրար է հանձնել Սերվանտեսի համալսարանին, որի բովանդակությունը պարզ կդառնա միայն 2057թ.: Այժմ մեծ գրողը 103 տարեկան է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՖՐԱՆՑԻՍԿՈ ԱՅԱԼԱ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:18

Ինկվիզիտորը (թարգմ. Կ. Չոբանյանը)


Ի՜նչ խնդություն, ի՜նչ ցնծություն: Ի՜նչ երաժշտություն և հրավառություն: Հրեական համայնքի Մեծ Ռաբբին՝ բարձր արժանիքների և իմացությունների տեր մի պատկառելի տղամարդ, վերջապես ճշմարտության լույսը ճանաչելով, իր գլուխն էր հանձնում մկրտության սուրբ ջրին, և ողջ քաղաքը նշում էր այդ տոնը:
Այդ անմոռանալի օրը, Տեր Աստծուն իր շնորհակալությունը հայտնելիս, այժմ արդեն նրա՛ եկեղեցում, միայն մի բանի համար պետք է ցավ զգար նախկին ռաբբին, սակայն այդ բանը, օ՜հ, սրտի խորքից էր գալիս. այն, որ իր կնոջը՝ հանգուցյալ Ռեբեկային, բաժին չէր հասել այն երանությունից, որին իր հետ, բարեբախտաբար, մասնակցում էին Մարթան՝ իրենց միակ դուստրը և ընտանիքի մյուս հարազատները՝ բոլորն էլ մեծ հանդիսավորությամբ նույն արարողության ժամանակ մկրտված: Դա էր նրա սրտի փուշը, թաքուն մորմոքն այդքան փառավոր մի օր: Դա էր և, իհա՛րկե, նաև իր մեծերի կասկածելի (կամ՝ ավելի քան կասկածելի՝ երկյուղ առաջացնող) բախտը. անվանի մի տոհմ, որին ինքը խորապես ակնածել էր հանձինս իր պապի, իր հոր՝ աստվածավախ, բանիմաց և բարի մարդկանց, ովքեր սակայն Փրկչի գալուց հետո ի զորու չէին եղել ճանաչել նրան և դարեր շարունակ համառորեն ընդունել էին հին, մերժված Օրենքը:
Նորադարձ քրիստոնյան արժանի հարց էր տալիս ինքն իրեն, թե ինչու՞ է իր հոգուն տրվել մի շնորհ, որն այնպես մերժվել է նրանց, և Նախախնամության ո՞ր կանխորոշմամբ է, որ այժմ՝ գրեթե հազար հիգ հարյուր տարիների դաժան, համառ և կործանարար հպարտությունից հետո այստեղ՝ կաստիլական սարահարթի այս փոքրիկ քաղաքում, հենց ինքը (միայն ինքը իր բազմանդամ տոհմում) պետք է սրբազան սինագոգն օրինակելիորեն ղեկավարելուց հետո այս աղմկահարույց և երանավետ քայլն աներ, որով փրկության արահետն էր ոտք դնում: Առաջ, իրեն դարձի եկած հայտարարելուց շատ առաջ, ժամեր՝ երկարուձիգ, անթիվ-անհամար ժամեր էր նվիրել այդպիսի ճակատագրի հանելուկն աստվածաբանության դրույթներով պարզելուն: Գաղտնիքը բացել չէր հաջողվել: Շատ ու շատ անգամ էր ստիպված եղել որպես ամբարտավան մի մեղք՝ հրաժարվել մտքում պտտվող ընդունելի միակ լուծումից, և մտորումները ծառայել էին միայն նրան համոզելու, որ այդպիսի շնորհը պարտականություններ է դնելու ուսերին, և իր բացառիկ նշանակությանը համարժեք պահանջներն է առաջ քաշելու, այնպես որ, գոնե a posteriori1 պետք է այդ շնորհն արդարացներ իր արարքներով: Հստակ գիտակցում էր, որ պարտապան է լինելու Սուրբ Եկեղեցուն շատ ավելի, քան որևէ այլ քրիստոնյա: Եզրահանգեց, որ իր փրկությունը պետք է հանուն հավատի թափած քրտնաջան աշխատանքի արդյունք լինի, և որոշեց (և դա նրա մտորումների երջանիկ և անսպասելի արդյունքն էր), որ իրեն կատարյալ չպետք է համարի, մինչև արժանի չլինի և հովվապետության աստիճանի չհասնի հենց այդտեղ՝ այդ նույն քաղաքում, որտեղ Մեծ Ռաբբի լինելու պատիվն է ունեցել, այդպիսով զարմանք լինելով բոլորի աչքի և օրինակ ծառայելով բոլոր հոգիների համար:
Այդպես նա քահանա կարգվեց, արքունիք գնաց, եղավ Հռոմում և ութ տարի չանցած արդեն նրա իմաստնությունը, ողջախոհությունը, անխոնջ ջանքերն ի վերջո թեմի առաջնորդի վեղար պարգևեցին նրան, որի եպիսկոպոսական աթոռից ծառայելու էր Աստծուն մինչ ի մահ: Խորդուբորդ էր (թերևս պատկերացրածից ավելի) ընտրած ճանապարհը, սակայն նա չընկրկեց, կարելի է նույնիսկ վստահաբար ասել, որ պահ անգամ չտատանվեց: Սույն պատմությունն ահա այդ փորձության ժամերից մեկին է վերաբերում: Մենք կգտնենք եպիսկոպոսին իր կյանքի թերևս ամենադաժանագին օրը: Ահավասիկ, աշխատում է այգը հազիվ բացված: Շատ քիչ է ընթրել՝ հազիվ մի պատառ՝ առանց աչքն իր թղթերից կտրելու: Եվ սպասքը դեպի սեղանի ծայրը՝ թանաքամանից և թղթի կապոցներից հեռու հրելով, նորից խորասուզվել է գործի մեջ: Սեղանի ծայրին, մի կողմ դրված տեսնում եք ահա կոշտ կողը պոկած սպիտակ հացի մի բոքոն, մի քանի սալոր ափսեի մեջ, մեկ ուրիշի մեջ սառը մսի մնացորդներ, մի կուժ գինի, հրուշակեղենի չբացված մի տուփ… Ուշ էր արդեն, և եպիսկոպոսը հրաժեշտ էր տվել սպասավորին, քարտուղարին, բոլորին և ինքն էր պատրաստել իր թեթև ընթրիքը: Նա սիրում էր այդպես վարվել. սովորաբար մնում էր մինչև ուշ գիշեր՝ առանց որևէ մեկին նեղություն տալու: Իսկ այսօր հազիվ թե կարողանար տանել որևէ մեկի ներկայությունը. պետք է կենտրոնանար դատավարության գործի ուսումնասիրության վրա, և ոչ ոք չպետք է խանգարեր նրան: Վաղն իսկ իր նախագահությամբ հավաքվում էր Սրրազան Ատյանը. այն թշվառները ներքևում արդարադատության էին սպասում, իսկ նա այնպիսի մարդ չէր, ով ընդունակ է խուսափելու կամ հետաձգելու իր պարտականությունները և ոչ էլ իր սեփական տեսակետն ուրիշների կարծիքներին ենթարկելու: Նա միշտ մանրակրկիտ ուսումնասիրել է յուրաքանչյուր դատական հետաքննության յուրաքանչյուր մանրուք, անգամ փոքրագույն, համադրել փաստաթղթերը, արձանագրություններն ու ապացույցները, մինչև կուռ համոզվել է, և անբեկանելի վճիռ է կայացրել գործի վերաբերյալ: Այժմ, այս գործում ամեն բան հավաքված էր, աչքի առաջ ամեն բան հանգամանորեն դասավորված և շարադրված՝ թերթ առ թերթ, հենց սկզբից սկսած՝ հավատափոխ Անտոնիո Մարիա Լուսերոյի մատնությունից մինչև դատական վճռի սևագիր տարբերակը, որը վաղը պետք է կայացվեր գործի մեջ ներքաշված հուդայականություն դավանողների ամբողջ խմբի վերաբերյալ: Այնտեղ էր Լուսերոյի ձերբակալման ժամանակ կազմված փաստաթուղթը, ում բռնել էին քնած ժամանակ և կալանավորել տան խառնաշփոթ իրարանցման մեջ, արձանագրված էին շփոթահար իրավիճակի մեջ բերանից թռցրած նրա խոսքերը, ի դեպ, բավականին երկիմաստ խոսքեր: Այնուհետև մի քանի ամիս տևած հարցաքննությունների իրար հաջորդող հայտարարություններ, որոնցից մեկն ընդմիջված էր ախուվախերով ու հառաչանքներով, տանջալից աղաղակներով ու աղերսանքներով, բոլորն էլ բծախնդիր ճշգրտությամբ նշված և արձանագրված: Գործի մանրակրկիտ վարման ընթացքում, իրար հաջորդած անհամար ճնշող դատաքննությունների ժամանակ Լուսերոն կատաղեցնող համառությամբ ժխտել էր իր մեղքը, ժխտել էր անգամ այն ժամանակ, երբ տանջարանի վրա ոլորում էին նրա մարմնի անդամները: Ժխտում էր անեծքների միջից, ժխտում թախանձանքների և հեծեծանքների միջից, ժխտում էր շարունակ: Սակայն եպիսկոպոսը շատ լավ նկատել էր, - մեկ ուրիշը թերևս ուշադրություն էլ չէր դարձնի, բայց ինչպե՞ս կարող էր այդ բանը վրիպել նրա աչքից, - որ այն ձայնարկությունները, որոնք դուրս էին թռչում ամբաստանյալի բերանից հոգեկան խռովքի, ուղեղի մթագնման պահերին, ցավի ու սարսափի միջից, երբեմն, այո՛, Աստծու սուրբ անունն էին բովանդակում՝ ոռնոցներով ու սպառնալիքներով պարուրված, սակայն ոչ մեկն ուղղված չէր Տեր Հիսուս Քրիստոսին, Աստվածամորը կամ սրբերին, որոնց հանդեպ, ավելի հանգիստ հանգամանքներում, ընդհակառակը, նա այնքան երկյուղած էր դրսևորում իրեն …
Այժմ տանջելու միջոցով կորզած ցուցմունքներն աչքի անցկացնելիս,- այդ հարցաքննությանը բազում դրդապատճառներով եպիսկոպոսը հարկ համարեց անձամբ ներկա գտնվել,- հիշողության մեջ անբավականությամբ արթնացավ այն հայացքը, որն Անտոնիո Մարիան՝ կոճերից կախված, գլուխը գետնին քսվելով, իրեն ուղղեց ներքևից: Նա լավ գիտեր, թե ինչ էր նշանակում այդ հայացքը. այն ակնարկ էր պարունակում անցյալի վերաբերյալ, ցանկանում էր ապավինել այն ժամանակներին, երբ երկուսն էլ՝ կտտանքների ենթարկվող ամբաստանյալն ու նրա դատավորը՝ եպիսկոպոսը և Սրբազան Դատարանի նախագահը, դեռ հրեաներ էին, հիշեցնել նրան այն հեռավոր դրվագը, երբ ոսկերիչը, որ այն ժամանակ նիհար, ժպտերես մի պատանի էր, շատ հարգալից մոտեցել էր իր ռաբբիին՝ այն ժամանակ դեռ ողջ Ռեբեկայի կրտսեր քրոջ՝ Սառայի ձեռքը խնդրելու, և ռաբբին, մտորելուց հետո, ոչ մի պատճառ չէր գտել դեմ լինելու այդ ամուսնությանը և հենց ինքն էլ կատարել էր Լուսերոյի և իր քենի Սառայի պսակադրությունը: Այո՛, դա էին ուզում հիշեցնել նրան այդ աչքերը, որ փայլում էին ուղղակի հատակին, նկուղի մթության մեջ՝ ստիպելով նրան փախցնել իր հայացքը, նրանք օգնություն էին սպասում դատական գործի հետ առնչություն չունեցող հին բարեկամությունից և հարազատությունից: Այդպիսով այդ հայացքը համարժեք էր անպատկառորեն, հանցակցաբար աչքով անելուն, կաշառելու մի փորձի և ոչնչի չէր հասնում, քան միայն իր դեմ նոր ապացույցներ բերելուն, քանզի չէ՞ որ նա մտադիր էր խոսել և հովվապետի հոգում, ով այնքան մեծ դժվարություններով ջանք չէր խնայում հանուն հավատի մաքրության, արթնացնել նախկին հուդայականին, ինչից երդմնազանց էին եղել թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Այդ մարդիկ շատ լավ գիտեին, կամ ենթադրում էին, - մտածեց եպիսկոպոսը, - թե ինչը կարող էր իր թույլ կողմը լինել և քողարկված համառությամբ չէին դադարում հաշվարկներ անել, թե ինչպես մոտենան իրեն: Սկզբում արդեն չէ՞ին փորձել, - նրանց անմաքուր խղճի ի՜նչ վառ ապացույց, ի՜նչ բացահայտ խոստովանություն, որ չէին վստահում եկեղեցու ողորմած արդարադատությանը, - չէի՞ն փորձել իրեն կակղեցնել Մարթայի՝ իր դստրիկի միջնորդությամբ, այդ անմեղ արարածի, ում այդպիսով խաղի մեջ ներքաշեցին… Այդքան ամիսներ անց նրա ներսում նորից ու նորից էր զայրույթի ալիք բարձրանում այն բանից, որ համարձակվել էին դիպչել ամենանվիրականին՝ մանկական անմեղությանը: Նրանց կողմից արդարացված՝ Մարթան եկել էր հոր մոտ՝ միջնորդելու Անտոնիո Մարիա Լուսերոյի համար, որն այն ժամանակ նոր էր ձերբակալվել՝ որպես կասկածյալ: Ամենևին դժվար չեղավ պարզել, որ նա այդ բանն արել էր մանկության ընկերուհու և, - ձերդ սրբազանությունը դժգոհ ծռմռեց դեմքը, - մոր կողմից հարազատ զարմուհու՝ Խուանիտա Լուսերոյի պահանջով, ում իր հերթին սովորեցրել էին հոր՝ քրիստոնեություն ընդունած, այժմ հուդայականություն դավանելու մեջ կասկածվող Լուսերոյի հրեա ազգականները: Ծնկաչոք, թերևս սովորեցրած բառերով աղջիկն աղաչել էր եպիսկոպոսին: Սատանայական գայթակղություն. քանզի մի՞թե Հիսուսինը չեն «Ով ինձնից շատ սիրի իր զավակին, արժանի չէ ինձ» խոսքերը:
Գրիչը բարձր պահած, կարճատես աչքերը սրահի կիսախավար պատին անորոշ հառած՝ պրելատը հառաչ արձակեց կրծքից. նրան չէր հաջողվում գործին կպչել, չէր կարողանում խուսափել, որ երևակայությունը չփախչեր դեպի իր միակ դուստրը՝ իր հպարտությունն ու հույսը, այդ փխրուն, լռակյաց, հախուռն աղջնակը, որ այժմ աշխարհից մոռացված, քնի երջանիկ անհոգության գիրկը սուզված՝ հանգստանում էր իր ննջարանում, երբ ինքն արթմնի՝ գիշերվա լռությունն էր խզխզացնում գրիչով: Նա վերջին ժառանգն էր այն հին տոհմի, - ինքն իրեն ասում էր եպիսկոպոսը, - որի արժանապատիվ անունից ինքը ստիպված եղավ հրաժարվել, որպեսզի Հիսուսի խորախորհուրդ մարմնի մեջ մտներ, և որի վերջին հետքերն առմիշտ կջնջվեին, երբ ժամը գար և աղջիկն ամուսնանար (եթե երբևէ պետք է ամուսնանար) որևէ իսկական քրիստոնյայի հետ, որը գուցեև, իսկ ինչու՞ ոչ, ազնվական արյուն ունենար, և նա՝ հավատարիմ և զուսպ, ջանասեր և կենսախինդ, մի նոր սերունդ արարեր իր օջախի գրկում… Երևակայության մեջ այս բաղձալի հեռանկարի կանխագործմամբ, եպիսկոպոսը դարձյալ զգաց, թե ինչ ջերմեռանդությամբ է տենչում պահպանել դստերն այն բոլոր կապերից, որոնք կարող էին արատավորել նրան, զերծ պահել լրտեսումներից, առանձին պահել, և հիշելով, թե ինչպես էին հօգուտ ամբաստանյալ Լուսերոյի ցանկանում օգտվել նրա հոգու մաքրությունից, զայրույթն այնպես էր բարձրանում կոկորդը, ասես այդ ծանր տեսարանը միայն երեկ էր տեղի ունեցել: Տեսնում էր, թե ինչպես էր աղջիկն իր առաջ ծնկի եկած ասում. «Հայրի՛կ, խեղճ Անտոնիո Մարիան ոչ մի բանում մեղավոր չէ: Ես, հայրի՛կ (նա՜, այդ անմեղ էա՜կը) ես լավ գիտեմ, որ նա լավն է: Փրկի՛ր նրան»: Հա՜, փրկեր նրան: Կարծես դա չէր, հենց դա՜ չէր՝ փրկել մոլորյալներին, ինչ մտադիր էր Ինկվիզիցիան… Նրա դաստակը բռնելով՝ եպիսկոպոսն անմիջապես պարզեց, թե ինչպես է հյուսվել այդ ամբողջ խարդավանքը, նյութվել դավը. խայծը, պարզ է, վշտաբեկ Խուանիտա Լուսերոն է եղել, իսկ մյուս բոլոր հարազատներն, անտարակույս, հավաքվել էին, որ սարքեին այն տեսարանը, որը թատերական տեսարանի անսպասելի շրջադարձի նման պետք է (այդպիսին էր նրանց մտադրությունը) շուռ տար մանկական արցունքներով նրբորեն կաշառված պատկառելու գիտակցությունը: Սակայն ասված է, որ եթե աջ ձեռքդ քեզ գայթակղության տանելու լինի, կտրի՛ր և դե՛ն նետիր այն: Եպիսկոպոսը, որպես առաջին շրջահայաց քայլ և ոչ որպես պատիժ, այլ ավելի շուտ զգուշության համար, աղջկան պատվիրելով փակվել սենյակում մինչև նոր կարգադրություն ստանալը, հեռացավ՝ մտորելու կատարվածի նշանակության և կարևորության մասին. իր սեփական դուստրը գալիս է իր ոտքը, իր ձեռքն ու մատանին համբուրելուց հետո աղերսում մի հուդայականի համար: Եվ շատ շուտով ապշահար եզրակացրեց, որ չնայած իր բոլոր ջանքերին՝ Մարթայի դաստիարակության հարցում ինքն իրեն հանդիմանելու բան պետք է որ ունենար, եթե նա կարողացել էր այդպիսի ծայրահեղ անզգուշության հասնել:
Եվ որոշեց պրելատը հեռացնել դաստիարակին և կրոնի ուսուցչին՝ այդ դոկտոր Բարտոլոմե Պերեսին, ում այնքան հոգածությամբ ընտրել էր յոթ տարի առաջ և ում մասին հիմա կարելի էր ասել, որ նա առնվազը ավելորդ ներողամիտ է եղել՝ ազատ ժամանակ տալով իր խնամարկյալին սին խոսակցությունների համար և թույլ տալով մի տրամադրություն՝ հակված այդ զրույցներով տարվելու ավելի շատ զգացմունքներից ելնելով, քան սթափ դատողությունից:
Եպիսկոպոսին օրեր հարկավոր եղան, որպեսզի ծանրութեթև անի և լիովին մի կողմ չդնի իր կասկածները: Գուցե, - վախենում էր նա, - իր թեմի հոգսերով տարված՝ թույլ էր տվել, որ չարիքն իր սեփական տուն մտնի, և թունավոր մի փուշ խրի իր մարմինը: Ամենայն բծախնդրությամբ նա նորից քննեց իր վարմունքը: Արդյոք լիովի՞ն է կատարել իր հայրական պարտականությունները: Առաջին բանը, որ արել է, երբ Աստված կամեցավ ցույց տալ իրեն ճշմարտության լույսը և բանալ իր Եկեղեցու դռները, այն էր, որ այդ թախծոտ, իր իսկ ծնվելու պատճառով որբացած մանկիկի համար ոչ միայն անբասիր հավատքի տեր դայակներ ու սպասուհիներ փնտրեց, այլ նաև վարդապետ, ով նրա քրիստոնեական դաստիարակության երաշխավորը լիներ: Հնարավորինս հեռու պահել նրան հավատքի մեջ շատ նորթուխ հարազատներից, վստահել նրան մի պատկառելի անձի՝ կրոնական ուսմունքի և վարքի մեջ զերծ ամենայն կասկածից. ահա սա էր եղել նրա մտադրությունը: Այդքան նրբախնդիր մի առաքելության համար նախկին ռաբբին փնտրեց, ընտրեց և հրավիրեց մի բանիմաց և համեստ մարդու՝ այդ աստվածաբանության դոկտոր Բարտոլոմե Պերեսին՝ շինական մարդկանց զավակ, թոռ և ծոռ, գյուղացի մի մարդ, ով լոկ իր անձնական արժանիքների շնորհիվ էր մեջքն ուղղել իր սեփական փոքրիկ հողակտորի վրա, որտեղ իր նախնիները կորացած մեջքով էին ապրել, և դուրս էր եկել գյուղից, իսկ այդ ժամանակ, սուրբ գրի իմացության մեջ համբավ ձեռք բերելուց հետո, խոհեմաբար և հնազանդորեն որպես քահանայի օգնական էր ծառայում մի ծխական համայնքում, որն իր կառավարիչներին ավելի շատ հոգս էր բերում, քան պտուղներ: Հարկ է ասել, որ նրա մեջ ոչինչ այնպես չէր գոհացնում մեծահամբավ դավանափոխին, ինչպես նրա այդ պարզամտությունը, առողջ դատողությունն ու գեղջկական ուղղամիտ ինքնավստահությունը, որ պահպանվել էին նրա պարեգոտի ներքո՝ որպես կենսախինդ ամրության անքակտելի մի միջուկ: Իր մտադրությունը խոստովանելուց առաջ երեք երկար զրույց վարեց նրա հետ ուսմունքի շուրջ և գտավ, որ նա կրթված է՝ առանց ցուցամոլության, դատողունակ՝ զերծ խորամանկություններից, բանիմաց՝ անմասն գլխապտույտներից, մտատանջություններից և տագնապներից: Դոկտոր Բարտոլոմե Պերեսի շուրթերին ամենախճճված բանը դառնում էր ակնհայտ, հասարակ… Եվ հետո նրա սիրալիր խաժ աչքերը աղջնակի համար բարեսիրտ վերաբերմունք և հոգու քնքնշանք էին խոստանում, որն արդեն քաջ ծանոթ էր նրա ծխական համայնքի երեխաներին: Ի վերջո դոկտոր Պերեսն ընդունեց մեծահամբավ դավանափոխի առաջարկը, երբ երկուսով միասին ծեր քահանային ապահովեցին մեկ այլ հարմար օգնականով, և գնաց հանգրվանելու այն տանը, որտեղ իրավամբ հույս ուներ առաջ գնալ գիտության մեջ՝ առանց բարեհաճության պակաս զգալու: Եվ իրոք, երբ նրա տերը եպիսկոպոսի նվիրատվական աստիճան ստացավ, վերջինիս ազդեցությունների շնորհիվ դաստիարակին կանոնիկոսի եկամտաբեր պաշտոն շնորհվեց: Այդ ժամանակ ուսուցչի խրատներին հնազանդ աղջկա կրոնական դաստիարակությունը միայն դրվատանքների տեղիք էր տալիս: Սակայն այժմ… ինչո՞վ կարելի էր բացատրել այս ամենը, - ինքն իրեն հարց էր տալիս եպիսկոպոսը, - ի՞նչ թերություն, ի՞նչ խզվածք էր այժմ ի դերև հանելու կատարվածը այնքան խնամքով կատարված, հղկված և կատարյալ գործի մեջ: Արդյո՞ք չարիքը հենց այնտեղ չէր, - հարց էր տալիս ինքն իրեն, - ինչն ինքը, գուցե և սխալմամբ, հապճեպ, որպես գլխավոր արժանիք է գնահատել՝ հավատի ավանդույթի մեջ նիրհող վաղօրյա քրիստոնյայի գոհունակ և ինքնավստահ հուսալիության մեջ: Այդ կասկածը նույնիսկ վերահաստատեց այն հանգիստ, խաղաղ, կարելի էր ասել անգամ հավանություն տվող դեմքի արտահայտությունը, որով դոկտոր Պերեսն ընդունեց լուրը կատարվածի մասին, երբ ինքն իր մոտ կանչեց նրան, որպեսզի նախատինք շպրտեր երեսին: Իր անթափանցելի իշխանությամբ պատանավորված՝ կանչել էր նրան և ասել. «Լսեք, դոկտոր Պերես, տեսեք, թե ինչ է տեղի ունեցել հենց նոր. քիչ առաջ Մարթան՝ իմ դուստրը…» Եվ հակիրճ պատմել էր ողջ տեսարանը: Դոկտոր Բարտոլոմե Պերեսը սկզբում լսել էր հոնքերը մտահոգ կիտած, ապա դեմքի խաղաղ արտահայտությամբ, նույնիսկ ժպիտի որոշ նշույլով և ասել. «Դա, պարոն, վեհանձն հոգու արտահայտություն է», - և դա նրա միակ մեկնաբանությունն էր եղել: Եպիսկոպոսի կարճատես աչքերը երկար զննել էին նրան հաստ ապակիների տակից՝ սկզբում ապշահար, ապա ցասկոտ խստությամբ: Բայց նա չէր փոխել դեմքի արտահայտությունը, և ( դա արդեն անամոթության գագաթնակետն էր) ասել էր, համարձակվել էր հարցնել. «Իսկ Դուք, Ձերդ ազնվություն, չե՞ք մտածում ականջ դնել անմեղության ձայնին»: Եպիսկոպոսն այնպես էր ցնցվել, որ նախընտրել էր այդ պահին պատասխան չտալ նրան: Նա զայրացած էր, սակայն զայրույթից ավելի զարմանքից էր քար կտրել: Ի՞նչ կարող էր նշանակել այդ ամենը: Ինչպե՞ս կարելի էր այդքան կույր լինել: Կամ մի՞թե մինչև իր աթոռանիստը (դա չափազանց համարձակ կլիներ), մինչև իր գահի ոտքն էին հասնում նրանք… թեև, եթե համարձակվել էին իր սեփական դստերն օգտագործել, ինչու՞ չէին կարող օգտագործել նաև մի հոգևորականի, վաղօրյա մի քրիստոնյայի… Օտարոտի, ասես առաջին անգամ տեսնելիս լիներ, նա ուշադիր զննեց իր առջև կանգնած այդ շիկահեր գյուղացուն՝ աներկյուղ, անտարբեր, ժայռի պես ամուր (և բռի՛, - ինքն իրեն չկարողացավ զսպել նա) աստվածաբանության այդ դոկտորին և հոգևորականին, որ ոչ այլ ինչ էր, քան հավատքի ավանդույթի մեջ նիրհող անտաշ մի գեղջուկ և իր ողջ իմացությամբ հանդերձ այնքան անգիտակից, որքան ավանակը: Սրբազանն անմիջապես ինքն իրեն պարտավորված զգաց կարեկցանք ցուցաբերելու. այդ անփութությունը, վտանգների մեջ թույլ տրված այդքան մեծ անուշադրությունն ավելի շուտ կարեկցանքի էր արժանի: Թե այս մարդկանց վրա լիներ հույսը, - մտածեց նա, - կրոնն արդեն կարող էր կորած լինել. տեսնում էին, թե ամեն կողմից ինչպես է աճում վտանգը և նույնիսկ չէին նախազգուշացնում… Եպիսկոպոսը դոկտոր Պերեսին գործին չվերաբերող մի քանի հրահանգներ տալով՝ բաց թողեց նրան և դարձյալ մենակ մնաց իր խոհերի հետ: Ցասումն արդեն պայծառ դատողությանն էր զիջել իր տեղը: Մի բան, որ մինչև հիմա շատ անգամ ցանկացել էր կասկածի տակ առնել, այժմ ավելի քան ակնհայտ էր թվում նրան. այն, որ վաղօրյա քրիստոնյաները, իրենց ողջ սնապարծ անհոգությամբ, Քրիստոսի միջնաբերդի վատ պահապաններ են և ավելորդ վստահութան պատճառով՝ կործանման վտանգի են ենթարկում իրենց: Դա հավերժական պատմություն էր՝ առակ, որի իմաստն անվերջ հաստատվում է նորից ու նորից: Ո՛չ, նրանք չէին տեսնում, մեղսալի ինքնավստահության մեջ խորասուզված՝ չէին էլ կարող տեսնել վտանգները, թշնամու դարանակալ լրտեսումները, գետնսող մանևրումները: Նրանք վայրագ հողագործներ էին, գրեթե հեթանոսներ, տգետ, աստվածայինի մասին խղճուկ գաղափարներով, մահմեդական՝ Մուհամեդի կողքին և քրիստոնյա՝ Քրիստոսի՝ նայած թե քամին որ կողմից փչեր, իսկ եթե ոչ, ապա այն պարոններից, որոնք իրենց կործանարար երկպառակություններով են տարված կամ պիղծ են աշխարհի հետ իրենց կնքած դաշինքում և նույնքան մոռացված Աստծո կողմից: Զուր չէ, որ Նախախնամությունն իրեն էր բերել-հասցրել (երանի՜ իր նման մյուսներն էլ թեմեր առաջնորդեին) հավատի պահապանի և առաջնորդի պաշտոնին, քանզի չնախապատրաստվածն ինչպե՞ս կարող է դիմակայել քողարկված ու խորամանկ հարվածին, ծուղակին, նույն ամրոցի ներսում կատարվող լուռ դավադրությանը: Որպես նախազգուշացում՝ եպիսկոպոսի հիշողության մեջ ամեն անգամ նորից ու նորից էր արթնանում ընտանեկան մի վաղեմի զվարճալի պատմություն, որ մեծահասակների չմարող քրքիջի տակ հազար անգամ լսել էր երեխա ժամանակ: Այդ պատմությունն իր պապի եղբոր՝ խենթ ու խելառ, քմահաճ մի պատանու արկածի մասին էր, որն Ալմերիայի մավրիտանական թագավորությունում, հավատ չունենալով, մահմեդականություն էր ընդունել և այդ բարբարոսների մեջ իր բանիմացության և ճարպկության շնորհիվ կարողացել մզկիթի մուեձին դառնալ: Եվ ամեն անգամ, երբ մինարեթին կանգնած տեսնում էր հրապարակով անցնող այն ազգականներից կամ ծանոթներից որևէ մեկին, ովքեր դատափետում էին նրա դավանափոխությունը, ձայնը գլուխն էր գցում և ղուրանի ծիսական «Լա իլահա իլլա լլահ»1 կանչերի մեջ, արաբերեն բառերի