СТАНЬ VIP

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:30

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Aghasi Ayvazyan.jpg
Aghasi Ayvazyan.jpg (10.59 кб) Просмотров: 6950
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:31

ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ


(Անատոմիա)


Էսօր մեր առջև դրված է շատ լուրջ և հրատապ խնդիր, նոր սահ մանադրաթյան ընդունումը այլևս անհրաժեշտություն Է։ եվ հետաձգել այն ո՛չ մենք իրավունք ունենք, ո՛չ էլ մեզ թույլ կտա Գոյարարը։ եվ այսպես՝ սկսենք։ Ո՞վ է խոսելու առաջինը...
Ես։
Դո՞ւ ... էլի՞ դու։
Թող խոսի։
Վերջապես մենք պիտի կարգավորենք մեր վիճակը, մեր տեղն ու դերը, որ կարողանանք համաբան կառույց ունենալ և բարելավել մեր գործողությունը...
Արդեն ժամանակն է...
Էդ ո՞վ խոսեց։
Միջին շրջանի մարզպետն եմ։ Եթե պատգամավոր ես՝ պիտի իմանայիր։
Իմանամ-չիմանամ՝ քեզ ձայն տվեցի՞ն։
Մինչև ձայն տաք՝ ձայն չեք ունենա։
Էդ ինչի... Էդ ինչ եղար։
Լյարդ է իմ անունը...Գուցե լսե՞լ ես։ Քո շրջանի վատ աշխատանքն է ազդել նաև իմ վիճակի վրա։ Խեղդեցիր ինձ վատորակ օղիով ու թմրադեղերով... Քանի կոռուպցիայի դեմ պայքարը լոկ ցուցադրական խոսք է, մենք ոչ կազմախոսության կունենանք, ոչ բարեկեցիկ ժողովուրդ։
Ռադդ քաշի՛... Կարծես չես իմանում ինչն-ինչոց է… Միթամ դու կողքից ես ու սիրուն բլբլում ես։
Խնդրում եմ կոռեկտ լինել։ Մի մոռանաք՝ որտեղ եք գտնվում։
Նրանից կարգին խոսք երբ եք լսել։
Միթամ չես իմանում, որ ես հրամանների տակ եմ. ինչ կասեն՝ էն Էլ կկատարեմ։
Էդ ում ես ակնարկդ ուղղում...
Վայ... Բա կարելի՞ ա իմ հավատարմության մեջ կասկածել։
Դրուստ խոսք Էշին են ասում։
Չէ՛։ Եկեք մի քանի հարց պարզաբանենք։ Գտնում եք, որ մեր եղած սահմանադրությունը Գլխին անսահման իրավունքներ է վերապահել... Եկեք ամեն ինչ իր անունով կոչենք ...
Հի՛...հհ՛...հի՛...
Ծիծաղի տեղը չի... Ես ծիծաղողի... Հըմ... Կրկնում եմ՝ սահմանադրության մեջ ասված է, որ գլուխ հասկացությանը... Իբր թե ես եմ գլխավորը, քանի որ ես եմ Գլուխը՝ Գոյարարի կամոք։ Դուք է՞լ եք էդպես կարծում, քանի որ որոշել եք սահմանափակել Գլխի իրավասությունները։ Դո՛ւ, մանդռե՛կ... Անունդ չեմ կարող առանց ամաչելու արտասանել... Էստեղ կանայք կան...
Ոչինչ, ոչինչ... Ձեզանից հաճելի է լսել...
Դու, մունդռեկ... Ինչո՞ւ էս ժպտում... Որ ասեմ՝ խորամանկ, խորամանկ չես...Ես քեզ փորձել եմ շատ տեղերում։ Գլուխդ կոխում ես՝ ուր պատահի։ Ինձ հարցնում Ես։ Չէ։ Պիտի մտածեմ, որ գլխավորը դո՛ւ ես։ Եվ հիմա Էլ мутишь воду, սահմանադրությունն ես ուզում փոխել, քո արտոնություններն ընդլայնել... Կարծես քի՞չ արտոնություններ ունես... Ինձ ե՞րբ ես հարցրել անելիքդ... տո, մունդռե՛կ, բեաբուռ... Մեր կազմախոսությունը հասցրել ես էս օրին, մարդիկ էլ կարծում են ի՛մ մեղքով է... Ասում ես՝ ես եմ քեզ կարգադրում... Ստի ինչը ասեմ... Դու ե՞րբ ես ինձ լսել...
Թող պատգամավորները ազնիվ լինեն ու ասեն. ես ենթարկվո՞ւմ եմ, թե՞ չէ... Ինչի՞ ձայն չեք հանում... Է՛հ...
Ի՞նչ ձայն հանեն, տո փչացած... ես քո ձեռքին միշտ հարիֆ եմ եղել... Հիմա քե՞զ են խաբել, թե՞ ինձ... Քո դրդմամբ ես ընդունել եմ իմ խաբված լինելը... Գիտակցել եմ, որ խաբվում եմ և հոժարակամ գնացել եմ դրան, քո լրբության, քո տռփամոլության հարկադրանքով... Հիմա էլ փորձում ես սահմանադրությանը փոխել, որ վերջնականապես քայքայես մեր անատոմիան, մեր ներդաշնակ կազմախոսությունը... Միթամ քի՞չ է արածդ... Ոտքերին ես մեղադրում...
Հա, էլի...
Ոտքերն ի՞նչ անեն, որ դու նրանց վազեցնում ես՝ էլ Սոչի, էլ Փարիզ, էլ Պիգալ, էլ Սան-Ֆրանցիսկո, էլ... ինչ իմանամ, որ ջհանդամը... Ոտքերը գանգատվում են քեզնից...
Հա, էլի...
Նրանք արդեն ծալվում են, դու տնկված ես մնում... Քշում, հա քշում ես հարբած կառապանի նման... Ո՞ւր, ինչո՞ւ... Հիմա ասա՝ ում իրավասությունները պիտի սահմանափակել, տո մանդռե՚կ, տո խուռուշիա՛ն...
Նախաձեռնող խմբի ղեկավարը ես չեմ։
Բա ո՞վ է...
Հրեն, տռզած նստել է։ Թող ինքն ասի, թե չէ...
Հաա... Դու ես նոր Ռոբեսպիերը... Դուրդ գալի՞ս է, որ ընկերոջդ են քննադատում... Չէի՞ր կարող ասել, որ դո՛ւ ես էս բոլոր ղալմաղալը բարձրացրել... Սուսիկ-փուսիկ նստել ես` միթամ շատ բան չես ուզում, բայց նախագահիդ տակը փորում ես... Սահմանադրությանը դուրը չի գաւիս... Սրան մի տես... Ի՞նչդ է պակասում... Քի՞չ իրավունք ունես... Նախարարի որովայն էիր՝ շրջապատդ քո ձեռքն առար, բռիդ մեջ էիր հավաքել... Ոտքերը քեզ էին ենթարկվում... Մնացածին էլ դու էիր մատակարարում... երկրի կեցվածքը, տրամադրությունը` բոլորը քեզ էին ենթարկվում, քո հաճկատարն էին... Ու դու սահմանադրության հարցն ես բարձրացնում... Զավակ ես, էլի... Ընդունում ես... Լավ ես անում։ Գոնե էդքան խելք անես, թե չէ` պիտի կարծեի, որ քաքի հետ խելքդ արտաթորվել է պուտ-պուտ։
Ես մենակ հո չեմ...
Գիտեմ, է... ես ամեն բան գիտեմ... որ միամիտ խելքով կարծում է չեմ տեսնում, որ թաքնվել է քո թիկունքում... Անաղուհաց ես, քեզ հետույք դարձրի, իսկ դու ընդամենը ոռ ես, գռեհիկ ոռ։ Տո, աննամուս, դու ոնց էիր գլուխ դառնալու՝ ինչքան էլ որ փոխվի սահմանադրությունը... Հը... Ձեն չես հանում... Որովհետև գիտես, թե քո ձենը ինչ տպավորություն է թողնելու հասարակության վրա...
Ձեն հանողը ե՛ս չեմ։
Հաստ աղիքն է։ Խեղճը հաստ է, հաստը բութ է ... Դու, որ քեզ զուսպ պահես, նա քանի գլուխ ունի... Էսպես, ես գնացի... Կարծում եմ, հասկացաք... Սահմանադրությանը միշտ, Ադամի օրվանից մեկն ու միևնույնն է եղել ու էդպես էլ կմնա հավիտյանս հավիտենից...
Գնա՞ց... Մի լավ նայեք... Մեկ էլ տեսար՝ դռան ետևը կանգնած է...
Չէ, նա էդ սովորությունը չունի։
Դու ի՞նչ գիտես նրա սովորությունների մասին։ Դու միշտ տակն ես ու միշտ ներքևից ես նայում...
Ներքևից, կարծում ես, քի՞չ բան է երևում։
Ներքևից որոշեցիր սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել։
Ե՞ս որոշեցի։
Բա ո՞վ։
Եսիմ։ Ո՞վ էր ուզում գլխավոր դառնալ։
Ես՝ չէ։ Իհարկե, համոզվա՛ծ եք, որ ես չունեմ այդ ցանկությանը։ Ինձ պետք է Գլխի գլխավորությունը, որպեսզի զուսպ պահի այս անպիտանին, քանի դեռ նա իմ վերջը չի բերել... Գիշերները գնաուգա, բայց ցերեկները... Ինքը կանգնած լավ է զգում իրեն՝ հպարտ է, իշխանավոր, հաղթանակող... ես որ կանգնեմ՝ բոլորդ կպառկեք, ախր։ Ո՞նց չեք հասկանում... Դրա համար սահմանադրական փոփոխություններ ինձ պետք չեն։ Բացի դա՝ ես խիղճ ունեմ, դուք` ո՛չ։
Էդ չեղավ... Քեզ հեչ չի սազում։
Իսկ ի՞նչ է ինձ սազում... Ինչքա՞ն կարող եմ համբերել... Այս ազատությունը կյանքս կերավ... Էս տնկված հայվանը այլևս բոլորովիև ամոթը կորցրեց, մտնել է ուզում նույնիսկ արգելված տեղեր։
Դե, դե... չափը մի՛ անցիր։ Քեզ չհասա՛ դրա համար ես դաղված։
Սրան մի տեսեք։ Хулиган։ Ինձ միապետություն է պետք, որ այսպիսի տականքները երես չառնեն։
Հասկացա՛, դու ես ուզում գլխավորը լինել։ Ձևեր ես թափում։ Դա էլ տակտիկա է։ Դու ասացիր, չէ՞, որ եթե դու կանգնես՝ մենք բո լորս կպառկենք...
Демагог!
Ես պառկողը չեմ. իմ գործը տնկվելն է... Առանց ինձ դուք մի կոպեկ չարժեք։
Պարզ է։ Բոլորդ իմացե՛ք՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողը նա է... Ինձ էլ հանձնաժողովի ղեկավար կարգեց՝ իրեն միշտ շալվարում թաքցնելու մտադրությամբ։
Դավաճա՛ն։ Վասակ։ Արի ու էսպիսի դավաճանի հետ գործ բռնի, կազմախոսություն պահպանիր, տնկված մնա։
Սրան տեսեք... Ի՛նձ էր խոստացել գլխավորի պաշտոնը... Ուրեմն դո՞ւ ես ցանկացել մեզ գլուխ դառնալ...
Գլուխ եմ, բա ի՞նչ եմ, հարիֆ... Աշխարհի գլուխը, գոյության գլուխը միշտ մենք ենք եղել... Մենք ենք վճռել լինել-չլինելա հարցը...
Համլետիս աշեք... Վերջապես բացեցիր քո նենգ հոգին... Բայց հարցնող լինի՝ ես որ քեզ վառելիք չհասցնեմ՝ դու ինչ ես անելու...
Իսկապես, ես էլ որ ուղղության չտամ՝ կարո՞ղ ես ճամփադ գտնել...
Դուք էլ խոսեցիք... Ձեռք եք կոչվում... Իվան Սուսանին եք դարձել գլխիս... Առանց ձեզ էլ ես իմ ճամփան գտնում եմ... Դուք՝ աստենիկներ, խուճապարարներ, միայն խանգարում եք ինձ. անուշ քնած ժամանակ, չգիտես ինչու, արթնացնում եք և աուտոդաֆե սարքում... Պառլամենտը ձեր տեղը չի... Գնացեք մնջախաղի կամ տիկնիկային թատրոն... Էնտեղ ձեզ նման ձեռքեր են պահանջվում...
Եկեք վերջացնենք այս իզուր կազմակերպած ժողովը...
Այդպես էլ չիմացանք, թե ով է առաջարկություն արել սահմանադրական փոփոխությունների և նախագահի լիազորությունների սահմանափակման վերաբերյալ։
Մի՞թե պարզ չէ... Այն մեկը՝ օլիգարխը։
Ասելուց հետո՝ գոնե ճշգրիտ եղեք, մենք երեքն ենք. ես թիկնապահներ ունեմ։
Է՛յ, վերևներում, կարող եք մի քիչ զգույշ լինել... Մեզ էստեղ բերել եք, որ վրաներս թուք ու լորձունք, թե չգիտեմ ինչ, թափե՞ք...
Դուք... Դուք ովքե՞ր եք ... Ո՞վ է տեսել ձեզ... Ձեր մասին գաղափար ունի որևէ մեկը... Ոչ ոք ձայն չի՞ հանում... Ահա ձեր գնահատականը... էնպես որ՝ սուս մնացեք ոնց որ սուս էիք...
Չէ, ինչու... Բա ինչու եք շշուկով ճանաչում, տո՛, պլեբեյներ... Ինչի ձեն չհանեցիք, երբ հարցնում էի...
Մեր ձայնը չի լսվում... Մեզ ո՞վ է բանի տեղ դնում...
Ճիշտ էլ անում են։ Ձեզ կարելի է քերել, շպրտել մի կողմ։ Որովհետև ձրիակերներ եք, պարազիտներ... Հլա ձեր անունը մի երկու անգամ կրկնեք...
Բոլոր լեզուներով զզվելի եք՝ МОЗОЛЬ... կոշտուկ... Պարազիտնե՛ր...
Մենք ըևդդիմություն ենք...
Ո՞ւմ...
Բոլորի՛դ: Երբ սխալ քայլ եք անում, մենք աղմկում ենք, ճչում...
Իսկ դա իմ վրա ազդում է... Թող նա դարդ անի, ով հիմա էստեղ չի...
Դրա համար ես տիրության անում...
Լավ չլսեցի... Շշուկով եք խոսում... Դուք եք ընդդիմություն։
Կոշտուկների կողքին ի՞նչ պիտի սովորեիք...
Մենք նրանց հետ գործ չունենք։
Վախկոտնե՛ր։ Պայմանավորվել էիք միասին լինել...
Մենք ձեզ հետ ի՞նչ գործ ունենք։ Մենք մատևերի հետ պայմանավորվածություն ունենք։
Բայց մենք ընդդիմության չենք։ Մեզ մի խառնեք ձեզ հետ:
Երբ որ փայլել եք ուզում՝ մեզ հետ եք, հիմա հրաժարվո՞ւմ եք մեզանից։
Ձեր փայլը մեզ վրա չի բռնում։ Դուք նույնիսկ գաղթականի ստատուս չեք ստացել։
Իզուր ենք փայլեցրել ձեր կեղտոտ վերջավորաթյունները...
Օտար բարքեր եք ներմուծում ու էլի ինչ-որ հավակնաթյաններ ունեք։ Շուռ տվածներ... Արածներդ ինչ է ... Փայլեցնում եք մի բան, որ չի երևում։
Մենք որ չլինեինք՝ ձեր հոտած ոտքերը ոնց էիք ներկայացնելու նախընտրական կամպանիայի օրերին...
Վերջացրեք մանր-մունր խոսակցությունները... Էսօր մի՛ հարց է դրված օրակարգում՝ գործող նախագահի լիազորությունների սահմանափակման հարցը...
Էլի՞ տնկվեցիր։
Ես միշտ տնկված Եմ, դու քեզ նայի...
Ես վաղուց եմ հասկացել քո մտադրությանը... Նախագահի լիազորությունները սահմանափակենք, որ քո լիազորությունները ընդլայնվեն... Կոչ եմ անում չգնալ այդ ճանապարհով, դա իմ վերջը կլինի, նշանակում է՝ ամբողջ երկրի, ամբողջ կառույցի... Առանց այն էլ՝ հազիվ եմ ձեզ հասցրել մինչև այս գագաթնաժողովը... Օրեկան չորս ժամ արյուն եմ մղում... Շուտով այդ էլ չեմ կարողանա...
Իրոք մտածելու բան կա։
Էդ ով է մտածելու... Դու... Մի՛ ծիծաղեցրու... Կարծեմ քեզ Կույր աղիք են անվանում... Դու դեռ էստե՞ղ ես... Ուրիշ, քաղաքակրթված երկրներում քեզանից վաղուց են ազատվել։
Չլինի՞ դու ես ուզում իմ վերջը բերել...
Սուս կաց, թե չէ՝ կկրակի:
Չի կարող... Պորոխ չունի։ Հարցրեք էն երկու գնդլիկներին։ ճիշտ չի:
Մենք երբեք չենք դավաճանել մեր հրամանատարին։ Մի՛ դրդեք մեզ դավաճանության։
Չէ, դուք ասեք՝ առանց ձեզ նա ինչ է անելու։ Հիմա էլ ձեր զորությսւմբ է հոխորտում։
Փորձում ես պառակտության մտցնել մեր միջև։ Չի՛ ստացվի: Մենք միշտ երեքով ենք եղել և երեքով էլ կմնանք մինչև մահ։
Մնացեք, մնացեք... Մի հարցնող լինի՝ ոնց եք մնալու։ Դուք ինձ վրա եք։ ևս եմ ձեր խառաչոն։
էլի չխկչխկացիր... Դու ներքին գործերն ես, գոնե թաքուն աշխատիր... Քո պակուցիչ արտաքինը պիտի չերևա... Հենց երևակվում ես՝ կազմությունը փլուզվում է: Մի անգամ արդեն կատարվեց, մի՛ մոռանա։
Դուք բոլորդ մի՛ մոռացեք՝ ես եմ ձեզ թաքցնում:
Սխալվում ես՝ դու սոսկ մաշկ ես, պարզապես՝ շպար։
Ես որ ձայն չհանեմ ինձ բանի տեղ չե՞ք դնելու։
Դու ո՞վ ես։
Եթե եվրոպական գրականությանը ծանոթ լինեիր, կիմանայիր, որ իմ մասին մի ամբողջ թատերգության է գրվել... ես ամենաերևելի մասն եմ կառույցի... Քիթ կըսեն ինձի... ես եմ բոլորիդ ներկայացնում աշխարհին։
Քու վրա որ շալվար չկա, կարծում ես` դա էլ ես տնկվա՞ծ... Քեզանից միայն լորձունք է հոսում, խլնքոտ... Քու երկարությունը բոլորին խանգարում է... Իմ երկարությունը՝ բոլորիս հպարտությունն է: Մոռացա՞ր, քեզ կարճացրին անցյալ տարի, որ ամեն տեղ առաջ չընկնես... Ինձ կարո՞ղ են կարճացնել... Թող ուրիշները ասեն... Ինչքան էլ սիրտ նեղացնեմ, ինձ կուզենաք կարճացնել... Ասացեք... Ձայն հանեք։
Ո՛չ։
Ո՛չ։
Ո՛չ։
Ո՛չ։
ՉԷ։
ՉԷմի՛։
Չեմ իմանում։
էդ դո՞ւ ես, լեզու, որ չես իմանում: Պարզ է։ Դու երբեմն ինձ փոխարինել ես ուզում, ամո՛թ քեզ։ Դու խայտառակում ես մեզ բոլորիս, ամբողջ մեր երկիրը։ Ճի՞շտ չեմ ասում... Ձայն հանեք։
Ամո՛թ։
Ամո՛թ։
Ամո՛թ։
Ամո՛թ։
Առանց ինձ արդեն սահմանափակեցի՞ք իմ լիազորությունները... Տո մունդռե՛կ, տեղդ վեր ընկի... Թե՞ կարծում ես, որ առանց քեզյոլա չեմ գնա...
Առանց ինձ են յոլա գնացել, որ էս օրին ենք հասել։
Սո՛ւս, տո ավարա՛... Վերջացրի՛նք ժողովը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:32

ՄԵՆՔ՝ ԵՆԹԱՐԿՅԱԼՆԵՐՍ


Շրջապատի մարդիկ սկզբում նրա գեղեցկությունն էին նկատում, հետո՝ նրա քայլվածքի առանձնահատկությունը: Կինը շտապո՞ւմ էր, տագնա՞պ կար նրա ոտնափոխության մեջ, թե՞ նրա քայլվածքը ի բնե այդպիսին էր... Նրա մարմինը ոտքերի կամակատարն էր, նրանց թելադրմամբ ոլորվում էր, հետույքը աջ ու ձախ զարնում, կուրծքը դուրս ցցում, գլուխը ետ գցում... Ոտքերի տագնապը տանում-ուղղորդում էր նրա գեղեցկությունը... Ոտքերի ռիթմը դիրիժորն էր նրա իրանի...
Կինը անցավ Էջմիածնի գլխավոր փողոցով, թեքվեց դեպի Մայր տաճարը, չմտավ նրա բակը, այլ շարունակեց իր խռովիչ երթը դեպի Գայանեի վանքը... Մոտեցավ վանքին, մի պահ կանգնեց մուտքի առջև, ապա ոտքը դրեց նրա շեմին... և ուշագնաց ընկավ հատակին: Վրա վազեցին բակում և եկեղեցու ներսում գտնվողներն ու սկսեցին ուշքի բերել: Տարեց հոգևորականը բարձրացրեց կնոջը հատակից ու հանձնեց նրանց կողմը շտապող միջին տարիքի տղամարդուն: Տղամարդը վերցրեց կնոջը իր ձեռքերին և մոտեցավ ջրի ծորակին: Մի քանի րոպեից կինն ուշքի եկավ, նայեց տղամարդուն՝ ասես կողմնորոշվելու համար, թե որտեղ է գտնվում և ո՞վ է իր գլխավերևում թեքված տղամարդը:
- Բան չկա, - ասաց տղամարդը: - Թեթև ուշաթափություն էր... Պատահում է... Երևի այսօր բան չեք կերել...
- Հա՛, էլի... – քմծիծաղեց նրանց ետևում կանգնած պառավ մի կին: - Մոդա է դարձել... Սոված են մնում, որ նիհարեն... Էսօրվա կնիկները...
Տղամարդը խեթ հայացք գցեց պառավի վրա:
- Ի՞նչ է... Ճիշտ չեմ ասո՞ւմ... ավելի մեղմ ձայնով արտաբերեց պառավը:
Տղամարդու երկրորդ հանդիմանող հայացքի ուղեկցությամբ պառավը մի քայլ ետ գնաց:
- Ցրվե՜ք, ժողովո՜ւրդ... Բան չկա... Արև է, շոգ է... պատահում է... - դիմեց շրջապատին տղամարդը և դարձավ կնոջը. - Ես էստեղ մոտ եմ ապրում... Գնանք՝ հանգստացեք... Լա՞վ...
Կինը ոչինչ չպատասխանեց. նա նայեց եկեղեցու կողմը ու նվաղուն հայացքը ուղղեց տղամարդուն:
Տղամարդու տունը իսկապես մոտ էր: Նրան դիմավորեց մայրը:
- Մե՜ր... - ասաց տղամարդը, - ուտելու բան-ման պատրաստիր:
- Ամեն ինչ պատրաստի կա, Արտաշ ջան, - ասաց մայրը՝ հայացքը պահելով անծանոթ կնոջ վրա: Հետո աչքով արեց որդուն, որ նշանակում էր, թե ՙլավ աղջիկ է՚ ու ավելացրեց՝ ՙճաշակիդ մեռնեմ, տղաս՚: Նա վաղուց էր սպասում որդու ամուսնությանը, թոռներ ունենալուն, և Արտաշի ամեն ծանոթ կնոջը ընդունում ապագա հարսի տեղ: Եվ երբ Արտաշը իր բերած կնոջը հարցրեց՝ ՙՁեր անունը կասե՞ք՚, մայրը մեծ հարցականով սևեռվեց նրանց:
- Հեղինե... – սղաձայն արտաբերեց կինը և ուշացումով ավելացրեց, - Քերոբյան...
- Իմ անունը Արտաշես է... Ապրում եմ Երևանում... Բժիշկ եմ... Բուն էջմիածինցի եմ... Մայրս է մնացել մեր այս հին տանը... Երևի նրան էլ բերեմ Երևան... - ասաց Արտաշեսը և անհարմարությամբ զգաց, որ շտապեց իրեն այսքան հանգամանալից ներկայացնել:
Մայրը սեղանը պատրաստեց՝ հայացքն անընդհատ պահելով Հեղինեի վրա:
Հեղինեն՝ ձեռքերը ծնկներին, դիտում էր պատի վրայի լուսանկարները:
- Մոտեցի՜ր սեղանին, աղջի՜կս, - ասաց մայրը:
- Հեղինե... – կմկմաց Արտաշը, - տիկին ասե՞մ, թե՞ օրիորդ...
- Ուղղակի՝ Հեղինե...
- Մի պատառ ուտելիքը ձեր ուժերը կվերականգնի... Մոտեցե՜ք սեղանին...
- Ես սոված չեմ... Եվ պիտի Երևան վերադառնամ... Կներեք, և՝ շնորհակալություն...
Արտաշեսը իր հին ՙԺիգուլի՚-ով Հեղինեին հասցրեց Երևան:
Հեղինեն չէր կարող դուր չգալ տղամարդկանց, և Արտաշեսը ևս անտարբեր չմնաց նրա նկատմամբ: Ամեն ինչ անում էր, որ նորեն հանդիպի Հեղինեին: Վերջապես հաջողվեց. մի երեկո նրան դուրս բերեց քաղաք: Նստեցին սրճարանում, ապա Կասկադի շարժասանդուխքով բարձրացան վեր, զմայլվեցին քաղաքի տեսարանով, դիտեցին բացօթյա համերգը: Արտաշեսը ոգևորված էր Երևանով ու կաշվից դուրս գալով ցույց տալ էր ուզում Հեղինեին քաղաքի բարեմասնությունները: Սակայն ոչ մի կերպ չհաջողվեց նրան մասնակից դարձնել իր ոգևորությանը. Հեղինեն մելամաղձոտ էր: Ի՞նչ է նրա անուրախության պատճառը, հասկանալ էր փորձում Արտաշեսը և տարբեր կողմերից նրբորեն մոտենում էր այդ խնդրին: Հանդիպումից հանդիպում ավելի էր ակնհայտ դառնում Հեղինեի վիճակը:
- Այսօր տխո՞ւր ես, - հարցնում էր Արտաշեսը:
- Ոչ, - ժպտում էր Հեղինեն, բայց ժպիտի վրա քող կար, տխրության բարակ շերտ:
Ամեն անգամ տարբեր ձևերով տրված նույն հարցին Հեղինեի շուրթերին հայտնվում էր այդ ժպիտը: Հարցեր կային, որոնց վրա տաբու էր դրված Արտաշեսի համար. օրինակ՝ Հեղինեն մի փոքրիկ աղջիկ ունի և հարցնել նրա հոր մասին չէր հանդգնում Արտաշեսը: Ո՛վ իմանա՝ գուցե հայրը լքել էր նրանց, կամ երեխան անհաջող սիրո արգասիք էր... Կնոջ համար դա կշռավոր պատճառ է մելամաղձոտ լինելու: Բայց չէ՞ որ ինքը ամեն կերպ ակնարկում է, որ պատրաստ է ամուսնանալ... ՙԹեպետ շատ եմ վրաս վերցնում՝ կարծելով, որ ինձ հետ ամուսնությունը փրկություն է նրա համար՚, - մտածում էր Արտաշեսը: ՙԲայց ինքը բժիշկ է, ախր, և պարտավոր է նման հարցերի պատասխանը գտնել՚: Պատասխանը հանկարծակի ուրվագծվեց, որը անսպասելիորեն ավելի ծանր էր, քան Արտաշեսը կարող էր ենթադրել: Այդ օրը ճեղքեց Հեղինեի և Արտաշեսի միջև եղած առեղծվածային միջնորմը: Հեղինեն փողոցում երերաց, կպավ պատին, Արտաշեսը իր գրկի մեջ առավ նրան և տարավ տուն: Մի քանի օր էր պետք, որ Հեղինեի ընկճախտի ներչարչարանքը ստիպեր նրան բացվեր ու բացվեր, մերկանար ու մերկանար... Նման վիճակում մարդ, հատկապես կինը, կորցնում է հսկողությունը, և այն, ինչ ամուր փակի տակ էր պահվում փոխհարաբերությունների կանոնավորության մեջ, գլխից ձեռք վերցրածի հանգույն, առանց ափսոսանքի սեփական ես-ի նկատմամբ, մերկանում ու մերկանում է... Արտաշեսի բոլոր հարցերին պատասխան էր տալիս:
- Գլխապտույտներդ հաճախակի են դառնում... Թույլ տուր քննեմ... Ես հո բժիշկ եմ... - առաջարկեց Արտաշեսը:
Հեղինեն հնազանդորեն հանեց բլուզը, բացեց կուրծքը: Արտաշեսը լսեց նրա սիրտը, թոքերը, ստուգեց նյարդային համակարգը. ամեն ինչ նորմալ էր:
- Առողջ ես... - ասաց Արտաշեսը՝ փաղաքուշ հայացքը սահեցնելով նրա հոլանի կրծքավանդակի վրայով:
- Գիտեմ, - սղաձայն արտաբերեց Հեղինեն, ապա մատնացույց արեց կրծքի վրայի մեծ խալը: - Սա՜ է իմ հիվանդությունը:
- Խա՞լը... – ծիծաղեց Արտաշեսը: - Այս գեղեցիկ խա՞լը... Նա զարդարում է քեզ...
Հեղինեն երկար սևեռուն նայեց Արտաշեսին, ինչ-որ բան էր ուզում ասել, բայց արգելակվում էր ասելիքը բերանում, ու վերջապես խոսքը ինքնամատույց դուրս թռավ շուրթերից.
- Սա սատանայի մատն է, նրա նշանն է...
Արտաշեսը դեռ ժպտաց, նրան թվաց, թե գեղեցիկ կնոջ սեթևեթանք է, կատակ է, սակայն Հեղինեի դեմքը ուրիշ բան էր արտահայտում: Եվ այդ արտահայտության հետ հարաբերվել էր պետք... Բայց ինչպե՞ս... Ասածը անհեթհեթություն էր... Մնում էր ծիծաղը սաստկացնել.
- Կարելի՞ է համբուրել սատանայի նշանը...
Հեղինեի դեմքը խոժոռվեց՝ Արտաշեսի ծիծաղը խեղդելով իր լրջության մեջ: Խնդիր ծառացավ՝ ի՞նչ անել այժմ, ինչպես վարվել... Դրությունը և՜ զավեշտալի էր, և՜ պլստան... Անորոշության մթնոլորտը Արտաշեսի դեմքին անմտության կնիք դրեց. նա ոչինչ չէր արտահայտում: Եթե Հեղինեն շարունակեր լռել, Արտաշեսի փակուղին հեղձուցիչ կդառնար. բայց Հեղինեն փրկեց նրան.
- Հիշո՞ւմ ես իմ ուշաթափությունը Գայանեի վանքի առջև...
Արտաշեսը գլխով արեց:
- Ես չեմ սիրում եկեղեցի... Ես վախենում եմ եկեղեցիներից...
- Հետո ի՛նչ... – ուզում էր շարունակել իր խոսքը Արտաշեսը, Հեղինեն կտրեց.
- Հիշո՞ւմ ես փողոցում ես վատ դարձա... Դիմացս հայտնված հոգևորականի ինձ ուղղված հայացքից էր...
- Հնարում ես, սիրելի՜ս... Սատանա գոյություն չունի... Դա գեղարվեստական կերպար է, որ մարդկությունն է ստեղծել...
- Իսկ Աստվա՞ծ...
Արտաշեսը չգիտեր ինչ պատասխանել, որովհետև ինքը երբեք լուրջ չէր մտածել Աստծո գոյության մասին, սակայն հերքումը ևս իր ուժերից վեր էր:
- Աստվա՞ծ... Աստված կա՜... - արտաբերված խոսքը որևէ հիմք չուներ, նրա տակը դատարկություն էր: Հեղինեն այդպես էլ ընդունեց հավուր պատշաճի ասված բառերը:
Օրերն անցնում էին, Արտաշեսը նորեն, այս անգամ ավելի մանրախուզաբար կարդաց Կտակարանը, ձեռք բերեց Ռընանի, Մակդաուելի և տարբեր հայտնի և անհայտ աստվածաբանների գրականությունը՝ գտնելու համար համոզիչ փաստարկ Հեղինեին իր վիճակից հանելու նպատակով:
- Արի վիրահատենք, ջնջենք խալդ... – կիսակատակ առաջարկեց Արտաշեսը: - Հը՞... Ի՞նչ կասես...
- Սատանան իմ ներսում է... Ես դա վաղուց գիտեի... Սակայն վերջե՜րս միայն նա անտանելի դարձավ...
ՙՏարիքային է՚, ուզում էր ասել Արտաշեսը, բայց սսկեց, քանզի վիրավորական կլիներ նման բացատրությունը:
- Խալը պարզապես նշան է... Տավրո...
Արտաշեսը չէր հավատացել ոչ Աստծո, ոչ՝ սատանայի գոյությանը... Թերևս ծնվելով Էջմիածնում, վանքերը նրա համար լոկ մանկության շրջապատն էին, զբոսաշրջիկների այցելության վայրերը... Հասարակ էին ընկալվում իր կողմից. շենքեր էին, ճարտարապետություն էր... Հիմա սկսեց այցելել եկեղեցի, արահետ գտնելու համար դեպի Աստված... Միայն այս կերպ, Աստծո գոյության միջոցով հնարավոր էր սատանայի գոյության փաստը ընդունել: Կարծր էր բժշկի աշխարհընկալումը, և նա հոգնեց իր պրպտումներից. հոգնածության վրա ցինիկության ժպտաշուրթ դրոշմ կար:
Վեց ամիս անց նրանք ամուսնացան: Հեղինեի վիճակը չէր փոխվում: Նա Արտաշեսի հորդորով ամեն ինչ անում էր՝ հաղթահարելու համար իր վախերը եկեղեցիների և հոգևորականների հանդեպ: Մի քանի անգամ նույնիսկ ամուսինները փորձեցին մտնել Երևանի նորակառույց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Արտաշեսը եկեղեցին ներկայացնում էր որպես ճարտարապետական կառույց, որը բարեզարդում է քաղաքը. միայն այդ ձևով կնոջը համոզեց մոտենալ եկեղեցուն: Հեղինեին վերստին այցելեց իր վախը: Վախը պարունակում էր հակակրանք նաև:
- Ես ամեն ինչ անում եմ, որ դուրս գա այդ անիրավը իմ միջից... – լալիս էր Հեղինեն: - Ախր ամեն ինչ փորձում եմ...
- Կանցնի... միայն թե դու պիտի ազատվես սատանայի գոյության մտքից... Պարզապես նյարդային շփոթ է առաջացել քո մեջ...
Հեղինեն ջղայնանում էր.
- Ես իմ ներքինը շատ լավ գիտեմ... Սատանան ծնված օրիցս է բնավորվել իմ մեջ... Նա լուռ էր երկար ժամանակ՝ քանի դեռ ես եկեղեցի այցելելու ցանկություն չէի ցուցաբերում... Թեպետ անախորժությունը եկեղեցիների նկատմամբ միշտ առկայել է... Ես չեմ սիրել նաև եկեղեցական երգերը... Ուղղակի ուշադրություն չէի դարձնում... Միտքս դրանց կողքով էր անցնում...
- Դու ներշնչվող ես և համոզել ես ինքդ քեզ՝ հաճախակի փչացող տրամադրությունդ վերագրելով առասպելական կերպարին... Ես, օրինակ, ոչ մի կերպ չեմ կարողանում մարսել Աստծո գոյության տարածված գիտակցության պրիմտիվիզմը... Բայց իմ մեջ սատանա չկա... Նա չէ, որ հուշում է, դրսևորում իմ վերաբերմունքը կրոնի նկատմամբ...
- Որովհետև դու անհավատ ես... – նյարդայնանում էր Հեղինեն: - Իսկ ես հավատացյալ եմ...
- Լավ, լավ, սիրելի՜ս... Թող այդպես լինի... – հանգստացնում էր Արտաշեսը:
Մորը տեսակցության մենակ էր գնում: Դեռ չէր հաջողվել նրան Երևան տեղափոխել... Նրան Երևան տեղափոխեց ծանր հիվանդությունը. Արտաշեսը մորը տեղավորեց Երևանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ու այդ օրերին էր, որ Հեղինեն ամուսնուն տեսավ պատուհանի մոտ կանգնած, դեմքը դեպի դուրս, խաչակնքվելիս... Դժվար չէր հասկանալ, որ ամուսինը ամաչելով է խաչակնքվում և շշուկով է իր խնդրանքը ուղղում երկինք...
2006թ. նոյեմբեր
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:33

ՕՐՀԱՍ


Հայր մեր որ յերկինս ես...


Հեռապատկերը չէր երևում... Հինգ շարք տարիներ էին... Սկսեցիր քայլել... Շարքերը դարձան տասը... Վազեցիր... Ավելի արագ... Էլ ավելի թեթևակի... Ոտքերիդ տակ հողը և՜ պինդ էր, և՜ հող չկար... Հեռապատկերը այդպես էլ չէր երևում... Եվ տեսնելու, նկատելու միտում էլ չունեիր, պարզապես չէիր մտածում դրա մասին, այսինքն՝ ընդհանրապես միտք գոյություն չուներ... Ընթացքդ դարձավ արագապտույտ... Հայտնվեց երկու տարիների համակցությունը՝ ձեռք-ձեռքի բռնած, չգիտես ինչու մեղավոր ու շփոթված: Ինչո՞ւ, ինչո՞ւ... Ինչի՞ց եք շփոթվել... Անձրևի՞ց... Ցրտի՞ց... Անձրևաջրի կաթիլների հավերժության մելամաղձը երգող կաթկթոցի՞ց... Ասֆալտի վրայի նրա թողած հպանցիկ որմնանկարի՞ց... Օրվա երկարությունի՞ց, նրա մգլոտ միապաղաղ սահմանափակությունի՞ց... Չգիտե՜ս: Իհարկե՝ չգիտես: Այն որ պառավ, իր օրն ապրած պոռնիկը յուր փոքրիկ դստերն է բերել-ցուցադրել թաց մայթի բեմին՝ մի պատառ հաց վաստակելու նպատակո՞վ... Չէ: Իհարկե՝ չէ: Քանզի դու էլ ես նրաց նայում շաա՛տ-շաա՛տ հեռվից, դեռ տեսողության հարթակին չհասած: Քո մեջ էլ զզվանքը վերածվում է հեշտասիրության, տարպանքի... Ո՞վ ես դու: Հենց նոր հայտնված գո՞յ: Քո մի փոքրիկ կյանքի աննշան հատվածը փռելով հավերժության մարմնի վրա: Ուրեմն՝ ո՞վ ես դու: Պլագիատ, գոյագողություն, անմեղսունակ կրկնություն... Դու շարունակում ես քայլել... Ոչ, քայլդ արդեն փութաշարժ է և միաժամանակ ծույլ: Այդ պարադոքսի մեջ երկար կմնաս, շաա՛տ երկար... Հեռապատկերը նորեն անտեսանելի է... Նա վարագույրի ետևում է, որի բացողը դեռևս իրեն չի ցուցահանել: Վարագույրն այնքան հեռվում է, որ դու դրսում ես քեզ զգում, տակավին փողոցում... Փողոցը քոնն է և դահլիճ մտնելը մտքիցդ հեռու է: Շարունակի՜ր քայլել հաջորդ տարիների կապուկի վրայով: Այդ տարիները կոտրած սանդուղքի նման են, որոնց աստիճանները վեր ու վար են, նաև պակասում են տեղ-տեղ: Փույթ չէ, որ երբեմն-երբեմն ոտքդ ընկնում է երկու սանդղոտների արանքի պարապուտի մեջ: Դեռ աստիճանները շարունակվում են, և դրանց հաշիվը դու չես ուզում իմանալ... Եվ ինչի՛դ է պետք... Դու ոչ առաջինն ես, ոչ՝ վերջինը: Սակայն դու միակն ես: Տարիների հաջորդականությունը լղոզվում է հետզհետե, նրանք միակցված են, բոլորաձույլ՝ արյունով ու թարախով, մթությամբ և լույսով, վախով ու լկտիությամբ, խրախճանքով ու եռանդախեղդ տենչանքով, հավատով ու անհավատությամբ... Թեպետ քեզ հավատ դեռևս պետք չէ, նրա հետագիծը գետնի վրա է... Երկնքում ամպերն են՝ զավեշտալի ու նկարուն, որոնց մեջ ինչ ասես կարող ես գտնել...
Տարիների շարքը մարմնալուծվում է, կերպափոխվում մի ընդհանուր ճահճանման մակերեսի: Փայլ կա վրան, բայց աղտոտ, տաղտուկ ու սիրտհատնուկ է: Ու ոտքի առջև ոտք ես դնում այդ լխճոր թանձրուկի վրայով... Եզրը նրա հանկարծ առջևումդ է հայտնվում ու դու նշմարում ես վարագույրը.. Միայն նրա ժանգապատ շոշորթը, որի ետևում հետնադռան տարտամ ուրվականն է գծագրվում: Տարիների երկար շարանը խտանում է, և նրանից կազմված մի խլյակ մնում է ոտքիդ տակ և մտքիդ մեջ: Դու սկսում ես պատեպատ զարնվել՝ դուրս գալու համար այդ ներբակված տարածքից, սակայն գնալով ավելի է փոքրանում տարածքը... Ընկճախտը խեղդում է քեզ... Դու երբեք չէիր կարող, նույնիսկ մղձավանջի մեջ, երևակայել այդ տարածքի հեղձուցիչ օդը: Տարիներիդ երկայնահանդերձ, հոլովաբան, այլևս կծկված զետեղվածքը ոտքիդ տեղ չի անում: Մի պահի առկայծում ունի լոկ: Միայն մի՜ պահի, մի ակնթարթի, Աստվա՛ծ իմ, մի՜ ակնթարթի... Նայում ես երկնքին. գուցե այդտեղ մի նեղ սահանք բացվի, որից մի նոր հեռապատկեր տեսանելի դառնա... Երկնային խաղուն անծայրածիր լույսի մեջ կորցնում ես գծագիրդ և նորեն հայտնվում ես անելանելի նիստիդ վրա: Ուժդ, հնարամտությունդ, ճամարտակությունդ հերիք չեն անում գոնե առեղծվածային ա՜յս ելքի արահետը գտնել՝ դուրս գալու համար սույն նեղվածքից, թեկուզև դժոխք մտնելու պայմանով, բայց դուռը իր կամքն ունի, ի՜ր ինքնամփոփվածությունը: Անգամ կմախքդ կամաց-կամաց անհամբերությունից վերևանվելով, մաշկից առաջ է անցնում՝ մղվելով դեպի պակուցիչ ելքը: Եվ տակավին օրհասական վիճակդ շարունակվում է, շարունակվո՛ւմ է, շարունակվո՛ւմ է...

2006թ. Երևան, իմ գրադարանը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
    Вложения Harutin » 28 сен 2010, 20:48
    2 Комментарии
    744 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 23:08