ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 12 апр 2011, 00:18

ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Armen Avanesyan.jpg
Armen Avanesyan.jpg (8 кб) Просмотров: 345
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 12 апр 2011, 00:19

ԸՆԴՄԵՋ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐԻ


Հայ գրականության «ծանր հրետանին», հայտնի փաստ է՝ բանաստեղծությունն է եղել: Մեր ժամանակներում պոեզիա ներթափանցեց, կարելի է ասել, ամեն ինչ, սկսած՝ առօրեական մանր-մունր խնդիրներից մինչև տիեզերական կեցության, մարդու գոյի կարևոր հիմնահարցերը, ներառյալ ամերիկաեվրոպական փիլիսոփայակ-անտեսական մտքի ներմուծում ները: Այս քաոսային իրավիճակում, զտել առանձնացնել մաքուր պոեզիան, ինչ խոսք, դժվարին և անշնորհակալ գործ է, բայց՝ կարևոր:
Պոետը միշտ էլ առանձնացել է իր տեսակով, իր տեսողությամբ, աշխարհն ընկալելու իր ձևով: Նա բառ է ծնում, խոսք է արարում, ուրեմն պիտի երկնի: Գրում են գրեթե բոլորը, բայց երկնում են պոետները: Եթե երկնողներին խառնվում են հեշտ գրողները (առօրեական, սոցիալ-քաղաքական ճակատային բանաստեղծություն), ապա ստացվում է մեր գրականության այսօրվա վիճակը:
Երկնող ու արարող բանաստեղծ է Հրաչյա Բեյլերյանը: Այդ են վկայում ոչ միայն նրա հարուստ ենթատեքստով աչքի ընկնող բանաստեղծությունները, այլ նաև թարգմանությունները:
Թարգմանության մեջ ևս ստեղծագործող է նա: Ոչ միայն տաղաչափական-կառուցվածքային հատույթներն են հարուստ ու ինքնատիպ, այլև բովանդակային սևեռվածությունը հեղինակի: Աշխարհով ու ապրումով իր տեսակին մոտ բանաստեղծներ են թե՛ Ցվետաևան, թե՛ Վոլոշինը և թե՛ Մանդելշտամը: Միայն Մանդելշտամի բեյլերյանական հրաշալի թարգմանությանը կարելի է առանձին աշխատությամբ անդրադառնալ:
Երեք գիրք է հեղինակել Հրաչյա Բեյլերյանը՝ «Հարթավայրի սիրտը» (Երևան, 1982), «Մհերի դուռ» (Երևան, 1988) և «Վերջալույսը–թռչուն» (Երևան, 2004), որոնք օրգանապես կապված են միմյանց և ձևավորում են ստեղծագործական ամբողջական համակարգ:
Իր ստեղծագործության մեջ նա իր աշխարհն ու իրականությունն է ստեղծում բառի, տողի, բանաստեղծության միջոցով: «Ես այստեղ եմ ծնվել» բանաստեղծությունը, իր իսկ կենսագրությունն է, միևնույն ժամանակ՝ բանաստեղծական դավանանքը: Մարդու ծնունդից տարբերվող բանաստեղծի ծիսական ծնունդին է ականատես լինում ընթերցողը: Զարմանալի չէ, որ ողջ բնությունն է երկնում, քանզի իր պոետական տեսակով բնության մաս՝ նրանից անջատված և այն լրող բանաստեղծն է Բեյլերյանը: Բնապատկերային համակարգում նրա ստեղծագործական հումքը՝ աշխարհի, բնության մանրանկարչությունն է.

Գիշեր, կապույտ ծաղիկ,
ես ծնվել եմ մի օր քո ծալքերում
Խոյ համաստեղության տակ,
երբ դաշտերով շաղ ես տվել
կայծոռիկներ,
իմ լեռների պարանոցներին
շարել ես ծխացող վերքերը խարույկներիդ
և քո խորքում վառել ես գայլերի աչքերը:

