СТАНЬ VIP

ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:53

ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Aramayis Gareginyan.jpg
Aramayis Gareginyan.jpg (7.44 кб) Просмотров: 606
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:54

ԾԱՐԱՎ


Նրա խորհրդավոր այցի ու ներկայության մասին նկարիչ ընկերներիցս մեկն ամիսներ առաջ պատմել էր, բայց այն ժամանակ առանձնակի ուշադրություն չդարձրեցի.
- Բոլորի մոտ էլ նման չբացատրվող զգացողություններ լինում են: Հարկ չկա միտքը կենտրոնացնել այնպիսի երևույթի վրա, որը մտքի լուծելիք խնդիրը չէ, ինչպես եկել է, թող, որ այնպես էլ անցնի, բռնեցիր` ինքդ ես բռնվելու: Նման մտքերը չեն գալիս քեզ ծառայելու, այլ ստրկացնելու և ծառայեցնելու: Իսկ դուք` նկարիչներդ, ավելի առանձնացված կյանք եք վարում` չեք կարող համեմատվել երաժիշտների կամ դերասանների հետ: Գուցե հոգնել ես. այս անգամ շա՜տ երկար աշխատեցիր:
- Նա լռեց և մենք այդ խոսակցությանն այլևս երբեք չանդրադարձանք, և ես արդեն մոռացել էի այդ մասին:
Ոչնչով աչքի չընկնող այդ օրը ցանկանում էի մի փոքրիկ պատմվածք գրել զբոսայգում հոր ձեռքից ազատված ու այժմ շփոթված ու մոլոր կանգնած մի տղայի մասին...Մեծ բաժակով սուրճ պատրաստեցի, ծխախոտ վառեցի, բայց երբ փորձեցի գրասեղանին մոտենալ, չկարողացա, ինչ-որ ուժ ետ էր պահում: Այդ անսովոր ու անորոշ վիճակը երկար չտևեց, և նորից փորձեցի մոտենալ, ու դարձյալ նույն ուժը խանգարում և չէր թողնում: Մինչ այդ նման անսովոր զգացողություն չէի ապրել: Ծուլության, հոգնածության, ձանձրույթի կամ ինձ ծանոթ որևէ զգացողության նման չէր: Այս ուժը հաստատապես տարբեր էր, իսկ քիչ անց զգացի նաև, որ ամեն փորձից հետո ինչ-որ վախ է փորձում ներս սողոսկել: Տպավորությունն այնպիսին էր, կարծես այդ «վախ» կոչվածը ուրվականի նման գլխավերևումս պտտվելիս լիներ, և ցանկության դեպքում կտեսնեի նրա իրական դեմքը: Չգիտեի ինչպես վարվել և Աստվածաշունչը վերցնելով, պատահական մի էջ բացեցի ու սկսեցի կարդալ. «...եւ թագաւորների բերանները պապանձուելու են, որովհետեւ տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմուել, եւ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել» Այս տողերը կարդալուց հետո, այլևս շարունակելու մասին խոսք անգամ լինել չէր կարող: Փոքրիկ երեխային անգամ ոչնչով չես զարմացնի, մարդն ի՞նչ կարող է պատմել, ու այն էլ նման մի ժամանակաշրջանում... Իսկ Նա, ով կարող է թագավորներին նման իրադարձություններ ցույց տալ ու պատմել, թերևս իր գործը դեռ չի սկսել, կամ սկսել է բայց...
Նստել ու չգիտեի թե ինչպե՞ս վարվել, այնպիսի տպավորություն էր, կարծես ներսս լքված մի բնակարան լիներ, որի բնակիչները լույսերը մարել, դուռ ու պատուհան ամուր փակել և դուրս էին եկել...Իսկ գուցե իրո՞ք չարժե գրել... Այդ ուժը գործում էր և կարևոր չէ, թե ի՞նչ ճանապարհով, բայց այդ պահին հաղթող դուրս եկավ...
Հաջորդ օրը, սովորույթի ուժով նույն նախապատրաստական քայլերով սկսեցի օրը...Ավելացել էր կասկածը...Առաջին քայլից զգացի նույն ուժի և վախի զգացողությունը: Թվաց, որ այդ աներևույթ ու անսովոր ուժն այս անգամ ոչ թե հայտնվեց, այլ կարծես սպասելիս լիներ: Պետք էր ինչ-որ բան ձեռնարկել, թեև չգիտեի թե ի՞նչ... Ճիշտ է, այդ ուժը վախ էր ներշնչում, բայց նաև ներքին ցանկություն կար պարզելու շուրջս կատարվող իրադարձության բնույթը, հասկանալ թե ի՞նչ է կատարվում: Միանշանակ էր, որ այդպես շարունակվել չէր կարող: Դանդաղ մոտեցա գրասեղանին ու աթոռը քաշելով նստեցի: Ինչպես արդեն ասել եմ, երեկ ցանկանում էի մանկական մի փոքրիկ պատմվածք գրել, իսկ այսօր ահա մոտեցել ու չգիտեմ թե ինչ եմ անելու, հարցը գրելը չէր, այլ դեպի գրելը տանող անվերջանալի դարձած ճանապարհի հաղթահարումը: Դեռ նոր էի նստել, երբ շուրջս կարծես մշուշ գոյացավ և մշուշի միջից որոշակիորեն լսեցի.
- Ջո՜ւր...
Ինչ-որ ծարավից թուլացած կամ հիվանդ մեկի ասես կողքիցս լսվող շշնջյուն էր... Մշուշը քիչ-քիչ նոսրացավ ու տեսա նաև հիվանդին... Աղքատիկ մի սենյակում պառկած, առաջացած տարիքի տղամարդ էր: Դողդողացող ձեռքը երկարել էր դեպի կողքի սեղանին գտնվող բաժակը, բայց չէր կարողանում հասնել:
- Ջո՜ւր,-դարձյալ շշնջաց նա: Մոտեցա սեղանին` բաժակը դատարկ էր...փորձեցի վերցնել, բայց ձեռքս անցավ բաժակի միջով` առանց որևէ արգելքի հանդիպելու:
- Ջո՜ր,-հազիվ շշնջաց հիվանդը, խնդրում եմ ջուր տուր, ծարավը խեղդում է ինձ:
Ակամայից շուրջս նայեցի, ոչ ոք չկար:
- Մի՞թե չես տեսնում, որ սենյակում միայնակ եմ, ջո՜ւր...
- Դու ինձ տեսնո՞ւմ ես...
- Իսկ ինչո՞ւ չպետք է տեսնեի, ճիշտ է հիվանդ եմ, բայց ոչ կույր,-պատասխանեց նա...
- Ներիր, բայց ինչպես տեսնում ես քեզ օգնել չեմ կարող.-շփոթվեցի ես:
- Այդ դեպքում ինչո՞ւ ես եկել...
- Չգիտեմ...Ես ցանկանում էի պատմվածք գրել, բայց ահա... Ինքս էլ չգիտեմ թե ի՞նչ կատարվեց, կամ որտեղ եմ հիմա: Շուրջս նայելով, նոր միայն տեսա, որ սենյակը գրեթե ամբողջությամբ լցված էր գրքերով ու այս ու այն կողմ թափված թղթերի կապուկներով:
- Ինձ օգնել չես կարող և որքանով հասկացա, քեզ նույնպես...Ես քեզ ճի՞շտ հասկացա:
- Ցավոք, կարծում եմ այդպես է...Ես ընդամենը ցանկություն ունեի պատմվածք գրել, մի փոքրիկ տղայի մասին, որն ազատություն գտնելու համար դուրս է պրծել հոր ձեռքից ու ամբոխի մեջ մոլորվելով` շվարած կանգ է առել...Այդքան երազած ազատությունը և...
- Հասկանում եմ,- խոսքս ընդհատելով ասաց նա,- իրականում ցանկանում էիր գրել ինքդ քո մասին, իսկ գուցե և ընդհանրացնելով պատմել մեր օրերում «ազատության պարգևած լույս ու ստվերի» մասին, բայց ինչպես տեսնում եմ, այդ փոքրիկ մոլորված երեխան հենց ինքդ ես, թեև պատմվածքում կփորձեիր ասել, իբրև թե աշխարհում ապրող ամեն մեկն էլ «հոր խնամակալ ձեռքը» բաց թողած, մոլորված երեխայի է նման: Իրականում ինքդ ես վախենում մենակ մնալուց ու եթե անգամ այդ մոլորված երեխայի նման բարձրաձայն լաց չես լինում, բայց պատմվածքդ հենց նույն լացն էր լինելու...Հասկանում եմ,- ապա մի փոքրիկ դադարից հետո շարունակեց,- իսկ այժմ մի բաժակ ջուր տուր, ծարավն այրում է ինձ:
Չգիտեի ինչպես վարվել, կանգնել ու լուռ նայում էի դեպի բաժակը ձգվող նրա դողդողացող ձեռքին:
-Դժվար է ինձ նայելը, այնպես չէ՞,- շշնջաց նա,- իսկ պատկերացնու՞մ ես, թե որքան ավելի դժվար է ծարավ լինելը...Իսկ այժմ ինձ մի բաժակ ջուր տուր, խնդրանքս մի մեծ բան չէ...Ջո՜ւր...
-Ներիր, բայց կարծում եմ, ինքդ էլ հասկանում ես, որ քեզ օգնել չեմ կարող...
- Այդ դեպքում ինչո՞ւ ես կանգնած մնացել, գնա այստեղից, հեռացիր...
- Չգիտեմ անգամ թե ինչպե՞ս հեռանալ,-տխուր ասացի ես:
- Ահա ՜թե ինչ... Այլապես վաղուց գնացած կլինեիր և գրասեղանիդ առաջ նստած մի փոքրիկ տղայի մասին պատմվածք կգրեիր, թերևս վերնագրելով «Ազատության գինը» այնպես չէ՞...Ջուր տուր, կամ հեռացիր, որպեսզի քեզ չտեսնեմ...լսո՞ւմ ես...գնա և մոռացիր ինձ, այլապես կփորձես նաև իմ մասին գրել: Գիտեմ թե ինչ ես գրելու, գիտեմ նաև, որ կփորձես քեզ արդարեցնելու համար ինձ մեղադրել: Գիտեմ նաև, թե ինչպես կվերնագրես իմ մասին գրված պատմվածքդ` «Անապատային ճակատագրով» կամ նման մի բան ու կպատմես ողորմելի մի ծերուկի մասին, առանց հիշատակելու, որ նա մի ամբողջ կյանք է ապրել, ծանոթ է գրեթե ողջ համաշխարհային գրականությանը և որն այժմ ծարավ է...Իսկ այժմ ինձ մի բաժակ ջուր տուր, ընդամենը մի բաժակ ջուր:
- Այս քո աշխարհն է, ու այստեղ իրականը դու ես, իսկ ես չգիտեմ անգամ թե ինչպես եմ այստեղ հայտնվել, առավել ևս ինչպես կարող եմ հեռանալ այստեղից:
- Վախեցիր, սարսափիր ինձանից, չէ՞ որ այստեղ հայտնվելուդ պատճառներից մեկը հենց վախդ հաղթահարելու անհաջող փորձն էր, և գուցե հենց վախդ էլ քեզ օգնի այն աշխարհը գնալ, որտեղ քեզ իրական ես համարում:
- Բայց ես չեմ կարող վախենալ քեզանից, առավել ևս քեզ նման վիճակում տեսնելով:
- Վախեցիր իմ անօգնական վիճակից, վախեցիր, որ մի օր ինքդ կարող ես հայտնվել նման մի իրավիճակում, երբ ձեռքդ կերկարես դեպի կողքիդ բաժակը և չես կարողանա հասնել...Գնա այստեղից, այլապես քիչ անց կասես նաև, որ բաժակը դատարկ է, հետո կհարցնես թե ինչքան ժամանակ է, որ գտնվում եմ այս վիճակում, իսկ ես կպատասխանեմ, որ արդեն չեմ հիշում, դու կզարմանաս, որովհետև մտքովդ չի անցնի, թե ի վերջո մարդը որքան կարող է ապրել նման վիճակում, իսկ հետո կհարցնես թե ինչո՞ւ. ինչպե՞ս...Մի խոսքով հիմար հարցեր, որոնցից շատերին ստիպված կլինեմ պատասխանել, ու այդ ամբողջ ընթացքում ինքդ քեզ հարց չես տա, թե ի՞նչ եմ ուզում այս հիվանդ մարդուց, մի՞թե նրա վիճակն այնքան լավ է, որ համառորեն փորձում եմ նրան բեռ դառնալ...Ահա թե ինչու եմ քեզ ասում, գնա այստեղից` հեռացիր ու ինձ հանգիստ թող:
Փորձեցի խոսել, բայց նա նորից ընդհատեց ինձ:
- Միայն դարձյալ չասես, թե չգիտեմ ինչպես եմ այստեղ ընկել, չգիտեմ, թե ուր պետք է գնամ. նմանատիպ հիմարություններ դուրս չտաս. լսեցի՞ր, եթե անգամ դու այդ ամենը չգիտես, ամենևին չի նշանակում թե կարող ես բեռ դառնալ ինձ, իսկ ես ծարավ եմ, դու ավելի լավ կլինի ինձ մի բաժակ ջուր տուր...
- Ինպե՞ս, մի՞թե դու գիտես, որ բաժակը դատարկ է:
- Ահա խնդրեմ, ասում էի չէ, կսկսես հիմարություններ դուրս տալ, մի՞թե չես տեսնում, որ ձեռքս երկարել եմ դեպի բաժակը, հուսով, որ այնտեղ ջուր կա և ծարավս կհագեցնեմ, իսկ դու՞... Չէ՞որ առաջին իսկ պահից տեսնում էիր, որ ձեռքս դեպի դատարկ բաժակն եմ տանում, բայց մինչ այժմ թաքցնում էիր, որպեսզի տեսնես իմ տառապանքը, դու այս ողջ ընթացքում տանջում էիր ինձ, և մի՞թե չէիր խղճում:
- Ներիր, բայց ես չէի համարձակվում քեզ ճշմարտությունն ասել, այս քո աշխարհն է, ես այստեղ հյուր եմ, ժամանակավոր, գուցե հենց հիմա անհետանամ նույնքան անսպասելի, ինչպես և հայտնվե՞լ եմ...
- Զուր հույսեր, դու այստեղից ոչ մի տեղ չես գնա: Մարդիկ պատահականորեն այստեղ չեն ընկնում, իսկ գուցե նաև, այդ ես եմ քեզ այստեղ բերել, ու առանց իմ կամքի այստեղից ոչ մի քայլ անգամ կատարել չես կարող:
- Այդ ինչպե՞ս...Մի՞թե դու կարող ես բռնի ուժով ինձ այստեղ պահել...
- Կարող ես չանհանգստանալ, ոչ մի կողմից էլ բռնություն չի լինելու: Ինչպես տեսնում ես ինքս հիվանդ եմ, իսկ դու պարզապես չես կարող ինձ անգամ դիպչել, ինչպես քիչ առաջ չկարողացար բաժակը վերցնել, մի մոռացիր, որ դու քո աշխարհում չես:
- Եթե անգամ այդպես է, այժմ ի՞նչ ենք անելու...
