ՊԱՏՌՎԱԾ ԶՈւԳԱԳՈւԼՊԱ
Իմ ընտանիքը
Դպրոցական շարադրություն
Հայրս ինժիներ է: Մայրս` բժշկուհի: Եղբայրս զբաղվում է վեբ դիզաինով ու պաշտում է ինձ: Քույրս սովորում է բժշկական համալսարանում:Ամուսնացած է: Ամեն կիրակի այցելում է մեզ:
Ես երջանիկ եմ:
……………………………………………..
Դպրոցական շարադրություն հիշեցնող ոչինչ չկա իմ պատմության մեջ:
Հայրս ՙվերջացած՚ հարբեցող է: Վատն այն է, որ խմում է: Լավ է, որ խմում է ուրիշների հաշվին: Մայրս տնային տնտեսուհի է` հարբեցող հորս ու սեփական դժբախտության թակոցներից մի քիչ շշմած: Այնքան է հորս ժամանակի խանդի արդյունքում նստել տանը, որ նրա համար աշխարհը վերջանում է մեր բակի աջ անկյունի դիմացի խանութում: Ապրելը նրա համար անսովոր է:
Եղբայրս… ատում է հորս ու համարյա համոզել է իրեն որ ոչ մի կապ չունի հարբեցող հայրը իր ստեղծման հետ: Նա շատ գրքեր է կարդում: Օրվա մեծ մասը, երբեմն էլ մինչև լույս, անցկացնում է ինտերնետ ակումբներում: Երբեմն էլ բռունցքն այնպիսի թափով է իջեցնում հորս դեմքին, որ հիշում եմ ՙվերջին օրերի զավակներ՚ աստվածաշնչյան կանխատեսումը: Ես խղճում եմ նրան: Սիրուն տղա է: Կարդացած ու դժբախտ: Այնքան ինքնասիրահարված է,որ սեփական դժբախտության մասին ոչինչ չգիտի: Նրա կարծիքով` իր անհաջողությունների համար մեղավոր են ընտանիքը և գրականության ուսուցչուհին, որ պարտադրում էր շարադրություն գրել ընտանիքի մասին:
Հիմա ես սուրճ եմ պատրաստում ինձ համար, եղբայրս` իր: Մենք երբեք ընտանիքով միասին հացի չենք նստում, այլ` հերթականությամբ` առանձին-առանձին: Ես շատ եմ տխրում, որ իմ գրած շարադրությունը ընտանիքի մասին երբեք նման չի լինի ընկերներիս գրած շարադրություններին:
Ես երջանիկ եմ: Ասենք` ես շատ գեղեցիկ եմ, և դա համարյա նույնն է, ինչ երջանիկ լինելը: Բարձրահասակ եմ , ամուր կազմվածքով, երկար, ձիգ ոտքերով, հմայիչ ժպիտով: Գայթակղիչ ու շքեղ: Ընկերուհիներիս զարմացնում է իմ`մեքենա կանգնեցնելու ունակությունը (երբեք աննկատ չեմ մնում),ինձ`անծանոթ մեքենա նստելու նրանց համարձակությունը: Հորս զարմացրել էր, որ մայրս ծննդատնից աղջիկ էր տուն բերել` ինձ: Հայրս, երբ հատակին նստած խաղալիս էի եղել, քայլել, անցել էր իմ վրայով, որովհետև աղջիկ էի( ասում են կարգին տրորել է մռութս): Մայրս, այնքան էր սիրում եղբորս, որ հետևել էր հորս օրինակին և շրջանցում էր ինձ, երբ արդեն մեծ էի: Եղբայրս, երբ տրամադրություն չեր ունենում, ծեծում էր ինձ: Որովհետև միշտ մեղավորը ես էի:
Քույրս երջանիկ չէ, որ ամուսնացել ու հեռացել է տնից, որովհետև ես դեռ դժոխքում եմ:
Հիմա ես լոգարանում եմ: Լվանում եմ ճակատիս արյունը: Եղբայրս գլուխս թաղել էր ջարդված ապակու կտորների մեջ, որովհետև խանգարել էի նրան կտրել երակները:
Զգուշորեն հագնում եմ զգեստապահարանումս մնացած վերջին զուգագուլպան: Ամեն անգամ զուգագուլպաներս պատռում են նրանք, ովքեր սխալ են հասկանում անկաշկանդ, զվարթ պահվածքս ու պայծառությունս: Նրանք չգիտեն, որ դա գիշերները վերմակի տակ սեղմած ատամներով անձայն լացի է նման: Ցերեկը նյարդային ջղաձգումս վերածվում է անսանձ ծիծաղի: Հակառակի պես շատերը սիրահարվում են հենց ծիծաղիս, որ, երևի, ավելի է սիրունացնում առանց այն էլ տեղին գծած դիմագծերս: Արդյունքում պատռվում են զուգագուլպաներս: Ոչ ավելին: Ես ամուր բռունցքներ ունեմ: Հայելու մեջ նայեցի սևով ընդգծված ոտքերիս ու չարաճճի դժկամությամբ կիսով չափ ծածկեցի դրանք կարճ կիսաշրջազգեստով: Թեև ցուրտ էր (նոյեմբերի վերջն էր), բայց հագա գիպյուռե վերնաշապիկս, վրայից կաշվից աշնանային նեղ բաճկոնս: Ուզում էի շեֆիս աչքին սիրուն երևալ: ՙՇեֆը՚ Նորքի 6-րդ զանգվածի մի փոքրիկ խանութի տերն է, որին պետք է հանդիպեի աշխատանքի համար: Հույս ունեի, որ հենց առաջին օրը չէր պատռի ունեցած վերջին զուգագուլպաս:
Դուրս եկա տանից: Քթիս խփեց թարմ հացի հոտը, ու սիրտս անտանելի խառնեց: Մի քանի ամիս կլիներ, որ հաց չէինք գնել: Յոլա էինք գնում տան եղած, իսկ ավելի շատ`չեղածով: Հացի հոտը, այն էլ նոր թխած, անսովոր էր: Դրսի թարմ օդից ուշքի եկա ու նորից ժպտացի` փորձելով մեղմել ցրտաշունչ ձմռան գայթակղությունը: Նա գոնե ձեռքերը չի երկարացնում:
Խանութ ասածը կիսաավեր տնակ էր: Տերը ամուսնացած էր, ուներ երկու երեխա և ինչպես պարզվեց հետո, անմնացորդ սիրում էր ինձ: Մի օր պատռվեց հերթական զուգագուլպաս… Ինձ աշխատանքից չհեռացրին այն բանի համար, որ չէի ուզում քնել ամուսնացած տղամարդու հետ և չէի կորցրել հաջող ամուսնության հույսը: Կիսաավեր, ցուրտ այդ խանութում, որ շեֆս թյուրիմացաբար տնակ էր կոչում, ո՞ր հիմարը կաշխատեր այդքան չնչին գումարով: Ամսվա վերջին օրը աշխատավարձս վերցնելու էի ու հեռանալու խանութից: Որոշել էի… Մինչև որ, սկսվեց ՙՄերսեդես՚ մակնիշի մոխրագույն մեքենայի և սև աչքերի պատմությունը:
Այդ տղայի մասին այդքանը գիտեի: Ծխախոտ գնեց: Հետո ուղիղ նայեց աչքերիս մեջ.
-Ե՞րբ եք վերջացնում աշխատանքը: Ես ձեզ տուն կուղեկցեմ:
Լայն ժպիտով բացեցի սպիտակ ատամնաշարս ու գլուխս բացասաբար օրորեցի:
Նա ավելի երկար նայեց աչքերիս մեջ:
-Բայց ասում էիր` գժվու~մ ես ինձ համար, ասում էիր` սիրու~մ ես ինձ:
-Ո՞վ, ե՞ս, շփոթել եք, երևի,- շփոթվեցի ինքս էլ:
Շրջվեց ու դուրս եկավ խանութից:
Մանրը թողեց վաճառասեղանին, աչքերն` աչքերիս մեջ և անդին… Թվաց` սիրում եմ: Մինչդեռ որոշել էի, որ սեր չկա: Մաթեմատիկական պարզ հաշվարկ է` ես հարմար եմ քեզ, դու` ինձ: Երբեմն էլ հաշվարկը սխալ է դուրս գալիս: Անգամ մտովի կանգնեցրել լէի զուգագուլպաներս պատռողների հորջորջած ամենայն սիրո հուշարձանը: Բայց… ամսվա վերջին օրը աշխատավարձս ստացա ու չհեռացա խանութից: Սպասում էի: Սպասումս այնքան զորեղ էր, որ գիտեի` կգա:
Եկավ: Համարյա գարնան հետ:Ինձ պես սիրահարված էր գարունը երևի: Չէր համարձակվում վերջնականապես լքել ձմռանը:
Ծանոթ մեքենան կանգնեց խանութից ոչ հեռու:
-Ուղեկցե՞մ:
Չսպասեցի, որ երկրորդ անգամ հարցնի: Գլխով արեցի` զգալով այտերիս այրոցն ու գլխապտույտ, որ հաստատ չգիտեմ էլ` սովի՞ց էր, թե՞ սիրուց:
Փակեցի խանութի դուռը: Բանալին տվեցի տիրոջը: Էլ չեմ աշխատելու: Աշխատավարձ չես ստանա: Չասաց, ուղղակի մի վերջին հայացք գցեց սև, թափանցիկ զուգագուլպայիս: Ես ինձ գցեցի մեքենան:
-Անունդ ի՞նչ է:
-Կարինե:
-Քանի՞ տարեկան ես, Կարինե:
Ամենադժվար հարցն է, երբ տարիքդ անցնում է 25-ից:
-Չեմ ասի:
- 25 կա՞ս:
-Չեմ ասի,- կրկնեցի ես ու շունչ քաշեցի:
Ամենադժվարն անցավ:
Նա երկար նայեց աչքերիս մեջ:
-Կու՞յս ես, Կարինե:
Հաջորդ հարցն էր: Մի քիչ անսովոր էր, բայց…
Ես գլխով արեցի ու ժպտացի:
Այնքան երջանիկ էի, որ պատրաստ էի երջանկությունիցս բաժին հանել ամբողջ աշխարհին, միայն թե ոչ ոք իր տխրությամբ չխանգարեր իմ երջանկությանը: Երազու էի պատռված զուգագուլպայի մասին, սև աչքերի և մոխրագույն մեքենայի, որի տիրուհին էի այդ պահին: Մոտենում էինք քրոջս տանը: Ուզում էի պատմել նրան: Կարող էի և զուգարան մտնել, ինձ կարգի բերել:
-Կկանգնեցնե՞ք մեքենան, - հարցրի ժպտալով,- ես 15 րոպեից կգամ:
-Ասում էի չէ` զուր չեմ սպասում… Նա եկավ:
Քույրս զարմանքով նայեց դեմքիս ու սիրտ չարեց կոտրել ուրախությունս…
-Լավ գնա, հետո կպատմես, զգույշ մնա…
Շտապ, թեթև քայքով, սրտատրոփ, ուրախ տագնապով գնում էի դեպի սև աչքերը, դեպի մոխրագույն մեքենան: Քամին շոյում էր մազերս, շուրթերս, սիրտս…
Ես երջանիկ էի… Որքան ժամանակ եր պետք հասկանալու համար, որ մեքենան չկար: Ես մնացել էի կես ճանապարհին… երջանկության: Մութ քաղաքի ամայի փողոցում ես մենակ էի: Ամբողջ աշխարհում ես մենակ էի: Քայլում էի շտապ, թեթև քայլքով, սրտատրոփ, անհոգի անտարբերությամբ հպվելով քարերին, ծառերին, մութ փողոցը լուսավորող գիշերային լապտերներին, երկնքին: Ուզում էի ձուլվել քաղաքին, ուզում էի` չընդհատվեր քայլքս` թեթև, շտապ, սրտատրոփ…
-Ձեզ ուղեկցե՞մ:
Հերթական մեքենան էր:
-Ո’չ,-ճչացի արցունքների միջից:
-Վա՞տ եք:
-Ես կույս եմ, տխմա’ր…
Մեքենան սլացավ…
Հիշեցի ընկերուհուս: Չէր ամուսնանում: Ասում էր` ամուսնուս հարսանեկան առաջին գիշերը բժշկական տեղեկա՞նք եմ ցույց տալու( բժշկական միջամտության հետևանքով վնասվել էր նրա կուսաթաղանթը): Չգիտեմ էլ` զավե՞շտ էր, թե՞ ողբերգություն: Չգիտեմ էլ որն է ավելի վատ: Չգիտեմ էլ` տխրեմ նրա՞ համար, թե` իմ: Չգիտեմ ինչի համար տխրեմ: Արցունքներս սառչում էին դեմքիս: Չգիտեի էլ ինչի համար լաց լինեմ:
Ես դեռ քայլում եմ:
Չէ, ես չդարձա հոլիվուդյան կինոաստղ, այդպես ել ոչ մի ամերիկյան ռեժիսոր չնկատեց իմ շքեղ արտաքինը: Ու չընդհատվեց իմ քայլքը` թեթև, շտապ, սրտատրոփ: Ես չդարձա գեղեցկության թագուհի: Գեղեցկության մրցույթներին մասնակցելու համար ես շատ ավելի գեղեցիկ էի:
Քայլում եմ օտար, ամայի փողոցներում:Անկշռելիության զգացումը, որ ծնունդ է օտար ու անծանոթ միջավայրի, թեթևություն է տալիս ինձ: Մի օր ես փակեցի պատռված զուգագուլպաներով լցված զգեստապահարանս, վերցրի ճամպրուկս ու հեռացա քաղաքից: Թուրքիայում, ուր հայեր շատ կան, ես խնամում եմ մի ծեր տատիկի: Այստեղ էլ են երբեմն պատռվում զուգզգուլպաներս: Պատահական անցորդներին`ճանապարհս կտրող, միշտ նույն պատասխանն եմ տալիս` ես կույս եմ .........................................................................................................................................
Ինքնաթիռում եմ: Հայրենիք եմ գալիս: Հայրս մահացել է: Նայում եմ ամպերին, կողքիս նստած հմայիչ երիտասարդը` ինձ և ամպերին:
-Կասե՞ք ձեր անունը,- հարցնում է:
-Անու՞նս……………………..
Լայն ժպիտով (ընթերցողին ծանոթ) բացում եմ սպիտակ ատամնաշարս ու գլուխս բացասաբար օրորում:
Անունս թողել եմ պատռված զուգագաուլպաներով լցված զգեստապահարանում:
Ես երջանիկ եմ: