
Աբիլինի պարադոքսը (անգլ. Abilene paradox ) - Մարդկանց խումբը կարող է կայացնել որոշումներ հակառակ ցանկացած առանձին խմբի անդամի հնարավոր ընտրության, քանի որ խմբի ամեն անդամ ենթադրում է,որ իր ցանկությունը տարբերվում խմբի ցանկությունից և այդ պատճառով չի առարկում:
Աբիլինը քաղաք է Տեխասի նահանգում։ Դա ճանաչված անուն է մի իրական դեպքի շնորհիվ, որ պատահել է հոգեբան Ջերրի Հարվեյին։ Մի շոգ ամառային օր նա ու իր ընտանիքը ձանձրանալիս են լինում պատշգամբում։ Հանկարծ աներն առաջարկում է.
-Չգնա՞նք Աբիլին։
Աբիլինը հեռու է, բայց բոլոր ներկաները համաձայնում են։ Սրանք երկար էդ շոգին հասնում են Աբիլին ու հետ գալիս։ Մեքենան օդորակիչ չի ունենում, ու մարդիկ չորս ժամվա անդադար տանջանքի են ենթարկվում։ Ճամփորդությունից հետո մեկն ասում է.
-Իզուր գնացինք։
Միանգամից բոլորը հայտարարում են, որ չէին ուզում էդ ճամփորդությունը, բայց համաձայնել են, որովհետև կարծել են, թե մյուսներն ուզում են։
Հարվեյը գրում է. «Մենք՝ չորս բավականին բանական մարդիկ, բարի կամքով հենց նոր կտրեցինք 170 կմ վառարանի պես թեժ, տաղտկալի անապատով՝ փոշու խիտ ամպի մեջ կորած, որ Աբիլինի խորտկարաններից մեկում մի անհամ բան ուտենք, թեպետ իրականում ոչ ոք չի ուզել գնալ»։ Այսինքն՝ մարդիկ իրենց կամքով համաձայնել են, որ իրենց համար վատ լինի՝ դրա հետ կարծելով, թե մեկնումեկի համար դրանից լավ է լինելու։ Կարծում եք՝ պատահականությո՞ւն է։
Վիճակագրությունից պարզվում է, որ աբիլինյան ցցերին մարդիկ անընդհատ բախվում են։ Թվում է՝ բիզնեսում բոլորը լուրջ մարդիկ են ու պիտի որ իրենց տեսակետը պնդեն։
Պրոֆեսոր Ջեյմս Ֆեստֆալը հետաքրքիր ուսումնասիրություն է արել։ Մի հարցում է անցկացրել, որի մասնակիցները բաժնետիրական ընկերությունների տնօրեններ են։ Պարզվել է, որ հարցվածների մեծ մասը չի արտահայտվում ընկերության քաղաքականության դեմ, որովհետև կարծում է, որ մյուսներն այդ քաղաքականությունն ընդունում են։
Այսինքն՝ բոլորը դեմ են, բայց քվեարկում են «կողմ»։ Արդյունքում մի խումբ խելացի մարդիկ միահամուռ կայացնում են մի հիմար որոշում։
Աբիլինի պարադոքսի ողբերգական հետևանքներից մեկը ամերիկյան «Չելենջեր» շաթլի կործանում է համարվում 1986 թվին։ Աղետի պատճառների հետաքննության ժամանակ պարզվել է, որ ՆԱՍԱ-ի ղեկավարները միանգամայն տարօրինակ որոշում են կայանցրել։
Շաթլի արձակումից անմիջապես առաջ ջերմաստիճանը կտրուկ նվազել է։ «Մորթոն Տիոկոլ» ընկերությունը, որն զբաղվում է «Շաթլների» արագացուցիչների մշակումով, զգուշացրել է ՆԱՍԱ-ի ղեկավարությանը, որ ցածր ջերմաստիճանի դեպքում խցուկները կթուլանան, և հնարավոր է՝ վթար լինի։ Եթե մեկ մարդ որոշում կայացնող լիներ, թերևս մտածեր այսպես. «Ինչո՞ւ արձակենք «Չելենջերը» բացասական ջերմաստիճանի դեպքում, եթե հնարավոր է վթարն ու անձնակազմի յոթ անդամի կործանումը։ Հարկավոր է արձակումը հետաձգել»։
Բայց հանձնաժողովն այլ կերպ է մտածել։ Խորհրդի մասնակիցներից մեկը բորբոքված հայտարարել է.
-Հիմա՝ ի՞նչ. սպասենք, մինչև ջերմաստիճանը հասնի 11 աստիճանի՞։ Բա եթե մինչև ապրիլ չբարձրանա՞։
Եվ բոլորը միահամուռ պաշտպանել են այդ հիմար ելույթը։
Մտածեք. համկարգի կոնստրուկտորները դեմ են արձակմանը, որովհետև հնարավոր է աղետ։ Թռիչքների ղեկավարները կողմ են, քանի որ հակառակ դեպքում կխաթարվի արձակումների ծրագիրը։ Բայց չէ՞ որ եթե աղետ լինի, արձակումների ծրագիրը, միևնույն է, կխաթարվի։ Բայց երբ մի խումբ մարդիկ արդեն ընկել են հոգեբանական թակարդը, տրամաբանությունը դադարում է աշխատելուց։
Արձակման հրամանը տրվել է։ Եվ 1986 թվի հունվարի 28-ին՝ թռիչքի 74-րդ վայրկյանին, «Չելենջեր» տիեզերանավը պայթեց խցուկների թուլացման պատճառով։ Զոհվեցին անձնակազմի 7 անդամներ։ Էստեղ հիշենք, որ ԱՄՆ տիեզերական ծրագիրը աղետից հետո դադարեցվեց երկուսուկես տարով։ Սա էր գինը, որ վճարվեց Աբիլինի պարադոքսի մեջ ընկնելու դիմաց։
Եթե անգամ նման պատասխանատու նախագծերի քննարկման ժամանակ մարդիկ ընկնում են աբիլինյան թակարդը, ապա չէ՞ որ հանապազօրյա կյանքում այդ թակարդը սպառնում է ամեն քայլափոխին։ Ո՞րն է պատճառը։
Որքան էլ տարօրինակ լինի, մարդկանց՝ այդ թակարդն ընկնելը բացատրվում է խորը հոգեբանական մի խնդրով։ Դուք աբիլինյան ցցերին եք ոտք դնում այն պահին, երբ ուրիշների կարծիքը ձեր մասին ձեզ համար ավելի կարևոր է դառնում, քան կյանքը։ Ձեր նպատակներն իրականացնելու փոխարեն սկսում եք մտածել՝ ուրիշներն ինչ կասեն։ Օրինակ՝ ՆԱՍԱ-ի ղեկավարները մտածել են՝ ինչ կասեն, եթե արձակման ծրագիրը խափանվի։ Դա շատ ավելի ծանրակշիռ է եղել, քան տիեզերագնացների կյանքը։
Աբիլինի պարադոքսը բազմիցս հաստատվել է հոգեբանների կողմից ամենատարբեր սոցիալական խմբերում։ Բոլորը համառորեն գործում են ի վնաս իրենց՝ գործելով իբր ուրիշների օգտին։ Սա կյանքը միահամուռ ուժերով փչացնելու զվարճալի միջոց է։ Աբիլինյան ցցերն սկսվում են հետևյալ մտքերով.
Բա իմ մասին ի՞նչ կմտածի։
Մարդիկ ի՞նչ կասեն։
Ոնց որ բոլորը, էդպես էլ ես։
Հենց ուրիշների կարծիքը ձեր շահերից կարևոր է դառնում, զարմանալի չէ, որ դատապարտված եք լինում արևի տակ վառվելու ու Աբիլինի ճանապարհի փոշին կուլ տալու։ Միակ մխիթարանքն այն է, որ մենակ չեք գնալու, այլ ձեզ պես մտահոգների խմբով։ Ուրիշի կարծիքով մտահոգների։
Ամեն անգամ, հենց լսում եք «Ես հանուն նրա ամեն ինչ զոհաբերել եմ», «Ես հանուն խմբի ամեն ինչ կանեմ», «Ես ապրում եմ հանուն ընտանիքիս» արտահայտությունները, իմացեք, որ իրականում այս մարդիկ ապրում են հանուն իրենց մասին ուրիշի կարծիքի։ Հանուն դրա փչացնում են և՛ իրենց, և՛ շրջապատի կյանքը։
Խուսափելու համար այդ թակարդից հարկավոր է հասկանալ՝ դուք միայն ձեր մտածածը կարող եք իմանալ։ Ուրիշների մտքերի մասին միայն ենթադրություն եք անում։ Նույնիսկ եթե նրանք մի բան ասում են, բոլորովին չի նշանակում, թե այդպես էլ մտածում են։
Դրա համար ավելի լավ է հենվել ոչ թե ենթադրության վրա, թե ով ինչ կասի, այլ գործել՝ ելնելով սեփական ցանկություններից։ Դրա համար ավելի լավ է ասել այն, ինչ ուզում եք ու տեսնել՝ ինչ կասեն։
Պատկերացնենք մի պահ, թե այդ պատշգամբի խմբում ամեն մեկը անկեղծ ասում է՝ ինչ է ուզում։ Հնարավոր է՝ ցանկությունները կհամընկնեին, հնարավոր է՝ ոչ։ Բայց ամեն դեպքում ոչ ոք իր կյանքը չէր փչացնի։
Մեկը կգնար սառը լիմոնադի հետևից, մեկը կգնար լողալու, մեկն էլ գուցե հովհար կբերեր։ Բանական մարդիկ միշտ կարողանում են կյանքն ավելի լավը դարձնել։ Այնպես որ, եթե դուք ուղիղ ու անկեղծ խոսում եք ձեր ուզածի մասին, դուք, որքան էլ տարօրինակ սա հնչի, օգնում եք մյուսներին իրենց ցանկությունները կատարելու։