СТАНЬ VIP

ԷՐԻՔ ՊՈՂՈՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԷՐԻՔ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение Harutin » 15 апр 2011, 20:48

ԷՐԻՔ ՊՈՂՈՍՅԱՆ

Eric Bogosian.jpg
Eric Bogosian.jpg (6.97 кб) Просмотров: 466


«ՃՇՄԱՐԻՏ ՀԱՅ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵԼ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»


Ամերիկյան թատրոնի եւ կինոյի դերասան, արձակագիր եւ թատերագիր Էրիք Պողոսյանը Հայաստանում առավել հայտնի է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում Ռուբենի դերակատարմամբ: Նա ծնվել է 1953-ին, Բոսթոնում, հայ հոր եւ ամերիկուհի մոր ընտանիքում: Օբերլին քոլեջը եւ Չիքագոյի համալսարանն ավարտելուց հետո Պողոսյանն աշխատել է մի շարք թատրոններում` շատ շուտ գտնելով հասարակության ախտերը երգիծաբար նշավակող արվեստագետի իր կոչումը: Նրա գրած եւ ներկայացրած առաջին մենապիեսները՝ «Մարդը ներքուստ» (1981), «Ամերիկայի ձայները» եւ «Զվարճանքի տունը» (1982), կանխորոշեցին Պողոսյանի ուղին՝ որպես մարդկային այլեւայլ տիպերի եւ բնավորությունների եզակի թարգմանի: Նրա անունն առավել հայտնի դարձավ 1985-ին, երբ Նյու Յորքի «Ամերիքան փլեյզ» թատրոնում ներկայացրեց իր «Հարբեցողությունն Ամերիկայում» թատերախաղը (բեմադրիչ՝ Ուին Հանդման): 1987-ին ամերիկյան թատրոնում նոր խոսք է համարվել Պողոսյանի «Ռադիոզրույցներ» պիեսի ներկայացումը, որը երկու տարի անց նկարահանել է Օլիվեր Սթոունը, իսկ Էրիքի կինոդերակատարումն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի բարձրագույն՝ «Արծաթե արջ» մրցանակին: Նույն թվականին Ֆրենք Զափայի հետ ձայնագրել է «Արյուն կտավի վրա» ռադիոկատակերգությունը: 1991-ին Պողոսյանն արձանագրել է հերթական հաջողությունը «Սեքս, թմրադեղեր, ռոքնռոլ» մենաներկայացմամբ, որտեղ նա մարմնավորել է միմյանցից տարբեր հերոսների՝ մուրացկանից մինչեւ ռոք աստղ, Կազանովայից մինչեւ հիվանդ ծերուկ: Ներկայացումը Բոսթոնի «Ուիլբեր» թատրոնում նկարահանել է Ջոն Մքնոթոնը: Պողոսյանը հեղինակ է նաեւ «Ճակատովս հատակին մեխեր եմ խփում», «Զգույշ պահը», «Մարդիկ մութ ժամանակներում», «Նոր աշխարհը», «Ռիքի Փոլ շոու», «Կապույտ ծուխ», «Արթնացիր եւ շնչիր սուրճի բույրը» եւ այլ պիեսների: Վերջինը 2001-ին էկրանավորել է Մայքլ Ռաուչը, իսկ Պողոսյանը կատարել է բոլոր դերերը: Հրատարակել է նաեւ «Նշումներ գետնաշխարհից» (1993) եւ «Հիմնական Պողոսյանը» (1994) թատերգությունների ժողովածուները, «Ճեմուղի» (2001) եւ «Կորսված գեղեցկություն» (2004) վեպերը, որոնք դարձել են բեսթսելերներ: Նրա թատերախաղերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր բեմահարթակներում, դրանցից երեքն արժանացել են «Օբի» հեղինակավոր մրցանակին:
Այս «մարդ-թատրոնը» կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1982-ին, ուշագրավ դերակատարումներով հանդես եկել Թեյլոր Հաքֆորդի «Դոլորես Քլեյբորն», Դեյվիդ Գագենհայմի «Բամբասանք», Մայքլ Ռաուչի «Մոլախոտերի վրա», Ջոյս Չոփրայի «Շիկահեր», Ագնեշկա Հոլանդի «Կրակված սրտին» եւ այլ կինոնկարներում, «Մայամիի չարիքը», «Մթնշաղի գոտին» ու այլ հեռուստաշարքերում:
Էրիք Պողոսյանը թեեւ չի տիրապետում հայերենին, սակայն մշտապես նշում է իր ազգային պատկանելությունը՝ իրեն անվանելով «զարգացած ու ազնիվ ժողովրդի» զավակ: Դեռ մանկուց ծնողները նրան խորհուրդ են տվել չփոխել ազգանունը՝ ինչ դիրքի էլ որ հասնի… Իսկ մեկ այլ առիթով Պողոսյանն ասել է, որ մանկությունից եկող ներշնչումներ ունի՝ կապված իր հայ տատի ու պապի, մածունի համի եւ ազգային տարբեր զգացումների հետ, որոնք ընդմիշտ իր հետ են եւ իր արվեստի մաս են կազմում մի քիչ, ամեն տեղ...
Էրիք Պողոսյանը որպես խոսնակ հանդես է եկել հայապատում վավերագրական կինոնկարներում, այդ թվում՝ Զարեհ Ճգնավորյանի «Կոչեմ ապրողաց կամ Ժողովրդի թշնամին. հայերը ետ են նայում, դեպի Ստալինի տեռորին» (1998) եւ Փիթեր Ռոզենի «Խաչատրյանը» (2003): Գրել եւ ներկայացրել է «Հայ 101» մենախոսությունը, իսկ 1994 թվականին արժանացել է ԱՄՆ-ում մի հայ անանուն բարերարի հիմնած «Անահիտ» գրական մրցանակին:
Թարգմանաբար ներկայացնում ենք Պողոսյանի «Խորանի սպասյակը» եւ «Ես հայկական ծագում ունեմ» գրվածքները, որտեղ հեղինակը շոշափում է ազգային ինքնության հարցեր: Առաջին գործը լույս է տեսել Նյու Յորքի «Արարատ» անգլերեն գրական հանդեսի 1999 թվականի աշնան, երկրորդը՝ 2004 թվականի ձմռան համարներում: Այս ստեղծագործությունները հայերեն թարգմանելու թույլտվությամբ մենք նամակով դիմեցինք Էրիք Պողոսյանին, որն էլ սիրահոժար տվեց իր համաձայնությունը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷՐԻՔ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение Harutin » 15 апр 2011, 20:49

ԽՈՐԱՆԻ ՍՊԱՍՅԱԿԸ


Ես խորանի սպասյակ եմ եղել Ուոթերթաունի (Մասաչուսեթս) Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցում: Իմ գործն էր՝ մեծ վառված մոմերն ուղիղ պահել երկարատեւ եկեղեցական արարողության ժամանակ, որ մատուցում էին դասական հայերենով, ամեն կիրակի: Քանի որ ես միայն երկու բառ գիտեի հայերեն՝ այդ ծիսակատարությունն առեղծված էր ինձ համար: Մենք հագնում էինք ծիրանագույն եւ բաց դարչնագույն շապիկներ, որոնց վրա խաչեր էին կարված: Սպիտակ գուլպաները մեր հանդերձանքի մաս էին կազմում՝ խորանի վրա քայլելու համար: Պատարագին միանալը մեկն էր առկա բազմաթիվ անհամեմատելի բաղադրիչներից՝ խունկ, միալար հնչող երգեհոն, մոմեր, Հիսուսի պատկերներ, բարձր պահված Աստվածաշունչ, ոսկե սկիհ: Ու նաեւ՝ հպարտանալու առիթ իմ տատիկի համար: Երբեմն, անհասկանալի լեզվից թմրած եւ մոմերի լույսից հիպնոսացած, խորանի մանուկ սպասավորները քնում ու վայր էին ընկում: Այսօր ես չեմ կարող հիշել, թե ինչու էի դարձել խորանի սպասյակ, չնայած իմ երկու մեծ հայրերն էլ քահանաներ են եղել: Այդ փորձառությունը պարզապես իմ մանկության խճանկարի մի կտորն էր: Ինչպես եւ շատ բաներ, որ ես արեցի պատանեկությանս տարիներին՝ առանց հատուկ ուզենալու կամ չուզենալու: Ես պարզապես արեցի:

թարգմանությունն անգլերենից՝ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷՐԻՔ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение Harutin » 15 апр 2011, 20:50

«ԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՄ»


Ես հայկական ծագում ունեմ: Ինչպես Փիթեր Բալաքյանն է նկատել իր «Ճակատագրի սեւ շունը» գրքում, ամերիկյան արվարձանում հայ մեծանալը հայտնագործության գործընթաց է: Փիթերի պես ես էլ ծնվել եմ երկատված աշխարհում, եւ երկար ժամանակ քիչ էի զգում որեւէ կապ իմ իմացած «հայկական» աշխարհի (ընտանիք, եկեղեցի, կերակուրներ) եւ «ընթացիկ» աշխարհի (արվարձան, դպրոց, հեռատեսիլ) միջեւ: Երկու աշխարհն էլ շատ քիչ ընդհանուր բան ունեին եւ երկու՝ միմյանցից այնքան անջատ տեղեր էին զբաղեցնում իմ սրտում եւ մտքում: Սա կարող էր խնդիրներ առաջացնել, քանի որ մեծանում էի՝ հասկանալով, թե ով եմ ես, հատկապես ուրիշների համար: Փաստորեն իմ արտաքին տեսքն ինձ առանձնացնում էր, եւ այդպիսով ժամանակի հետ ես իմ արտաքինը պետք է նույնացնեի հայ լինելու հետ: Ես ատում էի իմ գանգուր մազերը, ձիթապտղի գույնի մաշկը: Ես մեծանում էի մի քաղաքում, որի բնակչությունն իրականում միատարր էր: Փոքրամասնությունները քաղաքում այնքան քիչ էին, գրեթե աննկատելի: Որոշ առումով ես ինքս էլ փոքրամասնություն էի, բայց առանց պիտակի: Քանի որ ես չէի հաճախում հռոմեական կաթոլիկ եկեղեցի, երեխաները զարմանում էին՝ իմանալով, որ ես քրիստոնյա եմ. կարեւոր չէ, որ խորանի սպասյակ էի:
Պատմությունն օգնության է հասնում: Ժամանակի ընթացքում ես հայտնաբերեցի, թե ով եմ եւ ճանաչեցի ինքս ինձ պատմության ենթատեքստում: Եվ ավելի ու ավելի տեղյակ դառնալով՝ ես սկսեցի ավելի ու ավելի հպարտ լինել իմ ժառանգությամբ: Անշուշտ, այս ճանաչման գագաթնակետն ի հայտ եկավ, երբ ես Ատոմ Էգոյանի հետ աշխատեցի նրա «Արարատ» ֆիլմում: Այսօր, ավելի շուտ չզգալով ինձ որպես կողմնակի անձ կամ մեկը, որը որեւէ ձեւով «պակաս է» մյուսներից, ես ինձ նախապատվված եմ զգում՝ ունենալով նման իսկապես պատվավոր եւ խորունկ նախնիներ: Ես իմ սրտում կրում եմ մի ժողովրդի պատմությունը, որ մարդկության պատմության մեծ ժողովուրդներից մեկն է: Ես համոզված եմ, որ իմ զավակները տեղյակ են, թե ինչ է նշանակում հայ լինել:
Վերջապես, ես նաեւ պետք է ասեմ, որ չնայած կապվածությանս եւ հպարտությանս իմ ծագումով, ես զգում եմ ինձնից հետո եկած սերունդների համար, որ այսօր քաղաքական իրավիճակը ավելի ու ավելի պառակտվող եւ բռնի է թվում: Անշուշտ, «հին աշխարհի» մարդկանց մեծամասնությունը («հին երկրի» որ մասն էլ քննելիս լինես) պարզապես ուզում են իրենց կյանքն ապրել: Ցավալիորեն, ազգերի քաղաքագետները, զենքերի անվերջ կուտակումից ոգեւորված, մեծ ողբերգություն են բերում այդ հին աշխարհի ժողովուրդներին: Ես հուսով եմ, որ ցանկացած փոխհարաբերություն, որ ես այսօր ունեմ իմ ընկերների հետ որպես հայ կամ պարզապես որպես ընկեր, ավելի հանդարտություն եւ բանականություն է բերում: Ես խաղաղության եւ համերաշխության կողմնակից եմ, այլեւս ո՛չ մի զայրույթ, ո՛չ մի «ակն ընդ ականի» փիլիսոփայություն, ո՛չ մի ատելություն եւ մահ: Ես համոզված եմ, որ ճշմարիտ հայ եւ պատվավոր մարդ լինելու համար ես պետք է այսօր գործեմ հանուն խաղաղության:
Եթե ես իսկապես մտածում եմ եւ ցանկանում եմ հիշել նրանց, ովքեր գրեթե հարյուր տարի առաջ դիմացան կամ մեռան ցեղասպանության ժամանակ, ես պետք է անեմ այն, ինչը կարող է կանխել նման արհավիրքներն այսօր: Այսօր ես ամերիկացի եմ, աշխարհի ամենահզոր պետության քվեարկող քաղաքացի: Ես օսմանյան Անատոլիայի անզոր բնակիչ չեմ, ես կարող եմ ինչ-որ բան անել: Պատերազմի բոլոր մեքենաները դժոխային են: Կանայք եւ երեխաները տառապում են, որտեղ էլ որ պատերազմի մեքենաները գործի դրվեն: Այսօր իմ երկրի պատերազմի մեքենան գործի է դրված, եւ ես հուսով եմ, որ որպես հայ ես կարող եմ հիշել իմ պատմությունը եւ չանտեսել այդ մեքենայի զոհերին այն կերպ, ինչպես իմ ժողովուրդն է անտեսվել:

թարգմանությունն անգլերենից՝ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