TEMPORARY FILES
Երեկ խմեցի փառավորապես,
Տերն այդպիսի բախտ թող ձեզ էլ կամի…
Ռոբերտ Բյորնս.
Նախորդ օրվա կերուխումից հետո` հաջորդ օրվա սկզբից ևեթ, մեզ դիմավորեցին Բարի Լույսով։ (Ովքե՞ր` չիմացանք, չէ˜): Բայց Լույսը թող Բարի լինի ամենքին և ամենեցուն. այստեղ, այլուր և ամենուր` Հայաստանում ու Պարսկաստանում, Ռուսաստանում ու Չինաստանում: Եվ էլի լիքըլիքը ուրիշուրիշ անկապ տեղերում. արևելքում, արևմուտքում, հյուսիսում ու հարավում:
Դե˜, անուշ լինի:
Ամե'ն…
Ապա սուրճ` կնոջ բուրմունքով, թույլից չափավոր թշշացող էլիտար հանքային ջրի փոքրիկ ումպերի հերթագայությամբ:
Ընտանեկան նորություններից հետո անմիջապես քվանտային թերապիա ընդունեցինք, հետևելով հոմեոպաթիայի բոլոր կանոններին` գրված ու չգրված: Այնուհետև օրակարգում հայտնվեցին բոլոր հին ծանոթները` կարմիր ալպինիստների ուղեկցությամբ: Ըստ այդմ էլ, կորսված մանկության հուշերը բաց պատուհանից այն կողմ կարոտ արթնացրին: Եվ այդ կարոտը գնչուհու գուշակությունների արդյունքում` հմայիլի օգնությամբ, վերածեցինք բիզնեսի առարկայի և կապիտալի խոշոր շահումներ ունեցանք: Ուստի˜, թափով կտրեցինքանցանք Ռուբիկոնն ու... կանգ առանք: Որովհետև հայելու մեջ հանկարծ նշմարվեց կանանց քաղաքը, որը շուտով դարձավ սև մարգարիտ: Իսկ մինչ այդ կանանց այս քաղաքում վայրի հրեշտակն իր վայրենի խրախճանքն էր տոնում: Իսկ այդ տոնը, որ միշտ մեզ հետ է, անցավ բուռն անշլագի պայմաններում:
Երկիր մոլորակի աստեղային ժամը թողնելով հեռվում, ինչոր տեղ` Բաբելոնից անդին, հիշեցինք գարնան ծննդյան օրը: Բազմոցի վրա առևտուր անելով, ըմբոշխնեցինք քնքուշ թույնն ու դառնություն չզգացինք: Ի հաջորդիվ` չղջիկի հետ ճամարտակելով հայի բախտի թեմաներով, որտեղիցորտեղ հայտնվեցինք անհայտ աշտարակի գագաթին: Մի անկոչ սուրհանդակի անսպասելի այցը ճակատագրական եղավ, և անկումն` անխուսափելի: Կորցնելով մեզ ու մեր դեմքդիմագիծը (նաև` դիմակները), կորցնելով մեր ժամանակն ու ձեռագիրը, անտեսելով օրենք ու կարգ, մոռացության գիրկն ընկած` գնացինք բաղնիք. ամայի մի վայրում, այրված ափին տարվեցինք տունտունիկ խաղալով և, վերջիվերջո, առանց լողանալու միմյանց մաղթեցինք` բաղնիքդ անուշ…
Սակա˜յն, այդ իսկ պահին կախարդական արկղիկից հետադարձ կապով մեր դեմ հառնեցին գիշերվա փախստականը և օդային որսորդը, ովքեր բարեմաղթանքների հեռախոսով ամենքին և ամենեցուն բարի գիշերն ավետեցին` ասպարեզը թողնելով սերունդին, բայց` ո՞ր, հի՞ն, թե՞ նոր. այդպես էլ առեղծվածային ու անհայտ մնաց: Լոկ ընտանեկան երեկոն սպեղանի եղավ օտար խաղերի դեմ, քանզի հիմարների երկրի հրաշքների դաշտում նշանավոր մարդկանց հրաշալի կյանքի որոշ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
Այդուհանդերձ անմոռանալի քույր Քերրիի կեսգիշերային զանգը բնավ անսպասելի չէր. դեռ ոչ ոք քնած չէր: Քանզի բոլորն սպասում էին կեսգիշերային ճեպընթացին, որն ուղիղ զրոզրո ժամ զրոզրո րոպեին` զիլ սուլելով ու մի լրիվ շրջան գծելուց հետո, լրջորեն խաթարեց մեր անդորրը և ի հետևանք` մեր մահացու թշնամիներին խմբովի` ՀայրենիքՍփյուռք եզերքից անգթորեն նետեց մեր դեմ: Իսկ երբ ժամանակն արդեն անցավ անդարձ, մեր սևեռուն հայացքները ակնդետ հառեցինք գիշերային աստղերին: Բայց դե, պոկված պայծառ աստղերից, գլոբալ նորությունների ակնկալիքով աննկատ թափանցեցինք Ուիմզիի տուն: Հենց այդ միջոցին շուրջօրյա հերթապահ բաժանմունքից մեզ այցելեցին շուրջօրյա մարտական հատուկ ստորաբաժանման քաջարի մարտիկները: Պրոֆիլակտիկայի նկատառումներով նրանք առաջարկեցին աննախադեպ ցածր գներով ձեռք բերել բացառիկ բարձր որակի պողպատյա մագնոլիաներ, անողոք փաստելով, որ աստղացույցը սոսկ ներկայացնում է առկա իրավիճակը և ընդամենը... հուշում, բայց ոչինչ չի պարտադրում: Եվ քանի որ մենք, այնուամենայնիվ, այդպես էլ չանսացինք աստղագուշակի բազումբազմաթիվ նախազգուշացումներին, չգիտես որտեղիցորտեղ հայտնվեց ոմն Մայք Համմեր` ոմն Կիթարոյի ուղեկցությամբ: Նրանք որոշակի նպատակադրումով, այլև անպատկառորեն մեզ ներքաշեցին խավարչտին պոլտերգեյսթի ճիրանները: Ու մենք խարխափեցինք անելանելի փակուղու մեջ: Եվ հիմա ոչ մի փոստ (անգամ` PTPփոստը) չի աշխատում, որպեսզի մենք մեր մասին որևէ լուր հղենք ձեզ: Հետևաբար և, անվերջ վերադարձի ակնհայտ անհնարին հավատով շարունակական սպասումի գրկում նստած` հիմա լոտո ենք խաղում. ի˜նչ լոտո` մի հրա՜շք լոտո, առո˜ղջ ու արդա˜ր լոտո, բարի˜ ու համո՜վ լոտո: Ու զառ ենք գլորում, ՙշարիկ՚ թռցնում: Եվ այդ ամենը... ընտանեկան սոուսով համեմված։ Այդժամ, բնականաբար, մեզ ամենևին չի կարող հետաքրքրել և ոչինչ` ո՜չ նախագահական ողջ թիկնազորը, ո՜չ արքայի զորքն ու դրան ի հավելումն` արքայական ողջ շքախումբը, ո՜չ օլիգարխների սափրագլուխների բանակները, և ոչ էլ` առավել ևս` հիրավի անսանձելի իստվուկյան վհուկների խմբակային հանկարծահաս հայտնությունը: Սրանք թերևս վանում են ամենքին և ամենեցուն` իրենց հույժ անվայելուչ վարքով ու խիստ անպարկեշտ պահվածքով, սակայն համընթաց փորձում են զոմբիների ուղեղների խմբակայինանհատական լվացման գլոբալիզացիոն եղանակով ինչոր փոխակերպուկների ստիպողաբար ուսուցանել թաքուն նայելու շահեկան օգուտները:
Միաժամանակ անտեսանելի դարանում թաքնված օդի արքան անիմանալի պատճառներով սիրելի ստախոսի արարքներն է մեկնաբանում` հին ոգով ու հնաոճ առոգանությամբ:
Բարի գիշերից դեռ շատ առաջ էլիտար նորակառույցում ծվարած` արդ մենք տենչում ենք սոսկ նոր Բարի Լույս, եղածչեղած, որպեսզի ձկնորսության մասին երկխոսություններ վարելով, անբացատրելի հաճույքով ընկղմվենք համաշխարհային օվկիանոսի խորխորատները, որտեղ (գուցե՞և) հանդիպենք Կուստոյին, որը (հույս ունենք, անշուշտ) մեզ դուրս կբերի կորուսյալի որոնումների անվերջ և անիմաստ փնտրտուքի այս ձանձրալի վիճակից: Եվ քանի դեռ բոլորը տանն են, լիաթոք կասենք. ՙԲարի առավոտ, երկի՜ր՚: Ու կլռենք մի պահ, մինչև որ PTPփոստը կբացի իր փոստարկղի դուռպատուհանիկներն ու մեզ մեկեն կառաջնորդի քաղաքիկ, ուր վաղորդյան վառ աստղի լուսապայծառ շողերն անլուրջ նոթեր կծնեն մեր հոգիներում, իսկ մանուշակագույն մշուշը ամբողջապես կկլանի մեզ` ամենեքեան: Թերևս այդժամ թելադրող կդառնա լոկ հեղհեղուկ իրավիճակը: Բայց հոգնածխոնջացած, ավելին` բոլորովին ուժասպառ եղած մարդկանց սույն ամորֆ հանրույթին տվյալ պարագայում պիտի որ միայն կենդանիների մասին երկխոսությունները զբաղեցնեն: Ու կզբաղեցնե՜ն: Ամենա˜յն հավանականությամբ: Ըստ այդմ` հիրավի անհարկի անուշադրության մատնելով ընտրապայքարի հույժ լրջագույն թեման, որն իր պիկ ժամին կհասնի լիակատար կոնսենսուսի: Անտարակո˜ւյս կհասնի...
Այնպես որ, այս ողջ համայնապատկերը կհանգեցնի նոր աշխարհակարգի, ինչն էլ իր հերթին մեզ կպարգևի նոր աշխարհայացք: Ավելի ճիշտ է գուցե հակառա՞կը. երևի թե` նախապես հենց ինչոր նոր աշխարհայացքի ձևավորումն է, թերևս, որ ստուգապես պիտի պայմանավորի որևէ` քիչ թե շատ ընդունելի և տանելի նոր աշխարհակարգի հաստատումն ու հետագա գոյությունը: Թեպետև, դա մեր ի՞նչ հոգսն է: Մեր անհետաձգելի գործերի բերումով, հավանաբար, միանգամայն տեղին ու գերադասելի կլիներ` թքել արևադարձուհու հոլանի կրծքերին, մի ծանր աքացի հասցնել հղփացած նարկոբարոնի մերկ հետույքին և սին ու ստոր քաղաքականությունը ժահրոտժանտադեմ քաղաքակրթության հետ մեկտեղ` բիրիկբլոկով, անդռնալիորեն ճամփելով հայր Աբրահամի տամուկ ծոցը, ըստ այդմ` գլուխներս շառից ու փորձանքից հեռու պահեինք:
Մեզնից թող պահանջվի միմիայն սիրել մերձավորին:
Մենք միշտ պատրաստ ենք նաև փառք տալ Տիրոջն ու նրա անքննելի գործերին:
Որպեսզի Եղիցի Լույս` Խորանում Լուսո:
Ամե'ն…