СТАНЬ VIP

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Сообщение Harutin » 03 окт 2010, 08:57

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Diana Hambardzumyan.jpg
Diana Hambardzumyan.jpg (4.32 кб) Просмотров: 930
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Сообщение Harutin » 03 окт 2010, 08:58

Քառասուն անգամ Երուսաղեմ գնացած էշը


Текст:
Մարալի թմբլիկ հետույքն ու կրծկալի միջից դուրս պրծնող պտուկները տղամարդկանց աչքերն ակնակապիճներից հանել ու հասցրել էին նրա մարմնի մատույցներին:
Վարձու մարդասպանի պես այս ու այն պատի անկյունում անհետացող զոհին հետապնդելիս Մարալը, ամենքի աչքից աննկատ, հերսոտում էր, բայց, միևնույնն է, իր գործն անթերի գիտեր, ուստի երբևէ մտքով չէր անցնում ինչ-որ տխմար պարտություն կամ դրա նման փսլնքոտ մի բան: Հենց կարճատև դադար էր լինում, ձեռքերը քոր էին գալիս, մարմինը քոս էր ընկնում, մաշկը բլիթ-բլիթ կարմրում էր, և օդը, ջուրը, հողն ու արևը, խոսքները մեկ արած, հուշում էին` որսա, որ միշտ մարզական գերազանց վիճակում լինես, իսկ ամենից մազզալուն ախպերության քաջալերանքն էր.
-Քանի մենք կանք, դուխդ տեղը պահի, Մարա~լ ջան, թանիդ թթու ասող չի լինի, մեռնեմ է~ն, է~ն, է~ն…
Բայց այս անգամ Մարալը մի չնչին պարապուրդ էր տվել: Դրանից ստամոքսի լորձաթաղանթն այնքան էր գրգռվել, որ բերանը դառնահամով էր լցվում: Զարմանալի է. մարդու ստամոքսում նյարդերի այդքան մեծ կծիկն ի՞նչ գործ ունի, որ դեռ մի բան էլ գրգռվի ու ավելորդ գլխացավանք պատճառի: Մարմին ասածդ էս ի՞նչ տափակ ու կիսատ-պռատ սարք է, հետո ասում են` Իր պատկերով: Բա էս աշխարհի կատարելության մեջ էս մի բանն ինչո՞ւ է էսքան անկատար… Երևի ՙէգոյի՚ գեշ ցավը Նրան էլ է խրտնեցրել, դրա համար էլ ավել-պակասը մոռացած` հունցել-տվել է աշխարհին ու օձիքն էդպես ազատել:
-Ա~յ տղա, մարմինը դեռ ոչինչ, բա որ ներսում վզվզացող հոգուն ես նայում, սիրտդ ո~նց է խառնում, կարծես ատամիդ տակ առնետի թաթ է մնացել, որ քիչ առաջ չոփչոփում էր կոյուղու զուլալ ջրերում, - պատի տակ նստած Պրոֆեսոր Վաղոն նարդու զառերը բռան մեջ մի լավ խաղացնելով` օդ նետեց, ու աչքերը ետևից վնգստալով գնացին. ոնց որ Մարալի կոնքախաղին նայեր:
-Է~հ, Պրոֆեսոր Վաղո, էդ ի՞նչ խոշոր պեսիմիստ ես եղել, տեղդ չենք իմացել… Բա ի՞նչ ես ուզում. ո’ր մի ինչքն էլ էդքան սևացնես, կուպրի պես կտարածվի ու բերնեբերան լցվելով` կթափվի կատարյալ ասածդ աշխարհի գլխին, - Սարոն նարդու անկյունից զառերն առավ բռան մեջ ու տաք-տաք փչեց, - ու որ հանկարծ թափվեց, ինձ ու քեզ էլ, Մարալին էլ, էս զահրումար նարդին էլ տակով կանի ու մեղքի տակ կթաղի: Արևը որ արև է, կարմրած պահին եթե մի դանակ դեմ տաս, արյունը ֆշշալով կթափվի, իսկ դու ասում ես` մարդու հոգին մուխտառ է, բա չլինի՞…, էդ ո՞ւմ հազար տեղից ծակծկես, որ չխոցոտվի…
-Ա~յ տղա, հրես կարգին էլ փիլիսոփայում ես, իմ անունն է դուրս եկել, բա ինչի՞ էդ հունարդ Մարալի վրա չես բանեցնում, չե՞ս տեսնում` խեղճը ոտքի վրա չորանում է: Ով նայում է, փսլինքը թափվում է մի քայլ անելու պահանջից, իսկ դու զառերդ ես իրար տալիս ու ՙշեշուբեշ՚ բռնածիդ վրա էնքան հրճվում, որ մի ամբողջ կյանք հրճվելու լիմիտդ սպառվում է:
-Չէ~ հա, - Սարոն, քնից հանկարծակի արթնացողի պես, ընդոստ վեր թռավ, ու նարդին, սև-սպիտակ քարերի շրխկ-թրխկոցով ծեփվեց գետնին, ու էդքանի միջից մի սպիտակ քար, անտերուդուրս գլորվելով, քիթբերնի վրա ընկավ ախպերության Դրզոյի չափարած բաղչեն:
- Է~հ, դու էլ մի կարգին օրի չես, Սարո ախպեր, դե հիմա արի ու Դրզոյի բաղչից քար հանի. ավելի լավ է` հազար շունուգելի բաժին դառնաս, քան ձեռքդ մեկնես ու էս ճաղերի արանքով սողոսկես… Գիտե՞ս` հայ-թուրքական սահմանի լարերը ղալաթ են արել, թե էսքան հոսանքաշատ լինեն:
Սարոն շվարած կանգնել էր: Աշխարհն աչքին պար էր գալիս: Հայացքն ինքնաբերաբար թեքեց Մարալի պատշգամբի կողմն ու հեռվից հեռու նշմարեց նրա ՙծեքծեքուն մարմնի սիլուետը՚, ինչպես կասեր Պրոֆեսոր Վաղոն: Մինչև աչքը կթարթեր, սիլուետը ոտքով-գլխով անհետացավ, ու Սարոյին թվաց` տեսողական խաբկանք էր, իսկ երբ քայլ արեց, որ համոզվեր, թե Դրզոյի բաղչեն որպես խորհրդանիշ չի մտել իր անքուն գիշերվա երազի մեջ, ոտքն ուղիղ դրեց սև քարերից մեկին ու շրը~խկ` ողջ հասակով փռվեց գետնին` որպես շաղ եկած քարերով ու նարդու կիսափակ տախտակով ստեղծված une nature morte-ի կենդանի հավելում: Իբրև ճակատագրի ծաղր, էս սև քարն էլ գլորվեց ու արժանացավ գործընկերոջ բախտին. մի սև ու մի սպիտակ խաղաքար քիթ քթի ընկան Դրզոյի չափարած բաղչեն, ու հիմա ո’չ գլորողը գիտեր գլխին գալիքը, ո’չ բաղչի տերը: Երբ գետինը ափլփելով` Սարոն փորձում էր ոտքի կանգնել, ամեն պահ կրկին սայթաքելու վտանգն աչքի առաջ` Պրոֆեսոր Վաղոն զգուշավոր խաչակնքեց ու վախվորած փսփսաց. ՙՄեղա~ քեզ, մեղա~, էս վատ նշան է. էդքան հունար ո՞վ ունի, որ Դրզոյի բաղչից մի ծպեղ հանի…, փորձ անողի կերածը քթից էնպես կբերեն, որ հոր հարսանիքը միտքը կընկնի՚:
-Դրզո’ ախպեր, - Սարոն աննշան ձգվելով` մի կերպ նայեց Դրզոյի սպիտակ զոլերով սև կոստյումին, կարմիր փողկապին ու սալամանդրե, լաստ հիշեցնող կոշիկներին, որ ճիշտ այդ պահին տիրոջը շուքով զարդարել ու փողոց էին հանել` մի քանի չուզողների աչքը քոռացնելու ակնհայտ մտադրությամբ, - բարիրիկունդ բարի լինի, գնացած տեղդ խեր լինի…, հողը ոտիդ տակ էս ի~նչ ղոչաղ է ճռճռում:
-Հա’, - կարճեց Դրզոն ու հեռվից հեռու կոճակը սեղմելով` ԲՄՎ-ի դուռը բացեց, փողկապը ոտների արանքից հանելով` նստեց և դուռը փակելով` անհետացավ մգեցրած ապակիների ետևում: Երբ մեքենան թեքվեց Մարալի տան կողմը, նրա ծեքծեքուն մարմնի սիլուետը կրկին տնկվեց պատշգամբում և նա, կուրծքը հենելով բազրիքին, ձեռքը կախեց ու ափը բաց` թափահարեց:
Սարոն ու Վաղոն էշացած` իրար երեսի նայեցին:
-Է~հ, Պրոֆեսոր ջան, սխալ հաշվարկներ ես արել, Մարալը լավ էլ տաք տեղից է բռնացրել, իսկ դու հարյուր ութսուն աստիճան ծռվելով` տխուր մահլեքում ես հայտնվել, - Սարոն խայթեց խաղընկերոջը ու ծնկելով` սկսեց հատ-հատ հավաքել նարդու սև-սպիտակ խաղաքարերը, իսկ երբ հասավ բաղչի քարերին, գլխում մի լուսավոր միտք ծագեց. ՙԳնամ Դրզոյի տան դուռը թակեմ, ասեմ` քարերս միամիտ ընկել են ձեր բաղչեն, տվեք, շառս քաշեմ, գնամ՚, հը՞, - Սարոն տակնիվեր նայեց իր գլխավերևում կանգնած ու դեռ ցնցահար Պրոֆեսորին:
-Եսի~մ, - անորոշ արձագանքեց Վաղոն և ուսերը բարձրացնելով` գլուխն ավելի ամուր կպցրեց մարմնին` կարծես վախենալով, որ կպոկվի, կընկնի:

* * *
Դռան շեմին կանգնած կնոջ մի ձեռքում մոխրամանն էր, մյուսում` ծխախոտը, որից ելնող ծուխն առատորեն մլուլվում ու թափվում էր նրա ՙբարբիանման՚ դեմքին:
-Համե~ցե~ք…, հա՞… - մի մեծ ու նոր բանի ակնհայտ ակնկալությամբ, և ըստ այդմ, չափազանց նվաղկոտ ձայնով ասաց Բարբին:
-Ես…, սև ու սպիտակ քարերս…, լրիվ պատահմամբ…
-Արի~, արի~, նե~րս արի, կծխե՞ս, ուզո՞ւմ ես` սառը ՙԿոլա՚ տամ, թե՞ ՙՎիսկի՚ կխմես…
Սարոն ակնթարթորեն հայտնվեց փակ դռան ետևում, իսկ նրա առջև բացվեց էրմիտաժային մի տեսարան` քանդակների, նկարների, փորագիր պահարանների, վեհաշուք թավշե վարագույրների ու հայելափայլ մանրահատակե գորգերի հարուստ հավաքածուով: Մինչ Սարոն, խոսելու ունակությունը կորցրած, գլուխն աջ ու ձախ էր շարժում, Բարբին` սկուտեղով ՙՎիսկին՚, ՙԿոլան՚ ու սառցե կտորներով երկար բաժակները տեղավորեց ցածրիկ սեղանին ու ոտքը ոտքին գցելով` կանչեց.
-Արի~ մոտս…
Հետագայում Սարոն ինչքան փորձում էր հիշել` սկզբում ՙՎիսկին՚ խմեցին, հետո՞…, թե՞ սկզբում…, հետո ՙՎիսկիով՚ լեզու-բերանը լվացին, չէր ստացվում: Աչքերի առաջ անընդհատ նույն պատկերն էր. կաթնագույն մարմարե սեղանին հոլի պես պտտվող մարմնամասերի թույլ, թեթև հպումներ, մագնիսական դաշտում գործող կանոնների աստվածուրաց խախտումներով` մի կերպ, շնչահեղձվելով` հողմապտույտից դուրս պրծնելու անկարող ճիգեր, ու խռիկները կորցրած ձկների պես թպրտացող երկու օտար ստվեր` Էրմիտաժի ողորկ հատակին:
Դրզոյի բաղչում պատահաբար հայտնված սև ու սպիտակ խաղաքարերն այլևս ոչ ոք չէր հիշում, ու թե հիշող կար` միայն Փիլիսոփա Վաղոն էր, որն ափսոսանքով գլուխն օրորում ու անց էր կենում, երբ հայացքը շրջում էր արդեն փարթամ խոտերի մեջ թաքնված խաղաքարերի կողմը:
Ամեն անգամ, երբ Մարալի սիլուետը հայտնվում էր պատշգամբում, Սարոն պատրաստվում էր այցելել Էրմիտաժի նորանոր ցուցասրահներ, որոնք գլխապտույտ արագությամբ հարստացնում էին նրա մարմինը, երևակայությունն ու գրպանը:
Գրպանի հարստանալու հետ Սարոյի միտքը ծռվում էր դեպի Մարալի սիլուետը, որը պատշգամբից կախվելով` ձեռքն արդեն ոչ թե ԲՄՎ-ի կողմն էր թափահարում, այլ` անորոշ ուղղությամբ: Մի օր էլ, երբ Բարբին, Դրզոյի թևը մտած, մոտեցավ ԲՄՎ-ին, Սարոն հասկացավ, որ ոչ միայն իր թանգարանային այցելություններն են ավարտվել, այլև Մարալի սիլուետային խաղերը, ուստի թե’ իրեն մխիթարելու, թե’ Մարալի սիրտն առնելու վեհանձն մտադրությամբ մի ցատկով ասպետաբար հայտնվեց նրա պատշգամբում, ապա տանտիրուհուց ժայթքող սպանիչ լույսը քողարկելու ազնիվ նպատակով ծանրումեծ իջեցրեց մինչև առաստաղ քշտած վարագույրը: Եվ ամեն անգամ, երբ ԲՄՎ-ն դեպի անհայտ պրերիաներն էր տանում իր սրտի Բարբի տիրուհուն, Սարոն լծվում էր քողարկման մարդասիրական գործին:
Մարալը երդվում-պաղատանք էր անում, որ Դրզոն Սարոյի ճկույթը չարժեր, որ իր ծեքծեքուն մարմինը, շնացող հոգին ու կախովի պատշգամբը մեկընդմիշտ զոհաբերում է Սարոյի սիրուն, բայց Սարոն անդրդվելի էր. նրա թափառական ոգին դեռ հածում էր Բարբիի Էրմիտաժում, դեռ տենչում էր նորանոր անհայտ ցուցադրություններ, որոնք անհասանելի հեռու էին Մարալի լուսաքողարկման դասընթացներից: Մարալի սիրտը վշտից պայթում էր, երբ հանկարծ գլխի ընկավ, թե ինչպես ձեռնասուն դարձնի Սարոյի կապարձակ ոգին:
Որոշեց Բարբի դառնալ: Նախ Բարբիի մազերի նման կեղծամ պատվիրեց, ապա մարմինը քսուկներով մերսել տվեց այնքան, որ նմանվեց Բարբիի հողմապտույտ ստվերին, նույնիսկ ՙՎիսկի՚ ու ՙԿոլա՚ գնեց և սառույցի կտորները նույն չափերով տեղավորեց երկար բաժակների մեջ, բայց այդ շինծու ցուցադրությունը կատարյալ ձախողանք էր:
Սարոյի սիրտը շահել չէր լինում. նա Էրմիտաժ էր ուզում ու անդադար իր էշն էր քշում, թե արդեն քառասուն անգամ մտել էր Երուսաղեմ, բայց այդպես էլ ձի չէր դարձել: Գոնե մի անգամ իրեն ձի զգար` երասանը Բարբիի քնքշաքնքուշ ձեռքը տված, էլ դարդ չէր ունենա, անգամ Դրզոյի դզող ԲՄՎ-ն այնքան անկարելի երազանք չէր թվում, որքան այդ կպչուն միտքը, թե ինքն ընդամենը Բարբիի էշն է. երնեկ ձի դառնար: ՙԷ~հ, մարդ պիտի բախտ ունենա, էլի, էշ ծնվել եմ, էշ էլ կսատկեմ, թե ես Դրզոյի հետ ոնց եմ ոտք ձգում, խելքս բան չի կտրում, որ մի օր բռնվեմ, կաշիս տիկ կհանի, ա~խ, բայց դե արժե…, արժե~…՚, - ինքն իրեն փնփնթաց Սարոն ու քայլերը ճարահատյալ ուղղեց դեպի Մարալի ծեքծեքուն մարմինը:
Մարալը սովորականի պես սիրառատ էր, ավելին, կարծես վրեժխնդրորեն առավել հեզ ու պչրուն էր, բայց դե երազանքը, այն էլ` Երուսաղեմ գնացած էշի սուրբ երազանքը, վեր էր ամեն մարմնամսի պարգևած հաճույքից, ուստի Սարոն Մարալի մերկ մարմինը թողել էր թախտին պարապ ընկած, իսկ ինքը սավառնում էր յոթերորդ երկինքներում, երբ անսպասելի դռան թակոց լսվեց: Սարոյի լեղին վախից ճաքեց, անտանելի թշվառ մի կանխազգացում սողոսկեց նրա հոգին ու պղտորեց զուլալ երազը: Մարալը ծույլ անտարբերությամբ ելավ թախտից, բարեմասնությունները գեղջկորեն թաքցնելով ափերի տակ` իբր ամոթխած մոտեցավ դռանը, աչքը հպեց դիտանցքին և վհուկային ժպիտով վայրկենապես բացեց դուռը: Իբր զարհուրած` ետ-ետ գնաց ու կպավ պատին: Դրզոն գազանի պես վրա պրծավ ու սկսեց հոշոտել Մարալի ճերմակ կլորիկությունները: Սարոն, աչքերը չռած, նայում էր` անկարող համատեղելու էրմիտաժային նրբաճաշակությունն ու անասնային այդ որկրամոլությունը: Բայց դե, ո՞վ չգիտի` փողն ամենայն անհամատեղելին ո~նց է համատեղում… Էհ, ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես ման գալիս, ա’յ Սարո… Որ Բարբիին ձեռք է տալիս, քե՞զ ինչ է եղել, ավելի լավ է` դու քո երազանքի ետևից գնա, ո՞վ գիտի` գուցե մի սիրուն օր էլ դու ձի դառնաս… Առանց հստակ գիտակցելու, թե ինչ սոդոմ-գոմորի մեջ է հայտնվել իր նվիրական երազանքը, Սարոն անկամորեն ու անաղմուկ հագնվեց ու այն է, ուզում էր աննկատ դուրս պրծնել այդ անիծյալ թակարդից, երբ Դրզոն հանկարծակի մռնչյունով ընդհատեց իր կենդանական վայելքն ու վայրենի կատաղությամբ հարձակվեց Սարոյի վրա: Խե~ղճ Սարո, հարվածները տեղում էին այնպիսի կանոնավոր ու անխնա դաժանությամբ, ինչպես գեղջուկ կինն է ճիպոտահարում բուրդը: Երբ Դրզոյի հոգին ելավ շատ աշխատելուց, և մարմինը քափ ու քրտինք առավ, Սարոն սատկած լեշի պես ընկած էր Մարալի ճերմակաթույր ոտքերի տակ: Բավարարված կնոջ կուշտ բարեհաճությամբ Մարալը շշուկով արտահայտեց իր խղճահարությունը. ՙՄուրազդ փորումդ մնաց, խե~ղճ տղա…՚:
Այդ նույն գիշեր դիմացի այգում անհայտ վարձկանները թխկացրին երեսունյոթամյա մի տղամարդու, որի հագին սպորտային շապիկ կար, իսկ կոշիկները քառասունհինգ համարի սալամանդրե լաստեր էին, որ ամենից շատ էին զարմացրել սպանության գործը հետաքքնողին, քանի որ սպանվածի ոտքի չափսը ճիշտ ու ճիշտ երեսունինն էր: Ասում են` այդ մութ պատմության ամենաառեղծվածային դրվագը նարդու մի սև ու մի սպիտակ խաղաքարերի հայտնվելն էր սպանվածի շալվարի գրպանում այն բանից հետո, երբ հետաքննողն արդեն արձանագրել էր նրա գրպանների դատարկության փաստը:
Իսկ այն, որ երկնային ուժերը մասնակցում են մեր կյանքի բոլոր իրադարձություններին, և Պրոֆեսոր Վաղոն դա գիտեր ոչ միայն անտիկ փիլիսոփաների տրակտատներից, կրկին ցնցեց այս կյանքում շատ բան տեսած ու լսած ծերունուն: Երբ Սարոյի թաղման թափորն իջնում էր Մարալի տան կողքով, նարդու մի սև ու մի սպիտակ խաղաքար գլորվեցին դիակի խաչված ձեռնափերի միջից ու ընկան մոտակա կոյուղու բաց ջրհորը:
Պրոֆեսոր Վաղոն կաթվածահար սրսփալով` մեկուսի շշնջաց. ՙԱխմախ էշ, որ էշ ես, թե քո ինչ բանն էր ձի խաղալը…՚:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Сообщение Harutin » 20 дек 2010, 21:10

ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ


Текст:
Գարնան հետ ցրտերը կանցնեն: Կլինի: Մի քիչ էլ հույսդ չկտրես, ամեն բան տեղը կընկնի: Կտեսնես: Սեղանիդ վրա իրար կողքի կհայտնվեն բողկ, կանաչի, լոլիկ, վարունգ, սոխ ու սխտոր: Հա’, հա’, հիմա էլ կա, գիտեմ, ես էժանի մասին եմ ասում, որ փողդ մեկնես, առածդ հանգիստ խղճով լցնես տոպրակիդ մեջ և ուրախ-ուրախ թափահարելով` տուն տանես: Շատ լավ հասկանում եմ` դու ոչ մի բանից էլ դժգոհ չես: Իրիկունը քնելուց առաջ չես աղոթում, բայց անգիր արած մի խոսք կա, որ պարտադիր կրկնում ես. «Էսպես էլ մնա` վատ չի, Աստծո~ւն փառք»: Հորանջելիս ձեռքդ չես տանում` բերանդ փակես: Տեսնող չկա. ումի՞ց թաքցնես անատամ լնդերդ, կամ հոտավետ բացիլներիդ դեմն առնես, որ ի՞նչ: Զգում եմ` մարմինդ գնալով թուլանում է, աչքերդ կիսաբաց են, բայց մթան մեջ ոչ մի առարկա չի երևում, մնում է` հիշողությամբ գտնես պատի տակի սեղանը, որի մի ոտքը, հա’, աջը, հիսուներեք տարի առաջ կոտրվեց, երբ երկուսով պառկեցիք վրան ու մի կողմ քաշվեցիք, որ աթոռները շրջած շարեն ձեր շուրջը, որ գիշերը քնի մեջ չընկնեք:

Եղբորդ հարսանիքն էր: Հորդ ու մորդ ազգուտակը հավաքվել էր. ով որտեղից կարող էր` եկել-հասել էր. երկու հորեղբայրդ էին` կանանցով, երեք հորաքույրդ` ամուսիններով, երեք մորեղբայրդ` կանանցով, հինգ մորաքույրդ` երեքն իրենց ամուսիններով, երկուսը` արու զավակներով, մորական տատդ էր, հորական տատդ, մորեղբորդ երկու որդիներն էին, հորաքրոջդ աղջիկն ու փեսան, ձեր պապական քավորն ու քավորկինը, քավորի տղան ու աղջիկը... Էլ չեմ հիշում, ասեղ գցելու տեղ չկար, ու պարզից էլ պարզ էր, որ գիշերելու տեղ ո’չ հորդ չորս սենյակում կմնար, ո’չ էլ քո երեք սենյակում, բայց դե հյուրանոցի մասին խոսք լինել չէր կարող: Ո՞վ էր լսել` բարեկամին հյուրանոց ուղարկեն: Դա էնպիսի խայտառակություն էր, ինչպես ասենք տղայի համար` հորական տնից հեռանալն ու կնկա հոր տանն ապրելը` տնփեսա գնալը:

Դու հորդ տնից դուրս եկար ու մինչև էս տան տեր դառնալդ ահագին թափառեցիր, բայց եղբորդ հարսանիքի օրն արդեն էս տունը կար, ու էդ սեղանը հենց էդ պատի տակ էր դրված: Դուք երկուսով պառկեցիք սեղանին, որ մորեղբորդ ու մորաքրոջդ որդիները` Արամը, Արտոն, Արարատն ու Հարութը, ոտուգլուխ տեղավորվեն ձեր անկողնում: Ով պառկելու տեղ գտավ, պառկեց, ով չգտավ` մորական տատիդ կարած «մինդարները» փռեցին հատակին ու «բոուլինգի» ծանր փայտաձողերի նման շարվեցին իրար կողքի, մնացիք դու ու Մանուշը: Մորաքույրդ, երկտակ բացած բազմոցը ճռռացնելով, թեքվեց լողլող ամուսնու կողմն ու կարգադրեց. «Վանի’կ, տեղիցդ ե’լ, էդ աթոռները շարի սեղանի պռնկին, թո’ղ մարդ ու կնիկ պառկեն սեղանին, դեմ ընկնեն պատուհանին ու քնեն, մի գիշերը մի բան չի, կլուսանա-կգնա»:

Սկզբում դու պառկեցիր, հետո Մանուշը լույսը հանգցրեց, ոտքը դրեց աթոռին ու ձգվեց սեղանով մեկ, ու երբ մորաքրոջդ Վանիկը աթոռները շրջեց սեղանին, Մանուշը սեղմվեց քեզ ու համարյա ելավ քո վրա: Հենց էդ պահին սեղանի աջ ոտքը, հա, հա’, լավ էլ հիշում ես, պատի կողմինը, ձեր ծանրության տակ թեքվեց, դուք մի քանի վայրկյան օրորվեցիք սեղանին, ոնց որ գյուղի ձեր տան դիմաց բարձրացող տանձենու տակ կապած ճոճքի մեջ լինեիք, ու Մանուշը, բերանը ձեռքով փակելով, ծղրտաց, ու սեղանի ոտքը, շրը~խկ, ծալվեց տակին: Ամբողջ տունն իրար անցավ: Սենյակներից, միջանցքից, խոհանոցից ու պատշգամբից բոլորը ներս թափվեցին. որը` մահճակալից, որը` աթոռից ու բազկաթոռից, որը` բազմոցից ու հատակից ելան ու վազեցին էդ շրխկոցի կողմը: Քո Մանուշը գլուխը մտցրել էր վերմակի տակ, որ աչքը մարդու աչքի չառնի: Մանուշի մանկական, սպիտակամաշկ ոտնաթաթերը դուրս էին պրծել վերմակի տակից ու կախվել ճկված սեղանի ու ոտքերը վեր տնկած աթոռի արանքում: Դու սպիտակ, անթև շապիկով ու սև վարտիքով թռել` նստել էիր պատուհանի գոգին: Մինչև մորաքրոջդ Վանիկը լույսը կվառեր, տունն արդեն թնդում էր ծիծաղից: Մորաքրոջդ որդիները, փորները բռնած, թավալվում էին գետնին: Հորաքրոջդ փարթամ կրծքերը թրթռում էին սև զոլերով սպիտակ գիշերազգեստի տակ, հորեղբայրդ, ծիծաղից արցունքոտված աչքերով, նայում էր մեկ քեզ, մեկ Մանուշի` հետզհետե վերմակի տակից դուրս սլլացող մարմնին, ու ձեռքը բռունցք արած` սեղմում էր կարմրին տվող բեղերին` զսպելու թոքերի չոր հեղձուկը, հորական տատդ, որ սպիտակ, բարակ ու երկար հյուսերը կախել էր մինչև գոտկատեղ, ամոթը մոռացած, գիշերազգեստի փեշերը հավաքել էր մինչև ծնկները, ոտքերը չռել, վախն ու զարմանքն իրար խառնած` կանգնել էր դռան շեմին ու «վա՜շ-վա՜շ» էր անում:

Ծիծաղն ու քրքիջը, ծղրտոցն ու հազը խառնվել էին իրար: Մինչև առավոտ ոչ ոք աչք չփակեց: Բարձերին թիկնած, ոտքերը աթոռներին մեկնած, արմունկներով հատակին կռթնած, իրար հերթ չտալով պատմում էին` ով ինչ հիշում էր ու չէր հիշում, ով ինչ տեսել էր ու լսել, ով ինչ հաստատ գիտեր կամ հորինում էր, գունազարդում, դզմզում, ճիշտը թաքցնում, սուտը ճշտի տեղ անց էր կացնում, ինքն էլ իր պատմածին հավատալով` ուրախանում, տխրում ու արցունքոտվում էր, հառաչում ու խոր հոգոց էր հանում, համ էլ զարմանքից բերանը բաց` ականջ էր դնում:

Հիմա դու նայում ես մթան մեջ ու ոչինչ չես տեսնում, հիշողությամբ գտնում ես պատի տակի սեղանը, որի մի ոտքը, հա’, աջը, պատի կողմինը, հիսուներեք տարի առաջ կոտրվեց, երբ երկուսով պառկեցիք վրան ու մի կողմ քաշվեցիք, որ մորաքրոջդ Վանիկը շրջած աթոռները շարի ձեր շուրջը, որ գիշերը քնի մեջ չընկնեք: Բայց որ դեռ չքնած` ընկաք, հիշում ես, ու որ էդպես էլ չհաջողվեց իրար սեղմված քնել սեղանին, էդ էլ ես հիշում, ու որ ոչ ոք էդ գիշեր չքնեց, քեզնից լսելով` նույնիսկ ես եմ հիշում: Եղբորդ հարսանիքն էր: Շուրջդ ամեն ինչ թաթախված էր գույների, հոտերի, համերի ու ձայների գվվոցով: Հիսուներեք տարվա կյանքդ առջևում էր. հոգսերդ, դառնություններդ ու հրճվանքից ցնծալու ժամդ քեզ էին սպասում:

Հիմա մութ է, ու ցրտից ոսկորներդ շխկշխկում են: Գարնան հետ ցրտերը կանցնեն: Կլինի: Մի քիչ էլ հույսդ չկտրես, ու ամեն բան տեղը կընկնի: Ես էդպես էլ չէի իմանա, թե ինչ եղավ եղբորդ հարսանիքի հաջորդ օրը և բոլոր մնացած օրերին հիսուներեք տարի անընդմեջ, եթե դու չպատմեիր, պատմելով գրի չառնեիր: Ու հիմա քառակուսիներով ծածկված էս թղթերի կույտը, որ սևին է տալիս աջակողմյան ոտքը ջարդված սեղանիդ վրա, քանի որ գրչածայրդ, սև թանաքի մեջ թաթախելով, շատ անխնա ու համառորեն ես ճռռացրել դրանց երեսին, պահպանելով ձայնիդ թրթիռն ու սրտիդ զարկը, իմ հորական տան նկուղում հանգչող ժապավենով ձայնագրիչի պես վնգվնգալով` անխնա վերարտադրում է անցած ու կրկնվել սպառնացող քո պատմությունը, որ նաև իմն է, մե’ր պատմությունը:

Երբ հանդիպում էինք, հաստ հոնքերիդ տակից ժպտալով` ասում էիր. «Հիացե’ք, դռները փակվում են»: Ես հիմա խոստովանում եմ, որ դու ոչ մի նման բան չէիր ասում, ես հենց հիմա ուզեցի, որ դու ժպտայիր, ու քո ժպիտն ասեր. «Հիացե’ք, դռները փակվում են»: Երբ հանդիպում էինք, ես այն զգացողությունն ունեի, որ դու իմ արյունակիցն ես, ասենք` հորեղբորս որդին կամ գոնե հորս հորեղբոր թոռը: Էդպիսի մի բան: Էդ նրանից էր, որ խոսածդ ու մտածածդ արձագանքվում էր իմ մեջ ու վերադառնում քեզ` բոլորապտույտով: Ես դա հասկանում էի, բայց ոչ մի կերպ չէի կարողանում բացատրել, հիմնավորել ու պատճառաբանել զգացածս գոնե ինքս ինձ, էլ ուր մնաց` ուրիշներին: Դա շատ նման է իմ այն երկվությանը, որ հստակ հասկանում եմ Դրախտի անհրաժեշտությունը, բայց անկարող եմ բացատրել ամեն գնով այնտեղ հայտնվելու մարդու տենչը, որ գիտնականների համառ ջանքերի շնորհիվ հասկանում եմ մահվան անխուսափելիությունը, բայց գլուխ չեմ հանում պատժի առեղծվածից, որ, նույնիսկ, սեփական փորձից ելնելով` հասկանում եմ գենետիկ հիշողության ազդեցությունը մարդու սեռական կյանքի վրա, բայց ինձ համար անիմանալի է սերը, որ վտանգավոր փորձության է տանում սիրողին ու հեթանոս ծեսի անհրաժեշտությամբ` զոհ պահանջում:

Ես հիմա գիտեմ, որ մենք ժպտում էինք (իրարից հեռու) այս կյանքով հիանալու մեր կարողության վրա, բայց մինչև հիմա չգիտեմ, թե ինչպես էինք նույն ուժգնությամբ զգում այն ցավը, որ զգում ես, երբ դռները փակվում են քթիդ տակ, առավել ևս, որ կանխազգում ես` հաջորդ չվերթով եկող գնացքը քեզ չի բռնացնի կառամատույցում:

Մեկ-մեկ էլ ինձ թվում է, թե քո ձախորդ Մանուշն իմ մայրն է եղել, իսկ դու` իմ անփույթ հայրը, բայց սպանես` չեմ կարող բացատրել, թե հիմա ինչու անզուսպ ցանկություն ունեմ վազեվազ հասնել ցրտից առավել մթնած սենյակդ, սպիտակած գլուխդ գրկել ու օրորոցային երգել, քանի որ զգում եմ` դու իմ թոռնիկն ես, իմ հարազատ արյունակիցը, ով ինքն իրեն հոշոտում է, որ իմ սխալները չկրկնի, ով անիծում է ինձ` Մանուշին իմ պատկերով ու նմանությամբ սիրելու և կորցնելու համար, ով խելագարվում է իմ թոռնիկը լինելու անխուսափելի պատժից: Ես գժվում եմ քեզ գուրգուրելու անկարելիությունից, բայց հեռվից հեռու հպարտանում եմ թղթերիդ կույտով, որ սևին է տալիս աջակողմյան ոտքը ջարդված սեղանիդ վրա, քանի որ գրչածայրդ, սև թանաքի մեջ թաթախելով, շատ անխնա ու համառորեն ես ճռռացրել դրանց երեսին: Քեզ չես խնայել, քոռանամ ես, անգամ ինձ չես խնայել:

Ես հիմա պարզորոշ տեսնում եմ, թե ինչպես իմ անէացած մարմինը ձուլվում է քո Մանուշի` վերմակի տակից հետզհետե դուրս սլլացող մարմնին, իսկ դու արդեն անկարող ես տարբերել մեր հոգիները: Էդ գործն ինձ էլ է դժվար տրվել: Գոնե սա չժառանգեիր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение