ՄԱԴԱՄ ՌՈԶԱՅԻ ՍՏՎԵՐԸ
Ծովի ափին լինում էր դանդաղասահ մի ակնթարթ, երբ ստվերները ձգվում էին լողափ. երիզող պարիսպն ի վեր։ Արդեն վաղուց ոտնաթաթերից կոխկրտված ավազին փռված՝ դրանք սողում էին նախ գլուխներով, հետո իրենց հետ բերում էին նաև կրծքեր, թևեր, ոտքեր... և երկար, ճերմակ պարիսպը շնչավորվում ու գեղեցկանում էր ինչպես կինոյում։
Մի աղջնակ ամեն օր՝ ճիշտ նույն ժամին, գալիս կանգնում էր միշտ նույն տեղում և դիտում պարսպի վրա թրթռացող ստվերները։ Սկիզբ էին առնում հեքիաթային կախարդների, արքայազների ու փերիների պարային համարներ, հայտնվում էին մարդիկ՝ հանց ծաղիկներ, կոկորդիլոսներ, խոզեր, գծագրվում էին շարժումներ՝ իբր սպառնալիք տալիս, իբր գուրգուրանք, կամ էլ... պարզապես ծիծաղելու համար։ Տարտամորեն մարմրում էին երազանքներ, գեղեցկություններ և այլանդակություններ։ Ի՜նչ կինո, ի՜նչ բան... Ճաշի այս ժամին պարիսպը շատ ավելին էր, քան այն ծուռ հայելին, որի մեջ կարող ես հածել անվերջ... Իսկ հետո, երբ ողջ լողափն ամայանում էր, ոտքերն ավազի մեջ խրած՝ մնում էր միայն մանրիկ մադամ Ռոզան։ Կանգնած դիտում եմ, թե ինչպես է նա մարզանք անում՝ տարված, բոլորանվեր, մինչև որ ամբողջ մարմնով մեկ չքվում է դեպի երկինք, պարսպի վրա թողնելով միայն անհավանական երկար սրունքների հազիվ կեսը։ Այդքան երկար ոտքեր, այդքան մանրիկ մադամ Ռոզայից։ Նա, որ ավելի կարճլիկ էր, քան այն աղջնակը, որն աշնանը նոր պիտի տասնչորսը բոլորեր... Թե ինչու՞ էր այդ կինն այդպես կանոնավոր կատարում այդ մարզանքը, աղջիկը չգիտեր։ Չէր էլ կարող հավատալ, որ դրանից նա կարող էր աճել, կամ էլ ուղղեր այն հսկայական սապատը, որ բուսնել էր կռնակին։
Տարօրինակ կին էր այդ մադամ Ռոզան. չորուկ, մանր-մունր, դեռ մի բան էլ ավել, կուզիկ, բայց ոչ ոք վատ չէր խոսում նրա մասին։ Արդյո՞ք այն պատճառով, որ այդքան տարի լողափի բժշկուհի էր եղել, թե՞... որովհետև պարզապես համակրելի անձնավորություն էր։ Աղջիկը այդ էլ չէր կարողանում հասկանալ։ Ինչ վերաբերում է անխուսափելի □մադամին□՝ կպցրած նրա անվանը. դա նրան շնորհվել էր օտարազգիների կողմից ու այդպես էլ մնացել...
Աղջիկը շատ էր այդ մասին մտածել, կամրջի վրա, իր սիրած տեղում կանգնած, բայց արևը դեռ բարձրից էր շողում և բավական ժամանակ կար մինչև ստվերները կսկսեին սող տալ պարսպով։ Ինչ կարելի էր անել։ Ուժ առներ ու ցած ցատկեր գլխով վար... Բառերով չի կարելի նկարագրել, թե ինչ է զգում մարմինը ծովի ջրին ի տես. ուզում ես լողալ, լողալ դեպի խորքը, ավելի խորքը, մինչև հաճույքը խառնվի վախին։ Այդ անխուսափելի փոքրիկ վախին չնայած սովորած լինելով տակավին մանկուց, աղջիկը լողում էր ձկան պես։
Դե հիմա՝ ի՞նչ. առանց այդ էլ սարսափելի տոթ է. կանգնես ու նայես մարդկանց մերկ մարմինների՞ն, ավելի լավ չէ՞ նայես ուղղակի պարսպին, ուր այդ ամենը շատ ավելի լավ է երևում։
Աղջիկը ճամփա ելավ. ևս երեք քայլ՝ կամրջի վրայով և... պիտի նետվեր ցած, երբ ծովի կողմից ինչ-որ ճիչ լսեց. տեսավ, որ ինչ-որ մեկը կանչում է ձեռքով։ Նա մի քանի անգամ ականատես էր եղել նման տեսարանի և իսկույն հասկացավ, թե ինչ է կատարվում և ինքն էլ մի թույլ □ախ□ քաշելով նետվեց ծովը։
... Լողում էր ամբողջ ուժով, երբ լսեց ինչ-որ սուլիչի կանչ, որից հետո մարդկային ձայն` կամրջի վրայից։ Րոպե չանցած` երկու փրկարար հասան նրա ետևից։ Աղջիկը կանգ առավ, սրանք հիմա կփրկեն խեղդվողին։ Հևասպառ նայեց շուրջն ու որոշեց վերադառնալ։
Մեկ ուրիշ փրկարար մոտեցավ նրան, և մինչ լողափին եղած բոլոր մարդիկ դիտում էին, թե ինչպես պիտի փրկեին խեղդվողին, ասաց.
– Էդ ու՞ր էիր գնում։
Աղջիկը կուչ բերեց ուսերն ու հոգոց հանեց.
– Դե... տեսա, որ մարդ է խեղդվում, և...
– Եվ ի՞նչ, գնացիր, որ փրկե՞ս, այո՞...
– Այո...
Փրկարարը, որ անասելի սևացած էր, վզին կարմիր թաշկինակ ուներ կապած։ Ատամները սեղմած տեսք ուներ և ճաղատ էր։ Աչքերը՝ ավելի առաջ, քան դեմքն էր, և աղջիկը չէր կարողանում հասկանալ, թե արդյո՞ք զարմանքից էին այդպես... Կարող է և վատ, չար աչքեր էին։ Ասես ներսից ինչ-որ բանով սեղմված կամ ինչ-որ բանով առաջ մղված լինեին։ Այդ ամենի մասին էր նա մտածում հիմա, երբ փրկարարի ձեռքը գնաց-եկավ ու ապտակը շրխկաց նրա ձախ այտին։
– Ա՛յ, կհիշես, – ասաց տղամարդը։– Կհիշես, որ մեկ էլ ուրիշների արհեստի մեջ քիթդ չխոթես, հասկացա՞ր։
Եվ շուռ եկավ ու գնաց։
Նրանից հետո մյուս երկու փրկարարները խեղդվողին հանեցին ու ափ հասցնելով շուռ տվեցին փորի վրա։ Շուրջն արդեն ահագին ժողովուրդ էր հավաքվել, գրեթե բոլորը։ Միայն աղջիկն էր մենակ կանգնած կամրջի վրա՝ ականջը հեռվից լսվող ձայներին՝ միախառնված ապտակի շրխկոցին։ Արդեն կարծես միայն այդ թշշոցն է, որ նրան հիշեցնում էր քիչ առաջ տեղի ունեցածի մասին։ Իսկ դա... աղջիկն ուզում էր մոռանալ։ Որովհետև, մի՞թե դա էլ սովորելու բան է, այսինքն` ուզենաս խեղդվողին փրկել... և գան ու ապտակեն քեզ, իմաստ ունի՞, որ շտապես մեծանալ (նա տասնչորսը լրացնելու ճամփին էր)։
Լողափին շուտով ամեն ինչ իր տեղն ընկավ. խեղդվողը ոտի կանգնեց (նա երկու ձեռքով բռնել էր գլուխն ու, քաշվելով մի կողմ, նստել..., և մերկ ամբոխը դարձյալ ավազի վրայով վազելով նետվեց ջուրը։ Միայն այն խուլ խշշոցը դեռ շարունակում էր զնգալ աղջնակի ականջի մեջ... - Բայց... ինչու՞, ինչու՞,– շարունակում էր ինքն իրեն հարց տալ, և ոչ մի կերպ չկարողանալով պատասխանը գտնել։ Հոգու խորքից մի ծանր հառաչ պոկվեց, աչքերը՝ անկուշտ մեխվեցին ներքևի ալիքներին, և հաջորդ րոպեին մարմինը վազ տվեց կամրջի վրայով ու նետվեց ջուրը։
Ջուրը, ջուրը...
Կապույտ, գոլ ու փաղաքուշ... Կարապ, մակույկ և այն ամենն, ինչ լողափին է, մարմանդ լռում և փոքրանում է։ Իսկ դու քիչ-քիչ մեծանում ես, տասնչորս, հետո` քսան, հետո` ևս այդքան...
Աղջիկը շուռ եկավ մեջքի վրա, երկինքն էլ ծովի նման էր։ Եվ նույնիսկ ավելի մեծ, բայց երկնքում չես կարող այսպես լողալ։ Գուցե միայն նրանք, ովքեր ճամփորդում են ինքնաթիռով, բայց հագիդ շորեր, թիթեղյա պատերի զնգոցն էլ՝ մյուս կողմից։ Դե... երևի այդպիսին է դրվածքը. ոմանք ծնվում են, որ ծովում լողան, ուրիշները՝ որ թռչեն երկնքով։ Ոմանք՝ որպեսզի խեղդվեն, ուրիշները՝ որպեսզի փրկեն նրանց։ Ոմանք՝ որ ապտակներ շրխկացնեն... Մանր ու կուզիկ մադամ Ռոզան էլ՝ որպեսզի մարզանք անի այսպես, ամայացած ավազի վրա մեն-մենակ կանգնած։ Ինչու՞...
Ինչու՞, ինչու՞...
Ոչ, այլևս պիտի մոտենա ու հարցնի։ Նրանք վաղուց է, ինչ ճանաչում են իրար։ Հիմա, հենց բարձրանա լողափ, կհարցնի։
Այդպես, կռնակի վրա լող տալով էլ աղջիկը հասավ ափին։ Անշտապ ու հանգիստ, աչքերը հառած երկնքին։ Ականջի միջի այն թշշոցն էլ կարծես անցել էր։ Կամ գուցե չէ՞ր լսում շուրջն աղմկող ալիքների պատճառով։ Միևնույն է, այդ զնգոցը ընդմիշտ մնալու էր, ինչպես և այն □փրկարարի□ դուրս պրծած աչքերը։ Կարծես ներսից ինչ-որ բանով առաջ բոթած, հը՜մ, փրկարա՜ր,– մտքում կրկնեց աղջիկը և ժպտաց։ Շուռ եկավ փորի վրա ու նորից սկսեց արագ-արագ ճեղքել ջուրը՝ արագ մեծ-մեծ ապտակներ տալով ջրի երեսին, զորեղ ու չար, մինչև որ հոգնեց։
Երբ տեղ հասավ, լողափն ամայացել էր։ Ստվերներն արդեն բարձրացել էին պարսպի վրա՝ իրենց արտառոց ու այլազան գծագրումներով։ Մինչև որ պատկեր առ պատկեր սկսեցին ջնջվել, և վերջին գծագրումն էլ անհետացավ, մադամ Ռոզան դուրս եկավ իր բուժկետից և հուշիկ քայլեց ավազի վրայով։ Իր սովորական լողազգեստով, որի տակ պետք է թաքցներ սապատը։ Իր սովորական կեցվածքով և երկու թևերի սովորական շարժումով դեպի վեր... Ապա՝ դանդաղ դարձ դեպի պարիսպը և երկա՜ր, երկար նրան մեխված հայացք...
Աղջիկը, որ հաստատ մտադրվել էր այսօր խոսել նրա հետ, կուչ եկավ իր տեղում՝ կամրջի վրա և ինքն էլ հայացքը հառեց պարսպին։ Մադամ Ռոզայի ստվերը գեղեցիկ էր։ Եվ ոչ մի կուզ չուներ։ Կենդանի կնոջ ամեն մի շարժումը՝ ավազի վրա, անշունչ ստվերը վեր էր ածում բալետի պարուհու. վերձիգ սրունքներ, գեղեցիկ թրթռացող կուրծք, ձեռքերը՝ ասես այն աղջիկներից մեկի ձեռքերն էին, որ այնպես փութաջանորեն խմբվում էին այստեղ □միս Վառնան□ նվաճելու համար։
Մինչ պատկերացնում և միտք էր անում այս ամենի մասին, աղջիկը նկատեց, որ նույն այն փրկարարը՝ վզին կարմիր թաշկինակ, ուրիշ մի տղամարդ ևս և չորս գեղանի աղջիկներ, կամրջի բազրիքին հենված դիտում էին մադամ Ռոզային։ Նրանց ետևում, փոքր-ինչ բարձր նույնպես պարիսպ կար, որի վրա հիմա էլ գծագրվել էին նրանց ստվերները։
Մադամ Ռոզայի մարզանքի գաղտնիքը վերջապես իր համար բացահայտած՝ աղջիկը զգաց, թե ինչպիսի ուժգնությամբ է սիրտը խփում. նույն այն խփոցները, որ ունենում էր չափից ավելի արագ լող տալիս։ Նա թուքը կուլ տվեց ու կուչ եկավ, չգիտես ինչու ուզում էր թաքնվել մի տեղ... բայց աչքերը չէին պոկվում պարսպից։ Աչքերը չէին կտրվում նրա վրա պատկերվող ստվերներից, հետո դրանք հանկարծ վերացան։ Աղջիկն այնուամենայնիվ չէր կարողանում հասկանալ, թե ինչ էին անում այնտեղ վեց ջահել մարմինները՝ բազրիքին շարված։ Բայց դա դժվար չէր իմանալ. վեց երիտասարդները պարզապես դիտում էին փոքրիկ մադամ Ռոզայի մարզանքն ու ծիծաղում։
Եվ նրանց ստվերները՝ վերջին պարսպի վրա կուզիկ էին...
Բուլղարերենից թարգմանեց ՄԱՐԳԱՐԻՏԱ ԹԵՐԶՅԱՆԸ