Harutin » 19 июн 2011, 00:45
***
Ծովը չափազանց հեռու է
Բայց շարունակ ծովի բույրն եմ առնում
Թեև վաղուց ջարդված է նավակս
Եվ ուռկանս քրքրված
Չգիտեմ ինչու եմ ծովը հիշել
Ախր
Ոչ ճամփորդ եմ
Ոչ նավաստի եմ և ոչ էլ
Ձկնորս
Անգամ չունեմ նավակ և ուռկան
Գրողը տանի
Ինչեր ասես չես մտածի
Երբ քո կողքին չէ
Հատկապես հենց նա
Ով պիտի քո կողքին լիներ և
Մայրամուտին
Երբ ծովից տուն էի վերադառնում
Հենց ծովափին
Խրճիթի դռան մոտ
Ծիրանի օղի մատուցեր
Ուռկանը կարկատեր
Իսկ ես վերնորոգեի ջարդված նավակս
Գիշերը հոգնած պառկեի ծովի ափին
Նայեի պայծառ աստղազարդ երկնքին
Լսեի խեցիներից լսվող փերիների կանչը
Իսկ առավոտյան
Նավակս ջուրը նետեի
Բացեի առագաստները
Ու մարտնչելով ծովի ալիքների և
Շնաձկների հետ
Գնայի նրա ետևից
Հատկապես հենց նրա
Ով իմ կողքին պիտի լիներ և ...
Բայց ծովը չափազանց հեռու է
Եվ ես ոչ մի կապ չունեմ ծովի հետ
Ախր
Ոչ նավակ ունեմ
Եվ ոչ էլ ուռկան
Միայն հիշում եմ
Շատ տարիներ առաջ
Մեկը
Գնաց ծովերից ու օվկիանոսներից այն կողմ
Իսկ մնացյալը մի հին
Շատ հին Ֆիլմից է
Նույնիսկ ծովի բույրը
Որ չի հեռանում իմ քթի տակից