ԻՆՉՊԵՍ ՈՂՋ ՄՆԱԼ ԲԱՑ ԾՈՎԻ ՄԵՋ
ՕՐ ԱՌԱՋԻՆ
Ծովը եզրեր չունի։ Ամեն առավոտ իմ պատշգամբից փորձում եմ գծել սահմանները, և ամեն առավոտ նա դիմադրում է, որ չգտնեմ իրեն։ Այս ծովը խանգարում է ինձ։ Այս անսահմանությունը, որ գոյություն ունի ինձնից, իմ կյանքից, իմ հուսահատությունից անկախ, ժամանակ առ ժամանակ թշնամանում է. նրա շունչը, հզոր ալիքով, գալիս, դեմ է առնում թոքերիս, դիվային զանգվածը լցվում է ներսս, ու ես մեռնում եմ: Կանգնած մեռնելու այս ձնը խեղում է մարմինս, ինձ անծանոթ է այս վիճակը, ահա ինչու, վերակենդանացման ամեն փորձ, շնչելու որևէ ճիգ տանջալի է դժվարագույնը՝ իմ բոլոր ջանքերի մեջ։ Բայց պետք է, այնուամենայնիվ, շունչ քաշել, շարունակել ինչ-որ բան, չմնալ սատկած, քայլող լեշ, վիրահատության սեղանին բացված լպրծուն գնդիկ, հենց այսպիսին եմ դառնում, երբ կրկին հարվածում է ալիքը։ Պետք է պայքարել ծովի դեմ. ահա սա հասկացա ամբողջ այն ընթացքում, ինչ ապրում եմ ծովի մոտ։ Բազում ուղիների մեջ այս հիվանդ ճանապարհը, այս մերժված ցանցը տրվեց ինձ, ես չընտրեցի, այլ տրվեց, որ անփորձ սարդի պես խճճվեմ, հուշը կորցրած թռչունի պես մոլորվեմ, զարկվեմ պատին, գտնեմ ծովի ափերը, որ ապրեմ:
ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Կրկին ծովը։ Չի հեռանամ։ Մոտենում է։ Նոր ալիքներ է բացում, նոր ձևեր է ցույց տալիս, նոր տրամադրության մեջ է: Անհապաղ ուզում եմ հայտնաբերել սահմանները, որտե՞ղից է սկսում իր շարժումը, որ տալ է վերջանամ։ Մինչև չգտնեմ եզրերը, չեմ կարող զսպել իրեն, կքանդի ինձ, կկործանի, աղի շերտերը կմաշեցնեն մարմինս, կհասնեն ոսկորներիս։
Փորձված նշանառու է, բռնել է ուղղությունը դեպի ինձ ու շարժվում է։ Տակնուվրա է անում, խառնում է ներսումս ամեն ինչ, սպառնում է անել ամեն ինչ, մահից էլ առավել մի բան, որն ինքը գիտի միայն, ես չգիտեմ, վախեցնում է։
Իմ հիշողության մեջ ծով չկա։ Կա գետը, որ հստակ ու մաքուր փայլում է մանկությանս վայրում։ Նա է իմ մեջ հաստատել ջրի զգացումը։ Բայց այս ծովը, ջրի այս փիլիսոփայությունը, այս կուտակումն ինձ անծանոթ է, անհաղթահարելի։ Իմ նոր կենսագրության լեռը։ Ուսերիս փլված սար։
ՕՐ ԵՐՐՈՐԴ
Կանգնում եմ ափին, փորձում եմ խոսել, խոսքեր չկան։ Կա ընդվզում։ Իմ ու իր միջն անկարելի է որևէ երկխոսություն, մենք օտար ենք միմյանց։ Պայքարը նոր ձևեր է ստանում, այնինչ ես ուզում եմ ավարտել, ես ուզում եմ ազատվել։ Միտքս գնում է մանկություն, ուր գետակներն են։ Այս պահին, մտովի, նրանց եմ օգնության կանչում, թեև չեմ հավատում, թե փոքր գետը ուժ կունենա հսկա ծովի դեմ, այնպես, ինչպես ես եմ տապալված արևի այս երկրում։
Ինչի՞ն կբախվի այս կռիվը։ Որտե՞ղ կմեռնի թախիծը։
ՕՐ ՉՈՐՐՈՐԴ
Նայում եմ հայելու մեջ և հայտնաբերում, որ ծովային կլիման ջնջել է երեսիս հյուսիսային փայլը։ Արևը ծծանի նման չորացրել է այն։ Կորցրած դեմքս։ Խամրած պատկերս։ Ծովի դեմ միայնակ մնացած կինը։
Սարսափելի կարճ տևող երջանկությունները չեն հասցնում շտկել գույնս։ Ծովը խլել է ամբողջ զորությանս, և նույնիսկ ակնթարթային երջանկությունները պահելու համար թևը ջարդված թռչուն եմ։
Ահա այդպիսի մի թռչունի պես էլ գիշերները ծվարում եմ բնիս մեջ, որ տունս է, լեռան վրա։ Այստեղից ծովն ամենալավն է երևում, նրա գրգիռներն էլ առաջնայինն են այստեղ հասնում, թեև ծովն ու լեռը հեռու են իրարից։ Այո, նրանք հեռու են, բայց ամենաարագն են հարաբերվում, և սա է այս ամբողջ երևակայականի ու իրականի գաղտնիքը։ Ահա սրա բացահայտմանն ես նվիրվում ոչ կամովին, բանտաշղթաների պես կրելով, կրելով։ Ամեն առավոտ, բնից դուրս սահելուց հետո, լսում եմ շղթաների ձայնը։ Մտագարության տանող ճանապարհի ձայնն է, որ ոռնոցի նման խուժում, պատռում է բնիս պատերը։
Բայց լինելու է սրտի չափ փոքր, սրտի չափ անտեսանելի, արյան գնդիկի նման կենսական մի ուժ, որ փրկելու է ինձ սրանից էլ։ Ափերիս մեջ, մատներիս արանքում փայփայում եմ այդ հատիկը, հոգուս մեջ գուրգուրում եմ այդ թրթիռը, տեղադրում եմ ենթամաշկիս տակ, դողում եմ, որ չհալվի արևից, չգորշանա փոշուց, որ մնա, մնա, որ հանի ինձ ցանցի միջից, չթպրտամ։
Ծովը նորից է հիշեցնում իր մասին, հանգիստ չէ, ալեկոծ է, չի խաղաղվում, ուզում է հանդարտվել մեջս։ Դիմադրում եմ, բայց իրեն հաջողվում է թափանցել, աղային զանգվածը հասնում է մինչև կերակրափողս, աղն այրում է, ծարավում եմ։ Ծովն ուզում է քայքայել իմ խորքերը, չի հանդուրժում օտարածին գոյությունն իրեն այդքան մոտ։ Կամ կընդունես ինձ, կամ կկլլեմ քեզ, սա է իր հուշումը։ Քեզ չեմ ընդունելու։ Իմ լուսաբացն այսպես է սկսվում, իմ աղոթքն այսչափ աղքատիկ է՝ քեզ չեմ ընդունելու։
ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Հինգ օր է՝ գրում եմ, և տագնապ կա, որ գրածս չի ավարտվի, իմաստ չի ստանա, բառերը կցրվեն, չեն ենթարկվի, ու ես հավերժ հիվանդ կմնամ ափ նետված ձկան պես, որն, այնուամենայնիվ, ջրի մի փոսիկ է գտնում...
Բայց գիտեմ, որ երբ գրեմ, ավարտեմ, վերջ կտրվի նաև ծովի հետ պայքարիս, ու ես ողջ կմնամ։ Աղոթք։ Աղոթք։ Ծովի վրա հակված արևի պատկերը։ Ջրի մեջ սուզված երկրի գունդը։ Տաք, անիմաստ, չվերջացող ձմեռ է։ Արևը թափանցում է մինչև ողնաշար, անզգայացնում։ Բոլոր մարդիկ անհաղորդ աչքերով մարմիններ են. նրանք անտեղյակ են ծովի գոյությանը։ Ծովը միայն իմ ներսում է ճչում, միայն ինձ է հաշվի կանչում, միայն ինձ է փորձում նվաճել։ Մի օր ի վերջո հասկանալու եմ, որ մյուսներն արդեն կուլ են գնացել, ծովը կարողացել է տիրել բոլորին, քաշել է նրանց իր խորքը, դարձրել միանման զանգված ու դուրս նետել ափ։
Սարսափելի է տեսնել մարդկային միօրինակության այս կույտերը, ուտում են, շնչում են, բազմանում են նույն կերպով, նույն կարգով։ Մեռնելու են նույն ձևով։ Դոնդողանյութի պես տարածուն, դոնդողանյութի պես անհետք, դանդաղ, հալվելու են: Բայց չկա տագնապ։ Դարը հանգչում է առանց սիրո, անհույս։
Իսկ ինձ նորից է հարվածում հերթական ալիքը, ու ես չեմ կարողանում այն ետ մղել։
ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Այնուամենայնիվ, գետակները կօգնեն։ Նորից վերադառնում եմ նրանց, կրկին օգնության եմ կանչում մանկությանս, որ լեռնային գետի պես թափանցիկ է, չպաճուճված, ինչպես այս ծովն է պաճուճվել լուսաբացին փողոց դուրս եկած անառակուհու պես։
Գետը ճշմարտություն ունի, ծովի խորհուրդն անճանաչելի է ինձ, չեմ հավատում նրան։ Այս ծովի խորհրդին չեմ հավատում։ Նա հասանելի է բոլորին, նա նատրիումի քլորիդի ահռելի քանակության է պարունակում, նա ուզում է ոչնչացնել ինձ։
Ուզում եմ խեղդել ծովի ընթացքը, ետ մղել ջուրը, այս տիղմով հագեցած, գաղջ վայրենությունը։ Ու երբեմն կմեռնեմ, կսատկեմ ամենաանիրական վիճակների մեջ, բայց դա միակ զոհողությունն է, որ կարող եմ անել ծովի սահմանները հայտնաբերելու ճանապարհին։ Նրա ձայնն այսօր զգում եմ ամենաուժգինը։ Կատաղի աղմուկ է, բայց ամենավերջինն է, դիմանալու եմ: Թող այս անգամ էլ լցվի ներսս, ողողի ինձ, խլացնի, հաղթահարելու եմ ինչպես հարվածում է, այնպես էլ կոփում է։
Այս ջուրը, այս գոռոցը, այս նողկանքը։ Այս մահը՝ այսքան մոտիկ ինձ, այսքան անհարիր։ Չկա արև, չկա լուսին։ Լուսինը փշրվել է բերանիս մեջ։
ՕՐ ՅՈԹԵՐՈՐԴ
Առանձնանում եմ աղմուկից։ Փակվում եմ իմ ներսում ինչպես խեցու մեջ, կուչ եմ գալիս։ Կատարյալ վիճակ է, երբ կարող ես ոչինչ չտեսնել, չընկալել, ոչնչի չդիպչել ու մտածել։ Առաջին միտքը՝ ծովին պետք է հաղթել իրենից ավելի հզոր ծովով։ Արյունս փոխակերպվում է գետակի ջրի, մկաններս ողողվում են դանդաղ, նուրբ, զգայուն։ Այդ պաղ ջրից, այդ անխառն հեղուկից խնայելով, փայփայելով աճեցնում են մի ծով: Ահա այսպիսի մի ծոփ իմ ներսում։ Հեղեղ Ամեն ինչ լույսի մեջ է, սկզբնական։ Իմ մեջ ամրանում է մյուս ծովին հաղթելու ուժը:
Մի քանի օր ևս, և դուրս կգամ այս փակ տարածքից։ Որ շնչահեղձ չլինեմ ինքս իմ ներսում, որ չխեղդվեմ ալիքներիս մեջ, չկորչեմ փրփուրներում Այսպես հաճելիորեն խուլ, այսպես գեղեցիկ կույր, այսպես թմրած վիճակն ամենատենչալին է, բայց երկար մնալը կատարելությունն է, պարապը։ Իսկ հասնել կատարելության, նշանակում է այլևս չձգտել ոչնչի։
Թաքստոցի մեջ լինելու պահերին է, որ մերժում եմ ամենայն ինչ։ Շղթաների ձայնը։ Ողերիս մեջ խրված արևը։ Լուսնի համը։ Բոլոր այն տիղմն ու ջրիմուռը, տիղմն ու ջրիմուռը, որ կուլ տվեցի հատակին։ Այդ պահերին է, որ կարողանում եմ օտարել աշխարհը, վանել կյանքը, և դառնալ մեն-մի հատիկը՝ տիեզերքում, ինքս իմ շուրջ, միակը, անկրկնելին։
ՕՐ ՈՒԹԵՐՈՐԴ
Դուրս եմ գալիս պատյանի միջից։ Սահում եմ գետակից դուրս։ Ինչպես ջրահարս։ Ես լավացել եմ: Ես նմանվել եմ կնոջ։ Ես ողջ եմ։ Թաց։ Վճռական։
Մի քանի օր առաջ, Երբ հպվում էի ծովին, քսվում էի նրան, ամեն ինչ այլ կերպ էի տեսնում, այդ անսահ հպումի նման, այդ թացոտ մերձեցման պես ամեն ինչ տհաճ էր ու անհրապույր։ Այսօր ես տեսնում եմ աշխարհն ու մարդկանց, ու նրանք հիմա այլ արձագանք ունեն ինձ համար։
Մաշկիս վրա դեռ աղ կա, մազերիս մեջ մանր խճաքարեր են լցվել։ Կանգնում եմ և չեմ նայում ծովին։ Չեմ տեսնում, նա հանգչում է իմ մեջ։ Մեկիկ-մեկիկ թափում եմ խիճը, կաթիլ-կաթիլ քամում եմ իրեն մարմնիցս։ Նահանջում է, ինչպես երբեք։ Ողորկ, անմարմին, անսեռ այդ զանգվածը պահանջ չունի ինձնից։ Ուզում եմ նորից մոտենալ իրեն։ Վախ չկա։ Սուզվելու ահը մեռել է։ Կործանման սարսուռը չքացել է։ Ուրեմն միշտ, կգնամ, աչքերս առանց կկոցելու, հայացքով կգծեմ իր ափերը, կսահմանեմ իրեն, կխեղդեմ իրեն, եթե ուզենամ։ Կմոռանամ:
ՕՐ ԻՆՆԵՐՈՐԴ
Նոր սանդալներ եմ գնում։ Շուտով կգա Կաղանդը, բայց ձյուն չկա, չի լինելու։ Սանդալ կհագնեմ մերկ ոտքերիս, մետաքսե վզնոց կկապեմ։ Կապրեմ այս երկրում։ Բոլոր մարդկանց ճանաչում եմ։ Անուններով չէ, այլ՝ ծովին հարաբերվելու իրենց ձևով։ Բոլորին հաղթել է ծովը, բոլորին ճզմել է, ինձ չկարողացավ։ Որպեսզի հաղթեմ նրան, ես դարձա իր պես, ես լպրծուն եղա, ես աղմկեցի, ես հոտեցի, ես հարձակվեցի, ես զրկվեցի հավասարակշռությունից, ես անսահման աղ ընդունեցի, ես կորցրի լսողությունս: Ես փսխեցի չնախատեսված վայրերում, ես անպատեհ էի, ես տձև էի, ես հայտնաբերում էի այն, ինչ սովորաբար չեն հայտնաբերում։
Նրան հաղթելու համար ես մանկության գետ դարձա, ես մանկության գետի ձայն դարձա, ժպտացի, հավատացի, հեգնեցի։
ՕՐ ՏԱՍՆԵՐՈՐԴ
Ծովն իր տեղում է, բտյց մենք այլևս անհաղորդ ենք։ Իմ աղոթքը վերափոխված է։ Շնչառությունս մաքրված է։ Ես փողոց եմ դուրս գալիս, և արաբ կույր վաճառականից գնում եմ նարդոսախոտը, որ լոգանք ընդունեմ։ Ես բացառում եմ կաթնամթերքը, այն լորձ է առաջացնում, կնոջը դարձնում լպրծուն։ Վաղը երկուշաբթի է, թերևս դեկտեմբերի միակ օրը, որ ցուրտ լինի։ Բայց մի՞թե դա կարևոր է մի կնոջ համար, որ գազանի երախի պես պատռել է անհուսության անապատը։ Մեկը, որ գիտի մեռնելու ճանապարհը, բայց հատկապես ուզում է ապրել։ Նա վստահ է, որ ամուսնացած ոչ մի կին երբեք բացառություն չէ նրանց բոլորի կյանքն էլ համազոր է ինքնասպանության, երբ բամբակածաղկի նման նրբորեն երևում և նույնքան էլ անտես կորչում է սերը։ Մի կին, որ ապրում է ամբողջ այս աբսուրդը, ինչ է թե հասկանա, որ չմեռնելու համար պետք է ետ բերել հենց այդ սերն ու նետվում է այն բերելու։ Իսկ նա, ով երբեք չըմբռնի սա, երբևէ, թեկուզ մի ակնթարթ նրա մեջ չփայլի այս ամենը հասկանալու բնազդը ու չվազի բարձր քարի վրա, մշուշների մեջ, կեսգիշերին աճող բամբակածաղկի ետևից, նա կմեռնի անիմաստ մահով, կջախջախվի։ Ու այդ մահը կլինի ոչ միանգամից, այլ ամբողջ կյանքի ընթացքում, տանջալի, զզվելի, ինչպես չար հիվանդությանն է սպանում՝ առանց փրկության հույսի։
Վաղը ես նորից խոսքեր կլսեմ և այնուհետև հնչած բոլոր բառերն այլ իմաստ կունենան։ Միայն իմ սրտին հասու իմաստ։ Միայն իմ հոգուն լսելի ձայն։
Բարձր տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորություններով ես կխոսեմ մարդկանց հետ, անվերջ կխոսեմ։