ԷՐԻԽ ԿՈՇ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԷՐԻԽ ԿՈՇ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:50

ԷՐԻԽ ԿՈՇ


Սերբ գրող Էրիխ Կոշի (ծն. 1913թ.) ստեղծագործությունը բազմազան է. «Նովիսադսկայա բոյնյա» հակաֆաշիստական վավերագրական վեպից մինչև մշակութային և գրական-քննադատական խոհագրություններ: Իր այս աշխատությունը Կոշը համարել է «իրավաբանության տեսակետից նորարարական»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷՐԻԽ ԿՈՇ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:52

ԳՐՔԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐՔԱՍՊԱՆՆԵՐ


Կա մի արտահայտություն, թե «Գիրքն էլ իր ճակատագիրն ունի»: Իսկ քանի որ ճակատագիր ասելով որպես կանոն ենթադրում են մահը, ստացվում է, որ գրքերն էլ են մահկանացու, որ կարելի է նաև նրանց սպանել, ինչպես սպանում են մարդկանց: Ո՞վ կհրաժարվեր նման գայթակղությունից և ձեռքից բաց կթողներ այդ հնարավորությունը: Այդ պատճառով էլ գիրքն իսկապես սպանում են, ինչպես մարդուն՝ տարբեր պատճառներով ու եղանակներով: Նախանձից, ատելությունից, վրեժի զգացումից, հաշվարկով, բարկությունից, հարգանքից, կապվածությունից և նույնիսկ սիրուց:

Չէ՞ որ ամեն ոք, աշխարհում այս
Սպանանել է սիրելի մարդկանց,
Մեկը՝ դաժանությամբ, մյուսն էլ՝
Թույնով գովք ու գովասանաց:

Ուայլդի «Ռեդինգի բանտի բալլադում», որտեղից քաղված են այս տողերը, կարելի է սպանության պատճառների ու առիթների մի ամբողջ ցուցակ գտնել՝ որը թունոտ հայացքով է սպանում, որը քծնանքով, վախկոտը համբույրով, իսկ քաջերին ավելի սազական է սրից ընկնելը: Ոմանք սպանում են, երբ արդեն ծեր են, ոմանք՝ երբ դեռ երիտասարդ են, ոմանք խեղդում են կրքի ձեռքերով, ոմանք էլ՝ հանուն ոսկու. ով մանրախնդիր է, գերադասում է դանակը, քանի որ վերջինիս ազդեցությունը ակնթարթորեն է:

Մեկը՝ առել է, մյուսը՝ ծախել,
Մեկը՝ ստել է, մյուսը՝ լացել կեղծ,
Սակայն բոլորը չէ, որ հանուն սիրո
Մահն ընդունել են անեղծ:

Եվ այլն. Օսկար Ուայլդին՝ անցած դարավերջի այդ էլեգանտ ու բարձրաճաշակ դեկադենտին, անչափ հետաքրքրել են սպանությունները: Նրա վեպերի բարձրաշխարհիկ հերոսները չեն խորշում այդ զբաղմունքից, իսկ Չարլզ Լեմի ընկեր Թոմաս Գրիֆտ Ուեյնրայթը, որը պոետ էր ու նկարիչ, գեղարվեստական քննադատ, հնէաբան, Ուայլդի «Փետուրը, մատիտը և թույնը» փայլուն խոհագրության այդ հերոսը նաև սպանելու մեծ մասնագետ է՝ բոլոր ժամանակների ամենից արհեստավարժ թունավորողներից մեկը: Ավելի ուշ Ուայլդին ևս հնարավորություն ընձեռվեց լրացնելու իր գիտելիքները և հագեցնելու այդ ոլորտում իր հետաքրքրասիրությունը հայտնի Ռեդինգի բանտում անցկացած երկամյա հատուկ դասընթացի ժամանակ, բայց և այնպես, չնայած այդ ամենին, նա մնաց լոկ պարզունակ սկսնակ ժամանակակից դետեկտիվների հեղինակների համեմատությամբ: Ասենք, դա միայն նրա մեղքով չէր: Ուրիշ ժամանակներ էին. նա ապրել է պատմական ամենախաղաղ շրջանում, երբ Եվրոպան գրեթե 40 տարի պատերազմ չէր տեսել: Դրանից հետո մարդկությունը կտրուկ զարգացրեց մահվան արդյունաբերությունը և հնարավոր է, որ Ուայլդի ցուցակը, որն այժմ դժգույն ու համեստ է թվում, այդպիսին է դարձել մասամբ նաև այն պատճառով, որ Ուայլդը այդ կառույցի մեջ ներառել է նաև բանաստեղծություններ և սպանությունների ձևերն ու եղանակները թվելիս կաշկանդվել է հանգային սահմանափակում ներով: Եթե նա գրեր ժամանակակից ազատ հանգով, վստահաբար նրա սպանությունների ցուցակը ավելի հարուստ ու սպառիչ կլիներ, բայց ավելի ստույգ ու ծավալուն տեղեկություն չունենալու պատճառով այդ դենդիի, պոետի և բանտարկյալի հաղորդած ինֆորմացիան կարող է գոնե որպես հենակետ ծառայել: Այսպիսով ստիպված ենք այդ «մահացու» նյութի առավել ժամանակակից և լիարժեք նշանները փնտրել:
Մեր քրեական օրենսգիրքն իր «ներածական հոդվածով, մեկնաբանություններով և ռեգիստրով» սպանությանը տասնյակ էջեր և շուրջ քսան պարագրաֆ է նվիրում, բայց այն ևս լիարժեք չէ: Մարդկության հանցավոր հայտնագործությունների շարքում առաջին տեղում ցեղասպանությունն է, մարդկանց զանգվածային կոտորածը, դրանից հետո գալիս են ռազմական հանցագործությունները, որոնք գործվում են քաղաքացիական բնակչության, վիրավորների, հիվանդների, ռազմագերիների հանդեպ: Սովորական սպանությունները դասակարգվում են հետևյալ կերպ՝ դաժան և հենգ սպանություն, սպանություն ագահության հետևանքով, սպանություն՝ կոծկելու համար մեկ այլ հանցագործություն, վրեժից կամ այլ ստոր դրդապատճառներից բխող սպանություն: Սրանց հետևում են կանխամտածված և պատահական սպանությունները մուշտակռվի և ինքնապաշտպանության արդյունքում կատարվող սպանությունները և վերջապես՝ սպանություն ոչ ժամանակին ցույց տրված օգնության պատճառով: Այսպես շարունակ, ընդհուպ մինչև մարդկային երևակայության ամենախճճված սպանությունների տեսակները:
Բոլոր այս և բազմաթիվ այլ միջոցներով կարող են սպանվել նաև գրքերը: Եվ չնայած այդ զբաղմունքն արդեն վաղուց տեղ ունի մեր իրականության մեջ, գրեթե այն ժամանակներից սկսած, երբ ի հայտ եկան գրքերը, կարծես մինչ օրս գրքասպանության ձևերի և ենթաձևերի հատուկ դասակարգում չի կատարվել: Այս իմաստով ներկայացվող աշխատությունը կարելի է համարել իրավաբանական տեսակետից նորարարական: Եթե անդրադառնանք քրեական օրենսդրությանը, անմիջապես պարզ կդառնա, որ ցեղասպանությունը և մարդկության հանդեպ հանցագործությունը համապատասխանում են գրքի նկատմամբ հանցանքին ընդհանրապես, այսինքն՝ գրքերի զանգվածային սպանությանը: Արդեն ավանդույթ է դարձել, որ պատմության որոշակի փուլերի վերջում մարդկությունը, ավելի ստույգ՝ նրա առավել ազդեցիկ իշխանավոր հատվածը սկսում է ատել գիրքը, ինչպես դպրոցականներն են ատում դասագիրքը ուսում նական տարվա վերջում: Մարգարեներն ու առաջնորդներից շատերը, որոնք իրենց արհեստի բերումով սիրում են քարոզել և պահանջում են, որ իրենց լսեն, տանել չեն կարողանում, երբ ինչ-որ մեկը գիրք է ընթերցում, ճիշտ այնպես, ինչպես մեզ դուր չի գալիս, երբ մենք հարթակին կանգնած, նկատում ենք, որ դահլիճում ինչ-որ մեկը թերթ է կարդում:
Խալիֆ Օմարն այրեց ալեքսանդրյան գրադարանը, միջնադարյան ինկվիզիտորները գրքերից խարույկներ էին վառում Եվրոպայի ողջ տարածքում, իսկ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Հիտլերը Գերմանիայում կազմակերպում էր աուտոդաֆեներ: Նրանք բոլորն էլ գրքասպաններ են, բայց որքան էլ զարմանալի է, նման զանգվածային ոչնչացումը նվազ վտանգավոր և մահացու է գրքերի համար, քան մարդկանց: Գրքերն ավելի ամուր և կայուն հոգի ունեն, հազարավոր կյանքեր և վերածննդի անսահման հնարավորություններ: Ինչպես կարելի է հավաքել և այրել աշխարհով մեկ տարածված որևէ գրքի օրինակները, այդպես էլ բավական է պահպանել միայն մեկ օրինակ, որպեսզի մի քանի տարուց հայտնվեն այդ գրքի նոր՝ տասնյակ հազարավոր նմուշները:
Նույնիսկ ռազմական հանցագործությունները գրքերի համար այնքան վտանգավոր չեն, որքան մարդկանց և ժողովուրդների: Նոր սերունդը նախ փնտրում է այն, ինչ արգելված էր կարդալ իրենց ծնողներին և դրանից հետո միայն ընթերցում նրանց առաջարկած գրքերը: «Տիկին Բովարիի» կամ «Ուլիսի» նկատմամբ տեղի ունեցող դատավարություններն ավելի մեծ հեղինակություն բերեցին նրանց, իսկ եթե արգելված գրքերից որևէ մեկն իսկապես մեռնում էր, նրա մահն ավելի շուտ սեփական թուլություն, քան հետապնդման արդյունք էր: Բայց անկեղծ գրական պայքարը չի կարող լրջորեն վնասել գրքերին նույնիսկ այն ժամանակ, երբ հակառակորդներից մեկը այնպիսի ուժեղ և վտանգավոր անձնավորություն է, ինչպիսին Ջոնաթան Սվիֆթն է իր «Սուրբ Ջեյմսի գրադարանի հին ու նոր գրքերի պատերազմը» աշխատությունում: Նա առանձնապես չի վնասել Դրայդենին, որին պատկերել է թունավոր սարդի տեսքով, իսկ մնացածը,- նրանց արդեն չենք էլ հիշում,-կործանվեցին ոչ այնքան Սվիֆթի հարվածներից, որքան սեփական թուլություններից և ծերանալու պատճառով:
Ստացվում է, որ նմանատիպ մեթոդները միշտ չէ, որ հանգում են նույն արդյունքին, չնայած գրքերին սպանում են, ինչպես մարդկանց, սպանության ձևերը, երբ խոսքը գրքերի մասին է, տարբեր արդ յունքների է հանգեցնում: Օրինակ՝ գրքերի համար ավելի վտանգավոր են անձնական, քան զանգվածային սպանությունը, վտանգավոր է,
երբ նրանց սպանում են լուռ, միանգամից, կույր ատելությունից դրդված՝ դաժան մեթոդներով: Սովորական հանցագործությունների համեմատությամբ այստեղ ավելի
կարևոր է, որ սպանությունը կատարվի գաղտնի, գրեթե աննկատ և, որ սպանողն անհայտ մնա: Չէ՞ որ սպանված մարդու համեմատությամբ, որին արդեն հնարավոր չէ որևէ բանով օգնել, բացահայտ ապօրինությամբ սպանված գիրքը կարող է ոչ միայն արդարացվել հետմահու, այլև վերադարձվել նոր, ավելի երկար ու երջանիկ կյանքի: Այդ պատճառով նրան վերջնականապես ոչնչացնելու համար հարկավոր է հարվածել և սպանել աննկատ, իբրև թե իր մահով է մեռել, իր իսկ ցանկությամբ, սեփական թուլությունների հետևանքով:
Ահա թե ինչու, ի տարբերություն սովորական սպանությունների, բոլոր տեսակի գրքասպանություններից ամենավտանգավորն այն է, որը կատարվում է անտեսման միջոցով:
Եթե գիրքը դուրս է գալիս տպագրությունից, երբ դեռ չափազանց թույլ է իր մասին հոգալու համար, երբ նրա ձայնը դեռ բավականին ուժեղ չէ իր վրա ուշադրություն բևեռելու համար, այդ ժամանակ նրան անհրաժեշտ է հայտնվել գրախանութներում, թերթերում և այդ պարագայում այն կկարողանա խոսել, հասնել ընթերցողի աչքին: Յուրաքանչ յուր նորածնի պես գիրքը պետք է գրանցվի և ընդունվի նախքան աճելն ու հզորանալը, երբ ի վիճակի կլինի սեփական ուժերով նվաճել ճանաչում և հեղինակություն: Ոտքի կանգնելով, հաղթահարելով մանկական հիվանդությունները,
գիրքը ստանում է ապահով պաշտպանություն, ինքն ավստահություն, և այլևս ոչ ոք չի կարող վնաս պատճառել, իսկ երբեմ ն չարամիտ հարձակումը նույնիսկ երկարացնում է նրա կյանքը:
