СТАНЬ VIP

Օտար հեղինակների հեքիաթներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Օտար հեղինակների հեքիաթներ

Сообщение:#1  Сообщение Армине » 05 сен 2008, 12:31

Մանկության մոլորակում երեխաները հնարավորություն ունեն երազել, երևակայել, փնտրել գտնել իրենց համար ամենանվիրականն ու ամենահարազատը, գտնել այն անկյունը, որտեղ հեքիաթների բարի և ուժեղ հերոսներն են իրենց աներևակայելի մղումով ուժ հաղորդում երեխաներին և այն մեծահասակներին, ովքեր թեպետ մանուկ չեն տարիքով, սակայն ունեն մեծ սեր և հոգով միշտ մոտ են մանկական աշխարհին ու հեքիաթին:

Հեքիաթների շնորհիվ սովորում ես ճանաչել աշխարհը, ինքդ քեզ, գնահատում համամարդկային արժեքները:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Հեքիաթներ

Сообщение:#2  Сообщение Армине » 05 сен 2008, 12:42

Մոխրոտը
Գրիմմ Եղբայրներ
Текст:
Մի հարուստ մարդու կինը ծանր հիվանդանում է, երբ զգում է, որ վերջն եկել է, էլ վեր չի կենալու, կանչում է մինուճար աղջկան, ասում.

- Սիրելի զավակս, համեստ ու խոնարհ եղիր, և աստված միշտ կօգնի, ես էլ վերևից կհսկեմ քեզ ու մենակ չեմ թողնի:

Ասում է, աչքերը փակում ու մեռնում: Աղջիկն ամեն օր այցի է գնում մոր գերեզմանին, լաց լինում: նա շատ խոնարհ ու հեզ աղջիկ է լինում:

Շուտով վրա է հասնում ձմեռը, և մոր գերեզմանը ծածկվում է ճերմակ սփռոցով, իսկ գարնանը, երբ նորից շողշողում է արևը, հարուստը նոր կին է առնում իր համար:

Խորթ մայրը հետը երկու աղջիկ է բերում: Սրանք սիրունատես աղջիկներ են լինում, բայց շատ չար ու դաժան հոգի են ունենում: Ու խեղճ աղջկա օրը սևանում է:

- Մի՞թե էս հիմարն էլ պիտի մեզ հետ սեղան նստի,- ասում է խորթ մայրը:- Ով ուզում է ուտի, նախ պետք է աշխատի: Քո տեղը խոհանոցն է, գնա, էնտեղ քեզ համար շատ գործ կճարվի: Հանում են նրա գեղեցիկ հագուստը, հին, մաշված շորեր տալիս ու փայտե մաշիկներ:

- Հապա մի էս գոռոզ թագուհուն նայեք, ինչպես է զարդարվել,- ասում են նրանք ծիծաղելով ու աղջկան խոհանոց ուղարկում: Առավոտից իրիկուն նա պիտի աշխատեր խոհանոցում, ջուր բերեր, վառեր վառարանը, ճաշ եփեր, լվացք աներ: Էդքանը բավական չէր, խորթ քույրերն էլ հոգու հետ էին խաղում: Ծաղրում էին, ծիծաղում վրան, ոսպ ու սիսեռ էին լցնում մոխրի մեջ ու ստիպում ջոկել: Երեկոյան, երբ խեղճ աղջիկը վերջացնում էր գործը և ուզում էր պառկել հանգստանալ, անկողին չէին տալիս, ստիպում էին վառարանի մոտ թափված մոխրի վրա նստել: Եվ որովհետև միշտ մոխրոտ ու փոշոտ էր լինում, քույրերը անունը դնում են Մոխրոտ:

Մի անգամ հայրը գնում է տոնավաճառ և աղջիկներին հարցնում է, թե ինչ բերի նրանց համար:

- Գեղեցիկ զգեստներ,- ասում է մեկը:
- Մարգարիտներ ու ակնեղեն,- ասում է մյուսը:
- Քեզ համար ի՞նչ բերեմ, Մոխրոտ, դո՞ւ ինչ ես ուզում:
- Ինձ համար մի ճյուղ բեր, հայրիկ: Տուն դառնալիս որ ճյուղը, որ գլխարկդ գցի, հենց դա էլ պոկիր բեր:
Հայրիկը գեղեցիկ հագուստներ է գնում աղջիկների համար, մարգարիտներ ու թանկարժեք քարեր, ու երբ տուն գալիս անցնում է անտառով, ընկուզենու ճյուղը կպչում է նրան ու գլխարկը ցած գցում: Հայրը հենց էդ ճյուղն էլ պոկում է ու բերում իր հետ: Բերում նվերները տալիս է աղջիկներին, ճյուղն էլ` Մոխրոտին:

Մոխրոտը շնորհակալություն է հայտնում, վերցնում է ճյուղը, տանում է տնկում մոր գերեզմանին ու էնքան է լաց լինում, որ արցունքներով ջրում է հողը: Ճյուղն աճում է, մեծանում, դառնում գեղեցիկ Ծառ: Մոխրոտը օրական երեք անգամ գնում է ծառի մոտ, լաց լինում ու աղոթում: Ամեն անգամ մի սպիտակ թռչնակ է գալիս, իջնում ծառին, ու երբ Մորոտը որևէ բան է ուզում, թռչնակը գցում է նրա համար:

Մի օր էլ թագավորը մեծ պարահանդես է անում, որ պիտի տևեր երեք օր, հրավիրում է իր երկրի բոլոր գեղեցիկ աղջիկներին, որպեսզի որդին հնարավորություն ունենա ընտրություն կատարել: Երբ խորթ քույրերն իմանում են, որ իրենք էլ պետք է ներկա գտնվեն պարահանդեսին, բարիանում են, կանչում Մոխրոտին.

- Արի մեր մազերը սանրիր, կոշիկները մաքրի, կոճկիր ճարմանդները, տես ամուր կոճկիր, հա , թագավորի հանդեսին ենք գնում:

Մոխրոտը կատարում է նրանց պահանջները, բայց տխուր է լինում, ինքն էլ է ուզում պարել, սկսում է խնդրել խորթ մորը, որ իրեն էլ թույլ տա գնալ:

- Դու ոտքից գլուխ մոխրի ու փոշու մեջ կորած, ինչպե՞ս գնաս թագավորի պարահանդեսը: Ոչ շոր ունես, ոչ կոշիկ և դեռ ուզում ես պարել,- ասում է խորթ մայրը:

Մոխրոտն այլևս չի խնդրում, բայց խորթ մայրն ասում է. - Մի թաս ոսպ եմ թափել մոխրի մեջ, եթե երկու ժամում հավաքես, քույրերիդ հետ գնա:

Մոխրոտը գնում է այգի ու ձայն տալիս. - Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հավքեր, թռեք եկեք, օգնեք ինձ, մոխրի միջից ոսպը ջոկեք: Թասը գցեք տռուզը, փուչերը՝ ձեր թուչը:

Երկու ճերմակ աղավնիներ գալիս, իջնում են խոհանոցի պատուհանին, նրանց ետևից էլ` տատրակները, ապա երկնային բոլոր հավքերը, իջնում են մոխրի վրա: Աղավնիներն սկսում են կըտ, կըտ կըտ, հավաքել ոսպը, մյուսներն էլ հետևում են նրանց օրինակին: Էդպես հավաքում են ամբողջ ոսպը, լցնում թասի մեջ: Մի ժամ էլ չի անցնում, վերջացնում են աշխատանքը ու թռչում գնում:

Մոխրոտը թասը ուրախ-¬ուրախ բերում է տալիս խորթ մորը` մտածելով, որ հիմա իրեն էլ թույլ կտա գնալ պարահանդես, բայց նա ասում է, - Չէ, Մոխրոտ, դու ոչ շոր ունես, ոչ կոշիկ, համ էլ պարել չգիտես բոլորը կծիծաղեն վրադ:

Մոխրոտը լաց, է լինում, իսկ խորթ մայրն ասում է. - Այ, եթե մի ժամում երկու թաս ոսպ ջոկես մոխրի միջից, էն ժամանակ կգնաս քույրերիդ հետ, ասում է ու մտածում: ՙՄի ժամում ոնց պիտի երկու թաս ոսպը ջոկի՚: Խորթ մայրը երկու թաս ոսպ է լցնում մոխրի մեջ, իսկ Մոխրոտը էլի գնում է այգին ու կանչում.

- Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հա վքեր, թռեք եկեք, օգնեք ինձ՝ ոսպը հավաքեմ: Թասը գցեք տռուզը, փուչերը ձեր թուչը:

Եվ երկու ճերմակ աղավնիներ գալիս իջնում են խոհանոցի պատուհանին, իսկ նրանց ետևից տատրակները, և վերջապես երկնային բոլոր հավքերը: Աղավնիներն սկսում են` կըտ կըտ կըտ, հավաքել ոսպը, մյուսներն էլ հետևում են նրանց օրինակին: Էդպես հավաքում են ամբոջղջ ոսպը, լցնում թասի մեջ: Կես ժամ էլ չի անցնում, աշխատանքն ավարտում են ու թռչում գնում:

Մոխրոտը երկու թաս ոսպը ուրախ¬ուրախ բերում խորթ մորն է տալիս` մտածելով, որ հիմա թույլ կտա իրեն պարահանդես գնալ, բայց նա ասում է.

- Չէ, Մոխրոտ, չի լինի, դու քույրերիդ հետ պարահանդես չես գնա շոր չունես, համ էլ չես կարող պարել, խայտառակ կլինենք քո պատճառով:

Ասում է մայրն ու իր երկու աղջիկների հետ գնում պարահանդես: Երբ տանն այլևս մարդ չի լինում, Մոխրոտը գնում է մոր գերեզմանին այցելության, կանգնում է ընկուզենու տակ ու կանչում:

- Շարժիր ճյուղերդ, օրորվիր իմ ծառ, ոսկեթել զգեստներ թափիր ինձ համար:

Եվ թռչնակը ոսկեթել զգեստներ է թափում, ոսկեթել մետաքսե կոշիկներ: Աղջիկը շտապ հագնվում է ու գնում հանդեսի: Երբ ներս է մտնում, խորթ մայրն ու քույրերը, որ անտեղյակ էին այդ ամենին, կարծում են, թե անծանոթ թագավորի աղջիկ է եկել, էնքան գեղեցիկ է լինում նոր զգեստի մեջ: Նրանք կարծում էին, թե Մոխրոտը տանը նստած ոսպ է ջոկում մոխրի միջից: Թագավորի տղան ընղառաջ է գնում նրան, թևանցուկ անում, ու երբ պարերն սկսվում են, պարում է նրա հետ: ՈՒրիշ ոչ մեկի հետ չի պարում, ոչ էլ թողնում է նրա ձեռքը: Իսկ եթե մեկնումեկը մոտենամ է աղջկան պարի հրավիրելու, թագավորի աղան ասում է.

- Նրա հետ ես եմ պարելու:

Մինչև ուշ երեկո պարում է Մոխրոտը, իսկ երբ ուզում է տուն վերադառնալ, թագավորի տղան ասում է.

- Ես կգամ քեզ ճանապարհ կդնեմ: Թագավորի տղան ուզում է իմանալ, թե նա ում աղջիկն է, բայց Մոխրոտը փախչում է ու թաքնվում աղավնատանը:

Թագավորի տղան էնքան է սպասում, որ Մոխրոտի հայրը գալիս է: Նրան ասում է, թե մի անծանոթ աղջիկ մտավ աղավնատունը: Ծերուկը մտածում է. ՙՄոխրոտը կլինի՚, պատվիրում է բերել կացինն ու կեռը, որպեսզի աղավնատունը քանդի, բայց էնտեղ ոչ ոք չի լինում:

Ծնողները գալիս են տուն, տեսնում՝ Մոխրոտը կտավե բլուզը հագին, պառկած է մոխրի վրա, վառարանի մոտ էլ վառվում է ձեթի ճրագը: Բանն էսպես է լինում. Մոխրոտը աղավնատան մյուս երեսից դուրս է գալիս ու վազում ընկուզենու մոտ, էնտեղ հանում է գեղեցիկ զգեստը, դնում մոր գերեզմանին, թռչնակը ետ է տանում, ինքը հագնում է կտավի բլուզն ու գալիս նստում խոհանոցի մոխրի վրա:

Հաջորդ օրը, հանդեսը նորից է սկսվում, և ծնողներն ու խորթ քույրերը գնում են, Մոխրոտն էլի գնում է ընկուզենու մոտ ու ասում.

-Շարժիր ճյուղերդ, օրորվիր, իմ ծառ, ոսկեթել հագուստ թափիր ինձ համար:

Եվ թռչնակն ավելի շքեղ զգեստ է գցում նրա համար, ու երբ Մոխրոտը ոտք է դնում պալատ, բոլորը հիանում են նրա գեղեցկությամբ: Թագավորի տղան նրան է սպասելիս լինում, հենց որ գալիս է, էլի բռնում է թևից ու միայն նրա հետ է պարում: Երբ ուրիշները մոտենում են, աղջկան պարի հրավիրում, թագավորի տղան ասում է.

- Ես եմ պարում նրա հետ:

Վրա է հասնում երեկոն, աղջիկը պատրաստվում է գնալ, թագավորի տղան հետևում է նրան, որ տեսնի` ում տուն է մտնելու: Բայց աղջիկը վազում է պալատի ետևի այգին: Այգում մի հրաշալի ծառ է լինում, վրան` համեղ տանձեր: Աղջիկը շտապ բարձրանում է էդ ծառն ու սկյուռի նման ճյուղից ճյուղ անցնում էնպես, որ թագավորի տղան չի հասցնում նկատել նույնիսկ, թե ուր չքվեց: Նա սպասում է մինչև հայրը գալիս է, ասում է.

- Անծանոթ աղջիկը փախավ, բայց ինձ թվաց, որ տանձի ծառը բարձրացավ:

Հայրը մտածում է. ՙՄոխրոտը կլինի՚, ու հրամայում է կացինը բերել, ծառը կտրել: Բայց ծառի վրա մարդ չի լինում: Նրանք գալիս են տուն, տեսնում Մոխրոտը խոհանոցում նստած է մոխրի վրա: էս անգամ էլ նա ծառի մյուս երեսից է իջնում, վազում է ընկուզենու մոտ, թողնում զգեստը, հագնում իր կտավե բլուզն ու գալիս պառկում մոխրի վրա:

Երրորդ օրն էլ երբ ծնողներն ու խորթ քույրերը գնում են պարահանդես, Մոխրոտը վազում է մոր գերեզմանի մոտ ու խնդրում ծառին.

-Շարժիր ճյուղերդ, օրորվիր, իմ ծառ, ոսկեթել հագուստ թափիր ինձ համար:

Եվ թռչնակը մի էնպիսի շողշողուն երկնային զգեստ է գցում նրա համար, որի նմանը դեռ ոչ ոք չէր տեսել իր կյանքում, իսկ կոշիկները մաքուր ոսկուց են լինում:

Մոխրոտը պարահանդես է գալիս էդ զգեստով, հիացմունքից բոլորի լեզուները կապ են ընկնում: Թագավորի տղան միայն նրա հետ է պարում, ու եթե որևէ մեկը հրավիրում է աղջկան, ասում է.

- Ես եմ պարում նրա հետ:

Վրա է հասնում երեկոն, Մոխրոտը պատրաստվում է գնալ, թագավորի տղան ուզում է նրան ճանապարհել, բայց աղջիկն էլի էնպես ճարպկորեն է ծլկում, որ ոչ ոք նրան չի նկատում: Էս անգամ թագավորի տղան խորամանկության է դիմում. հրամայած է լինում աստիճաններին ձյութ քսել, և երբ Մոխրոտը փախչում է, նրա ձախ կոշիկը մնում է սանդուղքի աստիճանին կպած:

Թագավորի տղան վերցնում է կոշիկը, որ փոքրիկ ու սիրուն է լինում` ձուլված մաքուր ոսկուց: Հաջորդ առավոտյան թագավորի տղան կոշիկը ձեռքին գնում է Մոխրոտի հոր մոտ, ասում.

- էս կոշիկը ում ոտքը որ մտավ, նա կլինի իմ կինը: Ուրախանում են քույրերը, նրանք գեղեցիկ ոտքեր են ունենում: Ավագը մոր հետ մտնում է սենյակ, որ փորձի կոշիկը: Բութ մատը խանգարում է, որ կոշիկը մտնի: Էդ ժամանակ մայրը դանակը տալիս է նրան` ասելով.

- Առ, կտրիր բութ մատդ, երբ թագուհի դառնաս, միևնույնն է, ոտքով չես ման գալու:

Աղջիկը կտրում է բութ մատը, կոշիկը դժվարությամբ հագնում է ու ցավից շրթունքը կծած գնում կանգնում թագավորի տղայի առաջ: Թագավորի տղան նրան նստեցնում է իր ձիուն ու տանում: Այդ ճանապարհն անցնում է գերեզմանոցի մոտով, իսկ ընկուզենու վրա երկու աղավնի նստած երգում են. Ոտքից արյուն է կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Ու՞ր ես տանում գիրկդ առած,
Սիրուն հարսնացուդ մնաց:
Թագավորի տղան նայում է ոտքին, տեսնում` արյուն է հոսում: Ձիու գլուխը թեքում է, կեղծ հարսնացուին բերում տուն, ասում, որ սա չի իսկական հարսնացուն, թող մյուս քույրը փորձի: Կրտսեր քույրը մտնում է սենյակ, սկսում է փորձել, ոտքի մատները մտնում են կոշիկի մեջ, բայց կրունկը մեծ է լինում, չի տեղավորվում: Էդ ժամանակ մայրը դանակը տալիս է նրան, ասում,
- Առ կտրի կրնկիդ մի մասը. որ թագուհի դառնաս, ոտքով չես ման գալու:
Աղջիկը կտրում է կրնկի մի մասը, ոտքը մի կերպ մտցնում կոշիկի մեջ և ցավից շրթունքը կծած` գնում թագավորի տղայի առաջ կանգնում: Թագավորի տղան նրան դնում է ձիու վրա ու տանում: Բայց երբ անցնում են ընկուզենու մոտով, էնտեղ թառած երկու աղավնի երգում են.

Ոտքից արյուն է կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Ու՞ր ես տանում գիրկդ առած,
Սիրուն հարսնացուդ մնաց:
Թագավորի տղան նայում է ոտքին, տեսնում՝ արյուն է հոսում, ճերմակ գուլպաները կարմրել են արյունից, թեքում է ձիու գլուխը և ինքնակոչ հարսանացուին ետ բերում:

- Սա էլ իսկականը չի,- ասում է թագավորի տղան,- էլ ուրիշ աղջիկ չունե՞ք:
- Հանգուցյալ կինս մի փոքրիկ, հիմար աղջիկ է թողել ինձ, Մոխրոտը, բայց դե նա ի՞նչ հարսնացու:
Թագավորի տղան խնդրում է, որ նրան էլ բերեն` փորձի: Խորթ մայրն ասում է.
- Չէ , նա էնքան կեղտոտ է, որ ամոթ է ձեր աչքին երևա: Թագավորի տղան պահանջում է, որ աղջկան անպայման բերեն իր մոտ: Մոխրոտը նախ լվանում է երեսն ու ձեռքերը, նոր ներկայանում թագավորի տղային ու խոր գլուխ տալիս:
Թագավորի տղան կոշիկը տալիս է փորձելու: Մոխրոտը նստում է աթոռին, ոտքից հանում է փայտե մաշիկը, ոսկե կոշիկը հագնում, որ ճիշտ նրա ոտքովն է լինում: Նա ելնում է կանգնում, թագավորի տղան նայում է նրան ու ճանաչում է այն գեղեցկուհուն, որի հետ պարել է երեք օր: Ասում է.

- Այ սա է իմ իսկական հարսնացուն:

Խորթ մայրն ու քույրերը վախենում են, չարությունից գունատվում, իսկ թագավորի տղան վերցնում է Մոխրոտին, դնում ձիու վրա ու քշում: Երբ անցնում են ընկուզենու մոտով, երկու ճերմակ աղավնիները երգում են.

Ոտքից արյուն չի կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Բարով տանես գիրկդ առած.
Հարսնացուն է քո սիրած:
Ասում են ու երկուսն էլ թռչում իջնում Մոխրոտի ուսերին, մեկը` աջ, մյուսը` ձախ ուսին, ու էդպես նստած էլ մնում:

Հարսանիքի ժամանակ խորթ քույրերն էլ են գալիս, ուզում են շողոքորթել Մոխրոտին, ձևացնել, թե ուրախ են նրա երջանկության համար: Երբ հարսանեկան կառքը շարժվում է դեպի եկեղեցի, մեծ քույրը նստում է հարսի աջ կողմում, փոքրը` ձախ կողմում: Եվ աղավնիները կտցում հանում են նրանց մի-մի աչքը: Իսկ երբ եկեղեցուց տուն են գալիս, մեծ քույրը նստում է ձախ կողմում, փոքրը՝ աջ կողմում, և աղավնիները նորից հանում են նրանց մի-մի աչքը: Էդպես պատժվում են նրանք իրենց չարության ու խորամանկության համար ու ամբողջ կյանքում կույր մնում:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Հեքիաթներ

Сообщение:#3  Сообщение Армине » 05 сен 2008, 12:44

ԲՐԵՄԵՆԻ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ
Գրիմմ Եղբայրներ
Текст:
Մարդու մեկը մի էշ է ունենում: Տարիներ շարունակ էս էշը լիքը պարկեր է կրում ջրաղաց, էնտեղից էլ տուն, բայց մի օր էլ պառավում է ու չի կարողանում աշխատել:

Տերը մտածում է, որ անտեղի է կերակրում նրան, և էշը, երբ նկատում է, որ վատ են իր գործերը, վեր է կենում ու փախչում տիրոջ մոտից, որ Բրեմեն գնա: Մտածում է, թե էնտեղ կհաջողվի թափառաշրջիկ երաժիշտ դառնալ: Մի քիչ որ գնում է, ճանապարհին մի որսորդական շուն է հանդիպում: Լեզուն կախ գցած շունը ընկած է լինում գետնին, երևի շատ վազելուց հոգնած է լինում:
-Ինչու± ես էդպես ծանր շնչում, քեռի Քուչի,- հարցնում է էշը:
-Օ¯ֆ,- պատասխանում է շունը,- պառավել եմ, օր օրի ավելի եմ թուլանում, էլ չեմ կարողանում որսի գնալ, դրա համար էլ տերս որոշել է սպանել ինձ, բայց ես փախել եմ: Հիմա ո±նց եմ մի կտոր հաց վաստակելու:
- իտես ինչ,- ասում է էշը,- ես գնում եմ Բրեմեն, ուզում եմ թափառաշրջիկ երաժիշտ դառնամ, դու էլ արի, երաժիշտ կդառնաս: Ես վին եմ նվագում, դու էլ թմբուկ կզարկես:
Շունը հաճույքով համաձայնում է, ու վեր են կենում միասին գնում: նում են, գնում, մեկ էլ հանդիպում են մի կատվի, որ տխուր նստել է ճամփեզրին, ամպի պես սևակնել:
- Հը±, փիսո Խաթուն, ինչո±ւ ես տխուր, վատ բա±ն է պատահել, հարցնում էշը:
- Ինչպես չտխրեմ, երբ վերջս եկել է,- պատասխանում է կատուն,- պառավել եմ, ատամներս թափվել են, ժամանակն է, որ նստեմ վառարանին ու մռռամ, ոչ թե մուկ բռնեմ: Տիրուհիս ուզում էր ինձ ջուրը գցի, խեղդի, բայց ես փախա: Ի±նչ խորհուրդ կտաս, ո±ւր գնամ, ինչպե±ս ապրեմ:
-Մեզ հետ արի Բրեմեն, դու գիշերային համերգներ տալու վարպետ ես, թափառաշրջիկ երաժիշտ կդառնաս:
Կատվին դուր է գալիս առաջարկությունը, միասին ճանապարհ են ընկնում:
Մեր փախստականները, երբ անցնելիս են լինում մի բակի մոտով, տեսնում են դարպասի գլխին մի աքլոր է նստած ու կոկորդով մեկ ծուղրուղու է կանչում:
- Ինչո±ւ ես կոկորդ պատռում,- հարցնում է էշը:- Ի±նչ է պատահել:
- Լավ եղանակ է լինելու,- պատասխանում է աքլորը:- Էսօր աստվածածնի օրն է. նա լվացել է փոքրիկ Քրիստոսի շապիկը, ուզում է չորացնի: Միևնույն է, տիրուհիս խիղճ չունի. վաղը կիրակի է, առավոտյան հյուրեր են գալու, խոհարարուհուն պատվիրել են ապուր եփյել, էսօր երեկոյան գլուխս կտրելու են: Դրա համար էլ քանի դեռ կարող եմ, կանչում եմ:
- Ահա թե ինչ, աքլորիկ, կարմիր­կատարիկ, արի մեզ հետ, Բրեմեն ենք գնում: Միևնույն է, մահից ավելի վատ բան չկա, դու լավ ձայն ունես, եթե միանաս մեզ, գործներս հաջող կգնա:
Աքլորին դուր է գալիս առաջարկը, ու նրանք չորսով ճանապարհ են ընկնում: Բայց էդ օրը Բրեմեն չեն հասնում, երեկոյան մտնում են անտառ ու որոշում գիշերը մնալ էդտեղ:
Էշն ու շունը պառկում են մեծ ծառի տակ, իսկ կատուն ու աքլորը նստում են ճյուղին: Աքլորը թառում է ծառի բարձր կատարին, որտեղ իր համար շատ ավելի ապահով է: Քնելուց առաջ նայում է շուրջն ու նրան թվում է, թե հեռվում լույս է երևում, ձայն է տալիս, թե մոտերքում տուն կա, լույսը երևում է:
- Պետք է գնալ էդ տուն, էստեղ ապահով չի:
Իսկ շունը մտածում է, որ մի քանի կտոր ոսկորն ու միսը չէր խանգարի իրեն, և վեր են կենում ու գնում դեպի լույսը: Շուտով նկատում են, որ լույսը գնալով պայծառանում է ու մեծանում: Երբ տեղ են հասնում, պարզվում է, որ դա ավազակների որջն է: Էշը, որ մեջների ամենաբարձրահասակն էր, մոտենում է պատուհանին ու ներս նայում:
- Հը±, էշ ի±նչ ես տեսնում,-հարցնում է աքլորը:
- Տեսնում եմ` ճոխ սեղան է բացված, համեղ­համեղ ուտելիքներ ու խմիչքներ են դրված, ավազակներն էլ սեղանի շուրջը նստած` վայելում են:
- Երևի մեզ համար էլ մի բան կճարվի,- ասում է աքլորը:
- Այո, իհարկե, միայն թե կարողանանք էնտեղ ընկնել,- ասում է էշը:
Ու գազանները նստած` տալիս են առնում, թե ինչպես անեն, որ ավազակներին փախցնեն: Վերջապես հնարը գտնում են: Որոշում են` էշը առջևի ոտքերը դնի պատուհանին, շունը բարձրանա նրա վրա, կատուն` շան վրա, իսկ աքլորը թող թռչի ու նստի կատվի գլխին: Էդպես էլ անում են: Պայմանական նշանը տալուն պես սկսում են աղմուկը. էշը խռնչում է, շունը` հաչում, կատուն` մլավում, իսկ աքլորը` երգում, ծուղրուղու կանչում: Հետո պատուհանից էնպես են ներս խուժում, որ ապակիները զնգզնգում են:
Սոսկալի ձայնից վախեցած ավազակները վեր են թռչում տեղներից` կարծելով, թե ուրվական է հայտնվել, սարսափահար փախչում են անտառ: Էդ ժամանակ մեր չորս ընկերներն առոք­փառոք սեղան են նստում, ամեն մեկն ընտրում է իր սրտի ուզածը, սկսում քեֆ անել:
Կուշտ ուտելուց հետո չորս երաժիշտները հանգցնում են լույսը, և ամեն մեկն իրեն հարմար գիշերելու տեղ է ընտրում: Էշը պառկում է գոմաղբի կույտի վրա, շունը` դռան ետևում, կատուն` վառարանի մոխրի մոտ, իսկ աքլորը` թառին ու, քանի որ երկար ճանապարհից հոգնած են լինում, անմիջապես քնում են:
Երբ կեսգիշերն անց է կենում, ավազակներր հեռվից նկատում են, որ տանն այլևս լույս չի վառվում, կարծես թե ամեն ինչ խաղաղ է, սիրտ են առնում:
Ավազակապետն ասում է.
Վախենալու բան չկա,- և իր մարդկանցից մեկին ուղարկում` տեսնի ինչն ինչոց է:
Սա տեսնում է` ամեն ինչ խաղաղ­հանգիստ է, մտնում է խոհանոց, որպեսզի լույսը վառի: Նրան թվում է, թե կատվի շողշողուն աչքերը այրվող ածուխներ են, կրակխառնիչը մոտեցնում է, որ խառնի ու վառի կրակը: Բայց կատուն կատակներ չի սիրում, թռչում է ուղիղ ավազակի երեսին, փշշացնում ու ճանկռոտում: Ավազակը վախենում է, ուզում է փախչել ետնամուտքից, շունն էլ հենց էդ դռան ետևն է լինում պառկած, վեր է թռչում, կծում նրա ոտքը: Ավազակը վազ է տալիս բակի միջով, գոմաղբի կույտի մոտով անցնելիս էշը քացի է տալիս. աքլորն էլ աղմուկից արթնանում է ու թառից ուժգին ծուղրուղու կանչում:
Ավազակը գլխապատառ վազում է ընկերների մոտ, ասում.
- 0¯, տանը մի սարսափելի վհուկ կար, էնպես փչեց երեսիս, ճանկռտեց իր երկար մագիլներով, քիչ մնաց ուշքս գնար, իսկ դռան մոտ դանակր ձեռքին մի մարդ էր կանգնած, անցնելիս կտրեց ոտքս, բակում էլ մի սև հրեշ կար, մահակով էնպես խփեց, որ շշմեցի, իսկ տանիքի գլխին, դատավորը նստած` գոռում էր. ՙԷստեղ բերեք գողի¯ն՚: Հազիվ կարողացա փախչել:
էդ օրվանից հետո ավազակները վախենում են ու այլևս չեն վերադառնում, իսկ Բրեմենի չորս երաժիշտներին տունն էնքան է դուր գալիս, որ էլ չեն ուզում հեռանալ:
Էս հեքիաթը ամենավերջին պատմողը ամեն ինչ իր աչքով է տեսել:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Հեքիաթներ

Сообщение:#4  Сообщение Армине » 05 сен 2008, 22:14

ՀԵՆԶԵԼՆ ՈՒ ԳՐԵՏԵԼԸ
Գրիմմ Եղբայրներ
Текст:
Մի մեծ անտառի բերանում ապրում էին մի աղքատ փայտահատ ու իր կինը։ Երկու երեխա ունեին, տղի անունը Հենզել էր, աղջկանը՝ Գրետել։

Առանց էն էլ պակասության մեջ են լինում, թանկությունն էլ, որ ընկնում է էն կողմերում, իրենց օրվա հացն էլ չեն կարողանում ճարեն։ Մի օր էլ, տեղումը պառկած, փայտահատը դես է մտածում, դեն է մտածում, դարդից մի կողքից մյուս կողքի վրա է շուռումուռ գալիս, վերջը կնոջն ասում է.

- Էս ի՜նչպես պետք է անենք, ա՛յ կնիկ, իսկի բան չունենք, ինչո՞վ պիտի պահենք էս երեխաներին։

- Գիտես, ա՛յ մարդ, - պատասխանում է կինը, - արի առավոտը ծեգին երեխաներին տանենք անտառի խորքը, կրակ անենք, մի-մի կտոր հաց տանք ձեռներն ու էնտեղ թողնենք, մենք ետ գանք մեր գործին։ Ճամփեն չեն գտնիլ, որ ետ գան տուն, ու մենք էլ կազատվենք։

- Չէ, ա՛յ կնիկ, - պատասխանում է փայտահատը, - ես էդպես բան չեմ անիլ, իմ սիրտը չի տանիլ, որ ես իմ ձեռքով իմ երեխաներին տանեմ թողնեմ անտառում, վերջապես գազանները կհարձակվեն ու կպատառոտեն նրանց։

- Ը՛հ, հիմար, - ասում է կինը, - էսպես թե էնպես չորսս էլ սովամահ կորչելու ենք, էն ժամանակ գնա ու դագաղների համար տախտակ տաշի... - Ու հանգիստ չի տալի մարդուն, մինչև որ չի համաձայնվում իրեն հետ։

- Բայց էլի մեղքս գալիս է խեղճ երեխաների վրա, - ասում է փայտահատը, կնոջ հետ համաձայնվելուց հետո։

Իսկ երեխաների քունը սովից չի տանում, լսում են ամեն բան, ինչ որ խորթ մերը ասում է իրենց հորը։

Աղի-աղի լաց է լինում Գրետելը ու դառնում Հենզելին.

- Մենք կորանք, Հե՛նզել։

- Սո՛ւս կաց, Գրետել ջան, - ասում է Հենզելը, - դարդ մի անիլ, ես սրա ճարը գիտեմ։

Եվ ահա մեծերը քնում են թե չէ, Հենզելը վեր է կենում, իր շորերը հագնում, դուռը բաց է անում ու ծլկում փողոց։ Լուսինը պայծառ լուսավորում էր ու իրենց տան առջևը ցրված սպիտակ լափուկները արծաթի փողի նման շողշողում էին։ Հենզելը կռանում է, ու գրպանն ինչքան տանում է, էդ քարերով լցնում է։ Հետո վերադառնում է տուն։ Գրետելին ասում է.

- Հանգիստ կաց, քույրիկ ջան։ Քնի՛ր, աստված մեզ չի կորցնիլ։ - Ու նորից պառկում է իր անկողնում։

Առավոտը ծեգում է թե չէ, արևածագից առաջ, խորթ մերը գալիս է երեխաներին զարթնեցնում։

- Դե, շուտ արեք, վեր կացեք, ծույլե՛ր, պատրաստվեցեք գնանք անտառը փայտ բերելու։ - Հետո ամեն մեկին մի-մի կտոր հաց է տալիս ու պատվիրում.

- Ահա էս ձեզ տալիս եմ ճաշի համար. տեսեք, մինչև ճաշը չուտեք, թե չէ, միևնույն է, հետո էլ ոչինչ չեք ստանալու։

Գրետելը հացը դնում է գրպանը, որովհետև Հենզելի գրպանները բերնե-բերան լիքն էին քարերով։ Հետո վեր են կենում ու ճանապարհ են ընկնում դեպի անտառը։

Մի քիչ որ անց է կենում, Հենզելը կանգ է առնում ու նայում է ետ՝ դեպի իրենց խրճիթը, ու շարունակ էդպես ետ է մնում։ Հերն ասում է.

- Հենզել, ի՞նչ ես դու շարունակ ետ մտիկ տալիս ու ետ մնում, հորանջելու ժամանակ չի, ոտներդ ժաժ տուր։

- Հայրի՛կ, ես մեր սպիտակ կատվին եմ մտիկ տալի, ա՜յ, էնտեղ կտերը նստել է, կարծես թե մեզ վերջին «մնաս բարովն» է ասում։

Խորթ մերը էստեղ խոսքը կտրում է.

- Ապուշ, իսկի էլ էն մեր կատուն չի, էն կտուրի վրի սպիտակ ծխնելույզն է, որ փայլում է արևի տակ։Իսկ Հենզելը կտուրի վրա նայելու մասին իսկի չէր էլ մտածում, նա ետ ընկնելով իր զրպանի սպիտակ քարերն էր ցանում ճամփին։
Հենց որ հասնում են անտառի խորքը, հերն ասում է.

- Դե՛, երեխե՛ք, փետ հավաքեցեք, ձեզ համար կրակ անեմ, որ չմրսեք։ - Ձեռաց Հենգելն ու Գրետելը ցախ են հավաքում, բերում կիտում։ Ցախը վառում են, բոցը վեր է բարձրանում։ Խորթ մերը ասում է.

- Դե երեխեք, դուք կրակի կողքին պառկեցեք ու հանգստացեք, իսկ մենք գնանք մի քիչ հեռու փետ անենք, պրծնենք թե չէ, կգանք ձեզ էլ կվերցնենք, միասին կգնանք տուն։

Հենզելն ու Գրետելը կրակի կողքին նստում են, ճաշելու ժամանակն էլ որ գալիս է, ամենքն իրենց հացի կտորն ուտում են։ Եվ որովհետև կացնի ձեն էին լսում, հավատացած էին, որ իրենց հերը մոտիկ մի որևիցե տեղ է։ Բայց որ թրխկացնում էր, էն կացինը չէր, մի կոճղ էր, որ փայտահատը կապել էր մի չոր ծառի, քամուց գնում էր գալիս, զարկում ծառի բնին ու թրխկացնում։ Ու էսպես, երեխեքը երկար-երկար նստում են, աչքները հոգնածությունից փակվում են իրանց-իրանց, ու խորը քնում են։

Մին էլ վեր են կենում, տեսնում են՝ արդեն մութ գիշեր է։

- Ո՞նց պետք է էս անտառից դուրս գանք, Հե՛նզել։ Հենզելը սիրտ է տալիս.

- Մի քիչ կաց, հրես լուսնյակը դուրս կգա, ճանապարհը կգտնենք։

Հենց որ լուսինը դուրս է գալիս, Հենզելը քրոջ ձեռքը բռնում է ու գնում իր ցանած քարերով, որոնք արծաթի փողերի նման պսպղում էին ու ցույց տալիս ճանապարհը։

Ամբողջ գիշերը էսպես մինչև լույս գնում են ու լուսաբացին հասնում են իրենց տունը։ Դուռը ծեծում են. խորթ մերը թաց է անում, ու թեև շատ է զարմանում, որ տեսնում է Հենզելն ու Գրետելն են, բայց ասում է.

- Ա՛յ դուք չար երեխեք, էսքան ժամանակ ի՞նչ եք անտառում քնել ու մնացել, մենք Էլ կարծում էինք՝ էլ չեք ուզում մեզ մոտ վերադառնաք։

Իսկ հերն ուրախանում է, որովհետև նրա սիրտը ցավում էր, որ իր երեխաներին մենակ անտառում էր թողել։

Մի քիչ ժամանակ անց կենալուց ետը, նորից սով է ընկնում ամեն տեղ, ու նորից երեխաները լսում են, թե ինչպես իրենց խորթ մերը գիշերը հորն ասում է.

- Էլ ետ ինչ ունեինք-չունեինք կերանք։ Մենակ մի կես հաց է մնացել, էն էլ որ կերանք, մեր բանը պրծած է։ Պետք է էս երեխանցը հեռացնենք։ Տանենք անտառն, էս անգամ ավելի խորը, որ էլ չկարողանան ճամփա գտնեն ու ետ գան, թե չէ էլ մեզ փրկություն չկա։

Էս բանը քարի նման ճնշում է հոր սիրտը, ու միտք է անում.

- Ավելի լավ է էն մնացած վերջին պատառն էլ բաժանի իր երեխաների հետ։

Բայց ինչ որ ասում է, կինը ոչ մի բան չի ուզում լսի. հենց մի գլուխ հայհոյում է ու նախատում։ Դե ով որ այբն ասել է, բենն էլ պետք է ասի։ Փայտահատն էլ, որ մի անգամ արդեն կնոջ հետ համաձայնել էր, երկրորդ անգամ էլ պետք է համաձայներ։

Իսկ երեխաները դու մի ասիլ քնած չեն, ու էս բոլորը լսում են։ Մեծերը քնում են թե չէ, Հենզելը տեղից վեր է կենում, ուզում է առաջվա նման էլի դուրս գնա պաշարի համար գրպանը լափուկներով լցնի, խորթ մերը դուռը փակած է լինում, չի կարողանում դուրս գնա, բայց էլի քրոջն ամեն կերպ սիրտ է տալիս.

- Լաց մի լինիր, Գրետել ջան, դու հանգիստ քնիր քեզ համար։ Աստված ողորմած է, մեզ չի կորցնիլ։

Առավոտը ծեգին խորթ մերը գալիս է տեդներից վեր կացնում։ Ամեն մեկին մի կտոր հաց է տալիս, հացի կտորն էլ առաջվա տվածիցն ավելի փոքր։ Եվ ահա անտառը գնալիս ճամփին Հենզելը գրպանում շարունակ մանրում է իր հացի կտորը, շուտ-շուտ ետ մնում ու ցանում ետևներից։ Հերն ասում է.

- Հենզել, դու քա՞նի կանգնես ու չորս կողմի վրա հորանջես. ճամփեդ գնա էլի՜։

- Հայրի՛կ, ես մեր սպիտակ աղավնուն եմ մտիկ տալիս, որ հրեն հա մեր տանիքին նստած՝ կարծես թե ինձ բարև է ղրկում։

- Հիմա՛ր, - կանչում է մերը, - էն իսկի էլ քո աղավնին չի, էն սպիտակ ծխնելույզն է արևի տակ սպիտակին տալիս։

Իսկ Հենզելն էդ ժամանակ հացի փշրանքները հենց գցում է ու գցում իրենց ճամփին։

Երեխաներին տանում են անտառը, էնպես մի խորը տեղ, որ իրենց օրում չէին եղած, էնտեղ էլ կրակ են անում, ու խորթ մերն ասում է.

- Երեխե՛ք, դուք էստեղ նստեցեք, ու, թե քուններդ կտանի, քնեցեք. իսկ մենք մի քիչ ավելի խոր գնանք, փետ հավաքենք, հետո, իրիկունը, երբ որ գործներս կվերջացնենք, կգանք ձեզ էլ կառնենք ու կերթանք տուն։

Ճաշի ժամանակը որ հասնում է, Գրետելը իր հացի կտորը բաժանում է Հենզելի հետ, որովհետև Հենզելն իր հացը ճանապարհին փշրել էր։ Հետո ննջում են. իրիկունն էլ վրա է հասնում, բայց ոչ ոք չի գալիս խեղճ երեխաների ետևից։ Զարթնում են կեսգիշերին։ Հենզելը սկսում է սիրտ տալ իր քրոջը.

- Գրետել ջան, սպասիր մինչև լուսինը դուրս գա, էն ժամանակ կերևան հացի փշրանքները, որ ես ճամփին շաղ եմ տվել. նրանցով կգտնենք մեր ճամփեն ու կգնանք տուն:

Լուսինը դուրս է գալիս թե չէ, երեխեքը ճամփա են ընկնում ետ դեպի տուն, բայց ոչ մի փշրանք չեն գտնում, որովհետև դաշտերի ու անտառների հազարավոր թռչունները վեր էին քաղել: Իսկ Հենզելը շարունակ Գրետելին ասում է.

- Ինչպես որ լինի, մենք կգտնենք ճանապարհը...

Բայց ճանապարհ գտնել չեն կարողանում։ Թափառում են գիշերը մինչև լույս, հետո ամբողջ օրը առավոտից մինչև իրիկուն, ոչ մի կերպ չեն կարողանում անտառից դուրս գան. հետն էլ սովում են, որովհետև ուտելու ոչ մի բան չեն ունենում, բացի մի քանի մորին, որ էստեղ-էնտեղ կարմրին էին տալիս խոտերում։ Վերջապես, երբ որ էնքան հոգնում են, որ երկուսի ոտներն էլ թմրում են, մի ծառի տակի պառկում են քնում։ Բացվում է երրորդ օրվա առավոտը, ինչ որ երեխեքը թողել էին իրենց հորական տունը։ Նորից ճանապարհ են ընկնում դեպի տուն, բայց ամեն մի քայլափոխով միայն անտառի խորքն են մտնում ավելի ու ավելի խորը, և եթե շուտով օգնություն չհստներ, անպատճառ պետք է կորչեին։


Կեսօրին տեսնում են մի ծառի ճյուղին մի սպիտակ սիրուն թռչուն։ Էս սպիտակ սիրուն թռչունը էնպես լավ է երգում, որ երեխեքն ակամայից մարում են տեղներն ու ականջ են դնում նրան։ Լռում է թե չէ, թևին է անում, երեխանց կողքից թռչում նստում մյուս ծառին, երեխաներն էլ նրա ետևից էսպես գնում են, գնում, մինչև որ հասնում են մի տնակի։ Էս տնակի տանիքին թռչունը իջնում է։ Երեխեքը տնակին մոտենում են, տեսնում են, ինքը տունը ամբողջովին հացից է շինած, կտուրը գաթից, իսկ լուսամուտները թափանցիկ շաքարից։

- Ահա՛, հենց սրանից էլ կսկսենք, - ասում է Հենզելը. - մի լավ քեֆ անենք։ Ես տանիքից մի կտոր կուտեմ, դու էս լուսամուտից կեր, Գրետել. ով գիտի ի՜նչ անուշ է, չէ՞։

Ու Հենզելը ձգվում է դեպի վերև, տանիքից մի փոքրիկ կտոր է կտրում, Գրետելն էլ կռանում է, սկսում է լուսամուտի ապակին ուտել։ Հենց էս ժամանակ, ներսից մի բարակ ձեն է գալիս.

- Կը՛րծ, կը՛րծ, կը՛րծ, խը՛զ, խը՛զ, խը՛զ,

Էս ո՞վ է կրծում տունըս։

Երեխեքը պատասխանում են.

Էս քամին է անում խիստ,
Չարաճըճին անհանգիստ։

Ու առանց սրանից շփոթվելու շարունակում են ուտել։ Հենզելին տանիքն էնքան դուր էր եկել, որ մեծ կտոր կտրեց, իսկ Գրետելը լուսամուտից հանեց մի ամբողջ ապակի, տեղն ու տեղը նստեց ու անուշ-անուշ ուտում էր։

Մին էլ հանկարծ դռները ետ են բացվում, ու իր գավազանին հենված դուրս է գալիս մի պառա՜վ-պառավ կին։ Հենզելն ու Գրետելը էնքա՜ն են վախենում, էնքա՜ն են վախենում, որ պատառները ձեռներից վեր են գցում։ Իսկ պառավը գլուխը շարժելով առաջ է գալիս.

- Վո՜ւյ, երեխեք ջան, էդ ո՞վ բերեց ձեզ էստեղ։ Ներս եկե՛ք, եկե՛ք ինձ մոտ կացեք, մի՛ վախենաք, ոչ մեկիդ վնաս չեմ տալ։

Ասում է, թաթներիցը բռնում ու ներս տանում։ Տանում է լավ նախաճաշ է տալիս, էլ կաթը, շաքարահաց, էլ խնձոր, էլ ընկույզ։ Հետո երկու տեղ է գցում մաքուր, ճերմակ։ Հենզելն ու Գրետելը պառկում են՝ էնպես է թվում, թե դրախտն ընկան։

Դու մի՛ ասիլ՝ պառավը էսպես բարի փաղաքուշ է ձևանում, բայց իսկապես մի չար կախարդ է եղել, ամեն կերպ հետևում է երեխաներին և դիտմամբ էլ տունը հացից է շինել, որ նրանց հեշտ գրավի դեպի իրեն։ Ով ճանկն է ընկնում, սպանում է, եփում, լափում, էդ նրա համար մի ուրախություն է։

Կախարդների աչքերը սովորաբար կարմիր են լինում ու հեռու չեն տեսնում, բայց զարմանալի սուր հոտառություն են ունենում, ճիշտ գիշատիչ գազանների պես։ Անց կենող մարդու հոտը հեռվից են իմանում։ Երբ որ Հենզելն ու Գրետելը նրա տնակի մոտերքը թափառելիս են լինում, նա հեռվից արդեն նրանց հոտն առնում է, չարախնդաց ծիծաղում ու կռնչում։

- Է՜, սրանք արդեն ճանկումս են... սրանք էլ ինձանից չեն պրծնիլ...

Առավոտը ծեգին, երեխաներից առաջ, չար կախարդը մի շուտով տեղիցը վեր է թռչում ու երբ տեսնում է նրանց էնպես խաղաղ քնած, լիքը, վարդագույն թշերով, իրեն-իրեն մռմռում է.

- Ուխա՜յ, ինչ անուշ պատառներ են...

Հենզելին բռնում է իր ոսկրոտ ձեռներով, քարշ է տալիս, տանում հավանոցը գցում, վանդակավոր դուռը փակում ու թողնում էնտեղ գոռա, հնչքան սիրտը կուզի։ Ինչքան էլ գոռա՝ էլ ի՞նչ պետք է անի։ Հետո գնում է Գրետելի ետևից, հրում ու ճըզճզում.

- Դե՛, շո՛ւտ, վե՛ր կաց, ծո՛ւյլ աղջիկ։ Գնա ջուր բեր, եղբորդ համար մի որևէ համով բան եփիր։ Հրեն հավանոցում փակել եմ, պետք է նրան կերակրել, որ մի լավ չաղանա ինձ համար... Պետք է չաղանա, որ ուտեմ...

Գրետելն ուզում է լաց լինի, բայց էդ բոլորը զուր էին. մնում է սուս ու փուս պառավի հրամանները կատարել։ Ու սկսում է Հենզելի համար համով կերակուրներ եփել, իսկ իրեն, Գրետելին բացի չոր ոսկորներից բան չէր տալիս։

Ամեն առավոտ պառավը գնում է հավանոցի դուռը կտրում ու կանչում.

- Հե՛նզել, մատդ դեսը մեկնիր, տեսնեմ չաղացե՞լ ես թե չէ։

Հենզելը մատի տեղակ միշտ մի ոսկոր է դուրս մեկնում, պառավն էլ որ լավ չի տեսնում, չի կարողանում ջոկի, մտածում է, որ էս Հենզելի մատն է, ու զարմանում է, թե ինչպես է, որ Հենզելն իսկի չի չաղանում։

Էսպես չորս շաբաթը անց է կենում, Հենզելը էլի մնում է նիհար, պառավի համբերությունը հատնում է ու էլ չի ուզում սպասի։

- Դե՛, հա՛յդե, Գրետե՜լ ջան, գնա ջուր բեր. չաղ լինի թե նիհար, միևնույն է, էգուց Հենզելին մորթելու եմ, եփեմ ուտեմ։

Ինչքա՜ն է դարդ անում խեղճ Գրետելը, ինչքա՜ն է դարդ անում ջուր բերելիս, արտասուքը էն ջրի նման աչքիցը թափվում է։

- Ողորմած աստվա՛ծ, դու մեզ օգնության հասնես, - կանչում է նա։ - Երանի թե անտառումը մեզ գազանները պատառոտեին, գոնե ես ու Հենզելը միասին կլինեինք։

- Զուր սիրտդ մի՛ մաշիր, - ասում է պառավը, - միևնույն է, էլ ոչ մի բան չի օգնի։

Առավոտը վաղ Գրետելը պետք է վեր կենար, պղինձը կրակին դներ, ջրով լցներ ու տակին կրակ աներ։

- Ամենից առաջ դեռ մի թխվածք անենք, ես արդեն փուռը վառել եմ ու խմորը հունցել։

Ասում է պառավն ու տանում է խեղճ Գրետելին փռան առաջր կանգնեցնում, հրում է դեպի բոցավառ փռան բերանը։

- Մտի՛ր, - ասում է, - գնա տես, փետերը լա՞վ են դարսած, լա՞վ են էրվում, խմորը գնդելու ժամանա՞կն է՝ թե չէ։

Ուզում է Գրետելը կռանա թե չէ, բոթի, գցի փուռը, ծածկոցը դնի, որ Գրետելը փռումը խորովվի, հետո հանի ուտի։ Բայց Գրետելը գլխի է ընկնում, թե պառավի մտքումը ինչ կա, ասում է.

- Ես չեմ իմանում ինչպես անեմ, որ մտնեմ մեջը...

- Հիմար անասուն, - բարկանում է պառավը, - չե՞ս տեսնում ահագին փռան բերանը. ըհը՛, մտիկ արա, քիչ է մնում ես էլ մտնեմ մեջը...

Ու ճիշտ որ, տմբտմբալով մոտենում է փռանը, մինչև անգամ գլուխն էլ փռան բերանից ներս է կոխում։ Էստեղ Գրետելը հանկարծ ետևից էնպես է ներս բոթում պառավին, որ ընկնում է փռան մեջը, իսկույն ետևիցը ծածկոցը ամուր դնում է ու փակիչը ետևից գցում։

Պառավը ոռնում է, ո՜նց է ոռնում... Բայց Գրետելը ետ է վազում, ու անխիղճ վհուկն էլ էնպես էրվում է պրծնում։

Գրետելը իսկույն վազում է Հենզելի մոտ, հավանոցի դուռը բաց է անում ու աղաղակում.

- Հենզե՛լ, Հենզե՛լ, մենք ազատվեցինք, չար պառավը կործանվեց...

Դուռը բացվում է թե չէ, թռչունի նման, որ վանդակում փակված կլինի ու դուռը թաց կանեն, Հենզելը դուրս է թռչում։ Ո՛նց են ուրախանում երկուսով, ո՜նց են ուրախանում... իրար ճտով են ընկնում, թռչկոտում են, համբուրվում են, և որովհետև ոչ ոքից վախ չունեին, գնում են մտնում պառավի տնակը, իսկ պառավի տնակի բոլոր անկյուններում դարսված են լինում մարգարիտով ու անգին քարով լիքը սնդուկները։

- Էս մեր դռան լափուկներից հո ավելի լավն են, - ասում է Հենզելն ու գրպանները ինչքան որ կտանեին՝ լցնում է, իսկ Գրետելն ասում է.

- Ես էլ եմ ուզում մի բան տանեմ տուն, - ու նա էլ գոգնոցն է լցնում պռնկե-պռունկ։

- Դե հիմի գնանք հեռանանք էստեղից, - ասում է Հենզելը։ - Քանի լույս է՝ պետք է դուրս գանք էս կախարդված անտառից...

Մի քիչ որ ճանապարհ են կտրում, հասնում են մի գետակի։ - Մենք ի՞նչպես անցնենք էս գետն, - ասում է Հենզելը։

- Ոչ անց ունի, ոչ կամուրջ։ - Գոնե մի նավակ էլ չկա, - վրա է բերում Գրետելը։ - Ահա մի սպիտակ բադիկ է լողում, արի խնդրեմ, գուցե մեզ օգնի անց կացնի... - ու կանչում է.


Բադիկ, բադի՛կ, սիրուն բադիկ,
Լող տուր դեպ մեզ, արի մոտիկ.
Շվարել ենք Հենզելն ու ես,
Առ քո մեջքին, անց կացրու մեզ։

Բադիկը մոտենում է ափին, Հենզելը նստում է բադիկի մեջքին ու քրոջը կանչում է, որ նա էլ գա գավակին նստի։

- Չէ, - պատասխանում է Գրետելը, - բադիկը չի կարող երկուսիս էլ միասին տանի, ծանր կլինի։ Ջոկ-ջոկ կտանի։

Էդպես էլ անում է բարի թռչունը։

Ջուրը որ անց է կենում ու մի քիչ ճանապարհ են գնում, անտառը հետզհետե ծանոթ է թվում, ու, վերջապես, նկատում են իրենց հորական տունը։ Էստեղ սկսում են վազել ինչքան ոտներումը ուժ ունեին, ներս են թափվում ու ընկնում են իրենց հոր վզովը։

Հերն էլ մի հանգիստ ժամ չէր ունեցել էն օրվանից, ինչ երեխանցը թողել էր անտառում, իսկ խորթ մերը արդեն մեռել էր։

Գրետելը իր գոգնոցը բաց է թողնում ու միջի եղածը հոր առաջին շուռ տալիս, էնպես որ մարգարիտները ու անգին քարերը շաղ են անցնում տանովը մին, իսկ մյուս կողմից էլ Հենզելն է բուռնե-բուռը հանում ու թափում իր գրպանից։

Էստեղ էլ ամեն ցավ ու հոգս վերջանում են, ու ապրում են միասին ուրա՛խ ու անհոգ...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Օտար հեղինակների հեքիաթներ

Сообщение:#5  Сообщение Армине » 23 сен 2008, 16:07

ԱՆՏԱՌԻ ՏՆԱԿԸ
ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Текст:
Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։

Մի առավոտ, գործի գնալիս, կնկանն ասում է.— Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի։

Ճաշ է դառնում թե չէ՝ մեծ աղջիկը կերակուրն առնում է, ճամփա ընկնում։ Բայց ծտերը, արտույտները, սարեկներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն վեր քաղած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնի։ Գնում է, գնում, մինչև արևը մեր է մտնում ու մութը վրա է հասնում անտառում։ Ծառերը շրշում են խավարում, բուերը կանչում, կռնչում, ու աղջիկը սկսում է վախենալ։

Մին էլ տեսնում է՝ հեռվում, ծառերի արանքից մի կրակ է փայլփլում։

— Էնտեղ երևի մարդիկ են ապրում, գնամ նրանց մոտ մնամ էս գիշեր,— մտածում է աղջիկն ու գնում էն կրակի վրա։

Գնում է հասնում մի տնակի, դուռը ծեծում է։

— Ո՞վ ես, ներս արի,— կանչում է ներսից մի ձայն։ Աղջիկը ներս է մտնում, տեսնում՝ հրես նստած մի ալևոր մարդ, գլուխը կախ արած, սպիտակ միրուքը ալիքաձև, իջնում է մինչև գետին։ Իսկ էն կողմը մի չալ կով, մի հավ ու մի աքլոր։

Աղջիկը պատմում է ծերին, թե ինչպես է ինքը մոլորվել անտառում, ու խնդրում է, որ տեղ տան գիշերը մնալու։

Ծերունին դիմում է իր կենդանիներին.

— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։

Կենդանիները միասին պատասխանում են.— Լա՜վ։

Էն ժամանակ ծերունին աղջկանն ասում է.

— Համեցե՛ք, մեր աչքի վրա, սիրուն աղջիկ, մեր դուռը բաց է, տունը լիքը։ Համեցե՛ք, մոտեցիր օջախին, կերակուր շինի մեզ համար էլ, քեզ համար էլ։

Աղջիկը մտնում է խոհանոց և, ճիշտ որ, ամեն բան գտնում է առատ-առատ։ Մի լավ ընթրիք է պատրաստում, բերում է ծերունու առաջ լիքը սեղան է բաց անում, ինքն էլ նրա հետ նստում, ուտում, խմում, կշտանում։ Որ կշտանում է պրծնում.— Բա ես հոգնած եմ,— ասում է,— հիմի ո՞րտեղ քնեմ։— Էստեղ կովը, հավն ու աքլորը պատասխանում են։

— Ողջ դրա հետ դու կերար
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ.
Գընա, քընի ուր կուզես։

Էն ժամանակ ծերունին ասում է.

— Բարձրացի, սանդուղքի գլխին մի սենյակ կա։ Էն սենյակում երկու անկողին կա. անկողինները պատրաստի, ես էլ կգամ, կքնենք։

Աղջիկը վերև է բարձրանում, անկողինները գցում, ու էլ ծերունուն չի սպասում, ինքը պառկում է քնում։ Մի քիչ հետո ծերունին գալիս է, մոմի լուսով նայում է աղջկանը ու գլուխը ժաժ է տալի։ Գիշերվա մի ժամանակ, երբ տեսնում է խորը քնած է, մահճակալի տակին մի գաղտնի դուռն է լինում, բաց է անում, աղջկանը թողնում ցած ու կրկին փակում։

Փայտահատը իրիկունը տուն է գալի, բարկանում է կնկա վրա, որ իրեն ամբողջ օրը սոված է թողել։

— Ես ինչ անեմ,— պատասխանում է կինը,— ճաշը տվել եմ մեր մեծ ադջկանը՝ ղրկել, ինչպես երևում է, ճամփեն կորցրել է, չի գտել, ինքն էլ ետ չի եկել դեռ։

Փայտաոատը մյուս օրն էլ առավոտյան վաղ վեր է կենում գնում անտառը։ Պատվիրում է, որ էս անգամ միջնեկ աղջիկը տանի ճաշը։

— Էսօր հետս ոսպ կվերցնեմ,— ասում է,— որ ճամփին շաղ տամ։ Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճամփեն չի կորցնիլ։

Կեսօրին միջնեկ աղջիկը ճաշն առնում է ճամփա ընկնում։ Գնում է, գնում, ոչ մի տեղ ոսպ չի գտնում։ Դու մի ասիլ՝ դարձյալ թռչունները կերել են, մի հատ էլ չեն թողել։

Աղջիկն անտառում թափառում է, թափառում, գիշերը ընկնում էլի նույն ծերունու մոտ, հաց ու քնելու տեղ է խնդրում։ Ծերունին դիմում է կովին, հավին ու աքլորին.

— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։

— Լա՜վ,— պատասխանում են կենդանիները։ Միջնեկ քույրն էլ, մեծ քրոջ նման ընթրիք է պատրաստում, ծերի հետ ուտում, խմում-կշտանում. կենդանիների վրա ուշք էլ չի դարձնում։ Երբ հարցնում է, թե՝ որտեղ պիտի քնեմ, կենդանիները պատասխանում են.

— Ողջ դրա հետ դու կերար,
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ,
Գընա, քընի ուր կուզես։

Հենց նա էլ գնում է թե չէ, ետևից գնում է ծերունին, գլուխը թափահարում ու դարձյալ թողնում է ներքև։

Երրորդ առավոտը փայտահատը կնկանն ասում է.

— Էսօր մեր փոքրիկ աղջկա ձեռքով ղրկի ճաշը։ Նա բարի է ու ականջով։ Նա ճամփեն կգտնի, իր քույրերի նման չի, որ դեսուդեն ընկնի։

Մայրը չի ուզում երրորդ աղջկանն էլ անտառը ղրկի։ Լաց է լինում, ասում է.

— Աչքիս սև ու սպիտակը սա է մնացել, ինչու ես ուզում սրան էլ կորցնես մեծերի նման։

— Դու հանգիստ կաց,— ասում է փայտահատը,— սա կորչիլ չի, սա էնպես խելոք է որ... ես էլ էսօր հետս սիսեռ կտանեմ ճամփին շաղ տալու։ Սիսեռը ոսպ հո չի, նրանով անպատճառ ճամփեն կգտնի։

Բայց երբ աղջիկը ճաշն առած անտառն է մտնում, թռչուններն արդեն սիսեռը կերած են լինում։ Աղջիկը մնում է տարակուսած, չի իմանում՝ ո՛ր կողմը գնա։ Մտածում է, դարդ է անում, թե հիմի հայրը կսովի, մայրը լաց կլինի...

Ման է գալի ման, հորը չի գտնում։ Երբ մութը ընկնում է, հեռվից տեսնում է անտառի տնակի լույսն ու գնում է էն լույսի վրա։ Մտնում է ներս, տեղ է խնդրում, ու ալեհեր ծերունին դարձյալ դիմում է իր կենդանիներին։

— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։

— Լա՜վ...— պատասխանում են կենդանիները։ Էն ժամանակ աղջիկը մոտենում է, գուրգուրում հավին ու աքլորին, կովի ճակատը քորում։ Ծերի պատվերով ընթրիք է պատրաստում, դնում է սեղանին ու ասում.

— Ինչո՞ւ ես պետք է ուտեմ, էս բարի կենդանիները քաղցած նայեն։

Գնում է, կուտ բերում ածում հավի ու աքլորի առջև, կովի համար էլ մի խորոմ խոտ։

— Կերեք,— ասում է,— իմ սիրելիք, այ հիմի ջուր էլ կբերեմ։— Գնում է մի դույլ ջուր էլ բերում դնում առաջները։

Ամենքին կշտացնում է, նոր ինքն է նստում ուտում, ինչ որ թողել էր ծերունին։ Իսկ երբ քնելու ժամանակը գալիս է, ասում է.

— ժամանակը չի՞ արդյոք, որ ամենքս էլ հանգստանանք...

Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։

— Լա վ,— պատասխանում են կենդանիները.

— Մեզ հետ կերար դու միասին
Ու հոգացիր մեր մասին,
Բարի գիշեր քեզ, բարի,
Մուրազդ աստված կատարի։

Էստեղ աղջիկը բարձրանում է վերև, անկողինները պատրաստում։ Ծերունին գալիս է քնում։ Ինքն էլ մյուս մահճակալին է պառկում ու քուն մտնում հանգիստ։

Գիշերվա մի ժամանակ տունը հանկարծ դղրդում է, կարծես քանդվում ու տակն ու վրա է լինում։ Աղջիկը վախեցած զարթնում է, բայց աղմուկն անցնում է, ինքն էլ քնում է նորից։

Առավոտը աչքը բաց է անում՝ ի՜նչ է տեսնում։ Տեսնում է պառկած մի մեծ, շքեղ զարդարած ու կահավորված դահլիճում, շուրջը թավիշ ու ոսկի, հարավային փարթամ բույսեր ու ծաղիկներ այրվում վառվում են առավոտյան արևի ճառագայթների տակ։ Տեսնում է, բայց աչքերին չի հավատում, ասում է՝ երազի մեջ եմ երևի։ Էսպես մտածելիս ներս են մտնում երեք ճոխ հագնված ծառաներ, խոնարհ գլուխ են տալի ու հարցնում.

— Ի՞նչ կհրամայեք, տիրուհի։

— Լա՛վ, լա՛վ, գնացեք,— պատասխանում է քնաթաթախ աղջիկը,— հիմի վեր կկենամ, ծերունու համար կերակուր կպատրաստեմ, կովին, հավին ու աքլորին կհոգամ։

Կարծում է, թե ծերունին էլ արդեն վեր է կացել։ Նայում է նրա անկողնին, տեսնում է՝ ծերունին չկա, տեղը պառկած է մի օտար ջահել ու գեղեցիկ երիտասարդ...

Եվ ահա երիտասարդը աչքերը բաց է անում ու էսպես խոսում զարմացած աղջկա հետ.

— Լսի, սիրուն աղջիկ։ Ես էս երկրի թագավորի որդին եմ։ Չար վհուկը կախարդել էր ինձ ու դատապարտել, որ ես ծերի կերպարանքով ապրեի անտառում, ոչ ոք էլ չլիներ ինձ հետ, բացի իմ երեք ծառաները, նրանք էլ կովի, հավի ու աքլորի կերպարանքով։

Եվ էդպես պետք է մնայինք, մինչև հայտնվեր էն բարի աղջիկը, էն քնքուշ սիրտը, որ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին լիներ սիրող ու կարեկից...

Էն աղջիկը դու եղար։

Քո շնորհիվ էս գիշեր կեսգիշերին, մենք ամենքս ազատվեցինք կախարդանքից ու իմ պալատը, որ դարձել էր անտառի մի հին տնակ, նորից դարձավ առաջվան պալատը։

Ու կանչում է թագավորն իր ծառաներին, որ գնան աղջկա ծնողներին բերեն հարսանիքին։

— Բայց ո՞րտեղ են իմ քույրերը,— հարցնում է աղջիկը։

— Նրանց ես փակել եմ ներքնահարկում,— պատասխանում է երիտասարդը։— Էգուց կուղարկեմ անտառը, էնտեղ ածխարարի մոտ ծառայեն ու էնքան մնան, մինչև որ դառնան ավելի բարի ու սովորեն մտածել կենդանիների մասին։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Օտար հեղինակների հեքիաթներ

Сообщение:#6  Сообщение Армине » 23 сен 2008, 16:09

ԵՐԵՔ ԱՐՋԻ ՀԵՔԻԱԹԸ
ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

Текст:
Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։

Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։

Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։

Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։

Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։

Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։

Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է։

Ուզում է նստի՝ տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին՝ տեսնում է անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։

Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։

Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։

Պառկում է մեծ մահճակալի վրա՝ տեսնում է շատ է լեն։ Միջակի վրա է պառկում՝ տեսնում է շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է։

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.

— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։

Հերը նայում է իր աթոռին ու գոռում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակը։

Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։ Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել։ Քոթոթն է նայում իր անկողնին ու ծըմըրում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։

Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես ճղղում, կարծես թե մորթում էին իրեն։

— Էս ո՞վ է... գտել եմ... հրես բռնեցեք... վայ... վայ... բռնեցեք։

Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Օտար հեղինակների հեքիաթներ

Сообщение:#7  Сообщение Армине » 23 сен 2008, 16:12

ԳՈՐՏԸ
ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Текст:
Ժամանակով մի թագավոր է լինում։ Էս թագավորը մի քանի աղջիկ է ունենում՝ մինը մյուսից գեղեցիկ, բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը. էնքան սիրուն, էնքան շարմաղ, որ էլ չուտես, չխմես, կանգնես ու մտիկ անես։

Թագավորի պալատի կողքին մի անտառ է լինում, անտառում, մի հին լորենու տակ մի ջրհոր։ Էս սիրուն աղջիկը սովորություն է ունենում՝ ամեն օր գնում է էն ոհով տեղը, ջրհորի մոտ խաղ է անում, իր ոսկի գնդակը վերև գցում ու բռնում։ Մի օր էլ խաղալիս շատ բարձր է գցում, չի կարողանում բռնի, ու գնդակն ընկնում է ջրհորը։ Վերևից մտիկ է անում՝ ջրհորը աչքին թվում է անտակ։ Սկսում է աղի-աղի լաց լինել։ Էս լացի ժամանակ հանկարծ մինը ձեն է տալիս.

— Ի՞նչ է պատահել, թագավորի աղջիկ, ինչի՞ համար ես էդպես աղի-աղի լաց լինում։

Մտիկ տա աղջիկն ի՜նչ տեսնի, մի ահագին գորտ ջրհորի պռնկին նստած՝ մարդու նման խոսում է։ Զարմանում է։ Ասում է.

— Խաղալիս գնդակս ջրհորը գցեցի, գորտ ախպեր, նրա համար եմ լաց լինում։

— Ի՜հ,— խնդում է գորտը,— էդ ի՞նչ բան է, որ դրա համար լաց ես լինում։ Ի՞նչ կտաս, որ գնդակը հանեմ։

— Ամեն, ամեն բան կտամ,— սկսում է աղաչել աղջիկը.— իմ բոլոր զարդերը կտամ, իմ անգին քարերը կտամ, իմ ոսկե թագը կտամ, միայն թե իմ սիրուն գնդակը հանես։

Գորտը թե.

— Ինչի՞ս են պետք քո զարդերը, քո անգին քարերը, մարգարիտներն ու ոսկե թագը։ Չեմ ուզում։ Ա՛յ ուրիշ բան է՝ եթե ինձ սիրեիր, ու էնպես սիրեիր, որ ամեն բանում քո անբաժան ընկերը լինեի, քեզ հետ միասին սեղան նստեինք, մի ամանով ուտեինք, մի բաժակով խմեինք ու մի անկողնում քնեինք։ Ա՛յ եթե խոստանայիր, էն ժամանակ կցատկեի ջրհորն ու հատակիցը կհանեի քո ոսկե գնդակը։

— Լա՛վ, լա՛վ, ինչ որ ուզում ես էդ ամենը խոստանում եմ, միայն թե իմ գնդակը բերես,— խոսք է տալիս թագավորի աղջիկն ու հետն էլ մտքումն ասում է.— սրան մտիկ տուր, է, տխմար կռկռան, մի տես թե ինչե՜ր է ուզում։ Գնա ջրհորում ճպեխվի ու կռկռացրու, քո ի՞նչ բանն է մարդուն ընկեր դառնաս։

Գորտը հենց որ էս խոստումը լսում է՝ սուզվում է ջրի ոա֊ տակը, գնդակը գցում է կանաչ խոտի մեջ։ Աղջիկը վրա է թռչում գնդակը հափշտակում, ուրախ-ուրախ, թռչկոտալով վազում դեպի տուն։ Գորտը կանչում է.

— Կա՛ց, կա՛ց, ինձ էլ տար հետդ... ախար ես քեզ պես վազել չեմ կարող...

Աղջիկը ետ էլ չի նայում, վազում է ընկնում հոր պալատն ու գորտը մտիցը հանում։ Գորտը ետևից նայում է նայում ու էլ ետ մտնում է ջրհորը։

Մյուս օրը հենց որ թագավորի աղջիկն իր հոր ու պալատականների հետ միասին սեղան է բազմում ու սկսում է ուտել իր ոսկե ամանով, չըլըփ, չըլըփ, մինը մարմար սանդուղքներով բարձրանում է, դուռը ճանկռոտում ու կանչում.

— Թագավորի փոքրիկ աղջիկ, բաց արա...

Թագավորի աղջիկը վազեվազ գնում է տեսնի՝ ով է կանչում իրեն։ Գուռը բաց է անում, տեսնում՝ առաջին կանգնած գորտը։ Իսկույն դուռը ետ է զարկում ու վախեցած գալիս է իր տեղը նստում։

— Էդ ի՞նչ էր, աղջիկս, ինչի՞ց էդպես վախեցիր։ Չլինի՞ թե դև կա կանգնած դռան ետևը՝ ուզում է քեզ փախցնի,— հարցնում է թագավորը։

— Ո՛չ, մայրի՛կ, դև չի, մի անճոռնի գորտ է։

— Գորտն ի՞նչ է ուզում քեզնից։

— Գիտես, մայր՛իկ... Երեկ անտառում ջրհորի մոտ խաղ էի անում, հանկարծ իմ ոսկե գնդակն ընկավ ջրհորը... Ես լաց էի լինում... Գորտը հանեց ինձ տվեց իմ ոսկե գնդակը... Եվ որովհետև նա դրա փոխարեն ուզում էր, որ ես անպատճառ իր խաղընկերը դառնայի, ես էլ խոստացա... Բայց իսկի մտքովս չէր անցնում, թե՝ ճիշտ որ, նա կկարենար իր ջրհորը թողնել... Ահա հիմի եկել է, կանգնած էնտեղ դռան ետևը, ուզում է գա ինձ մոտ։

Այնինչ գորտը ճանկռոտում է դուռն ու կանչում.

— Թագավորի փոքըր աղջիկ,
Ե՛կ դուռը թաց դու կարգին,
Մի՞տդ է երեկ ինչ խոսք տըվիր
Պաղ ջրհորի եզերքին...
Թագավորի փոքր աղջիկ,
Եկ դուռը բաց դու կարգին։

Թագավորն աղջկանն ասում է.

— Խոսք ես տվել, պետք է կատարես։ Գնա դուռը բաց արա։ Աղջիկը գնում է դուռը բաց է անում։ Գորտը ետևից ներս է ցատկում, հո՛պ, հո՛պ, ցատկելով հասնում է աթոռին ու կանչում է.

— Դե ինձ բարձրացրու դիր քեզ մոտ։

Աղջիկը իր մեջը շատ է նեղանում, տատամսում է, բայց թագավորը պատվիրում է, որ գորտն ինչ որ ասում է՝ լսի։ Աղջիկը գորտին բարձրացնում է դնում իր աթոռին։ Աթոռին դնում է թե չէ՝ հիմի էլ ուզում է սեղանը բարձրանա։ Դնում է սեղանին։ Հիմի էլ ասում է՝ մոտ քաշիր քո ոսկե ամանը, որ միասին ուտենք, ի՞նչ աներ խեղճ աղջիկը։ Էս մի կամքն էլ է կատարում։ Ուտում է պրծնում, հիմի էլ թե՝ կշտացա, քունս տանում է, ինձ տար քո սենյակը, մետաքսե անկողինդ շինի, որ քեզ հետ միասին քնենք։ Էստեղ արդեն աղջիկն սկսում է լաց լինել։ Սառն ու լպրծուն գորտին դիպչելուց էլ զզվում էր ու զարզանդում, հիմի պետք է տաներ իր գեղեցիկ ու մաքուր անկողնում իր հետ քնեցներ։ Չի ուզում, բայց հերը առաջվանից ավելի է զայրանում։ Ասում է՝ այժմ չպետք է արհամարհես նրան, ով որ փորձանքի ժամանակ թանկ էր քեզ համար։ Ինչ որ խոստացել ես պետք է կատարես։

Ճարահատված աղջիկը երկու մատով գորտի մեջքից բռնում է, տանում իր ննջարանն ու դնում անկյունում։ Բայց արի տես, որ գորտը սրանից էլի չի խրատվում։ Աղջիկը հենց անկողին է մտնում թե չէ՝ ցատկելով մոտենում է, հատակին կանգնում ու ճըզտալով խոսում.

— Հը՜, էդ ի՞նչ է... ես էլ եմ հոգնած... ես էլ եմ ուզում քնե՜մ... ինձ էլ պառկեցրու քեզ հե՜տ...

Էնպես է ասում, որ էս աղջկա սիրտը շարժվում է, ժպտալով վերցնում է դնում իր անկողնի վրա։ Դնում է իր անկողնի վրա թե չէ մին էլ էն է տեսնում՝ էս գորտի կաշին տրաքեց, ու միջիցը դուրս եկավ մի գեղեցիկ երիտասարդ, կողքին նստեց։ Կողքին նստում է ու պատմում զարմացած աղջկանը, թե ինքը մի թագավորի տղա է եղել, չար կախարդը դարձրել է գորտ, այժմ աղջիկը իրեն հանեց ջրհորից ու վերադարձրեց իր մարդկային կերպարանքը։

Էստեղից ուրախ-ուրախ վեր են կենում գնում թագավորի մոտ, պատմում են ամեն բան։ Էնպես էլ դուք ուրախանաք, ինչպես որ թագավորն ուրախանում է. մեծ հարսանիք է սարքում ու նրանց պսակում իրար հետ։

Հարսանիքից հետո նորապսակները պիտի գնային թագավորի տղի հայրենիքը։ Առավոտը վաղ գալիս է դռանը կանգնում ութ ձիանի կառքը, ձիանքը սպիտակ, ջայլամի սպիտակ, բարձր փետուրները գլխներին, ողջ սարքերը ոսկեղեն, իսկ կառքի ետևը՝ կանգնած թագավորի տղի հին ծառան՝ հավատարիմ Օհանը։ Ու էսպես իր ձավատարիմ Օհանը թիկունքից, ջահել կինը կողքին, թագավորի տղեն սլանում է դեպի հայրենիք։

Շատ է գնում թե քիչ, մին էլ հանկարծ ճանապարհին ականջովը մի ձեն է ընկնում, թվում է, թե կառքի ետևը մի բան կոտրեց։ Ետ է դառնում կանչում.

— Ի՞նչ է, Օհա՛ն, կա՞ռքը կոտրեց։

— Ո՛չ, ո՛չ, իմ տեր, կառքը չէր էս.

Էս իմ սրտի կապն էր երկաթ,
որ տանջում էր ինձ անընդհատ
Էն օրվանից, ինչ դու հորում
Ապրում էիր գորտի օրում։

Գնում են։ Ճանապարհին մի երկու անգամ էլ էդ տեսակ ձայներ են ընկնում թագավորի տղի ականջովը ու ամեն անգամ էլ էնպես է թվում, թե կառքը կոտրեց, բայց իսկապես Օհանի սրտի ծանր երկաթի կապանքներն էին խորտակվում ու ընկնում։ Էն օրվանից, ինչ որ իր տերը գորտ էր դարձել, հավատարիմ Օհանը սաստիկ տխրել էր ու երեք պատ երկաթի կապով կապել էր իր սիրտը, որ տխրությունից չպատռեր։ Այժմ էդ կառքը եկել էր, որ իր երիտասարդ տիրոջը հայրենիք տանի։ Հավատարիմ Օհանը երկուսին էլ նստեցրել էր կառքի մեջը՝ ինքը կանգնել նրանց թիկունքին, և, տեսնելով իր երիտասարդ տիրոջը կախարդանքից ազատված ու բախտավոր, ուրախությունից սիրտը օխտը գազ բաց էր եղել, ու իրար ետևից խորտակվում ընկնում էին սրտի ծանր կապանքները։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Օտար հեղինակների հեքիաթներ

Сообщение:#8  Сообщение Армине » 23 сен 2008, 16:57

ՍԱԳԱՐԱԾ ԱՂՋԻԿԸ
ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Текст:
Լինում է չի լինում մի պառավ, շատ պառավ կին։ Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ՝ մի փոքրիկ տնակում։ Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռյափայտը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառը։ Գնում է սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է՝ ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն։ Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում։ Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ-ուրախ բարևում է.

— Բարի օր, ախպեր ջան։ Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է։ Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ։ Ի՞նչ անենք, ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի։

Սակայն մարդիկ չէին ուզում նրան պատահեն։ Պատահելիս էլ ճամփաները ծռում էին, հեռվից անց կենում։ Իսկ եթե հեր ու որդի միասին կողքովն անց կենալիս էին լինում՝ հերը որդուն կամաց զգուշացնում էր. «Տեսնո՞ւմ ես սրան, սրանից հեռու կաց, հա՜ սա կախարդ է...»

Մի առավոտ էլ էս անտառով մի գեղեցիկ երիտասարդ է լինում անց կենալիս։ Արևը վառ ու պայծառ լուսավորում է, թռչունները ծլվլում, երգում են, զով հովը զլզլում է, սլսլում է տերևներում։ Ու անցնում է երիտասարդն ուրախ, զվարթ։ Ճամփին ինս–ջինս, մարդ չի պատահում։ Մին էլ տեսնում է մի պառավ, ծառերի տակին չոքած, մանգաղով խոտ է անում։ Գոգնոցը լիքը խոտն ու երկու զամբյուղն էլ կողքին դրած։

— Էդ ո՞նց ես էդքանը տանելու, նա՛նի,— հարցնում է երիտասարդը։

— Ուզեմ-չուզեմ պետք է տանեմ, որդի ջան. ի՞նչ անեմ, հարուստներն, իհարկե, կարող են էսպես բան չանեն, բայց գյուղացու համար ասված է.

«Ետ մի՛ նայիլ նոր,
Մե՜ջքդ վաղ է կոր...»

Ու, երբ տեսնում է երիտասարդը մնաց կողքին կանգնած, ասում է.

