* * * Պոեզիան վերջացավ: Կյանքը մատը խոթել է աչքս, Ուր դու էիր ապրում: Նյարդերի գունդը ոչ մի զառիվայրով Չի գլորվի` Ֆիզիկան այստեղ կապ չունի, Բառերը միայն Տեսանելի առարկաներ են արտացոլում, Իսկ բոլոր հայելիները փշրվել են. Դու անցել ես նրանց վրայով Հեռանալիս…
* * * Ես ապրում եմ սպասման մեջ, Կարծես ծաղիկների գերեզմանում: Ալիքի վրա բարձրացած Ալիքի նման, Գագաթ լինելու պրկումով Եվ փշրվելու խոնարհությամբ Շունչս պահած` Ես համրորեն տարալուծվել եմ Վիճակի զգայարաններում Եվ փորձում եմ դառնալ բաժանման գծի սպին… Պապակ ցայտաղբյուրի եզրին Մոռացած, թե ինչու էին եկել, Ճնճղուկներ են հավաքվել, Որոնց չի էլ նկատում Ցեխաջրում չոր հացը թրջող ագռավը…
* * * Թող գրկեն բառերը Ձեռքերիս փոխարեն քե'զ, Անմարմին ներկայությունդ, Որ թողելու ես այստեղ` Հեռանալուց հետո: Ինքնաթիռի պատուհանից Նետված Հայացքի նման անխարիսխ, Ես թափառելու եմ` Չհասկանալով` Որտեղից են սկսվում Եվ ուր են գնում փողոցները, Որովհետև դու ես իմ տունը Եվ հորիզոնի ժապավենը, Որով աչքերս են կապել…
* * * Իմ ընկերներին, Բանաստեղծությունների անթերի թվացող Թերթիկների պես, Ձեռքիցս տարավ քամին` Միայն իրեն իմանալի ճանապարհներով: Նրանց երևի ես շատ էի սիրում. Բարձր էլեկտրական լարումը Հաշվենկատ չէ` Այրում է Ցածր դիմադրողականություն ունեցող հոսանքագծերը… Հիմա` երազիս մեկ-մեկ գալիս են Էդ Պրեվեր կարդացող տղերքը, Բայց ես էլ չկամ. Բաժանվել եմ իբրև ողորմություն…
* * * Դատարկությունը լցվում է վախի ճիչով. Լարը, որի վրայով Լուսնոտի նման անցել եմ, Ձգված է եղել ինձնից` քեզ, Իսկ դու չկաս… Արճճե մշուշը ցրվում է, Եվ առուծախի կեղծ կշեռքների Խաղացկուն աչքերով Սիրտս են մտնում շուկայի մագիլները: Ե'ս, խաչի վրա ճիչս կորցրած, Ե'ս` պարանոցիդ շղթայից պոկված խաչ` Խուլ ու կույրերի վազվզոցում ոտնատակ, Ե'ս, որ էլ ձմռան սառած ապակուն փարված Բյուրեղի մեջ մի հատիկ աստղիկը չեմ, Այլ տխեղծ գոլությունից Հալված Ու չգիտես, թե ուր գլորվող Կաթիլի մաս…
* * * Հայացքս գգվում է քեզ, Կարծես տապին՝ ալիքներին հանձնվելով: Օրվա մնացած ժամերը Կասկածների տեսքով Հավաքվում են իմի: Դու գնալու տեղ չունեցող Կապույտ երկինքն ես՝ Արևի դեմ բռնած խոշորացույց՝ Սևեռուն հայացքով ինձ նայող, Ես՝ ոտնաթաթերիս կանգնած Վառվող ծառ՝ Սաղարթի երկինք հառնելու երազով Եվ իրականության չթոթափվող Ստրկությամբ...
* * * Մեկնվող ձեռքս (Օդում գնդակահար թռչուն) Մի պահ քարանում է՝ Երևակայությամբ հետ տանելով ճակատիդ մազափունջը: Շատրվանների ջուրը Թմբկահարում է միտքս՝ խճողելով... Մագնիսական դաշտի կենտրոնում Մեխվել է համր, մոլորված ճանապարհացույցը: Ժամանակը խառնել է հետուառաջի քայլերը, Այս՝ թիթեռի թևերի նման թրթռացող ամառային օրվա մեջ, Բևեռային երկնքի՝ անթարթ, ընկնելու պատրաստ Սառցե աստղերի Թիրախն եմ էլի կարծես: Բայց փախչելու տեղ չկա. Աշխարհը զսպաշապիկ է, Որ ինձ հագցրել ես դու...