СТАНЬ VIP

Միսաք Մեծարենց

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Միսաք Մեծարենց

Сообщение:#11  Сообщение Армине » 01 окт 2008, 23:36

Գարունը կ’ապրեցնե

Կը թանձրանան
տերևներուն
շեղջեր լըքուն,
մինչ կը դառնան
դեռ ծառերուն
մեջ համորեն
հովերն աշնան,
պարն ամեհի:

Ու դեպի տուն
միշտ կը դիմեն
շեշտերն ամեն
ծիծառներուն.
միշտ դեպ ի տուն
ու դեպի ներս
բոլոր իղձերս
ա՜լ տարիր դուն,
չքնա՜ղ աշուն:

Դեպի տամուկ
պատուհանին
ա՜լ կը հառին
աչքերս հիմակ,
ու սե՜ր համակ.
երգըդ կ’իջնե
սրտիս` ուր նե
իղձ մը ճերմակ
պիտի գտնե:

Չէ՜, հովերուդ
հետ ցավը չէ՛
որ կը տանջե
սիրտըս հըրուտ.
այլ կը դառնան
իղձ, հուզմունքեդ
բողբոջ գարնան
արևաշող
հույսերն հավետ:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Միսաք Մեծարենց

Сообщение:#12  Сообщение Армине » 01 окт 2008, 23:37

Գետափի երազանք

Գյուղն համորեն կը մրափե ծոցն արևոտ ժայռերուն,
տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի,
ու ջուրերուն վրա կը ցանե գինովի դողն իր թրթռուն,
գետն համբույրի մը երազով դեպ ի ափունք կը թեքի:

Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի,
որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն,
ասդին անդին տարտըղնըված` որոնց հոգին կը ցամքի:

Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն
կ’արտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր.
կիսամըրափ կ’երազեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն…:

Ձայներ` դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր`
որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ
Ու կը նիրհեմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Միսաք Մեծարենց

Сообщение:#13  Сообщение Армине » 01 окт 2008, 23:38

Երազի պահեր

Լույսը մարած սենյակիս մեջ,
ուր կը հոսին գալար գալար
հորդ ալիքները մութին,
ու կ’անհետին
արծաթ շողերն երազի,
ես կը փնտրեմ մըտամոլար
ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային`
որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին:

Ես կը փնտրե՜մ,
ըսպասումեն հոգիս համակ պարտասած,
ու տենչանքով մշտահած.
ես կը փնտրեմ,
հորիզոնին վըրա նսեմ,
լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած:

Ու տակավ,
կ’իջնե ձանձրույթն երազանքիս,
հանդիսավոր ու տրտում,
ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
անձկությունով անպատում:

Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս,
կ’անցնի փութով, անձկագին,
երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս
ճամփաներեն իմ մտքին:
Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն
ճամփաներու լույսերն ամեն,
հանկարծական խուճապի մը մատնըված,
ճառագայթի հազիվ վերջին
բիծ ու խաղեր կը համեն
քովը ճամփուն մթամած`
ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:

Ես կը փնտրե՜մ,
պատըշգամբին վրա կանգուն,
զույգ մը աչքեր` մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
հոգվույս մեգ ու խավարի
անդոհության մեջ դժխեմ:

Պատըշգամբին վրա կանգուն,
ձեռքս հոգնաբեկ ճակատիս,
մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
դեպի ափունքն երազիս`
ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն,
որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Միսաք Մեծարենց

Сообщение:#14  Сообщение Армине » 01 окт 2008, 23:39

Թրթռումներ


Լոյսի բիծեր ծիրանի
Կ'ասղնտեն քօղքը մութին.
Լուսնի ցոլքեր կ'անհետին
Խորքը ծովուն հոլանի։

Հըմայքներով փողփողուն,
Հեշտութիւն մը կապոյտի,
Հանդարտօրէն կը Ժպտի
Հոգւոյս մըռայլ տենչերուն։

Սիրոյ յուշեր լուսաւէտ,
Դողդոջուն ու ցնծագին,
Արագօրէն կը ծագին
Հըպարտ կ'անցնիմ երբ քովէդ։

Ըզգացում մը բիւրեղէ,
Ծիածանի երանգով,
Ցաւոտ հոգւոյս մութին քով
Լոյս ակօսներ կը պեղէ։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Միսաք Մեծարենց

Сообщение:#15  Сообщение Армине » 01 окт 2008, 23:40

Իրիկվան ձայներ

Կ’ալեկոծին տարփոտ ձայներն իրիկվան,
հորձանքին մեջ հոգնակոհակ հովերուն.
անրջածուփ, նըվաղ բույրերն երերուն
վերջալույսին մեջ ոսկեզօծ` կը հևան:

Խըրախության աղաղակներ հեշտալուր՝
կը պլլըվին այդ ցնծաձայն նըվագին.
ու կ’անհետին` մեջն այդ ծըփուն հորձանքին`
հեշտերգությանց թույլ ծըվեններ կցկըտուր:

Զիլ գեղգեղներ ու նըվագներ վրդովիչ,
ու ջութակի սարսուռին գիծը կարմիր…
Արևմարքին ծաղիկն, որ չի թառամիր,
ինքն ալ գինով ըզգլխանքեն այս թովիչ:

Աղմըկահար սույլն ու արշավն հովերուն,
հծծյունները ծաղիկներուն խատուտիկ,
բարդիներու խարշափն ու ծափն հանդարտիկ,
և համերգը խանդոտ` գետին մոլորուն:

Կըստվարանա ալիքն հրճվոտ այս ճիչին,
ու կը բախղի հոգվույս պորփյուր քարափին,
ու կ’ոռոգե զիս փրփուրին մեջ ծըփին
երբ խնկագույն լույսերն ինձմե կը փախչին:

Արծաթ լույսերն հիմակ տակավ կը ծաղկին,
ու կը ցայտե թավ հեծեծանքն ուտերուն,
լազվարթ ժամեր լուսնի շիթ շիթ կաթիլքին
մեջ կը թրթռան իրենց համբույրն անանուն…։

Եվ հոգիներ կ’իյնան անոնց ծնրադիր,
սիրերգությանց ըմպած հըմայքն հըրեղեն.
պայեր անոնց միստիք ճամփան կը պեղեն.
ու կը ցնծան լույսով` զենիթ ու նատիր:

Ու կը բացվի փալփլուն` գիշերն երջանիկ,
արձագանգներ կը խաղան դեռ հոս ու հոն.
քերթված մըն է ցայգն համորեն, ջինջ գեղոն`
որ կ’երփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Միսաք Մեծարենց

Сообщение:#16  Сообщение Армине » 01 окт 2008, 23:40

Իրիկունը

Սա իրիկունն ըլլայի ես,
եւ հըպէի ճակտին ամէն անցորդի,
չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր
վըրան ամէն հոգիի։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
խնկապատար, օծուն, ջահուած Ժամի պէս
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս.
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն.
սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
թօթափող վարսքը գունագեղ ու ծփուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Միսաք Մեծարենց

Сообщение:#17  Сообщение Армине » 01 окт 2008, 23:41

Խոնջ իրիկունն արագորեն


Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպի խավար
բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ,
երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար:

Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ,
ցնցված ձայնեն ճոկաններուն` որոնք կուլան դուրսը անդուլ.
պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ:

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.
փակ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անձկությամբ դուրս կը նային.
ա¯հ, լըռությունն որ կը տևե՜, և ըստվերներն ու կը քալե¯ն…

Շուրջիս անփույթ իրեն համակ հարցումերուս հանդեպ խուլ են,
հանդիսատես կ’ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին
դուն չե՜ս գիտեր թե ի՛նչ կը զգամ գուրգուրանքես երբոր իմին`
քեզի համար տենդով հյուսած երազանքնե՜րս իսկ կը խըլեն…
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Միսաք Մեծարենց

Сообщение:#18  Сообщение Армине » 01 окт 2008, 23:41

Կայծեր

Հոգւոյս դափ ու թմբուկի
Կ'իջնէ ծիծաղն այս գիշեր.
Ծնծղաներու պէս ցնծուն՝
Ծափ կը զարնեն իմ յուշեր։

Բամբիռներու երգին հետ
Քու շահէնի աչքերուդ
Ծիրանեծին բոցն հըրուտ
կ'այրի հոգւոյս մէջ նորէն։

Գինով՝ աննիւթ նեկտարէն
Համբոյրներուն ծաղկանոյշ՝
Հոն խօլաբար կը պարեն
ՇարԺուձեւեր բամբիշի։

Ցայգն յամրօրէն կը մաշի՜
Ա՜հ, քի՛չ մըն ալ, քի՜չ մըն ալ,
Կ'ուզէ հոգիս գինովնալ
Նայուածքիդ մէջ հրահոսան։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Միսաք Մեծարենց

Сообщение:#19  Сообщение Армине » 01 окт 2008, 23:43

Կիրակմուտք


«...Եկեալքս ի մտանել արեգականն
Տեսաք զլոյս երեկոյիս...»

Յուշիկ փախչող իրիկուան ծիրանի լոյսն է զըւարթ...
Ոսկի թելեր՝ պլլըւած խունկի թաւիշ մըշուշին.
Կապոյտ ծոպեր, ծիածան, ծըփուն ձայներ, միստի՜ք վարդ
Լոյսէ արցունք մոմերու՝ որոնք հանդարտ կը մաշին։

Խունկի ծարաւ իմ հոգիս կը ծըծէ պահն այս հանդարտ,
Ոսկեկըրակ աչքերով բուրվառներ երբ կը ճօճին.
Պակուցում մը հոգեգրաւ հոն կը թողու զիս անթարթ,
Կը զգամ համբոյրն իմ հոգիս պարուրող բիլ մարմաշին։

Մեղեսիկի երանգներ կ'օծեն պարոյրը խունկին.
Խորհուրդին եմ ծնրադիր բազուկներըս խաչանիշ՝
Ու կը սպասեմ որ ծագի հոգւոյս պայծառ կիրակին...։

Ջահերն հիմակ կ'երազե՜ն համակ զիւմրիւթ ու թարշիշ...
Կամարներէն, խորանէն կը ծագին լոյս ու ծիծաղ.
Հոգիս քիչ քիչ կը թաղուի անուրջին մէջ այս չքնաղ։

Յուշիկ փախչող իրիկուան ծիրանի լոյսն է զըըւարթ...։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Միսաք Մեծարենց

Сообщение:#20  Сообщение Армине » 01 окт 2008, 23:43

Հիւղը

Դաշտի ճամբու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին Ժամանման
ըսպասող հիւղն ըլլայի։
Ու գգուանքիս կանչէի
ես ճամբորդներն անԺաման.
ու ճամբուն վրայ մենաւոր,
ու ճամբուն վրայ ոսկեման,
եկւորներուն դիմաւոր՝
ծըխանիս ծուխն ամպէի։

Ու գրգանքիս կանչէի
ուղեւորներ պարտասուն,
ու բարեւի մը փոխան
հազար բարիք ես տայի։
Հազար բարիք ես տայի,
գոլը կրակին ճարճատուն
կութքը բերրի դաշտերուն,
բոլոր միրգերն աշունի,
ու մեղր ու կաթ ու գինի...

Ու լսէի ես ցայգուն,
քովը կրակին ճարճատուն,
երգն իրիկուան եկւորին.
ու ջամբէի ես ցայգուն
երազներով պատարուն
նինջ՝ իրիկուան եկւորին։
Ու լսէի ես այգուն,
սրտապատար ու տրոփուն
գովքն իրիկուան եկւորին.
ու դիտէի ես այգուն,
ու խոկայի օրն ի բուն
երթն իրիկուան եկւորին...։

Ու ձմեռներն ալ համբուն,
հըրաւիրակ զըւարթուն,
կանքնէի քովը ճամբուն.
ու ձիւնապատ հէք մարդուն
ես հայրօրէն, լայնաբաց
երկու թեւերս պարզէի.
մի՜շտ քաղցրագին, նիւթացած
հըրաւէ՜րն ես ըլլայի։

Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜,
դաշտի ճամբու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին Ժամանման
ըսպասող հի՜ւղն ըլլայի։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