արանքում եբրայերեն հայհոյանքների շարք էր մտցնում սուտ մարգարե Մուհամեդի հասցեին, դրանով հրեաներին հասկացնելով, թե որն է իր, թեկուզ և անարժանի, ճշմարիտ հավատը՝ ծանակելով ծնկի եկած, մոլեռանդորեն գլուխները խոնարհող անհոգ ու դյուրահավատ մավրերին… Ահա այդպես էլ այժմ Կաստիլյայում, ողջ Իսպանիայում բազում կեղծ դավանափոխներ ծաղրուծանակի են ենթարկում այն միամիտ քրիստոնյաներին, ում անհասկանալի դյուրահավատությունը կարող է բացատրվել միայն հայրերից որդիներին ժառանգած կրոնի տկարությամբ, որով միշտ ապրել են և հաղթանակել, ի դեմս իրենց թշնամիների վիրավորանքների՝ ապավինելով Աստծու վերջին դատաստանին: Բայց Աստված ահա, օ՜, այո՛, Աստված ինքն էր հենց իրեն իր արդարադատության զենքը դարձրել երկրի վրա, իրեն, որ լավ էր ճանաչում թշնամու ճամբարը և հմուտ էր լրտեսներին բացահայտելու մեջ և թույլ չէր տալիս խորամանկությամբ խաբել իրեն, ինչպես խաբում են այս տկար հավատացյալներին, որոնք իրենց անփութության մեջ հասել են այնտեղ, որ հայացքներ են փոխանակում (դրան էին հասել, այո՛, երբեմն ինքը բռնացրել էր նրանց, հասկացել, մերկացրել)՝ ապշած հայացքներ, ապշանք, որն, անկասկած, լի էր ակնածանքով, հիացումով և ընդունումով, սակայն վերջ ի վերջո՝ ապշանք այն անողոք խստության հանդեպ, որ իրենց թեմի առաջնորդը ցուցաբերում էր եկեղեցին պահպանելու հարցում: Հենց դոկտոր Պերեսը մի՞թե մի անգամ է թերաբերան արտահայտվել իր հովվապետի մաքրագործ գործունեության վերաբերյալ:
- Այնուամենայնիվ, եթե Փրկիչը եկել էր, մարդկայնացել և Եկեղեցի հիմնել իր աստվածային արյան զոհաբերումով, ի՞նչպես կարելի էր թույլ տալ, որ այս կերպ շարունակվեր և տարածվեր անբարոյականությունը, ասես այդ զոհաբերությունը զուր էր եղել:
Առայժմ եպիսկոպոսը որոշեց դոկտոր Բարտոլոմե Պերեսին ազատել իր պաշտոնից: Նա այն ուսուցիչներից չէր, որ հեզաբարո մի աղջնակի կարողանար մարտունակ, նստվածք տված և մշտարթուն հավատին հարիր հոգեկան կերտվածք տալ: Եվ ինչպես որոշեց, այնպես էլ արեց՝ չսպասելով հաջորդ օրվան: Սակայն դեռ այսօր էլ նա անհանգստություն էր զգում՝ դոկտոր Պերեսի՝ իրեն ուղղված ջինջ հայացքը հիշելիս: Դոկտոր Բարտոլոմե Պերեսը բացատրություններ չէր պահանջել, ո՛չ շփոթմունք էր արտահայտել, ո՛չ վիրավորվածություն. պաշտոնազրկման տեսարանն անհավատալիորեն դյուրին էր տեղի ունեցել, այդ իսկ պատճառով՝ շատ ավելի ճնշող: Դաստիարակն իր կապույտ աչքերով նայել էր եպիսկոպոսին հետաքրքրված, թերևս նաև հեգնանքով՝ առանց քննարկելու հարգելով այն որոշումը, որը նրան ազատում էր տարիներ շարունակ կատարած պարտականություններից և, ինչպես երևում էր, զրկում Սրբազանի վստահությունից: Եվ հենց այդ ապշեցուցիչ հնազանդությունը, որով դոկտորն ընդունել էր ծանուցումը, եպիսկոպոսին համոզեց, որ արդարացի էր իր որոշումը, - որը, ո՜վ գիտե, գուցե և ցանկանար չեղյալ հայտարարել, - քանզի դոկտորը, ընդունակ չլինելով պաշտպանվել, կոչ էր արել, վիճել, ապացույցներ բերել, ընդդիմանալ ի պաշտպանություն իրեն, հարկավ, ապացուցում էր, որ զուրկ է այն եռանդից, որն անհրաժեշտ է որևէ մեկին ամուր հավատ ներշնչելու համար: Ապա նաև արցունքները, որ աղջիկը թափեց ուսուցչի ազատման լուրն իմանալով, վկայում էին նրա հոգում եղած մարդկային քնքուշ զգացմունքների մասին, սակայն ոչ այն ամուր կրոնական կերտվածքի, որը մեծագույն անջատում է ենթադրում այս առօրյա անցավոր աշխարհից:
Այս դրվագը եպիսկոպոսի համար անգնահատելի նախազգուշացում եղավ: Նա իր տան դրվածքն այնպես վերափոխեց, որ դուստրն իր պատանության շրջանը, որի նախաշեմին էր արդեն, հաստատուն քայլերով մտներ, և շարունակեց դատավարությունն ընդդեմ իր փեսա Լուսերոյի՝ ինքն իրեն թույլ չտալով տեղի տալ մարդասիրական որևէ գաղափարի առջև: Հետագա հարցաքնություններն այլ մեղսակիցների բացահայտեցին, դատավարությունը նրանց վրա էլ տարածվեց, և յուրաքանչյուր նոր քայլը ցույց էր տալիս, թե որքան մեծ ու ընդգրկուն էր անբարոյականությունը, որի գարշությունն առաջինը Անտոնիո Մարիայի մեջ բացահայտվեց: Դատավարության գործընթացը գնալով արտասովոր թափ էր առնում. այժմ սեղանի վրա այդ գործի հետ առնչվող թղթերի կապոցներ էին դիզված, եպիսկոպոսի առջև դրանց միջից հանված գլխավոր փաստաթղթերն էին դրված. նա աչքի էր անցկացնում դրանք, ամփոփում կարևորագույն ձևակերպումները, երբեմն մտորում այն որոշումների մասին, որոնք վաղն ընդունելու էր դատարանը: Ծանր որոշումներ էին դրանք, հատկապես մեղադրական վճիռը, թեև ամենատանջալիցը, չնայած իր բացառիկ խստությանը, այդ վճիռը չէր. հուդայականների հանցանքը հաստատված և ապացուցված էր ամիսներ առաջ, և բոլորը՝ թե՛ մեղադրյալները, թե՛ դատավորները, հոգու խորքում հաշվի էին առել այդ ծայրահեղ վճռը, որն այժմ մնում էր միայն մշակել և ձևակերպել հարկ եղածին պես: Շատ ավելի ծանր էր դոկտոր Բարտոլոմե Պերեսի դեմ հետաքննություն սկսելու հրաման տալը, ում ինչ-որ վկայի ցուցմունքի հիման վրա նախօրեին ձերբակալել և Ինկվիզիցիայի բանտ էին տարել: Մեկն այն դժբախտներից, ով վերջին՝ փաստորեն արդեն անհարկի և աննպատակ հարցաքննության ժամանակ դոկտոր Պերեսին բավականին կասկածելի դատողություններ էր վերագրել, որոնք առնվազն մերկացնում էին այն տագնապալի փաստը. որ վաղօրյա քրիստոնյան և Քրիստոսի ծառան թերևս կապեր է պահպանել, զրույցներ վարել հուդայականների խմբի հետ, և ոչ միայն թեմական ծառայությունները վայր դնելուց հետո, այլ դրանից էլ առաջ: Սրբազանն ինքն էլ իր հերթին չէր կարողանում մոռանալ նրա տարօրինակ վարքագծն այն օրը, երբ ինքն անդրադարձավ փոքրիկ Մարթայի՝ քեռի Լուսերոյի համար բարեխոսելուն և դոկտոր Պերեսը անուղղակիորեն գրեթե պաշտպանեց աղջկա խնդրանքը: Այդպիսի վարքագիծն այս հետաքննությունից բխած փաստերի լույսի ներքո նոր բովանդակություն էր ստանում: Եվ այս ամենը նկատի ունենալով՝ եպիսկոպոսը չէր կարող և չէր կարողացել, առանց իր խղճի վրա բռնանալու, ձեռնպահ մնալ այնպիսի խորն ուսումնասիրություն սկսելուց, ինչպիսին դատավարությունն էր ենթադրում: Աստված է վկա, թե ինչպես էր նա խորշում այդ հրամանը տալուց. թվում էր, թե այդ անիծյալ գործը մածուցիկ մի նյութ է պարունակում, որ կպչում է ձեռքերին, տարածվում և սպառնում ամբողջովին աղտոտել իրեն, և արդեն նողկանք էր զգում դրանից: Մեծ հաճույքով աչք կփակեր դրա վրա: Սակայն մի՞թե կարող էր հանգիստ խղճով ձեռք թափ տալ այն հանցանշանների վրա, որոնք անսխալ կերպով դոկտոր Պերեսին էին մատնացույց անում: Հանգիստ խղճով չէր կարող, թեկուզև իմանար (ինչպես և գիտեր), որ այդ հարվածը բումերանգի պես ետ է գալու և վիրավորելու է իր սեփական զավակին… Այդ տհաճ հուշերով լի օրվանից ի վեր (երեք տարի էր անցել, որոնց ընթացքում աղջիկը հասունացել, կին էր դարձել) Մարթան երբեք այլևս հոր հետ այլ կերպ չէր խոսել, քան կաշկանդված ու երկչոտ, թերևս նաև վիրավորված կամ, ինչպես ինքն էր կարծում, հարգանքից ճնշված: Նա կուլ էր տվել արցունքները, ոչինչ չէր հարցրել, և որքան հայրը գիտեր, ոչ մի բացատրություն չէր պահանջել: Եվ հենց այդ պատճառով էլ եպիսկոպոսը նույնպես չէր համարձակվել արգելել, թեև աշխատել էր խոչընդոտել, որ աղջկա խոստովանահայրը այդուհետև էլ դոկտոր Պերեսը լիներ: Ավելի շուտ նախընտրել էր ձգձգման տակտիկա բռնել (այժմ զղջում էր իր այն ժամանակվա թուլության համար), քանզի ծանռակշիռ պատճառներ չուներ բացահայտորեն ընդդիմանալու... Այսպես թե այնպես, չարիքն արդեն կատարված էր: Ինչպես էր ազդելու դժբախտ, անմեղ ու մեծահոգի էակի վրա, երբ տեղեկանար, քանի որ անպայման տեղեկանալու էր, և իմանար, որ իր խոստովանահայրը, իր ուսուցիչը բանտարկված է հավատի հետ առնչվող կասկածներով, մի բան, որ մյուս կողմից, թերևս, վարկաբեկում է, ստվեր գցում այն բանի վրա, որ ինքը նրա սանն է եղել, նաև հենց իր՝ ուսուցչի վրա, հենց իր՝ եպիսկոպոսի վրա, որ նրան իր դստեր դաստիարակ է նշանակել... Հայրերի մեղքը..., -մտածեց նա՝ ճակատը սրբելով:
Գթասիրտ գորովանքի մի ալիք հորդեց պատվարժանի սիրտը՝ անմայր, անաղմուկ տանը միայնակ, հասարակ երեխաներից կտրված և չափազանց ազդեցիկ իշխանության ներքո մեծացած աղջկա հանդեպ: Նա մի կողմ նետեց թղթերը, գրիչը դրեց գրակալին, բազկաթոռը ետ հրելով վեր կացավ, շրջանցեց սեղանը և համրաքայլ դուրս ելավ առանձնասենյակից, մեկը մյուսի ետևից կուրորեն, գրեթե շոշափելով՝ ևս երկու սենյակ անցավ և ի վերջո թեթև շարժումով կիսաբաց արեց ննջասենյակի դուռը, որտեղ Մարթան էր քնած: Այնտեղ, սենյակի խորքում լսվում էր վերջինիս համաչափ, դանդաղ շնչառությունը: Ճրագի վետվետուն լույսի ներքո նա պարմանուհի չէր թվում, այլ ձևավորված կին, պարանոցին դրած ձեռքը վեր ու վար էր անում շնչառությանը համաչափ: Ամեն բան հանդարտ էր շուրջը, լուռ, իսկ նա քնած էր կիսախավարում: Երկար դիտեց նրան եպիսկոպոսը, ապա հուշիկ քայլերով նորից քաշվեց իր աշխատասենյակը, տեղավորվեց գրասեղանի մոտ, որպեսզի սրտի ցավով կատարեր այն, ինչը խիղճն էր հրամայում: Ամբողջ գիշեր աշխատեց նա: Եվ երբ լույսաբացի դեմ, այլևս չկարողանալով դիմանալ, ննջեց մի փոքր, նրա մոլորությունները, ներքին պայքարը, բռնությունը, որ հարկ եղավ կատարել ինքն իր հանդեպ, խռովահույզ ստվերներով պարուրեցին նրա քունը: Երբ սովորության համաձայն՝ առավոտ վաղ Մարթան աշխատասենյակ մտավ, տարածած թևերին ծանրորոն հանգչող դեղնավուն ալեխառը գլուխը աճապարանքով վեր բարձրացավ, ակնոցի ետևում սարսափահար բացվեցին կարճատես աչքերը: Եվ օրիորդը, որ արդեն ուզում էր հեռանալ, գամված մնաց տեղում:
Բայց սրբազանը նույնպես շփոթված էր. նա հանեց ակնոցը, և աչքերը կկոցելով՝ թևքով սրբեց ապակիները: Հիշողության մեջ դեռևս շատ թարմ ու հստակ էր մնացել հենց նոր տեսած երազը. երազում (որտեղ հենց Մարթային էր տեսել) արտասովոր բաներ էր տեսել, որոնք շփոթմունք և մութ անհանգստություն էին արթնացնում նրա ներսում: Տեսել էր, թե իբր ինքը բարձրացել է մինարեթի գագաթին և այնտեղից երկար-բարակ, կրկնվող, երգեցիկ, նուրբ ծաղրանքով համեմված մի քարոզ է կարդում, որի իմաստը իրենից էլ էր սպրդում: (Ի՞նչ կապ կարող էր լինել այս երազի, - մտածում էր նա, - և իր ազգականի՝ կեղծ մուեձինի տխրահռչակ պատմության հետ: Մի՞թե ինքն էլ է այդպիսի կեղծ մուեձին): Բղավում ու բղավում էր իր անհեթեթ քարոզի նախադասությունները, բայց հանկարծ մինարեթի ներքևից իրեն է հասնում Մարթայի հեռու՜-հեռավոր, թույլ, սակայն միանգամայն պարզորոշ ձայնը, որը, թեկուզև հազիվ լսելի, սակայն զատորոշ բառերով ասում էր իրեն. «Քո արժանիքները, հա՛յր, փրկել են մեր ժողովրդին: Դու միայնակ, հայր իմ, փորձանքից ազատել ես մեր ամբողջ տոհմը»: Այստեղ բացել էր աչքերը և տեսել Մարթային՝ սեղանի դիմաց կանգնած, իր ջինջ հայացքով իրեն զննելիս, իսկ ինքը, հանկարծակիի եկած, շուռումուռ էր եկել տեղում և ուղղվել բազկաթոռի մեջ… Նա դադարեց ապակիները շփել, վերագտավ ինքնատիրապետումը, կարգի բերեց սեղանին թափթփված թղթերի կույտը և ձեռքը ճակատի վրայով սահեցնելով՝ խոսեց դստեր հետ.
- Ե՛կ այստեղ, Մարթա, - սառը ձայնով ասաց նա, - արի՛ և ասա՛ ինձ՝ եթե քեզ ասեին, որ մի առաքինի քրիստոնյայի արժանիքները կարող են անդրադառնալ նրա նախնիների վրա և փրկել նրանց, ի՞նչ կասեիր:
Աղջիկն ապշած նայեց նրան: Իհարկե, հազվագյուտ բան չէր, որ հայրը նրան կրոնական ուսմունքի վերաբերյալ հարցեր առաջադրեր. եպիսկոպոսն այդ հարցում միշտ էլ մեծ ուշադրությամբ էր հետևել նրան: Բայց այս ի՞նչ անսպասելի հարց էր ծագել հիմա՝ արթնանալուն պես: Աղջիկը տարակուսանքով նրան նայեց, մի պահ խորհեց, ապա պատասխանեց.
- Աղոթքները և բարի գործերը, կարծում եմ, կարող են օգնել քավարանում գտնվող հոգիներին, սենյոր:
- Այո՛, հարկա՛վ,- հաստատեց եպիսկոպոսը,- այո՛, իսկ ա՛յ դատապարտվածների՞ն:
Աղջիկը տարուբերեց գլուխը.
- Ո՞վ գիտե, թե ով է դատապարտված, հա՛յր:
Աստվածաբանն իր հինգ զգայարանն էլ լարել էր պատասխանը լսելու համար: Նա գոհ մնաց, հավանություն տվեց և ձեռքի շարժումով հեռանալու թույլտվություն տվեց: Աղջիկը մի պահ երկմտեց, ապա դուրս ելավ սենյակից:
Սակայն եպիսկոպոսը չհանդարտվեց. մենակ մնալով, թղթերն աչքի անցկացնելիս չէր կարողանում ազատվել հոգում նստվածք տված խռովքից: Եվ նորից բախվելով կտտանքների ենթարկվելու ժամանակ Անտոնիո Մարիա Լուսերոյի տված ցուցմունքներին, հանկարծ միտն եկավ մեկն այն երազներից, որ քիչ առաջ էր տեսել այդտեղ նստած, հոգնածությունից պարտված, գլուխը գուցե բազկաթոռի կոշտ թիկնակին ետ գցած ժամանակ: Երազում ինքը ուզում էր գիշերվա լռության մեջ գաղտագողի իջնել այն ստորգետնյա զնդանը, որտեղ Լուսերոն դատաստանի էր սպասում, որպեսզի հասկացներ նրան իր մեղքը և համոզեր, որ հաշտվեր Եկեղեցու հետ՝ ներում հայցելով: Աշխատում էր զգուշորեն բաց անել նկուղի դուռը, երբ անսպասելիորեն դահիճներ վրա պրծան և առանց որևէ բան ասելու, առանց աղմկելու, թևատակերից բռնած ուզում էին տանջարան քարշ տալ իրեն: Ոչ ոք ոչ մի բառ չարտասանեց, սակայն առանց ասելու էլ իր համար ակնհայտ էր, որ իրեն մեղադրյալ Լուսերոյի տեղն էին դրել և մտադիր էին նոր հարցաքննության ենթարկել: Ի՜նչ խառնիճաղանջ, ի՜նչ անմիտ են լինում երբեմն երազները: Նա ընդդիմանում էր, պայքարում, ուզում էր դուրս պրծնել, սակայն ջանքերն, ավա՜ղ, ծիծաղելիորեն ապարդյուն էին դուրս գալիս՝ նման դահիճների հուժկու բազուկների մեջ ընկած մանկան ջանքերի: Սկզբում կարծեց, որ այդ անախորժ սխալմունքը հեշտությամբ կհարթվի, հենց ինքը խոսի, բայց երբ կամեցավ խոսել, նկատեց, որ ուշադրություն չեն դարձնում իրեն, նույնիսկ չեն լսում, և այդ անտարբեր վերաբերմունքը հանկարծ կոտրեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Եվ ինքն իրեն ծիծաղելի թվաց, ծայրահեղ աստիճանի զավեշտալի, և ամենատարօրինակն էլ այն էր, որ նաև՝ մեղավոր: Բայց ինչու՞մ էր մեղավոր, չգիտեր: Բայց արդեն անխուսափելի էր համարում կտտանքների ենթարկվելը և գրեթե համակերպվել էր այդ մտքի հետ: Այդուհանդերձ, ամենաանտանելին այն էր, որ Անտոնիո Մարիան կարող էր իրեն այդ վիճակում՝ հավի նման ոտքերից կախված տեսնել: Եվ քիչ անց արդեն կախված էր գլխիվայր, իսկ Անտոնիո Մարիա Լուսերոն նայում էր իրեն, բայց այնպես, ասես անծանոթի նայելիս լիներ, ցրված էր ձևանում, իսկ այդ ընթացքում ոչ ոք ականջ չէր դնում իր բողոքներին: Նա, այո՛, միայն նա՛՝ Սրբազան Դատարանի միմյանցից չտարբերվող չինովնիկների արանքում կորած ու ծպտված իսկական մեղավորը գիտեր թյուրիմացությունը, բայց ձևացնում էր, թե չի հասկանում և նայում էր շինծու անտարբերությամբ: Ո՛չ սպառնալիքները, ո՛չ խոստումները, ո՛չ էլ թախանձանքները չէին կոտրում նրա շինծու անտարբերությունը: Չկար մեկը, որ օգնության հասներ իրեն: Եվ միայն Մարթան, որն անբացատրելի կերպով նույնպես այնտեղ էր հայտնվել, մերթընդմերթ խորամանկ հնարամտությամբ իր դեմքի քրտինքն էր սրբում...
Եպիսկոպոսը թաշկինակով սրբեց ճակատը: Հնչեցրեց սեղանին դրված պղնձե զանգը և մի բաժակ ջուր խնդրեց: Սպասեց մի փոքր, որ ջուրը բերեն, երկար, ագահ մի ումպով խմեց այն և անմիջապես նորից անցավ թղթերի վրա համառորեն աշխատելուն, որոնք այժմ, փա՜ռք Աստծո, նոր ծագած արևի շողով էին լուսավորված, աշխատեց այնքան, մինչև քիչ անց Սուրբ Դատարանի Քարտուղարը եկավ:
Միջօրեի ժամն էր մոտենում, իսկ Ձերդ սրբազանությունը դեռ նախատեսված վճռի վերջնական տեքտն էր թելադրում, երբ ի զամանս երկուսի, հանկարծ բացվեց դուռը, և փութով, կարմրատակած դեմքով սրահ մտավ Մարթան: Նա մրրիկի նման ներս սուրաց, սակայն սենյակի մեջտեղում կանգ առավ և հոր վրա սևեռած շանթարձակ հայացքով, ենթակայի ներկայությունը հաշվի չառնելով, առանց այլևայլությունների, անհամբեր ճչաց.
- Ի՞նչ է եղել դոկտոր Պերեսին, - և լարված լռություն պահպանելով՝ սպասեց պատասխանի:
Եպիսկոպոսի աչքերը ճպճպացին ակնոցի ոսպնյակների ետևում: Նա լռեց մի պահ. այն արձագանքը չեղավ, ինչ կարելի էր սպասել, ինչ ինքն իրենից կարող էր սպասել: Իսկ Քարտուղարն ականջներին չէր հավատում և չէր կարողանում ուշքի գալ զարմանքից՝ տեսնելով, թե ինչպես է եպիսկոպոսն ինքն իրեն վտանգի ենթարկում՝ կարկամած պատասխանելով.
- Սա ի՞նչ բան է, աղջի՛կս: Հապա հանգստացի՛ր: Ի՞նչ է եղել քեզ: Դոկտոր Պերեսը պետք է... պետք է ցուցմունք տա: Բոլորս էլ ուզում ենք, որ պատճառ չլինի... Բայց, - ինքն իրեն տիրապետելով՝ փորձեց դեռևս բարյացակամ խիստ տոն հաղորդել ձայնին, - սա ի՞նչ է նշանակում, Մա՛րթա :
- Նրան բռնել են, նա ձերբակալված է: Ինչու՞ է ձերբակալված, - համառեց աղջիկը՝ հուզված, դողացող ձայնով: - Ես ուզում եմ իմանալ ի՞նչ է եղել:
Եպիսկոպոսը մի պահ երկմտեց ի դեմս այդ չլսված հանդգնության, ապա ակնարկող, տարտամ մի ժպիտ ուղղելով Քարտուղարին, ասես խնդրելիս լիներ, որ ճիշտ հասկանար իրեն, սկսեց խճճված մի բացատրություն մոգոնել այն մասին, որ որոշ պարտադիր ձևականություններ են հարկավոր, որոնք, անտարակույս, երբեմն չարդարացված անհանգստություն են առաջացնում, սակայն պարտադիր են՝ հաշվի առնելով վերին նախասահմանումը, այն է՝ խստագույնս հետևողական լինել հավատի ու մեր Տեր Հիսուսի ուսմունքի պահպանության հարցում, և այլն, և այլն… Երկար, ծանրաբարբառ, մերթընդմերթ չկապակցված մի ճառ, որին հետևելիս հեշտ էր գլխի ընկնել, որ բառերն առաջ էին շարժվում մտքերի ընթացքից տարբեր մեկ այլ ուղիով: Ճառի ընթացքում Մարթայի շանթարձակ հայացքը մխրճվեց սենյակի սալահատակի մեջ, խճճվեց սրահի կախազարդերի արանքում և ի վերջո դարձյալ լարվեց թրթռացող սուսերի նման, երբ նա այնպիսի մի տոնով, որը մատնում էր խոսքերի կասկած արտահայտող բռնազբոսիկ զսպվածությունը, ընդհատեց սրբազանին.
- Չեմ համարձակվում մտածել անգամ, որ եթե իմ հայրը Կայափայի տեղը լիներ, նա ևս չէր ճանաչի Փրկչին:
- Ի՞նչ ես ուզում ասել դրանով, - տագնապահար ճչաց եպիսկոպոսը:
- Մի՛ դատեք, որ չդատվեք:
- Ի՞նչ ես ուզում ասել դրանով, - կրկնեց նա շփոթահար:
- Դատե՛լ, դատե՛լ, դատե՛լ, - Մարթայի ձայնն այժմ գրգռված էր, և այդուհանդերձ, անասելի թախծոտ, ընկճված, հազիվ լսելի:
- Ի՞նչ ես ուզում ասել դրանով, - արդեն սպառնաց ցասումնալի:
- Հարց եմ տալիս ինքս ինձ, - պատասխանեց աղջիկը դանդաղ, աչքերը հատակին հառած, - ինչպե՞ս կարելի է վստահ լինել, թե երկրորդ գալուստը նույնքան գաղտնի չի լինի, որքան առաջինը:
Այս անգամ Քարտուղարը բարբառեց:
- Երկրորդ գալու՞ստը, - քրթմնջաց նա քթի տակ և սկսեց տմբտմբացնել գլուխը:
Եպիսկոպոսը, որ քաթանի պես գունատվել էր դստեր խոսքերը լսելուց, անհանգիստ, տագնապալից մի հայացք ձգեց դեպի Քարտուղարը: Քարտուղարը շարունակում էր գլուխն օրորել:
- Լռի՛ր, - կարգադրեց վեհափառն իր գահի բարձունքից:
Իսկ աղջիկը համարձակ, ցասկոտ.
- Ով գիտե, - գոչեց,- թե արդյո՞ք նրանց, ում որ ամեն օր բանտարկում եք, տանջանքների ենթարկում և դատապարտում, նրանց մեջ չէ Աստծո Որդին:
- Աստծո Որդի՞ն, - կրկին քար կտրեց տեղում Քարտուղարը: Նա վրդովված էր երևում և սպասողական նայում էր եպիսկոպոսին:
Իսկ եպիսկոպոսը, սարսափահար, հազիվ արտասանեց.
- Հասկանու՞մ ես, թե ինչ ես խոսում, աղջիկս:
- Այո՛, հասկանում եմ: Շա՛տ լավ եմ հասկանում: Եթե ուզում ես, կարող ես բանտ ուղարկել ինձ:
- Դու խելքդ թռցրել ես, հեռացի՛ր:
- Ինձ, քանի որ քո դուստրն եմ, չե՞ս դատելու: Փրկչին անձամբ ողջ-ողջ այրել կտայիր:
Նորին սրբություն եպիսկոպոսը քրտինքից փայլող ճակատը խոնարհեց, շուրթերը դողացին աղոթքից՝ «Օգնի՛ր ինձ, Հայր Աբրահամ», ապա նշան արեց Քարտուղարին: Քարտուղարը հասկացավ, այլ բան չէր էլ սպասում: Մաքուր թուղթ հանեց, գրիչը թաթախեց թանաքամանի մեջ, և երկար ժամանակ միայն գրչի խզխզոցը լսվեց անհարթ թղթի վրա: Իսկ այդ ընթացքում սրբազանը, մեռելի պես գունատ, իր եղունգներին էր նայում ակնապիշ:

1 a posteriori - հետագայում (լատ.)
2 Լա իլահա իլլա լլահ - Ալլահից բացի այլ Աստված չկա

Իսպաներենից թարգմանեց Կարինե Չոբանյանը
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0