Ինչպե՞ս կառուցվեցին Լենինի արձանն ու պատվանդանըԵրեւանի գլխավոր հրապարակում Լենինի արձանի ու պատվանդանի կառուցմանն իր «Լենինի հրապարակը Երեւանում. հուշեր նախագծման եւ կառուցման մասին» աշխատությունում բավական մանրամասն անդրադարձել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, որը 1937-51թթ. մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն էր:
Նա գրում է, որ հրապարակի կառուցապատման բոլոր տարբերակներում Ալեքսանդր Թամանյանը հստակ պահպանում էր Լենինի արձանի դիրքը՝ հրապարակի եւ քաղաքային բուլվարի միացման վայրում, այսինքն` հարավային մասում:
Թամանյանի գծագրերով 1920-ականների վերջում տեղադրվեց մոտ երկու մետր բարձրություն ունեցող օբելիսկ հետեւյալ գրությամբ. «Այստեղ տեղադրվելու է Մեծ Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը»:
Մարկ Գրիգորյանը վկայում է, որ 1938 թվականին Լենինի արձանի նախագծի համամիութենական բաց մրցույթ հայտարարվեց, որին ներգրավվեցին ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը եւ Հայկական ՍՍՀ-ի ժողովրդական նկարիչ Ս. Ստեփանյանը: Մրցույթի անցկանցումը հանձնարարվեց Երեւանի գլխավոր ճարտարապետին` Մարկ Գրիգորյանին:

Մրցույթի պայմանների համաձայն, աշխատանքները պետք է ներկայացվեին Երեւանի քաղխորհրդի ճարտարապետա-նախագծային բաժին 1939թ. մարտի 15-ին: Մինչ այդ Ճարտարապետների միությունում եւ Երեւանի քաղխորհրդում սուր քննարկվում էին ընթանում. որտե՞ղ պետք է տեղադրվի արձանը:
Մարկ Գրիգորյանը գրում է, որ որոշ ընկերներ, ինչպես, օրինակ, ճարտարապետ Հրայր Իսաբեկյանը, գտնում էին, որ արձանը պետք է տեղադրվի հրապարակի հյուսիսային մասում: Սակայն քաղաքաշինության պատմության օրինակների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գեղարվեստական տեսանկյունից ավելի շահեկան է, եթե արձանը կանգնած է ոչ թե շենքերի, այլ երկնքի ֆոնի վրա:
Ի վերջո, հանրապետության ղեկավարությունը որոշում կայացրեց արձանի մշակման եւ իրականացման նախագիծը հանձնարարել ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովին եւ Թիֆլիսում բնակվող երիտասարդ ճարտարապետներ, ամուսիններ Նատալյա Պարեմուզովային եւ Լեւոն Վարդանովին:
Տիգրան Լիլոյան` հուշեր Լենինի արձանի եւ հրապարակի մասինՇքերթներից առաջ ամբիոնի մոտ տեղադրվում էր սեղան, որի վրա դրվում էին ВЧ-կապի հեռախոսներ (չգիտեմ՝ միգուցե, այսպես կոչված, հատուկ կոմուտատոր՝ կապ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության համար), տեղի կառավարական հեռախոսներ, քաղաքային հեռախոս, ռազմական գաղտնի կապ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կապ հաստատեին ում հետ հարկավոր էր. չէ՞ որ այստեղ էր հանրապետության ողջ ղեկավարությունը: Ասում են, Բրեժնեւը կարող էր զանգահարել հատուկ ВЧ-կապով, որպեսզի Հայաստանի ղեկավարությանն ու աշխատավորներին շնորհավորի տոնի կապակցությամբ, հարցնի տրամադրության, եղանակի մասին: Այստեղ կար նաեւ հեռուստացույց, որպեսզի ղեկավարությունը կարողանար դիտել Մոսկվայում ընթացող ռազմական շքերթը…
Պատվանդանի տակ կար աստիճան, որը տանում էր ներքեւ՝ բուֆետ: Հիշում եմ (մի անգամ հայրս ինձ տարավ այնտեղ), աստիճանին զուգահեռ՝ պատի երկայնքով լուսավորություն էր անցկացված: Ասում էին, որ Կառավարական տնից մինչեւ արձան ստորգետնյա ճանապարհ կար, որը պատվանդանը հանելուց հետո որմնաշարվեց: Չգիտեմ, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը…
Շքերթի օրերին ամբիոնը խիստ հսկվում էր Հայաստանի ՊԱԿ-ի (КГБ) սպաների կողմից: Բացի անվտանգության 2 աշխատակիցներից, որոնք կցված էին Կենտկոմի առաջին քարտուղարին, ղեկավարներից ոչ մեկ թիկնապահներ չուներ, եւ այդ ահեղ գերատեսչության աշխատակիցները քաղաքացիական հագուստով կանգնում էին կենտրոնական ամբիոնի կողքերում, շրջում էին արձանի մոտակայքում, որպեսզի ինչ-որ բան չպատահի…
Ժամանակ առ ժամանակ մասնակիցների շարքերից առանձնանում էին ծաղիկներով դպրոցականների խմբեր, ովքեր ուրախ ժպտալով վազում էին դեպի ամբիոն՝ հանրապետության ղեկավարության մոտ: Ի նշան շնորհակալության՝ ղեկավարները նրանց շոկոլադի սալիկներ էին նվիրում:
Ռադիոյի հատուկ ընտրված հաղորդավարները կարդում էին կարգախոսները: Օրինակ, երբ հրապարակում երեւում էր համալսարանի շարասյունը (ի տարբերություն այսօրվա՝ այն ժամանակ մենք ունեինք միայն մեկ համալսարան՝ Երեւանի պետականը, մնացած բուհերը կոչվում էին ինստիտուտներ), հաղորդավարն ընթերցում էր. «Բոցավառ մայիսմեկյան ողջու՜յն Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմերին»:
Այստեղ մայիսմեկյան ներկայացման մեջ հերթը հասնում էր աշխատավորների ցուցադրության թերեւս ամենազվարճալի տարրին՝ բարձրախոսներով ավտոբուսին, որը տեղակայված էր «Արմենիա» հյուրանոցի ցայտաղբյուրի մոտ: Այդ ավտոբուսը հատուկ առաքելություն ուներ. դրա մեջ նստած օպերատորը, լսելով հերթական «բոցավառ մայիսմեկյան ողջու՜յն»-ը կամ, համապատասխանաբար, «բոցավառ հոկտեմբերյան ողջու՜յն»-ը, միացնում էր ձայնագրված ծափահարությունները: Սակայն, որպես կանոն, բարձրագոչ «ուռա՜»-ն հնչում էր այն պահին, երբ հրապարակից դուրս էր եկել մի շարասյունը, իսկ մյուսը դեռ չէր մտել: Շփոթված զբոսաշրջիկները, որոնք դիտում էին շքերթը, սկզբում չէին հասկանում, թե ո՞վ եւ ինչպե՞ս կարող է «ուռա՜» գոռալ, եթե հրապարակում ոչ ոք չկա: Հետո, լսելով ավտոբուսի ձայնագրությունը, ծիծաղում էին ու ապշում: Որքան ինձ հայտնի է, հայրս՝ Հենրիկ Լիլոյանը, դառնալով Հայկական ԽՍՀ արտասահմանյան զբոսաշրջության գլխավոր վարչության պետ, երկար եւ, ինչպես պարզվում է, ապարդյուն, փորձում էր համոզել կամ Կոմկուսին կամ Երեւանի քաղկոմին վերացնել այդ ավտոբուսը կամ գոնե տեղափոխել այն հրապարակի հակառակ կողմը… Չի հաջողվել:
Mediamax.am