Չկա քո բանալին
Չկա քո բանալին:
Երբեմն թվում է, թե ճանաչում եմ քեզ
Վաղուց, չափազանց վաղուց,
Բայց միևնույն է դու դեռ մնում ես
Չբացված մի զարդատուփ
Լեցուն առեղծվածներով,
Բայց սենտիմենտալ,
Աստվածներով լեցուն,
Բայց աթեիստական
Ու չափազանց գաղտնի,
Չափազանց բարդ
Իմ սահմանափակ
Ֆանտազիայի համար:
Ինձ մնում է հիշել
Միայն «Մալհոլանդ դրայվ»
Ու հասկանալ մի բան,
Որ ես, ինչ էլ լինեմ,
Որոշ բաներ ցավոք,
Չեմ կարող հասկանալ:
Դու մի հին վարպետի գլուխգործոց,
Դու այդքան պարզորոշ ու անհասկանալի,
Որ ես՝ վաղուց արդեն ստաժով փականագործ,
Ի զորու չեմ սարքել քո բանալին: