Ազգ իմ, ի՞նչ էիր և ի՞նչ ես դարձել.
Շանթոտ օրերից մի կերպ պրծնելով`
Ցավերիդ բնից դու չես հեռացել
Եվ հալածվել ես` նոր ցավ ծնելով, -
Ինքդ դառնալով ակունքը դրանց.
Վերքերեդ թափված թարախը լեղի
Եվ տենդի ուրուն – մե’կ անոթ դրած –
Թաղեցի’ր անհուն լուրթում վերևի –
Երկնքի՛դ խորքում, որ կունծ-կունծ հիմի,
Ցեխակալվելով, թափվում է նորեն
Քո խանձված-այրված ու խլվա՛ծ մարմնին:
Եվ մի բուռ ժայռի կտորը համառ,
Որ մենք կոչում ենք Հայրենի Երկիր,
Դու բզկտվո՛ւմ ես – ծախելո'ւ համար…
Ազգ իմ խենթացած, ել, ուշքի եկիր…
Մեր շատ դարդերի հունցողն էլ մե’նք ենք,
Խմորն էլ – նախանձ և ատելություն,
Մինչ դեռ սերտում ենք Աստուծո օրենք`
Դիմակներն արած մեզ մռութ ու դունչ:
Մեր զավակների վարակում թույնով,
Որ մե՛զ իսկ արեց իրար թշնամի.
Եթե մի տան մեջ եղբարքն են խռով,
Ոսոխն այդ տունը ո՞նց ավար չանի:
…Գիշեր է, ուշ է, քունս չի տանում,
Մեր հողն հիշելով` մեր դարդն եմ լալիս,
Մի ցավ ճնշում է ու հոգիս հանում.
Փնտրում մթան մեջ ժանգոտ բանալիս,
Բացում եմ դուռը… Մի հեռու երկրում`
Անարև ու խորթ, ամաչում են ուր
Հայերն հայ լինել: Ու էլ չեն կրում
Հայի անունը, այլ` դիմակներն յուր.
Ի’նչ ասած, երբեմն ես էլ եմ նույնը,
Բայց սրտիս լա’ցը, խեղդելով կրկին,
Տանում է հեռուն` իմ հոգու բույնը,
Որ գուցե մի օր այս ցավից զրկի:
Ու ես չը ողբամ էլ բախտը հայի,
Որ հայհոյում է լոկ ոսոխներին,
Մինչ դեռ պետք է, որ ի'ր վրա նայի
Ու գին չդնի իր եղբայրներին:
Իմ Հայրենիքի մի վերջին ծվե'ն,
Ների'ր հանդուգըն քո որդուն հիմա.
Քո հին վերքերը թող էլ չցավեն,
Ու ճիչս եթե մի նոր ձայն դառնա,
Եվ էլ չխրենք իրար կող դաշույն…
Իրար նայելիս` մենք մեզ կտեսնենք,
Կհոսեն զուլալ օրեր, կարկաչուն,
Կծաղկազարդվեն լեռները քո սեգ…
2009 Մոսկվա