Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին նաև դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։
Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի հիմքի վրա։ Աստիճանաբար աճեց բանակի թվաքանակը։ Նկատի առնելով Հայաստանի տարածքում ձևավորված ռազմաարդյունաբերական համալիրի գիտատեխնիկական բարձր մակարդակը՝ աշխատանքներ ծավալվեցին դրա պահպանման ու զարգացման ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը։ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում։ Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց։ Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի (1959-1999), Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի դերը։ Բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում։ Փաստորեն հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։
Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայ իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է:
Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծման` պաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերը:
Այսօր մենք տոնում ենք մեր Հայակական բանակի, այն է` ՀՀ Զինված ուժերի 22-րդ տարեդարձը: Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, ծառայածների, այլ ամբողջ հայ ու հայաստանյան հասարակության (նկատի ունեմ նաև ազգային փոքրամասնություններին) տոնն է, քանզի այն բացի պետական լինելուց նաև հասարակական ինստիտուտ է:
Իմ շատ սիրելի ծառայակիցներին ու այս պահին սահմանն ու հայրենիքի անվտանգությունը հսկող զինվորին ցանկանում եմ խաղաղություն:
Միտքս ավարտեմ մեծն Գարեգին Նժդեհի խոսքերով`
«Ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով կսրբեն իրենց երկիրը և ապա սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն իրենց անկախության: Այո´, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայերնիք»: