СТАНЬ VIP

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:52

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Armenuhi Sisyan.jpg
Armenuhi Sisyan.jpg (7.77 кб) Просмотров: 1871
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:53

Հարահոս


Ավարտեց վերջին էջը, փակեց գիրքն ու հաստատեց.ՙԱյլևս գրիչ չեմ վերցնի ձեռքս: Վե՜րջ: Ի՞նչ իմաստ ունի գրելը, թե իմացության նոր խորքեր չպիտի բացի, ճանաչողության նոր շերտեր չթափանցի, չպիտի տանի դեպի գոյի սահմանները, ինչպես նա’ է կարողացել անել դա... Թե չէ՝ կինը ցավ զգաց հոգու խորքում կամ ձյունը ծածկեց փողոցի մայթերը... Ի՛նչ հասարակաբանություն... Եվ առհասարակ, ինչու՞ են գրում գրողները, թե տիեզերքի խորքերը չեն բացահայտելու, թե վերին ոլորտները չեն հասնելու, գոնե մոտենալու... Ստացվում է ի՞նչ՝ արտանկա՞ր, գրել այն, ինչը որ արդեն կա՞, գոյություն ունի, կրկնել ու արտատպել եղածը, ապա բարձրագոչել, թե կյա՛նքն ենք պատկերում... Ինչպիսի՛ զուր տքնանք. այն առանց այդ էլ պատկերվում է ամեն րոպե, ամեն վայրկյան, մեր աչքերում ու մեր շուրջ: Թե կա մի բան, որ շարունակաբար գոյություն ունի տիեզերքի հարահոսում, հենց կյանքն է... Իսկ նրան հաջողվել է անել այդ: Նա ունակ է ընդգրկելու վիթխարածավալ տիրույթներ, բնակեցնել այդ ամենը սեփական հոգում, անցկացնել իր միջով ու հայացքը պահել տիեզերքի վրա: Դա հրաշալի է, կատարելություն է, բոլորովին այլ թռիչք է, այլ մակարդակ ու ոլորտ է ներառում... Նման ընդգրկումների ու չափումների առջև քեզ զգում ես մի հյուլե, մի կետիկ, գիտակցում մարդ լինելու փոքրությունը: Նրան տրված է ի վերուստ, նա մեկն է հազարներից և հենց այդ մեկն էլ ուրեմն թող լինի գրողը կամ բանաստեղծը... Ու՞մ է պետք գրելը, թե չպիտի շոշափի անիմանալին, անսահմանի հեռաստանները չպիտի մոտեցնի, չմեկնի գոյի իմաստը: Բայց ի՞նչ է առհասարակ գոյը, ո՞րն է նրա իմաստը՝ նյութեղեն, թե աննյութ՚...
Ուղեղն ասես բորբոքվում էր՝ մտքերը վերածելով տենդի ու ինքնայրման: Նա տանջվում էր ու սպառվում՝ մոլորվելով անընդգրկելիի սահմաններում: Մտքերը ձգտում էին անցնել կարելիության սահմանները՝ լափելով սեփական հոգու բնակության սահմանված եզրերը...
ՙԲայց ո՞վ է որոշել կարելիության սահմանները: Որտե՞ղ է սկիզբը, որտեղ՝ վերջը: Արարչությունը չի նախանշել սահմանումներ: Հավերժությունը իշխում է ամեն ինչի վրա, անգամ հարափոփոխության մեջ: Ողջ տիեզերքն է հավերժություն շնչում: Ծնունդն ու վախճանն էլ նույնանում են անսահմանի մեջ: Ամեն ինչ ծնունդ է մի մեծ ընդհանրության ու ավարտվում, նույնանում է այդ նույն ընդհանրության մեջ: Բայց որտե՞ղ են այդ ընդհանրության եզրերը: Որտե՞ղ են դրանք հատվում մարդկային մտքի սահմանների հետ... Ոչի’նչ է գրողը, թե չպիտի ունենա իր սեփական հայտնությունները անսահմանի տիրույթներում, թե չպիտի առնի երկրագունդն իր ողջ շնչով, թե իր ներհայեցող մտքի ուժգնությամբ չպիտի շոշափի արարչության հիմքերը ու մեկնի դրանք՚...
Ողջ գիշերն անցավ տարածության ու ժամանակի չափումների ճիգերով ու որոնումներով: Տանջված ու հոգնաբեկ՝ գլուխը հակել էր սեփական մտքերի վրա՝ մատնելով դրանք քաոսի ու նիրհի տիրույթներին՝ որպես ավար... Այլևս ուժասպառ էր եղել: Այլևս հալածվել էր տիեզերքի անվերջի մեջ սեփական մտքի ոգորումերից ու բախումներից: Միտքն արդեն մարմրում էր մթի ու այգի միջև: Շուտով լույսը բացվելու էր:
...Լուսաբացն ավետող առաջին շողերը սահեցին դեմքի վրայով: Ծանրությունից կաղապարված աչքերը բացվեցին, գլուխը բարձրացրեց: Քնե՞լ էր արդյոք, չգիտեր: Սենյակ թափանցող լույսը արթնություն էր խոստանում: Հանկարծ աչքն ընկավ պատուհանից դուրս: Ինչ-որ բան նկատեց, մոտեցավ պատուհանին ու... մաքրության մի դող ելևէջվեց ողջ մարմնով. մի ճերմակ աղավնի՝ ջրափոսի մեջ, թևը թաթախում էր ջրի մեջ ու դրանով ցողում մյուսը: Հետո նույնը կատարում մյուս թևով... Այնքան պարզորե՛ն, անշտա՛պ, բայց այնքան կենսական ու օրինաչափ... Ոչինչ չէր կարող բեկել նրա այնքան կարևոր գործողության կարևորությունը... Դա նույնն էր թե՝ խախտել տիեզերական կառույցի ամրությունը, սասանել փոքրիկ մի մասնիկ ու կխեղվեր ամբողջի հիմերը... Նախաստեղծ մաքրությունն էր այդ հրաշք տեսիլի մեջ... Նայում էր տեսարանին, ու սիրտը ծավալվում էր անափ պարզությամբ... Նրա հեռահար մտքերի ուժգին թափն ընկրկեց պատկերի հրաշքի առջև: Հուզվեց պարզության զորությունից ու փլվեց ինքն իր մեջ... Հետո ձեռքը գնաց դեպի գրիչը, ու բառերը սկսեցին սահել թղթի վրա՝ պարզության անշղարշ հոսքով...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:53

Լույսը բարի է


- Գոնե մի ծածկ տրամադրեիք, մի լքված անկյուն, գիշերը լուսացնեի, հետո հեռանայի այստեղից…
- Փասափուսադ հավաքի՜ր ու քանի ծեծելով չեն հանել, փախի՜ր այս վայրերից:
- Ծեծելո՞վ, բայց ինչու՞, ինչի՞ համար,- կուչ եկավ կինը:
- Ինքդ գիտես, կեղծավորի՜ մեկը, ուզում ես մարդկանց խելքը ուտել, հա՞, բոլորն էլ գիտեն քո Աստծո տեղը, դո՜ւ չպիտի ասես: Մեր գյուղի բնակիչներն օրինավոր մարդիկ են, կանայք՝ նամուս-աբուռով, տղամարդիկ՝ աշխատասեր, չփորձե՜ս այլասերել…
- Վռնդե՛ք էդ անբարոյականին…
- Գիտե՜նք, գիտե՜նք դրա պես հավատացյալներին…
- Կարգին կնիկն ի՞նչ գործ ունի մենակ, օտար տեղերում…
- Անառա՜կ, կորի՜ էստեղից…
Վրդովմունքը ծավալվեց, աճեց, ապա դարձավ աղմուկ ու վերածվեց խառնաշփոթի: Շատերը չգիտեին անգամ պատճառը: Կրակին տված հարդի նման հուզումն աճում էր, տարածվում ավելի ու ավելի ու շուտով բռնկվեց՝ ընդգրկելով ողջ տարածքը: Ամբոխը կատաղել էր: Իսկ կինը այլայլված էր: Ամենևին պատրաստ չէր նման ընթացքի: Նրա սրտում ապրող սերը թելադրում էր բացատրել իր առջև կանգնածերին, որ իրենք սխալվում են, որ ինքը բոլորովին այն չէ, ինչ կարծում են, սակայն բնազդը մղում էր ինքնապաշտպանության, որովհետև իր առջև ահագնացող կատաղության մի զանգված էր ծավալվում: Շրջվեց՝ հեռանալու: Կանանցից մեկը սառը ջրով լի դույլը շփեց վրան: Սարսռաց, ճչաց, բայց ոչինչ չասաց: Երեխաներից մեկը միացավ դույլով կնոջն օգնելու ու ձեռքի փայտը հրճվալի ոգևորությամբ իջեցրեց կնոջ մեջքին: Կինը ծառս եղավ, մի երկու քայլ գցեց առաջ ու սկսեց վազել: Սուրացող քարերը խփվում էին գլխին, ոտք ու ձեռքին, ընկնում իրենից առաջ՝ հռհռալով իր անզորության վրա: Վազում էր շնչակտուր ու հեծկլտում: Գլուխն ու մեջքը չէ, սիրտն էր ցավում: Սիրտն էր վիրավորանքից ու անարդարությունից հեղձվում, իր քայլքից առաջ ընկնում ու ճզմվում վազքի տակ:Գոռում-գոչյունները քարերից ավելի առաջ էին հասնում ու ծեփում ականջները կեղտի շաղախով: Փակեց ականջներն ու խելակորույս սկսեց փախչել: Ո՞ւր՝ չգիտեր, միայն հեռու՜ հեռու՜, հեռու՜…
… Երբ վայր ընկավ, գլխի մեջ ինչ-որ բան ուժգին դղրդաց: Հետապնդման վախը դեռ աղմկում էր ականջներում: Ականջները փակած ափերը զգուշորեն ցած սահեցին. լռություն էր: Մի՞թե իսկապես լռություն է… Շունչը պահեց, վախվորած նայեց շուրջը ու… լռության պարապի մեջ գլորվեց մի հեկեկանք: Հետո մյուսը, հաջորդը, ապա լռությունը լցվեց աղեկտուր հեկեկանքով՝ վայրի, ցնորող, ընդդեմ սեփական միայնության, վախի, անարդարության… Ոչ միայն չկամեցան լսել իրեն, այլև անարգեցին, ստորացրեցին ու վռնդեցին: Ցավը գալարվում էր ուղեղում ու փորձում դուրս ժայթքել: Օ՛, մեծ է Աստված, որ ունակ է հանդուրժել այսօրինակ անարդարությունը, իսկ ո՞վ է ինքը, որ կարողանա տանել այս ցավի մեծությունը: Հոգին կեղեքվում էր անարդարությունից: Կրծքից փերթ-փերթ դուրս էին պրծնում տարերային, չկապակցված ձայնարկումներ, հետո աստիճանաբար դարձան ավելի խուլ, մարմրող, ու շուտով քունը հաղթահարեց տանջահար միտքը:
Լուսաբացին արևի շողերը մտերմորեն հպվում էին նրա դեմքին: Չէր արթնանում: Կենսաբեր շողիկները չէին հրաժարվում նրան արթնացնելու մտադրությունից, համառորեն խտղտում էին աչքերին ու շոյում այտերը: Վերջապես արթնություն բերեցին:
… Դիմացը համատարած ճերմակ էր՝ խիտ, շռայլ: Մի՞թե ծառեր են: Նստեց, տրորեց աչքերը. ծառե՜ր են, այո՜, ծաղկած բալենիներ: Ծաղկունքի ճերմակը ծփում էր իր առջև, ու կյանքում առաջին անգամ նրա արթնությունն ու աչքաբացը դիմավորում էր ծաղկունքի լիությունն ու բույրը… Հրա՞շք է, ծաղիկների հանդե՞ս, բնության դաշի՞նք… Կարծես իր առջև երկնքից նվեր էր պարզված՝ անընդգրկելի, անակնկալ… Սիրտը տրոփում էր հուզմունքից, ու յուրաքանչյուր զարկի հետ զգում էր նոր բողբոջի ծաղկելու տրոփը… Ասես ինքն էր մասնակցում ծաղկունքին, ու ծաղկունքն արարվում էր հանուն իրեն… Զգում էր իրեն արարչության մասնակից, տարերքի ու ազատության մի մասնիկ, ու սիրտը լցվում էր ազատության բերկրանքով… Հոգին հրճվում էր սեփական գոյության շնորհով ու երջանկութjամբ… Արևի լույսի զգացողությունը հոսում էր իր մեջ, խլրտում երակներում ու վերածվում անհատնելի զվարթության… Լույսը բարի է ու բարին լույս է, և օրհնություն է բարի լույսի ավետումը… Ի՛նչ երջանկություն է Արևի լույսով ուրախանալը, ի՛նչ պարգև է ըմբոշխնել Ազատությունը, որ լցված է սիրով՝ հանդեպ ամենայն գոյություն ու զմայլվել կյանքի ծննդի գեղեցկությամբ… Նրա առջև բացվում էր մի նոր շնչառություն՝ լույսի, զարթոնքի առջև ու ծավալում սե՛ր, սե՛ր, սե՛ր… Բալենիների ճերմակը լցվում էր իր մեջ ու ողողում ճերմակ սիրով երկինք ու երկիր… Ծաղիկների հորձանքից սեր էր բխում, ու նա՝ կանգնած երկնի ու երկրի միջև որպես միջնորդ, ծփում էր մի անափ սիրով… Շարժվեց առաջ, ապա նայեց ետ, ուր թողել էր իր ցավը, վիրավորանքն ու ատելությունը և աշխարհի հետ հաշտված՝ ժպտաց… Ժպտաց չարությունից անմասն ժպիտով, քանզի շնորհակալ էր իրեն անարգողներից, այլապես կկարողանա՞ր արդյոք հաղորդակցվել արարչական մեծ խորհրդի հետ… Արդարև շնորհակալ էր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:55

ԾՈՎԱՅԻՆ ՔԱՄԻ


Ի՞նչ, ծովային քամի՞, այս բանուկ փողոցում խաչմերուկն անցնելի՞ս... Հնարավո՞ր բան է։ Ես զգում եմ նրա կանչը, զգում եմ նրա բույրը։ Ավելին, ես լսում եմ այն շշունջները, որ միայն ծովային քա­մին է հավաքում ալիքների շուրթերից ու իր մեջ ամբարում։ Աստված իմ, որքան հարազատ է ինձ այս ամենը, թեև երբևէ ապրած չկամ ծովափին կամ նրան մոտիկ։ Այս բույրը փորձում է իմ մեջ բանալ ինչ-որ կորսված հիշողություններ, որոնց հետ ես ոչ մի կապ չունեմ։ Զարմա­նալիորեն դրանք ծլում, հառնում են ինձնից ու բացում իմ սեփական կեղևը ուր ես տեսնում եմ ինքս ինձ։ Հնարավո՞ր բան է... Որտեղ եմ այս ամենը տեսել, զգացել ու ապրել։ Գուցե շրջվեմ, այլևս կորչի՞ այս քամին ու նրանից ծնվող զգացողությունը։ Կտրուկ շրջվում եմ՝ չտրվելու համար ինձ կլանող հալյուցինացիային։ Սակայն թիկունքիս զգում եմ քամու վետվետալը վարսերիս արանքում ու նրա՝ մազերս մտերմիկ խառնշտորելը... Հիշողությունից քամված մի կաթիլ լուծվեց ուղեղիս խորքի մոռացված ծալքերից մեկում, ու մի մտապատկեր երիզվեց աչ­քերիս առջև, դու նույնպիսի քնքշանքով, ինչպես այս քամին, խառնշտո­րեցիր մազերս ու ասացիր. «Աստվածային գեղեցիկ ես»...

Ասացիր, այո, բայց ո՞վ ես դու, որտեղի՞ց եմ հիշում քեզ։ Կամ այդ որտե՞ղ էի ես և առհասարակ, ի՞նչ առնչություն ունեմ քեզ հետ... Ուղեղս ասես բաժանվում է երկու մասի՝ ինձ էլ իր հետ կիսելով։ Հիմա ես մի այլ բույր եմ զգում, դա շատ ծանոթ, ինձ հաճելի բույր է, ու ես սերն եմ ճանաչում այդ բույրի մեջ։ Այո, այո, դա քո բույրն է, ու ես սիրում եմ քեզ։ Ւ՛նչ Աստվածային պարգև։ Սերը ափեափ լցրել է ինձ իրենով, ու ես ամբողջովին սիրով եմ ներծծված։

Հիմա ես պարզորոշ զգում եմ, որ ընդարմանում եմ այս քամու տիրապետությունից ինձ վրա ու կամովին գնում եմ նրան ընդառաջ։ Ես արդեն ուզում եմ հիշել ավելին, բաց չթողնել ոչ մի աննշան դրվագ, որովհետև չկա ավելի հրաշալի վիճակ, քան սիրահարված լինելը (գուցե ես այդպես եմ մտածում, ոոովհետե մենակ եմ), ու անդիմադրելի է ցանկությունս վերապրել յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր պահ։ Ու քանի որ ես այդ շատ եմ ցանկանում, հիշողություններն անարգել հոսում են իմ մեջ, ու այժմ ինձ համար միևնույն է՝ անցյալ է դա, ներկա, թե՝ ապագա։ Կարևորը մեկն է՝ զգում եմ, որ ոչ միայն սիրում եմ, այլև սիրված եմ, ահա թե ինչու եմ երջանիկ...

Ավազներին ձուլված՝ մենք համբուրվում ենք։ Համբուրվում ենք երկար, և ոչ մի համբույր չի կրկնում նախորդին։ Մենք ասես արարում ենք աշխարհը, հետո քանդում, ստեղծում ենք ավելի գեղեցիկը ու կատարելագործում այն։ Մեր համբույր­ները երկար են, իմաստալից։ Մենք ասես քնքշություն ենք արարում ու երկինք։ Մեր ենք պեղում Երկրի ընդերքից ու լցնում երկրոլորտը մեր սիրո շնչով։ Մենք սեր ենք քամում մեկս մյուսից ու դարձյալ փոխանցում իրար՝ նորացված ու հուժկու ավիշով, որպես կյանքի հավերժական շարժման շրջապտույտ։ Ավազները շնչում են սիրո հևքով ու մեր տաք, իրական սիրուց փափկել ու նվաղել է ավազը մեր ոտքերի տակ։ Դու ասում ես ինձ քնքուշ խոսքեր, իրականում դրանք ավելի քնքուշ են, քան խոսքը կարող է լինել։ Քո առնական բազուկները քնքշանք են արարում, ու ես լուծվում, դառնում եմ անծավալ մի հեղուկ քո տված քնքշանքից... Սիրո ներկայությունը հասցնում է մեզ երկնային դարպասներին՝ տեղափոխելով այնտեղ մեր երկրային սերը, իսկ մեր երկնային ներշնչանքը տեղափոխում ներքև՝ միախառնելով մեր աշ­խարհիկ սիրուն։ Մենք պարզապես երկնայինի ու երկրայինի համաձույլն ենք՝ սի­րով հաստատված։ Սիրո գոյության ապացույցն ենք, նրա լինելության պատճառն ու կրողները։

Եր՞բ է եղել այս ամենը՝ 50, 100, 200 կամ 300 տարի առաջ... Զգիտեմ, բայց գի­տեմ հաստատ, որ քամին այս ամենը հասցրեց ինձ, ու ես երջանիկ եմ, որ կրողն եմ այդ ամենի՝ հստակ տեսնելով ամեն ինչ՝ որպես ինձ հետ եղածի վերապրում։

Բայց աստիճանաբար անէանում է իմ սիրած բույրը։ Ես սկսում եմ զգալ մի այլ ծանոթ բույր, ավելի ճիշտ՝ համ։ Այո, ճիշտ է, դա ալիքների համն է, հետո արդեն՝ ջրիմուռների։ Այդ գարշելի համը պատում է ողջ իմ քիմքը, հետո տարածվում ուղեղովս մեկ։ Օ՛, ինչ ցավալի է, ես խեղդվում եմ։ Թեպետ այն ժամանակ ես այդքան չտանջվեցի, սակայն տանջալին ինձ համար հիմա է՝ հիշելով, տեսնելով կատար­վածը։ Ինչպե՛ս կարելի էր կորցնել այդ ամենը։ Ես չգիտեմ՝ երբ կամ ինչպես է կա­տարվել դա ինձ հետ, բայց դա կատարվել է, ու սա եղելություն է։

Այնքան որոշակի հիշեցի ամեն բան, որ հիմա կասկածի եմ առնում այս պա­հի եղածը, գուցե իրական չէ, որ ես հիմա կամ, գտնվում եմ փողոցում ու պատ­րաստվում եմ անցնել խաչմերուկը։ Ի վերջո՝ որն եմ ես. այն, ինչ կատարվել է ինձ հետ երե՞կ, թե՞ հենց այս պահը, ուր ես՝ ընդամենը մի հետիոտն, հենց նոր բաց թո­ղեցի կանաչ լույսը ու նորից պիտի սպասեմ մինչև լուսակիրը նորից թարթի ջրիմուռ հիշեցնող այդ գույնը։ Ինչպե՞ս գլխի չընկա հենց սկզբից, այս ներկան նույնպես ինձ է պատկանում, իսկ իմ վերհիշածը, փաս­տորեն, ես արդեն ապրել եմ մեկ անգամ, ստացվամ է՝ դա իմ նախորդ կյանքն է եղել...

Ժամանակագրությունը հետզհետե ենթարկվում է երկ­փեղկված բանականությանս, ու ամեն բան իր տեղն է ընկնում։ Այս քամին հիմա ինձ դավաճան է թվում։ Թեև նա փորձում է հա­ճոյանալ ինձ, սակայն ես այլևս անհաղորդ եմ նրա հպումներին։ Ի՞նչ կարիք կար մեկ րոպեի ընթացքում նախորդ կյանքս բացապարզել իմ առջև, հետո թողնել ինձ որպես մի խղճուկ հետի­ոտն, որն սպասում է իր քայլն առաջ գցել թույլատրող ինչ-որ անշունչ ու անկյանք կանաչ ազդակի։ Սկսում եմ ատել այն, որովհետև նրա մեջ տեսնում եմ ոտքերս կապող ջրիմուռների կանաչ գույնը։ Ատում եմ նաև այս խաչմերուկը, որովհետև կու­զեի այս կյանքում անցնել իմ խաչմերուկը սիրո հետ միասին, այն, որ լիիրավ ինձ էր պատկանում, առանց որի չեմ ուզի անց­նել և ոչ մի ճանապարհ ու խաչմերուկ...

Տխրությունը խեղդում է ինձ։ Խեղդում է ոչ պակաս, քան երբ ծովի ահռելի գիրկը խեղդեց իմ երջանիկ գոյությունը։ Տխուր եմ ոչ այն բանի համար, որ իմ շունչը կորսվեց ալիքների մեջ, ոչ, այլ, որովհետև ես թողել եմ այնտեղ՝ ավազների վրա` այն աշխարհաստեղծ սերը, առանց որի ինձ կատարյալ թշվառ եմ զգում ու դատարկ... Ես ունեմ ամեն ինչ՝ աշխատանք, ընտա­նիք, դիրք հասարակության մեջ, մի խոսքով՝ այն ամենը, ինչ պահանջվում է այս կյանքում քիչ թե շատ երջանիկ լինելու հա­մար։ Բայց ես կարոտում եմ, կարոտում եմ սերը։ Ու թե այս կյանքում չխեղդեն ինձ ծովի ալիքները, ապա կխեղդի ինձ կա­րոտը։ Ահա թե որտեղից է գալիս այն մշտարթուն տխրությանը, որը բնակվում է իմ սրտում։ Թե չլիներ այս քամին, ես երևի չէի պարզի սա ինձ համար։

Չգիտեմ՝ ուրախ եմ, որ Աստծո կամոք ինձ կրկին կյանք է շնորհվել այս Երկրի վրա, ուր ես, հավանաբար, ունեմ իմ անե­լիքները։ Սակայն այս կարոտախտը, որ ժառանգել եմ իմ նա­խորդ կյանքից, չեմ կարող կորցնել ուղեղիս ոչ մի մոռացված խորշակում։ Սիրո կարոտը կենսաբանորեն իմ մեջ է, ու ես կփնտրեմ քեզ, սե´ր, թեպետ չգիտեմ՝ ով ես դու, որտե՞ղ ես կամ ինչպե՞ս գտնեմ ես քեզ։ Պիտի գտնեմ քեզ՝ վերագտնելու համար այն, ինչ ինձ է պատկանում ու ժառանգելու համար իմ օրինական ունեցածը։

Գալիս եմ քեզ ընդառաջ։ Սպասիր ինձ, սեր, որովհետև մի օր ես գտնելու եմ քեզ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:57

ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ


- Հոգնել եմ պտտվելուց, շատ եմ հոգնել, գուցե բավական է, արդեն կանգ աոնեմ,- մտածեց երկրագունդը։

Լույսը շոյեց նրան իր թևերով ապա մատնացույց արեց շատ հեռվում աճող մի ծաղկի.

- Նայի՛ր,- ասաց,– տես, ինչ գեղեցիկ է...

- Ճիշտ ես,- հիացավ երկրագունդը։

- Նա նման չէ մյուսներին...

- Բայց նա ապրում է ճահճի վրա,- ապշեց երկրագունդը։

- Ամենագեղեցիկ ծաղիկներն ապրում են ճահճում,- բացահայտեց լույսը,- սակայն դա դեռ բոլորը չէ. նա ցանկանում է իրենով գեղեցկացնել շուրջը... Նա ձգտում է մաքրություն տարածել ու հենց դրանով գեղեցկացնել աշխարհը...

Երկրագունդը ծանր-ծանր մի պտույտ գործեց ու ասաց.

- Իսկ դու գիտե՞ս, որ ապականությունն է դժվարացնում իմ պտույտները, ու ես դրանից եմ հոգնում։

- Անշուշտ, գիտեմ։

- Ուրեմն՝ նա ուզում է օգնել ինձ...

- Այո՛, հենց դրանով էլ տարբերվում է մյուս գեղեցիկներից, իսկ եթե դու հոգնես, նա այլևս ոչինչ չի կարող անել, ճահիճը կկլանի նրան, և ինքդ էլ ապականությունից չես կարող պտտվել այլևս։

- Ինչ գեղեցիկ է նա, - ոգևորվեց երկրագունդը։

- Նայի´ր ծաղկին և ուժեղացի´ր նրանով։ Պտտվի´ր նրա համար, ով հավատում է քեզ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:58

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ


Առավոտյան արթնացա, որովհետև զգացի, թե ինչպես Է հեռանում ինձնից աշխարհընկալումս, ամեն ինչ հանկարծ պայծառ երևաց։ Հետո շուրջս զգացի արարչության ուժն ու ողջ հմայքը։ Ապա, ձեռքս ակամա տարա դեպի իմ աշնանային ներկապնակը, որը միշտ գտնվում Էր կողքիս և որի թախծագույն երանգները երբևէ չէին պակասում տարվա ոչ մի եղանակի։ Վերցրի այն անտարբեր ու պատա­հանից դուրս նետեցի՝ ամենևին չանհանգստանալով, որ կարող էր մեկնումեկի գլխին ընկնել։ Հետո մոտեցա պատուհանին ու տեսա, որ հեռվում ինչ-որ մեկը երկու ձեռքով ճեղքում էր ամպերը՝ որպեսզի արևն ավելի լավ երևար այդ ճեղքից։ Դա ինձ անչափ դուր եկավ ու որոշեցի հաջորդ անգամ ինքս էլ անպայման նույնն անել։

Երբ նորից շրջվեցի դեմքով դեպի իմ սենյակը, հասկացա ամեն ինչ. փոխվել էր իմ գունաշխարհը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 31 мар 2011, 21:40

ՍԵՐԻԱԼԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ


Դժ­վա­րը շա­բաթ­վա եր­կու օրերն են՝ շա­բաթ, կի­րա­կի՝ դա­տարկ, անի­մաստ օրեր՝ առանց սե­րի­ալ­նե­րի: Կա­րե­լի է մտա­ծել՝ սե­րի­ալ­նե­րը կա­րիք ու­նեն շա­բաթ-­կի­րա­կի օրե­րին հանգս­տա­նա­լու, որով­հետև սե­րի­ալ նա­յո­ղը հաս­տատ դրա կա­րի­քը չու­նի, ընդ­հա­կա­ռա­կը, ան­սե­րի­ալ օրը դառ­նում է մի տե­սակ թե­րի, դա­տարկ ճեղք­ված­քով: Ֆիլ­մի ժա­մե­րին, վար­ժեց­վա­ծի բնազ­դով, Սի­րուշ­ը մե­քե­նա­յո­րեն մո­տե­նում է էկ­րա­նին, բայց հիշ­ե­լով, որ շա­բաթ-­կի­րա­կի է, հի­աս­թափ­ված փո­խե­փոխ է անում ալիք­նե­րը կամ դա­տար­կու­թյան զգա­ցու­մով հե­ռա­նում որևէ այլ գոր­ծի՝ փոր­ձե­լով կար­ճել բա­ժան­ման եր­կու օրը: Հա­կա­ռա­կի պես ֆիլ­մը միշտ վեր­ջա­նում է խիստ կարևոր տե­ղում: Թե դա՞ ով է հնա­րել: Չի՞ կա­րե­լի հաս­կա­նալ, որ մար­դիկ ան­հան­գիստ են մնում, կա­րող է գիշ­ե­րը քու­նը կորց­նեն, նրանց մեջ ճնշ­ման հի­վան­դու­թյուն ու­նե­ցող­ներ կան, իսկ առջևում դեռ եր­կու օր կա: Խել­քը գլ­խին մե­կը չկա՞՝ զգուշ­աց­նի, որ այդ­պես չի կա­րե­լի: Չեն խնա­յում մարդ­կանց, չէ՛: Առաջ­նե­րում այդ­պես չէ­ին անի: Ժո­ղովր­դի մա­սին մտա­հոգ­վել կար, բան կար, հի­մա ո՞ւմ շատ պետքն է, թե մարդն ապ­րում­նե­րի մեջ է, ան­հան­գիստ է մնա­ցել: Մարդ­կանց սր­տե­րը քա­րա­ցել են, ան­տար­բեր են դար­ձել: Հենց մե­կը՝ իր սե­փա­կան տղան: Իր սր­տից ար­յուն էր կա­թում, ան­հան­գիստ մեռ­նում էր. էն երե­խա­յին գո­ղա­ցել-­տա­րել էին, իսկ տղան վերց­րեց ու հե­ռուս­տա­ցույ­ցի ալի­քը փո­խեց. ֆուտ­բոլ կար: Հենց այդ­պես, սառ­նասր­տո­րեն, առանց ան­հանգս­տա­նա­լու: Հա՛, հաս­կա­նա­լի է, ըն­դա­մե­նը կի­նո է, բայց կի­նոն էլ է չէ՞ կյան­քից, հո օդի՞ց չի, ամեն ինչ կյան­քից է վերց­ված: Ին­քը՝ Սի­րուշ­ը, հո տե­սել է, թե ին­չեր կան կյան­քում, այն­քա՜ն բա­ներ է տե­սել, կի­նոն ի՞նչ է, որ: Այն ժա­մա­նակ որ այս խել­քին լի­ներ, ին­չե՜ր կա­ներ: Կյան­քը լրիվ ու­րիշ ձևով կըն­թա­նար: Շատ սխալ­ներ է թույլ տվել, շա՛տ: Կա­րե­լի է ասել՝ ծայ­րից ծայր սխալ է ապ­րել: Էն «Կո­րուս­յալ երազ­նե­րի» մի­ջի Լու­սի­ա­յի չափ էլ չկա, որ ամուս­նուն սի­րու­հու հետ բռ­նաց­նե­լուց հե­տո հրա­պա­րա­կով, բո­լո­րի մոտ ապ­տա­կեց, հե­տո էլ տնից վռն­դեց: Լա՛վ արեց, դրան տեղն էր, էշ­ին մեյ­դա­նում կծե­ծեն: Բա չէ՛, իր նման: Տա­րի­ներ առաջ էր. մի օր գոր­ծից շուտ տուն էր եկել, բա­նա­լի­ով դու­ռը բա­ցեց, մտավ, տե­սավ՝ ամու­սի­նը մե­նակ չէ ան­կող­նում, սու­սու­փուս դու­ռը ծած­կեց, դուրս եկավ: Էշ­ի՛ մե­կը: Առաջ­նե­րում այդ­պես չէ­ին անի: Ժո­ղովր­դի մա­սին մտա­հոգ­վել կար, բան կար, Հի­մա չգի­տի էլ՝ վա­խե­ցա՞վ, ամա­չե՞ց, թե՞ նա­մու­սը թույլ չտ­վեց՝ հարևան­նե­րը չլ­սեն, չի­մա­նան… Եր­կու­սին էլ պի­տի տկ­լոր դուրս շպր­տած լի­ներ տնից: Բա «Կյան­քի բույ­րի» մի­ջի կա­նայք այդ­պես կվար­վե­ի՞ն՝ չէ մի չէ՛: Ինքն է հի­մար եղել, ի՛ն­քը: Եր­կու տեղ աշ­խա­տում էր, հե­տո շու­կա գնում, ծանր-­ծանր բե­րում տուն, ճաշ, լվացք, երե­խա­նե­րի հոգս: Ին­չի՞ հա­մար, հա­նուն ին­չի՞: Երե­խա­նե­րը հի­մա մե­ծա­ցել են, ամուս­նա­ցել, իրենց ըն­տա­նիք­ներն ու­նեն, ո՞վ պի­տի ասի՝ շնոր­հա­կա­լու­թյու՛ն, ապ­րե՛ս, որ մեզ հա­մար այդ­քան արել ես: Ոչ ո՛ք: Մա­րի­ա Լու­սի­ան շատ էլ ճիշտ արեց, որ ամուս­նուց վրեժ լու­ծեց՝ դա­վա­ճա­նեց նրան: Էդ ին­չի նրան կա­րե­լի էր, իրեն՝ ո՞չ, ին­քը կին է՞: Էդ որ­տե՞ղ է գր­ված, որ դա­վա­ճա­նու­թյու­նը տղա­մար­դու հա­մար է, էշ­ու­թյու­նը՝ կնոջ: Հենց լավ էլ հա­խից եկավ, մրմ­ռաց­րեց էդ անա­սու­նին: Բա չէ, իր պես:

- Տա՛տ, կի­նոդ սկս­վեց,- հյու­րա­սեն­յա­կից ձայն տվեց թո­ռը:

- Հա՞, գա­լիս եմ,- օճա­ռոտ ամա­նը իս­կույն շպր­տեց լվա­ցա­րա­նի մեջ, փրփ­րոտ ձեռ­քերն առանց լվա­նա­լու չո­րաց­րեց ձեռ­քի տակ ըն­կած պա­տա­հա­կան շո­րով ու իրեն գցեց հե­ռուս­տա­ցույ­ցի մոտ:

- Ո՞ւր ես շուտ կան­չում,-մ­տա­հոգ ձայ­նով հան­դի­մա­նեց հար­սը: -Դեռ մի երեք րո­պե ռեկ­լամ կա, մի այդ­քան էլ եր­գը պի­տի գնա, տո­ղե­րը գր­վի: Տատդ ծանր գրա­ֆի­կով չոր­սից հինգ ֆիլմ է նա­յում օր­վա մեջ, մեղք չի՞, թող գո­նե մի հինգ րո­պե էլ հանգս­տա­նար:

Ի պա­տաս­խան՝ աղջ­նա­կը փռթ­կաց­րեց: Ֆիլ­մե­րի միջև ըն­կած կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կամ ավե­լի ճիշտ՝ ռեկ­լամ­նե­րի ըն­թաց­քում, Սի­րուշ­ը հասց­նում էր գցել իրեն բաղ­նիք, զու­գա­րան, խո­հա­նոց, ինչ­-որ բան անում, պար­տա­դիր կի­սատ թող­նում ու էլի իրեն նե­տում բազ­կա­թո­ռի գիր­կը, որն իրեն ան­դա­վա­ճան սպա­սում էր: Եր­բեմն հա­ցի մեծ կտո­րը մի ձեռքն առած, մյու­սին՝ ու­րիշ ինչ­-որ մի բան, աչ­քը էկ­րա­նից չկտ­րե­լով, ախոր­ժա­կով ու­տում էր: Թե չկշ­տա­նար, ոչ մի դեպ­քում տե­ղից չէր շարժ­վի մինչև հա­ջորդ ռեկ­լա­մը, որի ըն­թաց­քում մի­այն կգ­նար խո­հա­նոց՝ պա­տա­ռի շա­րու­նա­կու­թյու­նը բե­րե­լու: Ֆիլ­մի ըն­թաց­քը սուրբ գործ է, ընդ­հա­տել չի կա­րե­լի: Բայց եթե ամու­սի­նը սո­վա­ծա­նա՜ր այդ ըն­թաց­քում… Ա՛յ թե աղե­տը երբ էր լի­նում: Քթի տակ փնթփն­թա­լով, իր բախտն անի­ծե­լով՝ գնում էր խո­հա­նոց, ու­տե­լի­քը, սե­փա­կան լու­տանքն էլ հե­տը լի­քը աման լց­նում ափ­սե­ի մեջ, դնում սե­ղա­նին ու նո­րից թող­նում, գա­լիս իր սի­րե­լի բազ­կա­թո­ռի գիր­կը: Ամու­սինն ար­դեն սո­վո­րել էր, թե­պետ նա էլ իր հեր­թին էր դժ­գո­հու­թյուն շաղ տա­լիս քթի տակ: Կնոջ սե­րի­ալ­ներ նա­յե­լու առա­ջին յոթ տա­րի­նե­րին ընդ­դի­մա­նում էր, ելույթ­ներ ու­նե­նում բրա­զի­լա­կան ու մեք­սի­կա­կան աղբ ու թա­փո­նի մա­սին, որոնք հա­սա­րա­կու­թյան վրա ու­նե­ցած ար­շա­վանք­նե­րի ավե­րիչ ներ­գոր­ծու­թյան առու­մով չեն զի­ջում մոն­ղոլ-­թա­թա­րա­կան ար­շա­վանք­նե­րին: Սա առն­վազն մշա­կու­թա­յին եղեռն է, օտար բար­քե­րի ար­հես­տա­կան ու բռ­նի ներ­մու­ծում, ազ­գի հա­մար այ­լա­սե­րու­թյան քա­րոզ է ու ան­հա­րիր մեր ավան­դա­պաշտ բար­քե­րին ու էլի նման բա­ներ: Բա­ցատ­րում էր ու ճա­ռում, ցույց տա­լիս թեր­թի հոդ­վա­ծը, թեր­թին նա­յե­լով` վե­րար­տադ­րում հոդ­վա­ծագ­րի գրա­ծը, վկա­յա­բե­րում ռա­դի­ո­յով լսա­ծը: Բայց լսո՞ղն ով էր: Օր­վա հա­մար­յա մեծ մա­սը հե­ռուս­տա­ցույցն ազ­դա­րա­րում էր Ռոդ­րի­գո­նե­րի ու Մա­րի­ա­նե­րի սե­րե­րի, դա­վա­ճա­նու­թյուն­նե­րի ու հի­աս­թա­փու­թյուն­նե­րի մա­սին, ու Սի­րուշն ան­հա­գո­րեն կլա­նում էր դրանք՝ ական­ջը խուլ ամուս­նու ելույթ­նե­րին: Լա­վա­գույն դեպ­քում ամու­սի­նը սե­րի­ա­լի ցու­ցադր­ման ըն­թաց­քում թերթ էր կար­դում կամ բազ­մո­ցին պառ­կած նն­ջում, մինչ Սի­րուշ­ը հուզ­մուն­քից չո­րա­նում էր կամ հի­աց­մուն­քից խան­դա­վառ­վում:

- Վա­խե­նում է՝ կի­նը փչա­նա վաթ­սու­նից հե­տո,- հու­մո­րի ծայ­րը բա­ցում էր հար­սը, որն ինքն էլ եր­բեմն մի­ա­նում էր ըն­տա­նե­կան դիտ­մա­նը: Դե, եթե ան­գամ չու­զես էլ նա­յել, ամ­բողջ ժա­մա­նակ լսում ես նրանց սի­րա­հե­տում­նե­րը, կռիվ­նե­րը, ան­ցու­դար­ձը ու ակա­մա հե­տաքրքր­վում, թե ինչ եղավ հե­տո: Հա­կա­ռա­կի պես, հենց սկես­րայ­րը մտ­նում էր հյու­րա­սեն­յակ, էկ­րա­նը մեծ պլա­նով ցու­ցադ­րում էր շր­թունք­նե­րի փոխձ­գում­ներ ու հպում­ներ, որին հետևում էր նրա հան­դի­մա­նան­քը.

- Չի էլ ամա­չում, հար­սին էլ նս­տեց­նում է կող­քին ու ստի­պում իր հետ սեք­սու­ալ ֆիլ­մեր նա­յել, զու­լու՛մ է, զու­լու՛մ, էս ո՛ւր հա­սանք…

Հար­սը ծի­ծա­ղում էր, իսկ Սի­րուշ­ը քթի տակ պա­տաս­խա­նում, թե ամու­սի­նը ժա­մա­նա­կին սե­րի­ալ է նա­յե՞լ, որ փչա­ցած էր, ու­րեմն հի­մա ին­քը ինչ կու­զի՝ կա­նի: Ու որ­քան շատ էր ամու­սի­նը քն­նա­դա­տում սե­րի­ալ­նե­րը, այն­քան ավե­լի բուռն էր դառ­նում ոչ մի դե­տալ բաց չթող­նե­լու, դեռ կրկ­նու­թյունն էլ հե­տը նա­յե­լու ցան­կու­թյու­նը…

Սի­րուշն այդ օրն արթ­նա­ցել էր տա­րօ­րի­նակ զգա­ցո­ղու­թյուն­նե­րով: Երա­զում տե­սել էր, որ Լու­իս Ալ­բեր­տոն իրեն ամուս­նու­թյան առա­ջար­կու­թյուն էր արել, ինքն էլ ըն­կել էր հո­գե­կան հա­կա­սա­կան ապ­րում­նե­րի մեջ. բա էս տա­րի­քում, բա իր տղա­նե­րը, հարևան­ներն ինչ կա­սեն… «Թո՛ղ էդ գեշ­բո­ղազ էգո­իս­տին,- ասել էր Լու­իս Ալ­բեր­տոն,- դա քեզ եր­բեք էլ օր ու արև չի տվել, գի­տե՛մ: Թքի՛ր ըն­տա­նե­կան բո­լոր տե­սա­կի պար­տա­կա­նու­թյուն­նե­րիդ վրա ու արի՛ ինձ հետ: Բո­լորն էլ անշ­նոր­հա­կալ արա­րած­ներ են: Ես քեզ կեր­ջան­կաց­նեմ»: Ասել էր ու ծո­ցից հա­նել մի շող­շո­ղուն մա­տա­նի Սի­րուշ­ի հա­մար: Սի­րուշ­ը շփոթ­վել էր, խուն­ջիկ-­մուն­ջիկ եկել. ախր ո՞նց կլի­նի, ինքն ար­դեն թոռ­նա­տեր, հարևան­ներն ի՞նչ կա­սեն: Լու­իս Ալ­բեր­տոն էլ է թոռ­նա­տեր, կինն էլ թո­ղել- գնա­ցել է, բայց ի՞նչ անենք, ասում է, ու­րեմն, եթե թոռ­ներ ու­նեն, իրենց կյան­քը պի­տի թոռ­նե­րին նվի­րեն, իրենք էլ` վե՞րջ, էլ չապ­րե՞ն, սաղ-­սաղ թաղ­վե՞ն: Մե­կը հարց­նող լի­նի, իսկ թոռ­նե­րին հե­տաքրք­րու՞մ է իրենց կյան­քը, որ էդ­պես ջա­նա­սի­րա­բար իրենք փոր­ձում են մա­տու­ցել նրանց: Չէ՛, շատ խե­լոք է Լու­իս Ալ­բեր­տոն` քթա­ծա­կով, ձեռ­քից ամեն գործ գա­լիս է, իս­կա­կան տղա­մարդ, իր երազ­նե­րի չի­րա­կա­նա­ցած տղա­մար­դը… Մտա­տան­ջու­թյան մեջ չգի­տեր՝ ինչ պա­տաս­խան տար, ար­դեն ու­զում էր խնդ­րել՝ իրեն մի քիչ ժա­մա­նակ տար մտա­ծե­լու, ամու­սի­նը կող­քի շրջ­վե­լով՝ ար­մուն­կով ուժ­գին բո­թեց Սի­րուշ­ին: Սի­րուշ­ը վեր թռավ՝ երազն էլ հե­տը թռց­նե­լով: Ֆշ­շաց­նե­լով նա­յեց ամուս­նուն, որ երազն էլ չի թող­նում հան­գիստ նա­յել ու տե­ղա­վոր­վե­լով մահ­ճա­կա­լի եզ­րին՝ նրա­նից հե­ռու, աչ­քե­րը պինդ փա­կեց՝ երա­զը կր­կին վե­րա­դարձ­նե­լու հույ­սով: Ո՜նց չէ, ամուս­նու խռ­ռո­ցը կթող­նե՞ր, որ ին­քը նո­րից քներ: Ստիպ­ված վեր կա­ցավ՝ երազն իր հետ տա­նե­լով բաղ­նիք, խո­հա­նոց, խա­նութ… Գո­նե լավ է՝ ամեն ինչ դեռ կո­րած չէ. ժա­մը տասն­յոթն անց քա­ռա­սու­նին նո­րից կհան­դի­պի իր Լու­իս Ալ­բեր­տո­յին հան­րա­յի­նի ալի­քով: Գո­նե նո­րից կտես­նի նրան, թեև ար­դեն իրե­նը չի լի­նի… Ախր, կա­րե­լի՞ է ամ­բողջ կյան­քը սխալ ապ­րել: Լա՛վ, հաս­կա­ցանք, ջա­հել էիր, խաբ­վե­ցիր նրա սի­րուն տես­քին, ամուս­նա­ցար: Բա հե­տո՞, տե­սա՞ր, որ պի­տա­նի չէ, թո՛ղ, գնա՛, ո՞վ էր ստի­պում կող­քին տանջ­վել: Այն ժա­մա­նակ ու­րիշ էր, բա­ժան­ված կա­նանց ու­րիշ ձևով էին կո­չում, հե­տո այն ժա­մա­նակ ո՞վ էր բա­ժան­վում. կա­նայք ատամ­նե­րը սեղ­մած, ճա­կա­տագ­րին հլու-հ­նա­զանդ՝ պա­հում էին իրենց տուն-­տե­ղը, ըն­տա­նի­քը: Չէ՛, միևնույնն է, ին­քը առանձ­նա­հա­տուկ հի­մար է եղել, ամեն բան լուռ տա­րել է: Տասն­հին­գե­րորդ աբոր­տից հե­տո թիվն ար­դեն խառ­նեց ու դա­դա­րեց հաշ­վել աբորտ­նե­րի քա­նա­կը: Ամու­սինն իս­կի տեղ­յակ լի­նու՞մ էր: Բա Լու­իս Ալ­բեր­տոն այդ­պես կա­նե՞ր, ո՜նց էր ցա­վում, որ Ռա­քե­լը կորց­րել էր երե­խա­յին… Չէ՛, դա կյանք չէ, որ ինքն է ապ­րել: Լավ, բայց ինչ­պե՞ս կա­րե­լի էր չտես­նել այդ ամե­նը, հի­մա ո՞վ հետ կբե­րի իր սխալ ապ­րած տա­րի­նե­րը, ո՞վ: Գո­նե ժա­մա­նա­կին մի սի­րե­կան ու­նե­ցած լի­ներ, որ սիրտն այս­պես չմրմ­ռար, մի բա­նով էլ ին­քը նրա հա­խից եկած լի­ներ: Երբ ամու­սի­նը կա­նանց հետ քարշ գա­լուց հե­տո քե­ֆը տն­գոզ գա­լիս էր տուն, ին­քը նրա առաջ հաց էր դնում ու սու­սու­փուս քաշ­վում մի կողմ: Գի­տեր, որ ամու­սի­նը կա­տա­ղում էր, ու­զում էր, որ հե­տը նս­տեր, ասեր-­խո­սեր… Իսկ ին­քը լուռ, խո­նարհ կա­տա­րում էր իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը. եփում-դ­նում էր ամուս­նու առաջ ու գնում իր գոր­ծին: Հե­տը եր­բեք հաց չէր կի­սում: Բայց դա ի՞նչ էր որ էդ դուրս ըն­կա­ծի արած­նե­րի դի­մաց: Ամու­սի­նը լավ էլ նեղ­վում էր, լար­վում ու չա­րա­նում. կի­նը հա­մար­յա չի շփ­վում իր հետ, բա­ցի կեն­ցա­ղա­յին­-ըն­տա­նե­կան մի եր­կու կարևոր հար­ցե­րից: Լա՛վ էր անում, շատ քի՛չ էր դա, հի­մա լի­ներ՝ ին­չե՜ր կա­ներ, պա՜հ, ո՜նց հա­խից կգար… Կա­րող է Էմա­նու­ել­լա­յի չափ չկա՞ իր խել­քով… Այդ­պի­սի մի հեր­թա­կան ան­գամ, երբ խմած ամուս­նու առջև սուր­ճը դնե­լուց հե­տո շրջ­վեց, որ գնա, ամու­սի­նը ֆշ­շաց­րեց հետևից՝»օ՛ձ»: Սի­րուշն ինչ­-որ բան պա­տաս­խա­նեց նրա հաս­ցե­ին, հար­բա­ծին էլ դա էր պետք. դա­նակն առավ ու շպր­տեց Սի­րուշ­ի վրա: Դա­նա­կի շեղ­բը կպավ թևի երա­կին: Սի­րուշ­ը գի­տեր նրա թույլ տե­ղը, ինքն էլ իր զեն­քով նրա դեմն ելավ. կանգ­նեց ամուս­նու դի­մաց, թևը պար­զեց դե­պի նա, մի ձեռ­քով սեղ­մեց վնաս­ված երա­կի ծայ­րը, ար­յու­նը բլ­թա­լով դուրս պր­ծավ, ինքն էլ առանց ծպ­տուն հա­նե­լու, լուռ հա­մա­ռու­թյամբ նա­յեց ու­ղիղ նրա երե­սին: Սա ավե­լի կա­տա­ղեց: Ոտ­քով խփեց վա­ռա­րա­նին, վրա­յի տաք թեյ­նի­կը շուռ եկավ Սի­րուշ­ի վրա ու թո­ղեց-­դուրս եկավ: Ա՛յ թե ինչ կյանք է ու­նե­ցել: Հի­մա «հե­րո­սը» կար­դա­ցած մարդ է, բա­րո­յախ­րա­տա­կան քա­րոզ­ներ է գլ­խին կար­դում հար­սի ու թոռ­նե­րի ներ­կա­յու­թյամբ…

- Էսօր «Սի­րո բույ­րը» չի լի­նե­լու,- ինչ­-որ մե­կը կաթ ու մա­ծու­նի բաժ­նում ասաց իր ծա­նո­թին:

- Ո՞նց թե չի լի­նե­լու, ին­չի՞,- հան­կար­ծա­կի եկած կա­նայք շրջ­վե­ցին դե­պի լու­րը հայտ­նո­ղը:

- Ընտ­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով եր­կուշ­աբ­թին աշ­խա­տան­քա­յին օր չի լի­նե­լու, դրա հետ կապ­ված, որոշ հե­ռուս­տա­տե­սա­յին ծրագ­րեր փո­փոխ­վել են:

Ասողն իրենց երկ­րորդ հար­կի հարևան­նե­րից մեկն է, շատ սահ­մա­նա­փակ կին է՝ ոչ մի սե­րի­ալ չի նա­յում:

- Թա­ղե՛մ դրանց, շատ պետքս է՝ ում կընտ­րեն, ու­րեմն պի­տի կի­նոն չնա­յե՞նք,-պոռթ­կաց մե­կը:

- Մի օր էլ քիչ բան սո­վո­րեք: Էդ ձեր ու­սում­նա­կան ֆիլ­մե­րը մեր ազ­գի հերն անի­ծե­ցին,-վ­րա բե­րեց ակ­նո­ցա­վոր տղա­մար­դը:

Կա­նան­ցից մե­կը, որ վեր­ջերս էր թոռ ու­նե­ցել, անունն էլ դրել էին Ռո­սի­տա՝ ի պա­տիվ սե­րի­ա­լի գլ­խա­վոր հե­րո­սու­հու, վի­րա­վոր­ված մի­ջամ­տեց.

- Բայց ին­չու՞ եք այդ­պես ասում, որ նա­յած լի­նե­իք, այդ­պես չէ­իք ասի, բո­լո­րո­վին էլ վա­տը չեն, օրի­նակ՝ «Սի­րո թևերը» նա­յու՞մ եք, ամ­բող­ջը կյան­քից է:

- Չէ-­չէ՛, ի՞նչ եք ասում, կյա՛նքն է կի­նո­յից, ին­չի՞ մա­սին է խոս­քը: Քա­ռա­սուն տա­րի կնոջս հետ ապ­րել ենք, լա­վից-­վա­տից ըն­տա­նիք ստեղ­ծել, տուն-­տեղ դրել: Ես գի­տեմ, որ ամեն ինչ էդ սե­րի­ալ­ներն արե­ցին: Հետս աչ­քով աչք չու­նի, ամեն ին­չից դժ­գոհ է ու ամեն ին­չում ինձ է մե­ղադ­րում: Թե ի՞նչ են մտա­ծում վերևնե­րում, սա դա­վա­ճա­նու­թյուն է ազ­գի դեմ, խարխլ­վու՛մ են ավան­դա­կան ըն­տա­նի­քի հիմ­քե­րը:

Մի կերպ շուն­չը հասց­րեց մինչև նա­խա­դա­սու­թյան վերջն, ու ինքն էլ զար­մա­ցավ իր հռե­տո­րա­կան վար­պե­տու­թյան վրա: Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ գու­մար­վող իրենց մի­տինգ­նե­րում ար­ժի այս հար­ցը բարձ­րաց­նել, առա­ջար­կել է պետք:

- Դու էլ մի՛ թող նա­յի, մի կն­կա վրա չես կա­րու՞մ,- մի­ջամ­տեց մյուս տա­րեցն ու դան­դաղ բե­րա­նից դուրս մղեց ծխա­խո­տի ծու­խը: Էս­տեղ ոչ ոք էլ չգի­տի, որ իր հե­ռուս­տա­ցույ­ցը փչա­ցել է, նորն էլ առ­նե­լու փող չու­նի: Սի­րուշ­ը ոտ­քից գլուխ մի լավ չա­փեց դրան: Իսկ մի­տին­գա­յի­նը նույն պա­թե­տիկ ոճով շա­րու­նա­կեց.

- Ախր կոր­չում են մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րը, հայ կնոջ կեր­պա­րը խե­ղա­թյուր­վում է, փոխ­վում է նրա բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան նկա­րա­գի­րը…

- Գի­տե՞ս ինչ կա, ջա­հել­նե­րը, թե ու­զում ես իմա­նալ, չեն էլ նա­յում սե­րի­ալ­նե­րը, բա ու՞ր մնաց քո էդ «հո­գե­բա­նա­կա­նը», տղա­մար­դուն հնա­զան­դու­թյունն ու հա­մես­տու­թյու­նը, հը՞…

- Ասե՛մ. նրանք ար­դեն նա­յել են դրանք, երբ փոքր էին, էլի ձեզ հետ մի­ա­սին ու տե­ղը տե­ղին դաս­տի­ա­րակ­վել են այդ ոգով:

Սի­րուշն իր լուռ զեն­քով մի լավ խե­թեց մի­տին­գա­յի­նին: Հենց ակունք­նե­րից՝ կլի­նի մի քսան տա­րի, ինչ ցու­ցադր­վում են բրա­զի­լա­կան-­մեք­սի­կա­կան սե­րի­ալ­նե­րը, ին­քը նա­յում է՝ բան չի եղել, բայց ազ­գը հան­կարծ փչա­ցա՞վ: Ամե­նա­իս­կա­կան փչա­ցած­նե­րը հենց էդ ասող­ներն են, սա էլ երևի, իր տան ուս­յալ փչա­ցա­ծի նման է փր­թում:

- Գի­տե՞ք ինչ­քան բա­ժա­նու­թյուն­ներ են եղել այդ նույն հո­ղի վրա: Ըն­կե­րոջս կինն ասում է, թե ամու­սի­նը մու­սուլ­ման Ալի­ի չափ էլ չկա, որ ամուս­նու­թյան առա­ջին գիշ­ե­րը կնոջ՝ Զո­րա­ի­դե­ի ոտ­քե­րը վար­դի թեր­թիկ­նե­րի ջրով լվաց…

«Հաս­տատ իր կնոջ մա­սին է ասում, ու հաս­տատ ին­քը իր կնո­ջը մի հա­տիկ ծա­ղիկ նվի­րած չկա»:-… հի­մա էլ ու­զում են մու­սուլ­ման դառ­նանք…

Սի­րուշ­ի հեր­թը հա­սավ, վերց­րեց իր թթ­վա­սեր-­մա­ծունն ու առանց որևէ բան ասե­լու՝ դուրս եկավ խա­նու­թից: Վար­դա­ջու՛ր, չէ մի չէ՛: Իր առա­ջին գիշ­երն իս­կի մահ­ճա­կալ չկար, կոտ­րած թախտն էր եր­կու­սի հա­մար, դռան տեղ՝ կտոր քաշ­ած «վա­րա­գույ­րի» ետևում էլ սկե­սուր-ս­կես­րայրն էին քնե­լու՝ հա­սու­նա­ցած տղա­յի ու աղջ­կա հետ: Ոտ­քե­րը լվա­նա՞ր… Հա­զիվ սկես­րայրն էր երա­զում, որ հարսն իր ոտ­քե­րը լվա­նար: Անշ­նո՛րհք ան­տեր, զզ­վում է դրա­նից ու միշտ է ատել. հլը տե՛ս՝ ինչ ակն­կա­լիք­ներ է ու­նե­ցել: Եր­կու ան­գամ ջրով լի տաշ­տը դրել էր ոտ­քե­րի առջև ու սպա­սել.

- Կնի՛կ, բա էդ հար­սը ոտ­քերս չի լվա­նա­լու՞ ...

Եր­կու ան­գամն էլ ին­քը թո­ղել-­փա­խել է տնից, ուշ ներս մտել: Դրա­նից հե­տո հաս­կա­ցել է, երևի, ու էլ չի ասել, փո­խա­րե­նը լուռ թշ­նա­ման­քը միշտ ապ­րել է իրենց միջև: Ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նի, թե գյուղ տեղ է եղել, բա իրենց գյու­ղում նման բան կա­նե­ի՞ն, թուր­քի՛ մե­կը:
Գնում­նե­րի ծանր տոպ­րա­կը ձեռ­քին, ճա­կա­տագ­րի առա­վել ծանր բեռն ու­սե­րին՝ Սի­րուշ­ը քայ­լերն արա­գաց­րեց՝ «Վրե­ժի ծա­րա­վի» կրկ­նու­թյունն առա­վոտ­յան դի­տե­լու: Արագ­-ա­րագ քայ­լե­լիս հևում է. բժիշկ­նե­րը «սր­տի ան­բա­վա­րար սնու­ցում» են ախ­տո­րոշ­ել: Հե­տո քայ­լե­րը դան­դա­ղեց­րեց. հիշ­եց, որ այ­սօր ընտ­րու­թյուն­ներ են, եր­կի­րը փո­խել է գրա­ֆի­կը: Սիր­տը սկ­սեց առա­վել ուժ­գին խփել: Եր­կի­րը եր­կիր չի՛: Ընտ­րու­թյո՛ւն՝ շատ իրեն պետք է՝ ով կընտր­վի, դրա հա­մար կա­րե­լի՞ էր փո­խել սե­րի­ա­լի օրը: Ոչ էլ կգ­նա ընտ­րու­թյան: Ին­քը ժա­մա­նա­կին իր ընտ­րու­թյունն արել-պր­ծել է ու սխալ­վել: Ո՛չ լի­ներ էդ օրը: Քիչ մնաց հետ դառ­նար, բայց ու՞ր: Ա՜խ, գո­նե կա­րո­ղա­նար, շատ չէ, գո­նե մի քսան տա­րով հետ դառ­նալ…­Հիշ­եց երա­զը, Լու­իս Ալ­բեր­տո­յի՝ իրեն պար­զած շող­շո­ղուն մա­տա­նին, ու ժպի­տը սա­հեց դեմ­քով, սր­տում ջեր­մու­թյուն ալիք­վեց: ան­դա­ղա­տան­քով հա­նեց բա­նա­լին, բա­ցեց բնա­կա­րա­նի դու­ռը, ուր դեռ քնած էին տան ան­դամ­նե­րը, փայ­փա­յած երա­զը բա­նա­լու հետ դրեց գր­պանն ու ժպիտն երե­սին՝ ան­ցավ խո­հա­նոց, թեև այդ օրն ընտ­րու­թյուն­ներ էին, աշ­խա­տան­քա­յին օր չէր, ու ոչ էլ սե­րի­ալ կար…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