
(24.44 кб) Просмотров: 441
Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում: Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը: Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում` նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում: Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում: Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ:
Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը): 1913 թ-ի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Սանկտ Պետերբուրգում: Այստեղ նույնպես սեփական միջոցներով ստեղծել է լաբորատորիա և շարունակել գիտական փորձերը:
Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925թ-ին Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928 թ-ին:
1945–51 թթ-ին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53 թթ-ին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար:
Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների: Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները: Փարիզում եղած ժամանակ նա հանդիպում է ունեցել աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ: Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում (ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ) Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է:
Ադամյանի աճյունը 1970 թ-ին Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատնից փոխադրվել է Երևանի քաղաքային պանթեոն:
Հովհաննես Ադամյանի անունն է կրել Երևանի ռադիոէլեկտրակապի տեխնիկումը: