Լրագրողը Պարույր Սեվակից փորձում է ճշտել իր կեղծ ազգանվան գաղտնիքը:
-Իսկ ինչո՞ւ Սևակ: Չէ՞ որ Ռուբեն Սևակը նույնպես հայտնի անուն է:
-Իսահակյանից մի պատմություն էի լսել, երբ Սիամանթոյին, Վարուժանին, Սևակին, մեր մյուս մտավորականներին տանում էին դեպի իրենց կյանքի վախճանը, շեյխի աղջիկը հիվանդանում է: Սևակը, որ մասնագիտությամբ բժիշկ էր, բուժում է շեյխի աղջկան: Շեյխը կյանք է շնորհում Սևակին: Բայց վերջինս մերժում է: «Իմ կյանքը այնտեղ է,- ասում է բանաստեղծը,- ընկերներիս հետ»:
Եվ ես ցանկացա, որ սպանված բանաստեղծը իր ազգանունով ապրի այս նոր բանաստեղծի մեջ:
Եվ բանաստեղծ Պարույր Ղազարյանը ասպետությամբ կրեց իր ՍԵՎԱԿ ազգանունը:
«Ավանգարդ»
6.II.1974թ.
Հիշեցնեմ,որ այսօր Սևակը կդառնար 90 տարեկան: Նա ծնվել է 1924թ. հունվարի 26-ին (որոշ տվյալներով 24-ին)* Վեդու շրջանի Չանախչի գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն), գյուղացու ընտանիքում: Մահացել է 1971թ. հունիսի 17-ին, հայրենի գյուղից Երևան վերադառնալու ճանապարհին՝ իր վարած ավտոմեքենայի վթարից: Պարույր Սևակի հետ ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին:
Թաղված է հայրենի գյուղի սեփական այգում: