ՍԵՐԱՖԻՄԱ
Թեթևակի թռչում էի: Ոչ շատ բարձր: Էնպես, բակի սալաքարերից մի կես մետր բարձրության վրա: Դրա համար էլ երևի տպավորություն չէի թողնում: Սև պատմուճանիս վրա էլ ուշադրություն չէին դարձնում, որ քարշ էր գալիս ետևիցս երկար, ամեն ինչից կառչող պոչի նման ու նույնիսկ ինձ էր սարսափեցնում: Այ քեզ պատմուճան: Բայց նրանց հեչ պետքն էլ չէր:
Վիրավորանքից ավելի բարձրացա, չնայած միշտ բարձրությունից վախ եմ ունեցել: Ու միանգամից էդ զզվելի պատմուճանը կառչեց ջահից, որի փոշոտ կանաչավուն լուսամփոփները տարօրինակ զրնգուն մրգերի նման ցած գլորվեցին աստիճաններով և ընկան իշխանական բակի քարերի վրա: Կարգին աղմուկ եղավ: Բայց էդքանից հետո էլ ոչ ոք չբարեհաճեց հետաքրքրվել, թե ինչ է պատահել:
Սև կայծակի նման իջա փողոցի վրա ու սկսեցի կանգնեցնել բոլոր անցորդներին.
- Էնտեղ իմիջիայլոց ջահեր են կոտրում...
- Լո՞ւրջ,– պատասխանում են,– ախ, ախ...
Եվ գնում են իրենց ճանապարհով: Ոնց որ մարդու ձեռ առնեն:
Բարկությունից սև արձաևի նման բարձրացա հրապարակի վրա ու վիրավորական ինչ-որ բան բղավեցի:
Կոշիկները քստքստացին: Սկսեցին ծլկել: Բարկացած մտածեցի, թե մինչև չգոռաս...
- Դե՞,– սկսեցի հարցտքննել,– բան չլսեցիք, հա: Թ՞ե ձևացնում էիք, որ չեք լսում...
Սկսեցին մեղա գալ, քթիս տակ քրթմնջալ.
- Հիմա դեպք էր էլի... Ամեն ինչ պատահում է... Բա որ դևեր լինեին:
Մի տեսակ վիրավորվեցի:
- Դևե՞ր: Ո՞վ ասաց «դևեր»:
- Ոնց որ հենց ես էլ ասել եմ,– լսվեց կնոջ ձայնը:
Բոլորը հավաքվեցին մարմնեղ երիտասարդ կնոջ շուրջը, որ հիմարիկի պես թարթում էր գողտրիկ, թափանցիկ-կապույտ աչքերով:
Թռա մոտը: Խոնարհվեցի:
- Դևե՞ր:
- Ըհը:
- Հետո՞:
- Անկարգություն են անում:
- Այ, այ, այ:
- Ամեն տեղ խցկվում են:
- Հա:
- Կեղտոտում են:
- Բա ջահը: Ջահն էլ են նրանք...
- Ախր...,– սկսեց կմկմալ,– ե՛ս որտեղից...
Վախեցավ կնիկը: Զգացված եմ:
Սկսեցի իջնել, իսկ պատմուճանս ծալ֊ծալ հավաքվում էր նրա ոտքերի մոտ: Աչքերի մեջ նայեցի անթարթ:
Հողին չհասած՝ օդի մեջ կանգ առա: Ձեռքս պարզեցի ու շոշափեցի ափիս միջից փախչող կրծքի փափուկ ծանրությունը:
- Եվ ի՞նչ է անունդ, իմ խելոք աղջիկ:
- Սերաֆիմա,– ասաց չորացած շուրթերով:
- Սե-րա-ֆի-մա,– կրկնեցի ես:
Նրա անունը այրվող ցախի պես ճարճատում էր իմ բերանի բոցերում:
- Նորից մոռացել ես ինձ:
Բայց էդ ստից բարձրությունից էլ ինձ ներքև քաշեցին: Հենց պատմուճանիցս էլ բռնեցին, էդպես էլ գիտեի: Իջեցրին համընդհանուր լռության մեջ, որից հնարավոր չէր մի բան կռահել:
Դատապարտեցին: Կաթվածի պես ծանր ու հիմնավոր մեղադրանք կազմեցին: Ոչ մի կետ չկարողացա հերքել, բայց առանձնապես չէի էլ համառում: Դատավորն ինքը՝ մեծ Գլոդրան էր: Դրանով ամեն ինչ ասված է:
Սերաֆիմային չտանջեցին: Նա խոստովանեց ամեն ինչ և միանգամից: Հետո պատրաստակամորեն ընդունեց իրեն վստահված պատիժը՝ ջահը մոտեցնել խարույկին: Ինչն էլ արեց, նույնիսկ չնայելով վերև՝ ինձ վրա իր թափանցիկ-կապույտ աչքերով:
- Սե-րա-ֆի-մա,– շշնջացի ես, երբ արդեն ճարճատում էր խարույկը, իսկ ինձ մնում էր միայն աղոթել, որ ամեն ինչ շուտ վերջանա, որ շուտ սպառվի այս ժամանակը, թեկուզև տանջալիորեն, կարևոր չէ, միայն թե շուտ մտնեմ մյուս ժամանակի մեջ՝ օրհնությամբ և արդեն այնտեղից փնտրեմ վերադարձի ուղին:
Հետո երկար-բարակ թերթում էի խունացած երազներս՝ անրջելով այն մասին, թե ոնց եմ թռչելու, թեկուզ ոչ շատ բարձր... Բայց անընդհատ դեմ էի առնում էդ խարույկի մոխիրներին ու դիակիս, որն էդպես էլ աչքից հեռու տանելու շնորհք չունեցան:
Ռուսերենից թարգմանեց ՇԱՔԵ ԵՐԻՅՑԱՆԸ