Աղվեսն ու ոզնին
Աղվեսն ասավ՝
― Հե՜յ վախ, ավա՜ղ,
էլ մարդ չկա աստվածավախ,
էլ մարդ մարդու չի հավատում,
Ասես գայլ են անապատում։
Ոզնին ասավ՝
― Ո՞նց թե չկա,
Հավատում եմ, աստված վկա։
― Բայց գիտե՞ս որ,―աղվեսն ասաց,―
Սանձվել է կռիվն անսանձ,―
Ամեն մի թուր պատյան դրվեց,
Վագրի հետ էլ դաշն գրվեց՝
Հարյուր տարվա խաղաղության,
Բաց թող դուռը դու էլ քո տան։
էլ փուշ նետերն ի՞նչ ես անում,
էլ ինչո՞ւ ես զինված մնում,
Ինչի՞դ են պետք, երբ քեզ վրա
Ծանր բեռ են զենք ու զրահ։
Եվ հավատաց
Ոզնին զինված,
Հանեց իր փուշ-զենքն ու զրահ՝
Դարձավ մի գունդ
Հեք մսագունդ,
Աղվեսն ընկավ ոզնու վրա
Եվ մի բերան արավ իսկույն․․․
Անփուշ, անզեն, հիմար ոզնուն․․․
Քանի չար կա երկրի վրա՝
Պիտի հագնես զենք ու զրահ։