Խոժոռ ու խորշոմ հագած քո դեմքին,
Կապո՜ւյտ հայացքիդ անհուն խորքերում
Պարզ ու մանկական ժպիտն անմեկին
Դրոշմված է հար, ինչպես քո սրտում՝
Այն իմաստախոր, հին հեքիաթների
Պերճ աշխարհների լույսը անթերի։
Դու – երազների բյուրեղյա գավաթ –
Քո ծեր ձեռքերում՝ հին բույրն է կյանքի,
Դու իմ մանկության հեքիաթ հարազատ
Ու տեր՝ հասարակ ու թեթև մտքի,
Եվ հայրենիքիս արևը սրտում՝
Ինձ դեպի ոսկե հեռուն ես կանչում։
Հիմա դու, նստած հին նստարանին՝
Այն իմաստասեր ծերունու կողքին,
Կարոտ՝ նայում ես իմ ճանապարհին,
Խոժոռ ես, խորշոմ կա քո ծեր դեմքին...
Անտուն պանդուխտին, որ քեզ է կարոտ,
Երկինք է թվում իր ճամփեն քարոտ։
Եվ ուզում է նա շուտով քեզ հասնել,
Քանի դեռ տաք են ձեռքերը քո սուրբ,
Ուզում է սրտի թախիծը ցրել,
Քեզ գրկել հոգու երազով իր որբ,
Քեզ մայրիկ կոչել կյանքի մշուշում,
Ծեր սիրտդ գրկել՝ խոժոռ ու խորշոմ։
2004, Կալյազին