- Սկսեցի՞ր հիմար հարցերդ` ավելի լավ է այդ հարցը ինքդ քեզ տուր...Եվ հետո, այսքան ժամանակ պատմվածքիդ փոքրիկ տղայի նման շշմած ու մոլորված կանգնել ես կողքիս. ինչո՞ւ չգնացիր այս աշխարհն ավելի մոտից ծանոթանալու` ոչ վերև բարձրացար, ոչ ներքև իջար, չէ՞ որ կարող էիր շատ ավելին տեսնել. Իսկ թե կանգնել ես կողքիս, ինչու Պետրոս առաքյալի նման ինձ չես ասում.
«Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ, հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլիր»:
- Ներիր, բայց ես ինչպե՞ս կարող եմ նման բառեր ասել...Ես նման պարգևի չեմ արժանացել...Իսկ գուցե իմ ճանապարհը դեպի եկեղեցի չի տարել և ի վերջո...
-Բայց նա թույլ չտվեց շարունակել.
- Չեմ կարող...չեմ արժանացել...Իսկ ո՞վ է մեղավոր, որ դու չես կարող ու չես արժանացել. թող այդ մասին մտածեիր և ոչ թե նստեիր ու պատմվածք գրեիր... Թեև այժմ հասկանում եմ, թե ինչու ես այդ փոքրիկի ձեռքը բաց թողել: Պարզապես ցանկացել ես նրան անօգնական վիճակի մեջ դնել, հասկացնել, որ այն ամենն ինչը նա տեսնում է իր շուրջը` խաղալիքներ, քաղցրավենիքներ, խաղահրապարակներում խաղացող երեխաներ, այդ ամենն իրականում նրանը չեն, որ ազատությունը ոչինչ չի տալիս բացի ազատազրկության գիտակցությունից: Ա՞յդ մասին էիր ցանկանում գրել, թե՞ դու կորցրել ես դեպի երկնային արքայություն տանող քո ճանապարհը, չէ՞ որ ասված է. «...Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի...»: Ու ահա խնդրեմ. մանկանը կորցրել և թե իմանաս ո՜ւր ես ընկել...Ապա որոշ ժամանակ լռեց, ու ասես առաջին անգամ էր ինձ տեսնում, զարմացած հայացքն աչքերիս հառելով` հարցրեց.
- Լսիր, իսկ գուցե դու ա՞յլ պատիժ կրելու համար ես այստեղ հայտնվել... Փշրանքներ հավաքողների մոտ եղե՞լ ես:
- Ի՞նչ ես աչքերդ վրաս չռել, չէ՞ որ գիտես. ես առաջին անգամն եմ այստեղ լինում ու այն էլ շատ պատահական, իսկ ովքե՞ր են նրանք` այդ «փշրանքներ հավաքողները» և ինչու պետք է տեսնեի նրանց:
- Դու ի՞նչ է, քաղցածներին չե՞ս տեսել. անձամբ ես նրանց վիճակին չեմ նախանձում: Իսկ թե ովքե՞ր են նրանք. դե ինչպես ասեմ, կարելի է նրանց որկրամոլներ անվանել այդ մարդիկ իրենց ողջ կյանքն անցկացրել են այս ու այն կողմից թալանելով ու իրենց որովայնը լցնելով ու այժմ էլ նրանց սենյակների այս ու այն անկյունում փշրանքներ կան, որը նրանք հավաքում և բերանները տանելով փորձում են իրենց քաղցը հագեցնել, բայց ոչինչ չի ստացվում: Փշրանքները շատ մանր են, ու ավելի շատ իրենց քաղցն են գրգռում, քան հագեցնում են այն, ու այդպես` օր ու գիշեր...
- Ցանկանում ես ասել, որ չե՞ն քնում.
- Ի՞նչ քնելու մասին է խոսքը, երբ այդ ահավոր քաղցը տանջում է նրանց, նման վիճակում ինչպե՞ս կարող են քնել:
- Պարզվում է ո՞ր...
- Այո, ճիշտ է, ինքս էլ չեմ քնում, բայց շատ շուտով ձեռքս բաժակին է հասնելու և ես ծարավս հագեցնելով արդեն կքնեմ...Օ՜ ինչպես կքնեմ...գեղեցիկ երազներ կտեսնեմ. երազում կարող եմ ազատ վազել, թռչել, խոտերի ու ծաղիկների մեջ գլորվել ու հանգիստ պառկել տաք հողի վրա և քնել...Քնել...Ա՜խ, եթե միայն դու իմանայիր, թե ինչ երանություն ու բերկրանք է կյանքը...
- Ի՞նչ է, դու այստեղ պատի՞ժ ես կրում, ինչի՞ համար... Եվ նույն պահին սահմռկեցուցիչ մի միտք շամփրեց ուղեղս.
- Լսիր, մի՞թե դու դժոխքում ես, ու այժմ ես հայտնվել եմ...
- Չէ՞ որ քեզ զգուշացրեցի, հիմարություններ դուրս չտալ, իսկ դու ամեն մի սահման անցնում ես,-Ճչաց նա,-մի՞թե չգիտես, որ դժոխքին սատանան է դժոխք դարձնում` նրա սանձարձակ ու անօրեն իշխանությունը, իսկ այստեղ սատանան մուտք չունի, լսու՞մ ես, մուտք չունի... Ինչպես տեսնում ես, այստեղ մենակ եմ, մեն-մենակ ինքս ինձ հետ, այս դատի ամբողջ ընթացքում ես եմ դատավորն ու դատապարտյալը, իսկ թե ինչով կվերջանա դատավարությունը դեռ ինքս էլ չգիտեմ:
Գուցե և դատը դեռ չի ավարտվել, բայց դու արդեն...
- Դե ինչպես ասեմ, գուցե և պատիժ եմ կրում, թեև ես այն համարում եմ կյանքիս օրինաչափ ընթացքը, ու ինչպես տեսնում ես չեմ բողոքում, չեմ տրտնջում, որևէ մեկին չեմ մեղադրում,- ապա զննող հայացքով ինձ նայեց ու ասաց,- խնդրում եմ կռացիր և մահճակալիս տակը նայիր:
Մահճակալի տակը նայելով ապշանքից քար կտրեցի: Ասես անթիվ ու անհամար դատարկ շշեր էին: Ամենաբազմապիսի շշեր, որոնք, չգիտես ինչու, բոլորն էլ առանց պիտակների էին:
- Այս ի՞նչ է, մի՞թե այս բոլորը դու խմե՞լ ես:
- Կարող ես համարել նաև, որ խմել եմ, բայց ես ընդամենը փորձել եմ ծարավս հագեցնել, չգիտեմ այդ ծարավը դու ինչպես կանվանես, գուցե ցանկությունների, վայելքների կամ երանության, ինքս` կյանքի և գոյության ծարավ եմ համարում:
- Իսկ այս շշերն ինչու՞ են առանց պիտակների:
- Այո, կար ժամանակ երբ ձեռքս էի վերցնում նրանք տարբեր պիտակներ ունեին, մեկը թանկ էր, մյուսն էժան, մեծ կամ փոքր, երկար ու կարճ, բայց ժամանակ անցավ, ու նրանք ընդամենը դատարկ շշեր դարձան ու նրանցից և ոչ մեկը ծարավս չհագեցրեց, ներսս «հորդացող աղբյուր» չդարձավ... Ու ինչպես տեսնում ես հենց այդ դատարկ շշերի վրա էլ պառկած եմ...Նա լռեց, ապա զայրացած ինձ նայեց. Դու ի՞նչ է, հարցաքննության համար ես այստեղ եկել, ինքդ քո մասին հոգ տար, որ պատմվածքդ այդպես էլ չես գրելու, իսկ իմ մասին գրել թող մտքովդ իսկ չանցնի, որովհետև եթե անգամ ինձ իմ մահճակալով հանդերձ հետդ տանես, միևնույն է քեզ ոչ ոք չի հավատա: Բայց մյուս կողմից իմ շատ պե՞տքն է թե քեզ կհավատան թե ոչ...Ինչու՞ ես այստեղ եկել...
- Չէ՞ որ քեզ արդեն ասել եմ , որ ցանկանում էի...
- Թող չցանկանայիր,- զայրացած ընդհատեց նա, մի՞թե չէիր զգում նրա ներկայությունը, թող գրասեղանին չմոտենայիր... Մի սրան տեսեք, պատմվածք է գրում, ու այն էլ մի փոքրիկ տղայի մասին, ի՞նչ է կարծում ես մարդիկ այդ մանկական հարցերից զատ, ուրիշ հոգսեր չունե՞ն:
- Ներիր, այդ ո՞ւմ ներկայության մասին ես ասում, որովհետև գրելիս, կամ ավելի ճիշտ երբ ցանկանում էի գրել, ինչ-որ ուժ կարծես խանգարելիս լիներ...
- Դու ի՞նչ է, չտեսար նրան... Առաջին հայացքից կարծես պատառոտված օրաթերթերի հավաքածու լինի, բայց ամեն մի մետաղից էլ ամուր է, կարծր ու վտանգավոր, որովհետև այնքան է ծանրացել, հազիվ է թռչում, իսկ թռչելիս էլ այնքան ցածր, որ նրանից պաշտպանվելու համար կարող է նաև խոնարհվելը քիչ լինի, շատերը պառկում ու սեղմվում են գետնին...Իսկ նա միևնույնն է մինչև իրենը չվերցնի չի հեռանա...Այդ ասելով նա սկսեց, իսկ ավելի ճիշտ կլինի ասել փորձեց ծիծաղել, որովհետև ծիծաղի հետ սկսեց հազալ ու ողջ մարմնով ցնցվել: Դժվար էր նրան այդ վիճակում տեսնելը, իսկ նա ծիծաղում էր, հազում, ցնցվում, գալարվում և չէր դադարում խոսելուց.
- Նա ձեր մտքերի և ցանկությունների աղբն է, ձեր հպարտության անտեսանելի հայելին, որի մասին չեք հոգում, դուք միայն տեսանելի աղբն եք հավաքում, իսկ ահա ձեր աչքերի համար անտեսանելին շատ ավելի զզվելի է ու վտանգավոր, որը չգիտես ինչո՞ւ բնավ ձեզ չի մտահոգում...Այն շաղախված է ձեր վայրի կրքերի, արյունոտ վայելքների ու մթին ցանկությունների լորձանքներով, բայց որին անտեսնում եք... Շատ է զզվելի, այնպես չէ՞... Թվում է մարդիկ պետք է փախչեին, հեռանային նրանից, բայց հակառակը, ոմանք սնում և սնվում են նրանից: Ամեն օր ու վայրկյան մարդկային հպարտությամբ ներարկվում և ծանրացնում են նրան: Այն նմանվել է ձեր ռումբերին, ուր ամբարվում են միմյանց նկատմամբ մարդկանց ունեցած չարությունն ու ատելությունը և որը վաղ թե ուշ կպայթի ձեր իսկ սարսափից... Եվ գիտես թե ի՞նչ է նրա անունը` «Հավաքական մարդկային ԵՍ»:
- Ցանկանում ես ասել...
- Այո ես ցանկանում եմ ասել, որ «Մեռածների արյամբ պղծվեցին այնպես, որ նրանց հագուստները հնարավոր չէր մաքուր վիճակում նրանց վրայից հանել»:
Հետո միանգամից լրջանալով սևեռուն ինձ նայելով` ասաց,- Գիտե՞ս ինչ, ինձ թվում է, որ դու ամեն դեպքում այստեղից չես գնալու, գուցե ոչ ինձ մոտ, կամ այդ փշրանքներ հավաքողների, բայց միևնույն է դու այստեղից դուրս չես պրծնի: Ապա որոշ դադարից հետո դարձյալ ակնապիշ ինձ նայելով շարունակեց:
- Իսկ այն «երջանիկների» մոտ եղե՞լ ես...
- Արդեն քանի-քանի անգամ ասել եմ, որ այստեղ երբևէ չեմ եղել...
- Այդ ու՞մ վրա ես ձայնդ բարձրացնում,- զայրացավ նա:
- Կներես, գուցե իրոք ձայնս քիչ բարձրացրեցի, բայց...Իսկ ովքե՞ր են այդ «երջանիկները», - ներողամիտ ինչ-որ ժպիտով հարցրեցի ես:
- Ահա՜ թե ինչ, դու դեռ նրանց չես տեսել, կարծում եմ իսկական քո տեղն է` ողջ օրը երջանիկ ման կգաս: Բերանդ կիսաբաց կլինի, աչքերդ չռված ու դեմքիդ այդ հիմար ժպիտն ու երանությունը: Հետո նա դարձյալ սկսեց ծիծաղել, ու դարձյալ հազի և ցնցումների միջից շարունակեց: - Իսկ գիտես, որ նրանք հիմարներ են...հիմարներ...Նրանց չռված աչքերն իրականում ոչինչ չեն տեսնում, ականջները չեն լսում, և միանգամայն նույնն է ծաղկած պարտեզում զբոսնում են, թե խարխափելով քարշ են գալիս գարշահոտ մի հորում... Նրանք երջանիկ են, լսում ես, երջանիկ...ինչպիսին դու կլինես նրանց հետ շրջելիս... Հիշի՛ր, աղքատ ու անօրեն երկրում, ուր մարդիկ սկսել են վախենալ ազատությունից և շղթայված են իրենց կորուսյալ հույսերի ու անդուլ տառապանքների շղթաներով, փախչել իրականությունից և հարստության, վայելքների ու երանությունների ծովում սուզվելով թաքնվելն ու երջանիկ ձևանալը, մե՛ղք է, և մե՛ծ հիմարություն...Հազը սկսեց խեղդել նրան... Գուցե նաև սխալվում եմ ես, բայց...
Գնալով նրա հազն ուժգնանում էր, իսկ մարմինն այնպես էր ցնցվում ու գալարվում, որ նրան նայելիս արդեն շնչահեղձվում էի, դժվար էր, և մի կողմ քաշվելով մոտեցա գրասեղանին ուր բազմաթիվ գրքերի կողքին բաց Աստվածաշունչ էր դրված ու կարդացի. «Ցածրացրեց նա երկինքն ու իջավ և նրա ոտքերի տակ մառախուղ էր...»
Քիչ անց սենյակը լցվեց մշուշով, նրա ձայնն արդեն չէր լսվում, փոխարենն ամենուր օգնություն աղերսող ձայներ էին...ամենուրեք լսվող աղիողորմ աղերսանքներն ինձ կարծես դեպի մշուշ էին տանում: Հազիվ էի ինձ զսպում թանձրացող մշուշի մեջ չնետվելու համար, երբ այդ պահին մանկական տաք մատներ ամուր բռնեցին ձեռքս.
- Մառախուղի մեջ մտնելը վտանգավոր է, քիչ անց Տիրոջ ոտքերի տակից այն կանհետանա` իր հետ տանելով մառախուղում գտնվողներին: Զարմացած նայեցի ձեռքս բռնող տղային... Նա ժպտաց ու ինձ մի կողմ քաշելով ասաց.
- Դու ինձ չէիր կորցրել, այլ նոր միայն սկսել էիր փնտրել, ու ահա ես քեզ գտա...
Մշուշը գնալով սկսեց նոսրանալ, իսկ երբ այն անհետացավ, ես միայնակ էի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0