— Հը՞, գուցե կկամենաս ինձ օգնել։ Մեջքդ դեռ ուղիղ է, ծնկներդ առողջ, քեզ համար մեծ բան չի սա։ Իմ տնակն էլ էստեղից էնքան հեռու չի. ա՛յ, էս սարի ետևի հովտումն է։ Ձեռաց կհասնենք։

Երիտասարդը մեղքանում է պառավին։

— Թեև,— ասում է,— իմ հերը գյուղացի չի, հարուստ իշխանի որդի եմ, բայց քո շալակը կվերցնեմ, որ ցույց տամ, թե մենակ գյուղացին չի ընդունակ ծանր բեռը կրելու։

— Դե արի վեր կալ, հենց ապրես։ Եղած-չեղածը մի ժամվա ճանապարհ է, քեզ համար դատարկ բան է։ Հա՛, չմոռանաս, էս՛ խնձորն ու տանձն էլ հետը։

Երիտասարդ իշխանը «մի ժամվա ճանապարհի» անունը որ |սում է, սկսում է տատանվել, բայց պառավն օձիքը բաց չի թողնում։ Խոտի կապոցը շալակն է տալի, տանձ ու խնձորի զամբյուղներն էլ ձեռը։

— Տեսնում ե՞ս՝ ինչ թեթև է։

— Ո՞րտեղից է թեթև,— տնքում է երիտասարդը։— Կապոցդ էնքան ծանր է, որ կարծես թե քար լինի մեջը լցրած, իսկ տանձ ու խնձորի զամբյուղները արճճի նման կռներս պոկում են... Շունչս կտրում է...

Ուզում է վեր գցի՝ պառավը չի թողնում, հեգնում է, ասում է.

— Տեսե՛ք, տեսե՛ք, ես իմ պառավ տեղովը միշտ մենակ տանում եմ, սա ջահել մարդ է՝ չի կարողանում... էդպես է. բանը որ լեզվի գա՝ կտրիճ եք, իսկ գործի գալիս՝ ետ-ետ եք գնում։ Էլ ի՞նչ ես կանգնել։ Ոտներդ ժաժ տուր գնանք։ Միևնույն է, էդ բեռն էլ ոչով քո ձեռիցն առնելու չի։

Քանի դեռ հարթ ճամփով են գնում, էլի ոչինչ, բայց որ դեմ են ընկնում սարերին, քարերն էլ ոտի տակիցը դուրս են պրծնում՝ իրար ետևից ներքև թռչում, տեսնում է որ էս արդեն ուժիցը վեր է։ Քրտինքը ճակատը կոխում է, ու, մին սառը, մին տաք՝ մեջքից հոսում։

Աղաչում է, ասում է.

— Նա՛նի, էլ չեմ կարողանում գնամ, պետք է մի քիչ շունչ առնեմ։

— Ոչինչ,— պատասխանում է պառավը,— երբ որ տեղ կհասնես, կհանգստանաս։ Ով գիտի, կարելի է մի օր սրանից քեզ համար մի լավ բան է դուրս գալի... Գնա...

— Դու իսկի խղճմտանք չես ունեցել, ա՛յ պառավ,— բարկանում է երիտասարդը և ուզում է շալակը մեջքից գցի, բայց ո՞րտեղից, կապոցն էնպես է մեջքին կպել, ոնց որ թե հետը ծնված լինի։ Դես է շուռ գալիս, դեն է պտտվում, իրեն թափահարում, չի լինում, չի ազատվում։ Իսկ պառավը վրեն ծիծաղում է ու, իր կեռ ձեռնափայտը ձեռին, էս կողմն, էն կողմն է թռչկոտում։

— Ինչո՞ւ ես էդպես բարկանում, տղա ջան. հենց կարմրել ես՝ կասես հնդուհավ լինես։ Հանգիստ բեռդ տար, մի տուն հասնենք, ես գիտեմ՝ քեզ ինչպես կվարձատրեմ։

Ինչ պետք է աներ խեղճ երիտասարդը։ Ուզեր-չուզեր պետք է հնազանդվեր իր ճակատագրին ու քարշ գար պառավի ետևից։

Պառավն էլ՝ քանի գնում են՝ էնքան ժրանում է ու արագանում, իսկ իր բեռն ավելի ու ավելի ծանրանում։ Վերջը մի տեղ էլ հանկարծ էս պառավը թռչում է կապոցի վրա ու պինդ նստում երիտասարդի շալակին։ Ինքն էլ թեև չոր չոփի նման, բայց մի հաստ ու կոպիտ գյուղացի կնկանից ավելի ծանր է լինում։ Երիտասարդի ծնկները դողդողում են, բայց հենց կանգնում է թե չէ՝ պառավը ճիպոտով կամ եղինջով սկսում է ոտներին զարկել ու զարկել։ Ախ ու օխով, թառանչ քաշելով մինչև սարն է բարձրանում, էնտեղից էլ հասնում պառավի տունը, քիչ է մնում տեղն ու տեղն ընկնի, հոգին տա։

Սագերը որ պառավին տեսնում են, թևերը թափահարելով, շլինքները երկարացրած, ուրախ-ուրախ աղմկելով վազում են դեմը, իսկ սագերի ետևից ճիպոտը ձեռին մի պառավ կին է գալիս, ինքը պնդակազմ ու բարձրահասակ, բայց սաստիկ այլանդակ ու անճոռնի։

Գալիս է ու.— մայրիկ,— ասում է,— ի՞նչ պատահեց քեզ, որ էսքան ուշացար։

— Ոչինչ, աղջիկս,— պատասխանում է պառավը,— ինձ ոչ մի վատ բան չի պատահել։ Ընդհակառակը, անտառում պատահեցի էս երիտասարդ պարոնին, որ իմ տեղակ իմ բեռը շալակեց բերեց։ Էդ հերիք չէր, երբ որ ես հոգնեցի, ինձ էլ զոռով շալակն առավ։ Ճամփեն էլ էնքան կարճ թվաց, որ չիմացանք ինչպես եկանք։ Շարունակ ծիծաղում էինք ու իրար հետ հանաքներ էինք անում։

Վերջապես պառավն էս տղի շալակից իջնում է, մեջքից կապոցն առնում, ձեռքերից զամբյուղները ու փաղաքուշ վրեն նայելով ասում.

— Դե հիմի նստիր էստեղ շեմքում, հանգստացիր։ Դու քո աշխատանքով պարգևի արժանացար ու էդ պարգևը ես քեզ կտամ։

Հետո դառնում է սագարած աղջկանը.

— Դու գնա տուն, աղջիկս, ջահել տղի մոտ կանգնել ես, լավ չի։ Կրակի վրա յուղ չեն ածիլ։ Պարոնը հանկարծ վրեդ կսիրահարվի։

Պարոնը էս որ լսում է՝ չի իմանում ինչ անի, լաց լինի թե ծիծաղի։ Մտքումն ասում է.

— Ա՛յ քեզ գեղեցկուհի. սա թեկուզ երեսուն տարով էլ ջահելանա, դարձյալ չի կարող իմ սիրտը շարժել, ուր մնաց հիմի։

Այնինչ պառավը փայփայում, փայփայում էր իր սագերին, ոնց որ թե իր երեխեքը լինեին, ու հետո աղջկա հետ մտնում են տնակը։

Հոգնած երիտասարդը ձգվում է վայրի խնձորենու տակի նստարանի վրա։ Օդը ջերմ ու բուրավետ։ Չորս կողմը տարածվում է ընդարձակ դալար մարգագետինը՝ լիքը կապույտ ու դեղին ծաղիկներով։ Մարգագետնի միջով, արևի տակ արծաթի պես պսպղալով, վազում է վճիտ առվակը, մեջը գնում են գալիս ճերմակ սագերը ու ճղփում, լողանում։

— Ի նչ լավ տեղ է,— բացականչում է երիտասարդը։— Բայց էնքան հոգնել եմ, որ աչքերս կուլ են գնում։ Պառկեմ աչքս մի քիչ կպցնեմ, էն էլ չլինի թե քնած տեղս քամին ոտներս տանի, էնպես ուժից ընկել են, կարծես բամբակից լինեն։

Մի քիչ քնում է, պառավը գալիս է, հրում զարթեցնում։ Ասում է.

— Վեր կաց, չի կարելի, որ դու էստեղ մնաս։ Ճշմարիտ է, ես քեզ բավական չարչարեցի, բայց հո էլի կաս ու կենդանի ես։ Հիմի քեզ կվարձատրեմ։ Եթե փող տամ քեզ կամ մի ուրիշ գանձ, ոչ փողի կարիք ունես, ոչ ուրիշ գանձի, դրա համար էլ քեզ մի բան կտամ, որ փողից էլ է թանկ, գանձից էլ։

Ասում է ու ձեռը տալիս մի փոքրիկ արկղ՝ ամբողջը զմրուխտից։

— Ա՛ռ, պահիր քո աչքի լուսի պես, և սա քեզ երջանկություն կբերի։

Երիտասարդ իշխանը հանկարծ իրեն ուժեղ ու կայտառ է զգում, տեղից վեր է կենում, նվերն առնում, շնորհակալություն է անում պառավին ու ճանապարհ է ընկնում առանց մտիկ տալու պառավի աղջկա վրա։ Ճանապարհից բավական կտրել էր, դեռ ետևից լսվում էր սագերի ուրախ ճղճղոցը։

Երեք օր ամայության մեջ մոլորված թափառելուց հետո երիտասարդը դուրս է գալիս մի մեծ քաղաք։ Ինքը քաղաքին անծանոթ, քաղաքն իրեն։ Անծանոթ նորեկին առնում են տանում էդ քաղաքի թագավորի պալատը։ Պալատում երիտասարդը ծնկի է գալիս, երկրպագություն է անում թագավորին, ապա թե գրպանից հանում է պառավի տված զմրուխտյա արկղիկն ու դնում է թագուհու ոտների տակ։ Թագուհին հրամայում է վեր կենա՝ իր ձեռքովը տա թանկագին նվերը։ Թագուհին բաց է անում արկղիկը, մեջը նայում, նայելն ու ուշաթափ գետնովը դիպչելը մին է լինում։ Պալատականներն իսկույն վրա են թափում երիտասարդին բռնում են, որ բանտը տանեն, թագուհին աչքը բաց է անում, ուշքի է գալիս, հրամայում է ազատ թողնեն ու իրենք բոլորը դուրս գնան, որ ինքը ուզում է նրա հետ մենակ խոսի։

Մենակ են մնում թե չէ, թագուհին սկսում է լաց լինել ու լաց լինելով էսպես է խոսում երիտասարդի հետ.

— Ինչի՞ս համար են էս փառքն ու փայլը, երբ ամեն առավոտ վեր եմ կենում արտասուքով ու ամեն իրիկուն պառկում եմ արտասուքով։ Ես երեք աղջիկ ունեի։ Փոքր աղջիկս էնքան էր սիրուն, որ տեսնողն ասում էր՝ աղջիկ չի սա հրաշք է։ Ձյունի ճերմակն ու խնձորի ծաղկի կարմիրն իրար էին խառնված, նրա այտերին, իսկ մազերը փայլում էին արևի ճառագայթների նման։ Արտասվելիս աչքերից արտասուքի տեղակ ակն ու մարգարիտ էր թափում։ Տասնուհինգ տարին որ լրացավ՝ հերը երեք աղջկանն էլ կանչեց իրեն մոտ։ Տեսնելու բան էր, թե ինչպես ամենքն էլ հիացմունքից աչքները չռեցին, երբ ներս մտավ փոքր աղջիկս։ Հենց իմանաս երկնքից արև դուրս եկավ։

— Զավակներս,— ասավ թագավորը,— չեմ իմանում, թե երբ կամ ինչ ժամանակ կհասնի իմ վերջին օրը, դրա համար էլ ուզում եմ հենց էսօրվանից որոշել, թե ինչ բաժին եք ստանալու ամեն մեկդ իմ մահից հետո։ Գիտեմ, որ ամենքդ էլ սիրում եք ինձ, բայց ձեզանից որն ավելի շատ է սիրում, նա էլ ամենից մեծ բաժինը կստանա։ Ասացեք տեսնեմ, ամեն մեկդ ինչքան եք սիրում ինձ, որ ձեր խոսքերով կարողանամ ձեր սերը չափել։ Մեծն ասավ.

— Ես քեզ սիրում եմ ամենաքաղցր շաքարի չափ։ Միջնեկն ասավ.

— Ես քեզ սիրում եմ իմ ամենալավ զգեստի չափ։ Փոքրը լուռ էր։

— Իսկ դու, իմ ամենասիրելի աղջիկս, դո՞ւ ինչքան ես սիրում ինձ։

— Չգիտեմ, հայրիկ,— պատասխանեց աղջիկը,— ոչ մի բանի հետ չեմ կարողանում համեմատել իմ սերը։

Բայց հերն ստիպեց, որ նա մի բան ասի. էն ժամանակ աղջիկն ասավ.

— Ամենալավ կերակուրն էլ ինձ համար համ չունի առանց աղի. ես քեզ սիրում եմ աղի չափ։

Թագավորն էս որ լսեց՝ կատաղությունը բռնեց ու գոռաց.

— Էդպե՜ս... եթե դու ինձ աղի չափ ես սիրում, քո սիրո վարձատրությունն էլ կլինի աղ։

Իր թագավորությունը բաժանեց երկու մեծ աղջիկների մեջ, իսկ հրամայեց փոքրի մեջքին մի տոպրակ աղ կապեն ու տվեց երկու ծառայի, որ տանեն բաց թողնեն մի վայրենի խոր անտառում։ Ամենքս նրա համար խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, բայց չեղավ, չկարողացանք մեղմել թագավորի ցասումը։

Ա՜խ, եթե տեսնեիք, թե ինչպես էր լաց լինում մեզանից բաժանվելիս։ Ամբողջ ճանապարհը շաղ էր անցած էն մարգարիտնե՛րով, որ արցունքի տեղակ թափվում էին նրա աչքերից։ Սրանից հետո շուտով թագավորը զղջաց իր խստասրտության վրա, բարկությունը անցավ, փոխվեց գութի ու խղճահարության, հրամայեց ամեն տեղ որոնեն, գտնեն մեր դժբախտ երեխային, բայց ոչոկ չկարողացավ գտնի։ Ամեն անգամ, երբ մտքովս անց է կենում, թե նրան կերած կլինեն վայրենի գազանները, ցավից ու վշտից տեղս կորցնում եմ, չեմ իմանում, թե որտեղ եմ։ Շատ անգամ էլ ինձ մխիթարում եմ էն հուսով, թե նա կենդանի է դեռ և թաքնվել է մի որևէ քարանձավում կամ ապաստան է գտել գթասիրտ մարդկանց մոտ։ Հիմի բաց եմ անում ձեր տված զմրուխտյա արկղիկն ու հանկարծ տեսնում եմ նրա մեջը էն մարգարիտներից, որ արցունքի տեղակ թափվում էին իմ աղջկա աչքերից...

Դուք պետք է ինձ պատմեք՝ էս մարգարիտը որտեղից է ընկել ձեր ձեռքը։

Երիտասարդը պատմում է, թե՝ էս մարգարիտն ստացել եմ մի էս տեսակ պառավից, որ անշուշտ կախարդ պիտի լիներ, ու ինձ էլ շատ չարչարեց, բայց էդպես մի աղջիկ ոչ տեսել եմ, ոչ էլ դրա մասին մի որևէ բան եմ լսած։

Էստեղ թագավորն ու թագուհին վճռում են՝ ինչ ուզում է լինի՝ գտնեն պառավին։ Ասում է՝ որտեղ էս մարգարիտը գտնվել է, էնտեղ էլ կարելի է մի տեղեկություն իմանալ իրենց աղջկանից։

Սրանց թողնենք իրենց ճամփեն գնան, մենք դառնանք պառավին ու իր աղջկանը։

Պառավն իր տնակի լռության մեջ նստած իլիկ էր մանում։ Մութն ընկել էր, օջախի կողքին էրվող մարխը մարելու վրա էր։ Հանկարծ դուրսը աղմուկ բարձրացավ, սագերը հանդից տուն էին վերադառնում, ու հեռվից լսվում էր նրանց խուլ ճղճղոցը։ Մի քիչ անց՝ ներս մտավ պառավի աղջիկը։ Մերը մի թեթև գլխով արավ։ Աղջիկը մոր կողքին նստեց, իլիկն առավ ու սկսեց թել մանել, էնպես աշխույժ, ինչպես մի ջահել աղջիկ։ Էսպես լուռ մի երկու ժամ նստեցին՝ առանց մինը կամ մյուսը լեզուն պռունկովը տալու։ Վերջապես լուսամուտից մի շրշյուն լսվեց ու մթնից ներս նայեցին մի զույգ կրակոտ աչքեր։ Մի պառավ բու էր, որ երեք անգամ կանչեց բո՛ւ-բո՛լ, բո՛ւ-բո՛լ, բո՛ւ-բո՛ւ ու կորավ։

Պառավը գլուխը մի փոքր բարձրացրեց ու ասավ. «Ժամն եկավ, աղջիկս, գնա արա, ինչ որ անելու ես»։

Աղջիկը լուռ վեր կացավ դուրս գնաց։ Գնաց, գնաց, դուրս եկավ մի հովիտ ու հասավ մի ջրհորի, որի կողքին երեք կաղնի ծառ էին կանգնած։

Լրացած ահագին լուսինն էլ դուրս եկավ սարերի գլխին ու էնպես լույս արավ, որ ասեղ լիներ կորած, մարդ կնկատեր։ Լուսնի լույսի տակ աղջիկը հանեց իր հագի խորխը, ջրհորի վրա կռացավ ու սկսեց լվացվել։ Հետո խորխը ջուրը քաշեց ու փռեց որ սպիտակի լուսնի լույսի տակ։ Եվ միանգամից ի՜նչպես փոխվեց էն այլանդակ աղջիկը։ Դուրս եկավ կանգնեց մի անտես-աննման գեղեցկուհի, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու թամաշա անես։ Ճերմակ մազերը գլխիցն ընկան թե չէ՝ նրանց տակից ճոխ ոսկե մազերը էնպես վերևից ներքև թափվեցին, ոնց որ խրձով արևի շողքերը թափվեն, ու մարմինը պատեցին։ Մազերի տակից աչքերը փայլում էին ջուխտ աստղի նման ու այտերը վառվում էին կարմիր խնձորի ծաղկի պես։

Բայց ինքը տխո՜ւր-տխուր։ Գետին ընկավ ու սկսեց աղի-աղի լաց լինել։ Աչքերից արտասուքներն իրար ետևից թափվում էին գետին։ Էսպես նստած լաց էր լինում, ու երկար կմնար էս դրության մեջ, եթե հանկարծ մոտակա ծառերից մի խշխշոց չլսվեր ու հետն էլ մի չրտկոց։ Հրացանի ձեն լսած եղնիկի նման տեղիցը ծլունգ եղավ, իսկույն մտավ իր հին խորխի մեջ ու մի ակնթարթում չքացավ, տեղն ու տեղը հանգավ, ոնց որ ճրագին փչես՝ հանգչի։ Տերևի նման դողալով հասավ իրենց տնակը։ Տեսավ մերը շեմքում կանգնած սպասում է։ Ուզեց պատմի, պառավը մեղմորեն ասավ.

-— Լավ, լավ աղջիկս, ես ամեն բան գիտեմ։— Ասավ, ներս տարավ, մարխը վառեց ու մանածը թողած՝ ավելն առավ, սկսեց տնակն ավլել։

— Ամեն բան իստակ ու մաքուր պետք է լինի։

— Նանի, էս գիշերվա կեսին ինչո՞ւ ես տունը վեր քաղում։ Մա՞րդ պետք է գա, ի նչ է։

— Գիտե՞ս որ ժամն է, աղջիկս,— հարցրեց պառավը։

— Դեռ գիշերվա կեսը չկա, բայց մոտիկ է։

— Իսկ մտքովդ չանցա՞վ, որ սրանից երեք տարի առաջ մին էլ էսօր ես եկել դու ինձ մոտ։ Հիմի էս գիշեր ժամանակը լրացավ, ու մենք էլ միասին ապրել չենք կարող։

Աղջիկն գունատված հարցրեց.

— Նանի ջան, մի՞թե ուզում ես ինձ դուրս անես քո տանից։ Ո՞ւր գնամ ես։ Ոչ բարեկամ ունեմ, ոչ տեղ, ո՞ւմ մոտ գնամ։ Ինչ ասում ես՝ անում եմ, դու էլ գոհ ես ինձանից, էլ ինչո՞ւ ես դուրս անում...

Պառավը չէր ուզում ամեն բան պարզի, թե ինչ է պատահել աղջկա հետ, ու խոսքը փոխեց։

— Էլ էս խրճիթում չեմ ապրելու, ուզում եմ հեռանամ ու հեռանալիս մաքուր թողնեմ, թող սրբեմ։ Քեզ համար էլ դարդ մի անի, էլ ետ կգտնես քո հորական օջախը, ու գոհ կլինես էն վարձով, որ ես կտամ։

— Բայց, նա՛նի, ի՞նչ է պատահելու ինձ հետ,— կրկին հարցրեց աղջիկը։

— Մին էլ եմ ասում, ինձ մի՛ խանգարի, թող սրբեմ։ Անխոս գնա քո սենյակը, խորխդ հանիր ու հագիր քո էն մետաքսե զգեստը, որ հագիդ էր, երբ առաջին անգամ եկար ինձ մոտ։ Հագիր ու սպասիր քո սենյակում, մինչև կկանչեմ։

Հիմի թագավորից ու թագուհուց տանք տեղեկությունը։

Թագավորն ու թագուհին երիտասարդ իշխանին հետները առնում են ու ճանապարհ են ընկնում, գնում են պառավին գտնեն։

Երիտասարդը մի անտառում նրանցից ետ է մնում ու պետք է ճանապարոը մենակ շարունակեր։ Մյուս օրը նրան թվում է, թե ուղիղ ճանապարհն է դուրս եկել։ Գնում է, գնում է, մի տեղ մութը վրա է հասնում, բարձրանում է մի ծառի, ուզում է ծառի վրա գիշերի, առավոտը վեր կենա էլ ետ իր ճամփեն շարունակի։ Գիշերվա մի ժամին լրացած լուսնյակը որ դուրս է գալի, նկատում է, որ մի պառավ լեռներից իջնում է ցած։ Նկատում է, որ ճիպոտը ձեռին չի, բայց էս էն սագարած աղջիկն է, որ տեսել էր պառավի տնակում։

— Օհո,— բացականչում է ինքն իրեն.— ահա մինը եկավ։ Էս մինը որ ձեռս ընկավ, էն մյուսն էլ չի պրծնիլ ինձանից։

Բայց ինչքա՜ն է զարմանում, երբ այլանդակ կինը մոտենում է ջրհորին, խորխը հանում է, լվացվում, ոսկե մազերը թափվում են ուսերին, ու առջևը կանգնում է մի գեղեցկուհի, որ իր օրումը ոչ տեսել էր, ոչ լսել։ Շունչն իրեն պահած, գլուխը ճյուղերի արանքից հանում է ու աչքերը ոհառած նայում է աղջկանը։ Շատ է լինում դեպի առաջ հակված թե ինչ, ծառի մի ճյուղը կոտրում է. որ կոտրում է, աղջիկն իսկույն էլ ետ մտնում է իր խորխը ու եղնիկի նման թռչում, կորչում։

Աղջիկը հեռանում է թե չէ, երիտասարդն էլ ծառից իջնում է, ընկնում ետևից։ Շատ է գնում թե քիչ, մին էլ տեսնում է՝ մի տեղ առաջին երկու ստվեր են թափառում։ Դու մի՛ ասի՝ թագավորն ու թագուհին են։ Հեռվից պառավի մարխի լույսը նշմարել են, էն լույսի վրա գնում են։ Երիտասարդը պատմում է նրանց ջրհորի մոտ աչքով տեսած հրաշքը, ու էլ ոչ մի կասկած չի մնում, որ էն աղջիկը իրենց որոնած աղջիկը պիտի լինի։ Երկուսը դառնում են երեք ու գնում։ Գնում են, գնում, հասնում են պառավի տնակին։ Տեսնում են սագերը պառավի տնակի չորս կողմը բռնած, գլուխները թևերի տակը կոխած քնած են։ Ոչ մինը ոչ շարժվում է, ոչ ձեն է հանում։ Լուսամուտիցը ներս են նայում, տեսնում են՝ ներսը պառավը նստած իրեն համար իլիկ է մանում։ Տունն էլ էնքան մաքուր սրբած, վեր քաղած, հենց իմանաս մեջը հուրի-փերիներ էին ապրում, որ չգիտեն աղբն ու փոշին ինչ բան է։ Էս ամենը տեսնում են, բայց իրենց աղջկանը չեն տեսնում։ Չկա։ Միառժամանակ էսպես մտիկ են անում, վերջը սրտները պնդացնում են, լուսամուտը կամաց ծեծում են։ Պառավը կարծես թե հենց սրանց սպասելիս լիներ, տեղիցը վեր է կենում ու քաղցր ձեն տալի.

— Եկեք, ներս եկեք, ես ձեզ ճանաչում եմ։

Ներս են մտնում թե չէ՝ ասում է.

— Թագավորն ապրած կենա, դուք հո էսօր ստիպված չէիք լինիլ էսքան երկար ճանապարհ կտրելու, եթե երեք տարի առաջ ձեր սիրուն ու բարի աղջկանը, չգիտեմ ինչի համար, էնքան անիրավ կերպով դուրս չանեիք ձեր տանից։ Էն էլ էն աղջկանը, որ էնքան սիրում էր ձեզ։ Ասենք դրանից նրան ոչ մի վնաս չհասավ։ Էս երեք տարին, ճշմարիտ է, նա սագ էր արածացնում, բայց ոչ մի վատ բան չի սովորել ու իր մաքուր սիրտը պահել է անարատ։ Բայց դուք ձեր արժանի պատիժն առաք հենց էն ահ ու դողով, որով ապրում էիք էս երեք տարին։

Ապա մոտենում է կողքի ղռանն ու կանչում.

— Դուրս արի, աղջիկ ջան։

Դուռը ետ է բացվում, մետաքսե զգեստը հագին հայտնվում է թագավորի աղջիկը, ոսկի մազերը արձակ թափված ուսերին ու թիկունքին, աչքերը ցոլուն աստղեր ու ինքը ամբողջ կարծես թե հրեշտակ էր, որ երկիր իջավ։

Դուրս է գալիս, վազում է ընկնում հորն ու մոր վզովը ու սկսում է համբուրել։ Հերն ու մերը ուրախությունից լաց են լինում, իսկ երիտասարդ իշխանը մնում է ապշած կանգնած նրանց կողքին։ Աղջիկը նրան նկատում է թե չէ, ինքն էլ չի իմանում ինչու, կարմրում է, կարմիր վարդ է կտրում։ Թագավորն ասում է.

— Աղջիկ ջան, իմ թագավորությունը արդեն բաժանել եմ, հիմի ի՞նչ տամ քեզ։

— Սրան ոչ մի բան չի հարկավոր,— աղջկա տեղակ պատասխանում է պառավը։— Ես ձեզ եմ նվիրում սրա էն արտասուքները, որ թափել է ձեզ համար, սրանք մաքուր մարգարիտներ են, ավելի մաքուր ու թանկ, քան էն մարգարիտները, որ հանում են ծովերից, և ավելի արժեն, քան ձեր ամբողջ թագավորությունը։ Իսկ իրեն, ինձ արած ծառայության համար, նվիրում եմ իմ տնակը։

Պառավի էս ասելն ու անհետանալը մին է լինում։ Մին էլ էն են տեսնում՝ տնակի պատերը ճռճռացին, նայում են՝ տնակը դարձել է մի շքեղ պալատ, թագավորավայել սեղանները բաց արած, բազմաթիվ ծառաները վազում են դես ու դեն, ու ճերմակազգեստ ջահել աղջիկները շրջապատել են իրենց։

Դուրս է գալիս, որ պառավը ոչ թե մի չար կախարդ է եղել, այլ բարի ոգի։ Նա է տվել թագավորի աղջկանն էն շնորհքը, որ արտասուքները մարգարիտ դառնան, ու նա է նրան պահել դժբախտության օրերում։ Նա է պահել և էն բոլոր կախարդված ու դժբախտացած աղջիկներին, որ դարձել էին սագեր, այժմ նորից առան իրենց մարդկային կերպարանքը։ Վերջապես նա է առաջնորդել բարի երիտասարդ իշխանին դեպի թագավորի անմեղ հալածված աղջիկը։

Էս բոլորից հետո ամուսնանում են նրանք, մոռանում են իրենց անցկացրած ծանր օրերը, և ապրում են ուրախ ու երջանիկ, բարի ոգու պարգևած էն գեղեցիկ պալատում, որ առաջ մի աղքատիկ տնակ էր։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Օտար հեղինակների հեքիաթներ

Сообщение:#9  Сообщение Армине » 23 сен 2008, 16:58

ԼՈՒՍԵՐԵՍՆ ՈՒ ՎԱՐԴԵՐԵՍԸ
ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Текст:
Լինում է չի լինում մի աղքատ որբևայրի կին։ Ապրելիս է լինում մի փոքրիկ տնակում։ Տնակի առջև մի պարտեզ է ունենում, պարտեզի մեջ երկու վարդի թուփ, մինը սպիտակ վարդի, մյուսը կարմիր։ Էն վարդի թփերի նման էլ երկու փոքրիկ աղջիկ է ունենում, մեկի անունը Լուսերես, մյուսինը՝ Վարդերես։ Երկուսն էլ էնքան լավն ու բարի, էնքան սրտով մաքուր ու աշխատասեր, որ կարծես թե հենց էն երկուսն էին էնպես, որ կային բովանդակ աշխարհքում։ Միայն թե Լուսերեսն ավելի հանգիստ էր ու քնքուշ, իսկ Վարդերեսն ավելի կայտառ ու աշխույժ։

Վարդերեսը շատ էր սիրում հանդերում ու մարգերում թռչկոտել, ծաղիկ քաղել ու թռչուն բռնել, իսկ Լուսերեսը նստում էր տանը, տնտեսության մեջ օգնում էր մորը, կամ թե չէ, եթե գործ չկար, նրա համար գիրք էր կարդում։ Երկու քույրն էլ էնքան էին իրար սիրում, որ հենց թև թևի տված ման էին գալի, ու երբ Լուսերեսն ասում էր.

— Մենք երբեք չպետք է բաժանվենք իրարից,— Վարդերեսը պատասխանում էր.

— Երբեք, քանի կենդանի ենք։

Իսկ մերն ավելացնում էր.

— Մեկդ ինչ որ կունենաք պետք է կիսեք մյուսիդ հետ։

Երկուսով հաճախ գնում վազվզում էին անտառներում ու պտուղ էին քաղում, ու ոչ մի կենդանի վնաս չէր տալիս, ամենքը վստահ գալիս մոտենում էին նրանց։ Նապաստակը հենց նրանց ձեռքից առնում որոճում էր կաղամբի թերթիկները, եղնիկն արածում էր նրանց կողքին, եղջերուն անհոգ ու զվարթ անցնում էր նրանց մոտից, իսկ թռչունները հանգիստ ուսներին թառած երգում էին, ինչպես կարող էին երգել և ինչ որ գիտեին։ Եթե բան է ուշանում էին անտառում ու գիշերը վրա էր հասնում, միասին պառկում էին մամուռի վրա ու քնում մինչև լուսաբաց։ Իրենց մերն էլ գիտեր ու անհանգիստ չէր լինում։

Մի անգամ էլ, երբ անտառում գիշերում են ու լուսաբացին զարթնում են, տեսնում են կողքներին կանգնած ճերմակ ու փայլուն շորերով մի սիրուն երեխա։ Էս երեխան վեր է կենում, ժպտալով նրանց նայում ու, առանց մի խոսք ասելու, հեռանում, մտնում անտառի խորքն, անհետանում։ Էստեղ երեխեքը մտիկ են տալիս չորս կողմերը, տեսնում են, որ իրիկունը մթնով եկել են քնել մի անդունդի եզերքին ու եթե մթնումը մի երկու քայլ էլ արած լինեին, պետք է անդունդը լինեին գլորված։ Գալիս են իրենց մորը պատմում։ Մերն ասում է.

— Էս անպատճառ պահապան հրեշտակն ինքն է եղել, որ միշտ պահպանում է բարի երեխանց։

Լուսերեսն ու Վարդերեսն իրենց մոր տնակն էնպես իստակ ու մաքուր էին պահում, որ մտիկ անելիս մարդու դուր էր գալիս։

Ամառը գլխավորապես Վարդերեսն էր տան բանը շինում ու ամեն առավոտ, մոր զարթնելուց առաջ անկողնի կողքին մի փունջ ծաղիկ էր դնում, փնջի մեջ էլ երկու վարդ՝ մինը սպիտակ, մյուսը կարմիր։ Ձմեռը Լուսերեսն էր կրակ անում ու պղինձը դնում կրակին։ Պղինձն էլ էնպես մաքուր սրբած էր լինում, որ ոսկու նման պսպղում էր։ Իրիկուններն էլ, երբ դուրսը ձյունը փաթիլ-փաթիլ բրդում էր, մերն ասում էր.— Լուսիկ ջան, գնա դռան փակը գցիր։— Հետո նստում էին բուխարու առջև։ Մերը գիրք էր կարդում աղջիկների համար, իսկ աղջիկները լսում էին ու մանում։ Կողքներին պառկած էր լինում իրենց գառը, ետևները թառի վրա քնած սպիտակ աղավնին, գլուխը կոխած թևի տակը։

Մի իրիկուն էլ, երբ էսպես նստած են լինում, մինը դուռը ծեծում է։ Մերն ասում է.

— Վարդուշ ջան, շուտ վեր կաց դուռը բաց արա, անօթևան ճամփորդ կլինի, դուռը ծեծում է։

Վարդերեսը գնում է դռան փակը ետ գցում, համոզված, որ դուռը ծեծողը մի խեղճ մարդ պետք է լինի, մին էլ ինչ տեսնի՝ դռան ետևը կանգնած է մի ահագին արջ, որ դուռը բացվելուն պես ներս է կոխում իր հաստ գլուխը։ Վարդերեսը վախից ճչում է ու ետ թռչում, գառն սկսում է մայել, աղավնին թևերն է թափահարում, իսկ Լուսերեսը մտնում է մոր մահճակալի ետևը։ Այնինչ արջը լեզու է լինում ու խոսում։ Ասում է.

— Ինչո՞ւ եք վախում, ինձանից մի՛ վախենաք, ես ձեզ վնաս չեմ տալ։ Քիչ էր մնում ցրտից սառչեի, եկա մի քիչ տաքանամ։

— Վա՜յ, խեղճ իմ արջ ախպեր,— բացականչում է մայրը։— Դե արի, արի կրակից մոտիկ պառկիր, միայն թե զգույշ կաց, բուրդդ չմրկի... Աղջկե՛րք, Վարդուշ ջան, Լուսիկ ջան, դուրս եկեք, եկեք էստեղ, արջ ախպերը ձեզ ձեռք չի տալ, արջ ախպերը բարի է։

Աղջիկները դուրս են գալիս, կամաց-կամաց մոտենում են արջին, գառն էլ, աղավնին էլ, ու շուտով ամեն ահ ու երկյուղ վերանում է մեջտեղից։ Արջն էլ ասում է.

— Երեխեք ջան, թե կարաք՝ էս իմ բրդի ձյունը մի թափ տվեք։

Աղջիկները վազում են ավելը բերում՝ արջի բուրդը մաքուր սրբում են, ու արջը բավականությունից մռնչալով մեկնվում է կրակի առջև։ Աղջկերքը ձեռաց ընտելանում նս իրենց անճոռնի հյուրին ու սկսում են հետը հանաքներ անել։ Բրդի հետ են խաղում, ականջներից են քաշում, մեջքին են կանգնում, հատակին դես ու դեն են գլորում, ճիպոտով խփում են, իսկ եթե սկսում է վռնչալ՝ ծիծաղից թուլանում են։ Արջի իրեն քեֆն էլ է գալիս։ Բայց երբ շատ են նեղացնում՝ վռչում է.

— Մի՛ տանջեք ինձ, մի՛ սպանեք, այ աղջկերք,
Ա՛յ Լուսերես, ա՛յ Վարդերես,
Ձեր սիրելի փեսան եմ ես։

Քնելու ժամանակը որ գալիս է ու աղջիկները գնում են քնեն, մերն արջին ասում է.

— Դե դու էլ օջախի առաշը պառկիր, արջ ախպեր, համ տաք կլինի տեղդ, համ քամուց պատսպար։

Օրը բացվում է թե չէ, արջը էլ ետ ձնի մեջ քարշ գալով գնում է դեպի անտառի խորքը։ Էն օրվանից էս արջը սովորություն է շինում, ամեն իրիկուն միևնույն ժամին գալիս է սրանց մոտ։ Պառկում է օջախի առջևն ու թողնում է հետը խաղան, ինչքան կուզեն։ Սրանք էլ էնպես են սովորում, որ իրիկունները, մինչև արջը տուն չի գալիս, դուռը փակում չեն։

Ձմեռն անց է կենում, գարունքն է ընկնում, երկիրը դալարում, ու մի օր էլ արջը Լուսերեսին ասում է.

— Դե հիմի արդեն ժամանակն է, որ ձեզանից հեռանամ, ամբողջ ամառը էլ ինձ չեք տեսնիլ։

— Ո՞ւր ես գնում, արջ ախպեր,— հարցնում է Լուսերեսը։

— Պետք է անտառը գնամ, իմ գանձերն ու հարստությունները չար թզուկներից պաշտպանեմ։ Ձմեռը գետնի սառած ժամանակը նրանք անհետանում են իրենց մթին այրերում, բայց արևը երկիրը տաքացնում է թե չէ՝ էդ գող անպիտանները լուս աշխարհք են դուրս գալիս ու՝ ինչ որ աչքները տեսնում է՝ էլ տիրոջն օգուտ չի անում, գողանում են տանում։

Արջից բաժանվելու համար շատ է տխրում Լուսերեսիկը, իսկ երբ դուռն առաջին բաց է անում որ գնա՝ հանկարծ արջն ընկնում է դռան փակին, բրդիցը մի փունջ մնում է փակի վրեն ու բրդի տակից ոսկու պես մի բան է պսպղում։ Երևի աչքիս թվաց, մտածում է աղջիկն ու մտքիցը հանում է էս բանը։ Արջն էլ շտապում է դեպի անտառն ու անհետանում է ծառերի ետևը։

Մի օր էլ մերն աղջիկներին անտառն է ղրկում, որ գնան ցախ ու մախ հավաքեն բերեն։ Գնում են աղջիկները, ման են գալիս ման, մին էլ տեսնում են անտառում ընկած մի ծառ, ու էս ծառի վրա, խոտերի միջին մի բան էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում, բայց ինչ բան է՝ գլխի չեն ընկնում։ Մոտենում են, տեսնում են մի թզուկ, դեմքը պառավկոտած, միրուքն էլ սպիտակ ու երկա՜ր-երկար։ Էն, որ ասում են՝ ինքը թիզուկես, միրուքը գազուկես, հենց էն ինքն է, որ կա։ Միրքի ծերը մնացել է ծառի ճեղքում, դես ու դեն է ընկնում, ու չի իմանում, թե ոնց հանի։ Աղջկերանցը որ տեսնում է՝ արնոտ աչքերը վրաները չռում է ու գոռում.

— Ի՞նչ եք տնկվել էդտեղ։ Չե՞ք կարող մոտ գալ ու օգնել։

— Էդ ի՞նչ է պատահել, գաճաճ քեռի,— հարցնում է Վարդերեսը։

— Ապո՛ւշ, անասո՛ւն, հարցնում է՝ ի՞նչ է պատահել... Ի՞նչ պետք է պատահեր, ուզում էի ծառը ճղեմ, մանր տաշեղներ անեմ մեր խոզանոցի համար, թե չէ մեծ փետերից էրվում են մեր կերակուրները, մենք հո էնքան շատ չենք ուտում, ինչքան դուք, էդ կոպիտ ու անկշտում խալխդ, սեպը զարկեցի, հանկարծ դուրս թռավ, ծառի ճեղքն էլ էնպես արագ փակվեց, որ վրա չհասցրի միրքիս ծերը միջիցը հանեմ։ Միրքիս ծերը մնաց ծառի ճեղքի մեջն, ու ահա էսպես չարչարվում եմ, չեմ կարում հանեմ, իսկ դուք կանգնել եք, բերաններդ բաց եք արել ու հռհռում եք, ապուշնե՛ր, լպստածնե՛ր... թո՛ւ, զահլես ինչպես է գնում...

Աղջիկները վրա են գալի, ուժ են անում, քաշում են, քաշում են, չեն կարողանում թզուկի միրուքը ծառի ճեղքից հանեն։

— Կացե՛ք, ես գնամ մարդիկ կանչեմ,— ասում է Վարդերեսը։

— Հիմարի գլուխ,— վրա է պրծնում թզուկը.— ի՞նչ եմ անում մարդիկը։ Դուք հերիք չե՞ք, որ զահլես գնա, դեռ ուրիշներին էլ կանչեցեք։ Կարո՞ղ եք մի ուրիշ բան էլ հնարեցեք...

Լուսերեսն ասում է.

— Մի քիչ համբերիր, ես ճարը գտա։— Ասում է, գրպանից մկրատը հանում ու թզուկի միրքի ծերիցը կտրում։ Թզուկն ազատվում է թե չէ, իսկույն շալակն է գցում իր ոսկով լիքը տոպրակը, որ ծառի փչակումը պահել էր, ու գնում է քթի տակին փնթփնթալով.

— Ա՛յ քեզ անտաշ խալխ... եկան էս փառավոր միրքիս ծերը կտրեցին թողին։ Գետինը մտնեք դուք, գետինը...

էսպես մրթմրթալով տոպրակը շալակում է, առանց ետ մտիկ տալու գնում։

Էս դեպքի վրա մի քանի ժամանակներ անց է կենում, մի օր էլ աղջիկները գնում են ձուկը բռնելու։ Գետափին մոտենում են, տեսնում են ծղրիդի նման մի թան էստեղ ետ ու առաջ է թռչկոտում, ու քիչ է մնում ջուրն ընկնի։ Մոտ են վազում, տեսնում են իրեն ծանոթ թզուկը։

— Էդ ի՞նչ ես անում էդտեղ, գաճաճ քեռի,— հարցնում է Վարդերեսը։

— Ապուշնե՛ր, չե՞ք տեսնում ինչ եմ անում... Չե՞ք տեսնում անիծած ձուկն ինձ ուզում է ջուրը քաշի...

Դու մի ասիլ՝ թզուկը գետափին նստած՝ կարթով ձուկը բռնելիս է լինում, հանկարծ քամին փչում է ու միրուքը փաթաթում կարթի թելին։ Հենց էդ խառնված ժամանակը մի մեծ ձուկն է ընկնում կարթի մեջն ու թզուկին զոռ է անում, քաշում է դեպի ներս։ Սա գետափի թփերից ու խոտերից է կպչում, բայց բան չի դառնում, ձուկը տանում է։ Աղջիկները ժամանակին վրա են հասնում, իրեն պինդ բռնում են ու աշխատում են միրուքը թելից բաժանեն, չեն կարողանում, էնպես խճճված է լինում իրար։ Էլ ուրիշ ճար չի մնում, մկրատը հանում են դարձյալ միրքիցը կտրում, իրեն ազատում։ Ազատվում է, տեսնում է միրքիցը էլի կտրել են՝ սկսում է վրաները ճղճղալ.

— Ա՛յ դուք անասուններ, էս մի՞թե կարգ է, հը՞։ Դուք համարձակվեք իմ երեսն էսպես այլանդակե՞լ... Հերիք չէր էն օրը միրքիս ծերը կտրեցիք, հիմի էլ ամենալավ մասը տարաք, հը՞... Ես հիմի ի՞նչպես մերոնց երևամ... Ա՛յ գետինը մտնեք դուք, գետինը... Վերցնում է իր մարգարիտով լիքը տոպրակը, որ թաքցրել էր եղեգնուտում, ուսովն է ձգում ու անհայտանում մոտիկ քարի ետևը։ Սրանից մի քանի օր ետը մերն իր աղջիկներին մոտակա քաղաքն է ուղարկում՝ թել, ասեղ, մատնոց և ուրիշ էս տեսակ մանրուք առնելու։ Մի քարքարոտ դաշտով անց կենալիս էս աղջիկները նկատում են, որ մի մեծ թռչուն օդում պտուտ եկավ, պտուտ եկավ ու նետի նման ներքև սլացավ, զարկեց մի քարի տակի։ Թռչունի զարկելուն պես մի սրտաճմլիկ աղաղակ է բարձրանում, ու էս ձենի վրա աղջիկները վազում են, տեսնում են իրենց հին ծանոթ թզուկը, արծիվը ճանկել է, ուզում է տանի։ Բարեսիրտ աղջիկները իսկույն բռնում են թզուկից ու կախ ընկնում, ու էնքան են արծվի հետ էս կողմն, էն կողմն ընկնում, էնքան են կռիվ տալիս, մինչև որ արծիվը որսը թողնում է՝ թռչում գնում։ Առաջին սարսափն անց է կենում թե չէ՝ էս թզուկը նորից իր ճղճղան ձենով աղջիկներին վրա է պրծնում.

— Էս ի՞նչ արիք, չէիք կարող ավելի քնքուշ ժաժ գալ, հը՞... բարակ շորերս պատառոտեցիք թողիք... անճոռնի անպիտաննե՛ր...

Ճղճղում է, անգին քարերով լիքը տոպրակը ուսը գցում ու անցնում քարերի ետևը, կորչում գնում իր քարանձավը։ Աղջիկներն արդեն սովոր են լինում նրա ապերախտությանը, շարունակում են իրենց ճամփեն, քաղաքում իրենց առուտուրն են անում ու ետ վերադառնում։ Վերադարձին գալիս են դարձյալ պատահում հանդում մի տեղ նստած թզուկին։ Տեսնում են մի իստակ տեղ իր տոպրակը շուռ է տվել, թափել, կիտել անգին քարերը, մտածելով, թե էնպես ուշ էլ անց կենող ու տեսնող չի լինի։ Վերջալույսի շողքերն ընկել են փայլուն քարերի վրա, ու գույնզգույն քարերն էնպես են վառվում, շողշողում, հուրհրատին տալիս, որ աղջիկները տեդղները մարում են, մնում հայիլ–մայիլ կտրած՝ մտիկ անելիս։

— Ի՞նչ եք բերաններդ բաց արել կանգնել,— գոռում է թզուկը, ու նրա գորշ դեմքը փոխվում է ծիրանի գույնի։ Ուզում է, ինչքան որ կարող էր, մի հայհոյի, մին էլ հանկարծ մի մռնչոց է լսվում, ու անտառից մի արջ է դուրս վազում, հարձակվում վրեն։ Սարսափահար թզուկը տեղիցը վեր է ցատկում, բայց մինչև վրա կհասցներ մտնի իր խորշը՝ արջը բռնում է։ Զարհուրած սկսում է աղաչել.

— Իմ սիրելի, իմ տեր արջուկ, առ, ահա քեզ լինեն իմ բոլոր գանձերը, միայն թե խնայիր ինձ։ Մտիկ տուր, մի տես, թե ինչ շքեղ անգին քարեր են էստեղ թափված։ Ինձ բաշխիր իմ կյանքը։ Ի՞նչ օգուտ ես տանելու, եթե սպանես ինձ, էսպես մի փոքրիկ, վտիտ արարածի։ Ատամիդ տակին իսկի չեմ էլ երևալ։ Ա՛յ թե ուզում ես ուտես՝ էն անօրեն աղջիկներին կեր, հասկանում եմ. լորի պես գեր ու թխլիկ, անուշ պատառ են... սրանց կեր, քեզ անուշ լինի...

Արջը ականջ էլ չի դնում, թե ինչ է ասում թզուկը, ծանր թաթը ետ է տանում ու որ մի զարկ է հասցնում՝ թզուկս տեղն ու տեղը հանգչում է։ Աղջիկները լեղապատառ սկսում են փախչել։ Արջը ետևներից կանչում է.

— Լուսի՛կ, Վարդո՛ւշ, մի՛ վախենաք, սպասեցե՛ք, ես էլ եմ ձեզ հետ գալիս։

Աղջիկները ճանաչում են, որ էս իրենց սիրելի արջի ձենն է, կանգնում են։ Արջը մոտենում է նրանց, ու հանկարծ մորթին վրիցը ընկնում է, տակիցը դուրս է գալիս մի գեղեցիկ պատանի՝ ոտիցը գլուխ ոսկու մեջ կորած։

— Ես թագավորի տղա եմ,— ասում է նա։— էս անսիրտ թզուկը ինձ կախարդել, գազան էր շինել ու հափշտակել իմ բոլոր գանձերը։ Եվ ես դատապարտված էի անտառներում թափառելու մինչև սրա մահը։ Ահա վերջապես սա առավ իրեն արժանի պատիժը, իսկ ես՝ իմ առաջվան պատկերը։

Էստեդից գնում առնում են անհուն գանձերը, որ դիզել էր թզուկը իր մթին քարանձավում։ Ապա թե թագավորի տղեն ամուսնանում է Լուսերեսի հետ, իսկ եղբայրը՝ Վարդերեսի։ Հետներն առնում են և աղջիկների պառավ մորը, գնում ետ իրենց աշխարհքը, ապրում են ուրախ ու երջանիկ։ Ու սրանցից մեկի լուսամուտի տակ սպիտակ վարդի թուփն է ծաղկում, մյուսի լուսամուտի տակ՝ կարմիր վարդի թուփը։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Օտար հեղինակների հեքիաթներ

Сообщение:#10  Сообщение Армине » 23 сен 2008, 16:59

ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿԸ
(ՌՈՒՍԱԿԱՆ)

Текст:
Լինում է չի լինում, մի հարուստ վաճառական։ Ունենում է երեք աղջիկ, մինը մյուսից գեղեցիկ, բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը։ Ինքն էլ ոչ կնիկ է ունենում, ոչ ուրիշ մոտիկ մարդ. ոչ կյանքն ու կայանքը, ոչ արծաթն ու ոսկին աչքին չեն գալիս, իր ամբողջ սերը տալիս է աղջիկներին։ Երեքին էլ սիրում է, բայց ամենից շատ սիրում է փոքրին։ Մի անգամ էս վաճառականը վեր է կենում թե գնա հեռու աշխարհքներ առուտուրի։ Երեք աղջկանն էլ կանչում է, ասում է. «Ի՞նչ եք ուզում, որ ձեզ համար բերեմ»։ Մեծ աղջիկն ասում է. «Ես մի անգին քարերով զարդարած ոսկե ապարոշ եմ ուզում»։ Միջնեկն ասում է. «Ինձ համար մի մաքուր ու անբիծ բյուրեղից շինած հայելի բեր»։ Փոքրն էլ, թե՝ «Ինձ համար էն Կարմիր ծաղիկը բեր, որից գեղեցիկը էլ աշխարհքումը ո՛չ կա, ո՛չ կճարվի»։ Փոքր աղջկա խոսքի վրա վաճառականը մտքի տունն է ընկնում, ասում է. «Դու քույրերիցդ ավելի դժար բան ուզեցիր, ա՛ղջիկ ջան։ Քո ուզած Կարմիր ծաղիկը գտնելը հեշտ բան չի, և ես ի՞նչ իմանամ՝ նրանից գեղեցիկը աշխարհքումը էլ կա թե չկա»։

Վեր է կենում գնում աշխարհքից աշխարհք, երկրից երկիր անց է կենում, առուտուր է անում, շատ գանձ ու հարստություն է վաստակում, բեռներ կապում, ճամփու դնում դեպի տուն։ Մեծ աղջկա ուզած անգին քարերով զարդարած ապարոշն էլ է գտնում, որ գիշերը ցերեկի նման լույս էր տալիս, միջնեկ աղջկա ուզած բյուրեղյա հայելին էլ է գտնում, որի մեջ երևում էին աշխարհքի բոլոր գեղեցկությունները, մեջը նայողի գեղեցկությունը երբեք չէր թառամում ու օրեցօր ավելանում էր։

Բայց փոքր աղջկա ուզած Կարմիր ծաղիկը, որից գեղեցիկն աշխարհքումը չլիներ՝ ոչ մի տեղ չի գտնում։ Գեղեցիկ ծաղիկներ պատահում էին, բայց ո՞վ կարող էր ասել, թե նրանցից գեղեցիկները էլ չկային աշխարհքում։

Վերաղարձին, մի խոր անտառով անց կենալու ժամանակ ավազակները հարձակվում են էս վաճառականի վրա, ունեցած, չունեցած գանձն ու հարստությունը կողոպտում են, ինքը փախչում է, ընկնում անտառի խորքերն, ազատվում։ Գնում է, գնում, ոչ ձեն, ոչ ծպտուն, շունչ կենդանի չկա։ Գիշերը վրա է հասնում էնքան մութը գիշեր, որ մատդ մարդի աչքը կոխեիր՝ չէր տեսնիլ, բայց մեր վաճառականի ոտի տակը էնպես լուս է լինում, ոնց որ օրը ցերեկով։ Քանի գնում է, էնքան լուսանում է, քանի գնում է, էնքան լուսանում է, վերջը դուրս է գալիս մի բացատ, բացատում տեսնում է արծաթից, ոսկուց ու անգին քարերից շինած մի պալատ, որ կրակի նման էրվում է, արևի նման լուս տալիս, իսկ ներսից լսվում են երաժշտության ներդաշնակ դրախտական ձայներ։

Բակն է մտնում, բակից անցնում է մտնում պալատ։ Տեսնում է արծաթով, ոսկով, անգին քարերով լիքը, սրբած, վեր քաղած, ամեն բան սարքին կարգին, բայց մեջը մարդ չկա։ Մի սենյակ է մտնում՝ մարդ չկա, մյուսն է մտնում՝ մարդ չկա, երրորդն է մտնում՝ մարդ չկա։ Ոչ տեր կա մեջը, ոչ տիրական, ոչ ծառա կա, ոչ ծառայող, միայն երաժշտությունն է, որ իրեն-իրեն հնչում է ու հնչում։ Լավ տեղ է. բայց ավելի լավ կլիներ, եթե մի ուտելու բան էլ լիներ, անց է կենում վաճառականի մտքով։ Մտքովն անց կենալն է լինում, մին էլ էն է տեսնում՝ առաջը մի սեղան բացվեց, մի սեղան, որ աստծու ամեն բարին մեջը լիքն է։ Նստում է, ուտում, խմում, կշտանում, տեղիցը վեր կենում։ Վեր է կենում թե չէ, սեղանն էլ ետ նորից անհետանում է։ Վաճառականը զարմանում է։ Սի սենյակից մյուսն է անց կենում, նայում ու հիանում։ Երբ որ բոլոր սենյակները ման է գալիս, հոգնում է, քունը տանում է, ուզում է քնի, առաջը մի էն տեսակ սպիտակ, մաքուր, փափուկ անկողին է փռվում, որ մեջը մտնելն ու աչքը կպցնելը մեկ է լինում։

Առավոտն աչքը բաց է անում, տեսնում է՝ շորերը դարսած, պատրաստված, բյուրեղյա ամաններով վճիտ ջրերը երեսը լվանալու համար առաջը դրած։ Երեսը լվանում է, լուսամուտից ներքև նայում՝ պալատի չորս կողմը հրաշալի այգիներ, այգիների մեջ ոսկեգույն պտուղներ են հասնում, չտեսնված գեղեցիկ ծաղիկներ են ծաղկում, ու սիրտն ուզում է զբոսնի էն այգիներում։ Մարմարե ու զմրուխտե սանդուղքներից ներքև է իջնում, մտնում է կանաչ այգիները։ Ճեմում է ու հիանում։ Հասուն պտուղները կախկխվել են ծառերից, երփներանգ ծաղիկները փարթամ ծաղկում ու անմահական հոտ են բուրում, զարմանահրաշ հավքերը չորս կողմը թրթռում ու դրախտական երգեր են երգում, շատրվանները զվարթ կարկաչելով վերև են ցայտում իրենց վճիտ ջրերը, ու խոխոջում են բյուրեղանման աղբյուրները։ Ման է գալիս մեր վաճառականը, զմայլում։ Մին էլ հանկարծ տեսնում է՝ մի թմբի վրա մի Կարմիր ծաղիկ է ծաղկում, մի ծաղիկ, որ մարդ իր օրումը ոչ տեսել է, ոչ լսել։ Մոտենում է. ձեռն ու ոտը դող են ընկնում, ասում է. «Ահա հենց էս է լինելու էն Կարմիր ծաղիկը, որից գեղեցիկը էլ աշխարհքումը ոչ կա, ոչ կճարվի։ Հենց էս ծաղիկն է լինելու, որ ուզում էր իմ փոքր աղջիկը»։

Մոտենում է, ծաղիկը պոկում։ Պոկում է թե չէ, փայլակը փայլատակում է, կայծակը որոտում է, երկիրը դոդում է, ու, ոնց որ թե գետնի տակիցը դուրս գա, մինը դուրս է գալիս վաճառականի առաջին կանգնում, գազան ասես՝ գազան չի, մարդ ասես՝ մարդ չի. մի բրդբրդոտ, զարհուրելի հրեշ, ու մռնչում է կատաղի։

— Էս ի՞նչ արիր դու։ Ի՞նչպես համարձակվեցիր պոկեցիր իմ այգուց իմ սիրած, իմ նվիրական ծաղիկը։ Ես քեզ հրավիրած թանկ հյուրի նման իմ պալատն ընդունեցի,՛ ուտեցրի, խմեցրի, քնեցրի, իսկ դու իմ լավության փոխարենը էդպե՞ս ես ետ վճարում։ Դե հիմի իմացած եղիր, որ վերջդ հասել է։ Քո մահը ցույց պետք է տամ քեզ, որ քո աչքով տեսնես։

Վաճառականը վախից ատամ-ատամ դոդում է։ Մտիկ է անում, որ չորս կողմից, ամեն մի ծառ ու թփի արանքից, ջրի միջից, գետնի տակից՝ դուրս են եկել ու սողում են դեպի իրեն անթիվ ու անհամար այլանդակ ու գարշելի արարածներ։ Երեսի վրա ընկնում է բրդբրդոտ հրեշի առջև՝ խղճալի աղաղակում.

— Ո՛վ անտառի տեր, ո՛վ անհայտ հզոր, ինձ մի՛ սպանիր իմ անգիտուն մեղքի համար. ողորմություն արա, հրամա՛ն տուր խոսք ասեմ։— Ու պատմում է իր աղջիկների ու իր խոստումի մասին։ Ապա սկսում է ադերսել, որ հրեշն իրեն շնորհի Կարմիր ծաղիկը իր փոքրիկ աղջկանը տանելու համար։ Փոխարենը խոստանում է ոսկի տա՝ որքան կուզի։

Քահ-քահ խնդում է զարհուրելի հրեշը, անտառի տերը։ Ասում է.

— Ի՞նչ եմ անում քո գանձն ու ոսկին, իմ ունեցածն էլ չգիտեմ որտեղ պահեմ։ Քեզ անվնաս կթողնեմ, որ քո տունը գնաս, անհաշիվ էլ գանձ կտամ, Կարմիր ծաղիկն էլ կտամ, միայն թե խոսք տաս, որ քո աղջիկներից մեկն ու մեկին ինձ մոտ ուղարկես։ Ոչ մի վատ բան չեմ անիլ նրան, չեմ վշտացնիլ, չեմ վիրավորիլ. իմ պալատում կապրի էնպես, ինչպես դու ապրեցիր։ Ձանձրացել եմ մենակությունից, ուզում եմ մի ընկեր ունենամ։

Վաճառականը էս որ լսում է, շատ է տխրում, նայում է անտառի հրեշի վրա, հիշում է իր աղջիկներին ու լաց է լինում։ Ասում է.

— Ես ո՞նց անեմ, եթե իմ աղջիկները չուզենան քեզ մոտ գան։ Հո չեմ կարող ես նրանց ձեռն ու ոտը կապեմ ու զոռով ղրկեմ։ Եվ վերջապես, ի՞նչ իմանան, ի՞նչ ճամփով կարող են հասնել քեզ մոտ։ Ես երկու տարում հազիվ եմ կարողացել էստեղ հասնեմ. էն էլ ի՜նչ տեղերով, ի՜նչ ճամփեքով՝ ես էլ չեմ իմանում...

— Ես ստրուկ չեմ ուզում,— պատասխանում է անտառի հրեշը։— Քո աղջիկները կամով-կամով թե կգան, թո՛ղ գան թե չեն գալ, էն ժամանակ դու պիտի ետ գաս, որ քեզ պատժեմ չարաչար մահով։ Իսկ թե ինչպես պետք է գալ ինձ մոտ, դրա համար դու հոգս մի՛ անիլ. ահա իմ մատի մատանին, ա՛ռ. ով էս մատանին դնի իր աջ ճկույթը, հենց նույն վայրկյանին դուրս կգա էնտեղ, որտեղ ուզենա։ Դե գնա. քեզ երեք օր, երեք գիշեր ժամանակ...

Ի՞նչ պետք է աներ խեղճ վաճառականը։ Մտածում է, մտածում, խոսք է տալիս ու մատանին առնում։ Մատանին աջ ճկույթն է դնում թե չէ՝ դուրս է գալիս իրեն տան առաջը։ Տեսնում է իր գանձերով ու թանկագին ապրանքներով բեռնած քարավաններն էլ դարպասից նոր են ներս մտնում, ու մնին երեք՝ առաջվանից ավելի են բերում։

Աղջիկները դեմն են գալիս, վզովն են ընկնում, համբուրում են, գրկում, գուրգուրում են, բայց տեսնում են, որ իրենց հերը շատ է տխուր, սիրտը չի բացվում, ունքամեջը ետ չի գնում։ Սկսում են ամենքը մի կողմից հարցնել, թե ինչո՞ւ է տխուր, կարողությո՞ւնն է կորցրել, թե՞ առողջությունը, ի՞նչ է պատահել։

— Առողջությունս չեմ կորցրել,— պատասխանում է վաճառականը,— ոչ էլ կարողությունս, դեռ մեկին երեք-չորս էլ աշխատել եմ։ Իմ ցավը ուրիշ ցավ է, էսօր համբերեցեք, էգուց կպատմեմ՝ կիմանաք։— Պատվիրում է, սնդուկները ներս են բերում, հանում է մեծ աղջկա ուզած անգին քարերով շինած ոսկի ապարոշը իրեն է տալիս։ Միջնեկ աղջկա ուզած հայելին էլ իրեն է տալիս։ Փոքր աղջկա ծաղիկն էլ ոսկի ծաղկամանով՝ իրեն է տալիս։

Առավոտը որ լուսանում է, մեծ աղջկանը կանչում է, ինչ որ իրեն հետ պատահել էր, պատմում է ու հարցնում՝ թե կհոժարի՞ գնա ապրի անտառի տիրոջ՝ անճոռնի հրեշի մոտ ու իրեն ազատի չարաչար մահց։ Մեծ աղջիկը հրաժարվում է. ասում է. «Ես ինչո՞ւ եմ գնում, ում համար Կարմիր ծաղիկը բերել ես, թո՛ղ նա գնա»։ Միջնեկ աղջկանն է կանչում, նա էլ է հրաժարվում։ Փոքր աղջկանն է կանչում, ամեն բան պատմում։ Փոքր աղջիկը հոր առաջը ծունկի է գալիս, ասում, է. «Ես կգնամ, հա՛յրիկ, օրհնի՛ր ու ճանապարհ դիր ինձ. ես կգնամ կապրեմ անտառի տիրոջ՝ անճոռնի հրեշի հետ։ Ոնց որ դու ինձ համար Կարմիր ծաղիկը բերել ես ու ընկել փորձանքի մեջ, էնպես էլ ես պետք է ազատեմ քեզ էդ փորձանքից»։

Էն օրն էլ է անց կենում, մյուս օրն էլ, վրա երեք գիշերը վաճառականը պետք է բաժանվեր իր աղջկանից։ Հրեշի մատանին հանում է, բերում աղջկա ճկույթը դնում թե չէ, աղջիկն իսկույն իր ունեցած-չունեցածն էլ հետը՝ անհետանում է։

Անհետանում է, մին էլ աչքը անտառի հրեշի շքեղ ապարանքում է բաց անում, մի ոսկի մահճակալի վրա, փափուկ մետաքսե անկողնում։ Գլուխը վեր է քաշում, տեսնում է Կարմիր ծաղիկն էլ ոսկե ծաղկամանի մեջ՝ դրած կողքին։ Սիրտն ուզում է պալատը ման գա, վեր է կենում գնում բոլոր սենյակները ման գալիս, բոլոր հրաշալիքները տեսնում, հիանում։ Հետո իր սիրած Կարմիր ծաղիկն առնում է՝ իջնում այգին։ Այգին է մտնում թե չէ, թռչունները երգում են իրենց եդեմական երգերը, ծառերը, ծաղիկներն ու թփերը քնքշորեն ճոճելով իրենց գլուխները խոնարհում են առաջին։ Ու գնում է աղջիկը, զբոսնելիս գտնում է հենց էն թումբը, որի վրից իր հերը Կարմիր ծաղիկը պոկել էր։ Ուզում է նորից տնկի իր տեղը, բայց ինքը ծաղիկը ձեռքիցը թռչում է, կպչում իր բնին ու բացվում առաջվանից ավելի գեղեցիկ։ Էս հրաշքի վրա աղջիկը շատ է զարմանում, շատ է ուրախանում ու ետ է գալիս պալատը։

Գնում է, պալատի սենյակներում ման է գալիս, տեսնում է՝ մեկում էլ մի սեղան է բաց արած, աստծու ամեն բարին վրեն։ Մտքումն ասում է. «Անտառի հրեշը երևի ինձ վրա չարացած չի, բարի աչքով մտիկ կանի, տեր ու տիրական կլինի»։ Էս մտածելու ժամանակ մին էլ էն է տեսնում՝ մարմարե ճերմակ պատի վրա հրեղեն տառերով երևացին էս խոսքերը. «Ես տեր չեմ քեզ համար, ես քո հնազանդ ծառան եմ։ Դու իմ տիրուհին ես, ինչ որ քո սիրտն ուզի, կկատարեմ ամենայն սիրով»։ Էս խոսքերը կարդում է թե չէ՝ սեղանը լցվում է ամեն տեսակի քաղցրավենիներով, շաքարեղեններով ու անուշ խմիչքներով, ու բոլորը մաքուր ոսկեղեն ամանների մեջ։ Ուրախ-ուրախ նստում է՝ ուտում, խմում զովանում, երաժշտությունով զվարճանում, ճաշելուց հետո էլ ետ գնում կանաչ այգիներում ճեմելու, հազար ու մի հրաշալիքների վրա զմայլելու։ Էսպես ապրում է աղջիկն անտառի տիրոջ պալատում։ Ամեն օր կարած-պատրաստած նորանոր էն տեսակ ճոխ զարդարուն զգեստներ է ստանում, որ ոչ լեզվով պատմել կլինի, ոչ գրչով նկարագրել։ Կամաց-կամաց սկսում է ձեռագործով պարապել, ոսկով, արծաթով ու մարգարիտով ասեղնագործել։ Իր ձեռագործներից ղրկում է հորը նվեր, իսկ ամենալավը պատրաստում է անտառի տիրոջ համար, բայց չի իմանում ինչպես նվիրի։

Էսպես բավական ժամանակ անց է կենում։ Ջահել աղջիկը ընտելանում է իր կյանքին, ոչ մի բանի վրա զարմանում է, ոչ էլ մի բանից վախենում։ Ծառայում են անտեսանելի ծառաներ, տալիս են, առնում են, իր բոլոր հրամանները կատարում են։ Ու աղջիկը սկսում է օրեցօր ավելի ու ավելի սիրել իր տիրոջը։ Իմանում է, որ նա էլ իրեն է սիրում և նա ավելի է սիրում իրեն, քան թե ինքը նրան, ու շատ է ուզում մի անգամ ձենը լսի, հետը զրույց անի։ Հետզհետե սկսում է խնդրել, աղաչել, բայց անտառի տերը չի անում, վախենում է իր ձենովը նրան վախեցնի։

Մի անգամ էլ աղջիկը այգին է իջնում, գնում իր սիրած տեղը նստում՝ չորս կողմից տերևներով ու ծաղիկներով շրջապատված։ Նստում է ու դիմում աներևույթ անտառի տիրոջը.

— Իմ անուշ, իմ բարի տեր,— ասում է,— մի՛ վախենար, թե ինձ քո ձենով կվախեցնես։ Էսքան բարությունից հետո ես գազանի մռնչյունից էլ չեմ վախենալ, մի՛ վախենար, խոսի՛ր ինձ հետ...

Մին էլ հանկարծ լսում է, որ մինը ասես թե հառաչեց թփերի ետևից, ապա թե լսում է սարսափելի, վայրենի, խուլ ու խռպոտ ձենը, և էն իբրև թե շշնջում է։ Աղջիկը մին ցնցվում է, մին էլ իրեն տիրում է, ցույց չի տալիս թե վախեց, ու կամաց-կամաց հաճույքով լսում է նրա անուշ, փաղաքուշ խոսքերը, խոր ու խելացի մտքերը, ու սիրտը բացվում է, լցվում է անբուն ուրախությունով։ Էն օրվանից կանաչ այգում լինեին, մութն անտառում թե պալատում, ամեն օր զրույց էին անում իրար հետ։ Աղջիկը հենց հարցնում է.

— Էստե՞ղ ես արդյոք, իմ սիրելի տեր։

— Էստեղ եմ, իմ աննման տիրուհի, ես, քո հլու ծառան, քո հավատարիմ ընկերը,— պատասխանում է անտառի տերը, անճոռնի հրեշը։

Ու աղջիկը էլ չի վախենում նրա վայրենի, սարսափելի ձենից, ու զրույց են անում անվե՜րջ, անվե՜րջ...

Շատ ժամանակ է անց կենում էսպես թե քիչ՝ աղջիկը սրտով ցանկանում է մի անգամ էլ իր աչքով տեսնի անտառի տիրոջը, անճոռնի հրեշին, ու սկսում է խնդրել, աղաչել, որ իրեն երևա։

— Չէ՛, իմ աննմա՛ն գեդեցկուհի, էդ մի՛ խնդրիր ինձանից, որ ես քեզ երևամ ու իմ զզվելի դեմքը, իմ այլանդակ մարմինը քեզ ցույց տամ։ Ինձ աչքով տեսնես թե չէ՝ կատես, աչքից կգցես, քեզանից հեռու կքշես, իսկ ես, որ քեզանից հեռանամ, կարոտից կմեռնեմ։

Էսպես է պատասխանում անտառի տերը, անճոռնի հրեշը, ու չի կամենում երևա։ Բայց աղջիկը համառում է իր ասածի վրա, երդվում է, թե աշխարհքում ոչ մի հրեշից իսկի էլ չի վախենում, և որ նրան, իր բարի տիրոջը, չի ատիլ երբեք։

— Դե լավ,— ասում է հրեշը,— որ էդպես է, կկատարեմ քո ցանկությունը, թեև հաստատ գիտեմ, որ դրանով պետք է իմ երջանկությունը խորտակեմ ու անմուրազ մեռնեմ։ Իրիկվա աղջամուղջին, երբ արևը կմտնի անտառի ետևը, արի այգին ու ինձ կանչիր, ասա. հայտնվի՛ր ինձ, իմ հավատարի՛մ ընկեր։ Եվ եթե կտեսնես, որ էլ չես կարող ինձ մոտ մնալ, ես էլ չեմ ուզիլ քեզ գերության մեջ պահեմ. քո ննջարանում բարձիդ տեսկին է իմ ոսկի մատանին, դիր աջ ճկույթիդ, իսկույն դուրս կգաս քո հոր տանը, ու երբեք էլ ոչ մի բան չես լսիլ ինձանից։

Իրիկունը աղջամուղջին, արևը անտառի ետևը ծածկվում է թե չէ, աղջիկը կանչում է. «Հայտնվի՛ր ինձ, իմ հավատարիմ ընկեր»։ Ու հեռվում երևում է անտառի տերը, անճոռնի հրեշը։ Ճամփի կիսով անց է կենում ու կորչում է խիտ թփուտի մեջ։ Աղջիկը տեսնում է թե չէ, ահից ճչում է ու ճամփի մեջտեղը ուշաթափ վեր ընկնում։ Սոսկալի տեսք ուներ անտառի անճոռնին. ձեռները ծուռ–ծուռ, մատները ճանկերով, ոտները ձիու սմբակներ, առջևի ու ետևի կողմից ուղտի սապատներ, ոտից գլուխ բրդոտ, բերանի երկու կողմից դուրս տնկված երկու վարազի ժանիք, քիթը կեռ ուրուրի կտուցի նման, իսկ աչքերը ոնց որ բուի աչքեր...

Աղջիկը մին էլ էնտեղ է ուշքի գալիս, որ մինը կողքին լաց է լինում ու մղկտում։

— Ինձ սպանեցիր, իմ աննման տիրուհի, էլ քո սիրուն երեսը ես չեմ տեսնելու... Դու էլ չես լսում ինձ... Ավելի լավ է հենց էսպես անմուրազ մեռնեմ ու պրծնեմ։

Աղջիկը որ լսում է, խղճահարվում է, ամաչում է, որ իր բարի, սիրելի ընկերից էնքան վախեցավ։ Ասում է. «Մի՛ վախենար, իմ բարի, իմ անուշ տեր, էլ քեզանից ես չեմ վախենալ, էլ քեզանից ես չեմ հեռանալ, էլ քո լավությունը ես չեմ մոռանալ, այժմ նորից երևա...»

Նորից է երևում անտառի տերը, անճոռնի հրեշը, միայն թե՝ ի՛նչքան աղջիկը կանչում է, չի համարձակվում մոտենա։ Ու զբոսնում են մինչև կեսգիշեր, առաջվա նման անուշ, իմաստալի զրույցներ են անում ու աղջիկն արդեն ոչ մի ահ ու երկյուղ չի զգում։

Մյուս օրը նորից է տեսնում, բայց էս անգամ արևի լուսով, ու թեև մի քիչ վախենում է, բայց ցույց չի տալիս, մի քանի օրից հետո էդ վախն էլ է անցնում բոլորովին։

Ու սկսում են առաջվանից ավելի քաղցր զրույցներ, ավելի են մոտենում իրար, սկսում են միասին նստել սեղանի, միասին զբոսնել այգիներում ու թափառել մթին անտառներում։

Էսպես էլ բավական ժամանակ է անց կենում։ Մի անգամ էլ աղջիկը երազում տեսնում է, որ իր հերը հիվանդ պառկած է, լաց է լինում, դարդ անում։ Անտառի տերը, անճոռնի հրեշը աղջկա արտասուքը որ տեսնում է՝ հարցնում է, թե ինչո՞ւ համար է արտասուք թափում ու դարդ անում։ Աղջիկը իր երազը պատմում է ու խնդրում, որ իրավունք տա, գնա իր հորն ու իր քույրերին տեսնի։

— Էլ իրավունք տալը ո՞րն է,— ասում է հրեշը,— իմ ոսկե մատանին քեզ մոտ է. դիր աջ ճկույթդ ու նույն վայրկյանին դուրս կգաս քո հորանց տանը։ Բայց իմացած եղիր, եթե երեք օրեն վրա ետ չեկար՝ էլ ինձ չես տեսնիլ։ Կմեռնեմ, որովհետև քեզ ինձանից ավելի եմ սիրում, ու առանց քեզ ապրել չեմ կարող։

Աղջիկը խոսք է տալիս, որ երեք օրից մի ժամ էլ առաջ կվերադառնա, հրաժեշտ է տալիս, մատանին աջ ճկույթը դնում ու մին էլ աչքը հորանց տանն է բաց անում։ Հորանց տանը պատմում է, թե ի՛նչ կյանք ու ապրուստ ունի անտառի տիրոջ, անճոռնի հրեշի թագավորության մեջ։ Քույրերը որ իմանում են, թե իրենց փոքր քույրը ի՛նչ անհուն գանձ ու կարողություն ունի, և ի՛նչ թագուհու իրավունք է բանեցնում իր տիրոջ վրա, նախանձում են։ Առաջին օրը էնպես է անց կենում, ոնց որ մի ժամ, երկրորդ օրը՝ ոնց որ մի վայրկյան, երրորդ օրն էլ մոտենում է իր վերջին։

Էս քույրերը մի չար բան են մտածում։ Մտածում են՝ էնպես անեն, որ իրենց փոքր քույրը խոստացած ժամից ուշանա, անտառի տերը բարկանա վրեն։ Բերում են քնի դեղ են տալիս, սրա վրա ծանր մրափ է գալիս ու մնում է քնած։ Նշանակված ժամը որ զարկում է, սիրտը ճմլվում է, մի կերպ աչքը բաց է անում, տեսնում է խոստացած ժամից մի վայրկյան անց է կացել։ Ոսկի մատանին ճկույթն է դնում ու իսկույն դուրս է գալիս անտառի տիրոջ ապարանքում։

Ոչ ոք չի գալիս դեմը, ոչ ոք չի հանդիպում։

Լռություն ու մեռելություն։ Ո՛չ այգիներում թռչուններն են երգում իրենց դրախտական երգերը, ո՛չ շատրվաններն են զվարթ վեր ցայտում իրենց ջրերը, ո՛չ աղբյուրներն են խոխոջում, ոչ էլ երաժշտությունն է հնչում մարմար պալատներում։ Սիրտը մի վատ բան է գուշակում։ Վազեվազ պտտում է ամբողջ պալատն ու այգին, կանչում է իր սիրելի ընկերին, ոչ մի կողմից ոչ ձեն է գալիս, ոչ պատասխան։ Վազում է դեպի էն թումբը, ուր բուսել ու ծաղկում էր իր Կարմիր ծաղիկը։ Ի՞նչ է տեսնում։ Անտառի տերը, անճոռնի հրեշը երկու թաթերով Կարմիր ծաղիկը պինդ գրկած ու ընկած թմբի վրա։

Ասում է՝ երևի ինձ սպասել է, սպասել ու քունը տարել, խորը քնել։ Սկսում է զգույշ զարթեցնել, տեսնում է՝ չի լսում, ժաժ չի գալիս։ Վերցնում է բրդոտ թաթը, տեսնում է՝ անշունչ, մեռած ընկած է... Աչքերը մթնում են, ծնկները տակին ծալվում են, տեղն ու տեղը չոքում է, երկու ձեռքով անճոռնի հրեշի այլանդակ գլուխը գրկում ու բարձր ձենով լաց լինում, ճչում.

— Վեր կա՛ց, զարթնի՛ր, իմ սրտակից ընկեր, ես սիրում եմ քեզ, իմ սիրածն ես դու...

Էս խոսքերն ասում է թե չէ, հանկարծ կայծակը ճայթում է, երկիրը շարժվում է հիմքից, հրեղեն լախտը զարկում է թմբին, ու աղջիկը ուշաթափ ընկնում է, մնում տեղն ու տեղը ընկած։

Շատ է մնում թե քիչ, էդ էլ չի իմանում, միայն որ աչքը բաց է անում, տեսնում է՝ ինքը մի պալատում, անգին քարերով զարդարած ոսկե գահի վրա նստած է, մի ջահել, գեղեցիկ երիտասարդ էլ ձեռը բռնած կողքին կանգնած։ Երիտասարդի գլխին թագավորական թագ, հագին ոսկեհուռ զգեստ։ Առաջին կանգնած են հերն ու քույրերը, իսկ չորս կողմը ծունկի եկած պալատական թիկնապահները, բոլորը հագած ու զուգված ոսկեզօծ և արծաթազօծ կերպաս զգեստներով։

Ու երիտասարդը դառնում է դեպի իրեն.

— Իմ աննման տիրուհի, ոնց որ իմ բարության համար դու սիրեցիր ինձ հրեշի անճոռնի կերպարանքում, այժմ էլ սիրիր մարդկային կերպարանքում, եղի՛ր իմ սրտով սիրած հարսնացուն։ Չար կախարդը իմ հանգուցյալ թագավոր հոր վրա բարկացած, ինձ գողացել էր մանուկ ժամանակից, դարձրել էր անճոռնի հրեշ ու կապանք էր դրել վրես, որ էն սոսկալի ու այլանդակ կերպարանքով ամենքին ու ամեն արարածի ատելի մնամ, մինչև որ մի գեղեցիկ աղջիկ գտնվի, որ ինձ սիրի ու ցանկանա իմ կինը լինել։ Էն ժամանակ պետք է քանդվեր կախարդական կապանքը։ Երեսուն տարի ես մնացի էսպես կախարդված, երեսուն տարվան մեջ տասնումեկ աղջիկ բերի իմ ամրոցը, իսկ դու եղար տասներկուերորդը։ Նրանցից ոչ մինը ինձ չսիրեց, ոչ իմ փաղաքշանքների, ոչ իմ սիրո, ոչ էլ բարության համար։ Միայն դու եղար, որ իմ սիրո դեմ սեր ցույց տվիր ինձ, դրա համար էլ դու պետք է լինես իմ պաշտելի թագուհին։

Էստեղ էլ աղջկա հերն ու նախանձոտ քույրերը, պալատականները, ծառաները, ամենքը, ամենքը ամեն կողմից առաջ են գալիս, շնորհավորում են նորահարսի ու նորափեսի բախտավորությունն, ու սկսում է ուրախ հարսանիքի հանդեսը։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Հեքիաթներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение