СТАНЬ VIP

Դմիտրի Շոստակովիչ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Դմիտրի Շոստակովիչ

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 30 мар 2014, 20:43

(84.16 кб) Просмотров: 348





Կենսագրություն

Դիմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Ընտանիքում նա երեք երեխաներից մեկն էր, ուներ իրենից տարիքով մեծ և փոքր քույրեր։ 1915 թ.-ին Շոստակովիչը ընդունվում է Մարիա Շիդլովսկու կոմերցիալ Գիմնազիա։ Այդ ժամանակ էլ ստանում է իր առաջին լուրջ երաժշտական տպավորությունները։ Ռիմսկի–Կորսակովի «Հեքիաթ Սալթան Թագավորի մասին» օպերան լսելուց հետո երիտասարդ Շոստակովիչը որոշում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Առաջին դաշնամուրի դասերը կոմպոզիտորը ստանում է մորից։ Մի քանի ամիս պարապելուց հետո ընդունվում է այն ժամանակ հայտնի մանկավարժ Իգնացիա Գլյասերայի մասնավոր երաժշտական դպրոց։ 1919 թվականի ամռանը երիտասարդ երաժշտին է լսում Ալեքսանդր Գլազունովը, որը չափազանց բարձր է գնահատում Շոստակովիչի կոմպոզիտորական ընդունակությունները։ Նույն թվականի աշնանը Շոստակովիչը ընդունվում է Պետրոգրադի կոնսերվատորիան։

1923-ին Շոստակովիչը ավարտում է Պետերբուրգի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (Լ.Վ. Նիկոլաևայի դասարան), իսկ 1925-ին՝ կոմպոզիտորական բաժինը (Մ.Օ. Շտեյնբերգի դասարան)։ Որպես դիպլոմային աշխատանք Շոստակովիչը գրում է իր «Առաջին սիմֆոնիան», որը կոմպոզիտորին բերում է առաջին լուրջ հաջողությունը։ Շոստակովիչը իր երիտասարդ տարիներից մեծ հիացմունք է տածում Ռուբինշտեյնի, Ռախմանինովի և Պրոկոֆևի նկատմամբ, և մտադրվում է վերջիններիս նման շարունակել իր կարիերան և՛ որպես դաշնակահար, և՛ որպես կոմպոզիտոր։ Սակայն ըստ Կոնստանտին Իգումնովի վկայության, նրա նվագում պակասում էին «զգացմունքն ու ուժը»։ 1927-ին Շոպենի անվան առաջին միջազգային մրցույթում Շոստակովիչը արժանանում է դիպլոմի։ Այստեղ ժյուրիի անդամներից դիրիժոր Բրունո Վալտերը նկատում է դաշնակահարի արտասովոր ընդունակությունները (Շոստակովիչը ի թիվս այլ ստեղծագործությունների, մրցույթում կատարում էր նաև սեփական ստեղծագործությունները)։ Բրունո Վալտերը՝ ծանոթանալով կոմպոզիտորի առաջին սիմֆոնիայի հետ, անմիջապես խնդրում է պարտիտուրան փոխանցել իրեն, և նույն թվականի աշնանը Բեռլինում կատարելով սիմֆոնիան, Շոստակովիչին բերում է առաջին հաջողությունը։

1927 թվականին Շոստակովիչի կյանքում տեղի է ունենում երկու նշանակալի իրադարձություն։ Առաջին. Լենինգրադ է ժամանում Ալբան Բերգը իր «Վոցցեկ» օպերայի պրեմիերայի առթիվ։ Սա մշակութային խոշոր իրադարձություն էր Լենինգրադում։ Շոստակովիչը՝ լսելով այս օպերան, մտահաղանում է իր «Քիթ» օպերան։ Երկրորդ. Շոստակովիչը ծանոթանում է Իվան Սոլերտինսկու հետ, ում միջոցով ծանոթանում է ժամանակի շատ ու շատ խոշոր արվեստագետների հետ։ Այսպես. սովորելով Պոլ Հինդեմիտի «թիվ 2 կամերային երաժշտությունը» (Երկ 36)՝ Շոստակովիչը ստեղծում է իր առաջին դաշնամուրի և շեփորի կոնցերտը։

1920–1930 թթ. կոմպոզիտորը ստեղծում է իր երկրորդ ու երրորդ «փորձարարական» սիմֆոնիաները (երկուսում էլ օգտագործում է երգչախումբ)։
«Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից» (ռուս.՝ Леди Макбет Мценского уезда) Օպերան Ըստ Լեսկովի առակի, (Գրել է 1930-1932թթ, բեմադրվել է Լենինգրադում 1934 թ) Սկզբում ընդունվում է հիացմունքով, և կատարվում է մեկուկես տարի, սակայն անսպասելիորեն քննադատվում է թերթերում («Շիլփոթ երաժշտության փոխարեն», «Պրավդա», 28 հունվարի, 1936 թ.) և հանվում է երգացանկից։ Նույն 1936 թվականին պետք է կայանար Շոստակովիչի 4-րդ սիմֆոնիայի պրեմիերան։ Այս սիմֆոնիան նախորդներից տարբերվում էր իր մոնումենտալությամբ և կրում էր իր ժամանակի շունչը՝ իր մեջ ընդգրկելով ողբերգական պաթոս և գրոտեսկ, լիրիկական և ինտիմ էպիզոդներ։ 4–րդ սիմֆոնիան նախանշում էր կոմպոզիտորի նոր, ավելի հասուն ստեղծագործական ճանապարհւ։ Սակայն կոմպոզիտորը՝ լավ ըմբռնելով իր ժամանակը, դեկտեմբերյան պրեմիերայից առաջ դադարեցրեց սիմֆոնիայի նվագախմբային փորձերը՝ հասկանալով, որ երկրում սկսվում է պետական տեռոր։ Այն ժամանակ, երբ գրեթե ամեն օր մտավորականներ էին ձերբակալվում, այս սիմֆոնիայի կատարումը կնշանակեր ձեռնոց նետել իշխանությանը։ Չորրորդ սիմֆոնիան առաջին անգամ կատարվեց միայն 1961 թ.-ին՝ ստեղծումից 25 տարի հետո։

1937-ի մայիսին Շոստակովիչը վերջացնում է իր 5-րդ սիմֆոնիան։ Այս սիմֆոնիան տարբերվում էր նախորդ «նորարարական» սիմֆոնիաներից իր դրամատիկ ոճով, հերոսականությամբ և նոր շնչով (չնայած արտաքինից պահպանում էր դասական սիմֆոնիայի քառամաս ձևը՝ սոնատային ալլեգրո, սկերցո, ադաջիո և ֆինալ՝ հաղթական տրամադրություններով)։ Իր հինգերորդ սիմֆոնիան Շոստակովիչը մեկնաբանում էր, որպես «Սովետական կոմպոզիտորի պատասխանը՝ կուսակցության արդարացի քննադատությանը»։ Պրեմիերայից հետո «Պրավդայում» լույս տեսած գովասանական հոդվածում 5–րդ սիմֆոնիան որակվում է, որպես «Սիմֆոնիկ երաժշտության մեջ սոցիալական ռեալիզմի օրինակ»։ Իշխանությունների հետ հարաբերությունները ժամանակավորապես բարելավվում են, սակայն այդ պահից սկսած Շոստակովիչի կյանքը ձեռք է բերում երկճյուղ բնույթ՝ մի կողմից ամեն կերպ չգժտվել իշխանությունների հետ, մյուս կողմից՝ մշտապես պահպանել անհրաժեշտ անկախությունը։ [1] 1937–ից Շոստակովիչը դասավանդում է Լենինգրադի կոնսերվատորիայում (1939–ից ՝դասախոս)։
Մեծ հայրենական պատերազմի սկզբում Շոստակովիչը սկսում է աշխատանքը 7-րդ սիմֆոնիայի վրա, որը հետագայում անվանվում է «Լենինգրադյան»։ Առաջին անգամ կատարվում է 1942 մարտին մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Երևանում։ 1942 թ.-ի օգոստոսի 9–ին 7–րդ սիմֆոնիան կատարվում է Լենինգրադում՝ շրջափակման պայմաններում։ծ

Մեկ տարի անց ստեղծվում է 8-րդ սիմֆոնիան։ Ստեղծագործություն, որում պատկերվում են պատերազմի սարսափները, իշխանությունների ոճիրները, ժողովրդի հերոսականությունը, անհատի հույզերը։ Այս սիմֆոնիան աչքի է ընկնում իր խոհափիլիսոփայական մտքի մեծ թափով։ 1943-ին կոմպոզիտորը տեղափոխվում է Մոսկվա, և մինչև 1948 թ. դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա ուսանողներից էին Ռ. Բունինը, Գ. Սվիդորովը, ինպես նաև հայազգի Կարեն Խաչատրյանը։ Այս ընթացքում Շոստակովիչը ավելի շատ ստեղծագործում է կամերային երաժշտության ժանրում (դաշնամուրային կվինտետ (1940), դաշնամուրային տրիո (1944), լարային քառյակ թ.2 (1944), թ.3 (1946), թ.4 (1949)։ 1945-ին, պատերազմի ավարտից հետո, Շոստակովիչը գրում է իր 9-րդ սիմֆոնիան, որը կրում է գրոտեսկային ոճ՝ շրջապատող աշխահի հանդեպ՝ իրոնիկ մոտեցումով։ Սիմֆոնիան արժանանում է լուրջ քննադատության, որովհետև պատերազմում հաղթելուց հետո իշխանությունները Շոստակովիչից սպասում էին մոնումենտալ–հերոսական և հաղթական տրամադրությամբ սիմֆոնիա։ 1948 թվականից Շոստակովիչի հանդեպ սկսվում են մեծ ճնշումներ։ Ստալինյան հրահանգի համաձայն՝ այն է կարգուկանոն հաստատել ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունում, իրենց զբաղեցրած դիրքերից ազատվում են մի շարք կոմպոզիտորներ, այդ թվում Շոստակովիչը, Պրոկոֆևը և Արամ Խաչատրյանը։ Նրանք մեղադրվում էին «Ֆորմալիզմում», որն այդ ժամանակ ԽՍՀՄ–ում ամենատարածված մեղադրանքն էր։ Սակայն նույնիսկ ուժեղ ճնշման ընթացքում Շոստակովիչի ստեղծագործական բեղունությունը շարունակվում է։ 1948-ին գրվում է առաջին ջութակի կոնցերտը (պրեմիերան՝ 1955թ.)
Շոստակովիչը հրավիրվում է Լայպցիգ, որպես Բախի անվան միջազգային մրցույթի Ժյուրիի անդամ։ Վերադառնալով՝ Շոստակովիչը հղանում և ստեղծում է իր դաշնամուրային 24 Պրելյուդները և ֆուգաները՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ կոմպոզիտորին և իր «Լավ տեմպերացված կլավիրին»։ Խրուշչովյան ձնհալի ժամանակ Շոստակովիչը, ինչպես և իր ժամանակակիցները ստանում են որոշակի ստեղծագործական ազատություն։ 1950–ականների երկրորդ կեսին Շոստակովիչի ստեղծագործությունը ստանում է համեմատաբար լավատեսական բնույթ (6–րդ լարային քառյակ (1956), Երկրորդ դաշնամուրային կոնցերտ (1957), Օպերետտա «Մոսկվա-Չերյոմուշկի». Միաժամանակ կոմպոզիտորը զբաղվում է «պատմական–սիմֆոնիկ» երաժշտությամբ՝ 1957–ին ստեղծելով 11–րդ սիմֆոնիան և այն անվանելով «1905 թիվը», շարունակում է ստեղծագործել գործիքային կոնցերտի ժանրում, գրում է թավջութակի առաջին կոնցերտը (1959)։ Այս տարիներին սկսվում է Շոստակովիչի մերձեցումը իշխանությունների հետ։ 1957թ.–ին նա դառնում է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ Նույն թվականին ընդունվում է ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության շարքերը։

1961-ին Շոստակովիչը շարունակում է իր «պատմական սիմֆոնիայի ժանրը», և, որպես «1905 թվականի» շարունակություն, ստեղծում է 12-րդ սիմֆոնիան («1917 թիվը», Լենինի հիշատակին)։ Այս ծրագրային սիմֆոնիայով Շոստակովիչը մոտենում է կինոերաժշտության ժանրին (Մասնավորապես, նույն լեյտմոտիվը կրկնվում է սիմֆոնիայի բոլոր 4 մասերում էլ)։ Պատկերվում է Պետրոգրադի տեսարանը, Լենինի հյուղակը Ռազլիվ լճի ափին, և հոկտեմբերյան իրադարձությունները։

1962-ին ըստ Եվգենի Եվտուշենկոյի «Բաբի Յար» պոեմի (որն անդրադառնում է ռուսական Անտիսեմիտիզմին), գրում է իր 13-րդ սիմֆոնիայի առաջին մասը՝ Բասի, երգչախմբի և նվագախմբի համար, հետագայում ավելացնում է ևս 4 մաս՝ պատկերելով ժամանակի ռուսական կյանքը և ոչ հեռու անցյալի պատմությունները։ [2] 1960-ականների վերջին Շոստակովիչի երաժշտությունը վերագտնում է իր խորը խոհափիլիսոփայական բնույթը։ 11-րդ և 12-րդ լարային քառյակները (1966, 1968), երկրորդ թավջութակի (1966) և երկրորդ ջութակի (1967) կոնցերտները, Ջութակի և դաշնամուրի սոնատան (1968, Դավիթ Օյսրախի 60 ամյակի առթիվ), վոկալ ստեղծագործություններն ըստ Ալեքսանդր Բլոկի, կրում են տագնապալից, թախծոտ և խոհափիլիսոփայական բնույթ։ 14-րդ սիմֆոնիայով (1969) Շոստակովիչը խախտում է դասական սիմֆոնիայի բոլոր չափանիշները։ Այստեղ նա օգտագործում է կամերային նվագախումբ, բաս և սոպրանո։ 11 մասանի սիմֆոնիայում հնչում են Ապոլիների, Ռիլկեի Կյուխելբեկերի և Լորկու պոեզիաների ռուսերեն թարգմանությունները։ Սրանց ընդհանրությունը խորհրդածությունն է մահվան մասին։ Որոշ քննադատներ 14–րդ սիմֆոնիային տալիս են «աթեիստական ռեքվիեմ» անվանումը։

Ստեղծվում են Վոկալ ցիկլերը ըստ Ցվետայեվայի և Միքելանջելոյի, 13-րդ (1967–1970), 14 - րդ (1973), և 15-րդ (1974) լարային քառյակները։ 1971-ի ամռանը Շոստակովիչը ավարտում է իր վերջին՝ 15-րդ Սիմֆոնիան (որտեղ առկա են սերիական երաժշտության տարրեր)։ Սիմֆոնիայի պրեմիերան կայանում է 1972 թ.-ի հունվարի ութին։ Շոստակովիչի վերջին ավարտուն ստեղծագործությունը հանդիսնաւոմ է Ալտի և Դաշնամուրի սոնատան։ Կյանքի վերջին տարիների Կոմպոզիտորը տառապում է թոքերի քաղցկեղից։ Դիմիտրի Շոստակովիչը վախճանվում է 1975 թ.-ի օգոստոսի 9-ին։ Հուղարկավորվում է Մոսկվայի «Նովոդևիչյան» գերեզմանատանը։

Վաղ Տարիքում Շոստակովիչը ազդվել է Մալերի, Բերգի, Ստրավինսկու, Պրոկոֆևի, Հինդեմիտի և Մուսոգրսկու երաժշտություններից։ Սերտելով դասական և ժամանակակից երաժշտությունը, Շոստակովիչը շատ արագ ձեռք է բերում սեփական երաժշտական լեզուն։ Շոստակովիչի երաժշտությունը 20-դր դարի երաժշտության գագաթն է։ Նա ամենից առաջ հայտնի է սիմֆոնիկ երաժշտության և լարային քառյակի ժանրում։ Ի տարբերություն Սիմֆոնիաների, որոնք գրվել են կոմպոզիտորի ամբողջ կյանքի ընթացքում՝ որոշակի շրջաններով, լարային քառյակների մեծ մասը գրվել են կյանքի վերջին տարիներին։ Շոստակովիչին ամենամեծ ճանաչումն են բերել հինգերորդ, յոթերորդ, ութերորդ սիմֆոնիաները, 8–րդ և 15–րդ լարային քառյակները, առաջին ջութակի և առաջին թավջութակի կոնցերտները։ Շոստակովիչի երաժշտությունը կրել է տարբեր կոմպոզիտորների ազդեցությունը, մասնավորապես տեսանելի է Յոհան Սեբաստիան Բախի ազդեցությունը՝ ֆուգաներում և պասակալիաներում, Բեթհովենի՝ ուշ շրջանի կվարտետներում, Մալերի՝ սիմֆոնիաներում։ Շոստակովիչը հմայված էր հատկապես Մուսորգսկու երաժշտությամբ և նրա «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա» օպերաների համար գրել է նոր գործիքավորումներ։ Մուսորգսկու ազդեցությունը հատկապես նկատելի է «Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից» օպերայում, 11-րդ սիմֆոնիայում, ինչպես նաև սատիրիկական ստեղծագործություններում։




Շոստակովիչի տուն-թանգարանը Սանկտ Պետերբուրգում

2006 թ.–ին Սանկտ Պետերբուրգի «Մարատի» փողոց հ.9 հասցեի երեք սենյականոց բնակարանում բացվել է Շոստակովիչի տուն–թանգարանը։ Շոստակովիչը այդ բնակարանում ապրել է 1914–1933 թթ. ուսանողական տարիներին։ Թանգարանում պահպանվում են անձնական իրեր, նամակներ, նկարներ, համերգների աֆիշներ, թերթերի հոդվածներ ևն։ Թանգարանը հանդիսանում է Պետերբուրգի թատերական թանգարանի մասնաճյուղ։




Շոստակովիչը և Հայաստանը

Շոստակովիչը ամբողջ կյանքում սերտ կապերի մեջ է եղել Հայաստանի և հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Էդուարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի հետ։ Նրա ուսանողներից էր Ղազարոս Սարյանը։ Շոստակովիչը բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան։ 1963-65 թթ. հանգստացել և ստեղծագործել է Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը, որտեղ գրել է 9-րդ և 10-րդ լարային քառյակները և «Համլետ» ֆիլմի երաժշտությունը։ Դիլիջանի այն տանը, որտեղ ապրել է կոմպոզիտորը, այժմ տեղադրված է հուշատախտակ։ Շոստակովչիը իր հոդվածներում բազմիցս անդրադարձել է հայ երաժշտությանը զարգացման հարցերին և հայ կոմպոզիտորների ստեղծագործությանը։
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