Լա՞վ, թե՞ վատ կապրի, գրքերի հանրապետության հասարակական սանդղակի վերի՞ն, թե՞ ստորին աստիճանները կզբաղեցնի, երկարակ յա՞ց կլինի, թե՞ վաղամեռիկ՝ այդ ամենը կախված է բացառապես նրա օրգանիզմի ներքին կառուցվածքից: Այդ հանգամանքը հայտնի է նաև գրքասպաններին, և նրանք հաշվի են նստում դրա հետ:
Լույս տեսած գիրքն ընդունվում է մեռյալ լռությամբ, ինչը հասկացողների համար հատուկ ազդանշան է, որ գիրքը խեղդվելու է անաղմուկ, մահվան ջղաձգումների մեջ՝ չհասցնելով անգամ խռխռալ կամ տնքալ, և որ այն փրկություն չունի: Բոլորն ուրանում են նման գիրքը, նույնիսկ ընկերները, գրքասերները, նույնիսկ լրջմիտ և իրենց դատողություններում ինքնուրույն գրաքննադատները, որոնք գտնում են, որ ամենից նպատակահարմարն այդ դիակից հեռու մնալն է. քանզի նրան ոչնչով չես օգնի: Եվ ահա բոլորը լռում են: Լռում են նաև հեղինակավոր թերթերը, որոնք գրքերին նվիրված բաժնում երեք տողով իսկ չեն անդրադառնում գրքի լույս աշխարհ գալուն, լռում են ռադիոյի մեկնաբանները, փոքրիկ թերթերն ու չընթերցվող ամսագրերը ևս լռում են: Գրախանութներն արձագանքում են միայն համր գրադարակներով ու ցուցափեղկերով: Նույնիսկ գրքի հրատարակիչներն են լռում: ...Անգթորեն դատապարտված, օգնություն խնդրելու իրավունքից անգամ զրկված գիրքը հետզհետե մարում է խուլ լռության մեջ, դեղնում է, խունանում և մահանում, որպեսզի առանց հուղարկավորության և գերեզմանաքարի թաղվի գետնափր պահեստներից մեկում, իսկ որոշ ժամանակ անց ուղարկվի դիակիզարան, վերածվի թղթի, որից և ծնվել էր: Հող էիր՝ հող դարձիր: Ո՛չ հեղինակը, ո՛չ գիրքը այլևս չեն կարող հաստատել,
որ երբևէ գոյություն են ունեցել և իրենց լափած լռության մեջ հարց են տալիս՝ իսկ գուցե գիքրը չի՞ եղել երբեք: Իհարկե, գործն արված է:
Գրքասպանության մյուս մեթոդը քիչ ավելի բարդ է: Այն կիրառվում է այնպիսի հայտնի և հարգի հեղինակների ու գրքերի նկատմամբ, որոնց հնարավոր չէ մեկուսացնել լռությամբ խեղդելու ճանապարհով: Նման դեպքերում խորհուրդ է տրվում նախապես վարկաբեկել հեղինակին ու նրա ապագա գիրքը: Բավական է պատմություն հորինել, լուր տարածել հատկապես փոքր, թերզարգացած միջավայրում, որպեսզի շուտով, կայծակնային, գագարինյան արագությամբ այն շրջի ողջ քաղաքով: Նման պատահական, սրամիտ, չպարտավորեցնող լուրը հայտնում են որևէ գրական ակումբում. Բաց կթողնեն լուրը, կբացեն պատուհանը և հնարավորություն կտան նրան դուրս ճախրել փողոց: ...Մեկի մասին ասում են, որ նրա գրքերն իր փոխարեն ուրիշն է գրում, մյուսի մասին՝ որ գրում է միայն թշնամիներից վրեժ լուծելու համար և այլն: Երբ նման նախապատրաստական աշխատանքից հետո գիրքը լույս է տեսնում, նրա վրա անմիջապես հարձակվում է գրաքննադատների ոհմակը, որոնք այնպես են վերլուծում այն (էական չէ՝ բարձրացնելո՞վ, թե՞ գցելով), որ նրա կերպարանքը ձևախեղվում է, հեղինակն ինքը չի կարողանում ճանաչել իր ստեղծագործությունը և հարց է տալիս իրեն՝ իրո՞ք դա ես եմ գրել, կամ ես իսկապե՞ս դա նկատի ունեի: Մարդասիրական գրքի մասին կարող են ասել, որ այն մռայլ է, հոռետեսական, հակամարդկային և մրթմրթան. քննադատական գրքի մասին, որ հեղինակին չեն հետաքրքրում հասարակական հարցերը, որ գիրքը մանր խնդիրներ է շոշափում. քաղաքական ուղղվածության գրքի մասին, որ գիրքը չափից դուրս փաստագրական է, ճակատային և ոչ բավարար գեղարվեստական, և միևնույն ժամանակ, խոստովանելով, որ դա գիրք է, կմերժեն այն որպես գրականություն: Ճիշտ է, հնարավոր չէ խեղդդել նման գիրքը, բայց կարելի է պոկել նրա լեզուն, որով նա ցանկանում էր խոսել, կարելի է այլանդակել նրա դեմքը, որպեսզի թաքնվի ընթերցողից: Այն վարկաբեկված է և ջնջված այնպես, որ հեղինակին մնում է միայն հրաժարվել իր գրքից, ինչպես արատավոր երեխայից: Եվ նորից գիրքը չկա: Վերջը տվին: Այն սպանված է, թվում է՝ երբեք չի եղել: Իրեն՝ հեղինակին, երբեմ ն թվում է, թե ինքը չի գրել այդ գիրքը և չի սիրում, երբ հիշեցնում են դրա մասին:
Նվազ նշանակալի գրքերի համար կիրառելի են ավելի պարզ մեթոդներ: Տարբեր գրաքննադատներ ներկայացնում են այն մամուլում դրական կողմից և առավել ևս բացասականից՝ ներկայացնելով համեստ դիտողություններ, անվանելով այն չափազանց տաղտկալի կամ չափազանց զվարճալի, չափից շատ իմաստուն կամ հիմար, էժանագին, թանկ, թեթև, խորը, մանր, չափազանց գրական կամ իսպառ ապագրական: Վարկաբեկված գիրքը պայքարում է գոյության համար՝ խեղճ ու ծիծաղելի, ինչպես բոլոր թերահավատ ու չկազմավորված էակները և, եթե ի վերջո մի տասը տարի անց նրան այնուամենայնիվ հաջողվի վերականգնել սեփական պատիվը, ստիպել հասարակությանը ընդունել, որ իր ժամանակին ինքն այնքան էլ վատը չէր, որքան իր մասին ասում էին (հնարավոր է՝ այն ժամանակ մոդայիկ շատ գրքերից ավելի լավը), գրքի համար դա արդեն անօգուտ կլինի: Տասնամյա մոռացության ընթացքում նրա կյանքն անցել է, նրա իմաստն ու նպատակները հնացել են, նրա արտահայտչաձևերը հաղթահարվել են, և նրա կացությունը հիշեցնում է Իբսենի Յան Գաբրիել Բորկմանին, որին գրեթե 100 տարեկանում առաջարկում են զբաղեցնել կարևոր պետական պաշտոն:
Ընկերական կամ սրտաբուխ քծնանքով, ընդգծված ուշադրությամբ ու հարգանքով՝ գիրքն սպանում են նաև այսպես:
Երիտասարդ, հաջողակ հեղինակին, որն առաջին իսկ գրքով առաջացրել է թե՛ ընթերցողի և թե՛ նախանձողների հետաքրքրությունը, այնքան էլ հեշտ չէ խանգարել լռելու կամ բանսարկության միջոցով: Նման դեպքերում ավելի մեծ հաջողության են հասնում գովաբանությամբ, քծնանքով ու խաբեությամբ: Թերթերում հայտնվում են հեղինակի լուսանկարները, նրան մեդալներ են շնորհում, նրան հռչակում են համաշխարհային գրականության հույս, կազմակերպում ելույթներ, հարցազրույցներ, մտցնում են դասագրքերի մեջ, նա ստանում է միանգամից մի քանի հասարակական պաշտոններ: Եթե երիտասարդ հանճարը արժանապատիվ չի գտնվում, նա որպես կանոն դադարում է գրել կամ գոնե լավ գրել: Ինչու՞ աշխատել և ստեղծագործել, եթե առանց դրա էլ վատ չի ապրում: Ավելի հետևողական հեղինակի պարագայում փառքը սկսում է նրան խանգարել: Նրան թվում է, թե ինքը հիմա պարտավոր է ստեղծել մի բացառիկ, հանճարեղ գործ, որն արժանի կլիներ իրեն, իսկ քանի որ դա դժվար է և միշտ չի ստացվում, նա ընդհանրապես չի գրում: Այդ ժամանակ նրան մի կողմ են նետում նույնիսկ նախկինում գովերգողները և ափսոսանք հայտնում, որ գրողը չարդարացրեց իրենց հույսերը և, այդպիսով, մարդկային հետաքրքրության ոլորտից դուրս է մնում մրցարշավի ևս մի մասնակից:
Տարեց հեղինակների գրքերը հիմնականում սպանում են ուշադրությամբ և հարգանքով: Շարունակ գովաբանում են, իսկ ետևից ծաղրում՝ դրդելով նրան զբաղվելու ապարդյուն աշխատանքով:
Մենք վկան ենք այն բանի, որ նման կերպ վարվում են նաև հռչակավոր հեղինակների հետ, որոնք տարեցտարի ավելի ու ավելի անբովանդակ գրքեր են տպում, ասես կաթվածահար եղած լինեն: Գրքերը գովում են, հեղինակին քծնում, ձգտում են բավար արել նրա քմահաճույքները, ասես նա կամակոր, թերմիտ երեխա լինի, ակադեմիկոսի
կոչում են առաջարկում ու ներկայացնում շքանշանների և այդ ամենով դրդում են նրան ընթանալ կործանման ուղիով: Իսկ երբ մի օր կատարվի աղետը, գրքասպանները, որոնց նա այդպիսի ժրաջանությամբ մեծ քանակով հավաքել էր իր շուրջը, որպեսզի նրանք բացեն իր ճանապարհը, գցեն գորգեր և կոկորդիլոսի հարևանությամբ ապրող թռչունների նման պաշտպանեն նրան ամեն մի մանր–մունր վնասատուներից, այդ լեշակերներն առաջինը կհամտեսեն նրա դիակը և անմիջապես կգնան նոր գրքասպանության ու չարագործության:
Վերջապես, գրքերն սպանում են նաև այն մարդիկ, ովքեր անկեղծորեն ու կուրորեն սիրում են դրանք: Ճիշտ այնպես, ինչպես շատ մայրեր չափազանց սիրելով դժբախտ են դարձնում իրենց երեխաներին: Առանձին պատառիկների վերաշարադրանքներն ու մանրակրկիտ վերլուծությունները ի վերջո ձանձրացնում են ընթերցողներին և առաջացնում գրքի հանդեպ հակակրանք, ասես հայտնի մեղեդի լինի, որն անընդհատ և ամենուր լսում են, բոլորը սուլում են, սկսում նմանակել, իսկ երբ նորաձևությունն անցնում է, կապկողների այդ բազմությունը իրենց հետ միասին մոռացության անդունդն են տանում նաև այն լավ գիրքը, որը ժամանակին նրանց համար օրինակ ծառայեց:
Գրքասպանության մյուս մեթոդները թողնենք այլ հեղինակների, իսկ մենք անդրադառնանք այն հարցին, թե ովքեր են գրքասպանները և ինչու են զբաղվում այդ արհեստով:
Այստեղ պետք է նաև ընդգծել սովորական սպանողների և գրքասպանների միջև գոյություն ունեցող տարբերությունը: Գրքասպանի արհեստում, օրինակ, ինտելեկտուալ սկիզբն ավելի վտանգավոր է անմիջական ֆիզիկական ազդեցությունից: Գրքասպանները քրեական հանցագործներ չեն, ոչ էլ պաթոլոգիկ էակներ. կամ բութ ու անկիրթ անձնավորություններ՝ քաղցած ու ողորմելի և ոչ էլ «ոսկե երիտասարդություն», որոնց մասին հայտարարությունները գրավում են թերթերի քրեական քրոնիկոնը: Սովորական մարդիկ գիրքը հարգում են ճիշտ այնպես, ինչպես հավատացյալները՝ նշխարը, իսկ «ոսկե երիտասարդությունը», սնոբներն ու «ջինսային տղերքը» նույնիսկ չեն նկատում այն: Գրաքննադատները ևս չեն զբաղվում սպանության արհեստով, չնայած գրողները միշտ հակված են մեղադրել նրանց այդ բանում: Նույնիսկ ամենից շատ նվաստացած հեղինակը գիտե, որ քննադատները իր նման ստեղծագործողներ են ու գրչակից եղբայրներ: Նրանք էլ են գրքեր գրում, նրանց էլ են քննադատում, հաճախ՝ անարդարացիորեն, և նրանց գրած գրքերը ևս ենթակա են սպանության: Ընդհանրապես՝ քննադատները շատ լավ հասկանում են, որ ապրում են այլ գրքերի հաշվին, ուստի հարգում են ու սիրում մյուս գրողներին, ինչպես իր հոտը սիրող բարի հովիվը: Եվ չնայած նրանք, ինչպես հովիվները գառներին, երբեմն մորթոտում են այս կամ այն գիրքը, բայց դա անում են հենվելով սեփական ընտրության ու դատողության վրա, չնայած յուրաքանչյուր դատավոր սխալական է և իրավաբանության մեջ կա «արդարադատության նպատակով սպանություն» որակումը:
Ոչ, ինտելեկտուալ գրքասպանները հիմնականում իրենք՝ գրողներն են կամ նրանք, ովքեր կուզենային գրող դառնալ: Մեկ գրքի մարդիկ, այդ կիսագրագետները, ովքեր մի
գիրք կարդալով վճռել են, որ արդեն հասու են գրքերի աշխարհի բոլոր խորհուրդներին ու նրբերանգներին, գերահագեցած ինտելեկտուալները, ովքեր, ընդհակառակը, կարդացել են այնքան, որ արդեն խորշում են գրքերից՝ սիրտ թափելու աստիճան, ինչպես բազմազան սննդից հաճախ սրտխառնուք է առաջանում. նախանձով լցված հեղինակները՝ Պուշկինի «Մոցարտը և Սալյերին» դրամայի Սալյերիի նման, ովքեր ուրիշի հաջողությունը գնահատում են որպես սեփական պարտություն. անպտուղ գրամոլներ, ովքեր այլևս ի վիճակի չեն լույս աշխարհ բերել և ոչ մի ստեղծագործություն և չեն համբերում, թե մյուսներն էլ կդադարեն գրել և նրանք, ովքեր կասկածելով սեփական գրքերի արժեքին, ուրիշ գրքեր սպանելու նորանոր պատճառներ են գտնում: Ժամանակակից մարդկանց հարաբերությունների սերտացումը ստիպում է մեզ իրար հետ վարվել այնպես, ասես ընդհանուր կոմունալ բնակարանում ենք ապրում և անհամբեր սպասել, որ մեկնումեկը ոտքերը ձգի, որպեսզի նրան արագ հողին հանձնելով, արագ գրավենք ազատված տեղը: Գրքերի հանրապետությունում ևս հրմշտոց է: Առանձին երկրներում ամեն տարի հրատարակում են շուրջ չորս հազար վեպ, այսինքն՝ օրը տասը վեպ, ինչից հետևում է, որ դրանցից հազարավորները պետք է անմիջապես ոչնչացվեն, որպեսզի կենդանի մնացած մի քանիսը գոյատևեն գոնե տասը տարի: Եվ ինչպես Ժերիկոյի կտավում նավաբեկյալները պայքարում են տախտակամածի վրա տեղ ունենալու համար, այդպես էլ գրողներն են պայքարում արևի տակ իրենց տեղի համար գրական ջունգլիներում:
Խոսելով աշխարհահռչակ վեպերի և վիպագիրների մասին, Սոմերսեթ Մոեմը ցինիկորեն խորհուրդ էր տալիս գրողներին՝ չհուսալ, թե գալիք սերունդներն ավելի խորը և լավ կհասկանան նրանց, «քանզի գալիք սերունդներն այնքան անտարբեր կլինեն, այնքան իրենցով զբաղված, որ եթե անգամ ցանկանան զվարճանալ անցյալի գրական արտադրանքով, ուշադրություն կդարձնեն միայն ժամանակին հաջողություն ունեցած ստեղծագործությունների վրա»:
Գրքերի ու գրականության գերհագեցած աշխարհում, պարզվում է, ներկայիս գրողները չեն կարող առավել լավ աշխարհի հույս փայփայել, ապավինել Աստծո արդարությանն ու ակնկալել դրախտային այգիներ: Դրախտը գոյություն ունի միայն այն մարդկանց համար, ովքեր այս աշխարհում էլ վատ չեն ապրում, այդ պատճառով էլ հալածում ու խեղդում ենք իրար և բոլոր ձևերում սպանում մեր ենթադրյալ ու հորինած հակառակորդների գրքերը:
Սակայն հարկ է նշել, որ իրենք՝ գրողները, կամ նրանք, ովքեր ուզում են գրող դառնալ, անմիջականորեն չեն զբաղվում այդ գործով, համենայն դեպս՝ բացահայտ: Չէ՞ որ դատավորներն էլ իրենց ձեռքով չեն կախում դատապարտյալին: Պատվական իրավասություններով օժտված ոտից գլուխ սև զգեցած՝ նրանք հանդիսավոր նիստեր են անցկացնում և հանդիսավորությամբ կարդում դատավճիռներ՝ վստահելով դրանց իրագործումը դահիճներին, ովքեր իրենց աշխատանքի դիմաց փող են ստանում: Գրքերի աշխարհում դահիճների դերը հիմնականում կատարում են վարձու մարդասպանները՝ միջնադարյան վարձու տանջահարողների մի տեսակ: Այս մարդիկ այնքան արագ են փոխում տերերին, տեսակետներն ու համոզմունքները, որ ոչինչ չի հասցնում նրանց դեմքին հետք թողնել, ինչի միջոցով նրանց հնարավոր կլիներ նկատել և հիշել: Չկայացած ուսանողներ, որ ծախել են հոգիները, ովքեր չեն կարողացել երեք քննություն հանձնել, բայց և այնպես ներկայում գրավում են սպանողի պաշտոնը և սարսափի մեջ գցում իրենց իսկ պրոֆեսորներին: Ստեֆան Ստեմցի վուկադիները, որ նոր են գյուղից քաղաք եկել և պատրաստ են ծառայել յուրաքանչյուրին, անգամ ցախավել հեծնել, միայն թե առաջ գնան, կարիերա ստեղծեն՝ թեկուզ սպանության միջոցով: Նախկին սկսնակ չինովնիկներ և կատարածուներ, արտաքուստ այնքան համեստ ու հեզ, որոնք իրականում պատրաստ են ձեռքները քշտել և խոթել ուրիշի գրպանը կամ գրադարակը և հաջորդ պահին մեկ ուրիշին աթոռից գցել, գրավելով նրա տեղը, բռունցքով հարվածել սեղանին: Նրանց տերերին բավական է ծափ զարկել ու ասել, թե ո՛ր գիրքը, ո՛ր ձևով է
պետք սպանել՝ խեղդելո՞վ, թունավորելո՞վ, գլուխը ջախջախելո՞վ, բութ դանակով մորթելո՞վ, թե՞ չափազանցված գովասանքների թույնով: Գրքասպանները կծղրտան՝ լսում ենք, կխոնարհվեն ու կհեռանան, իսկ հաջորդ օրը, առավոտյան թերթերի մեջ գիրքը սապնված կլինի:
Ի՞նչ ներդրում ունեն այդ մարդիկ իրենց գործում և ի՞նչ վտանգների են ենթարկվում:
Գրքասպանները չունեն գրականության մեջ ո՛չ իրենց դեմքը, ո՛չ անունը, ո՛չ էլ կապիտալը, որը կարելի լիներ կորցնել: Նրանց ամենևին չի խանգարում, որ միևնույն գիրքը այսօր գովաբանում են, իսկ վաղը՝ վատաբանում, որ մերթ սոցիալական գրականության կողմն են, մերթ՝ ապաքաղաքական, որ փոխել են տասնյակ տերեր ու հարյուրավոր տեսակներ: Նրանք ամեն ինչի վրա թքած ունեն, «իմ խրճիթը եզրին է»՝ սա է նրանց փիլիսոփայությունը և, եթե որևէ մեկը մեղադրի նրանց անհետևողականության մեջ, այդ մարդիկ ցինիկորեն կպատասխանեն, որ իրենք իշխան Միխայիլի արձանը չեն և կարող են շրջվել քամու ուղղությամբ: Նրանցից զգուշանում են նույնիսկ իրենց տերերը և երբեք թիկունքով չեն շրջվում նրանց, իսկ նրանց հետ խոսելիս մի ձեռքում փայտն են պահում, մյուսում ՝ փողը: Պարկեշտ քննադատները, ովքեր սիրում են գրքերն ու գրականությունը, ամաչում են նրանց համար, իսկ գրողները, ստեղծագործողները քամահրանքով շրջանցում են նրանց: Գրքասպաններին ոչ ոք աքսոր չի ուղարկի, նրանց չի սպառնում ո՛չ կախաղանը, ո՛չ էլեկտրական աթոռը, իսկ եթե որևէ մեկը բացահայտորեն նրանց մեղադրի սպանության մեջ, ամենևին չի խանգարի կամ վիրավորի նրանց, որովհետև նրանք շատ լավ գիտեն, թե իրենք ով են, իսկ հանրային հնչեղությունը միայն օգնում է նրանց, ապահովում աշխատանքով, այն դեպքում, երբ «շեֆը» հանկարծ պարտվում է և իրենք աշխատազուրկ են դառնում: Հիմա նրանք վարձու սպանիչների սեփական բանակով կշարունակեն իրենց գործը ավելի բարձր մակարդակով:
Պատրանք կար, թե ի վիճակի ենք միանգամից ոչնչացնել հանցագործությունները: Մենք սխալվեցինք: Հիմա արդարացիորեն վճարում ենք մեր մոլորության համար, չնայած շատ ծանր է տեսնել, թե մեր պատրանքների պատճառով ինչպես են զոհվում մեր գրական զավակները՝ մորթվում, խեղդվում, թունավորվում:
Ի՞նչ կարելի է անել դրա դեմ: Ոչինչ: Գուցե մի օր գրքասպանությունը մտնի քրեական օրենսդրության մեջ, իսկ գրքասպանների անունները լրացնեն հանցագործների ցուցակները:

Թարգմանեց ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0