Իմ կարծիքով բոլոր օգտագործողներին է հուզում այս հարցը: Ներքևում փորձել եմ ընդգրկել հասանելի ամբողջ տեղեկությունները:
«Հարազատ թշնամի» սերիալում գլխավոր հերոսներից Տանոյին մարմնավորող Նարեկ Ներսիսյանի փոխարեն այժմ հանդես է գալիս դերասան Արսեն Լևոնյանը: Այս փոփոխության մասին խոսեցինք Նարեկի և Արսենի հետ` պարզելու իրողությունը:
Պարզվում է` Նարեկ Ներսիսյանը մոտ օրերս կմեկնի Գերմանիա: Նրա փոխանցմամբ՝ երկրից մեկնում է անձնական և գործնական նպատակներով: «Առաջարկ ունեմ, որն ընդհանրապես կապված չէ դերասանության հետ: Գերմանիայում սկզբնական շրջանում միանգամայն այլ աշխատանքով եմ զբաղվելու, իսկ հետագան այնտեղ պարզ կդառնա: Կարծում եմ` պետք է այդ որոշումը կայացնեի` մի կողմից ստիպված, մյուս կողմից` հաշվի առնելով հետագան»,-նշեց Նարեկը, ով չցանկացավ մանրամասնել, թե ինչ աշխատանքով է զբաղվելու: Գերմանիայում նա հյուրընկալվելու է բարեկամների մոտ:
Հայաստան վերադառնալու ժամկետների մասին դերասանը դժվարացավ խոսել. «Մի քանի ամիս հաստատ այնտեղ եմ լինելու: Ամեն բան էնտեղ կհստականա. գուցե ծրագրածից շուտ վերադառնամ Հայաստան»:
Նարեկի փոխանցմամբ՝ շատ կցանկանար Գերմանիայում ևս հանդես գալ որպես դերասան. «Երկու անգամ ներկա եմ եղել Բեռլինի կինոփառատոնին և շատ ուրախ կլինեմ, եթե հայտնվեմ գերմանական կամ եվրոպական ֆիլմերում, սակայն դրա համար շատ կապեր են պետք: Բնականաբար, միանգամից չեմ կարող գերմանական ֆիլմարտադրություն մտնել»:
Տանոյի նոր դերակատարի մասին խոսելիս Նարեկը նշեց, որ իր համար սպասելի էր Արսեն Լևոնյանի ընտրությունը: «Կարող եմ ասել, որ ինտուիտիվ զգացել եմ ու մտածել, որ գուցե Արսենն է լինելու իմ դերում»,-եզրափակեց Նարեկը, ով մեկնելու պատճառով այլևս չի խաղա նաև Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:
Այսուհետև սերիալում Տանոյին մարմնավորող Արսենի փոխանցմամբ` առաջարկը մոտ մեկ ամիս առաջ ստացել է «ՊանԱրմենիա» մեդիայի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանի կողմից: «Առաջարկը ստանալուց հետո գնացի զրուցելու: Նա ինձ ասաց, որ Նարեկը մեկնում է արտասահման, և ինքն ու Դիանան, ինձ են պատկերացնում այդ կերպարում,- պատմեց Արսենը և նշեց, որ միայն մի պայմանով է համաձայնել շարունակել Տանոյի կերպարը,- ես կերտելու եմ Տանոյին այնպես, ինչպես ինքս եմ ընկալում կերպարը»:
Ըստ Արսենի` փոփոխությունից հետո բավականին շատ արձագանքներ է ստացել. «Կարելի է ասել, հարցերով սպանում են ինձ: Ասում են, որ ուրախ են իմ դերակատարման համար ու հարցնում են, թե ինչպես ես հայտնվեցի այդ սերիալում»:
Արսենը, ով այլևս չի աշխատում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, կարևորում է այն հանգամանքը, որ շարունակում է անել իր աշխատանքը: «Թատրոնից դուրս գալու պատճառների մասին չեմ ուզում խոսել, դրանք անձնական են: Դերասանի համար սերիալում նկարահանվելը մեծ փորձ է: Կես տարի դադարից հետո դարձյալ էկրաններին եմ լինելու:
Ուրախ եմ, որ նորից այդ ռիթմով եմ աշխատելու: Ինձ լավ եմ զգում, քանի որ աշխատում եմ իմ մասնագիտությամբ,-ասաց Արսենը, ում խոսքերով` իր մարմնավորած Տանոն տարբերվելու է նախորդից: -Բոլորն էլ գիտեն, որ Տանոն չափված, զուսպ անձնավորություն է, սակայն այժմ փոխվել է. նա համոզված է, որ այս աշխարհում ապրողների հետ պետք է իրենց լեզվով խոսել. ավելի կոպտացել ու չարացել է Տանոն»: