ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 17:29

ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ

Anahit Arpen.jpg
Anahit Arpen.jpg (8.83 кб) Просмотров: 522
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ

Сообщение Harutin » 02 окт 2010, 17:29

ՓԱԽՈՒՍՏ


Այդ տարիներին Արցախի անտառներում գրեթե ամեն մի թավուտում կարելի էր փախստականների հանդիպել, իսկ խճուղիները լիքն էին գաղթող մարդկանց թափորներով: Ոմանք մի տուն գտնում ու պատսպարվում էին, մնում այն բնակավայրում, ուր թշնամի չկար, շատերն էլ, չսպասելով, թե ինչ է լինելու, ճակատից դեռ հեռու իրենց գյուղերը թողնում, միանում էին գաղթողներին, կուտակվում քաղաքներում:
Շահումյանցի մի ընտանիքի ապաստան տված գյուղում գիշեր էր: Տներում աղոտ ճրագներ էին երևում: Քիչ անց տարբեր կողմերից սկսեցին լույսեր շարժվել, մոտենալ իրար, խմբվել. կանանց ու երեխաների ուղեկցությամբ կամավորներ էին հավաքվում, լուռ սպասում ուրիշների: Բոլորը լարված էին, անհանգիստ, տղամարդիկ թաքցրած տագնապով ստուգում էին զենքերը, հաշվում սակավ փամփուշտները: Երևում է, դեռ կազմակերպող չունեին: Մի տղամարդ ասաց.
- Ծխենք, որ հետո…
Ու խոսքը չկարողացավ ավարտել: Հասկանալի էր: Բոլորն էլ գիտակցում էին, որ կարող է զոհվեն: Ոչ ոք չծխեց: Տղամարդը զգում էր, որ ինքը պիտի ուղղորդի նրանց, մյուսները, կամա թե ակամա, ծայրահեղ իրավիճակում միավորվելով, անխոս ենթարկվում էին: Վերջապես տղամարդը, նայելով հավաքվածներին, մտքում ծանրութեթև անելով իրենց ուժերը, ասաց.
- Լավ, գնացի՜նք:
Եվ տարբեր տարիքի տղամարդիկ բնազդաբար մղվեցին դեպի իրենց հարազատները, լուռ գրկախառնվեցին ու անխոս ետ պահեցին նրանց` թույլ չտալով այլևս գնալ իրենց հետ կամ որևէ բառ ասել: Պիտի գնային: Բոլորը` դեմքներին անասելի ցավ, բայց նաև վճռականություն, լուռ ու գլխահակ ենթարկվեցին:
-Ճրագները հանգցրե՜ք,- կարգադրեց ակամա առաջնորդ դարձած տղամարդը:
Հանգցրին: Լռություն տիրեց: Սուսուփուս հեռացան, ձուլվեցին խավարին, կորան հարազատների աչքից, որոնք միառժամանակ այդպես էլ մնացին կանգնած գիշերվա մթության մեջ: Նրանց թվում էր, թե այլևս լույսը չի բացվելու: Սակայն արևի շուրջ մոլորակի պտույտը կախված չէր փոքր ազգի ճակատագրից. քիչ-քիչ լուսացավ` ադամամութից ու աղոթրանից մինչև արշալույս ու առավոտ:
Արդեն ցերեկ էր, երբ տասնչորս-տասնհինգ տարեկան մի աղջիկ, ցողուններից բռնած, կարտոֆիլ էր հանում հողից` շտապելով, գողեգող շուրջը նայելով և վախվխելով, թե ուր որ է կնկատեն իրեն: Այդպես էլ եղավ, հենց մի անգամ էլ կանաչ ցողունից քաշելով դուրս էր բերում առողջ ու խոշոր պալարները, թիկունքում լսեց մի գյուղացու ձայն, որը զայրացած հոխորտում էր.
- Ըհը՛, ուրեմն դու՜ ես գողանում կարտոֆիլս:
Աղջիկն ահաբեկված իրեն սեղմեց հողաթաթախ կարտոֆիլներն ու սկսեց գլուխն անմեղ-անմեղ տարուբերել` փորձելով հասկացնել, որ մինչ այդ ինքը չի գողացել, սա առաջին անգամ է…
Ու վախից կարկամեց:
Գյուղացին հարձակվեց, որ իր բերքը ետ խլի, իսկ աղջիկը, ձեռքից բաց չթողնելով փրերը, սկսեց պաշտպանվել:
- Թող էդ էրեխուն, արա՜:
Զենքը ուսին մի զինվոր կանգնած էր նրանց դիմաց:
Աղջիկն արագ-արագ տոպրակի մեջ խցկեց ձեռքի փրերը, որոնց վրա կարտոֆիլ չէր մնացել, իսկ գյուղացին սկսեց արդարանալ.
- Գողություն է անում բոստանիցս:
- Դո՞ւ ինչի չես գնացել կռիվ,- հատու հարցրեց զինվորը:
Գյուղացին լուռ էր:
- Կորի աչքիցս,- կարգադրեց զինվորն ու զենքը պահեց գյուղացու վրա: Սա ահաբեկված իրեն դուրս գցեց սեփական այգու դռնակից:
- Չվախենաս,- մոտենալով ու հպվելով աղջկան, ասաց զինվորը, բայց աղջիկը զինվորից ավելի վախեցավ: Տեղից պոկվեց ու փախավ` գրկած պահելով տոպրակը:
Զինվորին այդ տեսարանը երևի զվարճացրեց, քանի որ հռհռաց աղջկա հետևից: Հետո սկսեց գնահատող հայացքով ուսումնասիրել գյուղացու առանձնատունը, որն ասես ծիկրակում էր ծառերի արանքից:
Արկեր պայթեցին հեռվում. ինչ-որ տեղ կռիվը վերսկսվում էր:
Հեռավոր պայթյունների ձայները գյուղամեջ չէին հասնում, ուր ազերիների թողած տան բաց պատուհանի մոտ նստած էր շահումյանցու սգավոր կինը: Նրանց տասնութամյա որդին առաջին կամավորներից էր եղել, հասցրել էր հերոսանալ և զոհվել: Մայրը չցանկացավ բաժանվել որդուց և ոչ միայն բերել տվեց այս գյուղ, այլև պարտադրեց թաղել տան այգում: Եվ հիմա ամբողջ օրը բաց պատուհանից նայում էր շիրմին ու սգում նրա մահը:
Լսելով դստեր ձայնը` հայացքն ուղղեց մոտեցող աղջկան, նա էլ, գիտենալով, որ մայրը լուսամուտի առաջ նստած է լինելու, հեռվից կանչում էր նրան և ոգևորված առաջ պարզում կարտոֆիլով տոպրակը:
- Մա՛… Մամա՛…
Մայրն անպատասխան թողեց նրա կանչը: Աղջիկն աղմուկով ներս մտավ: Նայեց մորը, ճնշվեց հեռուներում թափառող նրա հայացքից, որին ոչ մի կերպ չէր կարողանում ընտելանալ և, կարտոֆիլը դատարկելով նրա ոտքերի առաջ, գնաց կաթսա գտնելու: Մի բան ճարեց, ծնկեց գետնին, կարտոֆիլները պոկոտեց գցեց կաթսայի մեջ, իսկ ցողունները` պատուհանից դուրս:
Մայրն անհաղորդ հետևում էր նրան: Վերջինս կարտոֆիլով լի կաթսան մոտեցրեց մորը: Մայրն արագ հայացքը հառեց դուրս:
- Մա՜:
Աղջիկը լացակումած նայեց ձեռքի կաթսային և այդպես էլ` հողաթաթախ կարտոֆիլներով դրեց նավթավառի վրա: Լուցկին դժվարությա՞մբ էր վառվում, թե՞ ինքը չէր կարողանում կպցնել, չհասկացավ: Հիմա ավելի շփոթված էր ու անապահով էր զգում:
Լուցկին, ի վերջո, վառվեց: Աղջիկը կափարիչ գտավ, դրեց կաթսայի վրա ու, չդիմանալով լարվածությանը, սենյակից դուրս գնաց: Մայրը նկատեց, որ աղջիկը ջուր չլցրեց կարտոֆիլի վրա, ու մռայլվելով նայեց նավթավառի կողմը: Բայց մինչ կորոշեր` ինչ անել, ամուսինը եկավ, որ վաղուց ընկճված տեսքով ու ճզմված հոգով ման էր գալիս հողագնդի երեսին: Կինն արագ շրջեց գլուխը: Տղամարդը զգաց վառվող նավթի հոտը, մոտեցավ, զարմացած բացեց կաթսայի կափարիչը, մի կարտոֆիլ հանեց, համոզվեց, որ իրական է, տեղը դրեց: Ապա ետ դարձավ, ջուր լցրեց կարտոֆիլի վրա ու գնաց աղջկան փնտրելու:
Այգու ծառերի միջով անցնելիս նկատեց որդու շիրմաթմբին փարված դստերը, որը բռունցքներով խփում էր հողին ու հեկեկում: Զգալով, որ հայրը մոտենում է` աղջիկն ուղղվեց, նստեց թմբին: Հայրը նստեց նրա կողքին` անզոր անգամ բառ արտասանելու: Եվ հանկարծ ասաց.
- Ե՜ս պիտի մեռնեի:
- Մի՜ ասա:- Հեկեկաց աղջիկը:
Չուզենալով իր հոգին բանալ, գուցե նաև հիշելով, որ կարտոֆիլի վրա ջուր չի լցրել, նա տեղից վեր թռավ, արցունքները սրբելով վազեց տուն: Մոտեցավ, բացեց կաթսայի կափարիչը: Գոլորշի էր բարձրանում:
Հայրը ներս մտավ. ավելի ընկճված, ավելի ծերացած: Աղջիկն անմիջապես հայացքը փախցրեց: Հայրը ոչինչ չասաց, գնաց, անվստահ նստեց կնոջ մոտ դրված սեղանի առաջ: Աղջիկն անջատեց նավթավառը, դատարկեց կարտոֆիլի վրայի ջուրը և այդպես կաթսայով դրեց սեղանի կենտրոնում: Հայրը կարտոֆիլ վերցրեց, նախ դրեց կնոջ առաջ, ապա իր և, գլուխը կախ, սկսեց կլպել:
Լռությունն անտանելի էր դառնում:
- Ինչու՞ չես ուտում,- հարցրեց հայրը:
Մայրը պատասխանի չարժանացրեց նրան:
Աղջիկն աղ էր ցանել ու լուռ ծամում էր` որպես մի մարդ, որը, չնայած մատաղ տարիքին, համառորեն դիմանում էր փորձություններին:
- Ինչու՞ ես կարծում, որ միայն դու ես սգում,- շարունակեց հայրը:- Միայն դու չես ցավ զգում, մենք էլ ենք մարդ: Մենք էլ ենք տառապում էդ ծանր կորստից: Հերիք եղավ: Հերիք է տանջես բոլորիս: Ուզածդ ի՞նչ է:
Ասես վախենում էր շունչ առնել, վախենում էր` չկարողանա, չհասցնի սրտում կուտակվածն ասել:
- Մինչև ե՞րբ: Մեզ չես խղճում, էս երեխուն խնայիր: Սա էլ է քոնը:
Ամուսնու խոսքը դարձյալ մնաց անարձագանք:
Կինը արտասվեց: Նա նորից հիշեց իր մինուճարին. նրա ժպիտը, զինվորի հագուկապը` վրան մի քիչ մեծ: Հիշեց, թե ինչպես իրենց արթնացրեց, ինչպես էր հասուն մարդու պես հրահանգներ տալիս, ինչպես բոլորին գրեթե գրկած դուրս տարավ, փախցրեց թշնամու քթի տակից, որոնք գալիս էին կրակելով, ինչպես իրենց բերեց ապահով տեղ, ուրիշ փախստականների մեջ ու նորից հեռացավ կռվելու: Ինքը վազում էր ետևից ու կանչում.
- Մի՜ գնա, ու՞ր ես գնում: Մեզ ու՞ր ես թողնում:
- Պիտի գնամ, մամ ջան: Դուք մնացեք բոլորի հետ, ես չեմ կարող… Ես պիտի գնամ…
Ու փախեփախի թոհուբոհի միջով շտապեց հասնել մյուս կամավորներին, որոնք արագ գնում էին դեպի ռազմի դաշտ:
Մայրը վերհիշեց ու մղկտաց:
- Կե՜ր,- ասաց ամուսինը:
- Ռուսնե՜րը մեր գյուղը վերցրին ու տվին թուրքին:- հանկարծ ասաց կինը:
- Պատերազմ է:- Փորձեց բացատրություն գտնել ամուսինը:
- Դավաճանեցին մեզ:- Կինը պնդեց իր խոսքը:
- Օտար են, ի՞նչ պահանջես:- Ուրիշ ասելիք չգտավ ամուսինը:
- Էս իմ տունը չի: Ես էսպիսի՞ տուն եմ թողել թուրքերին: - Վերջապես մտքինը բացահայտ արտահայտեց կինը:
- Հալա, հալա՛… - Բոլորի համար անսպասելի պոռթկաց ամուսինը:- Է՜ն մեկը կռվին էր մոտիկ, է՜ս մեկը քո տունը չի:- Մեր տունն էլ էնքան սրտովդ չէր:- Հետո մեղմացրեց ձայնը:- Կարծեմ: Էն էլ քոնը չէր: Հիմա էլ` թողել եմ թուրքերին:
- Բա քոնը ո՞րն է:- Նորից բորբոքվեց ամուսինը:
Կինը կրկին հիշեց որդուն, որը մի անգամ ասաց իրեն.
- Գնաք թե մնաք, ես ձեզ կգտնեմ: Ուզում ես գնաք Երևան` գնացեք: Գնացեք, ես ձեզ կգտնեմ, մի՜ մտածիր:
- Կեր, տեսնենք` գլխներիս ինչ է գալիս,- աշխատելով չկորցնել ինքնատիրապետումը` շարունակեց համոզել ամուսինը:
- Կուլ չի գնում,- պատասխանեց կինը:
Ամուսինը վեր կացավ ու զայրացած գնաց դուրս: Աղջիկը շարունակում էր ծամել` հոգնած ու դառնացած: Լսելով, որ հայրը բահ վերցնելով` շտապում է այգու խորքը, լարեց լսողությունը և հասկացավ, որ նա փորում է: Մոտեցավ լուսամուտին, հայացքով փնտրեց հորն ու նկատելով, որ եղբոր գերեզմանն է քանդում, շտապ դուրս նետվեց:
Աղջիկը մոտ վազեց` փորձելով թույլ չտալ.
- Ի՞նչ ես անում:
- Թող:- Հայրը ետ քաշեց թևն ու շարունակեց փորել` ավելի խորը խրելով բահը:
Աղջիկը բզկտող զգացողությունների մեջ ակամա նայելով դեպի պատուհանը, ուր մայրն իր անշարժ կեցվածքով կանգնած հետևում էր տեսարանին, սեղմեց շուրթերն, ասես ասում էր` հանգստացա՞ր, ա՞յս էիր ուզում…
Երևաց դագաղի վերջնամասը: Աղջիկը մի պահ նայեց տագնապած, ու սոսկումով, ապա նկատելով, որ հայրը չարչարվում է, շտապեց օգնել: Առաջին պահին հայրը փորձեց ետ մղել նրան, բայց հասկանալով, որ իր ուժը չի պատի, իսկ աղջիկը, միևնույն է, մասնակից է կատարվածին, թողեց որ օգնի, և միասին դուրս հանեցին դագաղը:
Կնոջ դեմքին հույզի անհասկանալի ալիք նշմարվեց, նա շրջվեց և գնաց ներս: Խորագույն վշտով սրբիչ փռեց սեղանին, կարտոֆիլը դատարկեց սրբիչի վրա, կապոց սարքեց, մահճակալի տակից մի ուրիշ կապոց ևս հանեց և սենյակից դուրս գնաց:
Հայրն ու աղջիկը պարանով քաշելով ու հրմշտելով, դագաղը տանում էին դեպի ցանկապատի դռնակը, հետո հայրը պարանը գցեց վիզն ու, իր ետևից քարշ տալով, դագաղը հանեց ճանապարհ: Կինը, երկու կապոցները ձեռքին, շալերի մեջ փաթաթված, հետևեց նրանց:
Այդ ընտանիքը գյուղի փողոցներով անցնելիս հանդիպում էր գյուղացիների, որոնք տարակուսած ընդառաջ էին գալիս կամ զարմացած նայում էին նրանց: Մի պառավ կին խաչակնքեց.
- Հիսո՛ւս Քրիստոս: Նալաթ քեզ, չար սատանա:
Ըտանիքն անցավ ինչ-որ կամրջի վրայով և գյուղից դուրս եկավ` չխախտելով շարքը. առջևից գնում էր հայրը, հետո դագաղը, այնուհետև մայրը, թափորը եզրափակում էր աղջիկը:
Հաջորդ գյուղին մոտենալիս, երբ երևաց մայրուղին, բոլորի ուշադրությունը սևեռվեց փախստականների քոչին, որը ձգվում էր հեռու-հեռու` հասնելով ու կորչելով հորիզոնի գծի տակ: Տարբեր կողմերից գաղթողներին էին միանում, ուրիշ փախստականներ ևս:
Ընտանիքն արագացրեց ընթացքը` շտապելով ժամ առաջ միանալ նրանց: Արդեն առջևից ընթանում էր ընտանիքի մայրը. կապոցները թևերին, որդու լուսանկարը ձեռքին, զուսպ` իր վշտում, հպարտ` սև զգեստների մեջ, համառ ու նպատակասլաց: Նրան հետևում էր ընտանիքի ուժահատ հայրը, որն արդեն հազիվ էր քաշում պարանը… Տեսնելով, որ հայրը փորձեց բարձրացնել դագաղը և ուսերին դրած տանել, բայց այդպես մի քանի քայլ գնալուց հետո ընկավ` աղջիկը վազեց նրան օգնելու:
- Պա՛պ… Մա՛մ,- ձայնեց նաև մորը:
Մայրը շտապեց օգնության` առանց բաց թողնելու թևերի կապոցները: Լուսանկարը սահեց ու ընկավ գետնին:
Միասին էլ չկարողացան ծանրության տակից հանել հորը, ստիպված բեռը շրջեցին մի կողմի վրա, բայց նա անուժ էր, և լուռ փակեց աչքերը: Կինն ակամա հայացք գցեց փախստականների կողմը: Աղջիկը կարկամեց, կորցրեց իրեն: Մայրը շտապեց մարդկանցից օգնություն խնդրելու:
Անծանոթ գյուղի գյուղացիները թաղումը կարգով ու պատվով կազմակերպեցին. երկուսին էլ թաղեցին իրենց գերեզմանոցում:
Մայրը խեղճացած նստեց որդու շիրմի կողքը: Աղջիկը բերեց եղբոր լուսանկարը, որի ապակին, ոտքի տակ ընկնելով, կոտրվել էր, նայեց լուսանկարից ժպտացող դեմքին, հիշեց, որ մայրը նրան շատ էր սիրում, որ պատերազմից առաջ էլ էր նա մոր միակ սիրելին: Տխրեց:
Կինը սթափվեց հիշողություններից, հառաչեց ու նայեց դատարկված խճուղուն: Գնացողները գնացել էին, մնացողները` մնացել: Եվ շարունակեց լուռ արտասվել:
Աղջիկը, որ մի պահ գլուխը բարձրացրել ու երկինք էր նայում, հայացքն իջեցրեց: Նոր գյուղն էր: Արցունքները չորացել էին: Նա աղոթեց երկու հանգուցյալների հոգիների հանգստության համար: Եվ մտածեց.
ՙԻ՛նչ լավ է` մայրս կողքիս է, առանց նրա ի՞նչ էի անելու՚:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
    Вложения Harutin » 25 сен 2010, 19:59
    1 Комментарии
    1308 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    25 сен 2010, 19:59
  • ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ
    Вложения Harutin » 30 сен 2010, 17:47
    1 Комментарии
    958 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    30 сен 2010, 17:48

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0