СТАНЬ VIP

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Сообщение Harutin » 26 сен 2010, 09:20

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ
Anush Aslibekyan.jpg
Anush Aslibekyan.jpg (9.87 кб) Просмотров: 2122
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Сообщение Harutin » 26 сен 2010, 09:21

Անահիտը… Լանդան… եթե….


Անահիտը:
23 տարեկան է:
Չգիտի:
Եթե…
Մայրիկը` կանացի է, ինչպես կատու, եղբայրը` հավատարիմ, ինչպես …, Անահիտը: Հա՞յրը…
Անահիտը սիրում է: Անշուշտ: Մորը` ինչպես իդեալ, եղբորը` մայրաբար, հորը` …էր: Նա պետք է գործ անի. հատակը փոշոտ է, ապակիներին անձրևից մնացած հետքեր կան, կահույքը չի փայլում, լվացքը կուտակվել է: Ուրիշ ո՞վ պիտի անի: Պետք է գործ անել, երբ տանը մարդ չկա, երբ մայրն աշխատանքի է` տնօրեն է, ինչ-որ լքված հաստատությունում, եղբայրը մի բան կգտնի անելու, հայրը ինժեներ էր, միշտ տխուր կապույտ աչքեր ուներ: Թողեց Անահիտին, մահացավ, տխրությունն էլ հետը կտակեց` դաջված կապույտ աչքերում, գնաց: Անահիտը չէր ուզում, հիմա ուրախ է, որ հորից հիշատակ ունի, նրա մոտ ոչինչ ավելի լավ չի ստացվում, քան տխրելը, քան հոր առնական գեղեցկության կանացի չքնաղ արտացոլանքի տիրուհին լինելը: Բայց այդ ամենը հրատապ չէ, դա միշտ իր հետ կլինի: Հիմա հարկավոր է շտապել, հարկավոր է ջնջել կահույքից եղբոր մատնահետքերը, հայելուց` մոր շրթներկի բծերը, ապակուց` անձրևի հետքերը, հատակից` սեփական ոտնահետքերը: Լավ է, բայց Անահիտը չի կարող, չի ուզում, չպետք է այդքան շուտ ավարտեր: Լռությունը կճչա, անահիտը ճիչերից խենթանում է: Հարկավոր է ամեն ինչ վերսկսել, ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ հետք անկասկած թաքնվել է, մինչև առաջին դռան զանգը: Անահիտը տրորելով սեփական ոտնահետքերը` մոտենում է դռանը: Տուն են գալիս կատու-մայրիկը` փաղաքուշ ժպիտով, հոգի եղբայրը` հոգնած-անժպիտ, Անահիտը` հայրիկի արտացոլանքն աչքերում` չորսով սեղանի շուրջ, ուրախ, լուռ, միասին, լուռ:
Երեկոյան:
Հեռուստացույցը` փաղաքուշ կատվիկի դիտակետից, գլխիկոր եղբոր անթարթ հայացքի հետևում աներևույթ, Անահիտի ապակե աչքերում քարացած. հայրիկը չի սիրում հեռուստացույց դիտել: Հայրիկը այսօր խոսել չի ուզում: Չորսով հեռուստացույցի դիմաց, ուրախ, անթարթ, անհայացք: Մինչև լույսը բացվի: Ամեն ինչ լավ կլինի առավոտյան: Երեկոները միշտ ձանձրալի են, այդպես է: Պետք է ինչ-որ բանով զբաղվել մինչև լույսը բացվի, առավոտյան բոլորը կգտնեն իրենց երջանկությունը:
Վաղը:
Անահիտը ասում է` ի՞նչ պիտի անեին հետքերն առանց ինձ, մտածում է.»Ի՞նչ պետք է անեի առանց հետքերի»: Մայրը` ի՞նչ պետք է անեին այդ հաստատությունում առանց ինձ, մտքում` «Ի՞նչ էի անելու առանց այդ հիմնարկության», եղբայրը` ինչ էին անելու օրավարձով գործատուներն առանց ինձ, մտքում` «Ի՞նչ էի անելու առանց նրանց», աչքերը` ինչ էի անելու առանց Անահիտի: Ինչ էր անելու տառապանքն առանց մեզ: Բոլորը` սեղանի շուրջ, կին-կատուն ճաշակում է` մեկ երկու գդալ, եղբայրը` լավ է բուրում, Անահիտը…. չորսով…. մինչև վաղը…
Ես քեզ համար շուն կբերեմ, Անահիտ: Ո՞նց ենք պահելու` մտածում է Անահիտը,- ո՞նց կապրի խեղճ անտեր կենդանին առանց մեզ: Բեր` ասում է եղբորը:
Լանդան:
Ամեն օրվա պես սպասումով, ուրախ, լիքը առավոտ, լիքը փոշի, լիքը մատնա հետք, հիմա էլ ոտնահետք, չէ` թաթահետք, ամենուր լիքը, ուրախ, ծիծաղելի Լանդա: Լանդան հիմա գիտի, ամեն ինչ հասկանում է, շափազանց կարևոր է հնարավորինս շատ թափառել մեկ սենյականոցում. որքան շատ քայլի, այնքան շատ թաթա, ներեցեք` ոտնահետք, այնքան բովանդակալից օր Անահիտի համար: Լանդայի հայտնվելուց հետո Անահիտը 4-ի փոխարեն երեք անգամ է հավաքում տունը, քանի որ շատ են հետքերը և նա հազիվ է հասցնում երրորդ անգամ փայլեցնել հատակը մինչև կգան բոլորը: Իսկ Լանդան ինքնագոհ նստում է բազմոցին, աթոռին բազկաթոռին, մինչ Աանահիտը հատակն է մաքրում: Լանդան մի փայլուն սովորություն էլ ունի, նա սիրում է էլեկտրական սալիկին նստած սպասել, քանի դեռ հովհարային անջատումներ են. քարը տաք է ու կտաքացնի Լանդայի շիկա-շականակագույն փորիկը: Դա այնքան հաճելի է, որ Լանդան հերոսաբար հաղթահարում է այն անսպասելի պահի սարսափը, երբ բոլորովին պատահական մի ժամի հոսանքը կմիանա, ու վայրկենական կարմրած էլեկտրական սալիկը դանակի պես կշամփրի Լանդայի մարմինը` մետաքսանման մորթուց ծուխ, աչուկներից արցունք, դառը ճիչ ու վնգստոց կորզելով խեղճ շնիկից: Բայց դա իր լավ կողմն էլ ունի` Անահիտի անհրաժեշտությունը մեկ անգամ էլ շեշտվում է. նա ամեն նման պատահարից հետո մաքրում է սալիկի մակերևույթը վառված մորթուց ու Լանդայի մարմինը` այրվածքներից: Մինչև որ մայրիկը` նազանքով, եղբայրը` անշտապ, հինգով` սեղանի շուրջ:
Նոր օր:
Առավոտյան բոլորովին նոր օր սկսվեց: Մայրիկը համբուրեց` հեռացավ, եղբայրը գգվեց, դուրս եկավ, Լանդան սարսափահար նստեց սալիկին, Անահիտը գուլպա է գործում: Մայրիկը` շատ է սեթևեթ, չի հագնի, եղբա՞յրը, շատ են փոքրիկ նրա համար, երրորդ գուլպան ինչի՞ համար է, չորրորդը՞:
- Լանդա', ինձ մո'տ:
- Ես իհարկե անչափ զգացված եմ նման ուշադրության համար, բայց նախընտրում եմ ոտաբոբիկ հետքեր թողնել քո փայլեցրած հատակին:
- Լանդա, քեզ չեն հարցնում:
- Սա տղամարդկանց իրավունքների ոտնահարում է:
- Լանդա, սա նրա համար է, որ այլևս ոտնահետքեր չթողնես, ես չեմ կարող ամեն օր դրանով զբաղվել: Հասկանու՞մ ես, առավոտյան անձրևից ապակիները փայլեցնելուց հետո դարձյալ անձրև է եկել, ես պիտի երկրորդ անգամ էլ փայլեցնեմ, ժամանակ չունեմ այսօր ոտնահետքերի համար, Լանդա:
- Ես առարկում եմ, օրիորդ Անահիտ, կտրուկ դեմ եմ: Սա բռնություն է վերջապես:
- Խնդրեմ ձեր չորրորդ թաթն էլ: Սա էլ ռեզիններ, որ չկարողանաս հանել: Դե գնա', կարող ես զբոսնել` որքան ուզում ես:
- Ատում եմ այս բրդե ձեռնոցները… Հը՞, կարծես այնքան էլ վատ չէ… աաաաաաաաաա, օգնեցե՜ք, սահում է, Անահիիիիիիիիիիիտ…..
- Լանդա, տարերքի մեջ ե՞ս, սահադաշտ չէ քեզ համար, կա'նգ առ:
- Անահիտ, ձեռքդ մեկնիր, չե՞ս տեսնում, չեմ կարողանում, ես հիմա կընկնեմ, հարկավոր չէր այսքան փայլեցնել հատակը:
- Լանդա, վե'րջ տուր ասում եմ, քեզանից չմշկասահքի չեմպիոն դուրս չի գա: Լանդա՞….. այդ ե՞րբ ես հարբել, որտե՞ղ, ու՞մ հետ սրիկա:
- Չեմպիոն` չէ, բայց հատակին սվաղված պատռած փորով շան գորգ` հաստատ: Չկանգնես վրաս, ես գորգ չեմ, Լանդան եմ: Զգու'յշ: Աաաաաաաաաաաաա:
Սպասում:
Լանդան զբոսանքից հետո հնազանդորեն և արժանապատվորեն մեկնում է թաթերը տիրուհուն, ով տղամարդու համառություն ունի: Լանդան չի ներում նրանց: Չի ներում տանտիկնոջը, որ նման է կատվի, չի ներում եղբորը, որ իր բախտակիցն է:
Անահիտը աշնանային այդ ցուրտ օրվա ընթացքում երրորդ անգամ ապակիները սրբելուց հետո շորը ձեռքին նստած սպասում է չորրոդ անձրևին: Վերջապես: Անահիտը ոտքի է կանգնում: Լանդան հերթական ստրեսն է տանում սալիկին նստած: Անձրևը երկարում է: Անահիտն սկսում է անհանգստանալ, չի հասցնի սրբել մինչև բոլորը գան: Անձրևն ուժգնանում է, Լանդան ավելի ամուր է սեղմվել Սալիկին: Անահիտը չի համբերում: Լուսամուտը բացում է, վազում է ձեղնահարկ, փորձում է ներծծվել անձրևով` որքան դրա հնարավորությունը կընձեռի իր լիքը կազմվածքը, որ անձրևը շուտ սպառվի: Անահիտն ամձրևը տեղավորում է իր երկար, բաց շականակագույն, հորից ժառանգություն ստացած մազերում, կատու-մայրիկից նվեր` փարթամ, շատ փարթամ կրծքում, պարզվում է` անչափ գայթակղիչ մարմնի շքեղ անցումներում: Անահիտը աջ ու ձախ պտույտներ է գործում անձրևն ամբողջությամբ կլանելու համար: Կողքի պատուհանից հարևանուհին ձեռք ու ոտքով հանդիմանում-զայրանում է, ներս է կանչում Անահիտին, իբր` խե՞նթ ես, աղջիկ: Ձեռքը հուսահատ թափ է տալիս: Ժպտում: Ասենք` Անահիտը նրան սովոր է: Նա Անահիտի մշտական հանդիսատեսն է, անդավաճան հանդիսատեսը, տարօրինակ հանդիսատեսը, որ թաղամասում տարածել է, իբր այս խեղճ աղջիկը տարօրինակություններ ունի: Իբր անձրևոտ օրերին խելագարի պես տանիքին պարում է անձրևի տակ, իբր ուշգիշերներին ձեղնահարկում փարթամ կուրծքը դեմ է անում լիալուսնին ու ինչ-որ բան է քրթմնջում նրան: Իբր հոգիների հետ կապ ունի:
Այսօր արտառոց օր է: Անահիտի պլանները խախտվել են, բոլորը վաղուց տուն են եկել: Անձրևը չի դադարում, Անահիտում էլ տեղ չկա անձրև տեղավորելու, այն արդեն առատորեն թափվում է նրանց /իր և հոր/ ակնաբիբերից: Լանդան սալիկից դեռ չի թռել շանթահարվածի պես, իսկ հոսանքը վաղուց արդեն տվել են: Նա այլևս ի վիճակի չէր կրել այդ գուլպաները. հերոսաբար ինքնասպան եղավ: Անահիտը վաղը շատ գործ կունենա` սալիկը մաքրելու վրա մի ամբողջ օր կգնա: Հետո կգա մայրիկը, գոհ որ ստիպված չէ այլևս շան հոտ հանդուրժել տանը, եղբայրը` դժգոհ չէ, որ էլ չի տեսնի իր պես թշվառ ևս մեկին, Անահիտը` ծով կապույտ աչքերով, հայրիկը` Անահիտի Աչքերում, Լանդան` Անահիտի գոգին նստած որպես խարան : Վաղը: Եթե…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Сообщение Harutin » 26 сен 2010, 09:22

Կարմիր կոշիկները կամ Պարզապես…ընդհանրապես Ալիս


Ես կինոռեժիսոր եմ, արդեն քանի տարի է` փնտրում եմ Ալիսին:
Այն ժամանակ չէի ուզում լսել ինչ-որ մեկին, ով ասաց, որ Ալիս կա, որ ինչ-որ տեղ նա ապրում է, որ միգուցե դեռ չի ծնվել, կամ ինչ-որ տեղ ամեն օր գնում է աշխատանքի, ասենք` հացաբուլկեղենի խանութում խոնավ աչքերի առինքնող ժպիտող խմորեղեն է վաճառում անցորդներին, կամ դրամարկղում ամեն Աստծո օր հաշվում է օտարների գումարները, ոչ ոքի չի ժպտում, երբեք չի անհանգստանում իմ մասին, որ նրան չեմ գտնում, կամ դերասանուհի է, ամեն երեկո կերպարանափոխված հույզեր է հղում բեմից մարդկանց, ինքը իրական հույզեր չունի, չի մտածում, որ ես դահլիճում չեմ:
Ես ամուսնացած եմ: Ես չեմ ասել, որ սիրում եմ կնոջս: Ես նրան ասել եմ, որ ինչ-որ տեղ ապրում է Ալիսը, և որ եթե համաձայն է ինձ հետ նրան փնտրել, թող գա ինձ հետ: Եկել է: Միասին հաճախ խանութներում, սրճարաններում, փողոցներում նրան փնտրելիս շփոթել ենք տարբեր կանանց ու աղջիկների հետ, նա է` ասել է կինս հաճախ, տե'ս, քո Ալիսն է: Չէ, նման է , նա չէ:
Կինս մի օր նայեց ինձ, ասաց` հղի եմ: Առանց երկար մտածելու դրամապանակս հանեցի, թղթադրամները գցեցի սեղանին, ասացի` երեխայի ժամանակ չկա, Ալիսիսն պիտի գտնենք: Գումարը վերցրեց, ես անգամ չհասցրի տեսնել, որ նա տխուր է: Գնացի կայարան, տոմսավաճառուհու դեմքը ծանոթ թվաց, ասացի, դուք Ալիսը չե՞ք, գոնե` նրա ազգականուհին, ասաց` ոչ մի Ալիս օրումս չեմ ճանաչել: Տոմս գնեցի, նստեցի առաջիկա գնացքը, մեկնեցի ինչ-որ քաղաք, կայարանում փնտրեցի` չէ: Քաղաքում մնացի մեկ շաբաթ` չէ: Փնտրեցի-փնտրեցի, հարցրի-հետաքրքրվեցի` չգտա: Չէ: Անտրամադիր վերադարձա տուն, կնոջս փորը մեծացել էր, հագին նոր, կարմիր կոշիկներ էին: Ես անգամ չհարցրի` որտեղից: Նա հանդուգն նայեց ինձ` իբրև թե լա'վ եմ արել:
Ես փակվեցի իմ սենյակում, մոռացա, ննջեցի: Արթնացա կնոջս ճիչից, ասաց` ոսկեմազ աղջիկ ենք ունեցել: Ասացի` չեմ հավատում, դու սև մազեր ունես, Ալիսն է շիկակարմիր: Այդ նորածին աղջկա համար ժապավեններ գնեցի, դեղին բադիկներ, վարդագույն շրջազգեստներ: Աղջիկը շիկահեր էր, շարունակ հիշեցնում էր Ալիսի մասին: Հետո կինս եկավ, ասաց` գնանք ամառանոց, ծիրանը հասել է: Համաձայնեցի, զարմացավ-ուրախացավ, չհասկացավ, որ հովեկների մեջ Ալիսին էի փնտրելու: Ավտոբուսի մեջ լայնեզր գլխարկով մի կին կար ամուսնու, թե ընկերոջ հետ, կինս ասաց` լսիր, իսկը Ալիսն է, հարցնե՞մ: Առանց համաձայնությունս ստանալու հարցրեց, մտահոգ վերադարձավ, թե` ասում է քրոջ անունն է, բայց վերջում ա կա(Алиса) և սևահեր է:
Կյանքը սիրում եմ: Արժե ապրել մոտ հինգ հարյուր տարի, թեկուզ և փնտրելու համար: Կյանքը տաղտուկ չէ, ես չեմ դժգոհում: Կնոջս հետ երբեմն խաղում ենք, վատ չէ, քանի որ չգիտեմ ինչպես է լավ լինում, լավ չէ, քանի որ գիտեմ, որ լավ է լինելու… Ալիսի հետ: Կնոջս կարմիր կոշիկների կրունքներն սկսեցին մաշվել, քթերն սկսեեցին հարել բթամատը: Եկավ կանգնեց դռանս առաջ, դուռը թակեց, ննջել էի, կոտրեց-ներս ընկավ, ճչաց` մեր աղջկան ճանաչում ես՞: Ասացի` նա գիտի՞ որտեղ է Ալիսը, ասաց` ոչ, չգիտի, բայց երբ տեսնի, կարծում եմ առաջին հայացքից կճանաչի: Մեր աղջկա ձեռքից բռնեցի ճանապարհ ընկանք, կինս չկարողացավ գալ, կոշիկները նեղում էին: Ճանապարհին աղջիկս հոգնեց, նստեցինք մի տեղ ճաշելու, նրան առաջին անգամ տեսա, գեղեցիկ է: Ասացի բարև, հայրդ եմ, քրքջաց, ասացի չես նեղացե՞լ, ծիծաղեց: Ամուր գրկեցի, մոռացա ինչու էինք դուրս եկել:
Փոքրիկս սկսեց խաղալ այգում, ես տարվել էի իմ դեռևս չծնված ֆիլմով, որի հերոսուհուն ոչ մի կերպ չէի կարողանում գտնել: Դա մի տխուր ու արյունոտ ֆիլմ էր լինելու, մահերով ու բաժանումներով, իրական ու երևակայական դրվագներով: Սցենարը հստակ էի պատկերացնում, այդ սցենարով կարճամետրաժ ունեի, լիամետրաժի համար նոր հերոսներ էի մտովի հորինում: Ամենակարևորը գլխավոր հերոսուհին է, նրան միայն Ալիսը կարող է խաղալ: Կարող եք հեգնել, բայց նա գեղեցիկ պիտի լինի ու, անպայման, լայնեզր գլխարկով: Մեկ բան էլ է հստակ` բոլորը ատում են, երբեք չի սիրել, բայց մի օր…..
Լսեցի աղջկաս աղեկտուր լացը` խաղալիս ընկել էր ասվալտին, ոտքը վնասել էր, առատ արնահոսում էր: Անցորդ կինը, որ ոչ լայնեզր գլխարկով էր, ոչ առանձնահատուկ գեղեցկությամբ էր փայլում, ոչ հակակրելի էր, ոչ էլ, հստակ է, Ալիս անունն էր կրում, բարձրացրեց դստերս, կողքի ցայտաղբյուրի ջրով լվաց վերքը, պայուսակից վիրակապ հանեց ու արագ վիրակապեց: Աղջիկս գրկեց նրա պարանոցը, լացը դադարեցրեց, արցունքն աչքերին ժպտաց ու նրան ասաց` մամա: Կնոջը հրավիրեցի սուրճի: Երեխան լուռ ու հանգիստ կնոջ կողքին նստած նարնջահյութ էր խմում: Կինը հանդիմանեց, որ երեխային հսկելու փոխարեն լուսնոտի պես աշխարհից կտրվել էի: Ասացի` կինոռեժիսոր եմ, նոր ֆիլմովս էի տարվել, ինչ-որ մեկին եմ փնտրում:
Ասաց` երեխան քնել է ուզում, տուն տար, ասացի տուն չունեմ, կամ հասցեն մոռացել եմ…
Հաջորդ օրը եկա նույն սրճարան, կնոջը գտա, հարցրեց` ինչի՞ մասին է ֆիլմդ:
-Աշխարհի բոլոր զրույցների:
-Ինչու՞:
-Ուզում եմ լսել,-պատասխանեցի:
-Ինչու՞ ես ուզում լսել աշխարհի բոլոր զրույցները:
-Որ հասկանամ:
Լսեց, լռեց, մտածեց:
- Ե՞րբ ես նկարելու…
- Պատրաստվում եմ…. քեզ հետ ուզում եմ անկեղծ լինել, երևի` երբեք, ես միշտ պատրաստվում եմ, և երբեք ավարտին չեմ հասցնում:
- Ինչպես օրինակ…
- Կասե՞ս, որ մարզիկ եմ եղել, իսկ ես եղել եմ, լավ ըմբիշ էի, տեսականորեն: Սովորեցի ըմբշամարտի բոլոր կանոնները, բայց այդպես էլ որևէ մեկի հետ պայքարի չբռնվեցի:
Որոշեցի դերասան դառնալ, սովորեցի թատերական բուհում, բայց այդպես էլ բեմ չբարձրացա: Դասախոսներս ասացին` չէ, դու իսկը ռեժիսոր ես, կուրսեր անցա, բայց այդպես էլ գլխավոր ֆիլմս չնկարեցի: Հա, հետո կարող եմ անվերջ սցենարներ գրել սիրո մասին, բայց այդպես էլ չսիրեցի:
-Բայց ինչու՞:
-Որովհետև բերան չունեմ: Երազում, ես ինձ երազում միշտ անբերան եմ տեսնում: Կյանքից վերցնել չգիտեմ:
- Երդվիր, որ ինձ չես սիրում:
- …Ներիր, եթե վիրավորել եմ:
- Դեռ ոչ, բայց այդպես էլ կլինի, ուրեմն պիտի երդվես:
-Իհարկե, ձեռքս սրտիս երդվում եմ:
-Չէ', գրի'ր իմ նոթատետրում ու ստորագրիր /մի՞թե գրում է, լավ ձեռագիր ունի, խրթին ստորագրություն` ասացին աչքերը/ - Իսկ որտեղի՞ց վերցրիր….
-Քրիստոսից` ասացի:
-Դրամատիկ է:
-Հայրիկից է: Նա դրամա ուներ, դրա համար մարդիկ պատկառում էին, կամ սիրում, չգիտեմ: Ինձ էլ դուր եկավ այդ կարգավիճակը, որդեգրեցի, որ ինձ էլ սիրեն::Ափսոս, ստացվեց, սիրեցին:
-Ինչու՞ չես ուզում որ քեզ սիրեն
-Որ դիմադրությունս չվարանի:
-Էլ ինչ՞…
- Կանայք ասում են, որ սիրել չգիտեմ:
- Հետաքրքիր է,- ասում է կինը, -տղամարդիկ ինձ ասում են` դու սիրել չգիտես:
Սիրով զբաղվեցինք: Ու էլ չկարողացանք խոսել: Մինչև լույս իրար դիմաց նստած լռեցինք: Առավոտյան աչքերս թարթեցի: Ապշանքից կարկամեցի, նա կին չէր, նա դեռահաս աղջնակ էր: Որքան գեղեցիկ էր, օրումս նման չնաշխարհիկ կույս չէի տեսել: եվ որքան կսազեր նրան լայնեզր գլխարկ և մի անուն, որը մտքիցս թռել էր, բայց զուգորդվում էր նրա խորունկ հայացքի հետ: Հիշեցի: Մտածեցի` նույնիսկ նման է նրան, երանի Ալիսը լիներ: Աղջիկս զանգեց` հայրի'կ, Ալիսին գտել եմ, ինձ թվում է Ալիսն է: Հիմա ֆիլմդ կնկարես:
-Ինչու՞ ես փնտրում Ալիսին,- ընդհատեց կինը:
-Հերոսուհիս է:
-Ի՞նչ է ուզում:
-Ինչպես բոլոր կանայք` սիրել, ամուսնանալ, երեխաներ:
-Այո, բանալ է:
-Հենց այդ ենք ասելու:
-Լավ է, տեքստը քեզ մոտ է՞, տուր կարդամ: Չէ, դու կարդա հերոսուհու տողերը, ես տեղում կհորինեմ տղամարդու փոխարեն,- առաջարկեց:
Հեռախոսը մոռացա, սկսեցի կարդալ Ալիսի տողերը.
Տղամարդ/իբրև Ալիս –Ինչու՞ չես ուզում, որ քեզ սիրեմ:
Ալիս/իբրև տղամարդ- Կախվածություն կառաջանա:
-Չէ, այդպես չէ պատասխանը,- ասացի,- ես փակուղու առաջ հայտնվեցի, տղամարդը պիտի պատասխանի….
Կտրվի'ր թղթից` բարկացավ, միշտ նույն սցենարը, միշտ նույն սցենարը, հնարամիտ գտնվի'ր, հորինի'ր տեղում: Նորից առաջին տողը:
Տղ,/իբրև Ալիս –Լավ, լավ: Ինչու՞ չես ուզում, որ քեզ սիրեմ:
Ալիս/իբրև տղ.- Կախվածություն կառաջանա:
Տղ,/իբրև Ալիս -Արդեն կա, դե՞մ ես:
Ալիս/իբրև տղ.- Իսկ դու՞:
Պարզապես այնքան էլ լավ չեմ պատկերացնում կնոջ մտածողությունը` ընդհատեցի: Իսկ դու մեկ անգամ փորձի'ր, կինոռեժիսոր ես չէ ,պատկերացրու', ենթադրի'ր` պնդեց:
Լավ, ես Ալիսն եմ, ես Ալիսն եմ, այո: Ոչ, չեմ պատկերացնում, ինձ լայնեզր գլխարկ է հարկավոր, պատահաբար չունե՞ս:
-Իհարկե, համեցեք, բոլոր կանայք էլ իրենց զգեստապահարանում մի որևէ գլխարկ ունենում են, այս մեկը լա՞վ է,- մեկնեց ինձ, օգնեց ճիշտ կրել: Նայեցի հայելում` ինչպես մի սեթևեթ օրիորդ` իսկն է, քեզ որտեղի՞ց այս գլխարկը….կարծես մի տեղ տեսել եմ…: Սազու՞մ է: Լա՞վ է:
Հեռախոսս դարձյալ զանգեց, վերցրի, աղջիկս էր` հայրի'կ, մենք Ալիսին բաց թողեցինք, իսկ ես չե՞մ կարող խաղալ նրա դերում:
Որտեղ էինք հասե՞լ, շարունակենք.
Ալիս/իբրև տղ. -Իսկ դու՞:
Տղամարդ/իբրև Ալիս -Իսկ ես՞…/ծիծաղում է/: Ի՞նչ ես ուզում քեզ համար անեմ:
Ալիս/իբրև տղ. -Ինձ քաջություն տուր:
Տղամարդ/իբրև Ալիսի -Տալիս եմ:
Ալիս/իբրև տղ. -Չե'մ հավատում:
Տղամարդ/իբրև Ալիս -Սու'տ է, չես ուզում հավատալ:
Ալիս/իբրև տղ. -Գրի'ր, կհավատամ:
Նոթատետր չունեի, խախտեցի «չորրորդ պատի» սկզբունքը ու նրա նոթատետրը խնդրեցի, ժամանակավորապես: Ապա` իբրև թե հանեցի գրպանից ու սկսեցի գրել`
Տղամարդ/իբրև Ալիս -Ես, /բայց ինչպե՞ս էր նրա անունը, լավ, Ալիս է թող Ալիս լինի/ Ալիս …………….ս` թելադրեք, պարոն, ինչպես եք ուզում, որ ձևակերպեմ խոստումս:
Ալիս/իբրև տղ. -Շարունակիր, որ խոսատանում ես ինձ տալ սեր, ազատություն ու քաջություն:
Տղամարդ/իբրև Ալիս -/գրում է/ Ալիս ……………….ս, խոստանում եմ քեզ տալ սեր ազատություն և քաջություն: Լա՞վ է պարոն:
Ալիս/իբրև տղ. -Ստորագրեք, օրիորդ:

Բայց ոչ, սպասիր, ձևակերպման մեջ կեղծիք կա, սերը և ազատությունը հակասում են միմյանց` ասացի, չեմ կարող ստորագրել, դրանում խաբեություն կա::
Կարծու՞մ ես` հարցրեց….. Բայց դու թելադրեցիր…. Շարունակենք:
Ալիս/իբրև տղ. -Ես սիրում եմ քեզ:
Տղամարդ/իբրև Ալիս- Ես քեզ ճանաչում եմ, վաղուց….. Սիրում եմ………..
Աղջիկ – Կինոյու՞մ:
Տղամարդ- Իրականում:
Աղջիկ- իսկ այնտե՞ղ:
Տղամարդ- Բայց մենք այնտեղ չենք:
Ալիս- Ուրեմն դու էլ Ալիսը չես:
Տղամարդ -Ոչ:
Աղջիկ – Ուրեմն խաբեբա ես: Դու ինձ խոստացել ես, գրել ու ստորագրել քո կոկիկ ձեռագրով:
Տղամարդ -Այո:
Աղջիկ -Ուրե՞մն….
Տղամարդ -Դա կինոյում էր:
Աղջիկ -ես պիտի գնամ, դու խաբեբա ես, ինձ սպասում են, ես ատում եմ, երբ ինձ ստում են …. երբ ինձ սիրում են…
Տղամարդ - Ես անգամ քո անունը չհարցրի…
Հեռախոսս հերթական անգամ զանգեց: Դարձյալ աղջկաս կենսուրախ ձայնը` կարմիր կոշիկներ էր տեսել խանութում, ես պետք է նրա համար գնեի: Արագ դուրս եկա :
Կամուրջի տակ էի գիշերել, չհասկացա ինչու: Արթնացա շտապօգնության մեքենայի ահաբեկող ազդանշանի սուր ձայնից, սուր գլխացավով, ոչինչ չէի հիշում, ոչ ոքի չէի փնտրում: Կրպակից օրվա լրագրերը գնեցի: Թերթեցի, թերթեցի, տարօրինակ է` ինձ հատուկ չէ, բայց այդ առավոտ մի ապաքաղաքական բանեի ուզում կարդալ: Դե արի ու մի նման բան գտիր: Անհնարին է: Աչքիս մի վերնագիր զարնեց` բաց նամակ էր, որ վերնագրված էր.

Յոթ երկինք

Այդ երեկո դիմացի սարերի վրա ամպեր ծորացին և դղրդացնելով աներեր սարերի անդորրը` ձայնեցին երկնքից երկինք: Նրանց ձայնին ի պատասխան կանչեց երկրորդ երկինքը, ապա իր ձայնը արձագանքեց երրորդ երկնքում ու այսպես յոթ երկինքները աղմկեցին միաժամանակ` կանչելով Գիսանեից Լուսին: Անհնար է: Պահի հանդիսավորությունից խենթացած ծառերը երկինք թռան ու կախվելով ամպերի վարսերից` կարկտի քուլաներ արտաշնչեցին դեպի ամայացած այգիներ: Բայց երկինքները չհանգստացան ու վերսկսեցին իրենց աղաղակը Լուսնից մինչև Գիսանե, յոթերորդից` մինչև առաջին երկինք: Վերածնումից ոգեշնչված գնացքները, շնչելով կարկտի քուլաները, սուլեցին սայթաքուն ռելսերի վրա, ճչացին, քրքջացին, անցան: Երկինքները ծիածան գցեցին սարից սար, ամպից ամպ, երկնքից երկինք: Բայց ծիածանն այդ գլխիվայր էր ու ծիածանի յոթ երակների պատռվացքներից արև ծորաց ծառերին, ոգևորված գնացքների թրթռուն, կարմիր վագոններին: Միայն փշատենու բույրն էր, որ դիմակայեց արհավիրքին ու գլորվելով` թավշե-թավշե փշրվեց կեսշնչառությանս: Այս ամենը չափազանց մեծ նշանակություն ունի, և այն երբեք չի կրկնվի այլևս:
Ալիս….. Իմ անունը Ալիս է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Сообщение Harutin » 26 сен 2010, 09:22

Հայրի՞կ…


Սա իմ տնակն է: Այնտեղ կնոջ ուժ կա` իմ բույրը, կնոջ շունչ կա` իմ հառաչը, կնոջ ցավ` իմ սիրտը, իմ սերը, իմ կարոտը: Փոքրիկ մատուռ կա` իմ մեծ հավատն է, և խաղը` իմ փոքրիկ կյանքը: Սա իմ ապուրն է` այնտեղ աղը շատ է, իմ պահարանն է` գունառատ է, գրադարակս` անմեռ ու մեռած հոգիներով: Սկավառակներս մի քանի Z-ով: Շունս` սապատ ունի: Սա իմ մայրն է` 91 տարեկան է, հայրս` սպիտակ մորուք ունի, հառաչում է, քույրս` նա հղի է, նա հուզված է, իմ եղբայրը` ողջու՜յն, նա ժպտում է, տատս` կարմիր շրթներկ ունի, պապս`շքանշաններ, թոռներ, ծոռներ: Այսօր նրա ծննդյան տոնն է, այսօր մայիսի 15-ն է, դա մի ժամանակ հորս ծննդյան օրն էր: Հարևանուհին` նա անասնագոմ ունի, ծառայողները` նրանք ագահ են, վարորդը` երկու երես ունի, հետո ինչ, Լուլուն նրան օդային համբույր է ուղարկել: Ֆելիքսը Լյուսիին դարձյալ բռնաբարել է, դրանք մեր կատուներն են: Այգեգործը այդ ամենը տեսավ: Նա կույր է, հետո ինչ, մեծ բան, կույր է:
Ձմռանը բոլորը միասին վառարանի մոտ հավաքված թեյ են խմելու, դա լավ է: Իսկ հիմա խոհանոցում սարսափելի աղմուկ, սարսափելի տարերք է, դա իմը չէ: Խորտիկները տեսակ-տեսակ, յուղոտ, շքեղ ու խղճալի, դա իմը չէ, նա էլ` այլևս… Նա ունի չսափրած, անտարբեր, հարազատ դեմք, իմը չէ: Դա կմնա իմ ամենամեծ ու ամենասարսափելի ինչուն, միգուցե և ցավը մինչև վերջ, չգիտեմ: Մենք թաքստոց ունենք, մենք այնտեղ ատում ենք բոլորին, մենք այնտեղ միայն երգում ենք: Հետո իրար ձաղկում ենք ուռենու դալար շիվերով ու արյամբ ցողում օդը: Դա նա չէ: Ես ձեռքս սահեցրի Երկրորդի ճերմակ որովայնի վրայով, հասա մինչև կուրծքը, անսովոր է, նա տղա չէ: Չորս տարի անց Երրորդն ու ես բազմաթիվ մոմեր գնեցինք, հալված մոմի կաթիլներից ձուլված հարսանեկան հագուստ հագա. մեր մոմե հարսանիքն էր: Նա ուրախ չէր, նա դժբախտ չէր, տխուր էր, նա է: Դա նա է: Ես մոմե հիմարավուն ժպիտով կանգնած եմ, մեր մոմե հարսանիքն է, ես` մոմե հարսնացու:Նա՞… Ինչի՞ն ես սպասում. հալչելու եմ, վաղը չկա: Հիմա՛ զգա: Մեր մոմե տարիները աննկատ վերջացան: Հիմա անագե տիկնիկ եմ:
Վաղը` տանն եմ: Սա իմ տունն է, սա իմ գլուխը, անկյունում էլի գլուխներ կան` ես եմ կտրել, նրանք են ուզել, ոչ, խնդրել են, աղերսել են, նրանք գիտեին, որ ես բարի եմ ու կխղճամ և չէին սխալվել: Հիմա վերջ: Ամեն գիշեր ես ապտակում եմ նրանց, սթափեցնում, հետո ձեռքերով ծածկում եմ դեմքս ու հեկեկում… աչքերը, որոնք միշտ կիսափակ են, քնատ, որոնք չեն ուզում ապրել:
Հայրի՞կ, դու՞ ես, հայրիկ, ինչպե՞ս ներս մտար, իմ տան տեղը ոչ ոք չգիտի հայրիկ, դու ինչպե՞ս գտար այն… Դու հպվում ես այտիս, եկել ես օգնելու՞, թանկագինս, խնդրում եմ, կարո՞ղ ես մեղմել. կրծքավանդակում տանջող ցավ ունեմ, շարունակ արտասվում եմ, պատռում եմ լուսանկարներս, չեմ հասկանում ինչ է կատարվում, սպանել եմ բոլոր ամուսիններիս, հետո անթաղ թողել: Ինչպե՞ս, մեկին քնած ժամանակ խեղդեցի, մեկի բաժակում թույն լցրեցի, մյուսին դանակով, դե, չգիտեմ, ինչպես դա արվում է սովորաբար: Չհոգնեցի՞, չէ, չէ, մի՛ անհանգստացիր, մի փոքր միայն, բայց հետո մեկ ամիս քնեցի` ամեն ինչ անցավ, ամեն ինչ հանգստացավ, հանդարտվեց: Ոչինչ չե”ս հասկանում, ոչինչ, հոգ չէ, բայց… բայց դու ինձ վրա չե՞ս բարկանում, հայրի՛կ, սիրելի՛ս, ոչ՞, դու ինձ ներու՞մ ես, հրեշտակս, ես այդպես էլ գիտեի: Նրանք ինձ վախեցնում էին, փորձում էին համոզել, թե դա սարափելի է, թե դու շատ կզայրանաս ու, երևի, չես ների: Բայց ես ինչպե՞ս կարողացա հավատալ նրանց… Ասենք չէի հավատում, միայն ջղաձգություններ էի ունենում, տենդի նոպաներ, բայց գիտեի, որ կգաս: Դու միայն ուզում ես իմանալ ինչու արեցի, ինչու՞, երբեք չեմ մտածել այդ մասին, տարօրինակ է… Մի՛ արտասվիր հայրիկ, նրանք ինձ սիրում են, հայրի՛կ, նրանք երբեք չեն զայրանում ինձ վրա, չեն նեղանում, չեն նեղացնում ինձ: Իսկ այս մեկը, այս մեկին ամենավերջում, դե, հասկանու՞մ ես, նա, հինգ տարին ամենաերկար ժամկետն է, որ… նա մի տեսակ մանկան պես է սիրում ինձ, անսահման գորովանքով: Անգամ մեռած` նա ինձ պաշտպանում է, բայց պահանջկոտն է հա, պիտի գոնե օրը մեկ անգամ նրան շոյեմ ու մի անուշ խոսք ասեմ: Մյուսներն էլ սիրում են ինձ, սիրում են երկար նայել, հետևել շարժումներիս, քարանում են, որ հանկարծ մի անզգույշ շարժում չանեն ու չխռովեն հրեշտակային անդորրս, չեն խոսում, որ միամիտ չվախեցնեն անհանգիստ հոգիս, չեն դիպչում, որ չաղարտեն տեսիլքներս, նրանք ինձ սիրում են անսահման քնքշանքով և այնքան են նայում, մինչև արցունքներ են հոսում նրանց աչքերից, չգիտեմ ինչու, հոգիս, չգիտեմ, բայց հաճելի է:
Ամեն ինչ այնպես է, ինչպես դու էիր ուզում, հիշու՞մ ես, դու հենց այդպես էլ ուզում էիր, դու ասում էիր, որ ես միլեդի եմ, որ ինձ փայփայել է պետք ու պաշտպանել քամիներից անգամ… Հայրի՛կ, դու վախենում էիր ինձ համար, վախենում էիր ինձ աշխարհ թողնել, դու համբերատար ու հայրական հոգատարությամբ տետրի թղթի վրա ճանապարհներն էիր նկարում ու բացատրում էիր ինչպես հասնել տեղ: Ես ոչինչ չէի հասկանում, ինչպես դու` հիմա, բայց հավատում էի քեզ, ես գիտեի, որ դրանք աշխարհի ամենագեղեցիկ, ամենաճիշտ, ամենաբարի խաչմերուկներն էին, իսկ ես ուրիշ աշխարհում էի, ուրիշ փողոցներում, ուրիշ, հայրի՛կ: Դու նորից էիր նկարում, նորից էիր բացատրում, էլի ու չէիր հոգնում, հիշու՞մ ես, իսկ ես վախենում էի այդ աշխարհ մտնել, ես աղերսում էի ինձ չուղարկել այնտեղ: Դու համառում էիր, դու ուզում էիր կոփել փխրուն հոգիս, գիշերները երկա՜ր-երկար մտածում էիր` աչքերդ առաստաղին հառած ու չգիտեիր ինչ` անել: Հաջորդ օրը դու բռնում էիր դողացող ձեռքս ու ուղեկցում էիր ինձ մինչև կեսճանապարհը ու խնդրում էիր, համոզում էիր, հրամայում էիր շարունակել ինքնուրույն, բայց ես արտասվաթոր հայացքս քեզ էի ուղղում ու դու ճարահատված ուղեկցում էիր ինձ մինչև վերջ: Քեզ հետ այնքան ապահով էր, հայրի՛կ, ոչինչ չէր վախեցնում ինձ, բայց ես ոչինչ չէի հասկանում բոլոր այդ փողոցներից ու խաչմերուկներից, ինչպես դու` այս ամենից հիմա, ու գիշերները, երբ տուն էինք վերադառնում, ես ձեռքդ ամուր բռնած լուռ քայլում էի` աչքերս փակ, կամ աստղերին հառած, ես հավատում էի քեզ:
Դու ճշտապահ էիր ժամացույցի պես, ազնիվ էիր ու ատում էիր սուտը, երբեք չէիր խոստանում այն, ինչ չէիր անելու ու ես միշտ վախենում էի` իսկ եթե չկարողանաս ու փակում էի աչքերս, որ քեզ հուսահատ չտեսնեմ: Ախ, հայրիկ, որքան ժամանակ է չենք հանդիպել, դու մեզ էլ ուզում էիր այդպիսին տեսնել կյանքում… Իսկ դու չես փոխվել: Ստե՞լ, ոչ, հայրիկ, ես երբեք, ասենք, չգիտեմ, նրանք ինձ հաճախ էին մեղադրում ստելու մեջ, բայց դա զրպարտանք է, դու կզգայիր, գիտեմ, անպայման կզգայիր, այնպես չէ՞ սիրելիս, պարզապես խոսքս, որ սուտ է ընկալվել այստեղ, ճշմարտություն էր այլ իրականությունում, այն, որը իմ տունն է… Տեսնու՞մ ես, ես անգամ հասցրի տուն կառուցել, թեև նրանք ասում են ` անտուն է:
Իսկ դու ինչպե՞ս գտար ինձ, սիրելի՛ս: Ես քո կարիքն այնքան ունեի հայրիկ, ես սպասում էի քեզ: Ես քեզ սիրում եմ: Ես մենակ եմ, հայրիկ, մի՛ գնա, ես հիվանդ եմ, մրսած, հյուրեր չեմ ունենում վաղուց, շրջապատում բոլորը քնած են, լռությունից թոքախտ է բուրում: Արի՛ պարենք, ես վաղուց չեմ պարել, այ այսպես, ինչ լավ է, արի պարենք, էլի… Ես կփակեմ աչքերս` ինչպես այն ժամանակ, ետդարձի ճանապարհին ու կհավատամ քեզ, իսկ դու կտանես ինձ ձեռքիցս բռնած, խնամքով շրջանցելով գիշերվա թաքցրած բոլոր որոգայթները, ինչպես այն ժամանակ, ետդարձի… հայրի՞կ: Հաաաաաաաաաաաաաաաաա՜այ-րիիիիիիիիիիիիիիիիի՜կ…
Դու ցնորք ես, հայրի՛կ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ
    Harutin » 11 окт 2010, 07:45
    1 Комментарии
    630 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    11 окт 2010, 07:45