Կապույտ ծաղկի ծալքերում ծնված, իր արարած լեռներով շրջապատված բանաստեղծն ապրում է լորտուների ու եղինջի, մամռոտ մազերով ջրահարսերի, դեղին մշուշի, կարմիր, կանաչ քարերի հետ:
Իր ծնունդով իր իրականությունն է ստեղծում բանաստեղծը՝ ապավինելով բնությանը: Սա հետաքրքիր գեղարվեստական հնարանք է: Ստեղծելով իր աշխարհը, բանաստեղծն ակամա մղում է ընթերցողին մուտք գործել այնտեղ և թույլ է տալիս ճանաչել այն, ուր բնության շունչն է իշխում, ուր չկա մասնավոր, և ամեն ինչ միասնական է: Այս պարագայում է, որ մարդը բնության մաս է հանդիսանում, բնությունը՝ մարդու: Ուստի պատահական չէ, որ անձնավորվում է հարթավայրը, քամին, աստղը, լուսինը, լճակը... («Հարթավայրի սիրտը» գիրքը): «Լուսին և լճակ» բանաստեղծության մեջ անձնավորված լուսնի և լճակի երկխոսությունը ծիսական-սիրային խաղիկ է հիշեցնում:

–Լուսին, լուսին իմ ջրերին
Տես, քո ափսեն է փշրվել.
Առկայծումները հատ առ հատ
Արցունքներիս մեջ են շարվել:

–Լճակ, լճակ, քո ջրերին
Տես, ուլունք եմ շաղում անվերջ,
Որ կաթնագույն ալիքներից
Մի ձուկ նետես ափսեիս մեջ:

Ոչ միայն լուսնի անձնավորումը, այլև լուսնային շատ մետաֆորներ հաճախ են հանդիպում նրա պոեզիայում: Բազմիմաստ է պոետական այս երևույթը:
Իմ ընկալմամբ, լուսնի առատության ֆենոմենը բացատրվում է այն հանգամանքով, որ բանաստեղծը լուսնոտի կարգավիճակում է իր աշխարհում և այդպես է հաղթահարում տարածությունը.

Իսկ կարկուտից հետո,
երբ երկինքը դատարկվել էր
աստղերից,
ես քայլում էի գ յուղում ՝
լուսնին թևանցուկ:

Բացի այդ, լուսնոտությունն անմիջականորեն կապված է լիալուսնի հետ և բեյլերյանական լուսինը գրեթե միշտ կլոր է՝ կամ ափսեի, կամ խնձորի, անգամ բաղարջի ձևերով («Ձայնը», «Խաղիկ», «Լուսին և լճակ», «Լուսնոտություն» և այլն):
Լուսնոտությունն այն վիճակն է, երբ մարդը գտնվում է ընդմեջ մահվան և կյանքի, իրականության և երևակայության սահմանագծում: Այստեղ է, որ Բեյլերյանը շեշտավորում է մարդու գոյի խնդիրը: Մարդն այսօր դուրս է մղվել կ յանքից, մարդը կա և միևնույն ժամանակ կարծես թե չկա, քանի որ այս իրականությունը նյութի իրականություն է, որն էլ մերժում է մարդուն:
Բանաստեղծն ակամա նույնանում է Փոքր Մհերի միֆական կերպարին, ուստի, պարզ է, որ կյանքի ու մահվան սահմանագծում հայտնված առասպելական հերոսի ապրումը դառնում է Բեյլերյանի սեփականը («Մհերի դուռ»):

Թեև դեռ երազում շողի հետ ես կռվում,
բայց մրսած է հոգիդ սարսուռ ձյունից:
Փոքր Մհերի պես հողի մեջ ես խրվում
Քո հինավուրց արյան ծանրությունից:

Ծանրությունը արյան՝ հողագնդին կապող
մարմինդ հանգրվանման առհավատչ յա:
Կյա՞նք պիտի պարտակես թղթին այս տող առ տող,
ով Բեյլերյան պոետ Հայկի Հրաչյա:

