Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»: -Կենսագրություններ
Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել Ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում`
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ — Դու գիտե՞ս — ինձ ոչ-ոք չի ճանաչում`
Կարծես ուրի՛շն է երգում կապույտ կարոտը հոգուս:
Հավիտյան գոց ու անխոս` թափառել եմ ու լռել.
Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտի` արդյոք ի՞նչ է կյանքս, Ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ Դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Ես երգել եմ Քո հոգին, Քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — Ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան...
Մոտենում է, քո՜ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՛ն ինձ:
Գուցե՛ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, Ես,
Ու սուտ թվա իմ հոգուն Քո կարոտը սրբազան...
— Ի՛նչ էլ լինի, քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս
Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան...
1917թ.