Ե՞ՐԲ ԵՆ ԼՌՈՒՄ...
Այն ո՞վ է ասել,
Թե լռությունը նշանակում է համաձայնություն,
Հաճախ լռում են
Երբ որդեգրում են խոր, աննախադեպ հուսահատություն,
Երբ ասվածները
Պատեպատ խփված ու այլանդակված վերադառնում են,
Նստում ասողի
Մտքից բորբոքված, վերքից այտուցված ցավող ուղեղում:
Երբ գլխիվայր է խոսքը հասկացվում,
Երբ ձեռքբերում է կորուստն անվանվում,
Երբ ջրի մեջ են ծարավից մեռնում,
Երբ հացն աղքատի խոզին է հասնում:
Լռում են նաև
Երբ հանդիպում են անիմաստ ու փուչ գոռգոռացողի,
Հնարավոր չէ
Սպանդանոցներում արցունքներ սրբել միջոցով խոսքի,
Լռում են այնժամ,
Երբ դիմացինը ոչ միայն բութ է,- չար է ու համառ,
Ու չի հասկանում,
Որ ասված խոսքը՝ առաջին հերթին ելք է իր համար:
Լռում են, երբ որ խոսելն իզուր է,
Լռում են, երբ որ սրտերը կույր են,
Լռում են հուժկու ապտակ ստանալիս
Բարեկամների հոծ բանակ-թիմից:
Այն ո՞վ է ասել,
Թե լռությունը նշանակում է համաձայնություն,
Լռությունը միշտ
Իր մեջ կրում է պայթյունավտանգ հեղափոխություն,
Զի կողպված խոսքը
Ազատատենչ է,- երկար չի մնում բանտված վիճակում,
Խոսքից առավել
Մարդն իրականում լոկ ազատությունն է աստվածացնում:
Ու լուռ են, երբ որ ասելիքն է շատ,
Լուռ են, երբ չկա ունկնդիր-անհատ,
Լուռ են, երբ զգում են. դեմը՝ թափուր է,
Ու լուռ են, երբ բառն... անթեղված հուր է...
Ռ.Խաստյան