СТАНЬ VIP

ԵՐԿԵՐ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԵՐԿԵՐ

Сообщение Армине » 01 апр 2009, 19:24

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ


Ես մի ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի:

Հին ծառ եմ արևելյան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան:

Ապրում եմ խեղճ, միայնակ,
Որոշ ծառի շքի տակ,
Հյութս որդունքն է ծծում
Իմ տունկերուս փոխանակ:

Տունկերս ուր էլ որ գնան,
Թեպետ նույնը կմնան,
Բայց օտար հողի վրա
Չեն աճիլ, կչորանան:

Արևելքում ինձ տնկեց,
Երբ որ տերը ստեղծեց.
Ասավ` աճե, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տվեց:

ՈՒղարկեց մի այգեպան`
Հարավից հսկա իշխան,
Այն հսկայի անունով
Կոչվեցա ծառ հայկական:

Չորս հազար տարվա ծառ եմ,
Մարմինս պինդ, կայտառ եմ.
Թեև ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ:

(Ջիվանի)
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

ԵՐԿԵՐ

Сообщение Армине » 01 апр 2009, 19:25

ՀՈՎԻԿ

Առավոտյան քաղցըր հովիկ,
Գընա դեպ երկիրըն Ջավախ,
ՈՒնիմ մեկ ծերունի մայրիկ,
Գընա տես ի գյուղըն Կարծախ:

Այտեղ է ազգըս, երամըս,
Քույր ու եղբայր, բարեկամըս,
Այնտեղ մեռած պապ ու մամըս,
Գերեզմանը մտած են վաղ:

Ինձանից շատ բարև արա,
Երբ դու մորըս լինիս ներկա,
Գընա հատկապես Կիլերթա,
Նա է մեր գյուղի մեջ մեկ թաղ:

Այն թաղի մեջն է մեր տունը,
Քերոբ է եղբորըս անունը.
Ինձ համար կըտրել է քունը
Մայրըս տըրտում է ու անծիծաղ:

Հովի'կ, Ջիվանուցըս լուր տուր,
Թե հարցանեն ինձի համար՝
Ասա, թե միշտ ձեռին քընար,
Խալխի համար կանչում է խաղ:

(Ջիվանի)
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

ԵՐԿԵՐ

Сообщение Армине » 01 апр 2009, 19:28

ՓԱԽԻ'Ր ԱՅԾՅԱՄ
Ջիվանի


Անհոգ ես, չես գիտեր ինչ կա քո մասին,
Պըտըտվում են քո խեղճ անձիդ վնասին,
Գամբռներով, բարակներով միասին,
Փախի'ր, այծյամ, փախի'ր որսկան է գալիս,
Ձագուկներդ տխուր լալիս են լալիս:

Որսկանը ճըրագով քեզի ման կուգա,
Կուզե յուր ձեռքը քո արյունով լվա,
Խղճալի քո տեղյակ սար ու ձոր կուլա
Փախի'ր այծյամ...

Որսկանը գութ չունի, կանե կրակը,
Կամ քեզի կըսպանե կամ քո զավակը,
Զուր չի անցնիլ հրացանի գնդակը,
Փախի'ր այծյամ...

Դաշտումը չես ման գար, թե մտածես լավ.
Քեզ կըվիրավորեն, կստանաս մեծ ցավ,
Դուրս մի ելնիր խիտ անտառից դու բնավ,
Փախի'ր այծյամ...

Ձորեր մի' մտնիր` այնտեղ վտանգավոր է,
Որսկանը ման կուգա այնտեղ` սովոր է,
Քարայրից խփելով քեզ կըգլորե,
Փախի'ր այծյամ...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

ԵՐԿԵՐ

Сообщение Армине » 01 апр 2009, 19:28

ՔՈ ՓԱՓԱԳՈՎ
Ջիվանի

Քո փափագով վառվում եմ.
Արի, սիրական, ո՞ւրտեղ ես,
Երկնային ամպերու մեջ
Նըստող ծիածան, ո՞ւրտեղ ես:

Ճանապարհըդ նայելով`
Աչքերումս լույս չըմնաց,
Ե'կ երևույթ տեսանեմ,
Ազնիվ սիրական, ո՞ւրտեղ ես:

Ի՞նչ պատահավ, անուշիկ,
Որ դու հեռացար ինձանից,
Քաղցրախոս անուշ լեզու,
Անվամբ գովական, ո՞ւրտեղ ես:

Թող միայն ասեն` Ջիվա'ն,
Սիրականդ կուգա,
Թող տատանիմ քո սիրով
Մինչև հավիտյան, ո՞ւրտեղ ես:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

ԵՐԿԵՐ

Сообщение Армине » 01 апр 2009, 19:29

ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ
Ջիվանի


Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,
Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,
Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան:

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից,
Ինչպես ճանապարհի քարավան` կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը` ծաղիկ,
Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան:

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան:

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական` կուգան ու կերթան,
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը` հյուր են,
Այսպես է կանոնը բնական` կուգան ու կերթան:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

ԵՐԿԵՐ

Сообщение Армине » 01 апр 2009, 19:31

ԿՌՈՒՆԿ
Ջիվանի


Կռունկ, թե դու գնաս դեպ մեր երկիրը,
Աստված սիրես, իմ ծնողաց բարև տար.
Պաշտելի են նրա հողն ու մոխիրը,
Նվիրական սուրբ հայրենյաց բարև տար:

Իմ հայրենյաց օդն ու ջուրը քաղցր են շատ,
Բարելից երկիր է, բերքերով առատ.
Շեն աշխարհ էր, այժմ դարձած անապատ,
Այն ողբալի ավերակաց բարև տար:

Պանդուխտ մարդը հանգիստ չունի մի վայրկյան,
Համարյա թե ոչ մեռած է, ոչ կենդան,
Կռունկ, երբ որ կերթաս դեպի Հայաստան,
Մի քանի օր դու այնտեղ կաց, բարև տար:

Ման արի չորս կողմը մեր ծովակներու,
Պատկերը տես հայոց ավերակներու,
Բոլոր թե հին, թե նոր նահատակներու,
Լուսահոգիներու շիրմաց բարև տար:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

ԵՐԿԵՐ

Сообщение Армине » 01 апр 2009, 19:34

ՄԱՅՐԻԿ
Ջիվանի

Ջխտակ շամամներըդ դրախտ ծոցիդ մեջ,
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելևէջ,
Կրծքիդ վրա մաքուր` սուրբ տաճար մայրիկ,
սուրբ տաճար մայրիկ:

Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել.
Մինչև մեծանալըս, ինչե՜ր ես քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ,
անդադար, մայրիկ:

Ջիվանին եմ, ես քեզ ոչինչ չեմ արել,
Մոտըդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
Քու լավ պատվերներըդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերըդ անկատար, մայրիկ,
անկատար, մայրիկ:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

ԵՐԿԵՐ

Сообщение Армине » 01 апр 2009, 19:36

ՄԱԶԵՐ
Ջիվանի

Գույներդ փոփոխվեց, եղաք ցրտահար
Աշնան վարդի նման, սպիտակ մազեր.
Ձեր դուրս գալու տեղը իմ հոգիս դուրս գար,
Չընկնեի այս օրվան, սպիտակ մազեր:

Կանայք երես են դարձնում ձեզանից,
Ձեր պատճառով չեն ախորժում ինձանից,
Աշխույժ երիտասարդներու շրջանից
Զրկեցիք, անպիտան, սպիտակ մազեր:

Ձնոտ ամպի նման չոքեցիք գլխիս,
Արևս բռնվեց, տխրեցավ հոգիս,
Այդքան շուտով չէիք գտնի անբախտիս,
Թե լինեիք լավ բան, սպիտակ մազեր:

Ջիվանու քնարին մեծ հարված տվիք,
Ձեզ տեսնելով ինձ չեն կանչում հարսանիք:
Իմ գործիս ահագին վնաս հասցրիք,
Ձախորդության նշան սպիտակ մազեր:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

ԵՐԿԵՐ

Сообщение Армине » 01 апр 2009, 19:38

ԸՆԿԵՐ
Ջիվանի

Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդուն,
Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,
Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր`
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն:

Կյանքըդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,
Այնպեսն է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,
Ընկեր եմ ասում` հաստատակամ, ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացընե աստիճանը միշտ վերը մարդուն:

Թշնամիները իր վերա գալած ժամանակը,
Կտրիճ հարազատ ընկերըն է` սուսերը մարդուն,
Ով որ ունենա մըտերիմ ընկեր, Ջիվան աշըղ,
Չի' սպիտակիլ ամենևին մեկ հերը մարդուն:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

ԵՐԿԵՐ

Сообщение Армине » 01 апр 2009, 19:39

ՍԵՎԻԿ ԱՉԵՐ
(Ջիվանի)

Վրդովեցիր խաղաղ կյանքս, սիրական,
Անցուդարձովդ ինձ նայելով մշտական,
Չէի տեսել մեկ հոգեհատ քեզ նման,
Սևիկ աչեր, դու իմ կյանքս մաշեցիր,
Կանգնար դեմս, ստեպ-ստեպ աշեցիր:

Ինչպե'ս մնամ ես առանց քեզ միայնակ,
Դուն ձգել ես սրտիս մեջը վառ կրակ,
Ակնարկելով գաղտնի ամեն ժամանակ,
Սևիկ աչեր...

Անուշ անուշ խոսալովդ, սիրուն կույս,
Մաշված սրտիս նորից տվիր կյանք ու հույս,
Առանց գինո հարբեցուցիր խղճալույս,
Սևիկ աչեր...

Սիրույդ սուր-սուր նետերովը խոցվեցա,
Իբրև ծաղիկ դեռ չըբացված գոցվեցա,
Երբ քեզ տեսա, կրակովդ լեցվեցա,
Սևիկ աչեր...

Սիրույդ լարը պարանոցես տվիր կախ,
Օր ու արև չունեմ, գործս է ա՜խ ու վա՜խ,
Կրկին խոսե, գոնե լինեմ ես ուրախ,
Սևիկ աչեր...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Արվեստ և գրականություն