СТАНЬ VIP

ԱԼԵԽՈ ԿԱՐՊԵՆՏԻԵՐ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԼԵԽՈ ԿԱՐՊԵՆՏԻԵՐ

Сообщение Harutin » 02 июл 2011, 12:22

ԱԼԵԽՈ ԿԱՐՊԵՆՏԻԵՐ

Alejo Carpentier.jpg
Alejo Carpentier.jpg (9.77 кб) Просмотров: 528


Ալեխո Կարպենտիերի կենսագրության մեջ շատ խութեր և իրար հակասող փաստեր կան: Ըստ գրողի՝ ինքը ֆրանսիացի ճարտարապետի և ռուս դաշնակահարուհու զավակ է, ծնվել է 1904 թ., Հավանայում: 12 տարեկանում տեղափոխվել է Փարիզ: Ուսանել է Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ռուսաստանի ուսումնական հաստատություններում: Գրողի մահից հետո բոլորովին այլ կենսագրություն է ներկայացվել, ըստ որի նա ծնվել է Շվեցարիայում, հասարակ ընտանիքում, որը գաղթել է Կուբա:
Սակայն կասկածից դուրս է, որ նա մոր հետ երաժշտագիտություն է ուսանել, որը և դարձել է նրա երկրորդ կոչումը և արտացոլվել ողջ գրական գործունեության ընթացքում:
Կուբա վերադառնալուց հետո աշխատել է որպես լրագրող, հարել ձախ ընդդիմադիրներին, հանդես եկել դիկտատոր Մաչադոյի և հյուսիսամերիկյան իմպերիալիզմի դեմ և 1928թ. բանտ ընկել, որտեղ և գրել է իր առաջին վեպը: Այն լույս է տեսնում 1933թ., Իսպանիայում: Բանտից ազատվելուն պես փախչում է Ֆրանսիա, որտեղ մնում է մինչև 1939թ., լինելով մեկն այն փոքրաթիվ իսպանամերիկացիներից, ովքեր մասնակցում են սյուռեալիստական շարժմանը, որից հետագայում հրաժարվելու էր: Այնուհետև վերադառնում է Կուբա, աշխատում ռադիոյում, թերթերում և ամսագրերում, դասավանդում համալսարաններում, մեծ նշանակություն ունեցող ուսումնասիրություններ կատարում կուբայական ազգային երաժշտության բնագավառում և 1946թ. գրում «Երաժշտությունը Կուբայում» էսսեն: 1945թ.-ից ապրում է Կարակասում: 1949թ. վերջապես նա գրում է իր երկրորդ, ամենախորհրդանշական վեպը՝ «Այս աշխարհի թագավորությունը», որը և սկիզբ է դնում նրա երկարատև, Լատինական Ամերիկայի մշակույթի վերլուծությամբ բնութագրվող գրական գործունեությանը: 1956թ., Ֆիդել Կաստրոյի հաղթանակից հետո վերադառնում է Կուբա և դիվանագիտական տարբեր պաշտոններ զբաղեցնում:
Ալեխո Կարպենտիերը համարվում է մոգական ռեալիզմի առաջին ներկայացուցիչը, որն ինքն ամերիկյան մայրցամաքի ժառանգությունն էր համարում: Նա պաշտպանում է «հրաշալի իրականը» ի դեմս «սյուռեալիստական հրաշալիի», որը շինծու է համարում:
1976թ. Սերվանտեսի մրցանակ է ստացել: Մահացել է 1980թ., Փարիզում, որտեղ Կուբայի դեսպանն էր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԼԵԽՈ ԿԱՐՊԵՆՏԻԵՐ

Сообщение Harutin » 02 июл 2011, 12:25

Ածականն ու նրա կնճիռները


Ածականները ոճի կնճիռներն են: Երբ ներմուծվում են պեոզիայի, արձակի մեջ բնական ձևով, որևէ ավանդույթի կանչին ուշադրություն չդարձնելով, վերադառնում են իրենց ընդհանուր շտեմարանը՝ մեծ հետքեր չթողնելով էջի վրա: Սակայն երբ հաճախ են հայտնվում, երբ նրանց առանձնահատուկ նշանակություն է վերապահվում, երբ նրանց արժանիքներ ու կատեգորիաներ է շնորհվում, դառնում են կնճիռներ. կնճիռներ, որոնք ավելի ու ավելի են խորանում, մինչև դառնում են խորը ծերության մասին ազդարարող ակոսներ, այն ոճի, որը ծանրաբեռնվում է նրանցով: Որովհետև մտքերը երբեք չեն ծերանում, եթե ճշմարիտ մտքեր են: Գոյականները նույնպես: Երբ արարիչ Աստված, անդունդի վրա լույսը ստեղծելուց հետո անցնում է ջրերը բաժանելուն, այս բաժանման գործողությունը վիթխարի պատկեր է դառնում կոնկրետ բառերի միջոցով, որոնք առաջին անգամ արտասանվելուց ի վեր պահպանում են իրենց պոետիկ ողջ ներուժը: Երբ Երեմիա մարգարեն ասում է, որ ո՛չ եթովպացին կարող է իր մաշկի գույնը փոխել, ո՛չ հովազն իր բծերը կորցնել, մեջբերում է այն պոետիկ-ասույթային արտահայտություններից մեկը, որոնց վիճակված է անցնել ժամանակների միջով՝ պահպանելով կոնկրետ բառերով մատուցված կոնկրետ մտքի խոսունությունը: Այսպես՝ ասացվածք-նախադասությունը, որն արտահայտում է կոլեկտիվ փորձով ձեռք բերված ժողովրդական իմաստնության էությունը, գրեթե միշտ իր հյուսվածքից դեն է նետում ածականը. «Ասա ով է ընկերդ…», «Կուժն աղբյուրի ճամփին է…», «Գնա մեռի, արի…», և այլն: Բանն այն է, որ բնազդաբար, ովքեր բառային այնպիսի նյութ են մշակում, որին վիճակված է հարատևել, չեն վստահում ածականին, որովհետև յուրաքանչյուր ժամանակաշրջան իր անցողիկ ածականներն ունի, ինչպես իր մոդաները, իր երկար ու կարճ փեշերը, իր անեկդոտներն ու ժամացույցի շղթայիկները:
Ռոմանտիզմը, որի պոետները շատ էին սիրում հուսահատությունը, լիներ անկեղծ թե շինծու, ունեցել է հուշող ածականների մի հսկայական պաշար, այն ամենից, ինչը թախծոտ էր, մելամաղձոտ, լալկան, պոռթկուն, ոռնացող, հուսաբեկ, մռայլ, միջնադարյան, աղջամուղջային և սգային: Սիմվոլիստները կուտակեցին հօդս ցնդող, գորշավուն, մշուշապատ, տարտամ, հնօրյա, ծիածանագույն ածականներ, մինչդեռ լատինամերիկյան մոդեռնիստների ածականները հելենիստական, մարմարյա, պերճաշուք, փղոսկրագույն, ֆավներին, սամարացիներին հատուկ, ռիթմիկ՝ նրանց դարձվածքների մեջ, հեկեկուն՝ նրանց թավջութակների վրա, ճաճանչափայլ՝ նրանց արշալույսներում. աբսենթագույն, երբ նեպենտեսի1 մասին էր խոսքը, այնինչ թեթևամիտ ու փոփոխամիտ էր ներկայացվում հովհարի թեթև հովիկը: Դարասկզբին, երբ Փարիզում մոդայիկ դարձավ օկուլտիզմը, Սառ Պալադանն իր վեպերը լցնում էր այնպիսի ածականներով, որոնք հիշեցնեին առեղծվածայինի, շիկալուսայինի, աստղայինի և աստեղայինի մասին: Անատոլ Ֆրանսն իր՝ սրբերի կենսագրություններում «դարաշրջանի շունչը հաղորդելու համար» շատ հմտորեն օգտվում է Հակոբոս դե լա Վորաչեի2 ածականակերտումից: Սյուրռեալիստները հանճարեղ էին այնպիսի ածականներ գտնելու և վերածնելու հարցում, որոնք կարողանային ծառայել ցնորականի, խաբուսիկի, հանելուկայինի, զառանցականի, անկանխատեսելիի, ջղաձիգի և անրջայինի մասին եղած պոետական մտահայեցողությանը: Իսկ ինչ վերաբերում է ավելի ուշ եկած էքզիստենցիալիստներին, նրանք գերադասում են ժահրածոր ու գրգռիչ ածականներ:
Այսպես՝ ածականները կարճ ժամանակ անց փոփոխություններ են կրում մի գրական ուղղության, մի սերնդի ստեղծագործություններում: Նրանց ետևից, ովքեր իրոք արտահայտություն են հորինում, հայտնվում են այնպիսիք, ովքեր այդ արտահայտությանից յուրացնում են միայն երանգավորման, գունավորման և հուշելու տեխնիկան՝ գործի ներկարարական մասը: Եվ երբ այսօր ասում ենք, թե երեկվա այսինչ հեղինակի ոճն ուղղակի անտանելի է մեզ համար, մենք չենք անդրադառնում խորությանը, այլ միայն ածականակերտման արտաքին էժանագին փայլին, սգո հանդերձներին, պաճուճագեղությանն ու ոսկերչությանը:
Իսկ ճշմարտությունն այն է, որ բոլոր լավագույն ոճերը բնութագրվում են ածականի գործածման խիստ մեծ չափավորությամբ: Եվ երբ դրանից են ելնում, օգտագործում են առավել որոշակի, պարզ, անմիջական, հատկանիշը, էությունը, վիճակը, նյութն ու ոգին որոշարկող ածականներ, որոնք նախընտրել են ինչպես նրանք, ովքեր շարադրել են Աստվածաշունչը, այնպես էլ նա, ով գրել է «Դոն Կիխոտը»:

Իսպաներենից թարգմանեց Կարինե Չոբանյանը

________________________________
1Նեպենտես- միջատակեր բույս
2 Հակոբոս դե լա Վորաչե - Ջենովացի եպիսկոպոս (1292-1298թ.թ.), սրբերին մասին լեգենդների ամենամեծ ժողովածուի հեղինակը
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