«Որքան էլ միֆական սյուժեները հանրահայտ են, խորհրդանիշները՝ կայուն իմաստակիր, այսուհանդերձ, յուրաքանչ յուր ստեղծագործող այդ ամենն անցկացնում է իր ստեղծագործական (աշխարհայացքային – Ա. Ա.) քուրայով, իմաստավորում ըստ իր նախասիրության»1: Բեյլերյանի պոեզիայում միֆական կիրառությունն աչքի է ընկնում իր ձևա-բովանդակային հատույթում և միևնույն ժամանակ հանդես է գալիս որպես գեղագիտական հարցադրում:
Իր իրականության մեջ ներառելով Փոքր Մհերին, բանաստեղծը մշակութային կշռույթ է տալիս միֆին, այն շաղկապհյուսում ծեսի հետ, ապահովելով խորհրդանշական պատկերը, իսկ խորքային մակարդակներում ՝ փիլիսոփայական կուռ ենթատեքստն է առկա: Ըստ Բարթի, միֆերը կիրառվում են կա՛մ հարմարավետության, կա՛մ անհրաժեշտության պատճառով, և որպես կանոն առաջինները մակերեսային են ու շուտ քայքայվում են 2: Բեյլերյանի պոեզիայում Փոքր Մհերը բանաստեղծի իրականության ու աշխարհի բախման զգայական վերարտադրման ու վերաիմաստավորման եղանակ է և բնության մի մասը: Ըստ այդմ, սահմանագծային հոգեվիճակներ և բանտվածի ապրում ներ են երևակվում բանաստեղծական տողի ենթաշերտում. «Սակայն ապրում է մի սիրտ, // մի սիրտ է ապրում փշալարի մեջ», կամ «Եվ մենք բնակություն ենք հաստատում // մեր ձայնի մեջ, ինչպես հայրենիքում» (Մհերի փակված լինելը), «Կույր փչակից կաղնու հանկարծ // լիալուսինն է դուրս սահում» (Մհերի քա րայրից դուրս գալը) և այլն:
Գեղարվեստական գրականության մեջ հերոսը հայտնվում է միֆական տարածաժամանակային ֆանտաստիկ իրականության մեջ, այնինչ հեղինակը միտում նավոր է իր հերոսին շրջապատում այդ իրականությամբ 3: Ինչպես վերը նշվեց, Բեյլերյանի արծարծած իրականությունը կյանքի ու մահվան միջև է, և համընկնում է Մհերի միֆական իրականության հետ:
«Մհերի ծնունդը» բանաստեղծության մեջ նորամանուկ Մհերն արդեն միֆական այլ կիրառույթ ու բանաստեղծական մեկնաբանում ունի: Նա ցավի կրողն է, և ինքնազոհաբերման կենսաճանապարհն է ուղենշվում.

Թանձր բռունցքը նորամանուկի
Թուլացավ կամաց ու բացվեց կամաց –
Ափի խեցու մեջ մարգարիտի տեղ
Նռան հատի չափ արյուն էր դրված:

Աշխարհի անարդարությունից ցավը ներսում բանտած, բանտված կամ շղթայված Փոքր Մհերը ինքնազոհաբերման ճանապարհին նույնանում է Պրոմեթևսի հետ: Պրոմեթևսը կրակը գողացավ աստվածներից, Մհերը փակվեց Ագռավաքարում, իսկ ագռավը դժոխքից կրակ բերող թռչունն է առասպելաբանության մեջ: Ագռավաքարի հիշատակումը ևս առկա է Բեյլերյանի պոեզիայում. «Ո՞վ էր ներփակվել բառի ընդերքում, // Ինչպես Մհերը՝ Ագռավաքարի», «Էլ ո՞վ է հանդգնում անէության մատնել // Այս մոլապարը հին: // Այսքան քարերի մեջ հիմա ինչպե՞ս գտնեմ // Ագռավաքարը իմ»:
«...Փոքր Մհերը իսկապես ունի կրակի ֆունկցիաներ, հետևաբար նրա քարայրը պետք է կրեր Ագռավաքար անունը: Այսինքն՝ կրակը պարփակվում է հենց իր պաշտպան թռչնի անունը կրող տարածքում» 4:
Ագռավը որպես Հրաբեր թռչուն և որպես Մհերին ուղեկից, ոչ միայն արտացոլվում, այլ նաև իմաստակիր է Բեյլերյանի պոեզիայում («Վերջալույսը թռչուն»).

Սարսուռ ձյուն է գալիս: Երկինքն է մրափել:
Մահն է բազմել գահին:
Հիշիր, հավքը բոցե՝ Ագռավը Հրաբեր
Ուղեկիցն է քո հին:

Եվ թող քո ճամփին էլ Ագռավն այդ Կրակե
Փետուրներ կրակի:
Գնա, մինչև վերջին դարպասները թակես,
Գտնես քո Կիրակին:

Ուղեկից այս թռչնի միֆը ևս հարազատ է բեյլերյանական իրականությանը և ունի նաև անուղղակի կիրառում ներ. «Մեր հետևից՝ գավազանը ձեռքին, կաղալով // Քարշ էր գալիս մի ծեր ագռավ»: Բանն այն է, որ միայն ագռավը կարող է հանդիպել Փոքր Մհերին և Հրաչյա Բեյլերյան պոետին, քանի որ նա կյանքից մահ և հակառակը տանող ճանապարհին անպայման պիտի անցնի նրանց տարածքով: Ուստի տրամաբանական է, որ ագռավը խոսում է նրա պոեզիայում և զրուցակից է հեղինակին ու հերոսին («Բոլոր ճանապարհները տանում են...», «Նեյտրոնային ձմեռ» և այլն):
Որպես իմաստակիր, ագռավը բանաստեղծի ընկալմամբ լուսաբերի առաքելությունն ունի: Լույսը որպես փրկության միակ ելք մահվան հետ զուգորդումներում, մահին միակ հաղ թողն է: Սրանով կենսական իր ակունքն է մատնանշում հեղինակը և կենաց-մահու ծովամարտում փրկօղակ է նետում խեղդվողին:
Այս օպտիկայով դիտարկելիս՝ կյանքի ու մահվան միջև հայտնված անհատի պայքարն է կարևորվում: Իր իրականության ստեղծումը Բեյլերյանի պոեզիայում այդ պայքարի անուղղակի դրսևորումն է: Այդ իրականության ներդաշնակ բնույթը, պոետական բնաշխարհի անզուգական գոգավորությունները, ինչ խոսք, կամա-ակամա թե՛ մեր իրականության և թե՛ մահից անդին անիրականության հակադրությունն է:
Այս բախման մեջ Փոքր Մհերի և Հրաբեր Ագռավի միֆերն այն անհրաժեշտ կառույցներն են, որոնք արտաքին պլանում պոետի իրականությունը լրող համակարգն են և անհատի հոգեվիճակն են արտահայտում, միևնույն ժամանակ ապահովում բանաստեղծության ակունքի մշակութային ենթաշերտը: Հենց այս միֆական արծարծումներն էլ առթում են բանաստեղծական անցումը լույսին. «Եվ Սկիզբը գտիր անեզրական, // Եվ գտիր Ակունքը, // Որտեղ Լույս է իջել Քարին»:
Մահվան ու լույսի հակադրում ներում բովանդակային ենթադրելի տիրույթն ավելի մեծ է: Մահը՝ անհայտ ավարտն է, ու բազում հարցադրում ներ են առաջանում մահին հանդիման.

Սակայն երբ մենք էլ մի վերջին
շունչ փչենք անդենական խլածաղկին–
ինչպե՞ս, ասացեք, ինչպե՞ս պիտի զորենք
վերադարձնել Աստծունը՝ Աստծուն...

Լույսը՝ կառչելու միակ տեղն է և քրիստոնեական, աստվածաշնչյան լույսի հետ (Աստծո և Սուրբ հոգու հայտնությունների ժամանակ առատ լույսի ցոլքը, Հիսուսի ծննդի՝ փրկության տեղը ցուցանող աստղը՝ եռաթև խաչի լույսով) նույնանում է Բեյլերյանի պոեզիայում). «Եվ շողն աստղին անհնար է միացնել. // Մահ ու ծնունդ այնտեղ են միշտ՝ նույն կետում:», «Խորհուրդը բառ է, լույսը – Կիրակի // Մահվան թիրախը փշրում է մի նետ» և «Եռաթև խաչ» սոնետների պսակը:
Գեղագիտական-փիլիսոփայական նման զարգացում ներն իրենց պատճառ-ակունքները ունեն: Ներկա իրականությունն իր պահանջ-պարտադրականով ծառացել է բանաստեղծի առջև: Հրատապ խնդիր է դարձել մարդու կենսականը, իսկ «XX դարում տեխնիկական, տնտեսական, հասարակական (քաղաքական – Ա.Ա.) արմատական տեղաշարժերը ժամանակի առջև դրեցին մարդու վերարժեքավորման, մարդ-հասարակություն, մարդ-ոգեղեն, հոգևոր արժեքների վերանայման և վերագնահատման խնդիրը» 5:
Հրաչյա Բեյլերյանը մարդկային խնդիրների ակունքն է փնտրում, հոգևոր արժեքներն է պեղում և միտված է արմատը տնտղել, ուստի հենց այդ պատճառով է արարել իր իրականությունը ու հայտնվել ընդմեջ երկու աշխարհների:


1 Ժ. Քալանթարյան, Միֆի գեղագիտական դերը արդի հայ գրականության մեջ, Նորք, 2004, N 2, էջ 160:
2 Р. Барт, Избранные работы, Москва, 1989, ст. 117:
3 Б. Сучков, Роман и миф, В кн., Москва, 1971, ст. 79:
4 Հայկ Համբարձումյան, «Փոքր Մհեր: Գենեզիս և տիպաբանություն», Գրականագիտական հանդես, 2006, Ա, էջ 98:
5 Ալվարդ Բեքմեզ յան, «Միֆի ընկալման առանձնահատկությունը XX դարում», Բանբեր Երևանի Համալսարանի, 2004, N 1(112), էջ 93:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз