Այո՜,այսօր Վարդավառի տոնն է: Պատկերացրեք, որ ամռան շոգին քայլում եք ժամանակակից մայրաքաղաքներից մեկի փողոցով: Վազելով Ձեզ են մոտենում մի խումբ երեխաներ, կամ երիտասարդներ ու դույլերով ջուր լցնում Ձեր վրա… Դուք ապշած եք, շփոթված ու չգիտեք ինչ անել: Դիմել ոստիկանություն, բողոքել, լաց լինել, ո՞րն է ելքը: Դժվար է պատասխանել այս հարցին, եթե Դուք Գերմանիայում եք, Ֆրանսիայում, Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում: Սակայն եթե Դուք Հայաստանում եք, պատասխանը շատ պարզ է. Ձեզ մնում է միայն ժպտալ ու մի լավ ծիծաղել: Ներքևում ներակյացնում եմ տոնի մասին տեղեկություններ:
Ինչպես և շատ նախաքրիստոնեական տոներ,
Վարդավառն էլ վերանվանվել է Պայծառակերպության և այլակերպության տոն քրիստոնեության ընդունումից հետո, սակայն պահպանվել է նաև Վարդավառ անվանումը: Տոնի օրը շարժական է, տոնվում է Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը: 2013թ. այն ընկնում է հուլիսի 7-ին: Ինչպես Խաղողօրհնեքի օրը ավանդաբար համարվում է խաղողի առաջին համտեսի օր, այնպես էլ Վարդավառի օրը խնձորի առաջին համտեսի օրն է:
Հին առասպելի համաձայն` ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին: Արդյունքում խավար է իջնում արիների հողի վրա, վերանում է սերը, գլուխ բարձրացնում ատելությունը, մարդիկ դառնում են կոպիտ, չար և անհանդուրժողական: Վիշապաքաղ Վահագնը կարողանում է թափանցել ստորերկրյա թագավորություն, հաղթել վիշապին և ազատել գեղեցկուհի Աստղիկին: Նրա ժպիտից նորից դուրս է գալիս արեգակը, ծաղկում են ծաղիկները: Ուր որ Աստղիկը ոտք էր դնում, այնտեղ վարդեր էին բացվում: Սիրո աստվածուհին վարդաջուր է ցողում Հայոց աշխարհի վրա, վարդավառ սարքում, և մարդկանց մոտ նորից վերադառնում է սերը:
Մեկ այլ առասպելի համաձայն` մի անգամ Աստղիկը լսում է, որ իր սիրեցյալ Վահագնը ծանր վիրավորվել է, և նա բոբիկ վազում է նրա մոտ: Ճանապարհին, վազելով վարդենիների միջով, վիրավորվում են չքնաղ Աստղիկի ոտքերը` նրա արյունով ներկելով վարդերը: Այդ օրվանից կարմիր վարդը Հայաստանում սիրո խորհրդանիշ է համարվում:
Վարդավառի մասին մի գեղեցիկ տաղ է գրել 10դ. անվանի բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին: Ահա այդ տաղից մի քառյակ.
Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին:
Վահան վարդապետ Տեր-Մինասյանն այսպես է ներկայացնում Վարդավառը. "Չկա աշխարհում մի տոն, որը Վարդավառից հնագույն լինի: 4-5 հազար տարվա տոն է սա` հաստատված Նոյ նահապետի կողմից: Բոլոր հայերը վաղուց ի վեր տոնում են Վարդավառը: Հայերն ամեն տեղ զարդարում են գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերից հյուսված ծաղկեպսակներ են դնում
գլխներին, դրանցով զարդարում նաև իրենց բագինները և տաճարները, այդ պատճառով այս տոնը կոչվում է Վարդավառ: Հայերն իրար վրա ջուր են ցողում, գետերում լողանում, աղավնիներ թռցնում` ի հիշատակ Նոյի և ջրհեղեղի: Մատաղ են անում հանուն Վարդավառի: Այն օրից` ջրհեղեղից հետո, երբ Աստված օրհնեց մարդկությունը և իր ծիրանի գոտին կապեց, այն օրից ի վեր, երբ Նոյը բազկատարած աղոթեց և Աստծուց օրհնություն խնդրեց համայն մարդկության համար, այն օրից ի վեր տոնվեց Վարդավառը: Օ՜, լուսաղբյուրներ և կաթնաղբյուրներ, ո՜վ ականակիտ վտակներ, ձեր ցոլացող վճիտ կաթիլները մի՞թե վկա չեն այն բանի, թե Վարդավառը որքան կաթոգին և հավատքով է միշտ տոնվել":
Իսկ ահա թե ինչ է գրում 19դ. պատմաբան Ղևոնդ Ալիշանը. "Նավասարդյան տոներ. աստվածային պահպանության տոներ, քաջ նախնիների հիշատակ, կտրիճների մրցումներ, հասարակության խաղեր և վայելքներ, որոնք կատարեցին ավելի քան 3000 տարի մեր աշխարհի երջանիկ նախնիները, թնդացին, դոփեցին Բագրևանդի տափարակներում և բլուրների վրա, մինչև որ ծածկվեցին դրանց տակ: Իսկ երբ Հայկի և Վահագնի օրերի խորհրդակատար քրմապետներին փոխարինելու եկան խաչապսակ քահանայապետները, մեհյանների վրա եկեղեցիներ կանգնեցրին, բայց դրանց չորս կողմը և դուրսը մնաց, բնությունն իր կերպարանքը չփոխեց, ազգն իր հանդեսները չփոխեց, այլ տոները սրբացրեց և դիցերի փոխարեն նվիրեց ճշմարիտ աստծուն և նրա նահատակներին":
Մեր հին հեղինակները Վարդավառը լուսավոր և պայծառ տոն են անվանել, գերապայծառ լույսի ճառագայթում` նորահրաշ արփիափայլ լույսով պսակված: Վարդավառը կապված էր Նավասարդյան տոների հետ, որոնց ընթացքում ծաղկեպսակներ էին նվիրում պաշտամունքային տեղերում կանգնեցված աստվածների արձաններին և բագիններին: Քրիստոնեության ընդունումից հետո այս ընծայումը կատարվում էր արդեն եկեղեցու խորանին:
Այս գեղեցիկ տոնը թող մեկ անգամ ևս հիշեցնի, որ հարկավոր է սիրել միմյանց, հարգել, ուշադիր ու սրտացավ վերաբերվել միմյանց, և միայն այդ դեպքում մեր ժողովուրդը կբարգավաճի և կկարողանա կառուցել բոլորիս համար սիրելի և հզոր երկիր: Եվ Վարդավառի օրը ոչ թե դույլերով ջուր լցնել պատահական անցորդների վրա` դրանով փչացնելով մարդկանց տրամադրությունը, այլ մի քանի կաթիլ վարդաջուր ցողել` առաջացնելով ժպիտ և համակրանք: