ԱԲՈՒ ԱԼԱ ԱԼ ՄԱԱՐԻ
Սիրիացի Աբու ալ-Ալա ալ-Մաարին (973-1057) արաբական դասական պոեզիայում իր ուրույն տեղն ունի: Նրա ստեղծագործություններն իրենց խորին խոհականությամբ համարվում են ոչ միայն միջնադարյան արաբական պոեզիայի գլուգործոցներ, այլև` արաբամուսուլմանական խալիֆաթի բարդ ու բազմատարր մշակույթի յուրահատուկ միաձուլում:
4 տարեկանում ծաղկախտ հիվանդությունից աչքերը կուրանում են, ինչը, սակայն, նրան չի խանգարում ուսումնասիրել Ղուրանը, աստվածաբանությունը, մուսուլմանական իրավունքն ու ավանդույթները, արաբական պոեզիայի պատմությունն ու հունական փիլիսոփայությունը, ինչպես նաև մաթեմատիկա, աստղագիտություն ու բժշկություն. մի խոսքով այն ամենը, ինչն անհրաժեշտ էր միջնադարյան կրթված, զարգացած մուսուլմանի համար: Միջնադարյան արաբական աղբյուրներից հայտնի է, որ երիտասարդ տարիներին Աբու ալ-Մաարին ճանապարհորդել է Սիրիայում, հետո մեկնել Բաղդադ, ուր մնացել է կես տարի, ինչը նշանակալից ազդեցություն է թողել նրա աշխարհայացքի վրա: Մոր հիվանդության, ապա մահվան լուրը ստիպել է նրան վերադառնալ հայրենի գյուղ, ուր մինչև կյանքի վերջն ապրել է մեկուսացած կյանքով: