Сообщение:#7 Harutin » 08 апр 2010, 22:26
ՎԵՑԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Եվ միջօրեի բարկ արևի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր,
Եվ քարավանը փոշու մեջ կորած` քայլում էր դանդաղ, հոգնած, քրտնաթոր:
- Թռիր, քարավան, խորշակ ու մրրիկ ճեղքելով մտիր ավազի ծոցը. –
Այսպես էր խոսում զայրացած սրտում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:
- Թող անապատի բոց հողմն իմ դեմ գա, ավազի վրայից հետքերս ջնջե,
Որ մարդը երբեք տեղս չգտնի, իմ շնչած օդը մարդը չըշնչե:
Տեսնում ես ահա շեկ առյուծներին` դեղին շեղջերից աչքիս են նայում,
Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղեն բաշերից հողմը կայծեր է պոկում:
Արիք, կանչում եմ, ես փախչողը չեմ. արիք, լափեցեք սիրտս վիրավոր,
Ես ետ չեմ դառնա մարդու մոտ երբեք, դուռը չեմ բախի մարդու նենգավոր:
Մարդիկ ի՞նչ են որ… դիմակված դևեր, ժանիքներ ունեն, անտես ճիրաններ,
Սմբակներ ունեն և որոճող են և նրանց լեզուն` թունավոր սուսեր:
Եվ ո՞վ են մարդիկ… աղվեսների հոտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ,
Անկումիդ ուրախ, արյուններ լակող, գազան մանկասպան, և դահիճ, դահիճ:
Աղքատության մեջ` քծնի, վաճառվող, թշվառության մեջ` վախկոտ, դավաճան,
Հարստության մեջ` լկտի, չարախինդ, և վրիժառու, և ամբարտավան:
Զոհվում է լավը վատերի համար, և վատն ու չարը լլկում են, տանջում
Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, և կյանքի արտում որոմն է աճում:
Նզովում եմ ձեզ, հեռավոր մարդիկ, ձեր չարն ու բարին, կրոնները ձեր,
Որոնք միմիայն շղթա են կռում և ստրկության կոփում զնդաններ:
Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին` ազնիվ բարեհույս,
Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս:
Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար,
Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար:
Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, աստվածացնող թաթը եղեռնի,
Ահա մարդը միշտ – պատկերն Աստծու, սակայն իրապես վիժվածք շեյթանի:
Համրելով մեկ – մեկ անթիվ քայլերը իմ քարավանի, իմ անծայր ճամփու,
Անթիվ քայլերը չեն հասնում չափին մի օրում գործած հանցանքին մարդու:
Ասում եմ ահա և արևելքին, հյուսիս, հարավին, և արևմուտքին,
Որոնց հողմերը իրար հետ ներհակ` լսում են մեկտեղ իմ արդար խոսքին:
Տարեք, տարփողեք խոսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն,
Թե ավելի վատ, ավելի զազիր` քան մարդը դաժան - այդ մարդն է նորեն:
Այնքան ժամանակ, որքան աստղերը անշեջ թարթում են լուռ անապատին,
Եվ գալարվում են շեղջերն ավազի, շնչում ու ճչում նման օձերին –
Փախիր, քարավան, այդ պոռնկության լպիրշ ու արբշիռ ցոփ խնջույքներից,
Կեղծի, կեղեքման հրապարակներից և վաճառանքի պիղծ շուկաներից:
Համայնքից փախիր, փախիր վրեժից, մարդկանց արյունոտ արդարությունից,
Փախիր կնոջից, սիրուց, ընկերից, շնչահեղձ փախիր մարդու ստվերից:
Գնա, քարավան, ներբաններիդ տակ տրորիր, կոխիր օրենք, իրավունք,
Եվ ուղիներիդ փոշիով ծածկիր թե չարն ու բարին, թե իշխանություն:
Եվ թող հոշոտեն ինձ վագր ու առյուծ, բոցոտ հողմերը շաչեն ինձ վրա, -
Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա ու գնա… -
Իրենց աղեղի պարանոցները` ուղտերը լարած նետերի նման,
Զիլ վազում էին, և իրենց հետքից թողնելով փոշու անծայր քարավան:
Զիլ վազում էին խանձված դաշտերով դեպի անհայտը, դեպի հեռաստան,
Սքողում էին հողի թուխպերով անծիր դաշտերը, ավան ու ոստան:
Կարծես` վախեցած փախչում էր արագ` առանց հանգրվան, Աբու Մահարին,
Կարծես` օրենքը, կինն ու համայնքը նրան կրընկոխ հետևում էին:
Եվ քարավանը զրընգ, սրընթաց, առանց նայելու անցնում էր անդարձ
Բուրգերի տակով մեծ քաղաքների` հացի ու կրքի ժխորով լցված:
Վազում էր հապճեպ` անգիտության մեջ դարեր քարացած գյուղերի մոտով,
Վազում էր, սուզվում հեռուների մեջ` ոսկեհոս աստղի անզուսպ կարոտով:
Քարավանն հեստոտ օրեր - գիշերներ լափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Եվ խռով հոգով Աբու Մահարին խորհում էր ցասկոտ` ճակատը խոլոր:
Խոլ քարավանը նրա խոհերի` բազեների պես ծածկված մրրկով,
Սլանում էին` խռիվ ու ցրիվ` մի լույս - հանգրվան գտնելու հևքով:
Եվ լալիս էր նա առանց արցունքի, և նրա վիշտը նման անհունի,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է` անծայր օձի պես, և վախճան չունի:
Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին և չէր ափսոսում թողած, անցածին.
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս եկող ու անցնող քարավաններին: